Ես՝ կեղծ հայրենասերս 09.11.2008

– Ուզում եմ հեռու լինել հայերից:
– Ուրեմն՝ ինձնից հեռու նստիր,- պատասխանեց:
Եվ այդ խոսքերն ինձ խոցեցին, արմատավորվեցին: Եթե չշտապեի, գուցե նույնիսկ դրա հիման վրա առանձին բան գրեի: Հիմա էլ ուշ չէ. մի օր կանեմ:

Երեկ գիշերը տատիկիս տանը մնացի: Ընդհանրապես, այնտեղ գնալը տարբեր ժամանակներ տարբեր կերպ է հաճելի: Երբ հորաքրոջս և նրա դստրերին եմ հանդիպում, շատ ուրախ է անցնում. րոպեն մեկ ծիծաղում ենք, կատակում: Երբ հայրս կամ հորեղբայրս էլ է այնտեղ լինում, կարող է քաղաքականությունն էլ միանալ, իսկ դա հաճախ ձանձրալի է: Ա՛յ, քաղաքական կատակները լրիվ ուրիշ են: Երբ հայրս է միանում ինձ ու տատիկիս, բավական հետաքրքիր զրույց է ստացվում մասնագիտությանս, ապագայի մասին:

Իսկ երեկ երեկոյան, այսօր էլ մինչև հորս գալը ես ու տատիկս մենակ էինք: Նրա հետ առանձին զրուցելն էլ մի ուրիշ հաճույք է: Հազարերորդ անգամ լսում եմ տատիս հետաքրքիր պատմությունները, որոնք տեղ-տեղ տխուր են ու հուզիչ, տեղ-տեղ՝ զվարճալի, ու ափսոսում, որ ոչ ոք մինչև հիմա դրանք գրի չի առել:

Այս օրերին տատս իր հոր մասին գիրքն է կարդում… երևի հազարերորդ անգամ: Երևում է՝ շատ է տարվել դրանով, որովհետև ամբողջ ժամանակ այդ գրքից էր խոսում: Մի երկու հատված էլ ընթերցեց ինձ համար: Ես զարմացա՝ հայտնաբերելով, թե մեծ… չէ՛ Մեծ պապս տատիս մորն ինչքան շատ է սիրել: Ավելին՝ կարողացել է դրա մասին գրել տատիս քեռուն ուղղված նամակներում:

Տատս մինչև հիմա զարմանում ու զայրանում է, թե ինչու իր հայրը հնարավորությունը բաց թողեց, Հայաստանից չհեռացավ: Իսկ ես ուզում եմ մեջբերել այս տողերը նրա նամակներից. «…Միայն թէ կը զարմանամ որ այդ երանելի տեղերը նստած, չեմ գիտեր ինչ անիմաստ հայրենաբաղձութեան նոպաներու մէջ ա՜խ վա՜խեր կ’արձակէք: Ժամանակ է որ դադրիք այլեւս մտածելէ իբր հայ, եւ ապրիք իբրեւ մարդ, ուր կ՛ուզէ ըլլայ: Եթէ այս խոսքը իմ գրչէս կը տեսնաս, ալ հասկցիր»:

Իմ հիասթափությունը երևի շատ ավելի վաղ էր սկսվել: Բայց ես… էն արմատացած բառերից հետո ուշքի եկա: Այսօր հայը ես եմ, դու ես, ինձ համար թանկ մարդիկ են: Իսկ այն, ինչից իսկապես ուզում եմ փախչել, ուրիշ անուն ունի, որը ես դեռ չեմ գտել:

Սկզբում ինձ թվաց, թե մեր կուրսի Գոռն է: Իսկ երբ խոսեց Ակումբի հանդիպումից, շփոթվեցի. ի՞նչ կապ ուներ նրանց հետ:
Հետո փորձեցի հիշել, թե Ակումբում ինչ Գոռ կա: Ամո՛թ ինձ: Հեչ գեղեցիկ բան չէ, երբ ընկերներիդ մոռանում ես, հատկապես երբ նրանք հազար տարով կորած մարդիկ չեն, և վերջին անգամ տեսել ես ամենավաղուցը մեկ-երկու ամիս առաջ:

Հա՛, հասկացանք, որ Ակումբից վաղուց արդեն օտարվել եմ, և վերադառնալու փորձերն ապարդյուն անցան: Հասկացանք, որ հանդիպումներին չարժե գնալ, որովհետև եթե նույնիսկ այնտեղ մեկ-երկու հոգի քեզ սպասում են, միևնույն է, ձանձրույթդ ապահովված է, որովհետև այդպես էլ չես կարողանում մասնակցել ընդհանուր խոսակցություններին (իսկ դրա պատճառը երկկողմանի է): Նույնիսկ եթե փորձում ես թուլանալ ու մոռանալ ամեն ինչ, անպայման գալիս են մարդիկ, որոնք հաստատ քեզ շատ ավելի քիչ են ուզում տեսնել, քան մյուսներին: Էս ամեն ինչը պարզ է, բայց ախր ինչու՞ պետք է Գոռին մոռանայի:

Ես հաճախ որևէ որակում տալիս նշում եմ մարդկանց ամբողջ խմբի անունը, և դա սխալ է, որովհետև նրանց մեջ հաստատ կգտնվի գոնե մեկը, որ այդպիսին չէ, իսկ նրան բոլորի հետ պիտակավորելը շատ տգեղ երևույթ է: Հիմա եթե ասեմ Ակումբում ինձ չեն սիրում, չեն ուզում տեսնել, չարաչար սխալված կլինեմ, որովհետև, այնուամենայնիվ, կգտնվեն մի քանիսը, որոնց համար իմ ներկայությունը ոչ միայն հաճելի է, այլև կկարոտեն: Ու Գոռը հենց նրանցից էր: Իսկ ես հիմարաբար իմ ուղեղի մեջ ուրիշ ծրագիր էի դրել, որոշել, որ այնտեղ ոչ մեկի պետք չեմ:

Ինչքան էլ այս ամենը պարզ ու հասկանալի լինի, մինչև հիմա չեմ հաշտվում այն մտքի հետ, որ բառիս բուն իմաստով վտարված եմ: Հետո էլ կասեն՝ քաղաքականությունը պետք չէ խառնել ընկերությանը: Տեսա՞ք, թե ինչ արեց էդ անտեր քաղաքականությունը… Զզվում եմ, զզվում: Ատում եմ լևոնին: Նախագահ չդարձավ, բայց որքա՜ն շատ հարաբերություններ քանդեց: Մյուս կողմից… գուցե այդպես էլ պետք էր:

Երեկ մի ժամ տանջվեցի, որ էս երգն իսպաներենից հայերեն թարգմանեմ.
Te ador, tu amor,
deixasse corpo da gente marcado,
Oh, porque se mina gente tatuado.
Երեք տող եմ գրել ընդամենը, բայց ամբողջ երգը սրանից ու լալալաներից է բաղկացած:
Ինչևէ, մինչև բառերն ինտերնետից քաշելը լսում եմ՝ «ջ-եր» կան: Բայց դա զարմանալի չէ. երևի արգենտինյան իսպաներեն է: Հետո անցնում եմ բառ առ բառ թարգմանելուն: Նայում եմ՝ ախր ador-ի վերջավորությունն էնքան էլ իսպանական չէ: Եթե հաշվի առնենք, որ հոտառությունս հուշում է, թե te ador նշանակում է քեզ պաշտում եմ, ապա իրականում պետք է լիներ te adoro: Կամ եթե նույնիսկ ներկա ժամանակ երկրորդ դեմքով ու կրավորական սեռով ինչ-որ բայ է, որը ես չգիտեմ, ապա պետք է լիներ te adoras կամ te adores կամ նման մի ուրիշ բան: Մտածեցի` երևի մի այնպիսի բան է, որ ես չգիտեմ: Որոշեցի անցնել առաջ: Deixasse բառը ոչ մի բառարանում չկար: Նման դեպքերում կատաղում, դիմում եմ Գուգլի թարգմանչի օգնությանը: Սենց մի բան բերեց.
We adore you, your love,
deixasse body gives people marking,
Oh, because it undermines people tattooed.
Չէ՛, ախր իսկականից ինչ-որ բան այն չէ: Փորձեցի նորից:
I love you, love you,
let body of people, marked
Oh, because it undermines people tattooed.
Շատ ավելի խելքին մոտ բան ստացվեց: Գտա սխալս. իրականում դա պորտուգալերեն էր…

