Գրելու մասին

Չգիտեմ ինչու, էսօր հանկարծ էս պատմվածքս հիշեցի: Հինգ տարի առաջ եմ գրել: Էն ժամանակ կարծում էի` իմ ամենալավ գործն է: Ու չէի սխալվում. իսկապես ամենալավն էր: Բայց հիմա էլ էն չի, դուրս չի գալիս: 

Մտածում եմ` ինձ էդ պատմվածքի հոգեվիճակն է պետք ու հիմիկվա վերաբերմունքս գրելու նկատմամբ (այսինքն` որ մի անգամ ամեն ինչ թղթին հանձնելով գործը չի վերջանում), որ կարողանամ նորմալ բան գրել: 

Ու չգիտեմ` պատրա՞ստ եմ ևս մեկ անգամ նման հոգեվիճակի դիմանալու: 

Բազմազանության շքերթը Բեռլինում

Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում փողոցը մոտ 3 կմ երկայնքով փակվել էր մեքենաների համար, որպեսզի բազմազանության շքերթին սպասարկի: Ու ամբողջ 3 կմ-ով մեկ հանդիսատեսն էր` տեղ-տեղ շատ խիտ, մի քանի շարքով, տեղ-տեղ էլ նոսր, գետնին նստած: Իսկ մի փոքր մաս էլ շքերթի հետ առաջ էր շարժվում: Տեղի բնակիչներն էլ պատուհաններից ու պատշգամբներից էին դուրս թափվել:

Յոթանասուն տարբեր խմբեր պարելով ու երգելով ներկայացնում էին Բեռլինի մշակութային բազմազանությունը: Ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ կային, բայց նաև զանազան կազմակերպություններ, երգի, պարի խմբեր: Աֆրիկյան ու ասիական լիքը փախած երկրների ներկայացուցիչներ կային, բայց Հայաստանի հետք չկար: Ու էստեղ ֆաշիստները որևէ բան գոռալ չէին կարող, որովհետև կընկալվեին ընդամենը որպես բազմազանության մաս: Իսկ հարձակման մասին խոսք լինել անգամ չէր կարող լինել. անվտանգությունը, ինչպես շքերթը, կազմակերպված էր:

Սեղմել Բեռլինի բազմազանությունը տեսնելու համար

Եվրատեսիլը Եվրոպայում

Մտածում էի` էս տարի վերջապես կկարողանամ մի կուշտ Հայաստանի օգտին քվեարկել: Էն էլ չէ, չմասնակցեցինք: Բայց վաղուցվանից որոշել էինք էրեխեքով միասին նայել Եվրատեսիլը: 

Ու էդպես էսօր երեկոյան հավաքվենք Սյուզանի տանը: Ընդամենը հինգ հոգով էինք. Սրջանը Սերբիայից, Նորան Հունգարիայից, Սոֆյան Նոր Զելանդիայից ու տանտիրուհի Սյուզանը Նիդեռլանդներից:

Երգերի ընթացքում կայֆեր էինք բռնում, տնազներ էինք անում, ծիծաղում էինք: Սոֆյան զարմացած էր երգերի անորակության վրա. առաջին անգամ էր Եվրատեսիլ տեսնում: Ղժժում էինք ազերների վրա, երբ գրվում էր. «Ադրբեջան, էսինչի երկիր»: 

Քվեարկության ընթացքում Սրջանը կարողացավ հինգ ձայն ուղարկել Սերբիայի օգտին: Էդ էլ էն հարցի պատասխանը, թե ինչու Գերմանիան 10 միավոր տվեց Սերբիային: :)))

Հետո եկավ արդյունքների պահը: Գուշակում էինք, թե որ երկիրը որին ինչքան է տալու, ու մեծ մասամբ ճիշտ էինք: Սոֆյան շոկի մեջ էր: Հաստատ նման բանի չէր սպասում: 

Մեր զարմանալու հերթն էլ եկավ. ինչու՞ Պորտուգալիան Գերմանիային բարձր միավորներ տվեց: «Հաաա,- մեկ էլ գլխի ընկավ Սրջանը,- Պորտուգալիան Գերմանիայի փողի կարիքն ունի»:

Քֆրտում էինք, ջղայնանում, ուրախանում: Նորան քիթը կախել էր: Որ Հունգարիային ձայն տվող ընդհանրապես լինում էր, ուրախանում էր:

