Վերջին օրը Բեռլինում

Պառկեցիր գետնին ու ասացիր՝ արի, գլուխդ դիր կրծքավանդակիս: Չսպասեցիր պատասխանեցի: Քո ուժեղ ձեռքով գրկեցիր ու քաշեցիր մոտդ: Գլուխս իջավ կրծքավանդակիդ:

– Ուզում եմ ավելի շատ մարզվել, որ ամուր լինեմ,- ասացիր: Իսկ ինձ հերիք էր քո ամրությունը, քո արագացած շնչառությունը, փակ աչքերն ու սրտի զարկերը, որոնք հասնում էին ասֆալտին, հետո բարձրանում վեր՝ դեպի ականջս: Ձեռքդ մխրճեցիր մազերիս մեջ: «Խուճուճս»,- ասացիր:

Արև էր: Երկինքը կապույտ-կապույտ էր: Սպիտակ ամպիկները շարքով առաջ էին գնում մեր աչքի առաջ: Բեռլինում արդեն աշուն էր. գետնին լիքը չորացած տերևներ կային, իսկ ծառերը կամաց-կամաց փոխում էին գույները:

– Այս տարի աշուն չեմ տեսնի,- շշնջացի:

– Քեզ տաք կպահես,- ու ձայնիդ մեջ տղամարդկային հոգատարություն կար:

Կայարանում վայր դրեցիր պայուսակդ ու ասացիր՝ արի: Հանկարծ ցավացնելու աստիճան պինդ գրկեցիր ինձ ու սեղմեցիր մարմնիդ: Էդ ժամանակ էր, որ առաջին անգամ համբուրեցիր: Ես գիտեի, որ դու առանց համբույրի ինձ բաց չէիր թողնի: Դու ինձ կյանքիդ մեջ առաջին անգամ էիր համբուրում ու միանգամից շուրթերից սկսեցիր:

– Չեմ ուզում մեզ տեսնեն,- ասացիր,- հետո պիտի մամայիս բացատրություններ տամ:

– Ինձ մեկ է,- ժպտացի,- թքած ունեմ բոլորի վրա:

Զարթնում էր ներսիդ անասունը: Զարթնում էր ներսիդ կիրքը: Ես տեսնում էի, թե ոնց ես ինձ ցանկանում, ոնց չես ուզում գրկիցդ բաց թողնել, բայց իմ գնացքն արդեն եկել էր, ու ես մի կերպ ազատվեցի քեզնից, նստեցի գնացք՝ արցունքն աչքերիս:

Գիտեի, որ էլ չենք հանդիպելու: Գիտեի, որովհետև չէի ուզում:

Ներիր, որ թույլ տվեցի՝ սիրել ինձ:

Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտը»

Էսօր վերջացրի: Մի երկու բառ ասեմ, քանի որ շատ գրելու հավես չունեմ: 

Վատը չէր: Դուրս եկավ, որ ժամանակակից հայ գրողն անդրադառնում է բանակին: Դուրս եկան կերպարներից մի քանիսը: Հատկապես Նառայի կերպարը սպանիչ էր: Պատկերները շատ դիպուկ էին: Կարդալիս հա ասում էի՝ ո՜նց էլ նկատել է: 

Մի բան, որ դուրս չեկավ, սկիզբն ու վերջն էին: Ավելի շուտ, եթե սկիզբն ու վերջն իրար կպնեին, առանձին վիպակ կդառնային: Մի տեսակ չկարողացա կապել մեջտեղների հետ: Երևի կարճ խելքիս չհերիքեց, չգիտեմ: Հա, մեկ էլ որոշ ածականներ տեղին չէին: Էդ էլ ասում եմ, որովհետև ածականները որսալու հիվանդություն ունեմ:

Ամեն դեպքում, լավ է, որ կա ժամանակակից հայ գրականություն ու լավ է, որ որակ կա:

Protected: Ա-ին

This content is password protected. To view it please enter your password below:

Մամայիս հաջող անելիս

Ավտոբուսից իջա: Մութ էր: Գուցե կյանքիս մեջ վերջին անգամ էի նստում 606 համարի ավտոբուսը, որն ամենահարմարն էր, որովհետև ուղիղ դռանս մոտ էր կանգնում:

