Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Originally posted by at Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Оригинал взят у в Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Originally published at Կորեոլան. You can comment here or there.

«Ավելի լավ է, որ դու` որպես փայլուն ու հեռանկարային ֆիզիկոս, գնաս Չիկագո կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս: Հետո իմ երկրին ավելի շատ օգուտ կարող ես տալ քո կապերով, հմտություններով, քո գրանտերով և այլն, քան մնաս էստեղ կրտսեր լաբարանտ, եթե պետությունը այսօր` այս պահին, ամբողջական շղթան քո առաջխաղացման չի կարող ապահովել»: (C) Արմեն Աշոտյան։

Ես վաղուց, դեռ օտարալեզու դպրոցների վերաբացման ժամանակ էի հասկացել, որ Արմեն Աշոտյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչի համար է ստեղծված իր ղեկավարած ոլորտը։ Եվ որպես ՀՀ «սրտացավ քաղաքացի» /(C) ՍՍ/ պարտքս եմ համարում բացատրել դա պարոն Աշոտյանին։

Աշխարհում այնպես է ստացվել, որ գոյություն ունեն բազմաթիվ մասնագիտություններ և դրանցից յուրաքանչյուրի համար մարդիկ, ովքեր տիրապետում են այդ մասնագիիտությանը։ Այդ մարդիկ կոչվում են մասնագետներ։ Աշխարհում գոյություն ունեն նաև պետություններ և այդ պետություններից յուրաքանչյուրը ամեն մի մասնագիտության համար որոշակի քանակի մասնագետների կարիք ունի (ընդ որում, այդ «որոշակի քանակը» կարող է նաև զրոյի հավասար լինել)։

Հիմա, ցավոք սրտի, անհրաժեշտ մասնագետները քյալամի թփերի տակ չեն հայտնաբերվում և ոչ էլ արագիլն է բերում։ Այդ մասնագետներին պիտի պատրաստել։ Ու դա բավական երկարատև պրոցես է, որը տևում է մի 15-20 տարի։ Լավ, բայց ո՞վ պիտի պատրաստի։ Ասեմ, առաջին հերթին տվյալ պետության կրթական համակարգը։ Առանձին դեպքերում, երբ այդ համակարգն ի վիճակի չէ կամ կա ցանկություն այլոց փորձն էլ կիրառել, օգագործում են նաև օտար պետությունների կրթական համակարգերի ընձեռած հնարավորությունները (միջպետական պայմանագրերը, ուսանողների փոխանակման ծրագրեր, ֆլան-ֆստան)։

Այսպիսով, պարոն Աշոտյան, ձեր մոտ մի տեղ գրեք. «երկրի կրթության համակարգը նրա համար է, որ պատրաստի այդ երկրին անհրաժեշտ որակի և քանակի մասնագետներ»։

Եվ սա, որքան էլ դա տարօրինակ է, վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության համակարգին։

Իսկ ինչի՞ համար չէ կրթության համակարգը (մասնավորապես` Հայաստանի կրթության համակարգը)։

  1. Կրթության համակարգը օտար պետությունների համար մասնագետների պատրաստման համար չէ (սա չի նշանակում, թե վերոհիշյալ միջպետական ֆլան-ֆստանների շրջանակներում Հայաստանում չեն կարող սովորել օտարերկրացիներ)։
  2. Կրթության համակարգը օտար պետություններում հայաստանցիներիս ինտեգրումը հեշտացնելու համար չէ։
  3. Կրթության համակարգը երկրի համար ոչ պետքական մասնագետների պատրաստման համար չէ։
  4. Կրթության համակարգը դրսից Հայաստանին օգնողներ պատրաստելու համար չէ, քանի որ «Դրսից Հայաստանին օգնող» մասնագիտություն գոյություն չունի։

Այս 4 կետն էլ անպայման գրեք ձեր մոտ։

Որպեսզի թյուրիմացություն չառաջանա, նշեմ, որ «այսինչ մասնագետը պետք է» չի նշանակում, որ պետք է հենց կիրառական ոլորտում։ Օրինակ` եթե այսօր Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ մեծածավալ հետազոտական աշխատանքներ ֆիզիկայում, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանին ֆիզիկոսներ պետք չեն։ Նույնիսկ այդ պարագայում, երկրին անհրաժեշտ է ֆիզիկոսների գոնե այնպիսի մի մինիմալ քանակ, որը հնարավորություն կտա խուսափել գիտելիքների կորստից, մինչև պայծառ ապագան վրա հասնի։