Տենց

Թեյը սովորականից քաղցր ստացվեց, բայց նա նշանակություն չուներ. կոկորդս քերում էր, և ես պետք է այն խմեի:

Սենյակիս հատակին պառկած նայում էի կարմիր բաժակին, որի պարունակությունը հազիվ մի քանի րոպեն մեկ էր հայտնվում բերանիս մեջ: Լույսը չէի վառել: Իսկ արցունքներն այնքան էին հոսել, որ ամբողջ թևս թրջվել էր, քիթս՝ փակվել:

– Բյու՛ր, շատ համով թեյ ես սարքել,- կողքի սենյակից լսեցի մորս ձայնը:
Իսկ ես շատ լավ գիտեի, որ նա դա ասաց ինձ մխիթարելու համար, որ քաղցր թեյ չի սիրում, և ես սովորականից շատ էի շաքարավազ լցրել:

Կանգնեցի աթոռիս վրա և պահարանի վերևի դարակից ալբոմս հանեցի, որտեղ Անգլիայի ու Իսպանիայի նկարներն էին: Հիշում եմ՝ 200 տեղանի ալբոմ էի գնել ու պատրաստվում էի երկու ճամփորդություններիս լուսանկարներն էլ այնտեղ տեղադրել: Անգլիան 79 էր, իսկ Իսպանիայինը 250-ից ավելի էր, բայց պետք է ընտրեի տպելիքները: Առանց հաշվելու հանեցի, բերեցի, սկսեցի դասավորել ալբոմիս մեջ: Դուրս եկավ՝ 121 հատ է: Ուղիղ:

Հա՛, էդպես հանեցի ալբոմս… Սկզբում Լոնդոնն էր: Թաուեր բրիջն էր մի հազար կողմից, հազար դիրքով, մենք էինք… Ռիհամին տեսա, կարոտեցի: Հիշեցի, որ աղջիկներին Եգիպտոս մեկնել խորհուրդ չեն տալիս:

Հետո գալիս էին հիվանդ նկարներս: Ասում են՝ մարդիկ կյանքի մեջ մեկ-երկու անգամ են գրիպ տանում, իսկ մնացածներն այլ սուր շնչական վարակներ են: Ա՛յ, այդ մեկը հենց գրիպ էր՝ իր ամբողջ դասական նշաններով: Նույնիսկ կարող եմ ասել, որ միջին ծանրության ձևն էր:

Հետո հասա Իսպանիային… Կարդում էի նկարների կողքերի մեկնաբանությունները: Հավես էր: Հյուրասենյակի լույսն անջատվեց: Ես մթության մեջ մնացի: Բայց դա չէր խանգարում. շարունակում էի տեսնել իմ հիանալի օրերը:

Ինձ այսօր հարցրին.
– Արտասահմանում կապրեի՞ր:
Դրական պատասխանից հետո.
– Նույնիսկ Իսպանիայու՞մ:
Իսկ ես հենց այնտեղ կապրեի: Մի՞թե իզուր եմ իսպաներեն սովորում: Էլ չեմ ասում, որ ոչ մի քաղաք էնպես չեմ կարոտում, ինչպես Սևիլյան:

Բաժակս վերցրի գետնից: Արդեն սառել էր: Մի կում էլ արեցի: Այլևս չեմ ուզում էս տանն ապրել, բայց գիտեմ՝ բավական է կես բերան այդ մասին մորս ասեմ, և հարցն անմիջապես կփակվի: Միակ լուծումն արտասահման մեկնելն է, իսկ դրա համար շատ բան է պետք: Դրանից առաջ պետք է նախ համալսարանն ավարտեմ:

Փորձում եմ հարցի պատասխանը գտնել. ինչի՞ց եմ փախչում: Ես արդեն գիտեմ, որ դրանք հայերը չեն, ես չեմ, նա չէ, շատերը չեն: Հիմա հասկանում եմ, որ մի բառով ասել հնարավոր չէ: Առանձին-առանձին երևույթներից, մարդկանցից, դեպքերից եմ փախչում, բայց դրա մասին հետո կգրեմ:

Բաժակս վերցրի ու տեղափոխվեցի հյուրասենյակ, կոմպը միացրի: Ուզեցի մի կում էլ անել: Դատարկ էր:

Չգիտեմ ինչու, բզիկներս էլի բռնել են, որ լևոնականների մասին գրեմ: Էսօր դասի գնալու ճամփին դրա մասին էի մտածում: Վերջիվերջո, արդեն ահագին ժամանակ է անցել: Կրքերը հանդարտվել են: Ուզում եմ մի քիչ սթափ դատել ու տեսնել, թե ինչ է կատարվել շուրջս:

Սկզբում լևոնի հայտնվելն անհեթեթություն թվաց. այս ազգը հիշողություն չունի՞: Չնայած նրա հետևորդների թիվն աճում էր, բայց նույնիսկ մինչև ընտրությունների օրը ես վստահ էի, որ նա ոչ մի շանս չունի, երբ հենց այդ գիշեր պարզեցի, որ ծանոթներիցս մի քանիսը, որ ամենաքիչը մտքովս կանցնեին, հենց նրա օգտին են քվեարկել:

Հետագա օրերին շարունակվում էր լևոնիզացիան: Ապշած էի, ներվայնացած: Իսկ մարտի 1-ից հետո է՛լ ավելի ջղայնացա ու տխրեցի: Կատաղության մի պոռթկման ժամանակ էլ լևոնախտը ծնվեց: Ավելին՝ թողեցի ընկերներիցս շատերին (կամ նրանք ինձ թողեցին) ու այլևս չվերադարձա նրանց մոտ:

Ժամանակ անցավ: Լևոնականների հանդեպ կատաղությունս կամաց-կամաց փոխվեց ատելության, հետո՝ անտարբերության:

Իսկ այս առավոտ, երբ դասի էի գնում, ու չնայած ուշանում էի, չնայած հաճելի էր վերջին տերևների վրայով քայլելն ու մի քիչ ռոմանտիկ բաների մասին մտածելը, ես հասցրի թարմացնել լևոնականների մասին կարծիքս. հիմա արդեն ծիծաղս է գալիս:

Էսօր հավես օր էր: Ընդհանրապես, չի կարող վատ լինել, երբ համալսարանում ենք դասի:

Մի տեսակ ուրիշ էր… Պաթանատի ամբիոնում էինք: Մեր էն լավ տարիների համն ու հոտն էր գալիս, ծանոթ մանրադիտակները, ստենդները: Դեռ դասը չսկսած էրեխեքը Էռնա Խաչատուրովնայի տնազն արեցին: Չնայած հազար անգամ լսել ու տեսել էինք էդ ամեն ինչը, բայց ևս մեկ անգամ ծիծաղեցինք: Է՜հ, ո՜նց ենք կարոտում մեր Էռնային: Ո՜նց էին ժամանակին էրեխեքը շատ պրոֆեսիոնալ կերպով արտագրում, իսկ ես ու Մարիան խելոք-խելոք սովորում էինք, մինչև երկրորդ կիսամյակում մենք էլ տիրապետեցինք նույն տեխնոլոգիաներին: Ո՜նց էի զարմացել նրա գիտելիքների վրա, երբ ռեֆերատիս աշխատանքների ժամանակ ինձ ուղղություն էր ցույց տալիս:

Մեր շուրջը երրորդ կուրսեցիներ են, բայց հենց առավոտյան հայտնվեցի միջանցքում, լաբորանտը միանգամից հասկացավ, որ վեցերորդներից եմ.
– Վեց հարյուր ո՞ր խմբից ես:

Չնայած էս կիսամյակ համալսարանի տարածքում համեմատաբար շատ ցիկլեր ունենք, բայց մեկ է, կարոտում ենք: Ու շա՜տ ափսոս, որ չորեքշաբթի ու հինգշաբթի հանրապետական հիվանդանոցում ենք լինելու:

Իսկ մեր դասախոսը Նելլի Գուրգենովնան է: Շատ եմ լսել նրա մասին, ասում են՝ լավն է: Ինձ համար պարզեցի նաև, որ ծայրաստիճան օբյեկտիվ է, իսկ դա ամենակարևորն է: Ընդհանրապես, մեր խումբը, ի տարբերություն մյուսների, սիրում է ոչ թե թռի-վռի, պարապ-սարապ, դաս չանող դասախոսներին, այլ լավ մասնագետ-լավ սովորեցնող, պահանջող և օբյեկտիվներին: Դրա համար մենք առանձնահատուկ սիրով ենք խոսում Լիմոնի, Ավագյանի, Դանիելյանի և ուրիշների մասին, որոնց շատերն ատում են:

Դասամիջոցին Լիլյայի հետ բարձրացանք առաջին հիվանդանոց՝ իմունոլոոգիայի դասախոսի մոտ: Մեր բզիկները բռնել էր, ուզում էինք մի քիչ զվարճանալ: Իսկ այդ դասախոսն իսկական դրա համար է: Դե… երիտասարդ տղամարդ, մենք էլ ջրիկ աղջիկներ: Հավեսով կատակում ենք:

Դասերից հետո Դայուշի ու Արթուրի հետ գնացի ճաշելու: Հավես էր: Դայուշը մեր կեղտոտ կատակներից կարմրել էր: Ի՜նչ կլինի, եթե մի օր նրան մեր խումբ բերենք…

Հետո իսպաներեն… Ո՜նց եմ սիրում էս լեզուն:

Դե հիմա, Բյուր ջան, գնա ու պաթանատի 150 էջդ կարդա:

Քեզ մոտ էլ է պատահում, չէ՞, որ ուզում ես ամեն ինչ մի կողմ շպրտել, կտրվել քո բոլոր պարտականություններից, պատասխանատվություններից, անհետաձգելի գործերից ու հայտնվել մի այնպիսի վայրում, որտեղ բոլորն անծանոթ են, որտեղ ոչ ոք չգիտի՝ ինչ սպասի քեզնից, ինչի համար քեզ դիմի, ինչ օգնություն ակնկալի: Ուզում ես փախչել մի տեղ, ուր հեռախոսդ կարող ես հանգիստ տանը թողնել, և գիտես, որ ոչ ոք քեզ չի փնտրի, ոչ մի հարցով մոտեցող չի լինի, որը երբեմն կարող է քեզ համար էլ կարևոր լինել:

Մեր հոգեբանության դասախոսներից մեկն ասում էր, որ հիվանդանալու համար էլ է ժամանակ պետք: Մի ժամանակ հենց այդպես էր. ամբողջ տարվա ընթացքում առողջ ման էի գալիս: Սուր շնչական վարակների ցանկացած համաճարակ իմ կողքով էր անցնում, և երբ Նոր տարուն համարձակվում էի մի քիչ թուլանալ, միանգամից ծանր հիվանդանում ու պառկում էի: Հիմա արդեն իմունիտետիս հերն անիծվել է. այս տարվա մեջ չորրորդ կամ հինգերորդ անգամ եմ հիվանդանում: Ես կարող եմ դասից բացակայել, բայց մնացած գործերով չզբաղվել չեմ կարող: Ուստի պառկելս մինչև կեսօր է տևում: Դրանից հետո ժամանակ չկա հիվանդությանս բանի տեղ դնելու: Միայն թե ամեն հարմար առիթն օգտագործում եմ, որ թեյ խմեմ: Ինքնազգացողությունս էլ առանձնապես վատ չի լինի: Եվ միայն գիշերը, երբ կարող եմ ինձ թույլ տալ թուլանալ մի քիչ, աչքերս կբացեմ վալերիանայի հոտից. մայրս լսել է նոպայաձև հազս, վալերիանա բերել, որ խմեմ, հանգստանամ, լավ քնեմ:
Ես հիվանդանում եմ միայն երբ ժամանակ ունեմ, իսկ դա գիշերն է:

Էլլան այսօր խոստովանեց, որ այլևս սուրճ չի խմում: Զարմանքով նկատեցի, որ ես էլ:

Ակումբից

Առաջ ներվայնանում էի, կատաղում, իսկ հիմա մտածում եմ՝ ի՜նչ կայֆ ա: Իսկապես, կարիք չկար էդքան լացելու, ներվայնանալու, բացատրելու, որ էստեղ ուրիշ մեղավորներ էլ կան: Բյու՛ր, մի հատ զգա. Ակումբում ով ում հետ վիճում է, հիմնականում դու ես մեղավոր՝ անկախ նրանից դրանում ակտիվ մասնակցություն ունես, թե չէ: Զգա, թե ինչ դեմք ես դու, որ էդպես կարողանում ես քո գրառումներով կամ բանավոր խոսքով բոլորին խառնել իրար: Լուրջ, ի՜նչ կայֆ ա: Իզուր էիր ծանր տանում: Ախր դա էլ ա հատուկ տաղանդ, ամեն մարդու տրված չի:

Իսկ էսօր, երբ սեղանի մի ծայրում հավաքված էինք հին ակումբցիներով, երբ մյուս կողմում նստածները ծաղրում էին մի կոնկրետ մարդու, ես ու Կիտան իրար նայեցինք ու հասկացանք:

Բա ինչ կայֆ ա, որ քո գաղափարը գողանում, իրանցով են անում որոշ մարդիկ: Բյու՛ր, էդ էլ զգա: Առաջին վայրկյանին կատաղում ես, մտածում, թե էդ մտքերը քեզ մոտ են ծնվել, ինչու՞ պիտի ստվերում մնաս: Հետո ասում ես՝ ու՜խ, հազիվ էլ էդքան: Թող մի քիչ ուրախանա, որ մի բան ստացվում ա: Համ էլ՝ վստահ ես, որ դա արմատներ չի ունենա, որ որովհետև հիմք չունի: Դրանով զբաղվողը ոչ մի գաղափար չունի, թե ինչ ա անում: Եվ ուզածը ոչ թե որևէ օգուտ տալն ա, այլ անվան դիմաց մի հատ պտիչկա ավելացնելը: Տո ասա՝ պտիչկա ես ավելացնում, դեռ մայիսին նախատեսված գործդ ավարտեիր: Թե չէ հիմա նոյեմբեր ա, բայց սաղ կիսատ ա: Ու ոչ մեկին չես կարա մեղադրես, որտև սաղ քո լոդրության պատճառով ա: Վա՜յ, մոռացել էի, որ ստեղ էլ եմ մեղավոր: Չէ՛, ռիսկդ չի հերիքի՝ էդ ինձ վրա բարդես, ամոթ ա: Վերջիվերջո, պտիչկան ինձ համար չի:

Հ.Գ. Էս վերջին պարբերությունը Ակումբի հետ բացարձակապես կապ չունի: Եթե կասկածողներ, այնուամենայնիվ, կան, թող ինձ դիմեն, ես պմ-ով կբացատրեմ, թե ինչի մասին է: Ուղղակի հերթական կռվի հավես չունեմ, թե չէ էս Հ.Գ.-ն չէի գրի: Բայց լուրջ, ինչ-որ մեկը կարար իրա վրա վերցներ, ու էլի մեղավորը ես էի դուրս գալու: Կա՜յֆ

