Imagine all the people
Living for today…
(John Lennon)

Հիստերիկ ծիծաղ բռնեց, երբ արտասահմանցիների (թե՞ սփյուձքահայերի) մի խումբ ինձ կանգնեցրեց, և նրանցից մեկն ասաց.
– Մադա՛մ, Բաղրամյան սթրիթ:
Ես բացատրեցի, թե ինչպես պետք է հասնեն այնտեղ:
Նրանք ի՞նչ իմանային, որ ընդամենը կես րոպե (այո՛, այո՛. հենց 30 վայրկյան) առաջ ինձ երկու օտարերկրացիներ (երևի արաբներ) մոտեցան: Մինչ մեկը կամացուկ մի կողմ կքաշվեր, մյուսը հարցրեց.
– Ռուսերե՞ն, հայերե՞ն:
Պատասխանի չսպասեց, շարունակեց.
– Իմ ընգեր,- ցույց տվեց ընկերոջը,- դու ընգերուհի:
Ձևացրի, թե չեմ հասկանում:
– Դու իմ ընգերոջ ընգերուհի:
Իբր հասկացա, պատասխանեցի.
– Չէ՛:
– Ինչու՞,- հուսահատված ասաց նա, մինչ «ընգերը» նշան կաներ, որ կարճ կապի:
Իսկ ես միամիտ, բայց և բնական պատասխան տվեցի.
– Որովհետև նրան չեմ ճանաչում:
…Նրանք չգիտեին, որ իրենց կանգնեցրած աղջիկն ընդամենը մի քանի րոպե առաջ անջատված, անուշադիր ու դանդաղ հատում էր Մաշտոցի պողոտան, որտեղ բոլոր մեքենաները ենթարկվել էին կարմիր լույսին, բայց 93 համարի երթուղայինը մեծ արագությամբ էր գալիս, և հազիվ հասցրեց արգելակել: Վարորդը մտքում (կամ բարձրաձայն. ի՜նչ իմանաս) հայհոյեց ինձ: Նա չգիտեր, որ ուղիղ երկու րոպե առաջ մտազբաղ քայլում էի Օպերայի բակում, հիշում դեպքեր, որոնք կատարվել էին այնտեղի աստիճանների վրա, իսկ կողքից անցնող միջին տարիքի մի մարդ զարմացած ինձ էր նայում՝ չպատկերացնելով անգամ, որ մինչ այդտեղ գալը ես քայլում էի Մաշտոցի պողոտոյաով դեպի Օպերա: Այդ ժամանակ էր, որ հեռախոսս զանգեց: Չնայած փորձեցի թաքցնել անկապ տրամադրությունս, զանգահարողը նկատեց դա: Բայց նրա մտքով չէր էլ անցնում, որ մոտ 10 րոպե առաջ գլուխս կախ անցնում էի Հանրապետության հրապարակով, երբ անկյունից մի ձայն ինձ սթափեցրեց.
– Բյու՞ր:
Հետո ասաց, որ նստեմ ծառին (ծառ չէր, կոճղ էր), որ ինձ նկարի: Երևի անձրևն էր պատճառը, որ չնկատեց թաց աչքերս: Նա չգիտեր, որ 76 վայրկյան առաջ արցունքը անձրևից տարբերեցի, որովհետև այն ջերմ էր, մի տեսակ իմ կտորը: Այդ ժամանակ առաջս կտրած մուրացկանը չէր կարող պատկերացնել, որ ընդամենը երեք ժամ առաջ տագնապամարիչ էի խմել, բայց չգիտես ում վրա զայրացած, փշուր-փշուր եղած սրտով Երևանի փողոցներն էի չափչփում:

Մտքիս ծայրով էլ չէր անցել, որ ուղիղ 41 ժամ 17 րոպե 25 վայրկյան անց աչքերս բացելու եմ, բոլոր դեղերն աղբարկղը նետելու ու որոշելու, որ ես արդեն առողջ եմ, իսկ դրանից 34 ժամ 56 րոպե 19 վայրկյան անց քայլելու եմ դեպի տուն ու երգեմ.
– …
Ողորմությունն է Նրա հավիտյան…
Ես չգիտեի, որ նույն խոսքերը 136 անգամ կրկնելուց հետո դրանք գրելու կարիք կլինի, և ես առաջին տողը կմոռանամ հերթական հիստերիկ նոպայից հետո…