Որ խոսքը սրան հասավ, էդ էլ ասեմ, պարոն Աշոտյան։ Ուրեմն գիտելիքները ժամանակի ընթացքում կուտակվում են։ Որպեսզի այդ կուտակված գիտելիքները չկորչեն, խելոք-խելոք գրքեր ունենալը գրադարաններում բավարար չէ (նույնիսկ, եթե այդ գրքերը գրված լինեն որևէ մրցունակ լեզվով)։ Անհարժեշտ է նաև, որ այդ գիտլիքները յուրաքանչյուր ավագ սերունդը, փոխանցի իր հաջորդ սերնդին։ Իսկ գիտելիքների կորուստը, պարոն Աշոտյան, ամենասարսափելի բանն է, որը կարող է պատահել որևէ երկրի, պետության կամ քաղաքակրթության հետ։

Հ.Գ.

Սիրելի իմ ոչ այնքան շատ ընթերցողներ, օգնեք պարոն Աշոտյանին, որ նա վերջապես իմանա, թե ինչի համար է նախատեսված իր ղեկավարած ոլորտը։ Ուղարկեք այս տեքստը կամ հղումը նրան կապի ձեր նախընտրած որևէ միջոցով, ձեր լուման ներդրեք կառավարություն-ժողովուրդ կապի ամրապնդման սրբազան գործում, հատկապես ընտրությանն ընդառաջ։ Շնորհակալություն, ուշադրության համար։

Իմ հանձնած ամենազարմանալի քննությունը

Ըստ ֆիննական օրենքների, ուսանողը քննությունը կարող է վերահանձնել այնքան, որքան ուզում է, մինչև գնահատականն իրեն բավարարի: Եթե չեմ սխալվում, սովորաբար դրանք նշանակված քննություններ են լինում, ու տարին մի քանի անգամից շատ հնարավոր չէ հանձնել: Այնուամենայնիվ, մեր ֆակուլտետը բավական ճկուն է այդ հարցում: Ավելին, մեզ՝ միջազգային ուսանողներիս, գլխին դրել, ման է տալիս: Չէ՞ որ մենք էլ պետք է օգտվենք անընդհատ վերահանձնելու իրավունքից, բայց անընդհատ էստեղ չենք:

Ձևաբանության երկու քննություն արդեն եղել է, բայց դրանցից ոչ մեկին ներկա չէինք, որովհետև առաջինի օրը Սանկտ Պետերբուրգում էինք, երկրորդի օրը՝ մյուսները Լապլանդիայում, ես՝ Դյուսելդորֆում: Բնականաբար, դասախոսի հետ պետք էր հարմարացնել, որ լրացուցիչ օր նշանակի բացակայածներիս համար:

Երկուշաբթի մոտեցա դասախոսին, հարցրի՝ ուրբաթ հարմար կլինի՞: Ասաց՝ հա, բայց հինգշաբթի պիտի հիշեցնեմ: Մի հատ էլ երեկ հիշեցրեցի: Ասաց՝ ժամը տասնմեկին հանդիպում ունի, բայց եթե տասին գնանք, հաստատ կհասցնենք: Էրեխեքով իրար նայեցինք. բաց հարցերով քննությունը մի ժամու՞մ: Համ էլ ասաց, որ եթե տաս անց կեսի կողմերը տարածքում չլինի դեռ, սրան-նրան դիմենք, որ տան համարը տան, զանգեն, տնից կանչեն. մեծ մարդ է, մեկ-մեկ մոռանում է:

Էսօր առավոտը Վանեսան ու ես ճամփա ընկանք՝ անընդհատ վախենալով, որ դասախոսը չի գա: Դասախոսն էլ մի եքա բիձա պրոֆեսոր մարդ, թոշակի տարիքը վաղուց անցել է, լեկցիաներին քունդ տանում է, լիքը անկապ հումորներ է անում, որոնցից էրեխեքից ոմանք վիրավորվում են (սկզբնական շրջանում անընդհատ ամերիկացիներին էր կպնում, հետո անցավ գերմանացիներին ու իր զոքանչին, էս վերջերս էլ անընդհատ Սովետի հասցեին է ուզում ինչ-որ բան ասել, բայց իրեն զսպում է):

