Անտանելի հոգնած վիճակ… գրքեր էլ չեմ ուզում տեսնել, բայց դեռ 25 օր կա: Ինչպե՞ս եմ դիմանալու: Մի բան հաստատ գիտեմ. տանը պարապել չի լինում, իսկ դրսում հնարավորությունները սահմանափակ են. կա՛մ ընթերցասրահ մինչև ժամը 9-ը, կա՛մ Կասկադ մինչև մութն ընկնելը (եթե, իհարկե, ծանոթ մարդիկ չեն հանդիպում ու ժամերով չեն խոսում, չնայած դու ամեն կերպ փորձում ես ցույց տալ, որ քեզ խանգարում են):
Հետաքրքիր է, որ բոլորն ինձ ահավոր կրծողի տեղ են դնում: Մեկ-մեկ մտածում եմ. « ՈՒ՞ր էր տենց բախտ»: Ախր եթե ես մեր կուրսի կրծողների նման լինեի, հիմա էսքան չէի տառապի: Բայց մյուս կողմից էլ… տխուր է այդ կյանքը: Մեր կրծողները դասերից դուրս համարյա ոչնչով չեն զբաղվում, իսկ ես վայելում եմ կյանքը: Ճիշտ է՝ վերջում մի քիչ տանջվում եմ, բայց գոնե գիտեմ, որ հետաքրքիր երիտասարդություն եմ ունենում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ես էլ, կրծողներն էլ նույն գնահատականն ենք ստանում: Էլ ի՞նչ կարիք կա ամեն օր 5 ժամ դաս սովորել, եթե կարող ես դրա փոխարեն 1-2 ժամ դասերին տրամադրել, կամ ընդհանրապես գիրք չբացել, իսկ վերջում հարցումներին պատրաստվել 6-7 ժամում:
Աչքերս էլ այսօր հոգնել են, բայց վաղը ֆարմակն անպայման պիտի հանձնեմ: Զզվում եմ դեղերի անուններից, որ պիտի անգիր անեմ:

Ես զարմացած եմ… քիչ առաջ զանգահարեց դասարանցիս և ասաց, որ… ամուսնացել է… Հենց այն դասընկերուհիս, որ ինձ հետ միասին կանգնում էր բոլոր առաջ ու ասում, որ երբեք չի ամուսնանալու… Մինչև հիմա չեմ հավատում, որ իմ հասակակիցները կարող են ամուսնանալ: Ախր այնքա՜ն հեռու է թվում այդ ամենն ինձանից:
Հետո նա ասաց. «Տարոսը քեզ»: Դա էլ էր զարմանալի… Ես ինքս ինձ ամուսնացած չեմ պատկերացնում… երբե՛ք…

Չգիտեմ ինչու, այսօր ե՛վ հոգնած եմ, ե՛վ ուրախ:
Բացակա լրացնելու ժամանակ տղաներից մեկը մյուսի հետ խոսելիս ասում էր, թե գերհոգնածության ժամանակ էյֆորիա է առաջանում: Այն, որ ես գերհոգնած եմ, նորություն չի: Ոչինչ, մի քիչ էլ դիմանամ. ընդամենը 33 օր է մնացել:
Անընդհատ քնել եմ ուզում: Որ հաշվեմ վերջին երկու օրերի ընթացքում քնին տրամադրված ժամերս, երևի 48-ից կանցնեն, խայտառակ կլինենք:
Հա՛, մեկ էլ անընդհատ գրել եմ ուզում: Դա սովորաբար լինում է, երբ իմ կյանքում ինչ-որ փոփոխություն է լինում: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Այո՛, փոփոխությունը կա, բայց ես վախենում եմ դրանից:

Ես շատ եմ վախենում… չեմ ուզում անցյալի սխալներս կրկնել… բայց ահավոր մոտ եմ դրան… պետք է զգուշանալ… մյուս կողմից էլ, եթե առաջ չգնամ, շատ բան կկորցնեմ… Տե՛ր, խնդրում եմ, ինձ զգոն պահիր