Դուռը զանգեցի, որովհետև վերջին երկու շաբաթների ընթացքում բանալի չունեմ տանս հայտնված ու տնից դուրս չեկող անկոչ հյուրի պատճառով Դզզոցով բացվեց շենքի մուտքի դուռը, ու ես կանգ առա միջանցքի մթության մեջ. մի քիչ լացեմ, նոր բարձրանամ: Խեղդվում էի, արցունքներ չկային:

Մի ժամ առաջ մամայիս հաջող էի արել: Երբ հյուրանոցում գրկել էր ինձ ու գլուխս էր շոյում, զգացի, որ մամաս ախր ինձ շատ է սիրում անկախ նրանից, թե որքան վատն եմ ես ու որքան վատ եմ վարվում հետը: Մամաս՝ միակ մարդն աշխարհում, որ էդպես էլ կսիրի ինձ մինչև կյանքիս վերջ, որի աչքերում հավերժ երեխա եմ մնալու: Ու միշտ սիրտը կծկվելու է, եթե իմանա տխուր եմ կամ սոված եմ կամ մրսում եմ կամ վախենում եմ:

Դրա համար չի իմանա, որ միջանցքի մթության մեջ կանգնած ուզում էի լացել: Ոչ թե նրա համար, որ չեմ ուզում գնալ: Չէ, ուզում եմ: Այլ նրա համար, որ չգիտեմ՝ ուր եմ գնում, որ էնտեղ համակուրսեցիներիցս բացի ուրիշ ոչ ոքի չեմ ճանաչում, որ տանս բնակություն հաստատած մակաբույծն էնտեղ էլ է մենակությունս ոտնահարելու:

Մամաս վաղը ճամփա կընկնի ու հա կզանգի, որ տեսնի՝ ոնց եմ: Մամաս անհանգիստ կլինի, ու ես երբեք-երբեք չեմ հասկանա, թե այդ ինչ անմնացորդ սիրով է սիրում ինձ, մինչև իմ սեփական երեխաները չունենամ:

Լավ է գոնե, որ վերջապես սովորեցի գնահատել մամայիս անմնացորդ նվիրումը, որքան էլ անտանելի թվա երբեմն:

Տեղափոխության «վնասները»

Էս օրերին, երբ փորձում էի նախորդ կես տարվա կյանքս տեղափոխել դեպի հաջորդ կես տարի, ահագին փիլիսոփայեցի ու մտածեցի լիքը կարևոր բաների մասին՝ ընդհուպ մինչև կյանքի իմաստը: Պիտի կարողանայի հաջորդ կես տարվա կյանքս տեղավորել մի մեծ ճամպրուկում ու մի ուսապարկում: Ու պիտի էնպես անեի, որ թույլատրված քաշի սահմանները չանցնեի:

Էդպես սկսվեց զտման առաջին փուլը: Անմիջապես աղբամանում հայտնվեցին այն իրերը, որոնք ինձ երբևէ պետք չեն գալու: Պիտի խոստովանեմ, որ դրանք բավական քիչ էին, որովհետև մենք սովորություն ունենք ամեն ինչ պահելու՝ մտածելով, որ մի օր պետք կգա: Էդ մի օրը գուցե երբեք չլինի, բայց ավելորդ ծանրությունը կմնա ու կմնա:

Հետո անցա այն իրերին, որոնք հաջորդ կես տարվա ընթացքում պետք չեն գալու: Սա արդեն մի առանձին ճամպրուկ էր, որը գնալու է Երևան: Իհարկե, ամառային հագուստը ձմռանը, այն էլ Ֆինլանդիայում հաստատ պետք չի գա: Ոչ էլ գրքերը, որոնք արդեն կարդացել եմ կամ դիսկերը, որոնք արդեն կոմպիս մեջ գրել եմ: Տեսականորեն հնարավոր է, որ դրանք էլ այլևս երբեք չգործածվեն, եթե, իհարկե, ընթերցող կամ երաժշտասեր չհայտնվի: Բայց արի ու տես, որ մենք սիրում ու փայփայում ենք մեր գրա- և ձայնադարանները: Խնամքով վերցնում ենք փոշիները, մինչդեռ դրանց պարունակության մեծ մասն այդպես էլ այլևս երբեք չենք գործածում:

Այնուհետև հերթն այն իրերինն էր, որոնք հնարավոր էր, որ գործածեի: Սկզբում դրանք դրեցի ճամպրուկիս մեջ, բայց երբ տեսա, որ այլևս տեղ չի մնում, հանեցի ու առանց խղճի խայթի լցրեցի աղբամանը: Դրանք հիմնականում սիրելի առարկաների ուսումնական նյութերն էին, որովհետև ոչ սիրելիներից վաղուց արդեն ազատվել էի՝ դրանք ջանասիրաբար ճղելով ու ճմրթելով: 

Երևանում մի հսկայական դարակ ունեմ, որը լցված է դեռ ԵՊԲՀ-ում սովորելուս ուսումնական նյութերով: Նստեցի ու փորձեցի հիշել, թե քանի անգամ է պատահել, որ նախորդ տարվա տետրերս բացեմ: Հազվադեպ: Այն էլ միայն շատ կոնկրետ առարկաների դեպքում: Ինչու՞ էի մյուսները պահում: Ինչու՞ պահեմ սրանք, որ գիտեմ՝ չեմ բացելու: Ու հատկապես ինչու՞ պահեմ, երբ դրանց մեծ մասն էլեկտրոնային տարբերակով ունեմ, ու բնավ ծանր չէ հետս Ֆինլանդիա հասցնելը:

Ճամպրուկն էլի լցվել էր: Էդ ժամանակ սկսեցի հրաժարվել այն իրերից, առանց որոնց կարող եմ ապրել: Ձեռքս դրեցի սրտիս ու խոստովանեցի, որ հետս վերցրած հագուստի մի մասը չեմ էլ հագնելու: Դրանք դուրս բերեցի ճամպրուկից: Որոշեցի նաև ջազվե չվերցնել. վեց ամիս էլ առանց սև սուրճի կապրեմ: Հրաժարվեցի նաև բաժակներից. երկու օր յոլա կգնամ, մինչև խանութից առնեմ: Վերջում հովանոցիցս էլ հրաժարվեցի: Անկեղծ լինենք. ես անձրևասեր եմ ու հովանոց գրեթե չեմ օգտագործում: Էլ չեմ ասում, որ էսպես թե էնպես շուտով անձրևի մասին խոսք էլ չի լինի. Յոենսուում արդեն զրոյից ցածր է:

Ու երբ վերջապես հաջորդ վեց ամսվա կյանքս տեղավորեցի մի ճամպրուկի մեջ՝ առանց բաց թողնելու այն իրերը, առանց որոնց ապրել չեմ կարող, հասկացա, որ մենք մեզ շատ ենք շրջապատում անպետք առարկաներով: Սարսափեցի, երբ հաշվեցի, թե քանի տոպրակ աղբ եմ թափել էս օրերին ու դեռ թափելու եմ, որոնք ոչ միայն անպետք իրեր են ընդգրկում, այլև իրեր, որոնք պետք են, բայց Ֆինլանդիայում նորն եմ գնելու, որովհետև տեղ չունեմ դրանք տեղափոխելու համար: Մտածեցի՝ ինչքան աղբ ենք մենք բոլորս արտադրում առանց գիտակցելու: Մտածեցի՝ ինչքան աղբով ենք մեզ շրջապատում: Մտածեցի՝ ինչ աստիճանի հակաբնապահպանական ծրագրում եմ սովորում, որ ամեն վեց ամիսը մեկ էսքան աղբ եմ թափում:

Ամենասարսափելին այն է, որ մեր խմբում ես հայտնի եմ որպես քիչ իրեր ունեցող:

Բեռլինյան վարագույրից այն կողմ

Բեռլինի Կենդանաբանական այգու մոտի եկնաքերների արանքում նստած էինք: Դու փորձում էիր ինձ համոզել, որ մահմեդականները սատանայապաշտ են, իսկ ես ներվայնացած պնդում էի, որ պետք է հանդուրժել նրանց գոյության իրավունքը: Տաքացած վիճում էինք, ու ես քեզ աղաչում էի վերջ տալ, որովհետև աշխարհում ամենից շատ ատում եմ կրոնական թեմաներով բանավիճելը: Իսկ դու չէիր լսում ինձ, շարունակում էիր: Ականջներս փակեցի ու գլուխս թեքեցի: Դու շարունակում էիր: Գլուխս կախեցի, ու մազերս դեմքիս լցվեցին: Զգացիր, որ լռությունս չափից դուրս երկար տևեց: Դու էլ լռեցիր: Հետո մազերս դեմքիցս մի կողմ տարար ու խնդրեցիր, որ քեզ նայեմ: Գլուխս բարձրացրի ու ժպտացի, ասես ոչինչ չէր եղել:
– Քո կեղծ ժպիտը,- ասացիր ու գրկեցիր: Ու ես դողում էի քո գրկում: Վախից դողում էի, որովհետև չգիտեի՝ ուր եմ գնում: Դու ինձ ասել էիր, որ քեզ դուր եմ գալիս, իսկ ես պատասխանել էի, որ քեզ չեմ ատում: Դու ասում էիր, որ չատել նշանակում է դուր գալ, իսկ ես պնդում էի, որ ամեն ինչ սև ու սպիտակ չէ, ու կան մոխրագույնի բազմաթիվ երանգներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է: Չէիր հավատում: 

Հավատում էիր, բայց չէիր բարձրաձայնում: Դու գիտեիր, որ ես գնում եմ ու այլևս չեմ վերադառնալու, որովհետև ինձ ոչինչ հետ չի բերի Բեռլին: Նույնիսկ դու:

Քեզնից չէի փախչում, չէի ճանկռում, որովհետև կարոտել էի տղամարդկային հոգատարությունը, կարոտել էի ընդհանրապես ջերմ մարդկային շփումը ու կարոտել էի մարդկանց գրկելը: Թույլ էի տալիս, որ սիրտս մի քիչ արագ խփի քո ներկայությամբ, որովհետև ուրիշ ոչ ոք չունեի Բեռլինում: Նման էի թաքստոցում գտնվող Աննա Ֆրանկին, որը սիրահարվեց միակ հասանելի տղային:

Իսկ երբ Ֆեյսբուքով հայտնեցի, որ վերջին կիսամյակս Նիդեռլանդներում եմ անցկացնելու, ու որ դա իմ ընտրությունն է, գոռացիր.
– Ու դու կարող էիր Բեռլինն ընտրել, բայց չընտրեցի՞ր:
Չգոռացիր, գրեցիր: Բայց էկրանիս հայտնված տառերի մեջ լսում էի ձայնդ, դրա արձագանքը, զայրույթդ, հուսախաբությունդ:

Հա, չընտրեցի, որովհետև ոչինչ չկա, որ կարող է ինձ հետ բերել Բեռլին: Անգամ դու: Ես ասում եմ՝ այլևս երբեք չենք հանդիպի, ու դու շատ լավ գիտես, որ դա ճշմարիտ է, բայց ուզում ես հավատալ, որ մի օր Հայաստանում մեր ճամփաները կխաչվեն: Եթե հեռվից քեզ տեսնեմ, անպայման ճանապարհս կփոխեմ, որ այլևս չհանդիպենք, որովհետև ուզում եմ էսպես քաղցր հիշես ինձ:

Ցավոք, ես շատ լավ գիտեմ, թե ուր են տանում մեր վեճերը: Դրանցից էլի եմ ունեցել ու բավական թանկ վճարել: Դու ինձ չես կարող որևէ բանում համոզել, որովհետև արդեն համոզված եմ, որ քեզնից խելացի եմ: Դու ինձ չես կարող ստիպել, որ քեզ սիրեմ, որովհետև սիրում եմ նրան, ով ինձնից խելացի է: Դու ինձ չես կարող ապացուցել, որ զանազան համոզմունքներդ ճիշտ են, որովհետև լսում եմ նրան, ով ինձնից շատ է կարդացել: Դու ինձ չես կարող հնազանդեցնել, որովհետև հնազանդվում եմ նրան, ով ինձնից ուժեղ է և ում սիրում եմ: Դու ինձ չես կարող հետաքրքրել, որովհետև ինձ համար հետաքրքիր են նրանք, ովքեր կարդում են: 

