Ձյունը Ֆինլանդիայում ու մեղավորները

DSCF2099Առավոտը վեր եմ կենում, որ զարթուցչիս գլխին խփեմ, մի քիչ էլ քնեմ, բայց էն, ինչ տեսնում եմ դրսում, բավականաչափ շոկային է լինում, որպեսզի ինչպես հարկն է արթնանամ: Լիքը ձյուն էր նստել ու դեռ գալիս էր:

Տանը հետ ու առաջ եմ անում ու մտածում՝ ոնց համալսարան հասնեմ: Ավտոբուսների ժամերը չգիտեմ, դրանք էլ ժամը մեկ են աշխատում, էլ չեմ ասում, որ սարսափելի թանկ են: Քայլելն էլ մի ժամ է տևում: Լավ, փորձեմ հեծանիվով գնալ: Եթե շատ ահավոր լինի, կիջնեմ, կքայլեմ:

Հեծանիվս զգուշությամբ դուրս եմ բերում բակից: Մեր դիքը լրիվ ձնածածկ է, էդ մասը քայլում եմ: Ըհը, փողոցը ոնց որ ոչինչ. ավազ են ցանել: Դանդաղ առաջ եմ գնում հեծանիվովս, բայց մի տեղ, որ պիտի թեքվեի ու փողոցն անցնեի, գմփում եմ գետնին: Էդ ժամանակ նկատում եմ, որ փողոցի ձյունը մի թեթև անգամ մաքրած չէ, իսկ մեքենաների անընդհատ գնալ-գալուց սառույց է դարձել:

Մայթերին ամեն տեղ չէ, որ ավազ է ցանած: Պետք է շատ զգույշ գնալ: Միայն կենտրոնի մի փոքր հատվածում ձյունը լրիվ մաքրած էր, լինում էր հեծանիվ քշել: Փողոցները էլի նույն վիճակում. ձյուն ու սառույց: Անգամ համալսարանի տարածքը մաքրած չէր, ու երկրորդ անգամ ընկա, երբ մի մասնաշենքից մյուսն էի քայլում: 

Հետ գալուց նույնիսկ ավելի սարսափելի էր, որովհետև ավազը խրվել էր ձյան մեջ, իսկ որտեղ էլ չէին լցրել, արդեն մերկասառույց էր գոյացել: Էլի ինքս ինձ անիծեցի հեծանիվով դուրս գալու համար՝ առանց Յոենսուի քաղաքապետարանին հիշելու, որը, ասենք, կարող էր ավելի շատ ավազ լցնել մայթերին՝ շատ լավ իմանալով, որ քաղաքում հեծանիվը հիմնական փոխադրամիջոցն է: Տեղ-տեղ քայլելով, տեղ-տեղ դանդաղ քշելով մտա մեր բակ: Ուրախ եմ, որ կենդանի ու առանց որևէ վնասվածքի տուն հասա, բայց տեսականորեն ամեն ինչ էլ կարող էր լինել:

Ու սկսեցի մտածել, երկար-բարակ մտածել: Երբ առաջին անգամ ընկա, մտքովս չանցավ Յոենսուի քաղաքապետարանին քֆրտելու, որ փողոցները կարգին չեն մաքրել: Ասում էի՝ իմ էշ խելքը, որ ձյան մեջ որոշել եմ հեծանիվ քշել: Երբ երկրորդ անգամ ընկա, համալսարանի ղեկավարության հասցեին ոչինչ չասացի: Մտածեցի՝ աչքիս կոշիկներս սղլիկ են, պետք ա ուշադիր լինել:

 Ձյուն Նիդեռլանդներում էլ եմ տեսել: Հազիվ մի երկու սանտիմետր լիներ, բայց մի ամբողջ օր պետության բոլոր փոխադրամիջոցները պարալիզվել էին, մաքրել էին միայն կենտրոնական փողոցների ձյունը: Ասում են՝ էնտեղ բավարար քանակով ձյուն մաքրող մեքենաներ չունեն ու չեն էլ ուզում ունենալ, որովհետև թանկ արժեն, իսկ ձյուն իրենց մոտ այնքան էլ հաճախ չի գալիս:

Մտովի վերադարձա Հայաստանի ու Երևանի ձյուներին: Հիշում եմ՝ անընդհատ բողոքում էինք, որ ձյունը չեն մաքրում, թե՝ մեր քաղաքապետարանի կամ թաղապետարանի սենցը-նենցը և այլն, մինչդեռ իրականում ոչ մի տեղ չեմ տեսել, որ ձյան հարցերն էդքան լավ լուծեն, ինչպես Հայաստանում: Էս քանակի ձյունը շատ արագ են մաքրում փողոցներից էլ, մայթերից էլ (բայց մայթերը կարծեմ մենակ կենտրոնում): Ես չեմ հիշում, որ մեր համալսարանի տարածքը ձյունածածկ լինի. անմիջապես ասֆալտի վրայով էինք քայլում: Լավ տպավորվել է, որ մի տարի Ջերմուկից գալիս ձյան պատճառով կանգնեցինք մի երկու ժամ, մինչև ավազ լցնեին: Բայց դա ընդամենը մի երկու ժամ էր, ոչ թե մի ամբողջ օր, լեռներում էր, իսկ տեղացող ձյունն էլ սուտի մի երկու սանտիմետրը չէր, լավ ուժեղ էր, կես մետր հաստատ կլիներ: 

Բայց եթե Երևանում հեծանիվով դուրս գայի ձյան վրա ու ընկնեի, անընդհատ կհայհոյեի քաղաքապետարանին ու պետությանը, կասեի՝ զզվում եմ էս երկրից, ինչու եմ հայ ծնվել, գոնե մի քիչ եվրոպացիներից օրինակ վերցնեին և այլն: Ու երբեք-երբեք մտքովս չէր անցնի, որ ձյան ժամանակ հեծանիվ չեն քշում:

Այն, ինչ պակասում է Յոենսուում

Համակուրսեցիներս Յոենսուն չսիրեցին: Ասում են՝ շատ խաղաղ է, ոչինչ չկա էստեղ: Իհարկե, ես համաձայն եմ, որ էստեղի խանութներում ամեն ինչ չես գտնի, ամբողջ քաղաքում նույնիսկ մի սուշիանոց չկա, իսկ հետաքրքիր միջոցառումները սահմանափակվում են ուսանողական միության կազմակերպածներով: Էս ամենին գումարած մեծ քաղաքները շատ հեռու են (Պոտսդամ-Բեռլին հարաբերակցությունը չէ), հետն էլ մութ ու ցուրտ է: Այնուամենայնիվ, ինձ դուր է գալիս այստեղ ապրելը, ու լրիվ գոհ ու երջանիկ կլինեի, եթե չպակասեր միայն մի բան:

Էսօր հաշվել եմ. դասախոսներիս չհաշված ամբողջ քաղաքում միայն քսան հոգու եմ ճանաչում, որոնցից միայն տասնհինգը էրասմուս մունդուսցիներն են: Իհարկե, մեր առաջին կուրսեցիների հետ ջրիկանալը մի այլ կարգի հաճույք է, իսկ համակուրսեցիներիս հետ լիքը դարդեր ունեմ կիսելու, ու միշտ խոսելու թեմա գտնում ենք: Մյուս մունդուսցների հետ էլ հավես է մեկ-մեկ դուրս գալը, իսկ ինձ ծանոթ երեք ֆինները, որոնցից մեկի հետ ապրում եմ, բավական հետաքրքիր են: Բայց իմ բնույթի մարդու համար քսանը շատ քիչ է: 

Այնուամենայնիվ, ծանոթ մարդկանց քանակը բնավ այն չէ, ինչ իսկապես պակասում է Յոենսուում: Էստեղ կարոտում եմ մարդկային դեմ առ դեմ շփումը, երբ միայն մի հոգու հետ ես զրուցում ու ահագին խորանում ես: Հիմնականում դա միայն հայերի հետ է լինում, բայց ունեմ նաև արտասահմանցի ընկերներ, որոնց հետ կարող էի ժամերով նստել մի բաժակ սուրճի կամ գարեջրի հետ ու աշխարհի դարդերը քննարկել: Խրոնինգենում տեղում էի ճարել այդ մարդկանց (Դանիկան, Քրինան, Անկեն, Դեյվիդը և այլն), իսկ Բեռլին անընդհատ տարբեր տեղերից գալիս էին հին ընկերներս (բայց չմոռանանք նաև Արևիկի ու Մարիամի հետ հանդիպումը): Էստեղ մի տեսակ չգիտեմ՝ ինչից կախվեմ, չգիտեմ՝ որտեղ փնտրեմ էդպիսի մարդկանց, որ շփման պահանջս բավարարեմ:

Հա, ու հիշում եմ մեր առաջին կուրսեցիներից կամերունցի Դենիսին: Ֆիններենի դասի ժամանակ հայտնաբերեցինք, որ երկուսս էլ գրել սիրում ենք: Որոշեցինք, որ «հետո կխոսենք»: Բայց դրանից հետո առիթ չի եղել: Մտածում եմ՝ վաղը դասամիջոցին թևից բռնեմ, ասեմ՝ գնացինք սուրճ խմելու, մենք դեռ թեմաներ ունենք քննարկելու: 

– Ես մի պուպուլ ու վեց ծիծիկ ունեմ

Երկու համակուրսեցիներս մեկն ընկերոջ, մյուսը՝ քրոջ հետ վեր կացան, որ գնան. ուշ էր, պիտի մեքենայով բարձրանային: 

Մնացի առաջին կուրսեցիների հետ: 
– Դու մնում ես, չէ՞,- հարցրեց Լաուրան:
– Հա,- ասացի:
– Այոոոոոոո,- ոգևորվեց Լաուրան,- ես մի պուպուլ ու վեց ծիծիկ ունեմ:
Ծիծաղից ուշաթափվեցի: Ներկաները հարցական նայեցին մեզ: Ստիպված էինք անգլերեն թարգմանել Լաուրայի իմացած միակ հայերեն նախադասությունը:

– Ինձ մի քիչ էլ հայերեն սովորեցրու: Էս նախադասությունը զարմիկներս են սովորեցրել վեց-յոթ տարի առաջ: Գիտե՞ս, հորաքույրս հայի հետ է ամուսնացած Լոս Անջելեսում: Իրենց ամբողջ ցեղի համար պարտավոր է հայկական ուտելիք սարքել:
– Պարտավո՞ր:
– Հա, հենց պարտավոր:
Ծիծաղում ենք: Մի տեսակ էնքան լավ եմ պատկերացնում հայի ընտանիք ընկած ամերիկուհուն, որին ամեն օր ստիպում են տոլմա փաթաթել:
– Բա աչքի ուլունքները: Ինձ ամեն տարի ուղարկում են, որ չար աչք չկպնի: Զարմիկներս էլ զարդարված են էդ ուլունքներով:
– Կյանքից հետ են մնացել,- ծիծաղում եմ՝ հիշելով, որ վերջին անգամ աչքի ուլունք տեսել եմ տասնհինգ տարի առաջ պապիկիս հինգերորդ կնոջ մոտ, որը մեղմ ասած կրթություն չէր ստացել ու տարված էր նման բաներով,- բայց Լոսը հայերին հանդիպելու լավագույն տեղը չէ: 
– Հա, Լոսը տեղից լավ տեղ չէ: Էնտեղ բոլորը կենտրոնացած են փողի ու մեքենաների վրա: Էնտեղի հայերին տեսնելով անընդհատ մտածում եմ՝ մի ընդհանրացրու, մի ընդհանրացրու, դժվար ամբողջ ազգն էդպիսին լինի… Բայց պիտի ասեմ՝ ձեր ուտելիքը շատ համեղ է:
– Էդ ճիշտ ես,- ժպտում եմ:
Էդ պահին զրույցին միանում է նաև Այզլինը:
– Ես գիտեմ, որ դուք շատ գեղեցիկ գորգեր ունեք:
– Ահա:
– Գիտես, ես մի հայ ընկեր ունեի:
– Անունն ի՞նչ էր,- հարցնում է Լաուրան:
Ուր որ է՝ պիտի փորձեի գուշակել, բայց Այզլինն առաջ ընկավ.
– Արմեն:
Էստեղ ես ու Լաուրան նորից ծիծաղից թուլանում ենք:
– Բա էլ ի՞նչ պիտի լիներ,- ասում է Լաուրան:
– Տարածվա՞ծ անուն է,- զարմանում է Այզլինը,- չնայած պիտի գուշակեի. Արմեն-Արմենիա… Ինչևէ, ինձ մի քիչ հայերեն էր սովորեցրել:
– Հա՞, ի՞նչ գիտես,- ուրախանում եմ:
– Մմմմ, հիմա չեմ հիշում, բայց գրել եմ… գիտեմ, օրինակ, ջան-ը:
– Լավ էլ բառ գիտես:
– Ի՞նչ է նշանակում,- կողքից միանում է Ջանինը: 
Դե արի ու բացատրի:
– Նայի, օրինակ, կարող եմ ասել Ջանին ջան: Դա մոտավորապես կնշանակի սիրելի Ջանին, բայց դժվար է թարգմանել:
– Ջանին ջան, ջան-ջան:
Հաննան զրույցին չի խառնվում, բայց մի անգամ խոստովանել էր, որ իրեն դուր են գալիս հայ տղաների հոնքերը: Հաննան՝ ճըտ-պըտ կալիֆոռնիացի թիթիզ աղջիկ, ճապոնացու ու ամերիկացու խառնուրդ:

«Զմրուխտ քաղաքի կախարդը» (Լ. Ֆրանկ Բաում)

wizard-of-oz-posters2Գրքի հայերեն վերնագիրը հենց «Զմրուխտ քաղաքի կախարդ» է: Չնայած ինձ դուր չի գալիս, որ «Օզ» անունը վերնագրից կորել է, բայց ամեն դեպքում չեմ կարող հաշտվել այլ վերնագրի հետ, որովհետև փոքրուց որպես «Զմրուխտ քաղաքի կախարդ» եմ իմացել, իսկ Wizard of Oz-ին հանդիպել եմ ավելի ուշ:

Քրքրված գիրք էր: Եղբայրս ու ես մի քանի անգամ գրիչով անցել էինք վրայով: Մութ ու ցուրտ տարիներին մամաս էս գիրքն էր կարդում մոմի լույսի տակ, որ քնենք: Ու քանի որ վերջին էջերը չկային, էդպես էլ չիմացանք՝ վերջում ինչ է լինում, մինչև տարիներ անց Պրագայում կինոն չտեսանք:

«Զմրուխտ քաղաքի կախարդն» իմ մանկության սիրելի գրքերից է, չնայած ինքս առաջին անգամ էսօր կարդացի: 30-ականներին Ջուդի Գարլանդի մասնակցությամբ նկարահանված ֆիլմն էլ իմ սիրած ֆիլմերից է, ու մի հազար անգամ տեսել եմ: Էնտեղ հնչող Somewhere over the Rainbow երգն իմ ամենասիրած երգերից է, ու դրա տարբեր կատարումներ ունեմ կոմպիս մեջ:

Էսօր որոշեցի կարդալ: Ֆեյսբուքում մեկը ստատուս էր դրել մեջբերմամբ: Հավեսի ընկա: Սկսեցի կարդալ ու չուզեցի ընդհատել: Վաղուց էսպես հավեսով որևէ գիրք չէի կարդացել: Ու չեմ հիշում՝ վերջին անգամ երբ է պատահել, որ գիրքը սկսեմ կարդալ ու ցած դնեմ միայն ավարտելուց հետո: Եվ ամենազարմանալին այն էր, որ անգիր գիտեի՝ ինչ է լինելու, որը որից հետո է, բայց հավեսով էի կարդում:

Հեքիաթի պրիմիտիվ ճշմարտությունները, շատ արագ զարգացող իրադարձությունները, հմտորեն ստեղծված կերպարներն ու նրանց պարզ հարաբերությունները… Էս ամենն էնքան սիրուն էր: Ընթացքում ժպտում էի, նշումներ անում, նույն պարբերությունը մի քանի անգամ կարդում: 

Անկեղծ ասած, չէի ուզի վերլուծություններով ծանրացնել պարզ ու սիրուն հեքիաթը: Կասեի՝ էստեղ խոսում է ինքնավստահության բացակայության մասին ու թե որքան հեշտ է այն վերականգնելը, եթե դա անում է հեղինակավոր մեկը: Կասեի՝ հիմա էլ աշխարհում կան պետություններ, որտեղ մարդիկ ակնոցներով են նայում իրենց շրջապատին ու ամեն ինչ միագույն են տեսնում: Կասեի՝ կան Օզի պես թույլ ու վախկոտ ղեկավարներ, որոնք սարսափ են ներշնչում: Կասեի՝ մեր կյանքում էլ է հաճախ էդպես լինում, որ ամենապարզ լուծումներն ամենաբարդ տեղերում ենք փնտրում, ու դա իր նպատակն ունի: Կասեի՝ խոսվում էր նաև մարդկանց արժեհամակարգի տարբերությունների մասին (փայտահատը սիրտ էր ուզում, իսկ խրտվիլակը՝ ուղեղ, մինչդեռ երկուսն էլ դրանցից չունեին): Ու էլի լիքը անկապ բաներ կասեի, բայց չէ, թող մնա որպես իմ մանկության սիրուն հեքիաթ, որտեղից մի քանի մեջբերում հենց հիմա թարգմանում եմ ու դնեմ այստեղ:

– Ի՞նչ ես կարծում,- հարցրեց,- եթե քեզ հետ Զմրուխտ քաղաք գամ, այդ Օզն ինձ ուղեղ կտա՞:
– Չեմ կարող ասել,- պատասխանեց,- բայց կարող ես գալ ինձ հետ, եթե ուզում ես: Եթե Օզը քեզ ուղեղ չտա, սրանից ավելի վատ չի լինի քեզ համար:

***
– Ինձ չեն անհանգստացնում իմ ծղոտե ոտքերն ու մարմինը, որովհետև ցավ չեմ կարող զգալ: Եթե որևէ մեկը ոտքս տրորի կամ ասեղով ծակի, ոչինչ չեմ զգա: Բայց չեմ ուզում, որ մարդիկ ինձ հիմար անվանեն, ու եթե գլխիս մեջ ուղեղի փոխարեն ծղոտ մնա, ինչպե՞ս եմ երբևէ որևէ բան իմանալու:

***
– Երևի անհարմար է միս ու արյունից լինելը,- մտածկոտ ասաց Խրտվիլակը,- որովհետև պիտի քնես, ուտես ու խմես: Ամեն դեպքում, ուղեղ ունես, իսկ կարգին մտածելու համար արժե էդքան նեղություն քաշել:

***
Փայտահատը շատ լավ գիտեր, որ սիրտ չունի: Դրա համար հոգ էր տանում, որ երբևէ որևէ մեկի նկատմամբ չար ու դաժան չլինի:

Ու վերջում իմ ամենա-ամենասիրածը, որ ցանկացած հայրենասիրական ամպագոռգոռ հայտարարությունից ավելին արժի.

– Չեմ հասկանում՝ ինչու պիտի ուզես լքել այս գեղեցիկ երկիրը ու վերադառնալ էդ չոր ու գորշ վայրը, որ Կանզաս ես կոչում:
– Որովհետև ուղեղ չունես,- պատասխանեց աղջիկը,- կապ չունի՝ ինչքան մռայլ ու գորշ են մեր տները: Մենք՝ միս ու արյունով մարդիկ նախընտրում ենք այնտեղ ապրել, ոչ թե որևէ այլ երկրում, ինչքան էլ գեղեցիկ լինի այն: Տնից լավ տեղ չկա:
Խրտվիլակը հոգոց հանեց:
– Իհարկե չեմ կարող հասկանալ դա,- ասաց,- եթե քո գլխի մեջ էլ իմի պես ծղոտ լիներ, երևի բոլորդ էլ գեղեցիկ վայրերում կապրեիք, ու Կանզասում ոչ ոք չէր լինի: Կանզասի բախտը բերել է, որ դուք ուղեղ ունեք:

Մի օր երևի ես էլ երեխաներ կունենամ ու նրանց համար քնելուց առաջ կկարդամ էս հեքիաթը:

Մի քիչ Ֆինլանդիայից

Ապրում եմ Ֆինլանդիայի արևելքում գտնվող Յոենսու (թարգմանաբար՝ գետաբերան) քաղաքի կենտրոնից չորս կմ այն կողմ Հուկանհաուտա (գայլի գերեզման) թաղամասում: Փողոցս կոչվում է Կարյամաենտիե (կովերի բլրի փողոց): Ապրում եմ թայվանցի համակուրսեցուս ու մի ֆիննուհի առաջին կուրսեցու հետ, որը ռուսաց լեզու և մշակույթ է սովորում: 

Հուկանհաուտան Յոենսուի ամենածայրում է: Բավական է հասնել Կարյամաենտիեի զուգահեռ փողոցին, ու քո սեփական աչքով կտեսնես, որ դրանից այն կողմ քաղաք չկա: Բավական խիտ բնակեցված Գերմանիայից ու Նիդեռլանդներից հետո, որտեղ քաղաքի ավարտը տարբերակելու համար հատուկ գիտելիքներ էին պետք, անսովոր է նման հստակ բաժանում տեսնելը: 

Թաղամասն ամբողջությամբ ծառերի ու անտառների մեջ է: Կան տներ, որոնք լրիվ առանձնացած են քաղաքակրթությունից, ու դրանց հասնելու համար պիտի ծառերի խիտ շերտի միջով անցնես: Կան նաև բազմաթիվ կենդանիներ, որոնք մարդկանցից չեն վախենում: Սկյուռիկերը վազվզում են մեր բակում, սնունդ փնտրում: Հարևանի հսկայական սև կատուկ ծանր քայլերով մոտենում է մեզ, մռռում-գռռում, տերևների մեջ թավալ տալիս, որպես հրաժեշտ ընկերական ճանկռում ու առանց հետ նայելու հեռանում: Ասում են՝ էստեղ արջեր էլ կան: Մինչև հիմա միայն արջի արձանն ենք տեսել ու ոտնահետքերը: 