Երբ դեռ փոքր էի և մեծերից հաճախ լսում էի «նևրոզ» բառը, շատ աղոտ պատկերացումներ ունեի, թե դա ինչ է:
Հիմա, երբ այդ ամենը զգացել եմ սեփական մաշկիս վրա, երբ քանդել եմ բոլոր հնարավոր գրքերը, որ հասկանամ, թե ինչ է կատարվում և երբ բժիշկն էլ հաստատել է, որ «նյարդերս լավ չեն», հատուկ ռեժիմ ու դեղեր է նշանակել, ես շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է դա: Իննան զուր էր պնդում, թե այն օրը սառելս ու գետնին ընկնելը նեյրոցիրկույլատոր դիստոնիայի հետևանք էր: Շատ լավ եմ հիշում ձեռքերիս սառնությանը նախորդած ներվայնությունս: Իսկ երբ բժիշկը հարցրեց, թե ինչի հետ եմ կապում նյարդերիս լարվածությունը, ես պատասխանեցի. «Մենակ եմ»: Պարզվում է՝ մենակությունն էլ այստեղ կապ չունի: Ահա Իննան 2-3 օր հետս մնաց, բայց ներվայնությունս բնավ չէր անցնում: Ես գիտեի, որ այն կա, պարզապես դեղերով ճնշվում էր:
Այսօր էլ լավ չէի: Մի 3,5 ժամ քնել եմ… քնե՞լ… չէ՛, դժվար է բացատրել, թե ինչ էչ կատարվում ինձ հետ այդ ժամերի ընթացքում: Հա՛, պառկած էի: Հա՛, աչքերս փակ էին, բայց սրտիս աշխատանքն ահավոր էր, ինչքան էլ վերապամիլը ժամանակին խմած լինեի: Ուղեղս էլ չէր անջատվում. մտածում էի կողքի սենյակում կիսատ թողած աշխատանքիս մասին, որն ի վիճակի չէի շարունակել ատարաքսի դոզան ստանալուց հետո: Հետո ինչ-որ անուններ էի տալիս, ինչ-որ մարդկանց կանչում, ջրի տարօրինակ ձայն լսում: Թվում էր՝ խոհանոցում ջրհեղեղ էր: Ուզում էի վեր կենալ, նայել, բայց ոտքերս թուլացել էին, չէին շարժվում: Ու էդպես կեսքնած-կեսարթուն մնացի այնքան, մինչև զգացի, որ աչքերս բացելուց հետո այլևս չեն փակվում, որ կարող եմ ոտքս սահեցնել, մահճակալից իջեցնել: Ու կարողացա երերալով ոտքի կանգնել: Ասես հարբած լինեի: Հետո Նոնային զանգեցի: Ահավոր կոպիտ էի, նյարդայնանում էի, երբ նա հիվանդությանս (ի՞նչ հիվանդություն. նևրոզը հիվանդություն չէ) մասին հարցեր էր տալիս:
Բայց ես հասկացա, որ ջղայնությանս հիմնական պատճառը համակարգիչն է: Չէ՞ որ երեք օրով հեռացել էի նրանից, և համեմատաբար լավ էի զգում ինձ, իսկ այսօր… այսօր ասես նույնը նորից պետք է կրկնվեր: Լավ է, որ մայրս ինձ պրոֆիլակտիկայի միջոցներ էր ասել, և ամեն ինչ ավելի մեղմ էի տանում:

Ուզում եմ բղավել, ինձ պատեպատ խփել, մազերս պռճոկել այնքան, մինչև շունչս փչի: Հետո էլ աչքերս կփակեմ, հանգիստ կպառկեմ դագաղի մեջ: Շուրթերս կապտած կլինեն: Չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե այդ տեսքն ինձ կսազի… Ու՜ֆ, էս ի՞նչ վատ մտքեր են:

Վերջին հինգ օրվա կյանքս ինձ անչափ դուր եկավ: Այնքան էի հետ գնացել, որ զարմացա, որ կարողացա ամբողջ հինգ օր դասերս ծայրից ծայր սովորել: Ավելին՝ շատ ուրիշ բաներ էլ էի հասցնում: Մի՞թե պատճառը մենակ ապրելն է, թե՞ մանկաբարձությունից հետո խելքի եկա:

Մենակ ապրելն ինչ-որ տեղ լավ է, ինչ-որ տեղ՝ վատ: Լավն այն է, որ անում եմ այն, ինչ ուզում եմ, ամեն ինչ ինձնից է կախված: Երբ որևէ բան չի ստացվում, գիտեմ, որ ես եմ մեղավոր, փորձում եմ շտկել: Վատն էլ այն է, որ գիշերները վախենում եմ նույնիսկ իմ սեփական սրտի աշխատանքը լսելուց:

Գնացինք առաջ: Մյուս շաբաթ՝ թերապիա, «Էրեբունի» բ/կ… Սարսափում եմ: Երանի՜ 409-ին, որ այսօր վերջացրեցին այդ ցիկլը: Միայն թե առաջիկա մի ամիսն էլ վերջին շաբաթվա նման ապրեմ… Բայց լիովին չի հաջողվի: Ապրիլի 7-ին մայրս վերադառնալու է, որին կարոտելու եմ օրվա ընթացքում, դասերից հետո տուն եմ շտապելու, որ կարոտս առնեմ: Ասենք, նա աշխատանքից ուշ է գալիս: Երևի միասին տուն կգանք: Կարոտել եմ այն հին ու բարի օրերը, երբ ուշ երեկոյան մայրս գալիս էր բժշկական, ինձ վերցնում, և մենք միասին տուն էինք գնում:

Երեկ հասկացա, որ ուղեղս դեռ, ավելի ճիշտ՝ արդեն աշխատում է: Կարծես վերադարձել է արձակուրդից, որովհետև երբ նյարդաբանության ժամանակ կրկնում էինք անցյալ կիսամյակի անցածը, պարզվեց, որ լրիվ չեմ մոռացել:

Երբ ես նայեցի 25 էջանոց դասին և ասացի, թե քիչ է, երկու ժամվա պատմություն, Նազոն միանգամից վրա տվեց, թե դա ամբողջ օրը կխլի իրենից: Ու՜ֆ, իմ սովորելն էլ սովորել լինի: Երկու ժամ շարունակ անջատված կարդում եմ, մի մասն էլ մոռանում եմ: Ձեռի հետ մի քանի ուրիշ գիրք եմ բացում, որ անհասկանալի մասերը պարզ դառնան, ու ստացվում է, որ սովետական ու եվրոպական գրքերը, մեջբերելով նույն ԱՀԿ-ի տվյալները, իրար հակասում են: Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանի իրականությանը ոչ մի տվյալ էլ չի համապատասխանում. միևնույն է, մեր երկրում ուղեղի արյան շրջանառության խանգարումներով ավելի շատ կանայք են տառապում, ինչքան էլ գրված լինի, որ տղամարդիկ են:

Ներսումս կուտակված ինչ-որ բան, որ ուզում եմ դուրս շպրտել… Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ վերջերս: Ամեն շաբաթ որոշում եմ նորմալ սովորել, բայց չի ստացվում: Դեռ այնպիսի ցիկլ չի եղել, որի բոլոր դասերը սովորած լինեմ: Ամբողջ օրը Նազոյին ձեռ եմ առնում, որ գիրք ուտելով ման է գալիս, արդեն կիսով չափ պատրաստ է հունիսի քննաշրջանին, բայց մյուս կողմից էլ եթե Նազոյի կերածի կեսի չափ էլ ես ուտեի, վիճակս շատ լավ կլիներ, էդքան չէի տառապի տարեկաններիս պատճառով: Դասախոսները սիրում են կրծող ուսանողներին, հատկապես երբ նրանք ցույց են տալիս, թե դասը քանի անգամ են կերել նախորդ օրը: Իսկ եթե դու գրքում գրվածն ասում ես քո տրամաբանությամբ՝ նշելով, որ դու այդպես ես կարծում, դասախոսը բորբոքվում է, զայրանում: Ու դեռ համարձակվիր չհամաձայնել գրքում գրվածի հետ… Անցյալ շաբաթ մանկաբարձության դասը պատասխանելիս հենց այդպես եղավ: Պատմում էի հղիության վաղ տոքսիկոզների մասին: Երբ հասա ծանր ու միջին ծանրության փսխումների բուժմանը, ասացի, որ գրքում որպես հանգստացնող միջոց գրված է ամինազինի մասին, բայց ես այնքան էլ համաձայն չեմ: Դասախոսը խոսքս կտրեց և ասաց, որ ես շատ փոքր եմ և իրավունք չունեմ չհամաձայնել: Գիտե՞ք ինչն է հետաքրքիր: Ամինազինը մեր օրերում նույնիսկ հոգեբուժության մեջ չեն կիրառում, էլ ուր մնաց, որ հղիներին նշանակեն:
Այսպես են ձևավորվում հաշմանդամ ուղեղներով բժիշկները, որոնք սուսուփուս հաշտվում են գրքում գրվածների հետ ու երբեք առաջ չեն գնում: Հենց դա է պատճառը, որ մեր երկրի բժշկությունն այդքան դանդաղ է զարգանում (փառք Աստծո, որ ընդհանրապես զարգանում է):

Մեկ էլ ջղայնանում եմ նրանից, որ ինձ մեծամիտ ու ինքնասիրահարված են համարում: Աշխարհում կա՞ մարդ, որ ինքն իրեն չի սիրում: Պարզապես շատերը ձևեր են թափում, համեստի դիմակ հագնում:Երբ մեկը հայտնվում է, որ ասում է իր մասին այն, ինչ մտածում է, միանգամից վրա են տալիս, թե՝ մեծամիտ ես: Չէ՛, ես մեծամիտ չեմ, բայց գիտեմ իմ իրական արժեքը: Եթե ես խելացի եմ, չեմ ասում, թե այդպիսին չեմ, բայց գիտեմ նաև, որ ես անտաղանդ երգիչ, անտաղանդ բանաստեղծ եմ, էլ չեմ ասում, որ հենց բժշկության որոշ մասնաճյուղերից պարզապես գլուխ չեմ հանում: Եվ հետո… շատ եմ սիրում Ակայի այս խոսքերը. «Փողոցում կանգնող մարմնավաճառից լավը չեմ, Պողոս առաքյալից վատը չեմ»: Նույնը կարող եմ ասել իմ մասին:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me