Հայը

Խոհանոցում: Մեկ էլ դիմացի սենյակից մի սևամորթ տղա  դուրս եկավ: Բարևեց, հետո հարցրեց.
– Որտեղի՞ց ես:
– Հայաստանից:
Արդեն պատրաստվում էի երկար-բարակ բացատրել, թե որտեղ ա Հայաստանը, բայց ինքը պատասխանեց.
– Ինչ լավ ա: Յամայկայում, որ դպրոց էի գնում, իմ լավագույն դասատուն հայ էր: Նենց լավն էր, նենց հանգիստ:
Ինչ լավ ա` էս մի դեպքում մեզ խայտառակ չենք արել: Ինձ նենց լավ զգացի:

11. Բոլորով դեպի ընթրիք 12. Վերջին ընթրիք

11. Բոլորով դեպի ընթրիք, հետո՝ ափ 

Մեր ծրագրով ընթրիք նախատեսված չէր, բացառությամբ նախավերջին երեկոյից, երբ միմյանց հետ շփվելու հնարավորություն տալու համար բոլորով ընթրելու էինք Նիցցայի ամենաշքեղ ռեստորաններից մեկում, որի մատուցողին լիքը հոգեբույժներով ախտորոշեցինք՝ երկբևեռ է: Իսկ էդ խեղճ մարդն ընդամենը շատ աշխույժ ու թատերական ձևով օրվա մենյուն էր ներկայացնում:

Նշանակված ժամին մի մարդու նման հյուրանոցից շարժվում ենք դեպի ռեստորան: Այ որ էստեղ հասանք, մի քիչ պատմեմ, թե ֆինանսավորումն ինչպես էր: Ուրեմն մասնակիցներին կրթաթոշակ էր տրվել, որը ծածկում էր մնալու, մասնակցության, նախաճաշի, ճաշի և միայն մեկ ընթրիքի ծախսերը: Չեմ հիշում՝ ինչ խոսակցություն գնաց, երբ Ժաննան սկսեց limited finances-ից խոսել, ու էդտեղ սաղս մեռանք. չորս աստղանի հյուրանոց, մարդ ա առանձին սենյակում, ճոխ-ճոխ նախաճաշ-ճաշ: Դե էդ մի ընթրիքի մասին էլ չեմ ասում, ու դա դարձավ սահմանափակ ֆինանսներ: Էստեղ են ասում՝ փողը միշտ էլ քչություն ա անում:
***
Սեղանի շուրջ հայտնվել էինք ես, Նինան, Նորվեգիան ներկայացնող մեր նեպալցի բարեկամը (անունը չեմ հիշում), սերբերից ու դանիացի պրոֆեսորը, որն անընդհատ փորձում էր զրույց ստեղծել: Սարտորիուսի նման տեղեկացված չէր ու Հայաստանի մասին հարցնելիս ոչ թե Գրիգոր Լուսավորչից էր խոսում, այլ փորձում տեղեկանալ, թե ընդհանրապես ինչ կա Հայաստանում: Տնտեսությունից կամաց անցնում ենք սպորտին.
– Ո՞րն է Հայաստանի ազգային սպորտը:
– Ըըը… Շախմատը:
– Հա՞ որ: Ի՞նչ արդյունքներ ունեք:
– Դե ինքս շախմատով չեմ հետաքրքրվում, բայց գիտեմ, որ շատ լավ արդյունքներ ենք ցուցաբերում:
– Ես գիտեմ, որ ռուսներն են ուժեղ շախմատից… Օրինակ Կասպարովը:
– Ինքն էլ ա հայ:

Հետո իր կյանքն է պատմում.
– Ես Ֆրանսիայում տուն ունեմ:
Նկարագրում է էդ տունը՝ Իսպանիայի սահմանի մոտ, սիրուն բնության մեջ: Իսկական հանգստանալու տեղ: Ամեն ամառ ընտանիքով գալիս են:

Խոսում է Նինան, պատմում, որ Բելառուսում արդեն մոռանում են իրենց մայրենի լեզուն, բայց սկսել են հասկանալ դրա կարևորությունը, բելառուսական դպրոցներ բացել:
– Դու գիտե՞ս բելառուսերեն,- հարցնում եմ:
– Մի քիչ, որովհետև հայրս մինչև դպրոց գնալը մեզ հետ խոսել է:
Պատմում է Բելառուսում տիրող վիճակից: Նրանց մոտ ավելի ծանր է: Տեսնում եմ Նինայի փայլուն աչքերը, հավատը, որ երիտասարդներով կարող են ինչ-որ բան փոխել:

Ընթրիքից հետո որոշում ենք զբոսնել: Այնպես է ստացվում, որ խումբն անհետանում է, մնում ենք ես, Նինան ու նորվեգացի-նեպալցին: 

Շարժվում ենք դեպի ափ: Ճանապարհը գտնելու համար չենք ամաչում, հարցնում ենք.
– Ծով ո՞նց գնանք:
Մի կին սիրով բացատրում է: Նիցցայում էդպես էլ չտեսա անգլերենից հրաժարվող ֆրանսիացիների, որոնք հազար անգամ կրկնում են նույն բանը ֆրանսերեն, մենակ թե անգլերեն չպատասխանեն: 

Հասնում ենք ափ: Կոշիկներս հանում եմ, ջուրը մտնում: Մութ է արդեն, բայց սառը չէ:



Հետո միասին խմում ենք: Նորվեգացի-նեպալցին էլ է մեզ նման մեկը. տարիներ առաջ IFMSA-ի փոխանակումով Շվեդիա է գնացել, հետո երազել էդ կողմերում կլինիկական օրդինատուրա անցնելու մասին: Մեծ դժվարություններ է հաղթահարել, մինչև հասել է իր ուզածին: Ինձ ու Նինային շատ լավ է հասկանում:

12. Վերջին ընթրիքը

Մենք իրարից պոկվել չենք ուզում: Եկեք միասին ընթրենք, թեկուզ ծրագրով նախատեսված չէ: Որտե՞ղ: Սերբ ու հիպոմանիական Դունյան շատ թիթիզ տեղ չի ուզում: Գնացինք պիցցա ուտելու: Լավերն ընտրելը մեր իտալացիքի վրա: Մաֆիա խաղա՞նք: Էդ ի՞նչ ա: Իտալացիքը խաբար չեն: Ամոթ ձեզ: Ձեզնից մեկն էլ Սիցիլիայից է: Ձեռի հետ ես ու Նիկիտան էլ Կանդինսկի-մանդինսկի ենք խաղացնում: Բա˜, դուք մեր չափ հոգեախտաբանություն չգիտեք: Նախկին սովետական երկրների ուժեղ կողմն էլ էդ ա:

Պարսիկ-նորվեգացին (հա, Նորվեգիայի երեք ներկայացուցիչներից ոչ մեկը ծագումով նորվեգացի չէր) մեկ էլ պտտվում է դեպի ինձ, թե՝ որ քաղաքից ես: Ասում եմ՝ Երևանից: Աչքերը փայլում են՝ ես Երևանում եղել են: Մեկ ուզում էի ասել՝ չլնի՞ էն պարսիկներից ես, որ ամառները գալիս են Երևան, տուտուզները բացում են, մեկ էլ ասեցի՝ չէ, շատ էլ որ գունավոր, զիզի-բիզի բաներ ա հագնում, ինքը լուրջ մարդ ա, ի˜նչ տուտուզ, ի˜նչ բան: Երևի Մատենադարան ա էկել:

Մաֆիան վարում է Ժաննան: Սեղանի կեսը չաչանակում է, իսկ մյուս կեսը խորացել է մաֆիայի մեջ: Ագնիեժկան տիպ դուրս էկավ: Էս լեհերը սաղ տենցն են: Լրիվ տիպ:

Պիցցայից հետո նորից գնում ենք դեպի ափ չաչանակելու: Խառը-խշտիկ զրույցներ, անկապ վիճակներ: Չէ, մեկ ա տուն եմ ուզում: Առավոտ գիշերով ճամփա պիտի ընկնեմ:

10. Տուն եմ ուզում

Ամեն ինչ սկսվեց դասախոսություններից մեկի ժամանակ, երբ Հայաստանում հոգեբուժության, գիտելիքների, կլինիկական օրդինատորի անելիքների մասին մտավոր որոճքը տարավ-հասցրեց նրան, որ տուն ուզեցի:
Վերջին ճամփորդություններս էնպես չեն անցել, որ վերադառնալիս դեպրեսվեմ, բայց ոչ էլ առանձնապես երազել եմ տան մասին: Դրա համար բավական տարօրինակ էր կամակոր երեխայի պես ոտքերս գետնին խփելը. «Տուն եմ ուզում ու վերջ»:

Պիտի չթողնեի, որ էս միտքը բուն դներ գլխիս մեջ, որովհետև հենց այստեղ սկիզբ առան իմ բոլոր դարդերը, ու հասկացա, որ երբեք էլ չեմ մերվի էս մարդկանց, ինչքան էլ փորձեմ ինձ ոչ յուրահատուկ, երբեմն նույնիսկ անտակտ ձևով շփվել բոլորի հետ:

Դասերից հետո ծովափ գնալու մտադրություն կար: Առանձնապես չէինք պայմանավորվել: Մտածեցի՝ արագ-արագ կբարձրանամ համարս, իրերս կհավաքեմ, կիջնեմ հյուրանոցի ելքի մոտ ու կսպասեմ մյուսներին. էս ինձ ծանոթ հանրակացարաններից չէր, որ բոլորս իրար կողք լինեինք, ու միմյանց որևէ բան տեղեկացնելու համար բավարար լիներ դուռը ծեծելը: Քսանհինգս էլ ցրված ենք հյուրանոցի բոլոր վեց հարկերի տարբեր մասերում:

Լողազգեստս հագնելիս կարերը քանդվեցին: Ի՞նչ անեմ, ուրեմն էլի եմ չաղացել: Նկատել էի, որ համարումս թել ու ասեղ կա: Կարեցի: Էն էլ թարսի պես չէի նկատել, պլեչիկն էլ վրան էի կարել: Մենակ ես նման էշություն կանեի: Քանդեցի, նորից կարեցի: Մի խոսքով, մինչև իջա, արդեն մի կես ժամ, եթե ոչ ավելի շատ, անցել էր: Ներքևում մարդ չկար: Մի քիչ սպասեցի: Ոչ ոք չհայտնվեց: Հեռախոսի համար էլ չունեի, որ գոնե սմսեի:
«Դե լավ, թքած ձեր վրա»,- մտածեցի ու որոշեցի ինքս գնալ ծովափ: Մերոնց կգտնեմ, ավելի լավ, չէ, մենակս կլողամ:

Էհ, Բյուր, էս հոգեբույժները քեզ համար Մարուշան չեն, որ ուրբաթ գիշերը սենյակ վերադառնա ու ականջիդ շշնջա. «Առավոտը շուտ կարթնանաս, որ ծովափ գնանք»: Ոչ էլ Սևիլյայի հանրակացարանն է, որ դուռդ ծեծեն, ասեն՝ գնում ենք քաղաք, գալի՞ս ես:

Նստեցի տրամվայ ու գնացի դեպի ծով: Երևի շատ գնացի, որովհետև զգացի, որ արդեն բարձրանում է տրամվայը, իսկ ծովափը հաստատ չէր կարող վերևում լինել: Իջա, ուզեցի տոմս գնել, որ մյուս կողմի տրամվայը նստեմ: Հատիկ-հատիկ կոպեկներս հաշվեցի: 90 ցենտ, իսկ ինձ 1 եվրո էր պետք: Հըմ, պետք էր թղթադրամը մանրել, ուրիշ տարբերակ չկար:

Մի քիչ քայլեցի, խանութ գտա: Մի շիշ անշաքար լիմոնահյութ գնեցի: Սևամորթ վաճառողը սկսեց խոսացնել.
– Մադմուազել, միայն սա՞:
– Ահա:
– Բա ուտելի՞ք:
– Սոված չեմ:
–  Ո՞նց սոված չեք:
– Հա, օրվա ընթացքում կերել եմ:
– Բա չե՞ք աշխատել:
Ու բացատրեցի, թե ինչ գործ ունեմ Նիցցայում, ասացի, որ կորել եմ էդ կողմերում, բայց ճանապարհը գիտեմ: Ուղղակի թափառում եմ: Եվ այլն, և այլն:

Դուրս եկա: Ժպտում էի: Վերջապես մեկի հետ հավեսով ֆրանսերեն խոսեցի: Թող կորչեն էդ թիթիզ հոգեբույժները, որ մի նախադասությունից հետո միանգամից անցնում են անգլերենի: Ինձ էս նեգրերի հետ ավելի կայֆ ա:

Խմում եմ լիմոնահյութս: Թթու: Ուխ, սա ծովին կսազի: Մնում է հասնել: Իսկ ես այդ տրամաբանությամբ իջնում եմ ու իջնում: Էս ինձ համար Պրագան չէ, որ ինտուիտիվ իմանամ՝ ուր գնամ, որ միայն վերացական հասցեով գտնեմ իմ ուզած ցանկացած վայր: Նիցցան ինձ լրիվ անծանոթ է, ու այդքան հեշտ հասանելի և շփոթմունքի ոչ ենթակա ծովը կորցրել եմ: Ամաչում էլ եմ հարցնել. «Կներեք, ծովը որտե՞ղ է»: Էն պատմությունների նման էր, որ Օպերայի մոտ հարցնում էին՝ Օպերան որտեղ է, մեզ թվում էր՝ ձեռ են առնում:

Երբ նկատեցի, որ փողոցներն այլևս չեն իջնում, փորձեցի շնչել. որտեղից ծովի հոտ առնեմ, էդ ուղությամբ էլ կգնամ: Վերջը գտա: Շորերս հանեցի, լցրեցի պայուսակս, կոշիկներս ձեռքս բռնեցի ու սկսեցի քայլել ափով: Քարքարոտ էր: Պրագայում ոտքերս անընդհատ խոշտանգելուց հետո ծանր փորձություն էր քարերի վրայով բոբիկ քայլելը:

Մերոնց էի որոնում, որ գոնե մի հինգ րոպեով պայուսակս թողնեմ մոտները, մտնեմ ծովը: Չկային: Նստում եմ ափին: Ալիքները խփում են ինձ: Ծովի խշշոց, քարերի ձայն ու փրփուր: Հակաարևային կրեմի կարիք չունեմ. արդեն երեկո է: Իզուր էլ էդ անտերը հետս բերեցի: Գլխարկս էլ բանի պետք չեկավ:

Իմ հետևում մի տղա է նստած: Էլի մենակ: Կիթառ է նվագում, որի ձայնը կորում է, երբ ալիքները խշշոցով մոտենում են:

Սպասում եմ մութն ընկնելուն: Սիրուն մայրամուտ տեսնելու հույս դեռ ունեմ: Մոնակո ու Շագալի թանգարան չեմ հասցնի գնալ, բայց հո մայրամուտը կարող եմ վայելել: Հիասթափություն: Ախր ո՞նց կարող է սիրուն լինել, երբ ծովը հարավ-արևելքում է, հետևաբար արևը մայր է մտնում գրեթե հակառակ կողմում: Ո՞նց եմ հավատում գեղեցիկ մայրամուտներին, եթե դրանք ամենալավը Հայաստանում են, ու երբևէ չէի նկատի, եթե Քերինն անցյալ տարի անընդհատ կամերան չպահեր երկնքին:

Հագնվեցի: Սկսեցի քայլել դեպի հյուրանոց: Ինչքան էլ Նիցցան ինձ Սևիլյան հիշեցնի, ինչքան էլ իմանամ երկրի լեզուն, ես էստեղ ինձ միայնակ եմ զգում ու տուն եմ ուզում:

9. Նիցցա

Վերջին օրս Պրահայում վազվզոցներով ու գնումներով անցավ. Նիցցայում քիչ ժամանակ էի ունենալու, չէի հասցնելու այդ հարցերով զբաղվել: Այդպիսով աննկատ անցավ իմ Շենգեն վիզայի 8-րդ օրը, իսկ 9-րդ օրը գնացի օդանավակայան ոչ թե Երևան վերադառնալու համար, ինչպես սովորաբար լինում է ճամփորդելիս, այլ շարունակելու դեպի Նիցցա՝ երիտասարդ հոգեբույժների ամառային դպրոցին մասնակցելու:

Թռիչքս Ցյուրիխով էր: Բախտս բերել էր. ընդամենը մի ժամ պիտի սպասեի: Եվրոպայի շատ օդանավակայաններում եմ եղել, բայց ոչ մեկում էդքան օտար, մեկուսացած, անծանոթ չեմ զգացել, ոնց որ Ցյուրիխում: Չնայած կարճ սպասելաժամանակին, դա մի ամբողջ հավերժություն թվաց: Երևի նաև նրա համար, որ նստելու տեղ էլ չկար:  Իսկ երբ Նիցցայում դուրս եկա ինքնաթիռից, միանգամից շունչս սկսեց կտրվել. տոթ էր: Դրան դիմանալով դեռ պիտի հյուրանոց հասնեի: Սպասում եմ իրերիս: Կողքս կանգնած է բիզնես կլասով ճամփորդող նոր ռուսների ընտանիք: Մինչ ամեն մեկն իր ճամպրուկը վերցնում, գնում է, այս ընտանիքի մայրը կռիվ է անում օդանավակայանի աշխատողի հետ, թե՝ ճամպրուկս գալիս ա, ինչու՞ չես իջացնում, կարո՞ղ ա գիտես ես պիտի իջացնեմ: էդ ընթացքում նրանց երեխան հաշվում է ճամպրուկները. մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը… մնաց մի հատ: 

