Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով եմ դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քեզ հետ եմ (Գաբրիել Գարսիա Մարկես):
Բայց շատ ճիշտ է ասել…

Ես սիրում եմ մեր միությունը: Երբ այսօր հավաքվել էինք, ես հասկացա, թե ինչքան կարևոր են բոլորը: Հուզիչ էր: Անգամ լացս եկավ, երբ Ական խոսում էր… Երբ կարդացի Քրիստիկի գրածը բացիկիս մեջ…
Երբ խոհանոցում էինք, Նարինեն հարցրեց, թե ինչպես եմ տրամադրված մյուս կիսամյակին: Ես առանց երկար-բարակ մտածելու ասացի. «Մարտական»: Իսկ Նարինեն ասաց, թե տխուր կլինի առանց Արուսի ու Քրիստիկի: Այդ մասին ես չէի մտածել: Թվում էր՝ ամեն ինչ նույն կերպ է լինելու. նորից նույն չորս լիդերներով ու մեր «մայրիկ» Մառայի հետ սկսելու ենք կիսամյակը: Մոռացել էի, որ Արուսն ու Քրիստիկն ավարտում են… Իրոք, շատ դժվար կլինի առանց նրանց…
Ես սիրում եմ մեր միությունը… Սիրում եմ, որովհետև Աստված է մեզ միավորում: ՈՒ հասկացա, որ իմ կյանքն այնտեղ է… Ես դեռ շատ անելիքներ ունեմ…

…Հիվանդի սիրտն այնքան արագ էր խփում, որ տոները հազիվ էի ընկալում: Բայց մի անգամ մեկի սիրտը շատ ավելի արագ էր խփում, ու տոներն իրարից տարբերելն անհնար էր: Այն ժամանակ ես առանց ֆոնէնդոսկոպի էի:

Ես չհասկացա, թե ինչ կատարվեց: Տեսա, որ եղանակը լավ չէ, բայց տանից դուրս թռա ու վազեցի Կասկադ: ՈՒզում էի գրել: Մտքերս չեի հավաքվում: Իսկ հետո անձրև սկսվեց: Տուն գնալ չէի ուզում… ոչինչ չէի ուզում: Տհաճ էր: Ես էգոիստ եմ… ես… ես չեմ ուզում մարդկանց վատություն անել, բայց այս իրավիճակն ինձ ձեռնտու է: Ասում եմ, չէ՞, մտքերս խառն են: Եվ հետո… ինչու՞ պետք է ամեն ինչ այստեղ գրեմ: Վազեմ օրագիրս բերելու: Թող գաղտնիք մնա այն, ինչ հիմա մտածում եմ…

Տարօրինակ է ամեն ինչ… Ես կարծես երկու տարբեր աշխարհներում ապրեմ: Մեկում ամեն ինչ հարթ է, խաղաղ և ուրախ, իսկ մյուսում… փոթորիկ, պատերազմ ու պարզապես զզվելի վիճակ: Եվ այդ երկու աշխարհները միայն իմ մտքերում են հատվում, երբ նստում եմ ընթերցասրահում ու փորձում պարապել: Բայց պատերազմող աշխարհում պարտություններն ինչ չեն տխրեցնում, որովհետև հետո վերադառնում եմ խաղաղ ու երջանիկ կյանքիս… Եվ ես հիմա երջանիկ եմ…

Ստացվում է, որ այսօր ավելի շատ եմ արտասվում, քան երեկ… Գուցե թեթևանամ….
she’s a little girl with nothing wrong and she’s all alone…
norah jones-ի երգերից է: Այսօր օրագրիս մեջ գտա: 3 տարի առաջ էի այդ երգը լսում: Հիմա հասկանում եմ, որ nothing wrong-ը կարելի է դարձնել everything wrong:

ՈՒզում եմ գրել, գրել ու նորից գրել… Մի բան, որ ամենից շատ չեմ սիրում, հիշողությունների գիրկն ընկնելն է: Սակայն այսօր, երբ հին օրագրերս էի կարդում, հիշում 16 տարեկան Բյուրակնին, մի տեսակ ծիծաղս էր գալիս, բայց մի քիչ էլ ափսոսում էի: Ինչ-որ տեղ ուզում էի նույնը լինել, ինչ-որ տեղ՝ ոչ: Ես այն ժամանակ սիրել գիտեի…

