Հիշեցի, որ աշուն է

Կարոտել էի այս առավոտները: Չգիտեմ՝ երբվանից է, բայց 7:30 այլևս լույս չէ: Ավելին՝ ցուրտ է: Իսկ ես վեր եմ կենում մտքիս մեջ նվնվալով. քնել եմ ուզում, էսօր ծանր օր է, ոչինչ, երթուղայինի մեջ կքնեմ, դասամիջոցներին աչքս կկպցնեմ:

Աբովյանից պրծանք: Հիմա էլ քաղաքի մյուս ծայրը՝ Մալաթիա: Երկու շաբաթ էլ այնտեղ, և քաղաքի կամ քաղաքից դուրս հեռավոր անկյուններին այս կիսամյակ հրաժեշտ կտանք: Դրանից հետո համալսարան, առաջին հիվանդանոց, Նորք… Մի խոսքով, լավ տեղերում ենք դասի:

Եվ արդեն աշուն է: Թաց: Իսկ ես տերևներին եմ սպասում: Ընդամենը երկու շաբաթից Նորքից ոտքով կիջնեմ: Կարոտել եմ Նորքն ու աշունը: Երկրորդ կուրսից հետո աշնանն այնտեղ չեմ եղել: Գարնանը, ձմռանը ինչքան ուզես, բայց երբևէ չի հաջողվել հոկտեմբերն այնտեղ վայելել:

Չգիտեմ՝ քանիսին պետք է տնից դուրս գամ: Վերջին անգամ այն կողմերում մի տարի առաջ եմ եղել: Բայց այն ժամանակ դեռ փողոցները փակ չէին, և ես շատ լավ գիտեի, թե 98-ը որտեղով է անցնում: Մյուս կողմից, ահավոր շատ չեմ ուզում շուտ հասնել:

Կուրսեցիներիս կարոտել եմ: Գնամ:

Երիցուկ

Երբ Նյուտի վերջին գրածը կարդացի, հիշեցի ծննդյան օրս ստացած փոքրիկ երիցուկը, որը խնամքով դրեցի օրագրիս մեջ ու պահեցի:

Վերջերս, երբ հրապարակեցի այն թանկագին պատմվածքս, ինձ հետաքրքրեց, թե կոնկրետ որ էջում է երիցուկը: Բացեցի օրագիրս: Առանձնապես հետաքրքիր բան չկար. փոքրիկ թոշնած ծաղիկը հարմարվել էր ծննդյանս օրվա մասին պատմող էջում: Այն ինչ-որ յուրահատուկ բան չէր. պատմվածքիս մի կտորն էր:

Իսկ հիմա անկեղծորեն ուրախանում եմ, որ իմ հիշողության մեջ երիցուկը վերջին տեղում էր, ավելի ճիշտ՝ այն չի ծառայում իր նպատակին այն պարզ պատճառով, որ նվիրողին ավելի լավ եմ հիշում, քան նվերը:

Ու մտածում եմ՝ իմ հիշողության մեջ թոշնած մարդիկ չեն լինում: Կան այնպիսիք, որոնց նետել եմ աղբարկղը՝ երբեմն ստիպողաբար, երբեմն էլ հիշողությունս կարգի բերելուց և ավելորդ կտորներից ազատվելիս:

Պատահում է՝ աղբարկղը բացում եմ: Շան հոտ է գալիս:
__________________

Հոգեբույժը հակապալարախտային դիսպանսերում

Երբ իմացա, որ հոգեբույժը եկել է, մոռացա, որ մի քանի վայրկյան առաջ սոված էի, քունս տանում էր, ոտքի վրա չէի կարողանում կանգնել, և ռենտգենոլոգին չէի կարողանում լսել, անհամբերությամբ սպասում էի դասամիջոցին: Գլխավոր բժիշկը նրան կանչեց, և դա շատ հարմար առիթ էր մեր լսարան վազելու, մի բաժակ սև սուրճ խմելու և երեկ գնածս շոկոլադե պանրիկներն ուտելու համար: Բայց այդ նույն պահին դասախոսն ազդարարում է, որ հոգեբույժը եկել է:

Մարիան հոգոց է հանում. նախապես մենք երկուսով էինք որոշել հոգեբույժի հետ հանդիպել: Ավելին՝ արդեն երկու օր էր, ինչ գնում էինք հոգեբուժական բաժանմունք հիվանդ տեսնելու հույսով, սակայն այդպես էլ չէր հաջողվում: Հույսներս հոգեբույժն էր:

Պարզվում է՝ մյուսներն էլ դժգոհելու տեղ ունէին, որովհետև դասախոսն այդ պահին մոռանում է, որ այդ ոլորտով հետաքրքրվողը ես էի, Մարիան էլ դեմ չէր լինի հոգեկան հիվանդներ տեսնելուն, բայց մյուսների հեչ պետքն էլ չէր, ավելին՝ սոված էին:

Հոգեբույժը հետաքրքրվեց, թե ով էր հանդիպման նախաձեռնողը: Մինչ ամաչելով կհայտնեի, որ ես եմ, դասախոսն արդեն մատնացույց էր արել ինձ վրա: Հոգեբույժը հարցրեց, թե ինչ էր ինձ հետաքրքրում: Պատասխանեցի, որ ուզում եմ հիվանդներ տեսնել: Բայց հաջորդ վայրկյանին հասկացա, որ դա չի լինելու: Այնուամենայնիվ, լավ էր հոգեբույժի հետ զրույցը. չձանձրացա:

Իսկ երբ արդեն դուրս էինք գալիս, խմբեցիներս ինձ նախատում էին, որ անընդհատ հարցեր էի տալիս, որ դրա պատճառով իրենց սովածությունն ավելի ու ավելի էր ձգվում: Հասկացա՞ն արդյոք, թե ինչքան եմ լարվում, երբ դասի վերջին պահերին հարցերի տեղատարափի պատճառով չեն թողնում տուն գնանք: Իսկ այստեղ գոնե մենակ էի. Արմենն ու Կորյունն ավելի շուտ էին տվել հարցերը, քաշվել մի կողմ:

Հոգեբույժը գիտեր, որ շիզոֆրենիայի կլինիկան կախված է մշակույթից: Իսկ ինձ նոր տեղ հասավ. արժե դրա մասին մտածել:

Նրա ձայնը, խոսելու տոնն ահավոր ծանոթ էին: Մտածեցի՝ իմ սուբյեկտիվ ընկալումն է, մտքերս չեն հեռանում երկրորդ կուրսից: Ստուգելու համար դիմեցի ընկերուհուս.
– Մա՛ր, նկատեցի՞ր՝ ում նման էր խոսում:
– Հա՜… Գայանե Ակոպովնայի: Մի պահ մտածեցի՝ բարեկամ կլինեն:
– Կարծեմ բեջի վրա «Գայանե» էր գրված:
Մի քանի վայրկյան անց Տաթևը.
– Ի՜նչ ծանոթ էր նրա խոսելաձևը, բայց չեմ կարողանում հիշել՝ ում էր նման:
Իսկ ես առանց վարանելու հիշեցնում եմ:
Երեք ժամ անց նույնը պատմում ենք Ժաննային:
– Նրանք բոլորն իրար նման են խոսում,- ասում է:
– Բայց մեկը հոգեբան է, մյուսը՝ հոգեբույժ,- առարկում եմ:
– Դե… Մեկ է… Նույն դանդաղ տոնն է:
– Չէ՛,- չեմ համաձայնում,- մեր ու ձեր դասախոսները բոլորովին տարբեր էին:
– Ձերը լավն էր,- ասում է,- մերին ես տենց էլ չսիրեցի:

Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե որքան կարևոր ու հաճելի էր այսօրվա կես ժամանոց զրույցը: Ինչու՞ իմ շրջապատում հոգեբույժներ չկան:

Ես թաքուն երազանքներ ունեմ, որոնց մասին ոչ ոք չգիտի: Անգամ իմ ամենագաղտնի ձեռագիր օրագրում, որը վաղուց լքված, ընկած է մի անկյունում և որը վերջին անգամ թարմացվել է օգոստոսի 17-ին, այն էլ՝ կիսատ, երբևէ չեմ գրել դրանց մասին:

Դրանցից մեկը շատ մեծ բան չէր. հերիք էր, որ որևէ մեկի ասեի դրա մասին, և կարճ ժամանակ անց կարող էր իրականություն դառնալ: Բայց էդպես արդար ու բնական չէր լինի: Ու հանկարծ, երբ մի օր հերթական այն պահերից էր, որ ինչ-որ հետաքրքիր, ինչ-որ լավ բան էի ուզում, անսպասելիորեն երազանքս իրականացավ:

Ես գիտեմ, որ նման պահերի շարունակությունը նույն ձանձրույթն է լինում և ոչ մի հետաքրքիր բան չի կատարվում, եթե ես զոռով դեպրեսիվ մտքեր չեմ մոգոնում: Բայց այս անգամ, խոստովանում եմ, խելոք նստած էի տեղս, երբ հանկարծ երազանքս բռնեց ու իրականություն դարձավ: Առաջին ռեակցիաս. աչքերիս չէի հավատում: Սկզբում այնքան էլ լավ չընկալեցի, թե ինչ է դա: Իսկ հետո արդեն չդիմացա. արցունքներս ամբողջ ուժով դուրս նետվեցին: Չէ՛, պետք չէր այդքան էմոցիոնալ ընդունել: Տաք լոգանք ընդունեցի, հագա դալմաթինի նախշերով փափուկ խալաթս, որի կարճության վրա միշտ զայրանում եմ, որովհետև ոտքերս սառում են, նստեցի ու սկսեցի վայելել երազանքիս իրականացումը: Ամենահաճելին այն չերևացող կատաղած դեմքերն էին, որոնք չէին համարձակվում որևէ բան ասել:

Հիմա շարունակում եմ հրճվել. ոչ ոք չգիտի այդ երազանքիս մասին:

Աբովյան ու պալարախտ

Երբ գիշերներն ուշ եմ պառկում, առավոտյան մեկ ժամ ավել քունը փրկություն է, նույնիսկ եթե 10 րոպեն մեկ ընդմիջվում է զարթուցչի ճղճղոցով: Այդպիսով ես չեմ հասնում Աբովյանում գտնվող հակապալարախտային դիսպանսեր գնացող դեղին ավտոբուսին, որը հատուկ մեր տեղափոխման համար է նախատեսված: Իսկ դասընկերներս այն «տրակտոր» կանվանեն, որովհետև դանդաղ է գնում և աղմկում է: Չեմ իմանա, թե այդ առավոտ վարորդը՝ Մայիսը, որքան է սահմանել տեղափոխման գինը: Հետո մերոնք կպատմեն, որ հանկարծ որոշել է անվճար տանել: Ստիպված պետք է 261-ով գնամ, ճանապարհի մի փոքրիկ կտորն էլ ոտքով անցնեմ: Եվ չեմ իմանա, թե ինչով զբաղվեմ երթուղայինում գտնվելու 40-50 րոպեների ընթացքում: Կորոշեմ դաս կարդալ, կփոշմանեմ: Գլուխս կհպեմ ապակուն, որ քնեմ: Չի ստացվի. քունս չի տանում: Ռադիո կմիացնեմ, սակայն Երևանից դուրս գալուն պես երաժշտությունը խշշոցով կփոխարինվի:

Բալահովիտով անցնելիս կճանաչեմ այն ճանապարհը, որով գնացել էինք Չուկի երդման արարողությանը: Ու Բալահովիտը շատ հարազատ կդառնա, բայց մեկ այլ պատճառով, որը չեմ ասի:

Կիջնեմ երթուղայինից, կքայլեմ փոշոտ ճանապարհներով դեպի հիվանդանոց: Բախտս կբերի. այսօր ճանապարհին կուրսեցիներիցս ոչ մեկին չեմ հանդիպի, հետևաբար արագ քայլելու հնարավորություն կունենամ:

Իսկ մոտակա խանութից ուզում էի թեյ գնել, որ դասամիջոցին խմեմ. կոկորդս ցավում էր: Բայց չմտա, որովհետև ներսում լիքը մարդ կար, որոնք, հավանաբար, հիվանդներ էին, իսկ ես վախենում էի: Հուսացի, որ աղջիկներից մեկնումեկը հետը թեյ բերած կլինի ու վազեցի դասի:

Բաժանմունքով անցնելիս չմոռացա դիմակս, բայց առաջին օրերի սարսափը վաղուց անցել է: Իսկ շուրջս պալարախտով հիվանդները: Սա մի ուրիշ պատմություն է, մի ուրիշ աշխարհ է: Ես տեսել եմ ամենատարբեր ծանր հիվանդություններով մարդկանց, բայց այսքան թշվառ հայացքների երբևէ չեմ հանդիպել: Պալարախտը հենց ինքը՝ թշվառությունն է: Ինձ անընդհատ հետաքրքրում է, թե ինչ են մտածում այդ մարդիկ: Դրա համար վաղը գնալու եմ հոգեկան հիվանդ թոքախտավորների մոտ. նրանք անկեղծ են, կասեն:

Լսարան մտա ճիշտ այն պահին, երբ դասախոսը «ներկա-բացակա» էր անում:

Հայկական ժպիտ

Նայեցի դիմացից եկող մարդուն: Ժպտացի, սպասեցի, որ ինձ տեսնի, բարևեմ: Իսկ նա ակնթարթային հայացք գցեց, ինձ նկատեց, գլուխը կախեց ու հեռացավ:

Մենք չէինք վիճել, իրարից չէինք նեղացել, իրար չէինք ատել, միշտ էլ ջերմ ենք եղել: Պարզապես մեր վերջին հանդիպումից շատ ժամանակ էր անցել: Եվ սա առաջին դեպքը չէր… երկրորդ, երրորդ, չորրորդ… Էլ հաշվել չեմ կարողանում: Ու ամեն անգամ տարբեր տարիքի, տարբեր սեռի, տարբեր մասնագիտությամբ մարդիկ, բայց բոլորը՝ ծանոթ, բոլորը երբեմնի մտերիմներ: Եվ ես ոչինչ չեմ հասկանում: Հաճախ լինում է երթուղայիններում: Էս մեկը մի քիչ հասկանում եմ, բայց չեմ արդարացնում:

Էլ չեմ ասում անծանոթների մասին, որոնք անմիջապես հայացքները փախցնում են, երբ նկատում են, որ իրենց ես նայում: Դա լավագույն դեպքում: Պատահում է նաև, որ հաշիվ են պահանջում նայելուդ համար, իսկ դու ընդամենը փոքրիկ շփում ես փնտրում, մի քիչ ջերմություն, որ ընդամենը վայրկյան զգաս, որ օտար չես:

Հետո էլ կխոսեն արտասահմանցիների կեղծ ժպիտների, հայերի ջերմության և այլնի մասին: Իսկ ես դա չեմ տեսել: Ու՞մ ժպիտները կեղծ չեն, եթե ոչ հայերի, որոնք հաճախ քեզ հետ խոսելիս աչքերիդ մեջ չեն նայում, էլ ուր մնաց՝ ժպտային, այն էլ՝ անկեղծ: Իսկ ես դրանից ներվայնանում եմ: Երբեմն պետք է լինում ժամերով զրուցակցիդ հայացքը փնտրել, մի կերպ բռնել ու բերել, որ կարողանաս խոսակցությունը շարունակել:

Արտասահմանցիների՞ ժպիտներն են կեղծ, երբ քայլում ես փողոցով ու քեզ աշխարհի ամենամիայնակ մարդն ես զգում: Նայում ես շուրջդ, և հեծանիվի վրայի աղջիկը ժպտում է քեզ, հետո՝ տրամվայում դիմացդ նստածը, իսկ շենքում անծանոթ հարևանը բարևում է: Եվ դու զգում ես, որ թեկուզ մենակ ես, բայց շուրջդ մարդիկ կան:

Իսկ առավոտյան հիվանդանոցում բոլորը՝ ծանոթ-անծանոթ, քեզ բարի լույս են մաղթում: Ժպտում: Նայում ուղիղ աչքերիդ մեջ: Բժիշկը հարցը տալիս հայացքը չի մտցնում թղթերի մեջ, ղեկավարդ քեզ քաջալերելու համար չի ասում, թե դու որքան հիմար և անհասկացող ես, և դա ոչ թե նրա համար, որ ստում է, այլ որովհետև այդպես չի կարծում: Իսկ այն մարդիկ, որոնց հետ գոնե մեկ անգամ ծանոթացել ես, աչքերը գրպանի մեջ չեն մտցնում, այլ ամեն անգամ հանդիպելիս ամենաքիչը ժպտում են:

Կուզեի, որ մետրոյի աշխատողը ժետոնը տալիս մատներիս չնայեր:

Հիասթափության մասին

Երբ այս տարեվերջին սովորության համաձայն բացեմ օրագիրս ու սկսեմ ամփոփել բոլոր ամիսները, բազմաթիվ երջանիկ ամիսների կողքին պետք է ավելացնեմ. «Հիասթափության տարի էր»: Եվ իսկապես, եթե հաշվի առնենք, որ մինչև 2008թ. երբևէ որևէ մեկից չէի հիասթափվել, ապա այս տարվա թվերն իրոք սարսափելի են… Ու չեմ պատրաստվում անուն առ անուն թվարկել: Ոմանք գիտեն դրա մասին, ոմանք՝ ոչ: Անկեղծ ասած, ինձ չի էլ հետաքրքրում:

Փորձում եմ պատճառները գտնել. մի՞թե ես եմ մեծացել: Բայց հիասթափվելն ու մեծանալն իրար հետ ի՞նչ կապ ունեն: Կասեք, թե աչքերդ բացվում են, ավելի շատ բաներ ես նկատում: Բայց չէ՛, այդ ամենն առաջ էլ էի նկատում: Ուղղակի երևի հետևել եմ հորս խորհրդին, փորձել հասկանալ, թե ինչու են այս կամ այն բանն անում, և դա ոչ մի լավ արդյունքի չի բերել:

Ուզում եմ հասկանալ, թե ինչու հիասթափվեցի այն տղայից, որին ուզում էի թեթևակի սիրահարվել… Երևի առաջին ու ամենակարևոր պատճառը տեղի-անտեղի անգլերեն խոսելն էր: Ես ներվայնանում եմ, երբ դիմացինս ինձ հետ հայերեն խոսելու փոխարեն անցնում է անգլերենի, նույնիսկ երբ դա անում է ընդամենը լեզուն մարզելու համար: Հետո էլ սկսեցի ներվայնանալ նրանից, որ իրեն չափից դուրս կարևոր մարդու տեղ էր դնում:

Հետաքրքիր է, որ հիասթափվելու չափանիշները ինձ մոտ բոլորովին ուրիշ են: Ես ներեցի մի մարդու, որին իմ փոխարեն ցանկացած ուրիշը գրողի ծոցը կուղարկեր: Ու ես ներեցի միայն մի պատճառով. զղջում էր: Բայց կարող եմ հիասթափվել, երբ դիմացինը փոքրիկ սուտ է ասում, և ես գիտեմ այդ մասին: Ուրիշների համար սովորական երևույթ է, բայց ես ներվայնանում եմ. ես ներվային եմ:

Ու ամենաահավորն այն է, որ հիասթափվեցի նաև ինքս ինձնից:

Մեր դասախոսը ռուսախոս է: Ճիշտ է՝ մեզ մոտ դա նորություն չէ, բայց սա յուրահատուկ դեպք է. հայերեն ընդհանրապես չի խոսում, թեև հասկանում է: Առաջին օրը, երբ իմացա դրա մասին, շատ ջղայնացա: Ասացի, որ ռուսերեն չեմ հասկանում: Նա էլ հայերենի անցնելու փոխարեն առաջարկեց մյուս խումբ գնալ: Իսկ երբ «ներկա-բացակա» անելու ժամանակ նկատեցի, թե ինչքան մեծ դժվարությամբ է մեր անունները կարդում, հասկացա, որ իսկապես հայերեն լավ չգիտի: Մի քիչ ներողամիտ դարձա:

Իսկ խմբեցիներս, օգտվելով առիթից, խոսում են իրենց իմացած ու չիմացած ռուսերենով: Մտքիս մեջ բռնում եմ սխալները, զվարճանում: Ճիշտ է՝ ես միշտ ասել եմ, որ օտար լեզվով պետք է խոսել այնպես, ինչպես կարող ես, ոչ թե այնպես, ինչպես պետք է, բայց սա մի ուրիշ դեպք էր: Նախ, չգիտեմ ինչու, ներվայնանում էի յուրաքանչյուր ռուսերեն բառը լսելուց: Հետո… Ախր սրանք հենց այն մարդիկ են, որոնք առաջին կուրսում ծաղրում էին իմ՝ սխալներով ռուսերեն խոսելը:

Առաջին օրը ես էլ ռուսերեն խոսեցի: Հենց ռուսերեն ասացի, որ ես լեզվին չեմ տիրապետում, որ չեմ հասկանում ասածների մի մասը: Ծիծաղելի հնչեց: Հետո պարզվեց, որ միայն ես եմ կարողանում ռուսերեն դասախոսությունը հայերեն գրել ու լրիվ հասցնել, հասկանալ:

Ինձ մոտ, ի տարբերություն խմբեցիներիս, հակառակ ռեակցիա է. դասի ժամանակ խիստ գրական հայերեն եմ խոսում, իսկ դասախոսն ասածներիս մի մասը չի հասկանում: Դիտմամբ չեմ անում. նրա ռուսախոսությունն է ստիպում, անկախ ինձնից է ստացվում:

Orchid

Հինգերորդ կուրսեցի Արմինեի հետ գրադարան բարձրանալու ճանապարհին մի աղջիկ մեր առաջը կտրեց.
– Արմի՛ն, դու հինգերորդ կուրս ես, չէ՞… Մի բան հարցնեմ էլի… Ամսի 2-ին կամ 3-ին ձեզ մոտ զինվորականի դիակ բերել են, չէ՞:
Սարսուռ:
– Հա՛, գլխին կրակած: Ի՞նչ կա որ:
Աղջկա աչքերը լցվեցին, բայց արցունքները զսպեց:
– Ախպերս էր… Հորեղբորս տղան… Մենակ կրակա՞ծ էր, թե՞ նաև ծեծել էին:
– Չնայած իրավունք չունեմ նման բան ասելու, բայց իմ համոզմամբ՝ մենակ կրակած էր: Ուղղակի էնպես էին կրակել, որ հնարավոր չէր կյանքը փրկել:
– Չե՞ն թաքցնում:
– Չէ՛, էդպես մի նայիր… Դատական բժիշկներն իսկապես ազնիվ են աշխատում:
Սարսուռ:
– …Չէ՞, Բյու՛ր:
– Հա՛,- հաստատեցի ու հիշեցի մեր ծերուկ դասախոսին, որը շատ պատմություններ ուներ… Անգամ կարողացել էին պարզել, թե ովքեր էին բռնաբարված ու մասնատված դիակն ուրիշ քաղաք ուղարկել: Բայց նեկրոֆիլիայի դեպքն այդպես էլ չբացահայտվեց:
Երիտասարդ մահ: Ոչնչից:

Իսկ կինո «Երևանից» մի քիչ վերև երաժշտական խանութից հնչող ռաբիզ երաժշտության տակ այն նույն տատիկն էր պարում՝ ձեռքին խոլորձ (չեմ սիրում այս բառը. օրքիդ ավելի գեղեցիկ է հնչում): Ես նրան տեսել եմ նաև «Էրեբունի» թանգարանի մոտակայքում էլի ռաբիզ երաժշտության տակ պարելիս՝ ձեռքին մեխակներ: Ուրիշ տեղ էլ եմ տեսել կակաչներով, բայց հիմա չեմ հիշում: Տատիկի խելքը տեղը չէ. ռեակտիվ պսիխոզի է նման: Ու՞մ է կորցրել:

Երեկոյան մեզ մոտ սովորող մի անծանոթ աղջիկ գրեց, որ ինձ շատ է սիրում և որ ես լավն եմ: Նորից նույն զզվանքի զգացողությունը: Որոշեցի անկեղծ լինել. «Ինձ չես ճանաչում, ես սիրելու բան չեմ»: Թվում էր՝ ծաղրում է…

