Տիկնիկը

Պատին կախված լուսանկարից նայող տիկնիկ՝ կապույտ դեմքով, աչքերի տակ՝ սև, բերանի մոտ՝ կարմիր. ասես արյուն է եկել, երևի շատ խոսելուց է: Ներկը մասամբ թափվել է. երևի հին խաղալիք է: Մազերը բաց շագանակագույն են՝ նման իսկականի, միակ բանը, որ կարծես բնական լինի: Հագին կտրտված սվիտր է. ասես ինչ-որ մեկը դիտմամբ վատություն է արել նրան:
Պատին կախված լուսանկարից կապույտ տիկնիկը նայում էր ինձ. մի հնացած խաղալիք, որի մասին վաղուց բոլորը մոռացել են, իսկ լուսանկարիչը, չգիտես ինչու, որոշել է նրան նորից կյանքի կոչել:
Ամեն օր քանի՜-քանի՜ մարդ է անցնում նրա կողքով ու հիանում այդ կատարյալ մաշվածությամբ:
Որտե՞ղ է հիմա կապույտ տիկնիկը: Մի՞թե ներկը վերջնականապես թափվել է, և նա դարձել է մի անպետք իր, հայտնվել աղբամանում: Երևի երեխան մեծացել ու ձանձրացել է նրանից, ուրիշ խաղալիք է գտել իր համար:
Իսկ տիկնիկը շարունակում է անթարթ նայել անցնող-դարձողին: Նա ճանաչում է շատերին, տարիներ առաջ շփվել է նրանց հետ և, ինչու ոչ, նաև եղել նրանց խաղալիքը: Բայց երեխաները մեծացել են ու չեն ուզում հիշել այդ կապույտ դեմքը, այլ միայն ուշադիր նայում են լուսանկարին, հիանում այդ անբնական էակի աչքերի կենդանի փայլով ու հեռանում:
Իսկ տիկնիկը շարունակում է վանդակում փակված մնալ՝ բավարարվելով իր երբեմնի փառքով:
Հասարակությունը սիրում է խաղալիքներ ընտրել իր համար, և հենց այդպիսին էր այս կապույտ տիկնիկը: Նա շատ յուրահատուկ էր, իր նմանը չուներ, և այդ պատճառով դուր էր գալիս մարդկանց: Տիկնիկին դուր էր գալիս այդ դուր գալը, և նա օրեցօր նոր հնարքներ էր գտնում, որ ավելի շատ դուր գա: Մի օր էլ կապույտ ներկվեց, շորերը կտրտեց ու հագավ դրանք՝ այդպիսով տարբերվելով մնացած բոլոր տիկնիկներից: Եվ նա մի օրում իր վրա հրավիրեց բոլորի ուշադրությունը. հայտնվեց հեռուստաէկրաններին, թերթերում, անգամ ինտերնետում: Հասարակությունը խաղաց նրանով, տրորեց նրան, և ներկը կամաց-կամաց սկսեց թափվել:
…Պահակը նկատեց, որ լուսանկարի մոտից մի աղջիկ էր հեռանում: Ներկը թափվել էր, տիկնիկը՝ մեծացել: Այդ անկենդան մարմինը շունչ էր առել և իջել նկարից:

5 տարի առաջ ես ընդամենը մի տիկնիկ էի՝ կապույտ դեմքով, քրքրված շորերով, որի աչքերը փայլում էին և որով սիրում էր հասարակությունը խաղալ: Հիմա ներկը թափվել է, ես իջել եմ լուսանկարից, դարձել մի մարդ, որը սիրում է հասարակության հետ խաղալ:

Իմ կյանքում կա՛մ ոչինչ չի կատարվում, կա՛մ ամեն ինչ միանգամից իրար գլխի է լցվում:
…Լռությունն ազդում էր նյարդերիս վրա, ուստի որոշեցի երաժշտություն միացնել: Ինքս ինձ խաբում եմ, ասես ինչ-որ մեկը հետս խոսում է:
Այս մենակությունից օգտվելու փոխարեն տխուր նստում եմ: Տրամադրություն չունեմ: Չգիտեմ ինչ եմ ուզում:
Այսօր ուզում էի մի քիչ ցրվել, խմբի աղջիկներով որոշեցինք հավաքվել. չէ՞ որ վերջապես օպերատիվ վիրաբուժությունից պրծել էինք: Բայց այնպես ստացվեց, որ միայն Մարիան եկավ: Հետաքրքիր տրամաբանություն է. մարդկանց թվում է, թե եթե միայն երկու հոգով են, ապա ուրախանալ չի լինի, մինչդեռ ես ու Մարիան շատ լավ տոնեցինք այդ զզվելի ցիկլի ավարտը: Անգամ դուրս եկանք, մոտ մեկ ժամ զբոսնեցինք:
Ու՜ֆ, տրամադրություն չունեմ: Հավես չկա գրելու:

Օպեր

Զանազան զարկերակներ, երակներ, նյարդեր ու էլի չգիտեմ ինչեր… Տարօրինակ երկրաչափական պատկերնր, որոնք միայն ես եմ հասկանում՝ հեշտացնելով դասս, վիրահատություններ, որոնցից գլուխ չեմ հանում: Ինչու՞ ես այսպես չեմ սովորել, ասենք, թերապիան կամ թեկուզ մանկաբարձությունը: Օպերատիվ վիրաբուժությունն ու տեղագրական անատոմիան հոգիս հանում են, էլ չեմ կարողանում: Հայերենը հազիվ եմ հասկանում, ու՜ր մնաց ռուսերենը: Կովանովի դասագրքի մասին էլ չեմ խոսում. այնտեղ այնպիսի բառեր կան, որ նույնիսկ հաստափոր ռուս-հայերեն բառարանը չգիտի: Իսկ այդպես դաս սովորել չի լինի:
Եթե նույնիսկ մի օր բժիշկ դառնամ, հաստատ վիրաբուժությունը չեմ ընտրելու:

Այսօր ինչ-որ շատ եմ ուզում գրել. ուրեմն ինչ-որ բան այնպես չէ: Երևի ձանձրանում եմ: Բոլորը նորից կորել են: Դաս սովորելու մասին չեմ մտածում: Ավելի լավ է՝ դա թողնեմ վաղվան: Թե չէ ինչո՞վ եմ զբաղվելու 50 րոպե երթուղայինի մեջ: Էլ չեմ խոսում, ասենք, 1 ժամվա և ավելիի մասին, եթե խցանում լինի Կոմիտասում:
Ալանիսին եմ հիշել: Միացրել եմ նրա երգերը ու սուզվել դրանց մեջ:
“Flinch”-ն եմ լսում այս պահին: Հիշում եմ՝ 4 տարի առաջ ես անընդհատ կրկնում էի այս տողերը. “Soon I’ll grow up and I won’t even flinch at your name.” Դա երևի երազանք է, որը երբեք չի իրականանա: Թեկուզ ժամանակները փոխվեն, թեկուզ ես մոռանամ ամեն ինչ, բայց գիտեմ, որ երբեմնի նվիրական անունը լսելիս նորից պետք է ցնցվեմ, հետաքրքրվեմ, թե ինչով է զբաղված այդ անվան տերը:
Իսկ ես զզվում եմ նրանից: Տարօրինակ վիճակ, տհաճություն… Անցյալի բոլոր հույզերը նույնությամբ պահպանվում են մինչև հիմա, բացի մեկից՝ ամենակարևորից…

Նորից MSN դաունլոուդ արեցի: Ուսումնասիրում եմ լիստս: Մոտ 70 մարդ կա, որոնցից 10-ը հազիվ են վերջերս օնլայն լինում: Իսկ այդ բոլորից կեսից ավելիին ես չեմ հիշում, մնացածներն էլ երևի ինձ են մոռացել: Ընդհանրապես, հիմա MSN-ն օգտագործում եմ միայն Անիի հետ խոսելու համար, այն էլ նա չկա վերջերս:
Մարիան՝ իմ մանկության ընկերուհին, որին ավելի քան տասը տարի է, ինչ ճանաչում եմ, նույնպես օնլայն է, բայց ինձ հետ խոսելու ցանկություն երևի չունի: Շատ ենք փոխվել: Տարիներն ու տարածությունը որքա՜ն են հեռացրել մեզ: Հիշում եմ՝ երբ վերջին անգամ հանդիպեցինք երեք տարի առաջ, այլևս չկար նախկին մտերմությունը, մենք պարզապես քաղաքավարի էինք միմյանց նկատմամբ:
Իսկ հիմա արդեն ամեն ինչ անցյալ է: Մի՞թե մենք նորից տեսնելու ենք իրար: Ասենք, դա երկուսիս կյանքում էլ ոչինչ չի փոխի: Մենք բոլորովին տարբեր ճանապարհներով ենք քայլում հիմա:

Արթնացա սրտխփոցից: Ձեռքս երկարացրի, որ հեռախոսս վերցնեմ ու ժամը նայեմ, սակայն շատ անզգույշ էի. այն գետնին ընկավ (զարմանում եմ, թե ինչպես է մինչև հիմա աշխատում): Կռացա և գետնից վերցրեցի: 8:15 էր. դեռ 15 րոպե կար մինչև զարթուցչի զնգալը ու ևս 15 րոպե, որ կարող էի հանգիստ պառկել: Չէ՛, սրտխփոցս շատ ուժեղ էր, ես էլ խոսել էի ուզում. անցյալ գիշերվա տպավորությունների տակ էի, երբ վերմանկը քաշել էի երեսիս ու արտասվում էի: Չգիտեմ, թե ինչից էր: Գուցե մորս գրքի վերընթեռնումն էր վրաս ազդել կամ էլ տանը տիրող ընդհանուր մթնոլորտը: Եղբայրս շուտով բանակ է գնալու. նա ահավոր նյարդային է դարձել վերջերս, իսկ մայրս տխուր է, երբեմն անգամ աչքերը թաց են լինում: Նրան ուրախացնելու բոլոր փորձերս ապարդյուն են անցնում:
Ես վաղուց որևէ մեկի հետ չեմ խոսել: Երևի դրանից է սիրտս նեղվում: Ասենք, կուրսեցիներիս հետ անկապ խոսակցությունները հաշիվ չեն:
Հիշում եմ՝ այս նույն հիվանդությամբ տառապում էի նաև գարնանը: Ինչ-որ տարօրինակ բան է, երբ ինձ թվում է, թե պատ եմ շարել իմ և մյուս մարդկանց միջև: Բայց այս անգամ կարծես հակառակն է. ես բաց եմ, բայց մյուսներն են ինչ-որ տարօրինակ:
Կարծես LJ-ս այլևս ոչ ոք չի կարդում: Երևի ընթերցողներն էլ են ինձնից հոգնել 😦

Նրանք կբողոքեն, կասեն, թե ոչինչ չենք անում: Իրավ, ժամերով ծննդատան լսարանում պարապ նստած մեզ համար զբաղմունք ենք որոնում, որ չձանձրանանք: Միայն երբեմն մեր՝ անվերջանալի թվացող պարապությունն ընդմիջվում է 20 րոպե տևողությամբ համայցերով: Մեր դասախոսն անհետ կորած է, երկու խումբ մի դասախոսի հույսին է թողնված, որը երբեմն մտնում է լսարան ստուգելու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է:
Մեր իսկական դասախոսի հետ խոսելուց հետո ոչինչ չփոխվեց. երևում էր, որ մեզ գիտելիք տալու մտադրություն առաջին հերթին նա չուներ: Էլ ի՜նչ գործնական հմտությունների կամ քննության մասին է խոսքը:
Եվ կկանգնեին, կդժգոհեին այս վիճակից… Բայց երբ հարցը բարձրացվեց դեկանատի մակարդակով՝ արտադրական խորհրդակցության ժամանակ, փոխդեկանի և տարբեր ամբիոնների վարիչների ներկայությամբ, ամեն ինչ միանգամից փոխվեց…
Առավոտյան մտա սպասասրահ (լսարանը դեռ չէր ազատվել), որտեղ ինձ դիմավորեցին խմբեցիներիս խոժոռված հայացքները. նրանք դժգոհ էին շաբաթ օրվա հայտարարությունից: Միանգամից ամեն ինչ փոխվեց. նրանք գոհ էին գինեկոլոգիայի ցիկլի ընթացքից, փորձում էին արդարացումներ գտնել ծույլ դասախոսների համար: Երևի վախենում էին, որ տարեվերջին իրենց «9»-երը չեն ստանա: Կամ էլ չգիտեմ… Չեմ կարող ասել, թե ինչ դրդապատճառ ունեին ինձ դեմ դուրս գալու: Երբ փոխդեկանը մեր դասախոսներին անակնկալ մատուցի և հանկարծակի հայտնվի ծննդատանը, մերոնք պատրաստվում են ասել, թե ամեն ինչ կարգին է, և շատ գոհ են:
Ինձ պաշտպանում էր միայն Նազելին, իսկ Մարիան լռությամբ համաձայնում էր: Հետո առանձին ասաց ինձ.
– Ես քեզ ասում էի, չէ՞, որ խումբը քո դեմ է դուրս գալու:
– Ինձ համար միևնույն է: Եթե այդքան քաջ էին, թող բոլորի ներկայությամբ վեր կենային ու ասեին, որ ես ստել եմ…
Զզվում եմ անողնաշար, հարմարվող, վախկոտ, հետևի մուտքից մտնող, ստախոս, շահամոլ, ուրիշի տակը փորող մարդկանցից, հատկապես եթե նշված հատկանիշներն ամփոփված են մի մարմնի մեջ:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me