Հանդիպում Պատրիսիա Քելիի հետ

«Չեք կարող պատկերացնել, թե որքան գեղեցիկ է մարդկանց համար երգելը, ժպիտ կամ աչքերում արցունք տեսնելը: Չգիտես, թե օրվա ընթացքում ինչի միջով է անցել: Գուցե քիչ առաջ կռվել է, գուցե հերոինի դոզա ստացել… Դու չես կարող տեսնել… Բայց երբ երգում ես նրանց համար, տեսնում ես նրանց աչքերում: Տեսնում ես այդ տառապանքը, տեսնում ես այդ ուրախությունը: Երաժշտությունը հենց այդպես է ամեն ինչ դուրս բերում: Նրանք չեն կարող շշի մեջ պահել, ինչպես գինու մի շիշ: Խցանը դուրս է թռչում»: Պատրիսիա Քելի

Սկզբում տատանվում էի. պե՞տք է արդյոք Պատրիսիա Քելիի համերգի տոմս գնեմ: Սաքսոնիայի այս փոքրիկ քաղաքն ինձ ամենամոտն էր, որտեղ Պատրիսիան համերգ էր տալու այս տարի: Եվ ես տատանվում էի, որովհետև առաջին հերթին հույս ունեի, որ Բեռլինում կամ շրջակայքում դեռ համերգ կտա: Երկրորդ, ճամփորդություն ընդգրկող համերգը պահանջում է ավելի մեծ ծախսեր ու շատ սթրես: Երրորդ, վստահ չէի` դուրս կգա՞ր համերգը:

Kelly Family-ով վաղուց եմ տարված եղել: Պետք է խոստովանեմ, որ բախտավոր էի, որ Stille Nacht համերգաշրջանը 2011-ին էր: Էդ ժամանակ Խրոնինգենում էի ապրում, ու ամենամոտ համերգն Էսսենում էր: Բախտավոր էի, որ հենց այդ հատուկ համերգի տոմսը գնեցի և ուրախ եմ, որ բավականաչափ խելացի գտնվեցի: Հակառակ դեպքում պատկական իրադարձություն էի բաց թողնելու:

Բայց գաղտնի երազում էի, որ Պատրիսիայի սոլո համերգներից էր կտեսնեմ: Հիշում եմ` երբ YouTube-ն ի հայտ եկավ, երբեմն-երբեմն տենդագին գիշերներ էի անցկացնում` դիտելով նրա սոլո համերգների տեսագրությունները: Ու միշտ ինձ հարց էի տալիս. «Ես էնտեղ կլինե՞մ»:

Եվ ահա վերջապես հնարավորություն բացվեց. Պատրիսիան համերգ էր տալու Թորգաուում այն ժամանակ, երբ ես Պոտսդամում էի ապրելիս լինելու: Բայց դեռ տատանվում էի: Երբ իմացա, որ այս շրջագայության ժամանակ ավելի մոտ տեղերում համերգ չի տալու, երբ հասկացա, որ Ֆինլանդիայից Գերմանիա հասնելը դժվար կլինի, էլ երկար չմտածեցի ու գնեցի տոմսը: Կարճ ժամանակ անց Պատրիսիան պիտի հայտարարեր, որ այս շրջագայությունից հետո հանգստի է գնում:

Բայց դեռ վախենում էի. համերգն ինձ դու՞ր էր գալու: Իհարկե, երբ փոքր էի, խելագարվում էի Քելիների համար, բայց հիմա, երբ մեծացել եմ, Քելիներին սիրելը նմանվել է սովորության. իմ իսկական երաժշտական ճաշակի մասը չի կազմում: Չէի ուզում քանդել մանկությանս պատրանքները:

Այնուամենայնիվ, Թորգաու ճամփորդելն ու Պատրիսիային տեսնելն ամենալավ որոշումներիցս է, որ կայացրել եմ Պոտսդամ տեղափոխվելուց հետո: Հիմար էի, որ կարծում էի` դուրս չի գալու:

Համերգից երկու ժամ առաջ մուտքի մոտ հայտնվելը երկրորդ շարքում տեղս ապահովեց: Մեկ ժամ առաջ ներս մտա ու սկսեցի բեմն ուսումնասիրել: Տարբեր հին լուսանկարներ և իրեր էին դրված: Կարելի էր գտնել նաև Պատրիսիայի երեխաների նկարածները: Բեմը թեմային համապատասխանում էր. Songs & Stories («Երգեր և պատմություններ»): Դահլիճը փոքր էր` հազիվ հարյուր հոգանոց:


Ուղիղ ժամը ութին Պատրիսիան բեմ բարձրացավ: Կատարում էր երգեր թե իր ընտանիքի, թե իր սեփական երգացանկից: Խոսում էր հանդիսատեսի հետ: Հարցեր տալիս, պատասխանների սպասում, երգացնում: Պատմություններ էր պատմում, որոնց մեծ մասը չէի հասկանում. գերմաներեն էր: Հումորի զգացումը սպանիչ էր: Հա կատակներ էր անում, դահլիճը հա քանդվում էր:


Ու երգում էր: Հիմար էի, որ կարծում էի` դուրս չի գալու: Երկրորդ շարքում նստած վայելում էի ոչ միայն երաժշտության հնչողությունը, այլև տեսքը նրա դեմքին: Նա իսկապես հիանալի կատարող է ու իսկապես հրաշալի ձայն ունի: Կենդանի ավելի լավն է, քան ձայնագրություններում, իսկ դա ոչ բոլոր կատարողների համար է ճշմարիտ: Ու հենց այդ պատճառով էլ տեսագրություններ չեմ դնում այստեղ:


Ընտանիքի երգացանկից կատարած երգերն ինձ տարան դեպի մանկություն, իմ իրական Եսին, որը թողել էի Պրահայում տարիներ առաջ ու գտել Թորգաուում: Աչքերս լցվել էին: Եվ ես երջանիկ էի: Եվ կարոտում էի: Լցված էի հույզերով, ու դրանք գալիս էին բեմից` նրա ձայնի, դիմախաղի ու ժեստերի, պարի հետ: 

Համերգից հետո խելքիս փչեց Պատրիսիային հանդիպել: Ու ինձ փրկեց գերմաներեն չիմանալս, հայ լինելս: Երբ թիմից մի աղջկա խնդրեցի, որ կազմակերպի, նա ասաց, որ դա հնարավոր չէ: Հետո հարցրեց` որտեղից եմ: Հայաստանի անունը լսելիս տեղի տվեց. «Լավ, հարցնեմ նրան»:

– Ուրեմն Հայաստանից ես, հա՞,- սկսեց Պատրիսիան:
Ուզում էի հարցնել, թե արդյոք տեղը գիտի: Փոխարենն ուղղակի գլխով արեցի:
– Կարճ ժամանակով Գերմանիայում եմ, որոշեցի հնարավորությունը բաց չթողնել… ես քո ընտանիքին լսում եմ ութ տարեկանից:
– Օօօ,- զարմացած ձևացավ Պատրիսիան,- անունդ ի՞նչ է: 
Այ որ ասեի առաջին համերգին, որ եղել եմ, Stille Nacht-ն էր, իսկականից կզարմանար:
– Դժվար անուն է,- ժպտացի,- Բյուրակն:
– Բյուրակն,- կրկնեց: Ի զարմանս ինձ` առանց որևէ դժվարության, առանց սխալ արտասանության: 
Հեռանալիս ասաց.
– Աստված օրհնի:
– Հուսամ` էլի քեզ կտեսնեմ:
– Անպայման,- գրկեց:

2 Comments

  1. April 29, 2012 at 9:08 pm

    հետդ լսեցի, ուրախացա ու հուզվեցի)

  2. byurie said,

    April 29, 2012 at 9:11 pm

    շնորհակալ եմ 🙂 :*


Leave a comment

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

shoghakatvardanyan

This WordPress.com site is the cat’s pajamas