Ընդամենը տասը րոպե է մնացել մինչև 2008-ի ավարտը, իսկ ես նամռոտ դեմքով նստել եմ կոմպի մոտ, ոչինչ չեմ ուզում անել: Արդեն սկսել եմ ստանալ այն անհամար sms-ները, որ մարդիկ ուղարկում են բոլորին՝ առանց հաշվի առնելու, թե ովքեր են ստացողներն ընդհանրապես: Կան նաև այնպիսիք, որոնք գալիս են անծանոթ համարներից: Ի տարբերություն նախորդ տարիների, չեմ ուզում պարզել, թե դրանք ովքեր են. եթե անձամբ ինձ ուղղված լինեին, գոնե անունս մեջը կլիներ:

Իսկ քիչ առաջ ցնցուղի տակ պպզած արտասվում էի: Ձմեռ պապիկից ինչ-որ բան էի ուզում, բայց լավ չէի հասկանում՝ ինչ: Ուզում եմ հավատալ, որ գոնե այս տարի նա կգա…

Հիմա հետ եմ նայում 2008-ին: Որքա՜ն բուռն էր, լի դժվարություններով ու վեճերով: Էլ չեմ խոսում՝ քաղաքական իմաստով ինչ տարի էր: Բայց երբ քրքրում եմ իմ ներսը, տեսնում եմ է՛լ ավելի հասունացած Բյուրին ու խոստովանում, որ 2008-ը, այնուամենայնիվ, հաղթանակների տարի էր:

Իսկ ես ուշքի չեմ գալիս: Ախր դու ի՞նչ գործ ունեիր երազիս մեջ: Հա՛, հենց դու: Եթե դա լիներ երեք օր առաջ, էլի ինչ-որ կերպ կհասկանայի. այն օրը քո պահվածքով շատ ուժեղ տպավորություն էիր թողել, և ես չէի դադարում ընկերներիս պատմել քո քաջագործությունների մասին: Դեռ մի քիչ էլ չափազանցնում էի, որ հնարավորինս ծիծաղելի ու մեզ ձեռնտու ստացվեր:

Եվ անամոթաբար մտել էիր երազիս մեջ: Հա՛, կողքից ուրիշներն էլ կային, բայց նրանք ընդամենը ֆոն էին ստեղծում: Գլխավոր գործող անձը դու էիր: Ես հասկացա, թե ինչու էի պետական քննություն տեսնում, ինչու հետո տատիկիս տուն գնացի: Բայց դու ի՞նչ գործ ունեիր, ո՞րն էր քո անելիքը… Տե՛ս, մի քանի տող գրեցի, և երազիս մութ անկյունները կամաց-կամաց սկսեցին բացվել: Չէ՞ որ ես քեզ չեմ սիրում, ծաղրում եմ, սարսափում, որ ապագայում քեզ նման մեկի հետ պետք է գործ ունենամ: Բացի դրանից, ոչ հեռու ապագաս ինձ շատ է անհանգստացնում վերջին օրերին, և դա ինչ-որ կերպ կախված է քեզնից: Ու երազս փորձել էր փրկել իրավիճակը, մի քիչ… չէ՛, մի քիչից էլ ավելի սիրելի դարձնել քեզ: Իսկ կնոջդ խղճում եմ, իսկապես: Ինչպե՞ս է դիմանում քեզ: Բայց երազս շատ ավելի դաժան էր գտնվել նրա նկատմամբ… Խեղճը լեզբի էր դարձել:

Ընդհանրապես, հազվադեպ է պատահում, որ որևէ մեկի ստորագրությունը տպավորություն թողնի ինձ վրա: Իսկ երբ այն ռուսերեն է լինում, սովորաբար չեմ էլ կարդում: Բայց այսօր, չգիտես ինչու, աչք ծակեցին հետևյալ խոսքերը.
Хочется быть доброй, а из-за таких как вы, ничего не получается.
Միանգամից հիշեցի, թե ինչպես էի բոլոր կողմերից հարվածներ ստանում, թե ինչպես էին մեկը մյուսի հետևից ինձ մեղադրում, իսկ արցունքների հոսքը պարզապես չէր դադարում: Ու դրանց հետ մի հարց պոկվում-ընկնում էր, խառնվում թաց բարձիս. «Ինչու՞ եմ այսքան վատը»: Հետո մի քիչ փոխվում էր հարցս, դառնում. «Ինչու՞ եմ այսքան վատը… այստեղ»:

Ու ես գիտեմ. մարդուն հնարավորություն տուր, և նա լավը կլինի կամ էլ գոնե այդպիսին կդառնա: Սուտ կլինի, եթե ասեմ, որ իմ կյանքի մնացած բնագավառներում պարզ հարաբերություններ են, որ ամեն ինչ շատ հեշտ է ընթանում: Բայց մի խումբ մարդիկ պետք է որ այդպես կարծեն իրենք իրենց արդարացնելու համար: Իսկ ես հո գիտեմ, որ իմ յուրաքանչյուր վայրկյանը պայքար է, որ անընդհատ բախվում եմ ամենատարբեր բնույթի մարդկանց հետ ու կարողանում եմ հաղթել: Ավելին՝ ուժեղ, լավը, բարի լինել, որովհետև այդ հնարավորությունն ինձ տալիս են:

Այսօր քայլում էի 2008-ի վրայով: Չնայած ահավոր դժվար պահերին, պետք է խոստովանեմ, որ, այնուամենայնիվ, հրաշալի տարի էր: Դեռ ավելի մանրամասն կամփոփեմ արածներս ու չարածներս, ասածներս ու զսպածներս, չիրականացած երազանքներս ու չսպասված իրադարձությունները, բայց շատ կարճ կարելի է նշել, որ հանգիստ խղճով մտնում եմ 2009. 2008-ը հաղթանակների տարի էր:

Էնքան փնտրեցի համապատասխան երաժշտություն, որ գրեմ, վերջը մեկն ինձ սա առաջարկեց: Լավ միտք էր: Իսկ ես որոշեցի մտքիս զոռ տալու փոխարեն երգի բառերն այստեղ տեղադրել… Բոլորին-բոլորին.

John Lennon
Happy Xmas (War Is Over)

So this is Christmas
And what have you done
Another year over
And a new one just begun
And so this is Christmas
I hope you have fun
The near and the dear ones
The old and the young

A very merry Christmas
And a happy New Year
Let’s hope it’s a good one
Without any fear

And so this is Christmas (War is over)
For weak and for strong (If you want it)
For rich and the poor ones (War is over)
The world is so wrong (Now)
And so Happy Christmas (War is over)
For black and for white (If you want it)
For yellow and red ones (War is over)
Let’s stop all the fight (Now)

A very merry Christmas
And a happy New Year
Let’s hope it’s a good one
Without any fear

So this is Christmas (War is over)
And what have we done (If you want it)
Another year over (War is over)
And a new one just begun (Now)
And so Happy Christmas (War is over)
We hope you have fun (If you want it)
The near and the dear one (War is over)
The old and the young (Now)

A very merry Christmas
And a happy New Year
Let’s hope it’s a good one
Without any fear

War is over if you want it
War is over now

Արդեն մի ժամ կլինի՝ կոմպի մոտ նստած տրամադրվում եմ, որ գրեմ: Հա՛, էսօր շատ եմ խզբզել օրագրիս մեջ, ու եթե Հայարփին չգար, գուցե մի երեք էջ էլ լցնեի, բայց դա հաշիվ չէ. ամենամյա պարտականություն է դարձել Նոր տարուց մի քանի օր առաջ հետադարձ հայացք գցել, գնահատել անցնող տարին:

Ու հիմա այսպես փորձում եմ ինձ տրամադրել, որ մտքերս ուրիշ ուղղությամբ շեղվեն: Չէ՞ որ գլխիս մեջ չուղարկված նամակներ կան, պահված մտքեր, չարտահայտված զգացմունքներ, որոնք դուրս պրծնելու առիթ են փնտրում:

Բայց մի տեսակ գրելս չի գալիս: Ուզում եմ տրամադրող մթնոլորտ ստեղծել: Միացրել եմ սիրածս երգերը: Ահա արդեն 31-րդն է, բայց ոչինչ չի ստացվում: Գուցե լույսերն անջատեմ, մոմերս վառեմ… Այդպես էլ շատ տոնական կստացվի: Հետո, իսկական մթություն ու մոմային լուսավորություն ստեղծել չի լինի. տանը մենակ չեմ: Իսկ ով գիտի մեր սենյակների դասավորությունը, շատ լավ կհասկանա, որ եթե խոհանոցի, եղբորս ննջարանի կամ նախասենյակի լույսերը վառվում են, ապա հյուրասենյակում կամ իմ ննջարանում մթություն ստանալ պարզապես հնարավոր չէ:

Իսկ քիչ առաջ դրսում ձյուն էր գալիս: Սովորաբար դա տրամադրող է լինում, բայց միշտ նույն բանն եմ գրում. «Ձյան փաթիլներն ինձ շշնջում են “You’re uninvited”… բլա բլա բլա»:

Կարճ ժամանակ ունեմ, որ ամբողջ չորս ամսվա ընթացքում կուտակած հոգնածությունս դուրս շպրտեմ ու սկսեմ ինֆեկցիոն պարապել: Ժաննան կգա, միասին ալբոմներս կնայենք, օդնոկլասնիկի ու ֆեյսբուք կմտնենք, կզավզակենք, իսկ հետո մի քիչ կփորձենք պարապել… Այդպես կանցնեն տոն օրերը: Իսկ հետո կհաստատվենք մեր մշտական բնակավայրում՝ ընթերցասրահում: Չեմ ուզում քննությունից լացելով դուրս գալ:

Միևնույն է, չի գրվում: Մտքերս ու ասելիքս պինդ սեղմում եմ ներսում, հետս տանում մյուս տարի:

Գիշերվա ժամը հազարին նստած եմ. չեմ կարողանում քնել: Իսկ ես անհամբերությամբ սպասում էի շաբաթվա վերջին, որ մի կուշտ հանգստանամ:

Բայց հիմա, երբ դրա հնարավորությունը կա, ընդամենը մի քանի ժամ քնելուց հետո աչքերս բացել եմ ու լուսնոտություն եմ անում ինտերնետում: Եվ ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու այլևս չեմ կարողանում երազներիս մեջ սուզվել:

Ընդհանուր առմամբ, էմոցիոնալ իմաստով ծանր օր էր: Եթե խորանանք, նույնիսկ ծանր շաբաթ էր, ծանր ամիս, ծանր կիսամյակ: Նկատի ունեմ՝ լարվածությունը շատ էր, մտածելու, անհանգստանալու նյութերը՝ անթիվ-անհամար: Գուցե այստեղ վերլուծեմ, հանգստանամ մի քիչ, այլապես մինչև առավոտ կնստեմ, և կստացվի, որ այս շաբաթ-կիրակի ոչ թե թարմացրել եմ առանց էդ էլ վերջացած ուժերս, այլ սպառել դրանց մնացորդները:

Հա՛, նախ վիրաբուժության հարցումը… Թեստերը բավական վատն էին: Մի տեսակ տհաճություն ստացա դրանք գրելիս: Հետաքրքիր էր, որ ստամոքսի հարցերը հաջող էին: Եվ երբ այդ մասին ասացինք մեր դասախոսին, պարզվեց՝ Ասատրյանն էր դրանք կազմել: Ժպտացինք. վերջինս այն եզակի դասախոսներից է, որի մասին բոլորս հիացմունքով ենք խոսում:

Հետո… Գտա այն բազմաթիվ պատճառներից մեկը, որ ուզում եմ Հայաստանից փախչել: Այստեղ թույլ չեն տալիս, որ դու դու լինես: Եթե մի քիչ տարբերվում ես աղջկա հայկական ստանդարտներից, սկսում են քեզ աջ ու ձախ քննադատել. ինչու՞ մազերդ չես ֆենում, ինչու՞ մուս չես քսում, ինչու՞ չես քսվում, ինչու՞ եղունգներդ չես երկարացնում, ինչու՞ բարձրակրունկ չես հագնում, ինչու՞ ես միշտ ջինսերով, ու լիքը նմանատիպ հարցեր, որ ինձ հունից հանում են: Չեմ հասկանում՝ ո՞վ է որոշել, որ աղջիկը պետք է այդպիսին լինի, որ այդ ամենը տղաներին դուր գալու պարտադիր պայման է: Նախ, ես դասի չեմ գնում տղա կպցնելու համար: Երկրորդ, օրվա ընթացքում միշտ վազվզոցների մեջ եմ, և դասական հայ աղջիկ լինելն ինձ շատ կխանգարեր: Երրորդ, ո՞վ ասաց, որ տղաներին դա է դուր գալիս: Վերջիվերջո, կարելի է, չէ՞, տարբերվել ամբոխից: Կարելի է, չէ՞, ունենալ սեփական Եսը: Որքան էլ ինձ դուր չգա ստանդարտ հայ աղջկա կերպարը, ես երբևէ ինձ թույլ չեմ տալիս ինչ-որ մեկի ասել, թե եթե ուզում ես ժամերով լիֆտին չսպասել, բարձրակրունկ մի հագիր, ոտքով բարձրացիր-իջիր, կամ էլ թե կոսմետիկան դեմքդ ուղղակի այլանդակում է:

Անցանք առաջ… Իսկ շաբաթվա տառապանքը «Մեդիկուսն» էր: Լուրջ եմ ասում, արդեն գժվում եմ Սեդա Խաչատուրովնայի ձեռը: Ու գժվում եմ, որ այդպես էլ կոնկրետ չեմ իմանում, թե ով ինչ պարտականություն ունի, ինչ պարբերականությամբ է լույս տեսնում «Ապագա բժիշկը», կոնկրետ ինչու է «Մեդիկուսը» փակվել. արդեն կես տարի է անցել այդ չարաբաստիկ ժամանակներից, բայց մինչև հիմա ամեն մեկը մի բան է ասում, և այդպես էլ ռեկտորից անձամբ իմանալու հնարավորություն չեմ ունեցել: Ավելին՝ այնպիսի տպավորություն է, թե նրա ասածները փչացած հեռախոսի նման են ինձ հասնում, իսկ իմ ասածներն այդպես էլ նրան չեն հասցվում: Սխալ արեցի. պետք է մեր կուրսի հետ հանդիպման ժամանակ առիթն օգտագործեի, «Մեդիկուսի» մասին էլ հարցնեի, ասեի: Թե չէ հիմա այս հարցականների ու ներվայնության մեջ անքուն գիշերներ եմ անցկացնում:

Ամիսը… Ծանր էր, որովհետև առանձնապես շատ եմ սկսել պարապել: Ավելին՝ դեկտեմբերը հիշեցնում է այն չարաբաստիկ վերջին կիսամյակի շա՜տ մոտ լինելու մասին: Անկեղծ ասած, մտքովս չի անցնում, թե կարող եմ չավարտել: Վերջիվերջո, վեց տարի նորմալ սովորել եմ, թեկուզ ավելի լավ կարող էի: Ուղղակի ինձ սարսափեցնում է սպասվելիք սթրեսը, անընդհատ չհասցնելու զգացողությունը, վերջում ուժասպառ լինելը: Ախր այս կիսամյակ դեռ ամբողջ ժամանակս չեմ նվիրել պարապելուն, և արդեն զգում եմ, որ էլ չեմ ձգում. վրաս հալ չկա: Ինչպե՞ս եմ դիմանալու ընդամենը երեք-չորս օր հանգստանալուց հետո ամբողջապես պարապելուն նվիրվելուն: Միայն մի բանում եմ վստահ. ինչքան էլ չհասցնեմ, ինչքան էլ ժամանակս չհերիքի, քնելու հաշվին չեմ պարապելու:

Իսկ կիսամյակը ծանր էր հենց միայն ապագայից վախենալու պատճառով: Պետական քննությունները դեռ մի կողմ: Դու չգիտես, թե ինչ ես անելու, որտեղ ես լինելու հաջորդ տարվա նույն ժամանակները: Փորձում ես վստահ լինել. իսկապե՞ս հոգեբուժություն ես ուզում. դեռ ուշ չէ մտափոխվելու համար: Վերջիվերջո, որտե՞ղ են լինելու ընկերներդ: Կարողանալու՞ ես պարբերաբար հանդիպել նրանց: Ընդհանրապես, նոր միջավայրն ինձ միշտ էլ սարսափեցրել է:

Այսքանից հետո մնում է միայն աղոթել…

Երթուղայինում նստած չորս աղջիկներ «Էրեբունի» հիվանդանոցից գնում էին Երևանի պետական բժշկական համալսարան: Գլուխները հպել էին ապակուն, աչքերը փակել ու քնել: Հոգնած էին:

Գուցե դու էլ ես ճանաչում նրանց. վեցերորդ կուրսեցիներ են, և վաղը-մյուս օրն այլևս ուսանող չեն լինելու: Ծանոթ ցածր կուրսեցիների համար հեղինակություններ են. ցանկացած խնդրի դեպքում վազում են մոտները, օգնություն խնդրում: Ու ամեն մի խոսքն ընդունում որպես օրենք: Իսկ անծանոթներն առաջին կուրսեցիների տեղ են դնում. կարող են գրադարանի հերթի մեջ վեճի բռնվել հետները՝ պնդելով, թե նորեկ են, չգիտեն՝ ինչպես պետք է հերթ կանգնել: Կամ էլ հոգատարությամբ լատիներենի ամբիոնի տեղը ցույց կտան՝ չմտածելով անգամ, որ այս աղջիկները ոչ միայն լատիներենի, այլև մնացած բոլոր ամբիոնների տեղերն անգիր գիտեն:

Ու հոգնած էին աղջիկները. արդեն ավարտվում էր սովորականից ծանր կիսամյակը, որ շուտով է՛լ ավելի ահավորը սկսվի: Առաջին հայացքից դասացուցակը թեթև էր. ծանոթ առարկաները լրիվ կրկնություն էին, անծանոթները՝ ծանոթների նման: Բայց չէ՛… Նրանք պետք է ամբողջ օրը գրքերի մոտ անցկացնեին, որ տարիների բաց թողածը կամ մոռացածը հիմնովին վերականգնեին. պետական քննությունների ժամանակ խարխուլ շինությունները փլվելու են, դիպլոմ չեն դառնալու:

Քնել էին նրանք, որ հենց հասնեն համալսարան, արագ ճաշեն և օրվա մնացած մասն արդեն մշտական բնակավայր դարձած ընթերցասրահում անցկացնեն: Կհասցնեն պարապել, ծիծաղել, օգնել ցածր կուրսեցիներին, թեթևակի ֆիզկուլտուրա անել լաբորատոր մասնաշենքի միջանցքում, երբ ուղեղը հրաժարվի ենթարկվելուց, և կողքով անցնող հնդիկ ուսանողները կժպտան:

Իսկ խոսելիս հաճախ բառերը շփոթում են, մոռացկոտ են դարձել: Սկզբում կարծում էին՝ պատահականություն է: Բայց նույնն անընդհատ կրկնվում էր, միայն մեկը չէր. բոլորն էին: Նկատում են անփութությունը ու ծիծաղում իրենց վրա. «Էս ի՞նչ օրի ենք հասել»:

Գուցե կարծես, թե նրանք գիշերները չեն քնում: Հավատացնում եմ, որ այդպես չէ. վեց տարիների ծանր փորձը ցույց է տվել, որ ավելի լավ է՝ մի քանի թեմա պակաս կարդաս, քան բոլորը հասցնես մի գիշերվա ընթացքում: Իրենց մաշկի վրա զգացել են անքնության վնասները:

Բայց նույնիսկ նորմալ գիշերային քունը բավարար չէ նրանց համար. երթուղայինի մեջ աչքերը փակել են վեցերորդ կուրսեցի աղջիկները:

Ես չգիտեմ՝ որքան է հավականությունը, որ դու սա կկարդաս: Գուցե ավելի փոքր է, քան փողոցում հանդիպած կամայական մարդունը: Է՛լ ավելի փոքր է, որ կարդալու դեպքում գլխի կընկնես՝ սա քեզ է ուղղված: Ու հենց դա է ինձ ազատություն տալիս՝ հանգիստ գրել, անկեղծորեն արտահայտվել քո մասին:

Պատկերացրու, հենց առաջին վայրկյանին, երբ դու մտար մեզ մոտ, մի տեսակ համակրանք զգացի քո նկատմամբ: Ստուգելու համար, թե ինչպիսին ես, սկսեցի աջ ու ձախ քեզ գովել: Բացասական բան քո մասին չլսեցի: Դա ինձ վախեցրեց, որովհետև վտանգավոր է, երբ մեկին բոլորը սիրում են: Կարող է նշանակել, որ տվյալ մարդը հմտորեն թաքցնում է թերությունները, և չգիտես՝ հետագայում ինչ սպասես նրանից:

Ինչևէ… Փորձեցի ինքս քեզ ուսումնասիրել: Սկզբում թվում էր՝ լավ վերաբերմունքդ լրիվ կեղծիք է, ինչ-որ կոնկրետ նպատակ է հետապնդում: Իսկ հետո երբ իմացա ծագմանդ մասին, ամեն ինչ պարզ դարձավ. արյունը քաշում է:

Հիշում եմ՝ ինչպես էր դեմքդ սպիտակել, պատի գույն դարձել, հետո՝ կարմրել: Եվ մինչ մյուսները փորձում էին տուժողին օգնություն ցույց տալ, ես մտածում էի՝ ինչպես կարելի է քեզ հանգստացնել: Անմիտ էի, որովհետև տուժողի փրկությունը քո խաղաղությունն էր նաև:

Եվ զարմանալի էր, որ չնայած լարվածությանը, ոչ մի կոպիտ բառ չարտասանեցիր, չգոռացիր: Բայց գիտեի, տեսնում էի՝ ներսումդ ինչ է կատարվում. դու սառնասիրտ չէիր:

Երբ վերջապես կարողացա այդ գիշեր աչքերս փակել, անընդհատ դու էիր գալիս երազիս մեջ, խոսում էինք, ծիծաղում: Ու փորձում էի հասկանալ, գտնել, թե որտեղից էր առաջացել այդ անտեսանելի կապը: Ուզում էի հավատալ՝ հեռավոր ազգականներ ենք: Մինչև հիմա էլ չեմ ժխտում. գուցե իսկապես այդպես է:

Ես նկատել էի քո զննող, քննող հայացքներն ինձ վրա: Երբ ես բռնում էի, աչքերս բարձրացնում, նայում դեմքիդ՝ փորձելով ժպտալ, դու շատ արագ փախցնում էիր հայացքդ: Չեմ հասկանում՝ ի՞նչ էիր փնտրում ինձ վրա:

Գիտեմ, որ անհանգստանում էիր: Բայց չեմ հասկանում՝ քեզ մտահոգում էր մեր սեփակա՞ն հաջողությունը, թե՞ դրանով պայմանավորված քո նվաճումները: Ես նկատեցի, թե ինչպես աչքերդ փայլեցին, երբ հասկացար, որ ամեն ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ավելին՝ տեսա, որ այդ մասին մյուսներին էլ ես հայտնում, որովհետև ինձ ուղղված հայացքները գնալով շատացան: Ու չգիտեմ՝ դա քո՞ հաջողությունն էր, թե՞ իմը:

Հ.Գ. Որպես պարզաբանում նշեմ, որ սա սիրահարվելու հետ ոչ մի կապ չունի, և եթե իմ բլոգում երկրորդ դեմքով որևէ բան եմ գրում, բոլորովին չի նշանակում, թե ուղղված է սիրո առարկայի կամ ընդհանրապես տղամարդու: Կարող է լինել ցանկացած մարդ՝ սկսած փողոցի անկյունում փռված բոմժից, վերջացրած օդանավակայանի աշխատակցով, որին կյանքիս մեջ մի անգամ եմ տեսնում:

Նար-Դոսի փողոցի դագաղների մոտով միշտ անտարբեր եմ անցել: Ավելին՝ երկար տարիներ մոտերքում ապրելու պատճառով այդ փայտե անկենդան տուփերը ձուլվել են միջավայրին, դարձել դրա անբաժան մասը, և ես սովորել եմ այդ կողմերով անցնելիս ընդհանրապես չնկատել դրանք:

Իսկ երբ այսօր երեկոյան տուն էի գալիս, հայացքս սառեց ոսկեգույն խաչով փայլուն, տափակ կափարիչների վրա. մահվան շունչ զգացի: Ու մի պահ ինձ պատկերացրի սառը արկղի մեջ: Սարսափեցի: Ինչի՞ համար է դագաղը, ինչի՞ համար է նրա շքեղությունը, երբ, միևնույն է, բոլորի մարմինները նույն կերպ են փտելու, երբ տարիներ անց այնտեղից միայն ոսկորներ են հանելու: Չէ՛, չուզեցի պառկել այնտեղ: Գուցե դիակիզումն ավելի լավ է: Բայց… մի՞թե կհանդուրժեմ սեփական մարմնի այրումը, թեկուզ նրանից հեռացած լինեմ:

Եվ ես զգացի, որ մահվանից չեմ վախենում: Շատ ավելի սարսափում եմ ծերությունից, երբ մազերս սպիտակած կլինեն, ես՝ միայնակ, մոռացված, հիվանդ, անշարժ: Չէ՛, չեմ ուզում ծերանալ: Չեմ ուզում այս րոպեներն անցնեն, որովհետև այդպես ավելի եմ մոտենում ծերությանը:

Ձեռքս բռունցք արած դրել եմ այտիս տակ: Արմունկով հենվել են սեղանին ու փորձում եմ մտքեր քաղել գլխիցս: Սենյակի լույսը փչացել է, և ես ստիպված եմ բավարարվել մորս փոքրի լամպով, որը եղբայրս է բերել կողքի սենյակից:

Դեկտեմբերը չափից դուրս արագ է անցնում, իսկ ուսանողական կյանքս գնալով փոքրանում, վերջանում է: Ահով եմ սպասում մյուս կիսամյակին. ասես մեռնող հիվանդ լինեմ, որին ընդամենը մի քանի ամսվա կյանք է մնացել: Գնալով սկսում եմ չուզենալ ավարտել, գնալով ավելի եմ կապվում բժշկականին: Ախր ո՞նց… Ո՞նց եմ ապրելու առանց մեր սիրելի ընթերցասրահի, որտեղ այնքա՜ն շատ ենք ծիծաղել, տարբեր կուրսերի ուսանողներով կիսվել մեր հաջողություններով, միմյանց մխիթարել հուսախաբությունների ժամանակ, փոքրերին խորհուրդ տվել, մեծերից՝ հարցրել… Ու այսօր մենք ենք այնտեղի ամենամեծերը: Մեկ-մեկ զայրանում եմ, որ ինձ ամենագետի տեղ են դնում ու ցանկացած հարցով դիմում: Հետո հասկանում եմ. չէ՞ որ երբ ես էլ էի ցածր կուրսեցի, մեծերն ինձ համար աստվածներ էին:

Առաջին հիվանդանոցում կամ համալսարանում դասի լինելիս էլ չենք վազի «Լիստիկ»՝ բոլորի համար տեղ պահելու, էլ չենք նստի կանաչներին, էլ չենք դժգոհի ամեն պատահած առիթով, էլ չենք հայհոյի մեր աչքերով վատ դասախոսներին ու ամեն վայրկյան չենք գովի սիրելիներին, էլ չենք զարմանա «անհաջող» նոր սերնդի վրա՝ վստահ լինելով, որ մենք ավելի լավն էինք, երբ նրանց տարիքին էինք, չի զայրացնի նրանց պահվածքը, չենք ընդվզի ցանկացած նորամուծության դեմ, չնայած հաճախ դրանք մեր օգտին էին:

Ինչպե՜ս չեմ ուզում պոկվել մեր համալսարանից: Երանի՜ նախորդ հինգ տարիների ընթացքում էլ ամեն օր այս զգացողությամբ դասի գնայի:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me