06:27… 3 րոպե կար մինչև զարթուցչի «ղժղժոցը», բայց ես արդեն արթնացել էի: Միակ խնդիրը վեր կենալն էր, ինչը ոչ մի կերպ չէր ստացվում: Ի տարբերություն նախորդ օրերի, այս անգամ ուղեղս պայծար չէր. քնից չէի կշտացել: Ես որոշեցի օգտվել այդ 3 րոպեից և միայն զարթուցիչն անջատելու համար ոտքի կանգնեցի:
Նույնիսկ սառը ջուրը չօգնեց, որ ուշքի գամ, և ես կիսաքնած վիճակում կարդացի հակաբիոտիկները, իսկ մի քանի թեմա հասցրեցի պարզապես թերթել, չնայած որ սպանեք էլ, չեմ հիշի, թե որոնք էին:
07:45 վերջացրեցի ու որոշեցի մի բան ուտել: Սիրտս խառնում էր (ինչպես սովորաբար լինում է քննություններից առաջ), բայց մի կերպ կերա:
08:10 էր… դեռ շուտ էր, բայց անելու բան չունեի, ուստի մի անգամ էլ աղոթեցի ու տնից դուրս եկա: Չնայած որ չէի պարապել, չափից դուրս հանգիստ էի: Քանի որ շուտ էր, որոշեցի ոտքով գնալ: Ամբողջ ճանապարհին խոսում էի Աստծո հետ, իսկ Նա ինձ հանգստացնում էր՝ ասելով, որ ամեն ինչ կարգին կլինի: Եվ պառաբանում էի ողջ ճանապարհին…
Երբ հասա ֆարմակի ամբիոն, բոլորը կարծեցին, թե խեղճ Խարկևիչին կրծել եմ. մազերս գզգզված էին, աչքերս՝ ուռած: Էլ որտեղի՞ց իմանային, որ համարյա չէի պարապել. ազատվելու հույսին էի մնացել:
Ժամը 9-ին լսարան մտավ ամբիոնի վարիչը՝ մեր նախկին ռեկտորը: Եվ ի՞նչ… Ասաց, որ այս անգամ ոչ ոքի չի ազատելու… Արցունքներս հազիվ զսպեցի… Առաջարկեց ընտրել. բանավոր կամ տեստային քննություն: Բնականաբար, ես վերջինն ընտրեցի. բանավոր հաստատ չէի կարող, իսկ տեստերով գոնե բախտի բերմամբ ճիշտ պատասխաններ կարող էի ընտրել:
Սկզբում ռեցեպտուրա գրեցինք: Քանի որ դա ընդհանրապես չէի պարապել, սկսեցի որոշ բաներ հիշել 2 ամիս առաջ անցածից, որոշ բաներ էլ հորինել: Հետո պիտի տեստ գրեինք, բայց համակարգիչները քիչ էին, իսկ մենք՝ շատ-շատ: Մի մասը դուրս եկան: Մնացել էր մի ազատ համակարգիչ ու ես ու Մարիան: Չէինք ուզում առանձին մտնել, բայց ուրիշ ճար չկար. հաստատ թույլ չէին տա, որ երկուսս էլ դուրս գանք: Բայց այդ պահին որտեղից որտեղ Օֆոն ներս մտավ, որը դեմ չէր ազատ համակարգչի մոտ նստելուն:
Սպասողներին հավաքեցին մի ազատ լսարանում, բայց ես մեկ-մեկ դուրս էի գալիս: Դասախոսիս տեսա՝ Էմմա Աղաջանովնային: Անկեղծորեն խոստովանեցի, որ լավ չեմ պարապել, իսկ նա ինձ քաջալերեց՝ ասելով, որ դեռ 50 րոպե (տեստային քննության ժամանակը) + ևս մեկ 50 րոպե (քանի որ շատ-շատ էինք, հնարավորություն կար այդքան ուշ մտնելու) կարող եմ օգտագործել պարապելու համար: Ասաց, որ կենտրոնանամ, հավաքեմ բոլոր ուժերս՝ ասես ընդունելության քննություն եմ հանձնում: Երբ իմացավ, որ բանավոր չեմ մտնելու, այլ տեստային, մի քիչ անհանգստացավ:
Հետո արդեն ինձ ուտում էի. թքած ունեի, թե ինչ կստանամ, բայց դասախոսիս մասին շատ էի մտածում: Ախր նա տարեկանս «9» էր դրել, ու եթե ես կտրվեի, ասելու էին, թե դա ի՞նչ «9» է, որ կտրվում է:
Համենայնդեպս, բացեցի ու հակաբիոտիկները նորից կարդացի: Պենիցիլիններ… տետրացիկլիններ… մակրոլիդներ… ցեֆալոսպորիններ… կայունություն…. արագ… դանդաղ… խաչաձև… բջջաթաղանթի սինթեզի ընկճում… սպիտակուցի սինթեզի ընկճում… միցիններով վերջանում են միայն ամինոգլիկոզիդների ու մակրոլիդների անունները… էրիթրոմիցինը մակրոլիդ է… ու էդպես գլխումս ամեն ինչ խառնվել էր:
…Վարդանը դուրս եկավ քննությունից: Կարմրած ու քրտնած էր: Ասաց, որ «6» է ստացել: Վախեցա. ախր նա պարապել էր ու դեբիլ էր չէր: Իսկ ի՞նչ է անելու ես: Թե ո՞վ էր ինձ խնդրում չպարապել: Ի՞նչ կկորցնեի, եթե այդ 5 օրվա մեջ օրը գոնե 3 ժամ կարդայի:
ՈՒզում էի Վարդանից հետո մտնել, բայց որոշեցի մի քիչ էլ մնալ: Հետո, երբ նորից տեղ ազատվեց, դասախոսությունների տետրս խցկեցի Մարիայի ձեռքի մեջ ու մտա: Կուրսի վատ սովորող տղաներից էլ կային: Չորս կողմից հարցեր էին տալիս: Ներվայնացել էի: Մի երկու անգամ գոռացի, որ լռեն: Քիչ էր մնում՝ դուրս գայի ու ասեի, որ այդ պայմաններում քննություն չեմ հանձնի: Մի կերպ էի դիմանում: Լավ է, որ լռեցին:
Նշում էի տեստերի պատասխանները: Բայց ճիշտ պատասխանածների կողքը 0 էր գրված: Վախեցա: Հետո հասկացա, որ «ընդունել» չէի սեղմել: Արագ-արագ հետ գնացի ու սխալս ուղղեցի: Հետո շարունակեցի: Հարցերի մի մասի պատասխանները գիտեի, մի մասը կասկածելով էի նշում, մի քանիսը՝ բացառման սկզբունքով:
4 տեստ էր մնացել, իսկ ես 42 ճիշտ պատասխան ունեի արդեն: Եվ դրանք այն 4-ն էին, որ կասկածում էի… Վախենում էի… Մեզ հսկող դասախոսին դիմեցի: Ասաց, որ չգիտի, թե քանիսն է «9», իսկ ես ինչ-որ տեղ լսել էի, որ առնվազն 43 ճիշտ պատասխան պետք է ունենալ գերազանցի համար:
Ի՞նչ կարող էի անել: Այդ 4-ից երկուսին սխալ էի պատասխանել… ևս երկու հարց, որոնցից գոնե մեկին պետք է ճիշտ պատասխանեի: Մի հարցը շատ կասկածելի էր, իսկ մյուսն ընդհանրապես անծանոթ: Անծանոթ դեղի անուն էր ու անծանոթ հոմանիշներով: Ես նայեցի բառի արմատներին, նայեցի տրված տարբերակների արմատներին… Միայն մեկի մեջ չկար «դիքս» արմատը: ՈՒրեմն դա էր… սեղմեցի… 43: Բայց դեռ վստահ չէի, որ դա «9» է: Մյուս հարցի համար մարդ կանչեցի և ասացի, որ ինչ-որ տարօրինակ են պատասխանները: 26 րոպե դեռ ունեի… ծիծաղելի էր. մի՞թե ֆիզոստիգմինն այդքան արժեր, որ 26 րոպե մտածեի: Դասախոսին ցույց տվեցի, թե որն է ինձ թվացող ճիշտ պատասխանը: Ասաց, որ հենց դա է: Սեղմեցի: Մնաց 43: Նորություն չի, որ համակարգիչը ֆարմակ լավ չգիտի: Ասաց, որ հաշվի կառնեն: Սեղմեցի «ելքը»: Բյուրակն Իշխանյան – 43 ճիշտ պատասխան, գնահատականը՝ «9»: Ես երջանիկ դուրս եկա: Դա հրաշք էր: Դա ես չէի, Աստված էր…
Էմմա Աղաջանովնան էլ շատ ուրախացավ, ինձանից շատ: Եվ զարմացավ, որ հենց տեստերով, ոչ թե բանավորով էի «9» ստացել…
Փառք Տիրոջը

