Protected: Այցելություն հայ համայնք

This content is password protected. To view it please enter your password below:

Սանայի սերը

Երբ թվում էր, որ աշխարհի բոլոր թեմաներն արդեն սպառել ենք, չգիտեմ ում գլխում միտք ծնվեց կիսվել սիրային պատմություններով: Տղաները միանգամից կարճ կապեցին, իսկ աղջիկները, որոնցից շատերը, ի դեպ, ընկեր ունեն, սկսեցին ռոմանտիկ մանրամասների մեջ խորանալ:

Բոլոր պատմություններն ինչ-որ ընդհանրություններ ու տարբերություններ ունեին, բայց բոլորիս զարմացրել էր պակիստանցի Սանայի սերը:

Պարզվում է` ընկերոջ հետ (որին ընկեր անվանել չէր սիրում) ծանոթացել է ինտերնետով: Վիրտուալ շփվել են երկար: Հետո մի անգամ տղան ամուսնության առաջարկ է արել: Սանան խառնվել է իրար, հազիվ է կարողացել մարսել նրա ասածները: Հետո արդեն ըստ մահմեդական ծիսակարգի ամեն ինչ արել են: Մնում էր Սանայի համաձայնությունը (ասում է` սովորաբար հակառակ հերթականությամբ է լինում): Սանան էլ որոշում է. չեմ պատասխանելու, մինչև իրական կյանքում չտեսնեմ:

– Ինչ հետաքրքիր է,- նկատում է Սանան,- սիրային պատմությունները պատմելիս բոլորը կարմրում են:
– Դու էլ,- ասում եմ, երբ հատուկ ինձ համար երրորդ անգամ պատմում է նույն պատմությունը ու եզրափակում նրանով, որ փետրվարին հավանաբար կամուսնանա, որովհետև գրեթե վստահ է, որ դրական պատասխան է տալու:

Երկու շաբաթ շարունակ Սանայի սերը քննարկման առարկա էր դարձել: Եվրոպացիները ոչ մի կերպ չէին հասկանում:
– Մեկի հետ ամուսնանալու համար պիտի տեսնես, շփվես, համբուրվես, սեքս անես: Էսպես ո՞նց է հնարավոր:
Ես հասկանում էի, բայց նույնը չէի անի.
– Լիովին հավանական եմ համարում օնլայն սերը, բայց ես էդ տիպից չեմ: 

Սանայի փեսացուն պիտի սեպտեմբերի վերջին գալ: Բոլորս անհամբերությամբ սպասում էինք: Էդ ընթացքում Սանան դես գնաց, դեն գնաց, որ տղայի համար առանձին սենյակ ճարի, բայց էդպես էլ ոչինչ չգտավ: Նրանք էլ կրոնական շեֆերից դաբրոն ստացան. տղան պիտի Սանայի սենյակում քներ:

Եկավ էդ բաղձալի օրը: Բոլորս նույնքան անհամբեր էինք, որքան Սանան: Վերջինս առավոտից սենյակն էր կարգի բերում, էփում-թափում, իսկ մենք ուղղակի վայելում էինք քննությունից հետոյի ազատությունը:

Երեկոյան տուն ենք մտնում:
"Where is he?" Շշուկով հարցնում ենք իրար: Ով ցերեկը տանն էր եղել ու տեսել էր, ասում էին` բախտավոր է: 

Սանան անհետանում է: Այն նույն Սանան, որը միշտ իրադարձությունների կենտրոնում է, որը եթե ներկա է լինում, ապա հնարավոր չէ` լռություն տիրի, որը շատախոս է ու անկաշկանդ: Նրան տեսնում ենք շատ հազվադեպ, բարի լույս ասում: Լուռ է:

Էսօր երեկոյան դարդոտ նստած էինք խոհանոցում. մեր խմբի կեսից շատն արդեն գնացել է: Մեկ էլ Սանան ու նրա փեսացուն հայտնվեցին: Սոված էին, պիտի ուտելու բան սարքեին: Ու մինչ տղան սոխը կտրտում էր, Միրենը Սանային շշուկով հարցրեց.
– Երջանի՞կ ես:
– Հա,- պատասխանեց,- շատ:

«Մի տարի ֆրանսիացիների մոտ» (Ֆուադ Լարուի)

Երևի էս գրքից լրիվ ուրիշ տպավորություններ ստանայի, եթե հեղինակի եղբորն անձամբ չճանաչեի: Եթե հեղինակի եղբորը չճանաչեի, դժվար երբևէ էս գիրքը կարդայի:

Քանի որ կրճատ անգլերեն տարբերակը լսել էի, մեջս ցեց էր մտել, որ պիտի ամբողջությամբ կարդամ: Բա որտեղի՞ց ճարեմ. հեղինակը ֆրանսագիր արաբ, որն ապրում է Հոլանդիայում, ես ստեղ` Գերմանիայում: Միակ տարբերակը պատվիրելն էր թվում, բայց չէ… Գնացի չորս հարկանի գրախանութ, որտեղ ֆրանսերեն բաժինը հսկա հարկերից մեկի պուճուրիկ մի անկյուն էր, էնտեղ էլ գտա: 

Գիրքը պատմություն է մարոկացի փոքրիկ Մեհդիի մասին, որը գնում է ֆրանսիական լիցեյում սովորելու, որովհետև կրթաթոշակ է ստացել: Ու էստեղ նոր մշակույթի հետ կապված լիքը դժվարությունների է հանդիպում, հաճախ ծաղրի առարկա է դառնում: Մեհդիի միամիտ ու տեղ-տեղ ծիծաղելի մտքերը պատմությունն ավելի աշխույժ են դարձնում:

Ու էդ հեշտ կարդացվող տեքստում տեսնում ես մենակ մնացած մի երեխայի, որը հաճախ վիրավորվում է, բայց սկզբում ամեն ինչ կուլ է տալիս, հետո արդեն սկսում է արտահայտվել:

Գիրքն ինքնակենսագրական է: Ինտերնետում տարբեր կարծիքներ կարդալիս զարմանալի մտքերի հանդիպեցի: Մեկը մեղադրում էր ինքնակենսագրական լինելու համար, բայց կոնկրետ ինձ համար դա ամենակարևոր հատկանիշներից է:  Մյուսն էլ ասում էր` շատ լավ, ծիծաղելի գիրք է:

Նորից եմ ինձ էդ հարցը տալիս. եթե հեղինակի եղբորը չճանաչեի, արդյոք ի՞նձ համար էլ ծիծաղելի կլիներ, թե, այնուամենայնիվ, կհասկանայի բուն խնդիրը, որին ինքս էլ կարող էի ամեն վայրկյան բախվել:

Կարդացեք, ժողովուրդ, իրոք լավ գործ ա: 

Նոր սերունդը

Հիշու՞մ եք այս գրառումս: Էն ժամանակ դեռ ամեն ինչ շատ մութ էր թվում: Ամեն քայլ անելուց, նամակ գրելուց առաջ հարց էր առաջանում` կստացվի՞ արդյոք:

Ու ստացվեց: Երեսուն անվճար տեղերը վերադարձվեցին ընդհանուր բժշկության ֆակուլտետին: Ապրեն էրեխեքը, որ էդքան հետևողական էին: Ապրեն, որ չէին առաջնորդվում «մեկ ա բան չի փոխվելու» սկզբունքով, որ չվախեցան, թե ավելի վատ կլինի, այլ հաստատակամ պայքարեցին իրենց իրավունքների համար: Հպարտանում եմ էս էրեխեքով: Որ ասում եմ, քանի գնում, Հայաստանի սերունդը լավանում ա, չեք հավատում: Այ, կտեսնեք, թե ինչ երկիր են կերտելու նրանք: Հավատում եմ, որ կարողանալու են, որովհետև Սովետի պեչատը վրաները չկա, ու անկախության քառասուն ամյակը մեր երեխաների հետ տոնելու ենք մեր երազած երկրում:

Կասեք` փոքր բան ա, բայց չէ. երկիրը փոխվել սկսում ա հենց սենց փոքր բաներից:

Ափսոս հիմա Հայաստանում չեմ, որ իմ ընկերուհի Ռոզիկին մի լավ գրկեմ. ինքը մտքին դրեց, որ չի հանձնվելու, համակուրսեցիների հետ պայքարեց, հասավ իր ուզածին:

Աշունը, Բեռլինն ու Պոտսդամը

Կրթական համակարգը. առաջին տպավորություններս

Պոտսդամի համալսարանում անցկացրածս մի ամիսը ու հանձնածս մի քննությունն արդեն թույլ են տալիս որոշակի տպավորություն կազմել այստեղի կրթական համակարգի մասին, որը, ի դեպ, նաև վատ կողմեր ունի:

Սկսենք ընդունելությունից: Մեր ծրագրում ոչ մի պատահական մարդ չկա, ինչքան էլ բոլորս տարբեր երկրներից լինենք: Երևում է` ընտրություն կատարելիս բավական լավ ուսումնասիրել են բոլոր փաստաթղթերն ու բնութագրերը: Չնայած դրան, մեր դասախոսներից մի քանիսը, որոնք նաև ընդունող հանձնաժողովում են եղել, ձևացնում են կամ իսկապես չեն հիշում, թե ով ինչացու է:

Դասախոսների հաղորդակցությունն ուսանողների հետ դուրս գալիս է. մեյլով միշտ կապի մեջ են, նյութեր են ուղարկում, տնային աշխատանքներն էլ մենք ենք ուղարկում: Հայաստանում ուսանողներ կան, որոնց հենց մեյլի անուն ես տալիս, քիչ է մնում` շունչները փչի:

Շատ կարևոր մի բան. ցանկացած դասախոս առարկան սկսելիս միշտ գրականության ցանկ է տալիս, որոնց վրա հիմնվելու է: Սովորաբար ընդամենը մեկ-երկու գիրք է, որոնց վրա իսկապես հենվում են, ոչ թե Հայաստանի նման, երբ դասախոսը կարող էր տասը գիրք ասել, բայց մատուցած նյութը դրանցից ոչ մեկից չլիներ: Նոր համակարգով էլ ընդամենը մի աղբյուր էին տալիս, բայց քննական նյութը կարող էր էլի դրանից չլինել: Այլ կերպ ասած, Հայաստանում դասախոսները չեն տիրապետում դասագրքի նյութին:

Դասի կարելի է գալ ուշացած, շուտ դուրս գալ, լսարանը լքել ցանկացած պահի` առանց հարցնելու. «Կարելի՞ է դուրս գալ»: Հակառակը` մտնել-դուրսգալիս դասն ընդհատելն անքաղաքավարություն է: 

Դասախոսն այստեղ սպասում է, որ պիտի իր հետ չհամաձայնես, հարցեր տաս, վեճի մեջ մտնես, ու եթե հանկարծ որևէ դասախոսության վերջում թեմայի վերաբերյալ հարցեր, կարծիքներ չեն լինում, դասախոսը համարում է, որ լավ չի աշխատել:

Իսկ ինչ վերաբերում է մատուցման ձևին, դա ուղղակի սարսափ էր: Ճիշտ է` ես դեռ ԵՊԲՀ-ում սովորելիս աչքի եմ ընկել ինձ չհետաքրքրող դասից շեղվելով ու ուզածս բանով զբաղվելով, բայց այստեղ նույնիսկ ջանք թափելով որոշ դասախոսների ուղղակի չէի կարողանում լսել, իսկ որոշների բացատրածն էլ չէի հասկանում: Չգիտեմ` գուցե առաջին ամիսն է, նյութը խիտ է, բայց ամեն դեպքում պիտի խոստովանեմ, որ 6000-ական ռեյտինգով իմ համալսարանում շատ դասախոսներ մատուցելու այնպիսի վարպետ էին, որ մինչև հիմա որոշ բաներ հենց իրենց խոսքերով եմ հիշում:

 Ներկա-բացակա չկա: Կարևորը` քննությունը հանձնես: Թե ոնց կսովորես, դա արդեն քո խնդիրն է: Ես նախընտրում էի դասախոսություններին ներկա գտնվել, բայց հիմա հասկանում եմ, որ որոշ առարկաներ ինքնուրույն ավելի լավ կսովորեի: Ավելին` քննութանը պատրաստվելիս, երբ գիրքը կարդացի-վերջացրի, նյութը հասկացած, հետո բացեցի դասախոսի սլայդները, նորից խճճվեցի ու խառնվեցի:

Կոնկրետ այս քննությունը գրավոր էր: Փոքր-փոքր հարցեր էին, որոնց պետք է մեկ-երկու բառով, մեկ-երկու նախադասությամբ պատասխանեիր: Դրանք բոլորը մեր անցած նյութից էին: Ամենապարզունակ բաները պիտի անգիր իմանայիր, բայց հետո անցնում էր վերլուծության. նյութն այնքան գիտե՞ս, որ կարող ես նաև մտածել, վերլուծել: Ինչքան էլ լավ անգիր անող լինես, եթե մտածել չգիտես, չես կարող բարձր ստանալ: Այ, հայկական կրթական համակարգն էս մասում շատ է կաղում:

Ասում են` Խրոնինգենում ավելի լավ է լինելու (ինչքան էլ չլինի, ռեյտինգն ավելի բարձր է): Տեսնենք: 

Թորի Ամոսի նոր ալբոմը

Կան կատարողներ, որոնցից երբեք չեմ հոգնում ու հետևում եմ` ուր են հասել, ինչ են երգում: Բայց որ խորանանք, երևի էդպես մենակ Ալանիս Մորիսեթն ու Թորի Ամոսն են: Մյուսներին ժամանակի ընթացքում կորցնում եմ:

Էն օրը երաժշտական խանութում տեսնում եմ Թորիի նոր ալբոմը: Ո՞նց, արդեն կա՞: Գիտեի, որ էս տարվա մեջ սպասվում ա: Ժամանակից հե՞տ եմ ընկել: Չէ, պարզվեց ընդամենը չորս օր առաջ էր թողարկվել: 

Հազիվ եմ ինձ զսպել, որ դիսկը չառնեմ: Նախ, ահագին թանկ էր: Երկրորդ, բերելու էի, որպես սուվենիր տանը դնեի. կոմպս դիսկի տեղ չունի (թե ե՞րբ են սկսելու ֆլեշկաներով ալբոմներ թողարկել):

Էկա տուն, սիրուն քաշեցի բոլոր երգերը (հա, ամոթ ինձ) ու սկսեցի լսել: 

Մեծացել է Թորին, իրեն ծանր է պահում: Էլ էն օյինբազ երգերը չկան, որ տարիներով գլուխ ես ջարդում, որ հասկանաս` ինչի մասին են: Ասենք, գուցե էս նոր ալբոմում էլ լիքը հանելուկներ կան, բայց երգերը փափուկ են, հանգիստ, ուզում ես մենակ լսել, տեքստը չի հետաքրքրում:

Ալբոմը լրիվ ակուստիկ է, ոչ մի էլեկտրական հնչյուն: Ոգեշնչվել է դասական կոմպոզիտորներից, վերամշակել, իր երգերը սարքել:

Մի երգ էլ կա, տասնմեկամյա աղջկա` Տաշի հետ է երգում: Արդեն զգացվում է, որ մեծանա, մամային անցնելու է: Հենց էդ մեկն էլ դնում եմ, լսեք:

Հ.Գ. Մեծ հույսեր եմ փայփայում, որ հոկտեմբերի 18-ին ներկա կգտնվեմ Թորիի համերգին:

Բեռլինը


Քաղաքի տարօրինակությունը սկսվում է տուրիստական ուղեցույցից, որտեղ ասվում է, որ Բեռլինը կենտրոն չունի, իսկ ավելի ճիշտ` դրանք ամենաքիչը երեքն են: Իսկապես, ով ինչի մասին խոսում է, անունը կենտրոն է դնում, բայց դա հսկայական տարածություն է` հարուստ պատմական շինություններով, նորակառույցներով, այգիներով ու լիքը ուրիշ հետաքրքիր բաներով:

Բեռլինի պատմությունը հազիվ է գլուխդ մտնում. ախր ո՞նց է երկու մասի բաժանված եղել, ու մարդիկ չեն կարողացել մի կեսից մյուսը գնալ: Անցնում ես պատի մնացորդի մոտով, որը հիմա ցուցահանդես է դարձել, իսկ մի ժամանակ հենց բաժանման գիծն էր: 
– Պատը երկու շերտով էր,- բացատրում է մեր գերմանուհի համակուրսեցին,- արանքում սահմանապահներն էին, հսկում էին, որ ոչ ոք սահմանը չանցնի:

Անզեն աչքն էլ նկատում է, որ Բեռլինը մի ժամանակ երկու կես է եղել. մի կողմում տգեղ, անգույն-անհոտ Սովետի մնացորդ շենքեր, մյուսում` տներ, որոնց ինչքան էլ նայում ես, չես կշտանում: Իսկ էդ այլանդակ շենքերին փրկում է գրաֆիտին. ամեն տեղ մի գունավոր բան փչացած է, ինչը մեղմացնում է շենքերի գեշությունը: Ուր էր տենց բախտ, թե Երևանում էլ գրաֆիտիով շենքերը սիրունացնեին: Հաստատ մի խումբ ախմախներ դրա դեմ ելույթ կունենային:

Եթե մենակ գեղեկցությամբ նայենք, Բեռլինը չի տարբերվում միջին վիճակագրական եվրոպական քաղաքներից, դեռ տեղ-տեղ նույնիսկ զիջում է: Բայց ի տարբերություն մնացած բոլոր քաղաքների, Բեռլինը մի հետաքրքիր հատկանիշ ունի. գիշերն ու ցերեկը էապես տարբեր են: Կարող ես նույն թաղամասով մութ ու լույս ժամանակ անցնել, բայց երբեք մտքովդ չանցնի, որ հենց նույն փողոցն է, նույն շենքը: Ու հենց գիշերն է, որ սիրում ես Բեռլինը: 

Տարիներ առաջ ասում էի` գիշերային մարդ չեմ ու կեսգիշերից հետո սկսվող զվարճանքներին չէի մասնակցում: Բեռլինում չգիտեմ ոնց փոխվեցի: Էստեղ գիշերը մի ակնթարթի պես է թռնում: 

Բեռլինը քսանչորս ժամ արթուն է: Եթե առավոտյան ժամը չորսին մետրո կամ գնացք նստես, լիքը ժողովուրդ կլինի: Մի մասը նոր է արթնացել, աշխատանքի է գնում, իսկ մյուսները քեֆչի ջահելներն են. գժական գիշերվանից հետո վերադառնում են:

Հասարակական տրանսպորտն ահավոր է: Չգիտեմ` գուցե խելացի են սարքել, ուղղակի քաղաքն է մեծ տարածքով մեկ սփռված, բայց մի կետից մյուսը հասնելու համար միջինը մի ժամ ժամանակ է պետք, դեռ մի բան էլ եթե ընդամենը մի անգամ ես փոխում, ուրեմն ահագին բախտավոր ես. սովորաբար առնվազն երկու տեղ ստիպված ես իջնել, գնացք-ավտոբուս փոխել:

Բեռլինում բնությունը շատ է. լիքը այգիներ, որտեղ ջահելները փռված գիրք են կարդում, կիթառ նվագում, զավզակում, ընտանիքները խորոված են անում, իսկ ծայրամասերում նույնիսկ անտառներ, լճեր: Տնից դուրս գալիս օդն էնքան մաքուր է, որ ուզում ես ամբողջությամբ թոքերդ քաշել:

Ու հենց ծայրամասերը խախանդ են, կենտրոնի գժանոցի հակապատկերը: Փողոցով քայլելիս հնարավոր է ծառերի վրայով վազվզող սկյուռներ տեսնել:

Բեռլինը քաղաք է ամեն տեսակի նախասիրություններ ունեցողների համար: Ուղղակի պետք է ճիշտ ընտրել բնակավայրը: Ես, որ մեծ քաղաքներից ալերգիա ունեմ, երջանիկ եմ, որ ապրում եմ անտառների մեջ կորած, լճից ոչ հեռու ու Բեռլինի հենց սահմանի վրա գտնվող մի թաղամասում:

Protected: Փոփոխություն (շուտով)

This content is password protected. To view it please enter your password below:

Աշխարհի կլորության մասին

Երեկ պիտի հայերի հետ հանդիպեի: Մինչ գնացքը շարժվում էր դեպի Ալեքսանդերպլաց, մտքերի մեջ էի ընկել: Հիշում էի ոչ հայ հին ընկերների, որոնցից ոչ մի լուր չկա, մտածում էի` կյանքում կտեսնե՞մ նրանց, թե ոչ: Երևի միակ տարբերակը որևէ քաղաքի որևէ փողոցում բոլորովին պատահաբար հանդիպելն էր: Բայց նույնիսկ այդ դեպքում` կճանաչե՞մ նրանց, թե՞ ոչ:

Հասա պայմանավորված վայրը: Շուրջս եմ նայում: Դեռ ինձ ծանոթ հայ աղջիկը չկա, իսկ մյուսներին չեմ ճանաչում: Մեկ էլ տեսնեմ` ոչ ավել-ոչ պակաս, էնտեղ կանգնած է իմ հայ ծանոթներից մեկը` Վահագնը: Գաղափար չունեի, որ Բեռլինում է: Մտածեցի` երևի ինքն էլ է հայերի հետ հանդիպելու եկել: Չէ, բացարձակապես կապ չուներ: Մի քանի հոգով, որոնցից մենակ ինքն էր հայ, ուզում էին ֆլեշմոբ անել: Ասում է` Ֆեյսբուքում գրա՞ծս ես տեսել: Ասում եմ` չէ: Գաղափար էլ չունեի, որ Բեռլինում է:

Վերջը, մի հատ զգացեք, թե աշխարհն ինչ փոքր է: 

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me