Զարմանալի է… Ակումբից հեռանալուս հենց նախորդ օրն էի գտել: Այսօր, երբ բավականաչափ հեռու եմ այնտեղից, կարող եմ գրել սրա շարունակությունը.
Գաղտնիք չէ, որ շատերի կյանքն է փոխել, ոմանցը՝ դեպի լավը, մի քանիսինն էլ գուցե դեպի վատը: Իմն էլ է փոխել, բայց դժավարանում եմ ասել, թե կշեռքի որ նժարն է ավելի ծանր: Չեմ կարող ժխտել, որ թե՛ լավն է եղել իմ կյանքում, թե՛ վատը, բայց որպեսզի կարողանամ ընդհանուր պատկեր կազմել, պետք է լինեմ մի այնպիսի փուլում, երբ Ակումբը հեռու է ինձնից, և կարող եմ գնահատականներ տալ միայն հետադարձ հայացք գցելով, տեսնելով, թե որտեղ էի մինչև Ակումբը, ուր եմ հասել հետո:
Ես մոռացել էի, որ մի ժամանակ, այնուամենայնիվ, Ակումբում լավ էր: Դա շատ վաղուց էր: Նրա գոյության առաջին հինգ-վեց ամիսն էր, իսկ հետո ինչ-որ բան սկսեց փոխվել… Նոր մարդիկ եկան, փոխվեցինք մենք: Այսօր ես անճանաչելի եմ դարձել: Որտեղի՞ց այսքան ատելություն իմ ներսում:
Իսկ Ակումբից հրաժարվելը շատ բան փոխեց… Դրա մասին շատ եմ ասել, գրել: Մի բան հաստատ է. այն, ինչ կար սկզբում, անդարձ կորած է, իսկ հետոն արդեն ինձ կործանում էր…

Ինչ խոսք, բազմաթիվ ընկերներ ձեռք բերեցի Ակումբում, բայց հարց եմ տալիս. պե՞տք են ինձ նրանք: Չէ՛, խոսքերս որպես վիրավորանք մի՛ ընդունեք. ես բոլորիդ էլ շատ եմ սիրում: Այստեղ կա հարցի մի ուրիշ կողմ. պե՞տք է ընդհանրապես այդ սիրելը: Ես առանց Ակումբի էլ շատ երջանիկ էի, առանց այս ընկերների էլ: Արդյոք այսօր երջանիկ կլինե՞մ առանց Ակումբի, առանց ակումբցի ընկերներիս: Արդյոք երջանի՞կ եմ այսօր նրանց հետ:
Հիմա արդեն կարող եմ հստակ պատասխան տալ. ինձ պետք չեն այն պսևդոընկերները: Այս ընթացքում միայն որոշ մարդկանց էի կարոտում… Սիրում եմ միայն մի քանիսին: Ծո՛վ, Արթու՛ր, Չու՛կ, Գո՛ռ, Ռի՛փ, Մե՛ս, Ամա՛ռ…
Իսկ առանց Ակումբի, այո՛, երջանիկ եմ: Առանց Ակումբի կարողանում եմ ես ես լինել, պարզապես վայելում եմ կյանքը: Այն նույն ատելությունը, որ զգում եմ ակումբցիների հետ, նրանցից հեռու եղած ժամանակ վերածվում է մի տարօրինակ սիրո, որը կոնկրետ ինչ-որ մեկի ուղղված չէ:
Մի խոսքով, Ակումբը բարդացրեց կյանքս, նպաստեց, որ ես փոխվեմ… դեպի վատը: Այս մեկը հաստատ կարող եմ ասել, որովհետև նոր միջավայրերում ադապտացիաս ահավոր խանգարվել է, որի պատճառը մի շարք նոր հատկանիշներ են, իսկ դրանք ձեռք եմ բերել Ակումբում լինելու/ակումբցիների հետ շփվելու ընթացքում: Ես Ակումբին չեմ մեղադրում: Եթե ավելի ուժեղ լինեի, թույլ չէի տա, որ փոխվեմ: Եթե ավելի ուժեղ լինեի, Ակումբ պարզապես չէի մտնի ու կփորձեի նորից դառնալ այն Բյուրակնը, որն ինձ դուր էր գալիս:
Բյու՛ր, ուժեղ եղիր և Ակումբից հնարավորինս հեռու փախիր… Այն քեզ պետք չէ:

Կամաց-կամաց սկսում եմ նույնիսկ ժողովրդին ծեծած ոստիկաններին արդարացնել: Լևոնականներն իսկապես հասցնում են: Ճիշտ է՝ ես իմ զսպվածությամբ չեմ փայլում, բայց փաստն այն է, որ ափերիցս դուրս էի եկել: Ապտակի համար մի կաթիլ անգամ չեմ զղջում: Հասցրել էր: Չորս կողմից հարձակվել էին լևոնազավրերը: Իսկ երբ նրանցից մեկը փորձեց ինձ ստախոս անվանել՝ պնդելով, որ ես ձայնագրությունը չեմ լսել, այլևս չդիմացա: Արդյունքում էլի ընկերների կորցրի, բայց հոգ չէ… Այս մարդիկ երբեք չեն կարող հասկանալ, թե իրենց խմբակային հարձակումներն ինչ օրի կարող են հասցնել:

Մեկ-մեկ կատաղում եմ, որ այս ընտանիքում եմ ծնվել: Վեճերի ժամանակ շատերը սիրում են ինձ սխալ հանելու համար հենց այդ պատճառն առաջ քաշել: Ասես, ես չեմ կարող ինքնուրույն մարդ լինել: Ի՞նչ մեղավոր եմ, որ մերոնք բոլորը նորմալ մտածել գիտեն, որ մեկը մյուսին որևէ բան չի պարտադրում, այլ հաճախ նույն եզրահանգումներն ենք անում իրարից անկախ:

Կարենն ասաց, որ վերջերս մի տեսակ եմ դարձել, այլևս առաջվա ուրախ-զվարթությունը չկա: Իսկ ես զարմացա. չէ՞ որ վերջապես կյանքս վերդարձել էր, նորից նույն երեխան էի դարձել, իսկ Կարենն ինչ-որ միտեսակություն է նկատում:

Բայց երբ երկար մտածեցի, հասկացա, թե ինչ է կատարվում: Ես Կարենի հետ երրորդ կուրսից հետո մինչև վերջերս այնքան էլ հաճախ չեմ շփվել, հետևաբար նա չէր կարող նկատել իմ տրամադրության անկումները, ջղայնությունը, կյանքից հոգնածությունը:

«Մեդիկուսը» միայն վերջերս է տեղափոխվել նախագահության սենյակ, իսկ Կարենն ՈւԽ փոխնախագահն է, հետևաբար առաջվա համեմատ հաճախ ենք տեսնում իրար: Ես, իհարկե, ասենք, անցյալ տարվա ապրիլի կամ նույնիսկ այս տարվա հունվարի համեմատ շատ ավելի լավ եմ ինձ զգում, բայց որպեսզի երկու տարիների առաջացրած վնասները կարողանամ լիովին վերականգնել, ժամանակ է պետք: Ես մի տեսակ եմ երրորդ կուրսի, ոչ թե մի քանի ամիս առաջվա Բյուրակնի համեմատ: Բայց կյանքս վերադառնում է: Իսկ ես վայելում եմ այն:

Թորին, ես ու ոմանք

Ես նորից տարվել եմ Թորիով: Գիտեմ, որ դրա տխուր հետևանքը լինելու է միայն այն, որ ավելի եմ խճճվելու ու պարզելու, որ ես վերին աստիճանի հիմար եմ նրա երգերը հասկանալու համար: Այնուամենայնիվ, հաճույքով կարդում եմ նաև բառերը: Կարծեմ “Silent All These Years”-ի մասին էլի եմ գրել: Հիմա չեմ պատրաստվում կիսվել նոր մտքերով, այլապես ոմանք, կարդալով ու իրենք իրենց վերագրելով խոսքերս, պիտի ներսից ուռեն՝ կարծելով, թե այնքան կարևոր են ինձ համար, որ անգամ երգերի մեջ եմ նրանց գտնում: Իսկ ես ուղղակի չեմ ուզում, որ ոմանք վեր-վեր թռչեն՝ մտածելով, որ կարողացել են այդքան մեծ ազդեցություն ունենալ իմ կյանքի վրա: Թքած դրանց վրա… Ի՞նչ, մի՞թե այդ մտքից ոչ մի երգից ոչ մի բառ չեմ կարողանալու մեջբերել: Բայց ծիծաղելի կլինի, երբ ոմանք կարդան ու կարծեն, թե իրենց եմ հիշել… Թող երազեն: Տարիներ անց պիտի գլուխ գովեն, որ ինձ ճանաչել են, ավելին՝ «հիշվել» են իմ բլոգում: Իսկ ես ուղղակի կծիծաղեմ…