Ես երկուսին էլ շատ եմ սիրում: Նրանց տեսնելիս միշտ ուրախանում եմ, հաճախ կարոտում: Երկուսի հետ էլ շփվելը հաճելի է, զրուցելը՝ հետաքրքիր: Բայց նրանցից մեկին ավելի եմ սիրում: Դա բարդացնում է իրավիճակը, որովհետև չեմ ուզում մյուսին նեղացնել, չեմ ուզում՝ նկատի, որ պակաս սիրված է: Գործը ավելի է բարդանում, որովհետև նրանք միասին են աշխատում, և մեկի հետ հանդիպելու համար հաճախ մյուսին տեսնելն անխուսափելի է լինում: Իսկ երբ մենք երեքով նույն տեղում ենք հայտնվում, թվում է՝ վերաբերմունքիս տարբերությունն ակնհայտ է:

Այն մեկը, որին ավելի քիչ եմ սիրում, միշտ ձգտում է, որ հաճախ հանդիպենք, երկար զրուցենք: Իսկ մյուսը երբեք ուղղակիորեն ինձ չի կանչում իր մոտ, բայց գիտեմ, որ տեսնելիս միշտ շատ ավելի է ուրախանում, քան առաջինը: Երբ սա խոսում է, ինձ անընդհատ թվում է, թե կեղծում է, փորձում է ամեն կերպ ինձ դուր գալ: Բայց դրա կարիքը չունի. միևնույն է, այսքանից ավելի չեմ սիրի նրան, և դա քիչ չէ: Ա՛յ, այն մեկը, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում, երբեք արհեստական բառեր չի օգտագործում: Այդքանով հանդերձ իմ մասին ամենակարևոր, ամենադրական, ամենաքննադատական ու ամենաճիշտ խոսքերը հենց նրանից եմ լսել: Ավելին՝ եթե ասեն քեզ համար ամենաթանկ մարդկանց հնգյակ ստեղծիր, ես հաստատ նրան էլ կընդգրկեմ: Եթե աշխարհահռչակ դառնամ, պիտի նրան էլ շնորհակալություն հայտնեմ: Բայց չգիտեմ՝ դա ինչպես եմ անելու, որ մյուսը չնեղանա…

Հենց այսպես պետք է անցնեն օրերս, որ երբ պառկում եմ քնելու, անհամբերությամբ եմ սպասում լուսաբացին: Այդ դեպքում զգում եմ, որ ապրում եմ: Լիարժեք:

Իսկ այս տարվա աշունը պարզապես հրաշալի է: Անձրև չկա: Չէ՛, ես անձրևի գիժ եմ, բայց ցուրտ ժամանակ էնքան էլ հաճելի չէ: Մյուս կողմից էլ տերևները փողոցներից հավաքել են, և ես այլևս չեմ կարող խշշալով դասի գնալ:

Վախենամ՝ մյուս շաբաթվանից էս ուրախությունս կորի: Օրբելի հասնելու հավես չունեմ: Ախր ուրիշ է առաջին համալսարանական կլինիկայում դասի գնալը. ուսանողության մեջ ես, տեսնում ես բոլոր հին ընկերներիդ, որոնց հասցնում ես կարոտել: Սիրու՜մ եմ այս կյանքս… Ու շա՜տ:

Բայց ի՜նչ հիմար եմ ես: Ընկնում եմ այնպիսի բաների հետևից, որոնք իսկապես մանրուքներ են, որոնք չպետք է հետաքրքրեն այսպիսի հրաշալի միջավայրում ապրողին: Բյու՛ր, թքած ունեցիր, լուրջ եմ ասում: Չե՞ս տեսնում, թե քեզ սիրողներն ինչքան շատ են: Թող մի հինգ… լավ, տասը… Չէ՛, նույնիսկ քսան հոգի էլ ֆշշացնի: Դրանից ո՛չ ավելի լավն եմ դառնալու, ո՛չ էլ ավելի վատը: Ավելին՝ դա հաստատ չի պակասացնելու ինձ սիրողների սերը: Ու՜խ, ի՜նչ բարձր տրամադրություն ունեմ:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me