Հուլիսի ծրագրերս.
1. քննություններս վերջացնել (առաջին օրերին)
2. 14-20-ը Աղվերանում բժիշկների ամառային ծրագիր
3. իսպաներեն սովորել
4. ուղեղի անատոմիան ու ֆիզիոլոգիան կրկնել, ավելին սովորել
5. գիտական աշխատանք անել
6. կիսատ գրքերս վերջացնել
7. պատմվածքներս վերամշակել
8. «Մեդիկուսի» հարցերով զբաղվել
9. բուժվել

Օգոստոսի ծրագրերս.
1. Իսպանիա

Իսկ հիմա օգոստոսինը բերում ենք հուլիս, դառնում է.
օգոստոս.
1. դեպրեսիա

Խոնավ ձեռքեր

Նույնիսկ ձմռան ամենացրտին ձեռքերս սառը չեն լինում: Դրա համար էլ ձեռնոց չեմ կրում: Հատուկ գործողություններ են պետք, որ դրանց ջերմաստիճանն իջնի: Օրինակ, մի քանի րոպե սառույց բռնել կամ էլ երկար ժամանակ անշարժ մնալ… Ամռանը ձեռքերս շոգում են: Մի տեսակ ուռում են, զգացողությունը կորում է: Բայց ամենատհաճը դրանց քրտնելն է: Իսկ դա սովորաբար սթրեսի ժամանակ է լինում:

Ձեռքերիս քրտնելու երկու դեպք եմ հիշում: Մեկը տասներորդ դասարանի գրականության ավարտական քննությունն էր: Ճիշտ է՝ լավ էի պատասխանում, բայց որովհետև մեդալի թեկնածու էի ու որովհետև քննող ուսուցչուհին ու ինձ դասավանդածը մեղմ ասած իրար չէին սիրում, ստիպված էի դիմակայել հարցերի տեղատարափին:

Մինչև հիմա զգում եմ ձեռքերիցս հոսող հեղուկը, մատներս, որ հուզմունքից կմճտում էին ոտքերս, իսկ քննասենյակից դուրս գալուց հետո զուգագուլպաս պատռվել էր:

Հետագայում շատ քննությունների ժամանակ ձեռքերս քրտնեցին, բայց ոչ մեկն այսքան ուժեղ չի տպավորվել:

Մյուս դեպքը, որ մինչև հիմա հիշում եմ, կիթառի առաջին ելույթս էր… Առաջին ու վերջին: Այն ժամանակ յոթ-ութերորդ դասարան կլինեի… Բեմ բարձրացա ու ինքս էլ չզգացի, թե ինչպես կատարեցի կարճլիկ համարը: Միայն քրտնած ձեռքերս եմ հիշում: Ու հիշում եմ նաև, թե ինչպես էի ամռանը քրտնող ձեռքերովս բացատրում կիթառ չպարապելս…

Այս գիշեր կիթառի ուսուցչուհիս եկավ երազիս: Նա պնդում էր, որ պետք է շարունակեմ: Ես ծիծաղեցի և ասացի, որ անտաղանդ եմ: Իսկ նա.
– Անտաղանդ մարդ չկա: Պարզապես պետք է նստես, օր ու գիշեր նվագես:
Ես կիթառ չունեի. հները մաշվել, կոտրվել էին: Դրանք երաժշտական գործիք լինելուց բացի ծառայում էին եղբորս խփելու համար: Դրա համար երկուսի կյանքն էլ շատ կարճ տևեց:

Ես որոշեցի, որ հաջորդ ծննդյանս օրը հորիցս կիթառ կուզեմ և կշարունակեմ նվագելը: Բայց դա երազիս մեջ էր… Երբ արթնացա, ծիծաղս եկավ այդ անմտությունից, որ ես կարող եմ նորից նվագել… Կիթառով երգչուհի դառնալու անհեթեթ երազանքս հիշեցի… Ու խոնավ ձեռքերս իմ առաջին ու վերջին ելույթից հետո:

Չորրորդ կուրսում ռենտգենի ցիկլի ժամանակ 50 րոպե ճանապարհը երկար էր թվում, և ես երկու երթուղային էի փոխում, որ ժամանակը կիսեմ: Հիմա մեծ հաճույքով եմ այդ երկար ճանապարհն անցնում. ընթացքում ոչ թե քնում եմ, այլ պարապում: Odnoklassniki-ում մի թեմա կա բացված. «Միայն բժշկականի ուսանողները…»: Դա գուցե ամենադաժանն է, բայց մեզ՝ բարձր կուրսեցիներիս ամենաբնորոշ նշաններից է երթուղայինների մեջ դաս կարդալը: Եթե ձեր կողքը նստի մեկը, որն ամբողջ ճանապարհին գրքից հայացքը չի բարձրացնում, ուրեմն իմացեք, որ մեր բուհի տառապյալ ուսանողներից է:

Մանկական

Հողս վերցրեք,
Ջուրս կտրեք,
Ես կաճեմ:

Ոտքս կոտրեք,
Ճամփաս փակեք,
Կթռչեմ:

Ինձ բանտարկեք,
Պինդ կապկպեք,
Կազատվեմ:

Ձեռքս ջարդեք,
Միտքս սպանեք,
Կգրեմ:

Ու բամբասեք,
Քննադատեք,
Չարախոսեք,
Ցեխ շպրտեք,
Զվարճացեք:

Կմաքրվեմ,
Ու կժպտամ,
Կփայլեմ:
Ու կհասնեմ
Իմ աստղերին,
Ու կթռչեմ,
Կսավառնեմ
Իմ երազի
Երկնքում:
Ու կլողամ
Իմ հաղթության
Ծովերում:

Կան արտահայտություններ, որոնք եթե հղեմ կոնկրետ մարդկանց, նրանք ինձ անմիջապես կճանաչեն, կհիշեն, թե ով եմ՝ անկախ նրանից, թե ինչքան վաղուց իրարից տեղեկություն չունենք:
– Բարև Ձեզ, եկեք ծանոթանանք: Ես Մերին եմ, իսկ Դու՞ք…
Այս անմեղ արտահայտությունն օգտագործում էի տարիներ առաջ, երբ փորձում էի պարզել, թե այդ DJ-ն ով էր, որ եթերում համառորեն չէր ներկայանում… Ես որտեղի՞ց իմանայի, որ մի օր Մերին կդառնա իմ պատմվածքներից մեկի հերոսուհին: Ինչու՞ հենց Մերի… Հիմա շատ լավ գիտեմ. Թորի Ամոսի համանուն երգն էր ազդել: Բայց ինչու՞ այն ժամանակ… Երևի ստեղծել էի այդ կերպարը, որ տարիներ անց շունչ առնի ու դառնա այն խեղճ աղջիկը, որի մասին բոլորը խոսում են… Մերի՛, լսու՞մ ես ինձ:

Երբ ամսի 28-ին մեր միության էրեխեքով գնացինք Թումանյանի այգի պիկնիկի, ես միանգամից հասկացա, թե որքան հարմար տեղ է պարապելու համար. վերցնում ես մի տոննա ուտելիք (ուսանողներիս համար պարապելիս ամենակարևոր կետն է), գրքերդ ու մի ծածկոց, գնում ես, օրդ այնտեղ անցկացնում: Ալիսը դա հաստատեց՝ ասելով, որ պետական քննություններին այնտեղ է պատրաստվել, չի զգացել, թե ինչպես է ժամանակն անցնում:

Իմ այդ հայտնագործության մասին ասացի մնացածներին: Թեև ոմանք առաջարկս մեծ ոգևորությամբ ընդունեցին, բայց հասկացա, որ, միևնույն է, չեն գալու, և ես կիրակի օրը, երբ ընթերցասրահը փակ է, մենակ պիտի գնամ այնտեղ:

Հիմա արդեն այդ կիրակին է: Կնախաճաշեմ, դուրս կգամ: Խանութից գնումներ կկատարեմ: Իսկ երբ գա ճաշի ժամը, կգնամ Շինարարների փողոց, որտեղ տատիկս է ապրում և ինձ համար պիցցա է պատրաստել:

Սրիկան չպատասխանեց: Փոխարենը՝ աչքերը լցվեցին: Չգիտեի՝ ինչ անել այդ պահին: Իսկ փոքրիկի ներսում ասես ինչ-որ բան էր կուտակվում, որ պետք է պայթեր: Հանկարծ նա պոռթկաց.
– Դու պետք չես ինձ… Դու… դու… Ես պետք է լռեի, պետք է թաքցնեի պատմությունս: Չգիտեի, որ դու էլ…
– Ես ի՞նչ:

…Այստեղ ընդհատվում է պատմությունը: Սրանից այն կողմ չգրվեց, որովհետև մեռավ, կորավ ինչ-որ կարևոր բան, որ այդպես էլ չհասկացա, թե ինչ է: Իսկ իրականում մենք բոլորս էլ այս կամ այն չափով սրիկաներ ենք: Շա՜տ ափսոս, որ դրա մասին ոչ ոք մեզ չի ասել:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me