«Ալ կարմիր տառը» (Նաթանայել Հոութորն)

Մեկ-մեկ դասական գրականություն կարդալու ցանկություն է առաջանում: Նաթանայել Հոութորնին էլ պատահաբար չընտրեցի. ժամանակակիցներից շատերն են նրա անունը հաճախ հիշատակում: Մտածեցի` կարդամ, տեսնեմ` էդ ի՞նչ է, որ էդքան նրանից մեջբերումներ են անում:


Մնացածը

Օր 5. Անհյուրընկալ Բրյուսելը

Ավելի կարևոր բաների մասին

Մտածում էի` Հայաստանում չգտնվելով ոչ մի բարոյական իրավունք չունեմ Մաշտոցի այգուն ու այլ հարցերի անդրադառնալու, բայց որովհետև այս օրերին ԿՄ-ն ու ՖԲ-ն ողողված են դրանով, որոշեցի արտահայտվել:

Չեմ հասկանում` ոմանք ի՞նչ են ուզում այգու համար պայքարողներից իրենց զանազան «ուր էիք, երբ…» արտահայտություններով: Ես էստեղ նստած ուրախանում եմ, որ էդքան մարդ միացել է շարժմանը, ու վերջապես ուզում են մի բան փոխել: Վերջիվերջո, հասկանալ է պետք, որ մինչև ձայն չհանես, ոչ ոք որևէ բան չի փոխի: Անգամ այստեղ` Նիդեռլանդներում, որտեղ երկրի ղեկավարությունն ընտրված մարդիկ են, սխալ որոշումներ անընդհատ ընդունվում են: Բայց դրա համար կան մարդիկ, որոնք հաջորդ օրը վեր են կենում ու ցույցեր անում: Թե չանեն, էստեղ էլ երկրի ղեկավարությունը ժողովրդի գլխին կնստի:

Հիմա «ավելի կարևոր խնդրիների» մասին: Նորից չեմ հասկանում` ինչու՞ են մարդիկ չարացած այլ հարցեր բարձրացնում: Ապրեք, լավ եք անում, որ նկատել եք խնդիրը: Բայց Մաշտոցի այգու համար պայքարողներն ասու՞մ են, թե սա է ու վերջ, էստեղ ավարտվում են Հայաստանի խնդիրները: Հաշվի առեք նաև, որ նույն մարդը չի կարող երկրի բոլոր ոլորտներից տեղյակ լինել: Դուք ուրի՞շ խնդիր եք տեսնում: Ապրեք, վեր կացեք, պայքարեք, մարդիկ կտեղեկանան, ձեզ կմիանան: Ուրիշ կերպ մեր երկրում հարցեր չեն լուծվի: Ավելին` ոչ միայն մեր երկրում: 

Էսօր (բժշկական) կրթական համակարգում են ահավոր բաներ կատարվում: Դրա դեմ պայքարող չկա: Կան խնդիրներ տեսնողներ, բայց տեղից շարժվող չկա: Այ դրա համար էդ մարդկանց ասում եմ` ամոթ, հետո չբողոքեք: Հայաստանում լինեի, ես էի առաջինը դասադուլ անելու: Ամեն դեպքում, խոստանում եմ, որ մոտ օրերս իմ բաժին աղմուկը բլոգումս կհանեմ: 

Իսկ մինչ այդ Մաշտոցի այգու, գրքերի թանկացման դեմ ու ընդհանրապես մյուս պայքարողներին ասում եմ` ապրեք (քանի կոնկրետ գաղափարի, ոչ թե մարդու կողմ կամ դեմ եք պայքարում): Հա, մոռացա ասել: ԿՄ-ում մոդա է, չէ՞, ասելը, թե ինչու չեն միանում պայքարին: Իմն էլ ասեմ. Հայաստանում չեմ, թե չէ հաստատ կմիանայի:

Օր 4. Գենտ. սալահատակից դեպի ասֆալտ

Առաջին անգամ Գենտի մասին լսել եմ հորեղբորիցս: Ասում էր, որ Բելգիայում Բրյուսել չարժե գնալ, բայց այ Գենտը շատ սիրուն, միջնադարյան քաղաք է: Պատմում էր, որ սկզբում վատ տպավորություն էր ստացել, բայց երբ հասել էր կենտրոն, միանգամից կարծիքը փոխվել էր: 

Մնացածը

Օր 3. Բրյուգե. շոկոլադե քաղաքը

Բրյուգեի մասին զանազան բնորոշումներ եմ լսել. հեքիաթային, պուճուր-մուճուր, խաղաղ, սիրուն: Տուրիստական ուղեցույցն ու բլոգերներից մեկն էլ անվանեցին «Հյուսիսային Վենետիկ»: Բա ո՞նց հետաքրքրությունս չշարժվի նման դեպքում: Հենց դրա համար Բելգիա կատարելիք ճամփորդության մեջ որոշեցի անպայման ընդգրկել Բրյուգեն, որ աչքովս տեսնեմ:

Էս տարվա Օսկարները

Հաղթողների մասին իմացա Բրյուգեի Լյումիեր կինոթատրոնի պաստառները նայելով: Ու հենց Մերիլ Սթրիփի անունը տեսա, ուրախացած սկսեցի թռվռալ: 

Սա առաջին տարին է, որ Օսկարն ինչ-որ նշանակություն ունի ինձ համար, որովհետև ֆիլմերի մեծ մասը տեսել եմ:

Հիմա հերթով…

Երկար-բարակ խոսելու հավես չունեմ: Ուղղակի չորս հաղթողների համար շատ եմ ուրախացել: Մեկն «Արտիստն» է, որ լավագույն ֆիլմ ճանաչվեց: Երկրորդը նույն ֆիլմի դերասանն է, որ լավագույն դերասան անվանակարգում հաղթեց: Երրորդը «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի սցենարն է. մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս, ու դեռ հույսեր եմ փայփայում, որ ինձ հետ էլ նման բան կպատահի: Չորրորդն էլ Մերիլ Սթրիփն է «Երկաթե լեդիի» համար: Այ էս  վերջինի դեպքում եթե Մերիլ Սթրիփին չտային մրցանակը, գնալու էի գտնեի ժյուրիին, հերն անիծեի:

Օր 2. Երեք երկրներում

Այնտեղ գնալու մտադրություն բնավ չունեի: Բայց ինտերնետում շրջող այն լուսանկարը տեսել եք, չէ՞: Մի սրճարան է, որը գտնվում է Նիդեռլանդների ու Բելգիայի սահմանին: Պարզել էի, թե որտեղ էր, մտածում էի` Մաստրիխտի ճամփորդության հետ համատեղել, էնտեղ էլ գնալ: Հետո մտածեցի` շատ կերկարի: Ու լավ էր, որ հրաժարվեցի էդ մտքից, որովհետև երեկվա գնացքային պայմաններում մենք ընդհանրապես Մաստրիխտ չէինք հասնի:

Ինչպե՞ս միաժամանակ երեք երկրում լինել

Օր 1. Մաստրիխտ. անցում դեպի Բելգիա

Ավտոբուսի կանգառում հսկայական հերթ էր: Հարյուրավոր հոլանդացիներ և այլազգիներ մի գծի վրա ուղիղ շարվել, համբերատար սպասում էին իրենց հերթին: Երկաթուղում ինչ-որ վերանորոգման աշխատանքներ էին տարվում, և Խրոնինգենից դեպի հարավ գնացքներ չէին մեկնում: Նման բան հազարից մեկ է պատահում, ու մենք հենց այդ օրն էինք ընտրել ճամփորդելու համար: 

– Մի տեսակ չե՞ս զգում Խրոնինգենից գնալիս: 
Գլխով արեցի: Եթե մի բառ ասեի, աչքերս էլ հետն էին ասելու, իսկ ես չափից դուրս հուզվող երևալու մտադրություն հեչ չունեի: 