Փորձելով ֆրանսերեն խոսել՝ գնում եմ ավտոբուսի տոմսը: Հաճելի է լինել մի երկրում, որի լեզուն գիտես: Ավտոբուսում: Մարդիկ լուռ ճամփորդում են: Չաչանակում են երկու ռուս աղջիկներ, որոնցից մեկը նոր էր ժամանել Նիցցա, իսկ մյուսը դիմավորում էր: Խոսում են ռուսերեն, չգիտեն, որ հասկանում եմ: Քննարկում են ռեստորանները, խանութները, որտեղից կարելի է գնումներ անել, տղաներին: 

Սատկած հասնում եմ հյուրանոց: Հազիվ հասցնում եմ ինձ կարգի բերել, իջնել դահլիճ, երբ նկատում եմ, որ «բարի գալուստը» վերջանում է: Արագ մոտենում եմ Ժաննային, որն ինձնից րոպեներ առաջ ժամանակ ուկրաինացուն ինչ-որ բան էր ռուսերեն բացատրում: Գրանցվելուց հետո դուրս եմ գալիս: Միջանցքում տեսնում եմ սերբ Սլավիցային, որի հետ Պրահայում եմ ծանոթացել: Հետո՝ Մայան, որը Պրահայի Ստարոմեստկա հրապարակում ինձ ասել էր՝ see you soon առանց իմանալու, որ մի քանի օր անց իսկապես հանդիպելու էինք: Նաև՝ լեհ Ագնյեժկան, որին նույնպես Պրահայից գիտեի: Իսկ ֆոյեում վերելակի դռները բացվում են, դուրս են գալիս Նիկիտան ու էլի մի քանիսը.
– Գնացի՞նք զբոսնելու:
Ճամփին շփվում եմ էրեխեքի հետ: Պարզվում է՝ բելառուս Նինան Օլգայի մոտիկ ընկերուհին է: Աշխարհ-աշխարհ, էս ի˜նչ փոքր ես դու: Հետո խմբով խմում ենք Նիցցայի կենտրոնում: Իտալացիներին ստիպում ենք, որ մի քիչ շատ իրար հետ իտալարեն խոսեն, որ մենք լսենք: Ու էդպես խաղաղ ավարտվում է մեր առաջին երեկոն Նիցցայում, որի ընթացքում փնտրում էի մայրամուտը: Ասել էին՝ շատ սիրուն է: Չէ, Հայաստանի մայրամուտներին չի հասնի:

Բժշկականում անվճար տեղերի կրճատում

Տարվա սկզբին հայկական թերթերի լրագրողներն ականջները սրած հետևում էին ԵՊԲՀ նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի յուրաքանչյուր քայլին, արտահայտությանը, չեղած տեղից կեղտոտ հոդվածներ էին գրում ու անիմաստ մրոտում մի մարդու, որը ջանք չէր խնայել Երևանի պետական բժշկական համալսարանը նորմալ կրթական հաստատություն դարձնելու համար (մանրամասն՝ այստեղ ): Դեռ այն ժամանակ ինտերնետային բանավեճերի ժամանակ, երբ ԵՊԲՀ ուսանողները Քյալյանի դեմ լարված զանգվածին փորձում էին բացատրել, որ թերթերի հոդվածները հեռու են իրականությունից, մի ուսանողուհի մոտավորապես էսպիսի բան գրեց. «Քյալյանից էնքանով եմ գոհ, որ ես անվճար եմ»:

Կարճ ժամանակ անց, չնայած բազմաթիվ ուսանողների դժգոհություններին, Քյալյանն այլևս ռեկտոր չէր: Իսկ երբ կիսամյակն ավարտվեց, ու մոտեցանք նույն ուսումնական տարուն, երրորդ կուրսից չորրորդ փոխադրված նույն ուսանողուհին և էլի շատերն անվճարից հայտնվեցին վճարովի համակարգում ոչ թե վատ սովորելու պատճառով (մեծ մասն աչքի է ընկնում առաջադիմությամբ), ինչպես լինում է ռոտացիայի ժամանակ, այլ որովհետև ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսից 30 անվճար տեղ կրճատվել, տրվել է ռազմաբժշկական ֆակուլտետին, չնայած պայմանագրի կետին, որ անվճար տեղերը սահմանվում են նախապես և չեն փոփոխվում ուսումնառության ողջ ընթացքում:

Տարիներ առաջ, երբ ռազմաբժշկական ֆակուլտետը փակվեց, նրանց հատկացվող 30 տեղերը միացվեցին ընդհանուր բժշկության ֆակուլտետին՝ այդպիսով ավելի շատ ուսանողների հնարավորություն տալով անվճար սովորել, սակայն պայմանագրի մեջ կետ չկար, թե՝ գիտես, բալիկ ջան, դու արխային սովորի, բայց երրորդ կուրսում ավելի շատ պիտի քրտնես, որովհետև 30 տեղ կրճատելու ենք, վճարովի ընկնես: 

Կրճատման արդյունքում հնարավորություն են տալիս անկախ առաջադիմությունից 30 արական սեռի (սեռական խտրականությունն էլ մի կողմից) ուսանողների դիմում գրել, տեղափոխվել ռազմաբժշկական ֆակուլտետ: Փորձեցինք պարզել, թե իրականում քանի հոգի է դիմում գրել: Ոչ ոք այդ հարցին հստակ պատասխան չտվեց, ու չնայած կոնկրետ թիվը հայտնի չէ, բայց գոնե գաղտնիք չէ, որ այդ 30 տեղերը չեն լրացել, այսինքն՝ ինչ-որ քանակով անվճար տեղեր մնացել են օդի մեջ, ու պարզ չէ, թե դրանց հետ ինչ է լինելու: Գուցե ավելի խելամիտ կլիներ ռազմաբժշկական ֆակուլտետ տեղափոխվելու հնարավորություն տալ միայն առաջադիմությամբ առաջին 128 տեղերը զբաղեցրած ուսանողներին: Այլապես ստացվում է այնպես, որ կարելի է ամենավերջին լիկվիդչիկը լինել, բայց ռազմաբժշկական ֆակուլտետում անվճար սովորելու հնարավորություն ստանալ, մինչդեռ շատ ավելի բարձր առաջադիմություն ունեցողները լավ գնահատականներ ստանալու համար այդքան տանջվելուց հետո հայտնվում են վճարովի համակարգում: 

Ուսանողները չեն պատրաստվում այսքան հեշտ մարսել իրենցից խլած անվճար տեղերը: Վերջիվերջո, 800 000 դրամի հետ գործ ունեն, որը ոչ բոլորն են ի վիճակի վճարել: Մինչ նրանք փորձում են ինքնուրույն պայքարել իրենց իրավունքների համար, պարզել, թե ինչ է լինելու ռազմաբժշկականի թափուր տեղերի հետ և ընդհանրապես քանիսն են դրանք, լրագրողները լռում են ու հետաքրքրվածության նշաններ ցույց չեն տալիս: Մնում է ենթադրել, որ ներկայիս ռեկտոր Դումանյանի դեմ գրելու հրահանգ չկա, ու ինչքան էլ իսկապես բացասական երևույթներ առաջանան ԵՊԲՀ-ում, մամուլը թքած է ունենալու:

7. Կամպա կղզին ու մնացածը

Պիտի Կամպա կղզի գնամ: Ուզում եմ Ջոն Լենոնի պատը տեսնել: Մեկուկես տարի ապրել էի Պրահայում, բայց չգիտեի, որ նման բան կա: Մամաս ասում էր, որ մենք հաստատ էնտեղ եղել ենք մեր վերջին այցելության ժամանակ: Չեմ հիշում: Լուսանկարներ չկան: Էն ժամանակ էլ հիմիկվա թվային ապարատները չէին, որ ամեն մի բլոճ կարողանայիր ֆիքսեիր. նկարելուց առաջ երկար էիր մտածում՝ էս կադրը քեզ պե՞տք ա, թե՞ չէ, նոր չխկացնում: Ու էդպես Կամպա կղզում նկարներ չունեցա: Դրա համար հիշողություններս աղոտ էին, իսկ ինչ վերաբերում է Ջոն Լենոնին, մինչև հիմա էլ համոզված եմ, որ առաջին անգամ էի գնում այն որոնելու:

Կամպա կղզին բաց թողնելու բան չէր: Ամենասիրուն, ամենատարբեր, ամենահետաքրքիր Պրահան էր: Ֆեյսբուքում ոչ մեկի չեխական ֆոտոալբոմում չես գտնի այնտեղի լուսանկարներից: Տուրիստները սովորաբար տարվում են Կառլի կամրջի արձաններից մեկի ոսկեզօծ հատվածով, որի վրա ձեռքը դնելով երազանք են պահում ու նկարվում: 