Ու նորից առավոտ: Ես եկել եմ: Այս գիշեր լավ քնեցի, և դա տարօրինակ էր: Վերջին ժամանակներս այնպես չէր եղել, որ շուտ պառկեմ ու կարողանամ նորմալ քնել: Այս գիշեր կարծեմ չեմ արթնացել, որովհետև առաջին անգամ աչքերս 7:30 բացեցի ու միայն այդ ժամանակ հասկացա, որ տեսածս երազ էր: Թեև սարսափ չէր, բայց թեթևացած շունչ քաշեցի: Ստորացուցիչ էր:

Պիտի փորձեմ մինչև կեսօր առանց սուրճի ապրել: Իսկ հիմա՝ լորենու տերևներով թեյ, մեջն էլ մի գդալ անցյալ տարվա մեղր: Ասում են՝ այս տարվանը շատ ավելի լավն է, բայց ես դեռ չեմ փորձել: Երևի նրանից է, որ անընդհատ մայրս գովում է ու համոզում, որ մեղր ուտեմ: Իսկ ես սիրում եմ հակառակվել. կփորձեմ միայն այն ժամանակ, երբ անցյալ տարվա բանկայի պատերը լրիվ քերած կլինեմ:

Այս շաբաթ համալսարանում ենք դասի: Ցածր կուրսեցիները, մեզ մոտ չսովորողները ոչ մի կերպ չեն կարող պատկերացնել, թե դա ինչ տոն է. ասես այցելում ես քո հարազատներից մեկին, որին տարիներով չես տեսել: Բայց մենք տեսել ենք. անցյալ շաբաթ, բացի ուրբաթից, մնացած բոլոր օրերը «Էրեբունուց» վազել եմ համալսարան: Դա նույնը չէ: Տարիները չափազանցված է. ապրիլին համալսարանում համաճարակաբանության ցիկլ ունեինք: Այ էդ ժամանակ նույն կարոտն էր:

Դե արի ու բժշկականում չսովորողին բացատրի, թե ինչ է ցիկլը: Լավ է, որ նրանք մեզ մոտից չլինելով մեզ նման փչացած չեն, այլապես «ցիկլ» բառն ուրիշ կերպ կհասկանային: Դե արի ու «դրսի» մարդկանց հասկացրու, որ հիվանդանոցներում ոչ թե պրակտիկայի ենք գնում, այլ դասի: Ինձ համար այդ ամենը պարզից էլ պարզ է, բայց արդեն երրորդ տարին է, ինչ համալսարանում գրեթե դաս չենք անում, և մայրս ամեն անգամ կասի. «Մյուս շաբաթ որտե՞ղ է պրակտիկադ»: Չեմ հասկանում՝ մի՞թե այդքան դժվար է հասկանալը, որ դա պրակտիկա չէ, այլ դաս՝ գրեթե նույնը, ինչ համալսարանում: Եվ եթե ամբիոնը մի քիչ պաչտաճանաչ է գտնվում, դասախոսություններ էլ ենք ունենում: Իսկ հիվանդանոցում դաս անելու ամբողջ իմաստն այն է, որ թեմային համապատասխան հիվանդներ տեսնենք: Բայց ոնց որ թարս լինի. նրանք առատ են միայն հակապալարախտային դիսպանսերում և ջանք չեն խնայում, որ կողքովդ անցնելուց հազան:

Նոր հիշեցի. խալաթս մոռացել եմ պայուսակիս մեջ դնել: Հինգ տարի ու մի շաբաթվա ընթացքում դեռ միայն մի անգամ է եղել, որ խալաթս մոռանամ, այն էլ անմիջապես թույլտվություն եմ ստացել, որ գնամ, տնից բերեմ: Բախտավոր եմ. մոտ եմ ապրում: Իսկ հիմա դա էլ չէր փրկի. փողոցները քանդած են, և ստիպված ոտքով եմ գնում-գալիս: Մի քիչ երկար է տևում:

Երեկ ծառերը գրկելը հրաշալի էր. տղամարդիկ չկան, գոնե ծառերը գրկենք: Մի քանիսը նույնիսկ տաք էին: Ծառերն առավելություն ունեն. նրանք սեքսի մասին չեն մտածում կամ էլ… ի՞նչ իմանաս:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me