Այստեղ բոլոր տների դռների մոտ եռակողմ խոզանակ կտեսնես: Հարցրի, թե ինչի համար է: Ասացին, որ երբ ձյուն է գալիս, կոշիկները նախապես դրանց վրա են մաքրում: Բոլոր շենքերը կրկնակի դռներ ունեն: Տաքություն պահպանելու համար է: Պատուհաններն էլ կրկնակի փեղկեր ունեն: Ահագին ուրախացա, երբ դրանք տեսա, որովհետև հիշեցի Երևանի մեր պատուհանները, որոնց փեղկերը մամաս առանձացնում էր լվանալու համար: Չգիտեմ ինչու, սիրում էի մեր տան պատուհանների փեղկերն իրարից առանձնացած տեսնել: Իսկ էստեղ ամեն ինչ շատ հեշտ է. դրանք առանձին-առանձին են բացվում:

Հուկանահաուտայից կենտրոն օրվա ընթացքում մի քանի ավտոբուս է գնում: Բառիս բուն իմաստով մի քանի. դրանք աշխատում են ժամը մեկ, այն էլ՝ առավոտից մինչև վաղ երեկո: Տոմսերն էլ ահագին թանկ են: Դրա համար առաջին օրերին ամբողջ ճանապարհը ոտքով անցնելուց հետո հեծանիվներ ձեռք բերեցինք: Միայն Լիլին մնաց ավտոբուսի հույսին: 

Մեր թաղամասը բլրի վրա է: Դրա համար համալսարան գնալը շատ հեշտ է, բայց հետ գալը դաժան ֆիզիկական աշխատանք է: Այնուամենայնիվ, ես սիրում եմ այդ ճանապարհը:

Կենտրոնից Հուկանհաուտա հասնելու համար պետք է գետի վրայով անցնել: Քաղաքը միայն երկու կամուրջ ունի: Մեկը շատ ցածր է: Ասում են՝ խախտում է ցանկացած տիպի անվտանգության կանոն: Ասում են՝ ամեն տարի էնտեղից ընկնող հեծանվորդներ են լինում: Բայց նաև ասում են, որ այդ վտանգը միայն հարբածներին է սպառնում:

Բարձր կամուրջն ահավոր քամոտ է: Մեկ-մեկ ուզում ես խուսափել նրանից, փոքրով ես գնում: Բայց մեկ-մեկ էլ ուզում ես շուտ տուն հասնել ու թքած ես ունենում քամու վրա: Կամ էլ շարֆերով-գլխարկներով լավ թաքնվում ես, որ քեզ չխանգարի: Ու հենց էս կամրջից է, որ տեսնում ես ջրի մեջ արտացոլվող ոսկեգույն ու մանուշակագույն ամպեր, հեռվում հանգչող մայրամուտ: Երբ Յոենսուն մթնում է, քեզ թվում է՝ հեռվում, ինչ-որ մի տեղ դեռ արևը շողում է:

Մինչև այստեղ գալս ես բոլորովին այլ պատկերացումներ ունեի մութ ձմեռների մասին կամ երևի այդքան ինձ չէի տանջել, որ ընդհանրապես որևէ պատկերացում ունենամ: Ես կարծում էի՝ պիտի որ շատ արագ լույսը բացվեր, արևը մի երկու ժամ շողար, հետո նորից շատ արագ մութն ընկներ: Իրականում այստեղ օրերը կարճանում են լուսաբացի ու մայրամուտի երկարացման հաշվին. դու կարող ես առավոտյան նկատել լուսաբացի այրվող գիծը, բայց ժամեր շարունակ դեռ մութ լինի, իսկ մութն ընկնելուց հետո ժամեր շարունակ տեսնում ես մայրամուտի գիծը, ու հենց դա է տպավորություն ստեղծում, թե այնտեղ՝ ինչ-որ մի տեղ, դեռ արև կա:

Արևը երբեք չի բարձրանում այստեղ: Նույնիսկ այն օրերին, երբ անձրև չկա, ամպամած չէ, արևը գլխավերևումդ չես տեսնի: Ոնց որ ուժ գործադրի, որ հորիզոնի գծից ձգվի: Բայց դա շատ քիչ է լինում՝ շատ փոքր անկյան տակ, ու անմիջապես գլորվում է դեպի արևմուտք:

Երկինքը ոչ միայն գլխավերևումդ է, այլև կողքդ: Թվում է՝ մի քիչ էլ առաջ գնաս, ու կձուլվես երկնքին: 

Վաղվանից մթությունն ավելի է ծանրանալու, որովհետև ժամերը հետ են տալիս: Իսկ ցուրտն արդեն էստեղ է: Միայն ձյուն չկա, բայց բոլոր տերևներն արդեն թափվել են:

Եղանակի տեսություն

Կներեք, էսօր երևի զահլա տարա, շատ եմ գրում, բայց… 

Ինչ MP3-փլեյերիս հերն անիծել եմ, հեռախոսով ռադիո եմ լսում հեծանիվ քշելիս (իսկ փլեյերիս հերն անիծվել ա, որովհետև չգիտեմ ոնց գրպանիցս ընկավ գետնին, հեծանիվով վրայով անցա: էլի շարունակում էր նվագել, բայց երբ ականջակալները հանեցի, հետո էլ չմտավ. ծակը փոքրացել էր):

Հա, ուրեմն ֆիննական ռադիո եմ լսում: Երեք շաբաթական ֆիններենս բնականաբար մեղմ ասած հերիք չի անում, որ հասկանամ՝ ինչ են ասում: Բայց դե հո թվերը գիտեմ:

Ու մեկ էլ լսում՝ եղանակի տեսություն: Ինչի՞ց հասկացա: Ասում էր՝ վեց-յոթ, իսկ էդ վեց-յոթից առաջ էլ՝ մինուս:

Հա, մեկ էլ էսօր եսիմ ոնց բռնացրեցի, որ անգլերեն լուրեր էին հաղորդում: Ուշադիր լսում էի: Ֆինլանդիայում անսպասելի (մամա ջան, փաստորեն մենակ Հայաստանում չի տենց) ձյուն ա տեղացել, ու լիքը ավարիաներ են էղել: Տենց խորհուրդ էին տալիս մեքենաների ամառային պագռիշկաները փոխել ձմեռայինի (ուփս, իմ հեծանիվը դեռ ամառայինով ա, բայց չեմ փոխելու): Վերջում էլ եղանակի տեսություն: Հելսինկիից մինչև Լապլանդիա զրոյից մինուս տասնհինգ: Թե որտեղ ինչքան՝ բաժանեք-կիսեք: Հետո էլ թե՝ ուժեղ ձյուն (շունչս պահում եմ) Ֆինլանդիայի ափի երկայնքով, հարավում, հյուսիսում ու արևմուտքում: Շունչս հետ ա գալիս: Գուշակեք՝ որտեղ եմ ապրում: Իհարկե արևելքում:

Եթե հոկտեմբերը ձգեմ հեծանիվով, երջանիկ կլինեմ: Եթե նոյեմբերն էլ ձգեմ, կհպարտանամ ինձնով ու դեկտեմբերի համար հանգիստ ավտոբուսի տոմս կառնեմ: 

Ու համ էլ աչքիս էս տարի անցյալ անձյուն ձմեռվա տեղը հանելու եմ: Տո գալիքների տեղն էլ եմ հանելու:

Հ.Գ. Հա ուզում եմ նենց պուպուշ գրառում անել մանրամասն պատմելով Ֆինլանդիայի մասին, մի տեսակ չի ստացվում:

Protected: Վիպակի մասին

This content is password protected. To view it please enter your password below:

Զանգվածային արտագաղթ ԿՄ-ից

Կար ժամանակ, երբ հենց էնպես չէիր կարող ԿՄ-ում գրանցվել:

Կար ժամանակ, երբ ԿՄ-ում ոչ մի հայ բլոգերի չգիտեի, իսկ ավելի ճիշտ՝ ԿՄ տերմինը չկար: Ու գրում էի անգլերեն

Կար ժամանակ, երբ ԿՄ-ում լիքը հայ բլոգերներ կային, բայց բոլորը ռուսերեն էին գրում, ու հենց էդ ժամանակ անցա հայերենի:

Կար ժամանակ, երբ ԿՄ եկան ակումբցիները, ու հայերենը կամաց-կամաց շատացավ: 

Կար ժամանակ, երբ փորփրում էինք ԿՄ-ն ու փորձում հայերեն բլոգներ գտնել ու կիսվել մեր բացահայտումներով կամ փորձել թաքցնել:

Կար ժամանակ, երբ ԿՄ-ում լիքը հայերեն գրող հայ բլոգերներ կային, ու կարդում էինք իրար, քոմենթում իրար:

Հիմա ԿՄ-ն դատարկվել է: Անընդհատ հայտնաբերում եմ, որ երբեմնի ակտիվ բլոգերը տեղափոխվել է wordpress կամ blogspot կամ մի ուրիշ տեղ կամ Ֆեյսբուքում է:

Հիմա բացում եմ ֆրենդլենտաս: Ամբողջ օրվա մեջ հազիվ երկու-երեք նոր գրառում: Ու հին մարդիկ են մեծ մասը՝ ակումբցիները, մեկ էլ էլի մի երկու հայերեն գրողներ. հայերենը մեռել է ԿՄ-ում:

Կար ժամանակ, երբ ես էլ էի ուզում տեղափոխվել, ու որտեղ ասես ինչ թեմատիկ ուղղվածությամբ ասես բլոգ չբացեցի: Հետո հասկացա, որ ուր էլ գնամ, ինչքան էլ ավելի լավ հնարավորություններ առաջարկեն (այդ թվում ամենագայթակղիչը՝ անանունությունը), չեմ թողնի ԿՄ-ն, որովհետև էստեղ եկա, երբ ընդամենը տասնվեց տարեկան էի ու էստեղ երկար ճանապարհ անցա, հարմարվեցի, տնավորվեցի: Մյուս տարի էլ պիտի բլոգիս տասնամյակը նշեմ:

Լիքը մարդիկ կգան ու կանցնեն, բայց ես ԿՄ-ից ոչ մի տեղ չեմ գնա. էս իմ վիրտուալ տունն է, որտեղ կյանքիս մի խոշոր հատված եմ ապրել ու որտեղ հարևաններն անընդհատ փոխվում են:

Փոսթքրոսինգից

Սովորաբար փոսթքրոսինգից ստացած և ընդհանրապես իմ ունեցած բացիկները պատերիս եմ կպցնում: Պատերիս հատուկ դասակարգում կա. մահճակալիս վերևում Իռլանդիայի հետ կապվածներն են: Պահարանիս մի դռան վրա Հոլանդիան, մեկի վրա մնացած Եվրոպան, մյուսի վրա ԱՊՀ երկրները: Սենյակիս դռան վրա Գերմանիան է: Գրապահարանիս վերևում ինձ շատ դուր եկած, բայց առանց որևէ տեսարժան վայրի բացիկներն են: Պատուհանիս վրա Ֆինլանդիան է, աջ կողմում՝ մնացած երկրները: 

Էսօր մի բացիկ ստացա, որը չեմ ուզում որևէ տեղ կպցնել: Գերմանիայից էր: Մի քանի նախադասության փոխարեն մի հսկա տեքստ էր գրված, որը սկսվում էր «բարևով» (հենց հայերեն բարևով): Հեղինակը հայկական արմատներ ունեցող լրագրող էր, որը կարդացել էր գրելու բլոգս ու լիքը քաջալերիչ խոսքեր գրել: Վերջում էլ ծնունդս էր շնորհավորել: Մի տեսակ հուզվեցի: Էնքան թանկ դարձավ էդ բացիկը, որ պատերիս վրա ոչ մի տեղ չուզեցի տեղավորել: Երկար-բարակ մտածելուց հետո բացեցի Անայի նվիրած բլոկնոտը, որտեղ գրական փորձարկումներ եմ անում, բացիկը դրեցի գրպանիկի մեջ: Այ հիմա իր իսկական տեղում է:

Սկանդինավյան ցուրտ

… երբ ոտքերիդ (կամ անիվներիդ) տակ տերևները ոչ թե խշխշում են, այլ սրթսրթում, երբ երկար սպասված արևածագն անմիջապես վերածվում է մայրամուտի, երբ գետնին ընկած ձեռնոցդ չես բարձրացնում ոչ թե որովհետև պղծվել է, այլ որովհետև սառել-կպել է գետնին, երբ փորձում ես հակառակն ապացուցել մարդկանց՝ ցույց տալով, որ շատ երջանիկ ես, բայց արցունքներդ զսպում ես ոչ թե նրա համար, որ չես ուզում քեզ տխուր տեսնեն, այլ որովհետև վախենում ես՝ կսառցակալեն ու կմնան դեմքիդ:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me