Նոր Ակումբում սննդի մասին թեման էի կարդում… Հիմա, երբ այստեղ եմ՝ Սևիլյայում, ճիշտ սնվելու մասին բոլոր պատկերացումներս փոխվել են: Ակումբում մարդիկ փիլիսոփայում են, թե այս պետք է ուտել, այն չպետք է ուտել: Այդ փիլիսոփայողներից մեկն էլ ես էի… Բայց երբ հայտնվում ես այնպիսի պայմաններում, որ ուղղակի ընտրություն չունես, ծիծաղելի է ասել, թե սա օգտակար է, սա ոչ:

Ես ստիպված սկսել եմ միս ուտել: Եթե շարունակեի բուսակերությունս, ուղղակի ստիպված էի լինելու սոված մնալ կամ ամեն օր միայն տապակած կարտոֆիլ ուտել, ինչը շատ ավելի վնաս է առողջությանը, քան միսը: Կամ էլ պետք է ամեն լրացուցիչ ահագին փող ծախսեի սննդի վրա՝ ուտելով ռեստորաններում, որովհետև չեմ կարող խանութից որևէ բան գնել այն պարզ պատճառով, որ ո՛չ սառնարան ունեմ, ո՛չ խոհանոց որևէ բան եփելու համար, ո՛չ էլ սպասք: Ու գիտեմ, որ վերադառնամ Երևան, շարունակելու եմ բուսակերությունս… Գիտեմ դա, որովհետև ամեն անգամ տհաճությամբ եմ միս ուտում, ուտում եմ ոչ թե այնքան, որ կշտանամ, այլ այնքան, որ այլևս սովածություն չզգամ…

Սպիտակ հաց չուտելը… Սպիտակ ալյուրը՝ սպիտակ մահ… Ես դրա ընտրությունն էլ չունեմ: Ճաշին մեզ ճեփ-ճերմակ հաց են տալիս: Իհարկե, ես լրիվ չեմ կարողանում, չեմ էլ ուզում ուտել, բայց մի երկու հատ կծում եմ, որ տապակած կարտոֆիլ շատ կուլ չտամ:

Սննդի հետ ջուր չխմելը… Հիշում եմ՝ Երևանում խստորեն հետևում էի դրան: Կուրսեցիներս զարմանում էին, թե ինչպես ճաշի ժամանակ ոչինչ չէի խմում: Ճիշտ է՝ քննաշրջանում խախտեցի սովորությունս, որովհետև ժամանակ չկար առանձին ուտելու և խմելու համար ընթերցասրահը լքելու, իսկ անջատված պարապելու ժամանակ չես էլ նկատում, թե ինչ և ինչքան ես խմում, բայց դժվար չէր հետո նորից հին ռեժիմին վերադառնալը… Այստեղ խմում եմ ինչ ուզում եմ, ինչքան ուզում եմ, երբ ուզում եմ: Նախ, երբ ծարավից մեռնելով հազիվ խմելու բան ես գտնում, հազիվ ցանկանաս քեզ հաշիվ տալ, թե երբ և ինչպես ես ուտելու: Երկրորդ, սնունդն այնքան չոր է, որ ստիպված ես մի երկու բաժակ ջուր խմել հետը, որ կուլ գնա: Եվ խմում եմ թեկուզ կոլա, թեկուզ գարեջուր, ինչ-որ գազավորված ըմպելիքներ: Մի խոսքով, ինչը հարմար եմ գտնում:

Երևանում դեռ անցյալ տարի բժիշկն ինձ արգելել էր սուրճ խմել: Ես առանձնապես դրա սիրահարը չէի, դրա համար ինձ վրա չէր էլ ազդում: Բայց քննաշրջանում ստիպված օրը 2-3 բաժակ կուլ էի տալիս, որ ժամանակ խնայեմ, այսինքն՝ շատ չքնեմ, բավարարվեմ միայն գիշերվա 6-7 ժամով: Այստեղ սկզբում հրաժարվեցի. առավոտյան կակաո էի խմում, բայց երբ զգացի, որ երբեմն ցերեկները քունս տանում է, սկսեցի ամեն առավոտ cafe´ con leche խմել: Իսկ երբ հանրակացարանի ճաշարանն արձակուրդ գնաց, այսինքն՝ զրկվեցինք նախաճաշից, ես օգտվում էի ավտոմատի ընձեռած հնարավորություններից:

Այսօր առավոտյան սովածությունս ճնշելու համար որոշեցի հիվանդանոցի ճամփին սուրճ խմել. այսօր երկուշաբթի է, և առավոտվա նախաճաշի տեղ անցնող չոր (առանց որևէ կրեմի կամ շոկոլադի, որ չհալի շոգ սենյակում) թխվածքաբլիթներս դեռ շաբաթ օրը սպառվել էին: Իսկ ես պետք է ոչ թե կուշտ լինեի, այլ ուղղակի մինչև ճաշ սովածություն չզգայի, որպեսզի կարողանայի մկան վրա կենտրոնանալ, ոչ մի սխալ թույլ չտալ: Եվ այդ մի բաժակ սուրճը, որ խմեցի արաբական կրպակում, տրամադրությունս այնքա՜ն բարձրացրեց… Լաբորատորիա մտնելով Մարգային մինչև ականջներս հասնող ժպիտով ողջունեցի ու պատմեցի, թե ինչքան լավ է անցել շաբաթ-կիրակիս, թեկուզ ես լրիվ մենակ էի…

Ու ամենազարմանալին այն է, որ չնայած այսքան սխալ եմ սնվում, ոչ մի առավոտ ստամոքսս չի ցավում: Ընդհանրապես, ես լրիվ առողջ ու առույգ եմ… Չէ՛, չեմ ասում, թե սնունդն է ինձ փոխել… Ես պարզապես հասկացա, որ առողջ լինելու համար առաջինը սննդին պետք չէ հետևել… Միայն այն, որ ես ոչ մի բացասական լիցք այստեղ չեմ ստանում, ինձ բուժում է… Դա Հայաստանում անհնար է, հետևաբար պետք է այնպիսի ստերից կախվեմ, ինչպիսին սնունդն է, շատ քայլելը, շուտ արթնանալը և այլն… Ու մնամ հավերժ հիվանդ…

Ստացվեց… Հարգելինե´րս, ես հիմա դրախտում եմ: Հա՛, լուրջ, չեմ խաբում: Ուրիշ ինչպե՞ս կարելի է անվանել այն, որ ամբողջ օրը երջանիկ եմ, բացարձակապես ոչ մի բացասական լիցք չեմ ստանում: Ու քանի որ վերջապես կարողացա այնպես անել, որ այս համակարգչից հայերեն գրեմ, կաշխատեմ Իսպանիայում եղած ժամանակ ավելի հաճախ բլոգիս մեջ բաներ ավելացնել:

Ամիսներ առաջ շատ էի ուզում Հայաստանից հեռանալ, մեկնել ցանկացած երկիր սովորելու, իսկ հետո շարունակել ապրել այնտեղ, Հայաստան վերադառնալ միայն որպես հյուր… Եվ շատ լավ գիտեի, թե ինչից եմ փախչում, ինչն է ինձ անհանգստացնում: Կարծում էի՝ միակ փրկությունը Հայաստանից հեռանալն էր, կարծում էի՝ սա իմ երկիրը չէր, օդը չէր հերիքում:

Հիմա էլ գիտեմ, որ Եվրոպայում շատ լավ կզգամ ինձ, բայց այլևս փախչել չեմ ուզում: Լավ չեմ հասկանում, թե ինչն է ինձ այդքան պահում այստեղ: Ես գոհ եմ, որ տարվա մեջ մեկ-երկու անգամ մեկնում եմ արտասահման, լիցքաթափվում, բայց ապրել ուզում եմ այստեղ: Գիտեմ, գիտեմ, վերջում մերոնցից միայն ես եմ մնալու Հայաստանում, մնացած ընկերուհիներս ցրվելու են աշխարհով մեկ: Ու գուցե տարիներ անց՝ ամառային մի օր, նորից հավաքվենք Երևանում, առաջվա պես սառը գարեջուր խմենք, պատշգամբում պարենք՝ փորձելով գրավել անցորդների ուշադրությունը:

Չեմ փոշմանել, որ, այնուամենայնիվ, որոշեցի Իսպանիա գնալ: Հիմա ծիծաղում եմ, երբ մտածում եմ օգոստոսյան դեպրեսիայի մասին: Դա այնքա՜ն հեռու է թվում: Ես պարզապես բոլոր հնարավոր բաները տեղափոխում եմ օգոստոս, ավելացնում եմ նորերը… Վերջիվերջո, Ռիփն ու Դավոն Հայաստանում են լինելու:

Քննություններս վերջացրի: Չգիտես ինչու, ձմեռային քննաշրջանները միշտ ավելի թեթև ու հանգիստ են անցնում, իսկ ամառայիններն աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ ու ինչ-որ ձևով ուժեղ հուզական ազդեցությամբ… Նույնիսկ եթե այդպես է, ապա այս քննաշրջանին նայելով կասեմ, որ չեմ ունեցել նույն տագնապները, սարսափներն ու անհանգստությունը, որ կային անցյալ տարի, երրորդ կամ առաջին կուրսերում (երկրորդում, փառք Աստծո, քննություններից ազատվել եմ, թե չէ պատկերացնում եմ ինչ կլիներ ռուսերենից հետո):

Այս անգամ գերակշռողը անբավարարությունն էր: Բացի տրավմից, մնացած բոլոր քննություններից մի տեսակ չէի բավարարվում, չնայած բավական լավ պատրաստվում էի… Մանավանդ հոգեբուժությունը… Ինչքան էլ ինձ նախապատրաստեի ամենավատին, միևնույն է, ահավոր ծանր տարա:

Ու ևս մեկ անգամ համոզվեցի, որ քննությունները վիճակախաղեր են: Ես էլ շահողներից մեկն եմ: Եթե այդպես շարունակվի, մյուս տարի կարմիր դիպլոմ էլ կշահեմ: Էս կիսամյակ երկու «10» և երկոր «9» շահեցի: Առավելագույն միավորներս այն առարկաներից էին, որոնք ամենալավը և ամենավատը գիտեի (հոգեբուժություն ու վնասվածքաբանություն):

Հիմա զգում եմ, որ Իսպանիան ինձ պետք է: Ուրախ եմ, որ ընդամենը երեք օրից մեկնելու եմ: Ինձ պետք է շունչ քաշել, ուշքի գալ քննություններից հետո: Ընդհանրապես, վատ սովորություն է, բայց արդեն առանց արտասահման գնալու չեմ կարողանում հանգստանալ:

Հա՛, մոռացա պատմել հիպնապոմպիկ ցնորքներիս մասին… Ամեն օր առավոտյան ժամը հինգի կողմերն աչքերս բացում եմ որևէ ահավոր ձայնից, իսկ մի անգամ նույնիսկ օդում կախված մարդ տեսա, գոռացի: Տնեցիները չէին լսել: Այդպես էլ չհասկացա. իսկապե՞ս գոռացել եմ, թե՞ մի մասը երազ էր:

Նման բաներ մեկ էլ հինգ տարի առաջ են եղել ընդունելության քննություններից հետո: Չէ՜, բայց մինչ այդ նույնիսկ արթուն ժամանակ էի ինչ-որ պատկերներ տեսնում… Դա Անահիտի մահից մի քանի օր հետո էր:

Մի բան ինձ մխիթարում է. երազիս մեջ այլևս հոգեբուժության չհանձնած քննություն չեմ տեսնի:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me