Վերադարձ

Եվ ավարտվում է կյանքիս լավագույն ամիսը: Այո՛, չեմ վախենում այդ բառից… Լավագույն… Հետո՞ ինչ, որ ամենասիրելի մարդիկ կողքիս չէին, հետո՞ ինչ, որ այս ամսվա ընթացքում ընդամենը երկու անգամ եմ արտասվել, այն էլ պատճառը ոչ թե այստեղ էր, այլ Հայաստանում:
Ամստերդա՛մ, ես քեզ սիրում եմ: Հույս ունեմ, որ էլի կհանդիպենք:

Մարդ եմ փնտրում, որ կարողանամ պարզապես գրկել ու արտասվել: Բայց թե այդպիսին լիներ, արցունքներս անտեղի կլինեին:

– Դու միայնա՞կ չես զգում քեզ Ամստերդամում,- հարցրեց բժիշկ Էյկհոֆը:
– Դե… չէ՛, ինչու՞ պիտի զգամ:
– Ընկերներ ունե՞ս:
– Հա՛, տարբեր երկրներից ուսանողներ կան, որոնց հաճախ տեսնում եմ:
… Թե իմանա՜ր, որ վերջին անգամ 8 օր առաջ էի նրանց հետ որևէ տեղ գնացել, այն էլ մի ժամ հետո տուն էի եկել…

Մենք սանձել ենք նրան, ասես վայրենի գազան լինի: Հետաքրքիր է՝ եթե միաժամանակ բաց թողնենք, ու՞մ կհոշոտի: Շղթաները որքան էլ ամուր լինեն, նա մի օր դրանք կպոկի ու կհարձակվի: Կախված է նրանից, թե որքան կատաղած է ու որքան շատ է սիրում ազատությունը:

Սեքս

Էսօր սեքսի օր էր… Մի րոպե, հեսա ամեն ինչ կբացատրեմ: Մի կողմ թողնենք գեյերի շքերթը: Էդ լրիվ ուրիշ պատմություն է: Երեկոյան, երբ պարզեցինք, որ Ռեմբրանտի թանգարանն արդեն փակ է, ես առաջարկեցի սեքսի թանգարան գնալ: Ճիշտ է՝ ոտքով մոտ 10-15 րոպեի ճանապարհը մենք 1-2 ժամում անցանք, քանի որ անընդհատ շեղվում էինք կամ էլ անհույս սպասում տրամվայներին, որոնք գեյերի շքերթի պատճառով այսօր այնքան էլ լավ չէին աշխատում, բայց կարողացանք ժամանակին հասնել: Ասենք, սեքսի թանգարանը պետք է որ ուշ ժամերին աշխատեր, այնպես որ շտապելու կարիք առանձնապես չկար:
Հա՛, զվարճալի բաներ կային. առնանդամի հսկայական արձան, աչքով անող հետույք (իզուր մի փորձեք պատկերացնել դա ինչ է: Նկարը կբերեմ, կտեսնեք), կարմիր լապտերների փողոցի մինի տարբերակ և այլն, բայց սարսափելի տեսարաններն էլ էին շատ, որոնք չհամարձակվեցի լուսանկարել՝ խնայելով իմ բարոյական կերպարն ու ձեր նուրբ ճաշակը: Չորսս էլ թանգարանից դուրս եկանք ահավոր այլայլված: Պատկերացնու՞մ եք՝ այնքան սարսափելի էր, որ նույնիսկ տղաները չէին զվարճանում:
Մտածեցինք, որ սեքսի օրն այսքանով ավարտվում է: Գոնե ես այդպես էի կարծում: Որոշեցի շուտ տուն գալ, որ շուտ քնեմ, և վաղը պիկնիկից առաջ հասցնեմ Աննայի հետ որևէ տեղ գնալ: Բացի դրանից, երեկվա փորձից հետո վախենում էի շատ ուշ մեր թաղամասում մենակ քայլելուց… Իսկ հիմա ինքս ինձ հարց եմ տալիս. ավելի լավ է վախվխելով, կյանքս հարցականի տակ դնելով տուն հասնեմ, թե՞… Հա՛, տուն մտա, իսկ Շակը (տանտերս) երեկվա պես խոհանոցի լամպը վառած էր թողել: Մտածեցի՝ քնած է: Դուռը փակեցի, պատրաստվում էի զուգարան գնալ, մեկ էլ տեսնեմ հյուրասենյակում մոմեր են վառված, իսկ Շակի սենյակից ձայներ, ավելի ճիշտ՝տնքոցներ են լսվում՝ տղամարդու և կնոջ: Այդ պահին հասկացա, որ երբ առաջին օրը Շակը ասաց, որ ինքը հոմոսեքսուալիստ չէ, չէր խաբել: Ասենք, դա նրա գործն է: Բայց մի՞թե ես պարտավոր եմ երեկոյան տուն վերադառնալիս փակվել իմ սենյակում՝ ամաչելով նույնիսկ լվացվել:

Մեկնելուց առաջ

Այնպիսի զգացողություն է, որ Ամստերդամը շատ եմ սիրելու: Միայն թե չխաբվեմ, չհիասթավեմ: Թվում է՝ ոչ մի Վիեննա, ոչ մի Պրահա չի կարող նրա հետ համեմատվել: Ասես այն խենթերի քաղաք լինի, իմ հայրենիքը, որը լքել եմ դեռ մորս արգանդում ձևավորվելու ժամանակ:
Ընդամենը չորս ժամ անց կգնամ օդանավակայան: Ես հեռանում եմ իմ քաղաքից… Ի՞մ… Այստեղ ես չհասկացված եմ, սիրված կամ ատված, անտանելի, խելագար: Ու, չգիտես ինչու, ես դա տարօրինակ եմ համարում: Մոռանում եմ, որ սա իմ տեղը չէ: Այստեղ ես օտար եմ, ինչքան էլ իմ հայրենիքը լինի: Մարդիկ իմ ներսում զզվելի սերմեր են ցանում, իսկ հետո բողոքում պտուղների համար: Ա՜խ, ես շատ թույլ եմ, որ դրանք արմատախիլ անեմ: Եղած ուժերս էլ վատնվում են, որ բացատրեմ, որ այդ պտուղներն ինձ հետ կապ չունեն, օտար են, ուրիշ տեղից եկած:
Ամստերդա՛մ, ես գալիս եմ: Դու ինձ գրկաբա՞ց կընդունես, ինձ կշոյե՞ս, կգուրգուրե՞ս: Միայն թե դու էլ չթքես երեսիս, չարհամարհես, չմեղադրես ու վերջապես… չսպանես:
Ամստերդա՛մ, ես շուտով քեզ մոտ կլինեմ: Բայց հիշի՛ր, որ մեկ ամիս անց լքելու եմ ու իմ ոտքով վերադառնամ այս ճահիճը, որից կարող եմ դուրս գալ միայն Աստծո օգնությամբ:

Ուզում էի լավատեսական նոտայով գրել հրաժեշտս, բայց չստացվեց: Ներե՛ք ինձ, սիրելինե՛րս, բայց տրամադրությունս է այդպիսին:

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

shoghakatvardanyan

This WordPress.com site is the cat’s pajamas