Դասական երաժշտության մասին

Փոքրուց դասական երաժշտություն չեմ սիրել… Չէ, ոչ թե չեմ սիրել, այլ տարօրինակ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Տատիկս ինձ համերգների էր տանում, ու ես անընդհատ կեսից քնում էի: Էդպես էլ դասականից անտեղյակ մեծացա` հազիվ մի քանի կոմպոզիտորի անուն իմանալով:

Երեկ Սոֆիի հետ գնացել էի գարեջուր խմելու: «Երեք քույրեր» հայտնի սրճարանում մի մարդ նվագում էր: Ծանոթ երաժշտություն էր: Ուզում էի բացականչել` վայ, Թորի Ամոսը: Լավ է, որ լեզուս կծեցի, սուս մնացի: Քիչ էր մնում` դպրոցում դաշնամուր սովորած Սոֆիի կողքին խայտառակ լինեի, խելոքի համբավս գետնով տայի: 

Ուղղակի պետք էր հիշել, որ Թորիի վերջին ալբոմը դասական գործերի հիման վրա է գրվել: Իսկ տղան սա էր նվագում.

Սինտըկլասը միջազգային սրճարանում

Նամակ եմ ստանում, որ հերթական միջազգային սրճարանը լինելու է նոյեմբերի 26-ին: Քանի որ նվիրված է լինելու Սինտըկլասին, խնդրում են, որ հետներս մի պուճուր նվեր, ոտանավորիկ ու կոշիկ բերենք: Ավելին` չի բացառվում, որ Սինտըկլասն ինքն էլ մեզ հյուր գա:

Մտնում ենք ներս, կոշիկները դասավորում, նվերները պարկի մեջ դնում:


Ոմանք կոշիկ չէին բերել, բայց լուծումը գտան…

Առաջին անգամ, երբ գնացի, Հանսից ու Ջոանից բացի ոչ մեկի չէի ճանաչում: Էս անգամ ներկա 45 ուսանողներից առնվազն քսանին գիտեի: Այ էդքան բան է փոխվել մի ամսվա մեջ:

Նախորդ անգամվա պես Փաթիի սարքած համով սուպից կերանք:

Սինտըկլասի պատմությունը պատմեցին: Շեշտեցին, որ ինքը Santa Claus-ը չի: Հետո երգեցինք, որ Սինտըկլասը գա: Շատ երգեցինք: Ու էկավ:

Զարմացրեց իր անգլերենով, որովհետև սպասվում էր, որ Իսպանիայից եկած մարդը պիտի էսքան լավ անգլերեն չիմանա: Հետո խոստովանեց, որ վերջին տարիներին ստիպված է եղել պարապել, որովհետև Նիդեռլանդներում շատացել են միջազգային ուսանողները: Հետո կոշիկների մեջ նվերներ դրեց: Բոլորս մի լավ բան ստացանք:

Վերջում Սինտըկլասն ասաց, որ ամեն տարի իրեն հարցնում են` ինչու է գալիս, ինքն էլ պատասխանում է, որ սիրում է տեսնել էրեխեքին ուրախ դեմքերը: Սրանից հետո կավելացնի, որ սիրում է տեսնել չափահասների ուրախ դեմքերը:

Ժամանակ չուներ, լիքը տեղեր պիտի գնար: Վերջում երգեցինք դախ Սինտըկլասյը, դաախ, դաախ:

Մեր մանկության երգերը

գրառումից ոգեշնչված

Էստեղի գերմանացի և չեխ ուսանողների հետ երեկ մեր մանկության երգերից էինք խոսում: Պատկերացնու՞մ եք` գրեթե բոլորս Kelly Family-ի երգերն ենք լսել: Ուղղակի մի տարբերություն կար. նրանք եղել էին համերգներին, իսկ ես` ոչ (երկու շաբաթից տասնվեց տարվա սխալը կուղղվի):