Գյումրին

Արթնացա զարթուցչի ձայնից: Պետք էր պատրաստվել ու Գյումրի մեկնել: Կիրակի… քնել էի ուզում: Չէ՞ որ շաբաթվա ընթացքում շատ եմ հոգնում, և միակ օրն է, որ կարող եմ ուզածիս չափ պառկել ու երազել: Էլ չեմ ասում, որ նախորդ 3 գիշերները կարգին չէի քնել: Եթե այսօր էլ շուտ արթնանայի, 3-ը 4 կդառնար: Էլ չեմ ասում, որ կոկորդս ցավում էր, մարմինս՝ ջարդվում. երեկ Մոնումենտում ցուրտ էր, երևի մրսել էի: Իսկ երկար ճանապարհորդությունը դեպի Գյումրի տհաճ էր թվում, պետք է ուշ վերադառնայի, կեսգիշերին սկսեի աշխատել, վաղն էլ հարցում ունեմ. պետք է պարապեի: Մի խոսքով, վաստակելու էի ևս մեկ անքուն գիշեր, որը բոլորովին ձեռնտու չէր սպասվելիք ծանր շաբաթվա սկզբին… Եվ ես որոշեցի քնել:
Բայց Իննայի զանգը չուշացավ. արդեն հասցրել էին Երևանից մեկնողները տեղեկացնել, որ ես չեմ եկել: Հարցնում էր, թե ինչ է պատահել: Ես հասցրեցի քնկոտ ու խռպոտ ձայնով ասել, որ հիվանդ եմ և չեմ կարող գալ, իսկ նա սկսեց համոզել, որ գոնե մի քանի ժամ անց մեկնեմ:
Երբ քնից կշտացած վերկացա, կոկորդիս ցավն անցել էր, բայց մարմինս դեռ ջարդվում էր, և ես անընդհատ փռշտում էի: Էլ չեմ խոսում գլխացավի մասին, որը քիչ անց հայտնվեց: Համենայնդեպս, որոշեցի ընկերուհուս չտխրեցնել և անպայման մեկնել նրա 20-ամյակի խնջույքին:
Ցերեկը ժամը 1-ի կողմերը ես արդեն Գյումրի մեկնող երթուղայինի մեջ էի: Վարորդը սպասում էր, որ բոլոր նստատեղերը զբաղեցվեն, որպեսզի շարժվենք: Կողքիս երկու տեղերն ազատ էին: Մեկը շուտով զբաղեցրեց մի բեղավոր, գեր կին, իսկ մյուսի համար պետք է մի քիչ էլ սպասեինք:
Մինչ այդ վարորդի կողքը տեղավորված մի կին բջջայինով խոսում էր.
– Լա՞վ հասաք… Խո եռեխեն սամալյոտի մեջ չլացե՞ց… Դե եռեխու հետ էլ հայերեն չխոսաս. առանց էդ էլ լյեզուն չգիտի…
Վերջապես բոլոր նստատեղերը զբաղեցվեցին, և երթուղայինը շարժվեց: Ես անմիջապես զանգահարեցի Իննային և տեղեկացրեցի, որ արդեն ճանապարհին եմ:
Կյանքիս մեջ առաջին անգամ էր, որ մենակ էի մեկնում այդպիսի հեռավոր ճանապարհորդության: Ի՞նչ պետք է անեի 2 ժամ շարունակ:
Կողքիս գեր կնոջ վրայից տհաճ հոտ էր գալիս: 2 ժամ պետք է դիմանայի դրան: Էլ չեմ ասում, որ թևով հպվել էր թևիս, և դա ինձ խանգարում էր: Բայց ուրիշ ելք չկար. տեղը նեղ էր, որովհետև այդ կինն իրոք շատ գեր էր: Համենայնդեպս, այդ ամենին վարժվելու համար ընդամենը մի քանի րոպեն բավական էր:
Ճանապարհի ընթացքում պատուհանից դուրս էի նայում: Անհետաքրքիր էր. Հայաստանի այդ մասի բնությունն անշուք էր, անհետաքրքիր: Բայց ինչ-որ վայրով անցնելիս տեսա շագանակագույն ու սպիտակ քարեր: Հետո նկատեցի, որ դրանց մի մասը շարժվում է: Փաստորեն, դրանք սպիտակ ու շագանակագույն անասուններ էին, որ արածում էին նույն գույներով ու դրանց նույն հարաբերությամբ քարերի շուրջ: Պարզապես հրաշք էր:
…Ժամանակ առ ժամանակ Իննան էր զանգահարում ու հարցնում, թե որտեղ ենք, իսկ կողքիս բեղավոր կինը պատասխանում էր. ես չգիտեի:
Ինչ-որ մեկը նորից զանգահարեց վարորդի կողքը նստած կնոջը, իսկ սա էլ թե.
– Կասյետը նայեցինք… Լացեցի…
Հետո հանկարծ երկնքին նայեցի: Ինձ թվաց, թե այն տափակ է, նման ստվարաթղթի: Հետո տպավորությունս փոխվեց. ասես կապույտ կտոր լիներ, որի վրա բամբակ էր դրված:
Կողքիս կինն անհանգստացավ, երբ տեսավ, որ ինձ այդքան շատ են զանգահարում.
– Քաղաքին ծանո՞թ չես:
– Չէ՛,- ասացի:
– Գիտե՞ս, թե որտեղ պետք է իջնես:
– Ինձ ասել են, որ մինչև վերջ գնամ:
– Մինչև ավտոկայա՞ն:
– Երևի
– Բայց մինչև այնտեղ հասնելը մի անգամ էլ է կանգնում: Դրան էլ են «վերջ» ասում…
Մտանք Գյումրի: Վերջին անգամ 3 տարի առաջ էի այնտեղ եղել, իսկ դրանից առաջ՝ ևս մեկ անգամ ու էլ չէի եղել: Բայց դժվար չէր ճանաչել այն ճանապարհը, որը Թբիլիսյան խճուղի էր տանում. այնտեղ մի մանկատուն կար, որտեղ պետք է 2 օր մնայինք 3 տարի առաջ… Եվ դրանք այն օրերն էին, երբ ընկերուհիս մահացավ…
Գյումրին կարծես մի քիչ կենդանացել, քաղաքի տեսք էր ստացել այդ 3 տարվա ընթացքում:
…Ա՛յ, այնտեղ ծաղկի կրպակ կար, բայց հիմա սոսկ փոս է, և շինարարություն է կատարվում: Ախր ինչպե՞ս էի հիշում այդ ամենը:
Հասանք կանգառին, որին «վերջ» են ասում: Զանգահարեցի Իննային, իսկ նա ասաց, որ ավտոկայան չհասնեմ. ինձ արդեն սպասում են Անին ու Կարենը: Երթուղայինի պատուհանից տեսա նրանց ու արագ իջա…
Ես ուրախ էի, որ եկա Գյումրի: Հասկացա, որ եթե մնայի Երևանում, Իննան շատ էր տխրելու. առանց այդ էլ հրավիրվածներից շատերը չէին եկել: Եվ շատ էր ուրախացել ընկերուհիս: Ճիշտ է՝ գլխացավս ուղեկցում էր, և ժամանակ առ ժամանակ հազում էի… էլ չեմ խոսում մարմնիս ջարդվածության մասին ու որ ձանձրանում էի այնտեղ, բայց ես չեմ զղջում, որ գնացել էի…
Ես չեմ սիրում, երբ իմ նկատմամբ հոգատար են լինում: Իննայի մայրը շատ ջերմ կին էր. հետևում էր, որ հանկարծ որևէ բանից չնեղվեմ: Ես ինչ-որ հարազատություն զգացի այդ միջավայրում:
Մի քիչ պարեցի պարեցի, մի քիչ կատակեցինք: Ախր ուրիշ է Գյումրվա հումորը, իսկ Իննան դրան լավ տիրապետում է:
Երեկոյան արդեն մենակ չէի վերադառնում: Երբ արդեն մեկնում էինք, ես առաջին անգամ հասկացա, որ սիրում եմ Գյումրին:

Տարօրինակ վիճակ…
Ես ոչինչ չեմ հասկանում: Տրամադրությանս կտրուկ փոփոխուտյունները մտահոգում են ինձ: Զզվում եմ մայիսից, զզվում եմ այս լարված օրերից, զզվում եմ իզուր վատնած ժամանակից… բայց նաև հանգիստ եմ ուզում: Զզվում եմ և հանգստի ու քնի կարիքից: Զզվում եմ հավերժ պակասող մեկ օրվանից:

2 գավաթ թունդ սուրճ
նարնջի հյութ
2 հատ շոկոլադ
Շերիլ Քրոուի երգերը
ֆարմակոլոգիայի դասագրքեր, տետրեր
Մի՞թե երբևէ եղել է այնպիսի դեպք իմ կյանքում, որ այսքան շատ ռուսերեն կարդամ ու… հասկանամ: Բայց ես այլընտրանք չունեմ: Անգլերեն գրականություն այս պահին ձեռքիս տակ չկա, իսկ հայերեն դասագիրքը շատ անհաջող է: Կհե՜ղճ Խարկևիչ… Հետաքրքիր է՝ իր գիրքը երբևէ այսքան տանջված ու քրքրված տեսել է ընդամենը 7-8 ամիս օգտագործելուց հետո…
Եվ ես պիտի արթուն մնամ մինչև լուսաբաց… արդեն համարյա վերջացրել եմ, բայց նյութը լավ չգիտեմ: Այս ժամին անհնար է լավ ընկալել, ինչքան էլ սուրճը թունդ լինի:

Բյուր, էս ի՞նչ օրն ես ընկել: Առաջին կուրսի առաջին կիսամյակից հետո վերջին անգամ ե՞րբ ես ստիպված եղել ամբողջ գիշեր պարապել: Եվ դու գիտես, որ գիշերն ինչ-որ բան սովորելը շատ անարդյունավետ է, որովհետև հետո կանգնելու ես դասախոսիդ դիմաց ու ջանալու ես պատասխանել այն հարցին, որի պատասխանը կարդացել ես գիշերը ժամը 3-ի կողմերը, նույնիսկ գիտես, թե ինչ պետք է ասես, բայց ոչ մի կերպ բառերը դուրս չեն գալիս բերանիցդ:
ՈՒ ամբողջ գիշեր պետք է ստամոքսս լցնեմ այս զզվելի ըմպելիքով: Ախր ես ինքս եմ մարդկանց խորհուրդ տալիս գիշերը քնել: Բայց հիմա ստիպված եմ արթուն մնալ: Իսկ ցավն այն է, որ վստահ եմ, որ ֆարմակոլոգիան այդպես էլ չեմ կարողանալու ուզածիս պես պատասխանել: Բայց ուրիշ ճար չկա:

Զզվել եմ արդեն երրորդ կուրսից: Ե՞րբ է սկսվելու արձակուրդը: Ես հոգնել եմ: Վախենամ՝ այս կիսամյակի ավարտից հետո էլ հիվանդանամ:

Անտանելի հոգնած եմ, բայց գոհ եմ ինձանից: Չնայած հարցումներս հինգշաբթի օրն են, ես արդեն ահագին պարապել եմ:
Անցյալ տարվա հենց այս ժամանակներն էին, երբ կենսաքիմիայով էի տառապում: Իսկ հիմա ախտաֆիզիոլոգիան ու դեղաբանությունն ինձ հանգիստ չեն տալիս:

Տեսնելով կապույտ կոշիկներս՝ ռազմականներից մի տղա ասաց. «Կոշիկներդ գրքիդ հետ լավ բռնացրել ես»: Այո՛, նա այն կապույտ Խարկևիչի մասին էր ասում, որը վերջերս շատերն են գրկած ման գալիս:

…Երբ տուն էի գալիս, սև կատուն առաջս կտրեց: Ո՜չ, չվախեցա. ես սնահավատ չեմ: Ինձ ավելի շատ վախեցրեց մի «սև» մարդու տեսնելը…

Թատրոնն իմ տեղը չէ: Ես սիրում եմ խաղալ, բայց մեր թատերախումբը… ես նրանցից չեմ: Ես դա զգացի 2 օր առաջ, երբ միասին տոնում էինք մեր հերթական ներկայացումը: Մինչ բոլորը դատարկ-դատարկ կենացներ էին ասում, ես խաղում էի սիամական կատվի հետ. երևի նա էլ էր ձանձրանում ինձ նման:
Ես կարծես ավելորդ լինեի այդ խմբում: Նրանք խոսում էին մեկը մյուսի մասին, կարծիքներ հայտնում, իսկ ես դուրս էի մնացել. ինձ ոչ ոք չէր հիշում: Բայց դա էական չէր: Ես գիտեի, որ ունեմ իմ աշխարհը, ունեմ իմ միջավայրը, որտեղ կարող եմ շատախոսել:
ՈՒ ծիծաղելի էր ինձ համար: Ես ի՞նչ էի անում այնտեղ, ի՞նչ էի կորցրել: Չէ՛, ես նրանցից չէի:

Եվ հետո մտերիմ ընկերուհիներս… Տարօրինակ զգացողություն էր. ես երեկ նրանց տեսնել չէի ուզում: Ճիշտ է՝ զանգահարեցի, որ գոնե մի քանի րոպեով հանդիպենք, բայց անհասանելի էին: Այո՛, փոխվում է կյանքս… Ես արդեն շատերին եմ անցյալի գիրկը նետել:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me