Լավ էր, համալսարան եկել էր: Հարցրեք՝ քանի հոգով ենք: Պիտի որ չորս լինեինք, բայց միայն երկուսս էինք եկել: Տարավ ֆակուլտետի գրադարան, ասաց՝ որտեղ ուզում եք, նստեք: Էնտեղ էլ մի սեղան էր, վրան ինչ զըրթուզիբիլ ասես չկար: Մի կերպ մարդ ա մի անկյուն ազատեցինք, տեղավորվեցինք:
– Ի՞նչ քննություն է,- հարցրեց:
Ասեմ, որ էս դասախոսը մեզ չորս առարկա է դասավանդում, բայց հարցը լրիվ անտեղի էր, որովհետև նախ հազար անգամ ասել էինք, որ ձևաբանություն է, երկրորդ մնացած առարկաներից մեկը նոր է վերջացել, առաջին քննությունը մյուս շաբաթ է, մեկը չի սկսվել, մյուսն էլ դեռ ընթացքի մեջ է:

Ասացինք, որ ձևաբանություն է: Գրատախտակին երեք հարց գրեց, չորրորդի տակ էլ գրեց՝ իմ հարցը, այսինքն՝ կարող էինք գրել էն, ինչ ուզում էինք: Ու ամենաուժեղն էն էր, որ մենակ մի հարցի պիտի պատասխանեինք:
– Հանկարծ չբռնեք՝ չորս էջ գրեք, երկու էջը հերիք է:
Հարցերն էլ ահագին մեծ են: Թեկուզ մեկը վերցնես, ճղվես, երկու էջում չես տեղավորվի:

Մեկ էլ ցույց է տալիս անկյունում դրած սրճեփը:
– Էնտեղ սուրճ կա, եթե կուզեք, լցրեք, խմեք: Ես գնացի: Հա, կարող եք իրար հետ քննարկելով գրել, միացյալ աշխատանք ներկայացնել:

Հա, համ էլ նշեց, որ տասնմեկին կարևոր հանդիպում ունի, որ եթե մինչև էդ չվերջացնենք, գրավորները դնենք թղթապանակի մեջ, թողնենք իր կաբինետում:

Վանեսան ու ես իրար նայեցինք, ծիծաղեցինք ու սկսեցինք գրել:

Խաղեր

Բոլոր կյանքերս սպառել էի, մի հատիկ էր մնացել: Դրանով անընդհատ սունկ ու այլ զրթիկներ ուտելով մի կերպ ձգեցի մինչև վերջին աշխարհ, բայց քեզ չկարողացա հաղթել, GAME OVER էղա: Հիմա երկու ընտրություն ունեմ. կա՛մ խաղը լրիվ նորից սկսել, կա՛մ մի կողմ շպրտել և ուրիշ խաղ խաղալ: Ես ընտրում եմ երկրորդը: Մնաք բարով զանազան դժվար ու հեշտ մեռնող դևեր, սնկեր, ծաղիկներ ու կյանքեր: Իմ նոր ընտրության մեջ ես անմահ եմ, դևեր չկան:

***
Մտքովս չէր անցնում, որ ի սկզբանե գիտեիր՝ սև եմ: Առանց կասկածելու, թվացյալ հաղթանակներով բոլորին խաղից դուրս հանեցի ու հասա վերջին, բայց դու շերիֆն էիր, հենց սկզբից ինձ էիր ստուգել: Պիտի որ քվեարկությամբ ինձ հանեիր խաղից: Բայց չէ, դու նախընտրեցիր խախտել կանոնները, ու ինձ գիշերը խփեցիր:

Ամենալավ մրցույթն ու մրցանակը

Երբ բացում ես հենց նոր ստացածդ փաթեթը, ու մեջը օրացույց ու բացիկներ են… Երևանի դալանների նկարներով, երբ հասկանում ես, թե ընկերներդ քանի՜-քանի՜ շաբաթ-կիրակի են օգտագործել, որ վազեն, դալանների ֆոտոներ անեն, հետո դրանցից օրացույց ու բացիկներ ստանան, աշխարհի բոլոր գրական մրցանակները գետնին են հավասարվում, ու հասկանում ես, որ դու լավագույնն ես ստացել:

Երբ Ֆեյսբուքով մեկը գրում է, թե՝ նոր բան չունե՞ս, ուղարկի կարդամ, ու դու ուղարկում ես գրական մրցույթում դաժանորեն պարտություն կրած պատմվածքդ, որովհետև տասնութ մրցակիցներից հաղթող հինգի մեջ չհայտնվեց, երբ ընթերցողդ կարդում է այն ու հուզված պատասխանում. «Բյուր, էս ինչ արեցիր, ոնց որ իմ կենսագրությունը լինի», հետո խոստովանում, որ էդ պահին լացում է, դու թքած ես ունենում բոլոր տեսակի գրական մրցույթների հարգարժան ժյուրիի վրա, որովհետև քո իսկական ժյուրին նստած է էկրանի հետևում ու ոչ մի տեսակի մրցանակ չի խոստանում, պարզապես սպասում է քեզ:

Մինչև դասը կսկսվի…

«Վերջապես առավոտը եկավ»,- մտածեցի, երբ ֆիննական մեռյալ լռության ու անճեղքելի մթության մեջ զարթուցիչս ծվծվաց՝ It's time to wake up: Ե՞րբ եմ սիրել առավոտյան վեց անց կես արթնանալ, այն էլ երբ դեռ մութ է այդ ժամին: Բայց ուզում էի, որ գիշերը շուտ անցնի, որ առավոտը շուտ անցնի, որ էս օրը շուտ անցնի, որ էս շաբաթը շուտ անցնի: Ուֆ…

Լույսը դեռ չբացված քննություն հանձնեցի: Էս անգամ ավելի լավ էր. դեռ չարթնացած ուղեղս ավելի լավ է աշխատում, քան արդեն հոգնածը:

Ո՜նց եմ երազում քնելու մասին: Գրադարանում նստել եմ մյուսների ստեղնաշարերի կտկտոցների տակ, ու երևի սրահի ծայրում կոմպի համար հերթ է գոյացել: Թքած: Իմ քունը տանում է, ու մի բան պիտի անեմ, որ կարողանամ ևս վեց ժամ դասի նստել:

Մի տեսակ ուզում եմ տրամս գցել. բոլոր պայմանները կան, եղանակն էլ որպես բոնուս: Ու չէ, չի ստացվում: Ինչ-որ տրամս ընկնելու հավես չունի: Թքած բոլորի վրա:

Ուզում եմ նաև վիրտուալից վերանալ: Բայց որ վերանամ, ու՞ր գնամ: Իմ իրականության մեջ մարդ չկա: Վիրտուալում էլ են գնալով պակասում: Անկեղծ պատասխանիր հարցիս. քեզ պե՞տք են մարդիկ:

Սկանդինավյան մութ

DSCF2576Ընկերներս Յոենսուն դեպրեսիվ վայր են համարում: Նրանցից մեկը նույնիսկ մասնագիտական օգնության է դիմել: Ֆիններն իրենք էլ տարվա այս հատվածը դեպրեսիվ են համարում: Երկու օր առաջ, երբ Միրայի հետ Հելսինկիում սուրճ էի խմում (նրան դեռ Սևիլյայից գիտեմ), ասում էր, որ հոկտեմբեր-նոյեմբերին Ֆինլանդիայից պետք է փախչել, պետք է սահմանները փակել ու թույլ չտալ, որ որևէ մեկը ներս մտնի: 

Երեկ Գերմանիայից վերադառնալուց հետո առաջին անգամ սուպերմարկետ գնացի: Ցերեկը երկուսն էր: Երբ դուրս եկա, արդեն էնքան մութ էր, որ հեծանիվիս լույսերը վառելու կարիք կար: Մի շաբաթում էսքան հասցրել է մայրամուտն առաջ գալ: Ցերեկային լույսը գնալով մաշվում-փոքրանում է: Ցերեկային լույս էլ որ ասում եմ, մի պատկերացրեք երկնքում շողացող արև: Ամպեր են, մութ ու գորշ, մառախուղ: Նույնիսկ էդ ժամերին սենյակիս լույսը վառ եմ պահում:

Էս մթից լավագույն փրկությունը մոմն է: Չեք պատկերացնի, թե ոնց է տրամադրություն փոխում, երբ էլեկտրական լույսին զուգահեռ մոմեր եմ վառում: Սկսում ես դրսի մութ ու ցուրտը չնկատել:

Էսօր ցերեկը նստել, դաս եմ անում: Մոմերի հետ ու սուրճի հետ: Լռություն է տիրում: Տանը հաստատ մենակ եմ: Երևի շենքում էլ: Թվում է՝ անգամ քաղաքում. բոլորն ինչ-որ տեղ են փախել դեպրեսիվ Յոենսուից: Բայց մի տեսակ երջանիկ եմ, տրամադրությունս՝ հրաշալի: Ինձ դուր է գալիս այս խաղաղությունը, այս լռությունը, այս մութը, այս ցուրտը: Չեմ հասկանում՝ ինչից է: Ախր ես դեպրեսվելու հակում ունեցող մարդ եմ:

Լիտվական երաժշտություն

Լիտվուհի փենփալս խորհուրդ տվեց էս խմբին լսել: Հզոր ա:

Պաչիկ

Հոսթելի սենյակի կազմն անընդհատ փոխվում է: Էս ընթացքում նույնիսկ աղջիկներ եկան-գնացին: Բայց արի ու տես, որ անհասկանալի արարածը դեռ էստեղ է: Ասում է՝ արձակուրդ է եկել: 

Էսօր առավոտյան, երբ մնացած չորս հոգին արդեն գնացել էին, իսկ ես դեռ պայուսակս էի դասավորում, որ դուրս գամ, սույն արարածն ասաց.
– Մնացինք մենակ:
Չնայած արդեն համոզվել էի, որ անշառ է, բայց դե ամեն դեպքում զգաստացա, արագ-արագ անհրաժեշտ իրերը խցկեցի պայուսակիս մեջ:
– Küsschen կուզե՞ս,- ասաց:
– Ի՞նչ:
– Küsschen: Գերմաներեն նշանակում է պաչիկ:
Ֆազերս գցեցին: Չէ, պիտի շուտ դուրս թռնեմ սենյակից:
– Չէ, չեմ ուզում,- չոր պատասխանեցի:
– Սա նկատի ունեմ,- նեղացած տոնով ասաց ու ինձ պարզեց շոկոլադի տուփը, որի վրա գրված էր Küsschen:

Այն մասին, թե ինչու Յոենսուից հասա Դյուսելդորֆ

Դասընկերներս զարմացան, երբ իմացան, որ իրենց հետ Լապլանդիա չեմ գնում: Բացատրությունս՝ որովհետև Դյուսելդորֆ եմ գնում: Աչքները չորս արած՝ ի՞նչ ես կորցրել այնտեղ: Ալանիսին եմ կորցրել, համերգ եմ գնում: Հարցական նայում են: Իմ սիրած կատարողն է, բացատրում եմ, նրա հետ եմ մեծացել: Հըմ, ասում են, իսկ մնացածը՝ մեջները պահում: Գիտեմ՝ մտածում են, թե՝ էս գիժն ո՞վ էր, որ Լապլանդիան թողած համերգ է գնում, էն էլ Գերմանիայում: Ես էլ եմ ասում՝ էս գիժն ո՞վ էր: Հետո ինձ հանգստացնում եմ. մեկ էլ եսիմ երբ սենց հնարավորություն կունենամ: Իսկ կունենա՞մ որ: Հա, գիժ եմ: Էդպես էի կարծում մինչև երեկ:

Ավելի քան 2500 կմ կտրեցի անցա միայն ու միայն համերգի համար: Հա, ուզում էի նրան անձամբ էլ տեսնել, գուցե ինքնագիր վերցնել, հետը նկարվել ու մի երկու բառ փոխանակել: Դրա համար համերգից երեք ժամ առաջ հայտնվել էի հետնամուտքի մոտ ու հույս ունեի՝ կբռնացնեմ: Ու հենց էդ ժամանակ իմացա, որ չէ, էնքան էլ գիժ չեմ:

Բայց հաստա՞տ ուզում էի անձամբ տեսնել նրան: Ի՞նչ պիտի ասեի: Որ ինքն ինձ դաստիարակել-մեծացրե՞լ է: Քանի՜-քանի՜ նման մարդիկ կան նրա երգերի տակ մեծացած: Որ 2500 կմ կտրել-անցե՞լ եմ իրեն տեսնելու համար: Մարդ կա՝ օվկիանոս է անցնում: Ի՞նչ կփոխվեր իմ կյանքում: Ի՞նչ կփոխվեր նրա կյանքում: Բացարձակապես ոչինչ: Էսքան ժամանակ պիտի որ հաշտված լինեի միակողմանի հարաբերությունների հետ, որ ես գիտեմ նրան, իսկ նա ինձ՝ ոչ: Եթե իմանա էլ, ես նրա վրա էնպես չեմ ազդի, ինչպես ինքն է ինձ վրա ազդում: Բացի դրանից, սիրելի երաժիշտների հանդիպելու երեք փորձ ունեի, որոնք, իսկապես, որևէ բան չեն փոխել:

Միշտ ասել եմ՝ Թորին ինձ համար երաժշտություն է, իսկ Ալանիսը՝ անձ, այսինքն՝ հետաքրքրված եմ ոչ միայն նրա երգերով, այլև արարքներով, ասածներով: Ալանիսին ուզում եմ անձամբ տեսնել, բայց չգիտեմ՝ ինչի համար: Կամ գուցե չեմ ուզում: Ու հետնամուտքի մոտ հայտնվում եմ ապացուցելու համար, որ չեմ ուզում, համոզվելու համար, որ ինձնից բեթար գժեր էլ կան:

Էնտեղ էր մի լեհ երկրպագու, որն ասում էր՝ 5000 դոլար էլ կտա, եթե միայն Ալանիսի meet & greet-ին կարողանա ներկա գտնվել (ասում են՝ ԱՄՆ-ում meet & greet-ի տոմսերը 2000 դոլար են եղել): Նա եղել էր Գերմանիայի բոլոր համերգներներին, մեկն էլ Լեհաստանում: ebay-ից ինչ զրթիկ ասես չէր գնել՝ էլ պաստառներ, էլ ինքնագրեր, էլ օգտագործած տոմսեր: Ու հիմա երազում էր ուղղակի հինգ րոպեով հանդիպել Ալանիսին: Էս համերգի առաջին շարքի տոմսն էլ էր ebay-ից առել՝ կրկնակի գնով:

Քիչ անց ևս երեք հոգի հայտնվեցին: Նրանցից մեկը ծանոթ թվաց: Ձայն տվեցի: Ճիշտ էի գուշակել. Իվոնն էր ԱլանիսՈւտոպիայից: Բեռլինում մի քանի րոպեով տեսել էինք իրար: Ինքն էլ էր Գերմանիայում Ալանիսի բոլոր համերգներին գնացել էս տարի: Պարզվում է՝ հյուրանոցն էլ են իմացել, սպասել են Ալանիսին, բայց թաքուն գարաժից է հեռացել: Հիմա էստեղ են ուզում տեսնել: Զարդեր էր պատրաստել Ալանիսի համար, որ նվիրի: Հետն էլ մի տղա կար, որ Ալանիսի 38 համերգների էր ներկա գտնվել: Էստեղ իմացա, որ փաստորեն Ալանիսի համերգների առաջին շարքերը

Չէ, ես կարգին ֆանատ չեմ: Էստեղ կանգնել եմ ու չգիտեմ՝ ուզու՞մ եմ նրան տեսնել, թե ոչ: Ընդամենը համերգ եմ եկել: Ոչ նվեր ունեմ, ոչ պլակատ, ոչ նույնիսկ մայկա: Ընդամենը մի կեպի ունեմ՝ վրան Ալանիս Մորիսեթ, էն էլ Ռոտերդամում Պոլը նվիրեց, ասաց՝ Ալանիսի հաջորդ համերգին կհագնես, ես էլ խաթրը չկոտրելու համար հագա:

Համերգը երկու ժամ ուշացումով սկսվեց: Գլխացավս մանրից արթնանում էր, ու ջղայնանում էի: Դա էր պակաս մնացել հենց Ալանիսի համերգի ժամանակ: Տհաճ կանխազգացում ունեի, որ երկրորդ անգամն էն չի լինելու:

Երբ վերջապես համերգը սկսվեց, գլխացավս գրողի ծոցն անցավ: Ալանիսի շունչը կտրվում էր սկզբում, բայց էդ հեչ: Ուզում էի թռվռալ, գոռալ, երգել, գլուխս թափ տալ, պարել: Բայց հանդիսատեսի մի մասը նստած էր, մյուս մասն էլ լավագույն դեպքում՝ անշարժ կանգնած: Իսկ քանի որ հանդիսատեսը կառավարելի էր, անվտանգության աշխատակիցները կարողանում էին թույլ չտալ տեղերից դուրս գալ կամ աթոռներին կանգնել: Էդպես շարժվելու տեղ չէր լինում: Մի տեսակ էնպիսի զգացողություն ունեի, որ ոչ թե կենդանի համերգ է, այլ տեսագրություն եմ նայում: Անգամ երգերի կողմից մեծ անակնկալներ չեղան: Մի երկու տեղ տեքստերը փոխեց, Uninvited-ի վերջում էլ շատ սիրուն գժվեց:

Encore-ի ժամանակ բոլորը բեմի դիմաց հայտնվեցին (ի դեպ, համերգների encore երևույթը շատ հետաքրքիր բան ա ու լրիվ կորցրել ա իրա իմաստը՝ նոր հատկանիշներ ձեռ բերելով, բայց դա առանձին գրառմամբ): Ես էլ: Էդ ժամանակ էր, որ Հայաստանի դրոշը հանեցի ու սկսեցի թափահարել: Ու անգամ էս դեպքում Ալանիսի համար չէի անում, այլ ուզում էի՝ գերմանացիները տեսնեին ու մտածեին՝ էդ ինչ է: 

Մեկ էլ մոտիկից նկատեցի, թե ինչ աստիճանի դզած-փչած է մեր օրերի Ալանիսը: Մազերը ֆենած, մատներին հազար հատ մատանի, վզին՝ ոսկե շղթա: Էհ, Ալանիս, քո կամքո՞վ էդպիսին դառար, թե՞ քեզ դարձրին:

Համերգից դուրս եկա ինքս ինձ հարց տալով՝ փաստորեն սրա՞ համար էի եկել: Չէ, երևի ամեն ինչի մի անգամն է լավ: Չէ, համերգն ինձ դուր կգար, եթե հանդիսատեսը Բեռլինի նման գիժ ու անկառավարելի լիներ, ու թռվռալիս անընդհատ չմտածեի ինձ թարս նայող գերմանացիների մասին: 

Հիմա, երբ Ալանիսին երկու անգամ տեսել եմ բեմի վրա, նորից ու նորից ասում եմ՝ Հայաստան արի:

Հ.Գ. Էսօր էլ Քյոլնում հեռուստահաղորդման էի գնացել: Երբ Ալանիսը ներս մտավ, մենք շարքով կանգնեցինք, ծափերով ու գոչյուններով դիմավորեցինք: Իսկ Ջո Կոկերին բանի տեղ դնող չկար: 🙂 Հաղորդումը կարող եք նայել էստեղ:

Էս էլ Uninvited-ի գժական կատարումը:

Դիմացիս արարածը

Դիմացս մի արարած է նստել: Բարձրահասակ, կարճ մազերով, հսկայական փորով ու փոքր ծիծիկներով, եթե կին է, բայց մեծ ծիծիկներով, եթե տղամարդ է: Սեռը ոչ մի կերպ չեմ կարողանում որոշել: Աչքով-ունքով է անում: Մի երկու բառ խոսեցի հետը: Տղամարդու ձայն ունի, գերմանացի է, Հանովերից է:

Իսկ ամենաահավորը՝ կողքիս մահճակալին է քնում:

Բնավ չեմ զարմանա, եթե վաղը համերգին տեսնեմ նրան:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me