Խոսում էինք պլակատները պատերին կպցնելուց, քննարկում, թե խմբի որ անդամին էինք ավելի շատ սիրում, որ երգն է ավելի լավը: Նստած մտածում եմ` էն, ինչ Հայաստանում անսովոր էր ու անհասկանալի (որովհետև հասակակիցներս Էնրիկե Իգլեսիաս ու Նատալյա Օրեյրո էին լսում), էս կողմերում եղել է սովորական մանկություն: 

Մի երգ էլ իմ կողմից: Իմ ամենասիրածներից չէ, բայց ամենահայտնիներից է (նաև Հայաստանում, որովհետև մի ռադիոկայան անընդհատ էս երգն էր միացնում): 

Լավ գիրք

Նստած եմ իմ էստեղի պստիկ գրադարանով (որի 10 գրքից վեցն արդեն կարդացել եմ), համալսարանի գրադարանից վերցրած գրքերով ու ոչ մեկը չեմ կարողանում կարդալ: Նայում-նայում եմ, բացելս էլ չի գալիս: Ուղղակի զգում եմ, որ մի հատ շատ լավ բան եմ ուզում կարդալ, որ կհայտնվի իմ սիրելի գրքերի ցանկում (վերջին անգամ նման բան երկու տարի առաջ ա էղել): Դրա համար կխնդրեի մեկնաբանությունների տեսքով որևէ բան խորհուրդ տալ: Ճարելու խնդիր չունեմ. համալսարանի գրադարանում ամեն ինչ կա:

Արտիստը

Երբևէ կպատկերացնեի՞ր, որ քսանմեկերորդ դարում ներկա կգտնվես մի ֆիլմի պրեմիերայի, ու այն հերիք չէ սև ու սպիտակ է, դեռ մի բան էլ համր: Ո՞վ է գժվել մեր օրերում նման բան նկարել:

Դեռ ապրիլին ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում 1927թ. նկարահանված համր ֆիլմ դիտեցի, որն իսկապես սպանիչ էր, ու հիմիկվա հազար տեսակի կոմպյուտերային էֆեկտներով կինոները շատ պիտի հաց ու պանիր ուտեին, որ հասնեին էդ հասարակ, հիմնականում դերասանական խաղի վրա հիմնված ֆիլմին:

«Արտիստն» էլ քսանմեկերորդ դարի համր ֆիլմ է: Մեր օրերում մեծ համարձակություն է պետք նման ֆիլմ նկարելու համար: Ու հաջող բան է ստացվել: Ամբողջ մեկուկես ժամ աթոռին գամված հայացքս չեմ կտրում էկրանից: Ֆիլմը պատմում է մի դերասանի մասին, որի համբավն աստիճանաբար նվազում է` տեղ տալով նորահայտ դերասանուհուն: Այստեղ տեսնում ես, թե ինչպես է կինոն համրից անցնում ձայնի: Տեղ-տեղ ռեժիսորը շատ մազալու լուծումներ է տվել (չեմ ասի, նայեք, կհասկանաք): Ու կարևորը` էն ժամանակների ֆիլմերի բոլոր կանոններով է: 

Էս էլ ձեզ թրեյլերը: Ի դեպ, հենց թրեյլերը տեսնելով էր, որ որոշեցի անպայման գնալ ու անպայման պրեմիերային (տոմսը երկու անգամ ավելի էժան էր :)))):

Մազալու հոլանդերենը

Էս լեզուն կպած չեմ կարողանում սովորել: Ուղղակի չափից դուրս ծիծաղելի է: Էսքան լեզու է գլխովս պտտվել, ոչ մեկը հոլանդերենի պես խոխմ չէր:

Նախ, իրենց խ-երը սպանում են: Ուզու՞մ ես իմանալ որևէ բառ հոլանդերեն ոնց կլինի: Վերցնում ես անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն որևէ բառ, մեջը որևէ տեղ խ խցկում, ու կստացվի հոլանդերեն բառը:

Գիտե՞ք ավտոտնակին ոնց են ասում: Գրվում է այսպես. garage: Ըստ տրամաբանության, պիտի կարդացվի գաղաժ կամ առնվազն գարաժ, քանի որ ֆրանսերենից վերցված բառերի արտասանությունը հիմնականում չի փոխվում: Բայց առանց խ-ի ո՞նց յոլա կգնան: Դրա համար բառի առաջին կեսը հոլանդականացրել են` արտասանելով խարաժ:

Հետո լիքը արտահայտություններ տարօրինակ են հնչում: Օրինակ, «Ես վախենում եմ» կլինի ik ben bang: Ամեն անգամ էս արտահայտությունը տեսնելիս ուշքս գնում է:

Բա գիտե՞ք կարողանալ ոնց կլինի: kunnen: Դե հիմա ասեք` նամուսով հայ աղջիկը ո՞նց հոլանդերեն ասի ես կարող եմ:

Իսկ բարի լույսը լրիվ սպանում ա: Հայերեն տառադարձումով պիտի գրեմ, որովհետև հոլանդերեն գրությունից գլուխ չեք հանի. խույը մորխըն:

Թարմացում: Էս մեկը մի քիչ առաջ համակուրսեցիս ասեց: Գիտե՞ք հոլանդացիներն ինտերնետում որտեղ են որոնումներ կատարում: Այո, այո, դուք չեք սխալվում. որոնողական համակարգը կոչվում է խուխլ:

«Թեթև մահ» (Սիմոն դը Բովուար)

Էս գիրքը կարդալու մտադրություն ընդհանրապես չեմ ունեցել: Վաղուցվանից ԿՄ ընկերներիցս մեկը (չեմ հիշում ով էր) խորհուրդ էր տվել «Երկրորդ սեռը» կարդալ: Եթե չեմ սխալվում, ինքս էլ փնտրում էի էդ գիրքը: Մի խոսքով, վերջը եկավ էդ օրը, որ նպատակադրված գնացի գրադարան` «Երկրորդ սեռը» փնտրելու: Ու չկար: Չեմ համարձակվում ասել, թե մեր գրադարանն ընդհանրապես էդ գիրքը չունի: Երևի ձեռքի վրա էր: Չստուգեցի: Համենայնդեպս, հո առանց գրքի դուրս չէի՞ գալու: Դես գնացի, դեն գնացի, վերջը ասեցի` լավ, Սիմոն դը Բովուարից ուրիշ գրքեր վերցնեմ, տեսնեմ` ինչացու ա: Ու էդպես պատահական երկու գործ ընտրեցի, որոնցից մեկն էլ «Թեթև մահն էր»:

Մի հինգ րոպե առաջ վերջացրի: Որ հարցնեք` դուրք եկավ, թե ոչ, հստակ պատասխան չեմ կարողանա տալ: Մենակ էն գիտեմ, որ ոնց որ մուրճով գլխիս տային: Այ էդ տեսակ գլխացավ առաջացավ մոտս: Ինչ խոսք, ինքնակենսագրական գործեր սիրում եմ, բայց սիրում եմ, երբ դա գեղարվեստականի հետ է խառնված լինում: Իսկ էստեղ հեղինակը բռնել էր, ամենինչ ամենայն մանրամասնությամբ նկարագրել էր` իրականությունից մի մազ անգամ չկտրվելով, օրերն ու ժամերն էլ նշելով: Ու ի՞նչ էր պատմում: Մոր մահվան մասին` սկսած հիվանդանոց ընկելու պահից մինչև դագաղը փոսի մեջ իջեցնելը: Մայրն էլ էդքան հեշտ չէր մեռնում. «Երբ կյանքն այսքան ուժեղ ես սիրում, մեռնելը դժվար գործ է դառնում»:

Տեղ-տեղ էֆթանազիայի հարցեր է թեթևակի շոշափում, բայց չի համարձակվում շատ ուժեղ պնդել. «Աշխարհում ոչինչ չի կարող արդարացնել անիմաստ տանջանքի այդ պահերը»:

Ու չոր: Զգացմունքայնություն համարյա չկա: Կարճ նախադասություններ են: Պարզ: Վերջում մենակ մի թեթև հանձնվում է, անուղղակիորեն խոստովանում, որ մոր մահը ծանր է տանում. «Ես չէի հասկանում, որ կարելի էր անկեղծորեն սգալ յոթանասունից մեծ հարազատի կորուստը: Եթե հանդիպեի հիսուն տարեկան կնոջ, որն իրեն կորցրել է, որովհետև քիչ առաջ մայրը մահացել է, նրան նևրոտիկի տեղ կդնեի»: 

Հետո անցնում է փիլիսոփայության կյանքի ու մահվան մասին, բացատրում, որ մահվան համար տարիքը կապ չունի, որ, միևնույն է, մահն անսպասելի է, մահը պատճառ ունի. «Մարդիկ չեն մեռնում ծնված լինելուց, ոչ էլ ապրելուց կամ ծերությունից: Նրանք մեռնում են ինչ-որ բանից»:

Էս գիրքը կարդալիս անընդհատ աչքիս առաջ Սիմոն դը Բովուարի մահվան մասին պատմող ֆիլմն էր, որը գուցե միայն մահվան մասին չէր, բայց մենակ թաղման կադրերն էի տպավորվել:

Սինտըկլաս (Sinterklaas). հոլանդացի երեխաների սիրած տոնը

Հոլանդիայում Ծննդյան տոներին երեխաները սովորաբար նվերներ չեն ստանում, որովհետև դրանից կարճ ժամանակ առաջ Իսպանիայից գալիս է Սինտըկլասը (Սուրբ Նիկոլասը), խելոք երեխաներին նվերներ տալիս, իսկ չարերին մտցնում պարկի մեջ, հետը տանում Իսպանիա:

Սինտըկլասն իր օգնականներն ունի, որոնք կոչվում են Սև Փիթ (Zwarte Piete): Նրանք սևամորթներ են, ու ամեն մեկն իր առանձին ֆունկցիան ունի: Ամերիկացիներն ասում են, որ նման տոն իրենց մոտ թույլ չէին տա` Սև Փիթի գոյությունը ռասիզմ համարելով: 

Սև Փիթերի մի խումբ երեխաներին քաղցրավենիք է բաժանում: Երեխաներն էլ երգում են Սինտըկլասի համար, որ իրենց նվեր տա: 

Տոնի իսկական օրը դեկտեմբերի 5-ին է. երեխաները կոշիկները դնում են դրսում, որ Սինտըկլասը նվերը մեջը դնի: Բացի դրանից, ընտանիքի անդամներն իրար համար նվերներ են պատրաստում, ծիծաղելի բանաստեղծություններ կցում դրանց:

Այս տարի Սինտըկլասի գալու օրը նոյեմբերի19-ն էր: Գալիս է, քաղաքում շրջում, դպրոցներ այցելում մինչև դեկտեմբերի 5-ը: Ասում են` էս ընթացքում լուրերով ամեն օր 10 րոպե տրամադրում են Սինտըկլասին: Օրինակ, անցյալ տարի պարզվել էր, որ նվերների պահեստի պատասխանատու Սև Փիթը կորցրել էր բանալիները:

Մեր հոլանդերենի դասախոսն այս ամենը մեզ բացատրելուց ու մի քանի երգ սովորեցնելուց հետո հավաքեց բոլորիս, որ միասին գնանք Սինտըկլասին դիմավորելու, որը նավով էր գալու:

Տոնն իմ աչքերով ու լիքը նկարներ

Twilight

Ցնդած կուրսեցիներիս խելքներին փչել էր Twilight-ի չորրորդ մասը նայել: Պարզվում է` հինգշաբթի օրն իրար գլխի հավաքված առաջին երեքը նայել են, որ չորրորդի համար կինոթատրոն գնան: Ինձ հարցրին` կգա՞ս: Պայման դրեցի, որ առաջին երեքը պատմեն, որ հասկանամ` ինչ է կատարվում: Պատմեցին:

Ու էդպես էսօր հինգ ջրիկներով պոպկորնի եքա ամաններով մտել ենք կինոթատրոն: Ու մեզ մի այլ կարգի բացել էր: Մի հատ մեեեեեեեեծ, անդուր սփոյլեր: Եթե չեք տեսել ու դեռ պատրաստվում եք նայել, ավելի լավ ա քաթի տակինը չկարդաք