Ջղայնացած եմ: Մի՞թե ֆարմակի քննության հետ էլ եմ նույնն անելու: Ախր սա երեք օրվա պատմություն չի (իբր պաթֆիզն էդպիսին էր). եթե մի դեղի անուն չգիտես, մեռնես, չես կարող տրամաբանությամբ տակից դուրս գալ: Հույսս դրել եմ էն բանի վրա, որ գոնե էս կիսամյակի թեմաները քչից-շատից գիտեմ: Ինձ կմնա առաջին կիսամյակի նյութերը ու մեկ էլ այսպես կոչված «ինքնուրույն աշխատանքի» թեմաները: Էդ էլ մի ուրիշ թիթիզություն է. իբր ուսանողը շատ ժամանակ ու հավես ունի, որ նստի ու չանցած դասերը կարդա: Ե՛հ, ախր ես ինչու՞ եմ մտածում, որ բոլորն ինձ նման են: Ախր կան մարդիկ, որ դասերից դուրս կյանք չունեն: Երևի գիշերները Խարկևիչին գրկած են քնում: Ես էլ, ասենք, Խարկևիչին գրկած ամբողջ քաղաքում ֆռֆռում եմ, բայց ի՞նչ օգուտ, որ էդպես էլ չեմ բացում: Հիմա կուրսում ամենամաշվածն իմ գիրքն է: Ի՜նչ կրծողի տպավորություն եմ թողնում: Ոչ ոքի մտքով չի անցնում, որ էդ անտեր գրքով իմ ընկերուհիների մեծ մասն է պարապում. կա՛մ տանում եմ պատճենահանելու, կա՛մ մի քանի օրով տանում են տուն, տանը սովորում: Բայց եթե ճիշտ խոսենք, Խարկևիչն իսկականից շատ եմ կարդացել (նույն թեման 2-3 անգամ): Արդեն դասերի էջերն անգիր գիտեմ: Բայց վերջում դասախոսս տարեկանս «9» դրեց: Իսկ ի՞նչ ասեմ էն մարդկանց մասին, որ հասցրել են էդ գրքի ամեն մի էջը 10-20 անգամ կարդալ: Ո՞նց են հասցրել: Ես իմ 2-3 անգամվա համար նվնվում եմ, էն էլ կպած «9» էի ուզում, դրա համար էլ էդքան ինձ տանջել եմ:
Էհ, դասերից շատ գրեցի: Լավ, մի հատ ծիծաղելի բան էլ պատմեմ ու գնամ «պարապելու»: Մի քանի օր առաջ Մարիան Նազոյին ասել էր. «Էմմային սեռական հորմոններ եմ պարտք»: Կողքը մի հատ աղջիկ կար, որ բժշկականից չէր: Խեղճը զարմացած նայել էր Մարիային. երևի չէր հասկացել, թե ինչ սեռական հորմոններ պիտի Էմմային պարտք լիներ: Ախր մեր բժշկականի լեզուն լավն է, հո զոռով չի. կարող ենք ուզածներից չափ անկապ բաներ ասել, ու ոչ ոք չի հասկանա:

Ես զզվել եմ արդեն ես չլինելուց: Երեկ հասկացա, որ իրականում ամենուր ես ինչ-որ դեր եմ խաղում, ես ես չեմ: Աննայի ու Նոնայի հետ ձանձրանում էի ու զգում էի, որ տարբեր եմ… տարբեր եմ այն Բյուրակնից, որին կուրսում են ճանաչում: Եվ ես նույնը չեմ ոչ մի տեղ, բայց և ոչ մի տեղ ես ես չեմ: Ինչքա՜ն եմ պայքարել բնական լինելու համար, բայց ես շարունակում եմ մնալ մի կատակերգության դերասանուհի: Իսկ մարդիկ երևի արդեն հոգնել են դրանից ու ուզում են իմ իրական դեմքը տեսնել: Ես գուցե իրականում այնքան էլ վատը չեմ, որքան ինձ ցույց եմ տալիս, կամ էլ՝ հակառակը: Ես ոչինչ չգիտեմ:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me