Ավտոբուսը մեզ բերեց Ասեն, այնտեղից` գնացքով դեպի Ամերսֆորտ: Գնացքն ուշացավ: Հետո Զվոլեում կանգնեց ու հրամայեց իջնել. Ամերսֆորտ չեմ գնում: Նոր գնացք դեպի Ուտրեխտ: Պոլը մեռավ սպասելով:

Ուտրեխտում հանդիպում ենք Պոլին: Գնացք դեպի Սիդարտ: Էնտեղից էլ ավտոբուսով հասնում ենք Մաստրիխտ: Վերջապես: Նորմայում չորս ժամ տևող ճամփորդությունը մեզնից վեց ժամ խլեց: Վեց ժամ էր պետք երկրի ծայր հյուսիսից ծայր հարավ հասնելու համար:

Երբ մի հայացք նետեցի Մաստրիխտի վրա, ծանոթ թվաց: Կարծես մի ամբողջ կյանք այնտեղ ապրած լինեի: Չհասկացա, թե էդ դեժա վյուն որտեղից էր: Սակայն կամրջի վրայով ճամպրուկները գլգլացնելիս պարզ դարձավ, որ Մաստրիխտը Պրահան է հիշեցնում, Մասը` Վլտավան:

Մաստրիխտի հոսթելում հարմարվում ենք: Ավելի մաքուր է, քան մեր ուսանողական տները: Երանելիություն:
– Ուզում եմ ուղղակի բազմոցին փռվել, ոտքերս տնկել ու կարդալ: 

Քայլում ենք քաղաքով: Պոլը, կարոտած հայացքով գնահատելով իր ծննդավայրի փոփոխությունները, պատմում է դրա մասին.
– Մաստրիխտը Նիդեռլանդների ամենահին բնակավայրն է: Քաղաքը չեմ ասում, Ամստերդամն ավելի շուտ է պաշտոնապես քաղաքի կարգավիճակ ստացել: Էստեղ 2000 տարի առաջվանից մարդիկ են ապրում: Մաստրիխտ նշանակում է անցնել Մաս գետը… Քաղաքը պարիսպով է շրջապատված եղել: Հիմա մնացորդները կան: Տեսեք, հետևում տներ են կառուցել: Քանի որ մշակութային հուշարձանի մաս են կազմում, դրանք քանդել չի կարելի: Ներկել` հա, բայց կառուցվածքը փոխել` երբեք… Այս եկեղեցին տասներկու դարի պատմություն ունի: Պատկերացնու՞մ եք` մինչև հիմա կանգուն է… տասներկու դար:
– Իսկ ինչու՞ է ներսում մութ,- հարցնում է մահմեդական Սանան:
– Որովհետև եկեղեցի է:
– Բայց ինչու՞ է մութ… մզկիթները երբեք մութ չեն լինում:

Անցյալ շաբաթ էստեղ կառնավալ է եղել: Բրազիլականի նման: Հետքերը դեռ մնացել են դրոշների ու գետնին թափված գունավոր թղթերի տեսքով:
– Ինչու՞:
– Որովհետև էնքան շատ է, որ բոլորը մաքրել հնարավոր չէ:
Պոլը վերջին անգամ Մաստրիխտում ութ տարի առաջ է եղել:
– Էս կամուրջն էն ժամանակ չկար, նոր է: 

Մաստրիխտը խաղաղ է: Փողոցներում մարդիկ շատ են, բայց աղմուկ չկա: Հանդարտությունը քեզ էլ փոխանցվում: 
– Մի հազար Էրասմուսի ուսանող ուղարկեք էստեղ, տեսեք` խաղաղությունից բան կմնա՞:
Խրոնինգենն էլ մեծ քաղաք չէ, բայց էնտեղ շաբաթ երեկոներին նման լռություն երբեք չես տեսնի:

Մտնում ենք այգի: Ձնծաղիկները: Ո՞նց: Հա էլի, արդեն գարուն է: Կյանքիս մեջ առաջին անգամ հողի մեջ աճող ձնծաղիկներ եմ տեսնում:

Գետի խշշոց, էստեղ-էնտեղ վազվզող բադեր, եղնիկներ, սիրամարգ: Ուղղակի ուզում ես նայել, լսել նրանց բադերի կչկչոցը, նստել արևի վերջին ճառագայթների տակ: Ու էդ ամենը հերիք է:
– Էսքան ամիս վազվզելուց հետո հազիվ հանգստանում ենք:

Ճամփին մի տեղ էլ դ'Արտանյանին տեսանք: Արևմտյան մշակույթից գրեթե անտեղյակ Սանան հարցնում է` ով է նա: Իսկ ես վազում եմ հետը նկարվելու:

Մաստրիխտը տափակ չէ: Էստեղ բլուրներ կան, վերև-ներքև կա: 

– Էստեղից սկսվում են վերև-ներքևները: Բելգիայում ավելի բարձր է, իսկ Ֆրանսիայում արդեն լեռներ են դառնում… Մաստրիխտում ստրոուպվաֆելներ չկան,- շարունակում է Պոլը,- էստեղ կարկանդակներն ավելի մոդա են:
– Հըմ, Բելգիա:
– Հա, Նիդեռլանդների էս պոչը ժամանակին Բելգիայի մի մաս է եղել:
– Կամաց-կամաց ենք Բելգիա գնում: 

Մաստրիխտում հանգիստ եմ. Նիդեռլանդներում ոնց որ տանը լինեմ: 

Իմ առաջին անգամը

Հեծանիվս չեմ վերցնի: Ուզում եմ Խրոնինգենի փողոցներում քայլել այնպես, ինչպես առաջին օրերին էր: 

Դուրս եմ գալիս առջևի դռնից, որը հազվադեպ եմ օգտագործում, որովհետև հեծանիվս հետնաբակում է ապրում: Քայլում եմ ուղիղ` դեպի համալսարան: Կամրջից այն կողմ քաղաքի կենտրոնն է: Առաջին անգամ էլ նույն ուղղությամբ եմ քայլել` չիմանալով ուր եմ գնում, բայց փնտրելով քաղաքը: 

Ճամփին տեսնում եմ հարևանուհուս` Ռումիին:
– Եղանակը լավն է,- ժպտում է,- տաք ու արև:
– Հա, տաք Ու արև:
– Հազվագյուտ համակցություն այս քաղաքում: 

Անցյալ գիշեր, երբ դասախոսիս տնից ինձ մոտ էինք գնում, Նիդեռլանդներին այդքան բնորոշ մանր անձրևը լցվում էր մեր աչքերի մեջ:
– Հիմա սրան անձրև՞ են ասում:

Երկու ժամ անց Հարենից եկավ Սոֆիի ընկերը` ամբողջովինի թրջված: Նկարագրում է դրսում տեղացող անձրևը: Երեք-չորս անգլերեն բառ, որոնց բոլորին մենք ասում ենք անձրևել:
– Մենակ հոլանացիներդ կարող եք անձրևին տարբեր անուններ տալ:

Նախորդ երեկոյից սենյակումս գարեջրի դատարկ շշեր էին մնացել: Գրկեցի դրանք, իջեցրի խոհանոց` որպես ապացույց, որ դասերս ավարտվել են:

Ուզում եմ մոդեմի վրայի կատվին հրաժեշտ տալ: Տեղում չէ, բայց քիչ այն կողմ տիրուհին սեղանի մոտ նստած գրում է: Սովորականի պես:

Հաջորդ օրը պիտի հեծանիվով նույն տեղով անցնեի: Կատուն նստած էր լինելու մոդեմի կողքը, տիրուհին` սեղանի մոտ նստած, գրելիս: Սովորականի պես: Իսկ կողքի ցուցափեղկից մյուս կատուն էր նայելու: Ու նորից մանր անձրևը ծակծկելու էր դեմքս, բայց ես չէի նեղվելու: Փակելու էի աչքերս ու վերջին անգամ վայելելու թաց Խրոնինգենը:

Թեքվում եմ աջ, հասնում համալսարան: Սովորականի պես դռան մոտ կանգնած են աղջիկներ, թղթեր են բաժանում: «Ինչի՞ս է պետք»,- մտածում եմ, բայց վերցնում եմ: «Մարտի 5-ին…»,- շարունակությունը չեմ կարդում: 

