Երա՞զ էր… Ես ոչինչ չհասկացա: Դրանից շատ քիչ առաջ երբեմնի սիրածս երգերն էի լսում… անկախ իմ կամքից… միացնում էին: Ու մինչ ընկերուհիներս հռհռում էին, ես խորացել էի երգերի մեջ, սուզվել անցյալում:
Բայց դա ամենը չէր… ցավոք:
Երբ դուրս եկանք, հեռվից ծանոթ դեմք տեսա: Գուցե այդ պահին ուրախացա, գուցե ոչինչ չզգացի… Չգիտեմ: Մոտեցա ու ձեռքը բռնեցի: Խոսեցինք:
Արդեն հինգ ամիս կլիներ, ինչ չէի տեսել նրան: Լավ, մի՞թե ծննդյանս օրը պետք է դա տեղի ունենար: Նույն հին խոսքերը… Այդ օրը վերացա իրականությունից ու չկարողացա վայելել իմ տոնի վերջին ժամերը:

Ամեն տարի այս օրերին տխրում եմ: Պարտադիր մի բան կատարվում է, որ խոցում է ինձ, արցունքներ կորզում:
Այս պահին, չգիտեմ, թե ինչ է կատարվում: Մրսում եմ: Դեռ չեմ հասցրել քայլել չորացած տերևների վրայով ու հիշել երկու տարի առաջվա ուրբաթ օրերը: Երևի ցանկություն էլ չկա: Նորքն ինձ ձգում է: Քանի տարի էլ անցնի, չեմ մոռանա, թե ինչպես էի 2004թ. հոկտեմբերի 22-ին (ուրբաթ օր) արտասվելով իջնում Նորքով ու ճանապարհին պատահած ցանկացած գեղեցիկ տեսարան լուսանկարում: Ինչքան էլ տխուր լիներ այդ ամենը, մի տեսակ գեղեցիկ բան կար, որ կուզեի նորից ապրել:
Իսկ 2003թ. հոկտեմբերի 22-ը սարսափելի էր: Լիանան գրկել էր ինձ ու փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում: Նա կարծեց, թե սիրահարվել եմ, իսկ ես պատասխանեցի. «Հակառակը»: Ա՜խ, մինչև հիմա էլ աչքերս լցվում են, երբ այդ օրը հիշում եմ: Այն ժամանակ առաջին անգամ նա ինձ կոպտեց, ու ես զգացի, որ մոտենում է վերջը, չնայած դեռ մի շաբաթ առաջ ամեն ինչ այնքա՜ն լավ էր… Երևի ավելի լավ չէր էլ եղել: Իսկ ես այդ օրը երկու ամսվա մեջ առաջին անգամ արտասվեցի:
2002թ. հոկտեմբերի 21-ին էլ էի արտասվում… Էլի նույն մարդու պատճառով:
Հիմա… հիմա պետք է ամուր լինեմ:

Քիչ առաջ հին ալբոմներս էի թերթում: Նախանձով լցվեցի անցյալիս նկատմամբ: Հիշեցի խենթ ու խելառ օրերս: Բայց ի՞նչն է խանգարում, որ այլևս դրանք չկրկնվեն: Կորել է աչքերիս փայլը, չկա այն լիաթոք ծիծաղը, մազերս էլ կարճ են: Կարոտում եմ Ջենիս Ջոփլինային «սանրվածքս»: Այդպիսին ես ավելի գեղեցիկ էի, բնական:
Ի՞նչ կատարվեց: Ինչու՞ ամեն ինչ փոխվեց: Ասենք, շատերն այլևս չկան. Անահիտը (չկա ու չի էլ լինի 😦 ), Նառան, Լիլիթը, Արմանը (չնայած երազներիս մեջ մեկ-մեկ այցելում է) ու մյուսները՝ կորած ընկերներս: Բայց վերջիվերջո առանցքային գժերը ես, Նոնան ու Աննան էինք: Ի՞նչ է պատահել մեզ, ինչու՞ երեքով չենք կարողանում առաջվանը լինել: Կարծում եմ՝ պատճառն իմ մեջ է:

Սպիով տղան

Դասից նոր էի դուրս եկել, գնում էի փոստ: Ճանապարհին մեկը կանգնեցրեց, բարևեց: Սկզբում ինձ թվաց, թե հերթական տանը մնացած տղաներից է, որն ուզում է ընկերուհի կպցնել: Հետո ասաց.
– Չճանաչեցի՞ր:
– Ո՜նց չէ: Հարութն ես:
– Չես փոխվել:
Չնայած նա շատ էր փոխվել կամ էլ գուցե իմ հիշողության մեջ նրա դեմքն այլ կերպ էր պահպանվել (վերջիվերջո, վերջին անգամ չորս տարի առաջ էի նրան տեսել), ասացի.
– Դու էլ չես փոխվել:
Ուշադրությամբ դեմքը զննեցի: Փա՜ռք Աստծո, ինձնից հետո նրա դեմքին ոչ մի սպի չէր ավելացել: Ամաչեցի ասել, որ աջ հոնքի վերևի սպիի շնորհիվ ճանաչեցի նրան:
– Ո՞նց ես, սովորու՞մ ես:
– Հա՛:
– Ես էլ աշխատում եմ,- սկսեց բացատրել, թե ինչ գործով է զբաղվում, որից գլուխ չհանեցի:
– Էն ժամանակ դպրոցական էիր, չէ՞: Հիմա երևի 18-20 տարեկան կլինես:
– Հա՛, շուտով 20 կդառնամ:
– Ես էլ 23-ի մեջ եմ, Բյուրա՛կն… Տեսնու՞մ ես, անունդ էլ եմ հիշում
– Հլը ու չհիշեիր:
Մտովի տեղափոխվեցի 2002թ.: Այն ժամանակ նա ինձ «Բոբա» էր ասում:
– Ընկերոջս հիշու՞մ ես՝ Լյովիկին: Բանակից եկել է, շուտով նշանվելու է:
– Հա՞: Իմ կողմից կշնորհավորես:
– Անցյալ տարի էլ ես պետք է նշանվեի, բայց մարդիկ խանգարեցին:
Ու շեշտակի նայեց դեմքից. երևի ուզում էր տեսնել, թե ինչպես կարձագանքեմ նրա ասածին:
– Ափսոս… Պետք չէ թույլ տալ, որ մարդիկ խանգարեն:
– Բայց դու քո մտածելակերպով փոխվել ես:
– Չէ՛, չեմ փոխվել,- չնայած շատ էլ լավ գիտեի, որ ես վաղուց էլ առաջվանը չեմ: Ուղղակի սարսափելի չէի սիրում, երբ Հարութը ճիշտ էր դուրս գալիս:
– Հաճախ եմ Օպերայի մոտով անցնում, մտածում եմ՝ քեզ կտեսնեմ, բայց չկաս:
– Այլևս այնտեղ չեմ լինում,- նկատեցի, որ արդեն շատ եմ ստել, հետո հիշեցի Ակումբի հանդիպումները, դրա համար ուղղեցի սխալս,- միայն շաբաթը մեկ անգամ, այն էլ պայմանավորված եմ լինում:
– Ուրախ եմ, որ քեզ տեսա:
– Ես էլ:
Հիշեցի, որ վերջերս ուզում էի զանգահարել նրան, հենց այնպես, հավեսի համար: Հիշում էի նաև, թե ինչպես էր Թերեզան փոստատար աշխատում մեր վեճի ժամանակ, որից հետո այլևս չշփվեցինք:
– Ձեռքի հեռախոս ունե՞ս:
– Հա՛, ունեմ:
– Ես քո տան համարը կորցրել եմ: Երկու տարի առաջ լակոտություն արեցի, հետո ջնջեցի:
Զանգահարում էր ու չէր խոսում: Չնայած իրենց տնից չէր «գժվացնում», ես համարը բռնել էի ու շատ խորամանակ կերպով պարզել, որ նա է:
– Համարս կգրե՞ս: Մեկ-մեկ զանգի՛ր, հանդիպենք, խոսենք:
Երևի ամաչեց իմն ուզել:
Համարը գրեցի, իսկ հետո որոշեցի հոգու հետ խաղալ: Միանգամից սեղմեցի “dial” կոճակը և ասացի.
– Սա ես եմ, չվերցնես:
Դեմքի արտահայտությունը փոխվեց: Զգացի, թե ինչպես սրտի աշխատանքն արագացավ: Կարմրեց:
– Դե լավ, գնացի,- ասացի:
Հազիվ էի ինձ զսպում, որ չհարցնեմ. «Հո Եհովայի վկա չե՞ս դարձել»:
Հարութն էր մնացել պակաս, որ ճամփաս կտրի:

Բայց երբ հետ եմ նայում, զգում եմ, թե որքա՜ն վատ եմ վարվել նրա հետ, ինչքան էլ ծիծաղելի թվար այդ ամենը:
Մի անգամ, երբ փողոցում զբոսնում էինք միասին, մի երթուղային տեսա, որն ինձ տուն էր տանում: Առանց հրաժեշտ տալու վազեցի ու նստեցի: Մի ուրիշ անգամ հեռախոսով իր բանաստեղծություններն էր կարդում, իսկ ես լսափողը հանձնել էի եղբորս ու իմ գործերով էի զբաղվում: Երբ վերադարձա, և նա ավարտեց ընթերցանությունը, հարցրեց.
– Լա՞վն էր:
Չնայած ես ոչինչ չէի լսել, ասացի.
– Հա՛, շատ լավն էր:
Մի օր էլ ասաց.
– Ես սիրահարվել եմ : Այդ աղջիկը տասնվեց տարեկան է, դու նրան ճանաչում ես:
– Հա՞… ինչ-որ տեղը չեմ բերում: Ո՞վ է,- չնայած շատ լավ գլխի էի ընկել, թե ում մասին է խոսքը:
Ուզում էր ինձ հետ առանձին հանդիպել, բայց ես Էլոյանչիկին էլ կանչեցի: Խնդրել էր, որ մազերս արձակած գնամ, իսկ ես երկու պոչիկ էի արել:
– Քանի՞ տարեկան ես,- հարցրեց ընկերուհուս:
– Իսկ ինչքա՞ն կտաս:
– Հաշվի առնելով, որ աղջիկներն իրենց տարիքից փոքր են լինում՝ 16-17 կլինես:
– Հա՛, էդքան էլ կամ:
Հետո Հարութին ու Էլոյանչիկին մենակ թողեցի, թռա:
Խե՜ղճ տղա. չէր պատկերացնում, որ ես կարող էի 23 տարեկանի հետ ընկերություն անել:
Մի անգամ մաթեմատիկայի ստուգողականից «4» էի ստացել: Շնորհավորեց: Իսկ ես հարձակվեցի նրա վրա ու ասացի, որ ես գերազանցիկ եմ, «4»-ն ինձ չի սազում:
Հետո Հարութին ու Էլոյանչիկին մենակ թողեցի, թռա:
Եվս մեկ անգամ փորձեց ինձ ժամադրել:
– Կարևոր բան ունեմ ասելու:
Իսկ ես շա՜տ լավ գիտեի, թե որն էր նրա կարևոր բանը:
– Լյովիկին էլ հետդ կբերես, ես էլ Լիլիթի հետ կգամ:
Երբ չորսս էլ հանդիպման վայրում էինք, ես ու Լիլիթը թողեցինք-թռանք: Այդտեղ վերջացան մեր հարաբերությունները: Մի օր Թերեզիկը զանգահարեց, փորձեց մեզ հաշտեցնել: Ասաց, որ Հարութն էլ կարծում է, թե ես նրան եմ սիրում, որովհետև ես էլ էի հեռախոսով բանաստեղծություններ կարդում (խեղճն ի՜նչ իմանար, որ դրանք դպրոցական դատարկացնդաբանությունների ցս են) ու որովհետև երբ մի անգամ խնդրել է, որ նկարներս տանեմ, տեսնի, մեջը մի այպիսին է եղել, որտեղ ես սավաններով փաթաթված, քնած եմ, իսկ երբ նորից է խնդրել նկարներ տանել, այդ մեկը մեջն է եղել: Ծիծաղեցի: Մտքովս չէր անցել, որ այդ նկարը նրա համար սիրո խոստովանություն է: Ինչու՞ են սիրահարված մարդիկ այդքան կույր: Մնացած բոլոր վիրավորական քայլերը, որ արել եմ, կարծես հաշվի չառներ, կառչել էր այնպիսին բաներից, որոնք միամտաբար էի արել: Իսկ դատարկացնդաբանություններս կարդացել էի միայն «Շատ լավն են» արտահայտությունը լսելու համար, որ ծիծաղեմ. դրանք ընդհանրապես գովեստի արժանի չէին, ծիծաղելի էին:
Նա կորավ ու կորավ: Հիշելով նրա նախորդ սիրո պատմությունը, մերժվածությունը և որ նա այդ աղջկա պատճառով ինքն իրեն կտրտել էր՝ վախեցա հանկարծ իմ պատճառով էլ իրեն չվնասի, ինքնասպանություն չգործի: Բայց հետո մոռացա այդ ամենը, էլ չզանգահարեցի:
Երկու տարի անց մեկը զանգահարում էր ու փչում հեռախոսի մեջ: Բռնեցի, որ նա, Լիլիթին խնդրեցի, որ «տեղը դնի»: Ընկերուհիս էլ իր երևակայությանը զոռ տվեց, զանգահարեց և ասաց.
– Հարու՛թ, սա մեր տունն է: Ուղղակի մի ժամանակ Բյուրակնը մեզ հետ էր ապրում:
ՈՒ նորից մոռացվեց:
Կարևորը՝ տեսա ու համոզվեցի, որ դեմքին նոր սպի չկա: Չնայած, եթե լիներ, գուցե ուրախանայի. որևէ մեկի դեմքին առանց քո ֆիզիկական մասնակցության հետք թողնելը հազվագյուտ երևույթ է:

Այսօրվա պատմությունը լսելուց հետո ցանկացա վազել տուն, զանգահարել ու պատմել… Անահիտին: Ես մի պահ մոռացել էի, որ նա այլևս չկա: Զարմանալի է… երեքուկես տարի է անցել արդեն, բայց ես չեմ հաշտվում նրա կորստի հետ:

It’s not black enough to see where any white is

Չգիտեմ… Շատ եմ հոգնել արդեն… ամեն ինչից: Զզվել եմ: Ո՛չ դասերն են ինձ պետք, ո՛չ էլ… ոչ ոք… Միայն կյանքիս մի բնագավառում է եռանդ մնացել՝ միությունը: Մնացածն ինձ պե՛տք չեն:
Արդեն զզվել եմ անընդհատ կրկնվող երազներից, կրկնվող ոչ թե սյուժեով, այլ բովանդակությամբ:
Էլ չեմ ուզում հանգիստ քնելու համար սեդատիվներ օգտագործել, որոնք ընդունելիս էլ առավոտյան ուժեղ սրտխփոցով եմ արթնանում:
Ձանձրացել եմ… Նորություն եմ ուզում…

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me