Հայերեն. ինչպե՞ս որոշել ճիշտն ու սխալը

Ուրբաթ գիշերով պարապ էի մնացել, մի քիչ զբոսնեցի Ֆեյսբուքի Մայրենի լեզվի դասեր խմբում: Իսկապես հետաքրքիր տեղ է. հայերենի վերաբերյալ ինչ հարց ունես, տալիս ես: Գիտակները պատասխանում են: Երբեմն բանավեճեր են ծավալվում: Մի խոսքով, խմբի գաղափարն էլ, բովանդակությունն էլ շատ լավն են, բայց ինձ թվում է` որոշ հարցերում չափից դուրս շատ ենք ծայրահեղությունների գիրկն ընկնում: Քանի որ Ֆեյսբուքում սուր մեկնաբանություններ թողնելու, հետո բանավեճի մեջ մտնելու հավես չունեմ, որոշեցի համեստ կարծիքս էստեղ գրել:

Նախ, ոնց հասկանում եմ, շատերը չեն տարբերում խոսակցական հայերենն ու քերականորեն/հնչյունաբանորեն սխալ հայերենը: Առաջինը լեզվի բնական վիճակն է. ինչքան ուզում ես, դրա դեմ պայքարիր: Միևնույն է, չի անհետանալու: Ավելի հեշտ կլինի` գրականը մոտեցնել խոսակցականին, քան հակառակը: Ի դեպ, եթե վերջինս հնարավոր լիներ, հիմա պիտի գրաբարով խոսեինք: Մասնավորապես, խմբում ա-ի ու է-ի բանավեճի հանդիպեցի: «Խոսում ա» ձևը սխալ չէ, խոսակցական է: Ու ես երբեք բանավոր խոսքումս չեմ ասի` «խոսում է», որովհետև իմ մայրենի լեզվում, այսինքն այն մեկում, որը ձեռք եմ բերել վաղ մանկական հասակում, «խոսում է» ձևը չկար:

Չգիտես ինչու, ամեն ինչը ռուսաբանություն դարձնելու հակում տեսա: Ինչ խոսք, հայերեն լավ չիմացող ռուսախոսների թեթև լեզվով լիքը սխալ քերականական կառուցվածքներ են մտել հայերեն, բայց չի կարելի ամեն դուր չեկած արտահայտության միանգամից «ռուսաբանություն» պիտակը կպցնել: Հասկանալի է, որ «դաշնամուրի վրա նվագել», «ինչ-որ մեկի վրա սիրահարվել» կառուցվածքները սխալ են: Բայց եթե դրանք անընդունելի են մեր լեզվի համար, տարիների ընթացքում կվերանան, ինչպես անհամեմատ կքչանան դոմինանտ ռուսերենով երկլեզուները: Այնուամենայնիվ, ինչ-որ տեղ հասկանում եմ, երբ մասնագետները կամ այն մարդիկ, որոնց դոմինանտ լեզուն հայերենն է, փորձում են ուղղել, ջղայնանում են այդ ռուսաբանությունները տեսնելիս:

Ինձ ցնցեց «մայրենի լեզու» արտահայտությունը ռուսաբանություն անվանելը: Նախ, գոնե իմ իմացած ու չիմացած մի քանի լեզուներում առաջին լեզուն կոչվում է (նաև) մայրենի լեզու: Երկրորդ, առաջին լեզվի մասին խոսելիս պետք է կարողանանք, չէ՞, ինչ-որ կերպ արտահայտվել: Անձամբ ինձ համար «առաջին լեզուն» շատ ավելի պակաս հայերեն է (որովհետև բառացի թարգմանել եմ անգլերեն first language արտահայտությունը), քան «մայրենի լեզուն»: Ու պատահական չէ, որ տարբեր լեզուներում հայրենիքը կապված է «հայր», իսկ լեզուն` «մայր» բառի հետ: Կարծում եմ` ենթադրվում է, որ մարդիկ իրենց հայրենիքը ստանում են հորից, իսկ լեզուն` մորից: 