Էդպես Շվեդիայի անֆեյսբուք աղջիկը հաղթեց, ու մենք որոշեցինք մյուս տարի միասին Ստոկհոլմ գնալ:

Փոսթքրոսինգ. իմ նոր զբաղմունքը

Գրքաշրջանառության (Bookcrossing) մասին հաստատ լսած կլինեք: Գաղափարն էսպիսին է. կարդացածդ գիրքը թողնում ես որևէ պատահական տեղում, մեջը` գրություն, որ գիրքը չի կորել, գտնողին խնդրում մտնել գրքաշրջանառության կայքը, հավաքել գրքի անհատական համարը ու տեղեկացնել, որ գտել է: Այդպիսով, գրքերը ճամփորդում են աշխարհով մեկ, ձեռքից ձեռք անցնում:

Մի ժամանակ շատ էի տարված դրանով: Մոտ քսան գիրք էստեղ-էնտեղ թողեցի (մի մասը` Հայաստանում, մի մասը` որտեղ պատահի): Բայց էդպես էլ ոչ մեկը չգտնվեց: Ես էլ քթերս կախեցի, նեղացա գրքաշրջանառությունից ու որոշեցի գրքերս մենակ ծանոթ մարդկանց տալ:

Բայց վերջերս հայտնաբերել եմ մեկ այլ հետաքրքիր երևույթ, որը կոչվում է Փոսթքրոսինգ: Սրա մասին իր նամակներից մեկում գրել էր իմ նամակագրական ընկերուհի Քիրսթենը, որը չի զլանում, Գերմանիայի տարբեր քաղաքներից ինձ բացիկներ է ուղարկում: 

Փոսթքրոսինգի ամբողջ իմաստն անծանոթ մարդկանց բացիկներ ուղարկելն է ու անծանոթ մարդկանցից բացիկներ ստանալը: Բայց համակարգն էնպես է ստեղծված, որ մոտավորապես ինչքան ուղարկում ես, այնքան էլ ստանում ես: Այսինքն, չես կարող ձեռքերդ ծալած նստել, ուրիշների բացիկները ստանալ առանց որևէ բան ուղարկելու:

Արդեն յոթ բացիկ ուղարկել եմ: Դրանցից երկուսն են տեղ հասել: Երկուսն էլ ես եմ ստացել: Առաջինը Նիդեռլանդներից էր` Խրոնինգեն ռեգիոնի գյուղերից (ճակատագիր :))))): Երկրորդն այսօր ստացա Վարշավայից:

Մի խոսքով, շատ հետաքրքիր ու հարմար բան է հատկապես ինձ համար, որովհետև նախ անհիշելի ժամանակներից բացիկներ եմ հավաքում, իսկ այսպես հավաքածուս մեծանում է: Երկրորդ, անչափ հաճելի է փոստարկղում մի տոննա սփամի հետ ինձ հասցեագրված բացիկ գտնելը:

Էս էլ իմ պրոֆիլը փոսթքրոսինգում.

Byurakn, Germany

Byurakn

 is a member from Germany Germany. She has been a member for 21 days (21 days). 

Distance Sent: 9,228 km
Last Seen: 11 minutes ago

Speaks: Armenian, English, Russian, French, Spanish

Birthday: 24th October
Interested in direct swaps: Yes 

Դոնարա Խորենյանը ձեր օգնության կարիքն ունի

Դոնարա Խորենյանն ինձ ֆիզիոլոգիա է դասավանդել: Իմ ամենալավ դասախոսներից էր:

Իր առարկային մի այլ կարգի սիրահարված էր, նյութին հրաշալի տիրապետում էր ու էնքան լավ էր ամեն ինչ բացատրում, որ վախենում էիր` աչքդ թարթել, որ հանկարծ բան բաց չթողնես:

Պահանջկոտ էր. պիտի ամեն դասին պատրաստ լինեիր: Եթե պատրաստ չէիր, պիտի լուրջ պատճառ ունենայիր, հակառակ դեպքում շատ էր զայրանում: Ուշանալ ու բացակայել չէր կարելի: Էնքան էինք նրա հարգում, որ ամաչում էինք նրա դասին ուշացած մտնել կամ ընդհանրապես բաց թողնել այն:

Գիտելիքների մեծ պաշար եմ ստացել նրանից: Առարկան ավարտելուց հետո էլ հաճախ այցելում էի նրան, նստում, զրույց էինք անում: Աչքերը լավ չէին տեսնում, բայց ձայնիցս ճանաչում էր: Հետո սկսեցի ավելի հազվադեպ այցելել, հետո էլ մի օր փողոցում տեսա, ասաց, որ թոշակի է անցել: Իսկ հաջորդ նորությունը, որ լսեցի նրանից, ինտերնետում տարածվող հաղորդագրությունն էր այն մասին, որ տառապում է դիֆուզ, խոշոր բջջային B-լիմֆոմայով և քիմիաթերապիայի կարիք ունի, գումար չկա:

Նստած մտածում եմ` ինչ հեգնանք է: Դոնարա Խորենյանը բժիշկների բազում սերունդներ է կրթել, ու այսօր իր սեփական բուժման ծախսերը հոգալու հնարավորություն չունի:

Մինչ կքննադատենք համակարգը ու կփորձենք մեղավորներ գտնել, խնդրում եմ` տարածել ներքևի տեղեկությունը և փորձել օժանդակել:

Խորենյան Դոնարա Վահանի, Բ.Գ.Թ. դոցենտ 1973թ-ից աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում. սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև` որպես դոցենտ:
Այժմ նա տառապում է դիֆուզ, խոշոր բջջային B- լիմֆոմայով (IV շրջան) և կարիք ունի քիմիաթերապիայի, որի մեկ կուրսի արժեքն է 1 000 000 դրամ (ընդունում է նաև Մաբտերա դեղամիջոցը):
Ցավոք սրտի, Դոնարա Խորենյանն ապրում է միայնակ և նա բուժման համար վճարելու ոչ մի հնարավորություն չունի:
Նա իր ողջ տարիները նվիրել է իր ուսանողներին, որոնցից շատերն այսօր ճանաչված ու սիրված բժիշկներ են:
Մենք բոլորին խնդրում ենք անտարբեր չմնալ սիրելի դասախոսի ճակատագրին և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Միայն միասնական ուժերով հնարավոր կլինի Դոնարա Վահանովնային կյանքի վերադարձնել:
Դրամային հաշիվ 2470002381510000 Արդշինինվեստբանկ, Արտեմ Գրիգորյանի անունով:

Շտադին

Շտադիի մասին մի անգամ գրել եմ:

Նա շարունակում է մեր խոսակցության հիմնական թեման մնալ, չնայած արդեն երկու ամիս է, ինչ մեզ դաս չի տալիս: Սա համակուրսեցիներիս մեկի գրածն է Ֆեյսբուքյան չաթում:

Stadie would not simply say, she would dramatize every detail of her message…. first, she would lean on the table with her lascivious mermaid pose, take her hand with a insinuating movement to her face, slighlty covering her right eyebrow with her index finger and then retract her jaw as if she was intending to speak something in french and, finally, lost in this profusion of languages and senses, she would firmly utter with all her german austerity in a short and sharp emission: "It doesn't matter"
Oh, important thing, just before the sentence she would stare into your eyes and with her eyebrows lifted and jaw still retracted she would puff as a sign of indiference…

Ուժեղ ա, չէ՞:

«Փոքրիկ Նիկոլան»

Չգիտեմ ինչու Նիկոլայի մասին նախկինում չեմ գրել: 

Նրա հետ ծանոթացել եմ մի երկու տարի առաջ, երբ ֆրանսերենի դասախոսս գրքից քսերոքս արած հատվածներ բերեց, որ դասի ժամանակ կարդանք:

Նիկոլան գրական հերոս է: Ֆրանսիացի դպրոցական է, որն ունի մի խումբ խելառ ընկերներ, ու իրար հետ ինչ գժություն ասես չեն անում: Նրա մասին պատմող հինգ գիրք կա, որոնցից երեքն արդեն կարդացել եմ (մեկը երեկ վերջացրի, դրա համար եմ հիշել): Բոլոր գրքերը պուճուր պատմությունների հավաքածուներ են, որտեղ Նիկոլան առաջին դեմքով ու իր մանկական լեզվով ու մտածողությամբ պատմում է իր առօրյայից: Գրված է հումորով: Ընկերներն էլ ամեն մեկը մի-մի տիպար են: Ալսեսթը շատ չաղ է ու անընդհատ ուտում է: Կլոտերը դասարանի ամենավատ սովորողն է ու միշտ անկյուն է կանգնում: Անյանը դասարանի գերազանցիկն է ու դասատուի սիրելին (chouchou): Ընկերները նրան չեն սիրում և անընդհատ ուզում են խփել, բայց ոչ միշտ են հաջողացնում, որովհետև ակնոցներ է կրում: Ռուֆուսի հայրը ոստիկան է, դրա համար մոտն անընդհատ ոստիկանական բաներ են հայտնաբերվում (օրինակ` սուլիչ): Եվ այլն, և այլն:

Չնայած գիրքը նախատեսված է երեխաների համար (գրախանութի մանկական բաժնից եմ առել), բայց չեք պատկերացնի, թե ինքս ինձ հավեսով եմ կարդում: Տրամադրությունս հազար անգամ բարձրանում է ամեն պատմություն կարդալիս:

Մի փոքրիկ մեջբերում էլ անեմ: Ուրեմն, հենց «Փոքրիկ Նիկոլան» կոչվող գրքի վերջում Նիկոլան պատմում է, թե ինչպես է մամայից նեղանում ու տնից փախնում, բայց հետո հետ է գնում: Ու պատմությունը եզրափակում է հետևյալ տողերով. «Վաղը տնից կփախնեմ: Պապան ու մաման շատ կտխրեն, և ես կվերադառնամ միայն տարիներ անց, ես հարուստ կլինեմ և կունենամ ավտո ու ինքնաթիռ»:  

Գիրքը նաև նկարազարդված է: Պատկերները շատ զվարճալի են: Կարդալու հետ նայում էլ ես: Ի դեպ, Նիկոլայի կինոն ու մուլտն էլ կան: 

Մտածում եմ` լավ կլիներ մի խելոք հայ մանկագիր մի էսպիսի համով հայ երեխայի կերպար ստեղծեր ու զարգացներ: Ինչ հավեսով կկարդայինք: Երեխաներն էլ առանց գրականության չէին մնա: Թե չէ որ հիշում եմ իմ մանկությունը, մատների վրա հաշված հայ գրողների գրքեր եմ կարդացել, էն էլ ոչ բոլորն էին լավը:

Բրանդենբուրգը Հավելի վրա

Սկզբում վախեցա. կայարանից դուրս գալուն պես տեսադաշտս լցվեց այս ու այն կողմ վազող ավտոբուսներով ու տրամվայներով, իսկ փողոցները սարսափելի լայն էին: Պետք էր քայլել, շատ քայլել իսկական քաղաքը տեսնելու համար:

Բրանդենբուրգի փողոցները մարդաշատ են, բայց դա չի խանգարում, որ գերմանական խաղաղություն ու լռություն տիրի:

Երբ փողոցները սկսեցին նեղանալ, շենքերը` սիրունանալ, Բրանդենբուրգը շատ ծանոթ թվաց:

Լիքը նկարներ + Չար կախարդի տնակը

Ջիմմի Քելլի. փողոցային երաժիշտը

Երբ Kelly Family խումբը ցրվեց, իսկ ավելի ճիշտ` ընտանիքի անդամները դադարեցին միասին համերգ տալ` անցնելով սոլո գործունեության, եղբայրներից մեկը` Ջիմմին, վերադարձավ փողոցներ, որտեղից խումբը սկսել էր իր գործունեությունը: Կարծեմ այդ ժամանակ արդեն կինն էլ էր իրեն միանում, ու հաճախ էր պատահում, որ իմ այս կամ այն գերմանացի ընկերը պատմում էր, թե ոնց է տեսել նրանց փողոցում ելույթ ունենալիս: Այս տարի Ջիմմին կնոջ, զարմիկի և մի քանի այլ երաժիշտների հետ դահլիճներում է համերգ տալիս` հարազատ մնալով փողոցային երաժշտի տրամադրությանը:

Այս համերգը Բրանդենբուրգում էր` տնիցս ընդամենը կես ժամվա հեռավորության վրա: Բախտս մի այլ կարգի բերել էր, որ երկրորդ շարքի տոմս էի ճարել. բացում եմ կայքը, առաջարկում է տոմս ընտրել: Առաջին շարքերն ամբողջությամբ վաճառված են` բացառությամբ երկրորդ շարքում մեն-մենակ մնացած մի տեղի: Գնում եմ տոմսը, և մի քանի օր անց այն իմ փոստարկղում էր:

Երբ մտանք դահլիճ, հին նվագարկչով Էդիթ Պիաֆ էր հնչում: Հետո պիտի Ջիմմին բեմ բարձրանար ու հայտարարեր, որ պատահական չէ, որ հենց Էդիթ Պիաֆ էր միացած. չէ՞ որ նա էլ է փողոցից սկսել: Օրեր առաջ, երբ գերմաներենիս դասախոսը սովորեցնում էր plattenspieler բառը, ջղայնացած ասում էի` ինչի՞ս է պետք: Իսկ նա պնդեց, որ հաստատ մի տեղ պետք կգա: Ու համերգի ժամանակ լսեցի բեմից, հասկացա, թե ինչ էր ասում Ջիմմին:

Իսկ Ջիմմին բեմ բարձրացավ տնային շորերով: Ամբողջ խումբը բաղկացած էր վեց հոգուց, բայց ավելի քան մեկ տասնյակ գործիք նվագվեց երեկոյի ընթացքում: Մեկը մեկի հետևից իռլանդական երգեր կատարեցին, արանքներում` իսպանական ու ֆրանսիական: Ու հանդիսատեսին արթնացնում էր, տեղից հանում, երգացնում ու պարացնում: Աշխուժություն ապահովողները երրորդ շարքի լեհերն էին, որ իրենց դրոշով թռչկոտում էին, երգում, ծափահարում: Մեկ էլ ես ու կողքիս գերմանացի տարօրինակ տղան էինք ոտքի վրա, որը, ի դեպ, հպարտությամբ հայտարարեց, որ սա իր հարյուր հիսուներորդ Քելլի համերգն է:

Ջիմմիից մեծ ջանք պահանջվեց առաջին շարքում ու ընդհանրապես մնացած տեղում սառած գերմանացիներին արթնացնելու համար, որոնք թարս էին նայում մեզ, իսկ ես գոնե մտածում էի` թքած, ամեն օր համերգ չեմ գալիս, պիտի ուզածիս չափ ուրախանամ:

Բեմը կենդանի էր: Ջիմմիի գեղեցկուհի կինը` Մայքեն, անընդհատ ժպտում էր: Ջութակահարուհին էլ նայում էր մեր ուղղությամբ և ուրախանում` նկատելով, որ ձայնակցում ենք: Էլ չեմ ասում, թե Ջիմմին ինչքան էր հանդիսատեսի հետ զրույցի բռնվում, զոռով ստիպում, որ գոնե լալալա կամ նանանա անեն, մի քիչ էլ պարեն:

Ինձ դուր եկավ Ջիմմիի բռնած ուղին, գուցե ավելի շատ, քան Պատրիսիայինն ու Քեթիինը: Էս անգամ նոստալգիկ վիճակներով մանկությունս չէի հիշում, այլ երազում էի Իռլանդիայի մասին: Ինձ դուր եկավ, որ ի տարբերություն քույրերի, նայում է առաջ, նայում է փողոցային երաժշտի ոգով ու հավատարիմ մնում կելտականին: Քելլիական երգերից միայն երկուսը կատարեց` Cover the Road-ը և Na Na Na-ն, այն էլ` վերջում որպես encore:

Քանի որ համերգի ժամանակ վիդեո-ֆոտո անելն արգելված էր, կիսվում եմ մեկ այլ տեսագրությամբ: Համերգի ժամանակ Ջիմմին առանց կնոջ կատարեց: Իռլանդական հայրենասիրական երգ է:

«Տափաստանի գայլը» (Հերման Հեսսե)

Հեսսե կարդալս միշտ պահում էի բավականաչափ գերմաներեն իմանալուն, որ թարգմանության հույսին չմնամ: Բայց այնպես ստացվեց, որ մոտ երկու շաբաթ առաջ մի քանի «ազդանշան» ստացա Հեսսե կարդալու: Նախ, -ը խորհուրդ տվեց: Հետո, Խրոնինգենի ընկերներիցս մեկը` Դեյվիդը, ստատուս էր գրել` մեջբերում էր արել «Տափաստանի գայլից»: Որ մեկնաբանեցի, սկսեց ինձ նախատել, որ Խրոնինգենից գնացել եմ, որ եթե այնտեղ լինեի, հիմա ես էլ կմիանայի քննարկմանը: Էդպես որոշեցի էնտեղի կարդացող ընկերներիցս հետ չմնալ ու «Տափաստանի գայլը» կարդալ: Դրան գումարած նույն օրերին -ն էլ էր Հեսսեի մասին ինչ-որ բան գրել իր բլոգում: 