Ի՞նչ եմ Թորիից շեղվում: Նա հրաշք է:
Դե լավ, մի հատված լրիվ ուրիշ երգից դնում եմ.

she didn’t know how to live in a town that was rough
(i’m done thanking you)
it didn’t take long before she knew she had enough
walking home in her wrapped up world
she survived but she’s feeling old
cuz she found all things cold

strange little girl
where are you going?
strange little girl
where are you going?
strange little girl you really should be going.

one day you see a strange little girl look at you
one day you see a strange little girl feeling blue

Ոնց որ իմ մասին լիներ… Իսկ ես հրաժարվում եմ տարօրինակ փոքրիկ աղջկա կերպարից: Ես փողոցով քայլող ամենասովորական դեմք եմ, որը մի քիչ ցնդած է ու երջանիկ:

Վիրուսի մասին

Վերջին ամիսներին կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտվել է ԼՏՊ վիրուսի կառուցվածքը, անտիգենները, փոխազդեցությունը մարդու օրգանիզմի հետ:

ԼՏՊ վիրուսը պատկանում է Ltpviridae ընտանիքին, Ltpvirus ցեղին: Հայտնաբերվել է 2008թ.:
Վիրուսը տանձաձև է: Պատված է երկշերտ քարոզչամեքենաներով, որոնք ունեն բարդ անտիգենային կառուցվածք: Դրանցից կարևոր են Ա1+-ը, ՀԺ-ն, ՉԻ-ն և այլն: Դրանց մեջ մխրճված են լոզունգների մոլեկուլները, որոնք են հաղթելուենքը, հիման, պայքարպայքարմինչևվերջը և այլն: Վիրուսի գենոմը կազմված է միաշերտ ՔխքխՔխ-ից: Պարունակում է մի շարք ֆերմենտներ: Դրանք են ուղեղդ լվանամազան, խաբեմազան, հիպնազան և այլն:
Վիրուսն արտահայտված տրոպիզմ ունի ուղեղի և ստամոքսի բջիջների նկատմամբ: Թափանցելով ուղեղ՝ կապվում է մտածող բջիջների հարիֆ ռեցեպտորների հետ: Այնուհետև լողունգների մոլեկուլները մխրճում է բջջի ցիտոպլազմայի մեջ, իսկ մի քանի վիրուսների երկշերտ քարոզչամեքենաները, միանալով իրար, շրջափակում են նեյրոնները՝ արգելելով սնուցումը: ՔխՔխՔխ-ը խաբեմազա ֆերմենտի օգնությամբ թափանցում է նեյրոնի կորիզի մեջ, ինտեգրվում ԴՆԹ-ի հետ և սկսում սինթեզել օտարածին սուտակուցներ: Կարճ ժամանակ անց նեյրոնը քայքայվում է, որի տեղում գոյանում է ատիպիկ, վիրուս-ինդուկցված բջիջ՝ կազմված սուտակուցներից: Իսկ ուղեղդ լվանամազա և հիպնազա ֆերմենտներն ունեն անմիջակա ցիտոտոքսիկ ազդեցություն:
Վիրուսի՝ ստամոքսում հայտնվելու դեպքում ելքը բարենպաստ է, կլինիկան՝ թեթև: Այստեղ հարիֆ ռեցեպտորներ չկան: Վիրուսը կապվում է իմդեմխաղչկա ռեցեպտորների հետ, որի արդյունքում բջիջները սկսում են արտադրել սուտեսասում կոչվող սպիտակուց: Այն ներծծվում է արյան մեջ, հասնում գլխուղեղ և դրդում փսխման կենտրոնը: Առաջանում է փսխման ռեֆլեքս, որի արդյունք վիրուսը դուրս է բերվում օրգանիզմից: Հետաքրքիր է, որ լևոնախտի ստամոքսային ձևով հիվանդացած մարդկանց մոտ հայտնաբերվում են հակամարմիններ երկշերտ քարոզչամեքենաների նկատմամբ: Իսկ թե ինչու նույնն ուղեղային ձևի դեպքում չի դիտվում, գիտնականներն առայժմ չեն կարողանում բացատրել:

Շարունակելի…
Այստեղ կարդացեք լևոնախտի և ԼՏՊ վիրուսի մասին վերջին նորությունները:

Լավ եմ, լավն եմ, ուրախ եմ

Վատ մարդիկ լավ մարդկանցից լավ են: Վատի մասին գիտես, որ վատն է: Լավի մասին չգիտես, որ վատն է:

Իսկ տարիներ առաջ կասեի, որ վատ մարդիկ չկան: Հիմա ասում եմ, որ լավ մարդիկ չկան. կարծիքս չեմ փոխել: Այդ երկու մտքերն ըստ էության նույնն են:

Ես լավ եմ, հասկանու՞մ եք: Եվ դրա համար առանձնապես պատճառ չկա: Շատերդ կասեք, թե խելառ եմ: Չէ՜, ես նորից ու նորից լավ եմ առանց պատճառի: Անցան այն ժամանակները, երբ վատ էի լինում առանց պատճառի: Կյանքս վերադարձել է: Երկու տարի շարունակ դիակ եմ եղել՝ քայքայվող ու հոտող: Հետո էլ կասեք, թե այն աշխարհից վերադար չկա:

Իսկ ես երկու հյուսիկներով պուճուր երեխա եմ: Ո՛չ Ջենիս Ջոփլին եմ, ո՛չ խուճուճ կատու, ո՛չ Strange Little Girl, ո՛չ չհրավիրված արտաստվող դեռահաս, ո՛չ փոքրիկ Ալանիս, ո՛չ յանը տարած, կատղած ապագա բժիշկ: Ես պարզապես հյուսիկներով բալիկ եմ: Ես երեխա եմ, այո՛: Եվ ձեր՝ «մեծահասակների» աշխարհում մուտք չունեմ:

Ես չեմ ուզում մեծանալ:

Հրաշալի առավոտ է: Ես շատ եմ փոխվել: Ինձ համար ամեն նոր օրը ոչ թե նախորդի ավարտն է, այլ թարմություն, երեկվանը մոռանալու ու ջնջելու հնարավորություն:
Գիշերը պառկելուց անհամբերությամբ էի սպասում, թե երբ է գալու առավոտը: Առանձնապես ոչ մի հետաքրքիր ծրագրեր չունեմ այսօր. դասի, հետո «Մեդիկուսի» նիստ, երևի մի երեք-չորս հոդված էլ կխմբագրեմ:
Էլ ի՞նչ գրեմ: Չգիտեմ՝ ոնց նկարագրեմ, որ կյանքը պարզապես վայելում եմ, որ երջանիկ եմ: Որոշ մարդիկ, կարդալով գրածներս, իրենք իրենց կհամոզեն, որ սա ինքնախաբեություն է… Ու նրանց երբեք չես կարող համոզել, որ էդպես չէ: Կարիք էլ չկա: Կյանքը հրաշալի է, իսկ դրանից դուրս մարդիկ երկրորդական են:

լևոնախտ

լևոնախտ

Լևոնախտը 21-րդ դարի կործանարար հիվանդություն է, որը բնորոշվում է լևոնի տրիադայով. մտածողության միակողմանիությամբ, մեծամոլական զառանցանքներով, լևոնի խոսքերի էխոլալիայով (բառերի կրկնությամբ):
Համաճարակաբանությունը: Տարածված է Հայաստանի Հանրապետությունում: Փետրվարի 19-ի հետազոտության տվյալներով բնակչության 20%-ից ավելին տառապում է այս հիվանդությամբ, սակայն դրանից հետո կտրուկ աճել է նրանց թիվը: Դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում բնակվող հայերի մոտ, հատկապես՝ ԱՄՆ-ում:
Հիմնականում հիվանդանում են երիտասարդ տարիքի տղաները և «տղամարդ» աղջիկները: Հիվանդանում են նաև միջին տարիքի տղամարդիկ և կանայք, ծերերը և անչափահասները:
Պատճառագիտությունը: Հարուցիչը ԼՏՊ կոչվող վիրուսն է: Վարակման ռիսկի գործոններն են երիտասարդ տարիքը, տաքարյունությունը, կամքի թուլությունը, ներշնչվողականությունը, հիվանդ ծնողները:
Ախտածնությունը: Լիովին պարզաբանված չէ: Վիրուսը տարածվում է հանրահավաքների, վարակված մեյլերի, թերթերի և մարդկանց միջոցով: Անհայտ ճանապարհներով թափանցում է գլխուղեղ՝ հերթով ոչնչացնելով մտածող նեյրոնները: Դրանց փոխարինում են միակողմանի մտածողությամբ, հատուկ ծրագրով օտար բջիջներ:
Հիվանդությունը բաղկացած է հետևյալ փուլերից.
1. Գաղտնի շրջան – լևոնին ատում են: Հանրահավաքներին չեն գնում կամ գնում եմ միայն հետաքրքրասիրությունից դրդված՝ հաստատ իմանալով, որ լևոնին չեն ընտրելու: Քննադատությունը պահպանված է:
2. «Հակասերժացման» շրջան – ընտրում են լևոնին/ուրիշին ընտրելուց հետո հետևում են լևոնին՝ պատճառաբանելով, որ միայն լևոնը «կարա» իշխանությունների դեմ: Այս փուլում նկատվում է դրական/բացասական փոփոխության ախտանիշը: Նրանք փոփոխություն են ուզում՝ անկախ նրանից, թե ինչ կլինի: Ավելի հեռուն տեսնելու հատկությունից զուրկ են: լևոնին դեռ ատում են: Քննադատությունն իջնում է:
3. Վերջնական լևոնականացում – հանկարծ չհամարձակվես լևոնի հասցեին որևէ թթու խոսք ասել: Միանգամից հարձակվում են, պաշտպանում իրենց «սուրբ» առաջնորդին, գտնում, որ նրա բոլոր քայլերը ճիշտ են:Քննադատությունը բացակայում է:
4. Հակաղարաբաղցիացման շրջան – հիվանդության ծանր ընթացքի դեպքում հասնում են այս փուլին, երբ գիտակցությունը լրիվ անջատվում է, մարդիկ գործում են՝ առաջնորդվելով ենթագիտակցության մեջ տպված «Վե՛րջ ղարաբաղցիներին» կամ այլ նմանատիպ լոզունգներով: Քննադատության մասին խոսելն անիմաստ է, քանզի գիտակցություն ընդհանրապես չկա:

Կլինիկական նշանները.
1. Սուտը ճշտից տարբերելու անընդունակություն
2. Ագրեսիվ վարքագիծ
3. 1991-1998 թվերի լրիվ ամնեզիա, որը լրացվում է կոնֆաբուլացիաներով (կեղծ, ֆանտաստիկ հիշողություններ)
4. Աստիճանաբար իջնող քննադատություն
5. Մեծամոլական զառանցանքներ
6. Գերարժեքային մտքեր
7. Էխոերևույթներ (էխոլալիա, էխոպրաքսիա, էխոմիմիա) միայն հատուկ անձանց նկատմամբ
8. Դիմացինին մեղադրելու, սխալ հանելու, վիրավորելու ձգտում
9. Ծանր դեպքերում՝ պարաֆրեն համախտանիշ

Ախտորոշումը կատարվում է անամնեզի տվյալների և զրուցելու ժամանակ հայտնաբերված ախտանիշների հիման վրա:
Բուժումը հայտնի չէ:

Փիսոներն ու գարունը

Տանը նստած գիրք էի կարդում, երբ հանկարծ կատուների ղժժոց լսեցի: Միանգամից դուրս թռա ու պարտեզում, որտեղ բազմաթիվ խատուտիկներ ու կակաչներ էին բացվել, մեր բակի կատուներից երկուսին տեսա: Նրանցից մեկը, որ հավանաբար Լուլուի սերունդներից էր և «մ» հնչյունը չէր կարողանում արտասանել (ասում էր. «յաու՜»), ցանկապատի տակ վախեցած կուչ էր եկել ու պոչն էր շարժում: Մյուս՝ սև ու սպիտակը, ուշադիր այս մեկին էր նայում: Երևում էր՝ շատ ուժեղ էր ցանկանում նրան, բայց ռիսկ չէր անում մոտենալ: Ու պոչն էր շարժում: Կուչ եկած փիսոյի դեմքին էլ կարդում էիր. «Ուզում եմ, բայց վախենում եմ… Դե արի էլի, ե՞րբ ես մոտենալու»:
Այդպես երկար ժամանակ առանց ծպտուն հանելու իրար էին նայում, մինչև մեկը ձանձրացավ, սուսուփուս հեռացավ: Երբ քիչ անց նորից դուրս եկա, տեսա, որ մեկը փռվել է պատշգամբի մի ծայրում, իսկ մյուսը՝ կուչ է եկել ճաղերի մոտ: Իրար էին նայում: Ոնց որ սիրահարված լինեին: Եթե ես չհայտնվեի, հայացքներն իրարից չէին կտրի: Երևում էր՝ այնքան էին միմյանցով տարված, որ թեև ինձ նկատեցին, բայց չվախեցան, չփախան:
Հետո նորից ղժժոց լսեցի: Դուրս եկա ու տեսա, որ սև ու սպիտակը նորից մոտեցել է կուչ եկած, ամաչկոտ ու վախեցած կատվին, բայց ռիսկ չէր անում դիպչել: Երևի փիսոն կույս էր, վախենում էր…

Ու՜խ, էս ի՜նչ լավ օր էր

Կուզեի այսպիսի օրեր ավելի հաճախ լինեին… Երբ ամեն հաջորդ վայրկյանին անհամբերությամբ ես սպասում… Պարզապես հրաշք է: Վայելում ես կյանքիդ բոլոր պահերը, ասես ուզում ես բոլոր կաթիլները մինչև վերջ ճզմել ու կուլ տալ:

Նախկինում հաճախ էր լինում, որ ուզում էի վերադարձնել իմ այս կամ այն տարիքը: Մի օր ուզում էի 14 տարեկան գիժ ռոքերը լինել, հաջորդ օրը՝ սեղանների վրայով թռվռացող երկրորդ կուրսեցին: Եթե հենց հիմա հարցնեին, թե քանի տարեկան կուզեի լինել, ես առանց վարանելու կպատասխանեի. «Քսանմեկ»:

Դասերս շատ լավ են անցնում: Դասամիջոցներին հաճելի է ցածր կուրսեցիներին տեսնել ու մի 10-15 րոպե զրուցել, վազել «Մեդիկուս», բարևել դեմքս արդեն մոռացած դասախոսներին ու պարզապես առաջին կուրսեցու նման խալաթով շրջել: Իսկ դասերից հետո անելիքը քիչ չէ: Օրինակ այսօր վազեցի հոգեբուժարան, ռեֆերատս տարա դասախոսիս: Հետո ոտքով իջա համալսարան: Արդեն շատերը գիտեն, որ Նորքի հոգեբուժարան – բժշկական համալսարան ճանապարհը Երևանում ոչ մի տեղի հետ չեմ փոխի: Ավելին՝ դրա հետ կարող է համեմատվել միայն Ամստերդամի Կենտրոնական կայարանի հետևի մասը, որտեղ սիրում էի նստել, նայել ջրերին ու գրել:

Բա հոգեբանության դասախոսիս հետ զրույցը… Էրիկ Բերնի գիրքն ընդամենը երեք օր առաջ էի վերջացրել ու դեռ չէի հասցրել մարսել: Ասենք, մարդ էլ չկար, որ զրուցեինք (ինչպես սովորաբար լինում է ցանկացած գիրք կարդալիս): Բայց հրաշալի էր, երբ պատահաբար դասախոսս ինքը սկսեց դրա մասին խոսել՝ զուգահեռներ անցկացնելով իմ «Եռյակը» պատմվածքի հետ: Ի դեպ, վերջինը վերլուծելիս ահագին բան իմացա իմ մասին: Ընդհանրապես, շատ խորացանք, տարբեր թեմաների շուրջ զրուցեցինք: Հետաքրքիր էր ու հագեցնող: Ինձ պետք էր մեկը, որ կարդացածս գրքերի շուրջ ծագած հարցերին պատասխաներ: Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ դա հոգեբանության դասախոսս կլինի: Իսկ ամենալավն այն է, որ հենց ինքն առաջարկեց հարցերի դեպքում դիմել իրեն:

Հետո մտածեցի գրելու մասին: Երկու ընտրություն ունեմ. ինձ լավ զգալ ու հիմար բաներ գրել կամ տառապել ու լուրջ պատմվածքներ ստեղծել: Ես ընտրում եմ առաջինը:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me