Ես…

Ես վայրի եմ. ասես ջունգլիներից փախած լինեմ: Ես ազատ եմ, ինչպես քամին, որը փչում է ուր պատահի, երբ կամենա: Իմ խելագար մազերը վազքի մեջ են միշտ՝ իրարից անկախ, բայց ինձ սիրող: Մանկական մատներս երբևէ չեն զարդարվում գունագեղ եղունգներով: Ես վայրի, խուճուճ կատվիկ եմ, որի ճանկերը չեն երևում: Կնստեմ մի անկյունում ու սուսուփուս մարմինս կհարդարեմ: Եվ քայլելիս կցնցվեմ մաշկիս տակ կուտակված ճարպից, բայց ես նրբիկ եմ, քնքուշ: Չեմ ճանկռում, երբ պոչս չեն քաշում, թաթս չեն տրորում: Ես փոքրիկ եմ, անօգնական, բայց վերևից ընկնելիս միշտ փափուկ ոտքերիս վրա եմ կանգնում: Ես կամակոր եմ, մաքրասեր, բայց, ինչպես ցանկացած կատու, չեմ սիրում ինձ վրա ավելորդ հագուստ ու զարդարանքներ հավաքել:
Ես կատվիկ եմ. սիրում եմ, երբ շոյում են ականջիս հետևը, խաղում ինձ հետ, իսկ կեղծավորներին հեռվից եմ զգում, ֆշշացնելով դիմավորում:

Երկրաշարժ

Ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում: Բոլոր կենդանիները խելագարվել էին: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ ահավոր վախենում էի երկրաշարժից, կենդանիների անհանգստությունը նախանշան էի համարում:
Վազեցի տուն: Բոլորն էլ ինչ-որ վատ բան էին կանխագուշակում: Խավար էր: Հետո հանկարծ տունը ցնցվեց: Ես ընկա գետնին, բայց մնացածներն իրենց տեղում էին:
– Երկրաշա՜րժ է,- բացականչեցի, չնայած կասկածում էի, որովհետև միայն ես էի ընկել:
– Հա՛, զգացինք, բայց ոչ թե երկրաշարժ է, այլ աշխարհն է ցնցվում:
Ասես աշխարհի վերջը լիներ: Վախեցել էի: Բայց միայն ես էի վազում անկյուններում կանգնելու, մյուսները շատ հանգիստ էին:
Հետո հասկացա, որ իրոք երկրաշարժ էր, բայց միայն ինձ համար, իմ ներսում: Աշխարհի վերջն էր, բայց միայն իմ սեփականի: Այնքան էլ հեշտ չէ արմատախիլ անել մի բան, որ թանկ է քեզ համար: Հետևանքը երկրաշարժն է:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Նոր դեղ է պետք գտնել: Հինը ոչ միայն այլևս չի օգնում, այլև շատ ահավոր կողմնակի ազդեցություններ ունի: Թունավորվում եմ:
Բայց մի՞թե հնարավոր է ավելի լավը ճարել:

Կբռնես ձեռքս, գրիչս կխլես: Բայց չէ՛, չես կարող ինձ արգելել գրել: Ես կկտրեմ մազերս ու դրանցից տառեր կսարքեմ: Կպատռեմ հագուստս, որ կտոր-կտոր բառեր դառնան ու հերթով շարվեն սպիտակ խալաթիս վրա, որն իմ թուղթը կլինի: Թել ու ասեղ կվերցնեմ, մտքերս կկարեմ թղթիս, որ եթե հանկարծ քամին փչի, դրանք չցրվեն, չփախչեն ինձնից: Բառերը ծակել չի կարելի. պետք է զգույշ աշխատել: Այդ դեպքում ինչպե՞ս կպցնեմ թղթին, ի՞նչ անեմ, որ չկորչեն: Ուժեղ մտքերը մնայուն են, կարելու կարիք չկա: Դրանք տպվում են ավելի ամուր թղթի վրա, որը ո՛չ քամուց կքշվի, ո՛չ կրակից կայրվի:
Վերցրու՛ գրիչս, պատռի՛ր տետրերս, կտրի՛ր ձեռքերս: Միևնույն է, ես գրելու եմ՝ ինչ էլ անես, ինչ էլ ասես…

Բարև՛, դիակս քեզ մոտ եմ թողել: Եթե կարող ես, վերադարձրու:

Չգիտեմ՝ ինչ ծանրության պետք է լինեն մտքերս, որ անգամ հանգստացնող ընդունելուց հետո թույլ չտան քնել: Եվ արցունքները հոսում են: Վերջին անգամ ե՞րբ եմ այսպես անկողնում արտասվել: Դեռ փորձում էի քնել… Շատ-շատ աչքերս փակեի ու չբացեի՝ խեղդվելով սեփական արցունքներից:
Սարսափելի է, երբ ինչ-որ բան ես ուզում ասել, սակայն ոչ մի կերպ չի հաջողվում: Չես հասկանում, թե ուր է կորել երբեմնի անկեղծությունը, չգիտեմ, թե պատճառն ում մեջ է: Ցնորվում եմ: Անցյալ գիշերվա նման հիմա էլ շարունակում եմ երկխոսությունը… չէ՛, մենախոսությունը: Ու ցավում եմ, որ դա գլխիս մեջ է մնում, այդպես էլ խոսք չի դառնում: Ուզում էի նամակ գրել: Դա էլ երկար կտևեր: Իսկ սրտիս ձայնը լսվում է նույնիսկ այն ժամանակ, երբ մեջքի վրա եմ պառկում: Իսկական մղձավանջ… Անկողնում այդ դիրքում եմ հայտնվում միայն վատ երազներից հետո: Պակաս վատը չէ… միայն թե իրականություն է:

Անցյալ տարվա մայիսին էլ էի քնելուց առաջ հանգստացնող խմում, բայց այն տարբերությամբ, որ այն ժամանակ չգիտեի սրտիս արագ զարկերի պատճառը: Իսկ հիմա չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Զգում եմ, որ կորցնում եմ: Ինչպե՞ս պահպանել այն, ինչ դեռ մնացել է: Պետք է պատճառները հասկանալ… Վախենում եմ… Վախենում եմ նրանից, որ ես շատ զզվելի ու էգոիստ աղջիկ եմ: Մի՞թե այլևս երբեք հանգստություն չեմ ունենալու: Գուցե փախչեմ, հեռանամ ամեն ինչից ու ինքս ինձնից…

Ի՜նչ հաճելի է, երբ ի սկզբանե որոշում ես մենակ գալ համերգ: Այս դեպքում…
ոչ ոք չի հրաժարվում քեզ ընկերակցելուց
ոչ ոք չի հիասթափացնում
կախված չես ոչ ոքից
բոլորը քեզ սիրում են
բայց դու ոչ ոքինն ես
ոչ ոք թքած չունի քեզ վրա
բոլորը քեզ հարազատ են
դու զայրացած չես
չես արտասվում
տրամադրությունդ բարձր է
վրեժ լուծել չես ուզում
արհամարհված չես
ստիպված չես որոնել ծանոթ մարդկանց, որոնք քեզ կառաջարկեն իրենց միանալ, որ մենակ չմնաս
ստիպված չես գտնելուց հետո սպասել հրավերի
ու չստանալուց հետ քեզ լքված զգալ
ծանոթներն իրենք են քեզ գտնում
զարմանում, որ մենակ ես
առաջարկում միանալ
բայց դու մերժում ես, որովհետև որոշել էիր մենակ գալ
և դու քեզ լավ ես զգում, երաժշտությունը վայելում
………..
այս ամենը քեզ միայն թվում է
դու ձանձրանում ես
որոշում գնալ
որովհետև եկել էիր ոչ թե համերգ, այլ ապացուցելու, որ շատ լավ է
ՄԵՆԱԿ
թքա՛ծ բոլորի վրա

գերադասում եմ ինքս ընտրել մենակությունը, քան դատապարտվել դրան

Երեկ երբ տուն էի գալիս, ճանապարհին երկու ծանոթ դեմք տեսա: Երբ մոտեցա, նկատեցի նաև երրորդին, որին առաջին անգամ էի տեսնում այն պարզ պատճառով, որ նոր էր լույս աշխարհ եկել: Մեր դասարանի Աննայի զավակն էր: Մի պահ ուղեղիս մեջ չտեղավորվեց. Աննա ու երեխա: Դա այն նույն աղջիկն էր, որը գլխին հսկայական ժապավեն կապած դպրոց էր գալիս. ասես գլուխ գլխի վրա լիներ: Նույն Աննան էր, որին երբ դասվարը կանչում էր գրատախտակի մոտ, նա հարցնում էր. «ե՞ս», բայց առանց պատասխանի սպասելու տեղից վեր կենում, կատարում դասվարի հրահանգը: Եվ հարցն անտեղի էր, որովհետև մեր դասարանում միայն մի Աննա կար: Չնայած դրան, նա չէր ալարում ամեն անգամ նույնը կրկնել ու նկատողության արժանանալ: Այո՛, դա այն նույն համադասարանցիս էր, որը դուրս պրծած աչքեր ուներ և դրա պատճառով նմանվել էր գորտի: Գուցե երեխայի բախտը բերել է, և նա նույն դուրս պրծած աչքերը չունի, հորն է քաշել: Իսկ գուցե Աննայի ամուսնու դեմքն էլ նույն թերությունն ունի… Խե՜ղճ երեխա… Եվ նրա մայրը նույն աղջիկն էր, որին մի օր՝ 10-րդ դասարանի վերջերին, հազիվ ճանաչեցի: Ինչ-որ շատ էր փոխվել, բայց ոչ մի կերպ չհասկացա՝ ինչը: Միայն «Վերջին զանգին», երբ նայեցի նրա ֆենած մազերին ու դուրս պրծած աչքերին, որոնք ծածկված էին օպտիկական ակնոցներով, նկատեցի, որ պարզապես ունքերն է հանել:
Եվ հավատս չի գալիս, որ նույն համադասարանցիս 1-2-րդ դասարաններում ամեն կերպ փորձում էր իմ մտերիմ ընկերուհին դառնալ, և, ցավոք, կհաջողվեր, եթե Հայաստանից մեկնեինք, արդեն երեխա ունի:
Ինչպե՞ս է անցել հղիությունը, ծննդաբերությունը: Շա՞տ է տանջվել: Երեխան ինչպե՞ս է մեծացել մինչև հիմա, կրծքո՞վ է սնվում… Հարցեր, որոնք կծագեին միայն բժշկական համալսարանի ուսանողուհու գլխում, որը շտապում էր տուն, որ մանկաբուժության հերթական դասը սովորի…

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me