Էդպես գիրքը ճարեցի (անգլերեն թարգմանությամբ) ու անցա գործի:

Վաղուց էնպիսի գործ չէի կարդացել, որ էսքան հակասական զգացողություններ առաջացներ: Ամենասկիզբը շատ դուրս եկավ: Հետո սկսեցի ներվայնանալ երկար-բարակ փիլիսոփայություններից, իսկ Հարիի` Հերմինեի հետ հանդիպման պահից սկսվեցին իսկական հակասությունները: Մի կողմից, շատ լավ պատկերացնում էի, թե որտեղից էր գալիս յուրաքանչյուր բառը, ինչ է հեղինակի մտքով անցել էդ պահին: Ավելին` մտածում էի` դա այն գիրքն է, որը գրելու համարձակություն ես չունեմ: Ու հենց դրա համար ահավոր դուրս չէր գալիս, բայց համ էլ ամեն բառի հետ համաձայն էի: Ինձ մոտ միայն Գյոթեն ու Մոցարտը կփոխարինվեին Հեմինգուեյով ու Ջենիս Ջոփլինով: Մյուս կողմից, 20-ականների գրականությունից շատ չէր տարբերվում, իսկ էդ ժամանակաշրջանն ինչ-որ անբացատրելի ձգող ուժ ունի: Մենակ արևելյան փիլիսոփայության մասերն էին մի քիչ ներվայնացնող:

Նախաբանում Հեսսեն գրել էր, որ հաճախ իր գիրքը սխալ են հասկանում, որ այն ոչ թե կործանման, այլ ապաքինման մասին է: Ես արդեն տրամադրվել էի, որ մի սխալ հասկացող էլ ես եմ լինելու, որովհետև հիսուն տարեկան չեմ ու տղամարդ չեմ, բայց այդ ապաքինումը պարզից էլ պարզ էր, ու նույնիսկ զարմացա, որ կան մարդիկ, որոնք դա որպես  կործանում են ընկալել:

Մի հետաքրքիր երևույթ էլ նկատեցի: «Տափաստանի գայլը» կարդալիս անընդհատ այլ գրքեր էին միտս գալիս` սկսած «Փոքրիկ իշխանից», վերջացրած Ամելի Նոթոմբի «Մարդասպանի հիգիենայով»: Երևի կմտածեք` իրարից շատ տարբերվող գրքեր են, ո՞նց եմ նման եզրակացություն արել: Իմ կարծիքով, այդ բոլոր գրքերը մի առանցքային ընդհանրություն ունեն. բոլորն էլ ինքնավերլուծություններ են: 

Մեկ էլ ինչ-որ պահից սկսեցի մտածել, որ Հեսսեն միասեռական է կամ առնվազն միասեռական ֆանտազիաներ է ունեցել ու համարձակորեն արտահայտել է իր գրականության մեջ: Ուղղակի կային դրվագներ, որոնք առանձնապես բան չէին փոխում, բայց, միևնույն է, Հեսսեն չէր խուսափել դրանք ընդգրկելուց: Երբ ինտերնետում մի փոքր հետազոտություն անցկացրի, պարզվեց` սա միակ գիրքը չէ, որտեղ նման դրվագներ կան: Ինչևէ, Հեսսեի սեռական կողմնորոշումն ինձ բնավ չի հուզում: Ուղղակի ազգայնականներին եմ տեղեկացնում. մարդ ես, գուցե ուզենան Հեսսեի գրքերը վաճառող գրախանութներն էլ վառել, որ հայ աղջիկները նրա գրքերը չկարդան:

Այնուամենայնիվ, այսքանով սահմանափակվում եմ Հեսսեով: Գուցե նորից անդրադառնամ նրա գրականությանը, երբ նորմալ գերմաներեն իմանամ:

Հ.Գ. Գիրքն իմ սեփականն է: Ամռանը հետս Հայաստան եմ բերելու: Եթե որևէ մեկը ցանկություն ունի կարդալու, ձայն հանեք:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me