Համեստն ու հնդիկը

Նա ծնվել էր Կուսիկյանների ընտանիքում: Նախկինում նրանց ազգանունը Բոզիկյան է եղել, բայց որովհետև քաղաքի ամենանամուսով ընտանիքներից էին, պապը դեռ երիտասարդ ժամանակ ընտրել էր իրենց ավելի համապատասխան ազգանուն: Նրա հայրը` պարոն Մուրազը, ինժեներ էր: Ջանք չէր խնայում, որ աղջկա օժիտի համար փող բերի: Դրա համար մեկ-մեկ սոված էին մնում, բայց իրենց մխիթարում էին նրանով, որ աղջկան բարեհաջող կպսակեն: Մայրը` տիկին Սիրուհին, տնային տնտեսուհի էր. ընտանիքի պատիվը չգցելու համար չէր աշխատում: Առանց այդ էլ անունը հեչ սազական չէր Կուսիկյաններին: Դրա պատճառով Մուրազը շատ է վիճել հոր հետ, մինչև վերջինս կաթվածահար է եղել, մահացել, և Մուրազը հասել է իր մուրազին… Է՜հ, կներեք… Սիրուհուն: Չէ՛, չէ՛, հանկարծ սխալ չհասկանաք: Սիրուհին երբեք Մուրազի սիրուհին չի եղել: Նրանց առաջինը միացրել է ամուսնական մահիճը:
Աղջկա անունը Համեստ էին դրել: Մայրը շատ էր ուզում, որ Լուսինե կոչվեր, բայց որովհետև դիմացի մայթին կանգնող մարմնավաճառի անունն էր, Մուրազը հրաժարվեց դրանից: Բացի դրանից, եթե տեսնեիք նրան, կհամոզվեիք, որ հենց ինքն է` Կուսիկյան Համեստը, որին ո՛չ ուրիշ անուն կսազեր, ո՛չ ուրիշ ազգանուն:
Կուսիկյաններն ընտանեկան հարստություններ ունեին: Մեկը տիկին Սիրուհու կարմիր դիպլոմն էր, որը պինդ-պինդ պահվում էր ապակու հետևում, որպեսզի հա՛մ փոշի չնստի, հա՛մ եկող-գնացողը տեսնի: Երկրորդը նրա և պարոն Մուրազի առաջին ամուսնական գիշերվա սավանն էր: Այն գեղեցիկ կտրել էին, որպեսզի կարմիր բիծը հայտնվի ճիշտ կենտրոնում, նկարի շրջանակի մեջ դրել ու փակցրել պատին այնպես, որ տուն մտնողի ուշադրությունն առաջինը հենց դա էր գրավում: Տիկին Սիրուհին չէր զլանում աղջկան ամեն անգամ հիշեցնել, որ իսկական նամուսով տանտիկինն այդպիսին պիտի լինի. կարմիր դիպլոմով և ոչ պակաս կարմիր բիծ ունեցող սավանով:
Երրորդ հարստությունը Համեստի օժիտն էր, որի պարունակությունը, երբ Համեստը մեծանար ու մարդու տալու աղջիկ դառնար, պիտի ընտանեկան ցուցահանդեսի նյութ դառնար: Իսկ քանի որ Համեստին ամուսնացնելու ժամանակը դեռ չի եկել, նրա օժիտը թողնենք հանգիստ մնա տիկին Սիրուհու գաղտնարաններում:

Համեստը դպրոցում աչքի էր ընկնում իր համեստությամբ: Ընկերուհիների մայրերը միշտ օրինակ էին բերում նրան. «Աղջիկը սենց պիտի լինի. ո՛չ ձայն-ծպտուն է հանում, ո՛չ դիսկոներ գնում, ո՛չ հուշատետր պահում, ո՛չ Love Is ծամում, ո՛չ ոտքերը բացում, ո՛չ էլ ընդհանրապես տղաների հետ շփվում»: Իսկապես, Համեստը դեռ փոքրուց գիտեր, որ տղաների հետ ընկերություն անելը ճիշտ չէ: Անգամ առաջին դասարանում տիկին Սիրուհին եկել էր դպրոց և խնդրել, որ իր աղջկան որևէ տղայի կողքը, դիմացը և հետևը չնստացնեն: Ճիշտ է` դա դժվար գործ էր, որովհետև դասարանում տղաներն ավելի շատ էին, բայց բազմամյա փորձ ունեցող ուսուցչուհին, որը պարոն Մուրազին դաս տալու բախտ էլ էր ունեցել, կարողացավ ելքը գտնել. հատուկ Համեստի համար մի նոր նստարան բերեցին: Տարիներ առաջ Մուրազի հայրը պատվիրել էր, որ որդու թե՛ կողքը, թե՛ դիմացը, թե՛ հետևը աղջիկներ նստեն, իսկ դա առանձնապես բարց գործ չէր. ընդամենը պետք էր աղջիկ-տղա զույգերին խաչաձև շարել:
Համեստը երբեք դասարանի քեֆերին չէր գնում: Տիկին և պարոն Կուսիկյանները վախենում էին, որ հանկարծ իրենց աղջիկը տղաներից մեկին քսվի, և իրենք ամբողջ ցեղով խայտառակ լինեն: Ընդհանրապես, ծնողները Համեստի համար խիստ օրենքներ էին մշակել. մութն ընկնելուց երկու ժամ առաջ տանը լինել, կարճ յուբկա չհագնել, կինո, թատրոն, դիսկո ընդհանրապես չգնալ, զբոսնել միայն աղջիկների հետ, տղաների հետ ոչ մի բառ չփոխանակել, անգամ եթե շատ խնդրեն, պաղպաղակը լիզելով չուտել, գազարը, վարունգը և նրբերշիկը միայն կտրտված ուտել, եղունգները չքսել, երեկոյան ժամը տասից հետո հեռուստացույց չդիտել, ամսագրեր ընդհանրապես չկարդալ:

Ու այսպես համեստ մեծանում էր մեր Համեստը: Նա արդեն տասնվեց տարեկան էր, բայց բառիս բուն իմաստով չգիտեր, թե ինչ է տղան: Անգամ ութերորդ դասարանում, երբ մարդու անատոմիայից սեռական օրգաններն էին անցնում, պարոն Մուրազը պատռեց դասագրքի համապատասխան էջերը, գնաց դպրոց և պատվիրեց, որ Համեստին այդ դասին թույլ չտալ: Բա ի՞նչ, հո ամբողջ ազգով չէի՞ն խայտառակվելու:
Հա՛, ուրեմն Համեստն արդեն ավարտում էր դպրոցը: Կուսիկյանների ընտանիքում ժողով էր. որոշվում էր աղջկա ճակատագիրը: Մուրազի եղբայրը` Չամուռը, պնդում էր, որ սովորելն աղջկան վայել չէ, մինչդեռ տիկին Սիրուհին վստահ էր, որ օժիտը լիարժեք չի լինի, եթե մեջը դիպլոմ չլինի: Ու էդպես երկար մտորումներից հետո որոշեցին իրենց աղջկան ուղարկել Երևանի «ամենանամուսով» բուհը` բժշկական համալսարան:

Այո՛, Համեստն առաջին անգամ տասնվեց տարեկանում իմացավ տղամարդու և կնոջ տարբերությունների մասին: Այս դեպքում արդեն պարոն Մուրազն անզոր էր. Համեստը պարապում էր, որ ընդունվի, և երբ դասախոսը տեսել էր, որ համապատասխան թեմայի էջերը բացակայում են, թելադրել էր, որ գրի: Այդ օրը նա ոգևորված տուն եկավ, մորը հարցրեց, թե. «Մա՛մ, պապան առնանդամ ունի՞»: Այդ ժամանակ տեղի ունեցավ անսպասելին. կիկին Սիրուհին աչքերը լցրեց, դեմքը ծածկեց, վազեց ամուսնու մոտ ու արտասվախառը ձայնով ասաց. «Մու՛ր, մեր աղջիկը փչացել է»: Համեստը հասկացավ, որ նման թեմաներով խոսելը տանն արգելվում է, իսկ որպեսզի իր մեղքը ներվի, գնաց եկեղեցի, յոթ հատ մոմ վառեց:
Ու խեղճ Կուսիկյան Համեստը հայտնվեց բժշկականում: Ի՜նչ նամուս, ի՜նչ բան: Այստեղ արդեն ծնողները չէին կարող պարտադրել, որ Համեստը համապատասխան դասերին չհաճախի, այլապես կարմիր դիպլոմը օժիտում չէր հայտնվի: Ավելին` կուրսեցիները միշտ խուժան անեկդոտներ էին պատմում, և ոչ ոք չկար, որ նրա ականջները փակի: Բայց Համեստը ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր հասկանում: Հաճախ միամիտ հարցեր էր տալիս, իսկ բանիմաց դասընկերները բացատրելու փոխարեն հռհռում էին: Օրինակ, մի անգամ ուսանողներից մեկը դասախոսներից մեկին անվանեց «խոլինոմինետիկ»: Բոլորը ծիծաղից թուլացան, իսկ Համեստը շվարած նայում էր նրանց: Հետո համարձակվեց հարցնել.
– Դա ի՞նչ է:
– Դե մինետ բառից, չգիտե՞ս,- պատասխանեց առավել բարեհամբույր գտնված դասընկերը:
– Մինե՞տ: Էդ ի՞նչ է:
Նորից հռհռոց:
Մի անգամ վիրահատություն էին դիտում: Շատ չմանրամասնեմ, միայն ասեմ, որ վիրահատական մուտքն առնանդամից էր: Հանկարծ չնախատեսված էրեկցիա եղավ: Ուսանողները հազիվ ծիծաղները զսպեցին, իսկ Համեստը վախեցած բացականչեց.
– Էս ի՞նչ էր:
Բայց չորրորդ կուրսում Համեստն արդեն ամեն ինչից տեղյակ էր: Նույնիսկ եթե դասընկերները չբացատրեին, երկար ժամանակ այդ միջավայրում լինելով կամաց-կամաց սովորում էր բոլոր խուժան բառերը, բայց տանը ոչինչ չէր ասում: Սիրուհին ու Մուրազը չգիտեին, որ իրենց աղջիկը վաղուց արդեն փչացած է, որովհետև արգելված բառերի մի հսկայական կույտ էր անգիր արել:
Համեստը գրադարանում ինչ-որ բան էր կարդում, երբ հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը սեղմում է ոտքը: Սկզբում կարծեց, թե պատահական է, բայց նորից ու նորից էր զգում տաք ճնշումը: լուխը բարձրացրեց, տեսավ հաճախացած շնչառությամբ մի հնդիկի: Շտապ գլուխը կախեց, ոտքերը հետ տարավ: Բայց հնդիկը համառ էր. նա հանեց կոշիկը, սկսեց ոտնաթաթով Համեստի ոտքը շոյելով վեր բարձրանալ: Աղջկան դուր եկավ դա: Կամաց-կամաց առաջ եկավ` հուսալով, որ հնդիկը ոտքերի արանքին էլ կհասնի, բայց սեղանը լայն էր, հեռավորությունը` մեծ, և հնդկական ոտնաթաթը հայկական ծնկից վեր հազիվ բարձրացավ: Համեստն ամաչեց, գրքերը հավաքեց, դուրս եկավ գրադարանից: Հնդիկը հետևեց նրան:
Չգիտեմ, թե ինչպես ստացվեց, չգիտեմ, թե ինչպես կարողացավ հնդիկը համոզել Համեստին, բայց նրանք հայտնվեցին նրա բնակարանում: Էս Հնդիկը սուսուփուս մի քանի րոպե նստելուց հետո հարձակվեց Համեստի վրա, որ համբուրի, բայց նա թույլ չտվեց: Ստիպված եղավ բավարարվել մարմնի մյուս մասերով: Ամբողջ դեմքը ծածկել էր համբուրներով, իսկ Համեստը շշմած առաստաղին էր նայում: Մեկ էլ հնդիկն ասաց.
– Կանգնեց:
Համեստը սկսեց մտածել, թե ինչը նկատի ունի: Հաջորդ վայրկյանին հնդիկը խնդրեց.
– Բռնի՛ր:
Համեստի հեչ պետքը չէր: Հնդիկը սկսեց հերթով գրգռել բոլոր էրոգեն կետերը. ականջները, պարանոցը, կրծքերը, որովայնի ստորին մասը, ազդրերի ներքին մակերեսը, բայց Համեստը շարունակում էր շշմած առաստաղին նայել: Նա միայն կարմիր դիպլոմի ու սավանի ոչ պակաս կարմիր բծից զրկվելու մասին էր մտածում… Չէ՞ որ այդ պահին տղայի հետ մեղմ ասած շփվում էր, իսկ ծնողները եթե իմանային, անկասկած կպատժեին:
– Խնդրում եմ, բռնիր,- նորից ասաց հնդիկը:
Վերջապես Համեստը հասկացավ, թե խոսքն ինչի մասին է, հնդիկին սարսափած հետ հրեց, որը ստիպված ինքն էր բռնել առնանդամը և աչքերը փակ տնքում էր, բացեց բնակարանի դուռը և դուրս փախավ. քիչ էր մնում` Կուսիկյաններին խայտառակ անի: Չէ՜, արդեն արել էր: Վազեց եկեղեցի, հիսուն հատ մոմ վառեց` հույս ունենալով, որ դրանք բավական են, որ ծնողների դեմ գործած մեղքերը ներվեն: Այո՛, շա՜տ քիչ էր մնացել, որ զրկվեր վաղեմի երազանքից, այն է` իր սեփական տանը իր սեփական սավանը ցույց տալու բերկրանքից ու կարմիր դիպլոմից:

Ես երբեք չեմ հավատացել, թե այդ ճակատագիր կոչվածը կա: Մինչև հիմա էլ չեմ հավատում: Չէ՛, ավելի ճիշտ կա, բայց այն մենք ենք ստեղծում ավելի վաղ հասակում, մենք ենք ճշգրտորեն ծրագրում, թե ինչ է լինելու մեզ հետ տարիներ անց: Վերջերս մի գիրք էի կարդում դրա մասին: Ամեն ինչ շատ անհեթեթ էր թվում: Կարծում էի, թե տեղ-տեղ չափազանցրել է, որ ավելի հետաքրքիր դարձնի: Հետո սկսեցի իմ կյանքը վերլուծել: Թե այդ պատմվածքը գրած չլինեի, պիտի կարծեի, որ ինքս ինձ ներշնչում եմ: Բայց այն կա, փաստաթուղթ է: Դեռևս 2004թ. ես գրել եմ այսօրվա մասին: Ստեղծագործել եմ, երևակայությանս զոռ տվել, ինչ-որ տեղ հայտնել իմ թաքուն ցանկությունները: Այն ժամանակ չգիտեի, որ պարզապես ճակատագիր էի կերտում ինձ համար: Ու մոռացել էի դրա գոյության մասին: Հիմա, երբ անցնում եմ ճիշտ նույնի միջով՝ «նախընտրելով ձյան մեջ թաղված մնալ», հասկանում եմ, որ պատմվածքներ գրելը վտանգավոր գործ է:

Սրանով գնում եմ դեպի անհայտություն: Չգիտեմ՝ վերջս ինչ է լինելու: Կարող եմ մի ակնթարթում քանդել հինգ տարում կառուցածս, ու մայրս հետևիցս կանչում է. «Պետք չէ, մի՛ գնա»: Բայց վախ չկա մեջս, ինչ-որ տեղ էլ դա իմ ուզածն է: Չէ՞ որ համարձակությունս չէր հերիքում, որ իմ ձեռքով ամեն ինչ քանդեմ, ոչնչացնեմ, իսկ այսպես թեև ես էլ մեղքի բաժին կունենամ, բայց կիմանամ, որ գլխավոր գործող անձը ես չեմ: Միայն մորս համար եմ անհանգստանում. ի՞նչ կլինի նրան, երբ իմանա, որ իր բոլոր երազանքները պետք է հօդս ցնդեն, որ իր աղջիկը խելառի մեկն է ու մի «փոքրիկ» բանի համար կործանում է տարիներ շարունակ կառուցածը:

Ի՞նչ եմ խառնվել իրար: Գիտեմ, որ Աստված ինձ հետ է, որ Նա կորոշի, թե ինչ կպատահի ինձ հետ, թե որ փուլում թելը կկտրվի, և ես ստիպված կլինեմ նոր կյանք սկսել կամ ընդհանրապես ստիպված չեմ լինի: Ես ռիսկի սիրահար եմ, բայց սա ռիսկի հարց չէ. Աստված ձեռքս բռնել է, տանում է դեպի անհայտը:

Կանայք լինում են միսս Հեվիշեմ, Էսթելա և երջանիկ: Վերջինի մասին Դիքենսը չի էլ գրել: Գուցե կարիքը չկար, որովհետև դա խնդիր չէ: Չէ՛, խնդիր է, քանի որ հազվադեպ հանդիպող երևույթ է:
Հոգնել եմ առաջին երկուսը լինելուց: Ուզում եմ մի քիչ էլ երջանիկ լինել:

Awakening

Ֆիլմն ինձ ցնցել էր: Լավ է, որ բոլորը քնած էին, և ոչ ոք արցունքներս չէր տեսնում. ես դրանց ազատություն էի տվել: Հիշում եմ՝ Էնդրյուի տված սեմինարներից մեկն էր, երբ նա փորձում էր բացատրել ֆիլմի կարևորությունը, հասկացնել, որ արցունքները բնավ պետք չէ զսպել, երբ դրանք գալիս են: Երևի նա ինձ նման լացկանների չէր հանդիպել, որոնց աչքերը լցվում են անգամ առանց առիթի, անգամ այս գրառումը կատարելիս…
Հա՛, վերադառնանք ֆիլմին: Սկզբում, երբ էկրանին հիվանդներից մեկն էր, մայրս ասաց. «Տեսնու՞մ ես, մի՞թե ուզում ես նման հիվանդների հետ աշխատել»: Ես տեսա անշարժ, ձգված մի տատիկի ու անմիջապես արդարացում գտա. «Սա ոչ թե հոգեբուժական, այլ նյարդաբանական հիվանդ է… Ու հետո, ինչ էլ դառնամ, նման հիվանդներ լինելու են: Գերմանիայում սրտաբանության բաժանմունքում նրանք շատ էին»:
Մայրս տեսավ նաև, որ այդ հիվանդները վերակենդանանում են, իսկ ես. «Սա չափազանցություն է: Այդ դեղն ունակ չէ նման հրաշքների»:
Հետո մայրս քնեց… Ես շարունակում էի դիտել: Որքա՜ն թանկ էր կյանքը վերակենդանացած-արթնացած հիվանդների համար: Իսկ մենք… մենք պարզապես տրորում ենք, ոչ թե ապրում կյանքը: Այն ամեն օր մեզ հետ է, դրա համար չենք նկատում:
Բացի դրանից, հիվանդներից մեկի մոր խոսքերն ասես ապտակ լինեին ինձ համար… Ես հասկացա, որ պետք չէ անվերջ դժգոհել այս վիճակից, երազել ունենալ ավելին: Ախր ես էդպիսին չէի… Պետք է վերադառնալ հնին, երբ ես երջանիկ էի, երբ գնահատում էի ունեցածս: Հիմա էլ… Չեմ ասում, թե ինչու՞ հենց ես պետք է տառապեմ, ինչու՞ են հենց իմ ծնողները բաժանվել, ինչու՞ հենց ես քույր չունեմ, ինչու՞ հենց ես մարդկանց հետ լեզու չեմ գտնում, ինչու՞ հենց ես բլաբլաբլա… լիքը վատ բաներ: Հարցը փոխում եմ. ինչու՞ հենց ես ունեմ այսքան լավ ընտանիք, ինչու՞ հենց ես այսքան շատ բնագավառներում կարող եմ ինձ դրսևորել, ինչու՞ հենց իմ կողքով մարդիկ անտարբեր չեն անցնում (վատագույն դեպքում լավն են խոսում (Սալվադոր Դալի)), ինչու՞ հենց ես բոմժ չեմ, ինչու՞ է Աստված հենց ինձ սիրում… Ինչու՞ է Աստված հենց քեզ, հենց նրան… բոլորիս սիրում:

Տարիների ընթացքում մոռացել էի, որ Շերիլ Քրոուն Անահիտի սիրած երգչուհին էր: Չգիտեմ, թե ինչպես հանկարծ հիշեցի: Այս ընթացքում ես էլ էի տարված նրանով, կարող էի ժամերով լսել, բայց որ նա Անահիտի Ալանիսն էր, մտքիցս թռել էր… Իսկ հիմա հիշում եմ, թե ինչպես նրա վերջին ծննդյան օրը Շերիլ Քրոուի ձայներիզ նվիրեցի: Հասցրե՞ց լսել, թե՞ ավելի կարևոր գործեր ուներ այդ քառասուն օրվա ընթացքում, որ մնացել էր: Չգիտեմ, չեմ հետաքրքրվել:
Նա կա՞ր, երբ Շերիլի ու Քիդ Ռոքի “Picture”-ն ինձ ցնցել էր: Կարծեմ նա գիտեր այդ երգի մասին միայն իմ պատմելով: Նա գիտե՞ր, որ երգերից կարևոր բաներ էլ կան կյանքում: Դրա՞ համար ռադիոն չէր միացնում:
Գրեթե հինգ տարի է անցել այն օրվանից, երբ ես նրան վերջին անգամ տեսա: Իմ նիհարած ու գունատ ընկերուհին… Ամեն ինչ այնքա՜ն հեռու է թվում: Ասես կյանքիս ավարտված մի գլուխ լինի, օրագրի մի էջ, որը զգուշությամբ պահելու եմ իմ հիշողություններում: Ամեն անգամ նրանց շենքի մոտով անցնելիս չեմ ալարում, հաշվում եմ տասներեքերորդ հարկը… Չէ՛, հաշվելու կարիք չկա, քանզի շատ լավ եմ հիշում նրա պատշգամբը, որտեղից ինձ ձեռքով էր անում, երբ պետք է միասին գնայինք զբոսանքի: Մենք միասին կնստեինք այգու նստարաններին, կբացեինք մեր օրագրերը ու բարձրաձայն կընթերցեինք նույն իրադարձությունների իմ և նրա մեկնաբանությունները: Հիշում եմ՝ թուրքական տետր էր, որի ծայրին կողպեքի փոխարեն խայտաբղետ թելեր էին. դրանք պինդ կապում էր, որ քույրը չկարդա: Ավա՜ղ, գալու էր այդ օրը, որ թելերն անզոր էին լինելու, և ոչ միայն քույրը, այլև բոլոր-բոլորը հաղորդակից էին լինելու նրա գաղտնիքներին: Բայց մի՞թե բացել են, մի՞թե կարդացել են… Ասենք, ինձ թվում է՝ նրա համար միևնույն է արդեն: Մտածում եմ՝ եթե ես էլ մեռնեմ, ով ուզում է, թող կարդա օրագրերս:

Ծիծաղելի է: Ես մեծ ջանքեր գործադրեցի, որ խորը փոսից ինչ-որ բան հանեմ: Ու էլի չհաջողվեց: Ժամանակին նույն ջանքերն էի գործադրում, որ բեռը փոսի մեջ գլորեմ: Հիմա այն ինձ պետք է: Բայց մի՞թե ուզում եմ նորից խաբված լինել: Դա երևի դեղերից լավ է:
Հուսով եմ, որ մի օր էլ այս ժամանակները կգլորվեն խորը փոսի մեջ, բայց ես դրանք հանելու ցանկություն չեմ ունենա: Հուսով եմ, որ ստիպված չեմ լինի նույն գինը վճարել… ոչ էլ ավելի թանկ: Թող այս բեռը սպասվածից էժան նստի:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me