Հնչյունաբանական քննարկումներ էլ նկատեցի: Իհարկե, նույն երկլեզուներից հայերեն մտած լիքը ռուսաբանություններ կան, բայց իմ համեստ կարծիքով դրանք արդեն դուրս են մղվում (տասը տարի առաջ ավելի հաճախ կարելի էր լսել «լյավ», քան հիմա): Այնուամենայնիվ, էս դեպքում էլ կարելի է ծայրահեղությունների գիրկն ընկնել ու ասել, օրինակ, «առավոտյան» բառի մեջ պետք է «տ» և «յ» հնչյուններն իրարից տարանջատել, ոչ թե «ծ» արտասանել: Նման դեպքերում ժողովուրդը լեզվաբաններից խելոք է ու ընտրում է այն, ինչ ավելի հեշտ է: Եթե լեզվակիրները խոսել սովորելու պահից սկսած «ծ» են արտասանում, ինչքան ուզում ես, սովորեցրու, որ «տյ» է գրվում, միևնույն է, «ծ» ձևն ավելի հեշտ է լինելու: Էստեղ հետաքրքիր համեմատություն անեմ: Հոլանդերենում փոքրացուցիչները կազմվում են tje մասնիկով: Երբ համակուրսեցիներս տանջվում էին, որ «տյը» արտասանեն, դասախոսը հանգստացրեց` ասելով, որ «տ»-ն ու «յ»-ն իրար հետևից արտասանելը դժվար է, ու հոլանդացիներն իրենք «չ» են արտասանում: Վերջիվերջո, եթե հայերենի արտասանության հետևից շատ ընկնենք, պիտի ստիպենք, որ բարբառախոսներն էլ գրականի պես արտասանեն: Իսկ դա հնարավո՞ր է և իմաստը ո՞րն է:

Մեկ էլ նկատել եմ, որ խմբում շատ են խորանում այս կամ այն բառի` օտար ծագում ունենալու մեջ, գլուխ ջարդում, որ նորերը հորինեն: Ինչ խոսք, միշտ էլ լավ է, երբ նոր բառի հարմար հայկական տարբերակն ենք ունենում, բայց կարիք կա՞ լեզվի մեջ արմատացած, մի քանի հարյուր տարվա հնություն ունեցող բառի համարժեքը հորինել: Ավելին` բառերի անցումը մի լեզվից մյուսին բնական գործընթաց է: Հիմա որ ասեմ հայերենում «նավ» բառը պարսկերենից է մտել, մի՞թե պիտի խուճապահար լինենք ու սկսենք նոր տարբերակ գտնել անհիշելի ժամանակներից մեր լեզու մտած բառը դուրս մղելու համար:

Իմ համեստ կարծիքով, իսկական սխալ հայերենն ուսումնասիրելու երկու ճանապարհ կա: Մեկն այն մարդիկ են, որոնց համար հայերենը մայրենի լեզու չէ: Ժամանակին նրանք շատ էին` ռուսախոս հայերը: Դրա համար լիքը սխալներ մտան մեր լեզվի մեջ, բայց դրանք դուրս են մղվելու, հավատացեք: Իսկ եթե մնան, ուրեմն չէին խանգարում: Մյուսն էլ աֆազիկներն են, այսինքն` ինչ-ինչ պատճառներով ուղեղում վնասված հատված ունեցողները, որոնց լեզուն դառնում է ոչ քերականական: Մնացած դեպքերում ստացվում է, որ ինքներս մեզ ենք ուսումնասիրում, հետևաբար երբեք չենք կարող տեսնել, թե ինչն է սխալ, ինչը` ճիշտ, ու հաճախ մեր սուբյեկտիվ ընկալումները հրամցնում ենք որպես ճիշտ կամ սխալ:

Հ.Գ. Այս գրառումս անձնապես որևէ մեկին վիրավորելու նպատակ չունի: Ուղղակի կիսվում եմ իմ դիտարկումներով, որոնք նաև ինձ են վերաբերում:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me