Մեկ էլ աստրոնոմիական ժամացույցով, որի մոտ տնկվում են մինչև կլոր ժամ դառնալը, սպասում տասներկու առաքյալների դուրս գալուն: Ու հատկապես խելագարվում են Պրաժսկի հրադի մոտ պահակ կանգնած անշարժ զինվորների համար, որոնք ժամը մեկ փոխվում են, իսկ մինչ այդ նույնիսկ աչք չեն թարթում: 

Խեղճերը ստիպված են հանդուրժել անթիվ-անհամար տուրիստներին, որոնք շարվում են կողքներն ու նկարվում: Իսկ ինձ նման խելառ մի քանիսն ապարդյուն փորձում են ստիպել, որ շարժվեն:

Կղզին գտնելը դժվար չէր: Ինձ բացատրել էին. Կառլի կամրջի կողքից իջնում ես ներքև: Էնտեղ այգի կար: Ժամանակ առ ժամանակ նստում էի, որ հոգնած ոտքերս ուշքի գան: Մեկ-մեկ էլ խոտերի մեջ էի փռվում:

Լիքը հետաքրքիր արձաններ կային, որոնց գրությունները միայն չեխերեն էին, ու չէի հասկանում՝ ինչի մասին էին: Թանգարան կար, որտեղ Կանդինսկու գործերն էին ցուցադրվում, բայց չմտա (փա՞կ էր):

Իսկ Ջոն Լենոնի պատը չէի գտնում: Քարտեզս էլ, որի վրա նշված էր պատի տեղը, պայուսակիս ինչ-որ անկյունում անհետացել էր: Մի խոսքով, էլի հույսս հոտոտելն էր:

Փոքր կամրջակներ կային, որոնք կղզու երկու հատվածները (թե՞ կղզին ու ցամաքն իրար էին միացնում): Անընդհատ դրանց վրայով անցնում էի, մեկ մի կողմ գնում, մեկ մյուս, բայց Ջոն Լենոնը չէր երևում:

Հետո գտա մի կամրջակ, որի վրայով չէի անցել ու որի վրա լիիիիքը կողպեքներ կային: Ուզեցի պայուսակիցս իմերից մեկն էլ հանել, կպցնել, էն էլ տեղ չէր մնացել:

Հաջորդ վայրկյանին կողպեքների հետևից նկատեցի անիվը, որը որպես կողմնորոշիչ պիտի ծառայեր Լենոնի պատը գտնելու համար: Մոտերքում եմ,- մտածեցի: Ու վայրկյաններ անց կանգնեցի պատի դիմաց: Ափսո˜ս մոտս հարմարանքներ չկային, որ մի բան էլ ես խզբզեի պատին: Ստիպված բավարարվեցի ֆոտոներ անելով:

 Մինչև Գայանեի գալը դեռ ժամանակ ունեի: Դրա համար նախ գնացի նկարելու «կիսատ-պռատ» մարդկանց արձանները, իսկ հետո սկսեցի զբոսնել Մալա ստրանայով՝ փնտրելով նորանոր ճանապարհներ ու Պրահային վերևից նայելով:

 

Ներքևում արդեն Գայանեին հանդիպեցի, ու օրվա մնացած մասը միասին էինք: Գնացինք երկու օր առաջ Քերինենց հետ տեսած պատը հայտնաբերելու, պարզելու, թե այն ինչ է: Արհեստական ժայռ էր:

Բվեր տեսանք: Իսկ էդ ամեն ինչը սենատի տան տարածքում էր: Ընթացքում՝ հիշում ենք մեր ուսանողական տարիները, մի քիչ բամբասում, քննարկում տարբեր հին ու նոր երևույթներ: Վերջում՝ սուրճ տրամվայ սրճարանում, ու ավարտվում է ճամփորդությունս դեպի Պրահա: Հաջորդ օրս մնում է միայն գնումների վրա:

Անձի խանգարումներ

Էս անգամ քննություն պարապելիս ինձ մի քյար մնաց՝ անձի խանգարումները: Ինձ թվում է՝ հոգեբուժության ամենաբարդ ու անհասկանալի մասն է. դրանք գոյություն ունե՞ն, թե՞ ոչ: Իսկապե՞ս փոփոխման ենթակա չեն: Կարծեմ մի հետազոտություն էին արել, մի խումբ մարդկանց մոտ անձի խանգարումներ էին ախտորոշել: Մի քանի տարի հետո նորից նույն թեստերն արել էին, էս անգամ ուրիշ խանգարումներ էին ախտորոշվել:

Հա բայց մեկ ա սիրուն են էս անձի խանգարումները: Ու անընդհատ իրանց փնտրում ես քո շրջապատում: Մեկը մեկից սիրուն. նարցիստիկն ինքնասիրահարված, բարձր ֆունկցիոնալությամբ, հաջողակ, բայց Աստված չանի մեկը ոտքը տրորի: Կարող ա ինքնասպան լինի:

Պարանոիդը բոլոր հայերի ախտորոշումն ա: Ոնց որ ասում ա իմ լավ ընկեր Արտոն, պետք ա պասպորտի մեջ դրա մասին գրել: Մի երկու բնութագրական գիծ. կասկածամիտ, «լուն ուղտ դարձնող», նախանձ, սեփական կարողությունները գերագնահատող, հիշաչար: Նրանք հաճախ կրոնական լիդերներ են լինում ու մեկուսացնում են իրենց կարծիքը չկիսողներին (ստեղ էլ մի առաջնորդի հիշեցի):

Բա շիզոի˜դը: Անտարբեր մտերիմ հարաբերությունների նկատմամբ, տարօրինակ հետաքրքրություններով: Դասի ժամանակ ուսանողներիցս մեկը մեր ընդհանուր ծանոթներից մեկին հիշեց: Եսիմ, էնքան էլ համաձայն չեմ, բայց մանկուց ամենաշատն էս մի խանգարումն եմ սիրել:

Սահմանայինն էլ ամենատխուրն ա. միջանձնային հարաբերությունների և տրամադրության անկայունություն, դատարկության, ձանձրույթի զգացում, ինքնասպանություն, ինքնավնասում: Եթե սենց մարդու ճանաչում եմ, ապա ինքը միակն ա, ուրիշ տենցը չկա:

Մեկ էլ հիստրիոնիկն ա հավես. չափազանցված հուզականություն, ուշադրության փնտրում, թատերականացված վարք: Դերասանների մոտ շատ ա հանդիպում:

Կարևորը՝ էսքան գրելուց հետո էս սիրուն բառերը կարողանամ քննության ժամանակ ասել, թե չէ աջ ու ձախ դիագնոզ դնելը հեշտ ա:

Հ.Գ. Պատմական ակնարկը միշտ սկզբում են անում, բայց ես վերջում կգրեմ: Ֆրանսիական դպրոցում առաջինը Պինելն ա նկատել անձի խանգարումները՝ դրանք անվանելով manie sans délire: Սիրուն ա հնչում, չէ՞:

ԿՄ-ի յանը տարե՞լ ա

Էս ի՞նչ էղավ էս ԿՄ-ին: Գժվացրեց-թողեց: Ուրեմն էրեկ տեքստիս մի մասը քաթի տակ եմ դնում, մեկ էլ տեսնեմ՝ սկզբի մասը, որը պիտի քաթից դուրս լիներ, վերջում ա հայտնվել: Բերում նորից դնում եմ սկիզբ, հայտնվում ա քաթի տակ, ու որևէ բան անել հնարավոր չի. տենց էլ մնում ա:
Նկարները դնում եմ, փորձում եմ փոքրացնել, ոչ մի ձև չի լինում:
Իսկ ամենաբոցն էն էր, որ տեքստիս մեջ երկու տարբեր յուզերների անուններ էի օգտագործել: Առավոտը բացեմ, տեսնեմ՝ էդ էրկուսի տեղերը փոխել ա: Շփոթողը հաստատ ես չեմ. տեքստն ուրիշ տեղ քոփի-փեսթ էի արել, էնտեղ նորմալ ա: 
Մմմմ, ի՞նչ անենք էս ԿՄ-ին:

6. Անձրևի միջով դեպի հայերը

Էս Ֆեյսբուքը Հայաստանու՞մ փակեցին, թե՞ ոնց

Մի ժամ ա Ֆեյսբուք չկա: Հայլայնը սենց սելեկտիվ կայֆեր նախկինում չի արել: Եթե չեն աշխատել, ուրեմն մի խումբ կայքեր չեն աշխատել: Հիմա ոնց նայում եմ, մենակ ֆբ-ն չկա: Էս ի՞նչ հաշիվ ա: Ֆբ-ն սաղ աշխարհո՞վ ա մեռել, թե՞ մենակ Հայաստանում, թե՞ մենակ Հայլայնի համար: Սիրտս էլ խառնում ա արդեն, որ 100 զանգեմ: 

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me