Ճաշարանը լիքն է, բայց հիմա արդեն ես մասնակից չեմ: Դեռ երեկ կոմպով, գրքերով ու մի բաժակ սուրճով ես էլ էի մի անկյունում հարմարվել ու պարապում: 

Սուրճ եմ ուզում: Բացում եմ դրամապանակս: Սովորաբար մոտս կոպեկներ եմ պահում, որ ապարատից օգտվեմ: Սովորաբար էնքան եմ ունենում, որ թղթադրամը մանրել մոռացած համակուրսեցիներիս համար էլ եմ գնում:

Հաշվում եմ: Ուղիղ 40 ցենտ: Ուղիղ այնքան, ինչքան պետք է վերջին անգամ սուրճ խմելու համար:

Նստում եմ սեղաններից մեկի մոտ: Սկսում եմ գրել: Համալսարանում առաջին անգամ:

Յուղանկարներ

Պատին նկարներ կային: Դժվար չէր ճանաչել` ով է պատկերված: Միջին տարիքի կինը դասախոսս էր, իսկ փոքրիկ աղջիկը` նրա դուստրը, որի դեմքը սովոր էինք տեսնել, երբ դասի ժամանակ հանկարծ սքրինսեյվըրը կմիանար: 
– Աղջիկս է,- կծիծաղեր դասախոսս ու կանցներ առաջ:

Այնտեղ էին կիսամյակի ընթացքում մեզ դասավանդած բոլոր պրոֆեսորները: Այնտեղ էր նաև դասախոսիս ամուսինը:
– Ռոն,- ներկայացավ` հերթով բոլորի ձեռքը սեղմելով:
«Ռոն»,- գրված էր պատի յուրաքանչյուր յուղանկարի տակ: 
Նկարները հեռու էին արվեստի գլուխգործոց լինելուց, բայց մեջները ձգող բան կար: Պիտի մեկ-երկու ժամ անցներ, որ հասկանայի. տեսնում ես, թե դրանց հեղինակը որքան է սիրում պատկերվածներին:

Ռոնը սեղանին տեսակ-տեսակ ուտելիքներ էր դնում: Բոլորն ինքն էր պատրաստել: Զարմանում էինք, թե որքան բազմազան ու համեղ է ամեն ինչ:

Սենյակի մյուս ծայրում վրձիններ ու ներկեր էին:
– Կարծում ես` նկարի՞չ է,- հարցրեց մեկը:
– Չէ, լեզվաբան է. հոդվածներից մեկը միասին են գրել:

Ընթացքում մենք մեր խմբով անընդհատ իրար հետ էինք, մեկ էլ Արիանեի` հոլանդերենի դասախոսի հետ էինք չաչանակում: Դասախոսների հետ երկրորդ կուրսեցիներն էին շփվում: Դիսլեքսիայի դասախոսին` Բենին, նայել չէինք ուզում, որովհետև առարկայի ձեռքին անիմաստ շատ ենք տանջվել: Ու էդ տանջվելու ընթացքում լիքը կատակներ էինք հորինել նրա մասին: Հենց աչքներովս էր ընկնում, դրանցից մեկնումեկը հիշում էինք ու կչկչում:

Բենի ձեռքին ֆոտոապարատ կար: Անընդհատ աջ ու ձախ բոլորին նկարում էր:
– Կարծում ես` սիրու՞մ է մեզ,- հարցնում եմ Նորային, որը զինակիցս էր դիսլեքսիայի դաժան առաջադրանքը կատարելիս:
– Ըհը… կկարոտի մեզ, դրա համար էլ նկարում է:

Դուրս գալիս ինչ-որ բան էինք խոսում, մեկ էլ նկատեցի` դասախոսիս աչքերը լցվել են: Տեսավ, որ տեսա, հայացքը թեքեց: 

Տուն գնալ չէինք ուզում: Քայլեցինք դեպի իմ տուն Նորայի գարեջրի շշերը դատարկելու: Ու ավարտվեց Խրոնինգենում մեր համատեղ ուսանողական կյանքը:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me