Հիշիր ինձ որպես ջերմության կարիք ունեցող մի թշվառականի, որը ժամանակին հեռացավ, որ քեզ չատի:

Ի՞նչ տվեց ինձ կես տարի Պոտսդամում/Բեռլինում ապրելը

Չափից դուրս խիստ կլինեմ, եթե ասեմ, որ Պոտսդամում անցկացրածս կես տարին ձախողում էր: Ճիշտ է՝ դասերի մեծ մասն ինձ չէր հետաքրքրում, շատ հաճախ վատ տրամադրություն էի ունենում, նոր ընկերներ գրեթե ձեռք չբերեցի (եղածներն էլ հայեր էին), ու հիմա էլ, երբ պիտի գնամ էնտեղից, ոչ մի բանի համար չեմ ափսոսում, բայց ամեն դեպքում սխալված կլինեմ, եթե կորցրած կես տարի համարեմ, որովհետև Պոտսդամ/Բեռլինն ուներ նաև իր դրական կողմերը:

Դասերը
Երկլեզվության ու աֆազիայի գնահատման/բուժման դասերն ամենահետաքրքիրն էին: Հենց դրանց շնորհիվ էր, որ հասկացա, որ ամեն դեպքում շարունակում եմ ես ես մնալ՝ սովորելով միայն այն, ինչ ինձ հետաքրքրում է ու զոռով ժամանակ տրամադրելով ինձ համար ձանձրալի առարկաներին: Չլինեին այս երկուսը, պիտի կարծեի, որ լրիվ վարի եմ գնացել, այսինքն՝ ուղղակի աշխարհում այլևս չկա ինձ հետաքրքրող որևէ բան:

Իրադարձությունները
Վեց համերգ գնացի էս ընթացքում: Ուրիշ որտե՞ղ նման հնարավորություն կունենայի:
DSCF0440

Վերջապես կենդանի տեսա Ալանիս Մորիսեթին: Ավելին՝ անգամ նրա DVD-ում հայտնվեցի: Ու էդ համերգներն իմ պոտսդամյան գորշ առոօրյայի զարդերն էին:

Իսկ ընդհանուր առմամբ ինձ միշտ հեռու էի պահում Բեռլինի կարևորագույն իրադարձություններից՝ անգամ հրաժարվելով գրականության փառատոնից, որին ներկա էին գտնվելու բազմաթիվ հայտնի ժամանակակից գրողներ:

Մարդիկ
Ի տարբերություն Խրոնինգենի, այս կես տարվա ընթացքում քիչ մարդկանց հետ ծանոթացա ու շատ ավելի քչերի հետ կշարունակեմ կապ պահել (բոլորը հայեր են): Մարդկանց հետ հիմնականում չկապվեցի, ու գիտեմ, որ գնալիս չեմ կարոտելու: Կասեք՝ հա, էդ սառը գերմանացիները: Բայց չէ. շփվում էի նաև այլազգիների հետ: Էլի նույն պատմությունը. հրաժեշտ տալիս նույնիսկ չգրկախառնվեցինք, իսկ ոմանց մի վերջին անգամ չեմ էլ տեսել: Ավելին՝ նույն «այդ սառը գերմանացիներն» իմ մտերիմ ընկերներն էին Խրոնինգենում, բայց գերմանացիների ինչպիսին լինելը մի առանձին գրառման թեմա է:

Այնուամենայնիվ, մարդկանց կողմից մի մեծ դրական բան կար: Քանի որ Բեռլինն ուղղակի աշխարհի կենտրոն է, ընկերներիցս շատերն էստեղով էին անցնում զանազան տեղեր գնալիս կամ հենց էստեղ էին գալիս զանազան նպատակներով: Արդյունքում՝ անընդհատ սիրելի մարդկանց էի տեսնում չստացված տեղացի ընկերներիս փոխարեն:

DSCF1024

Տրամադրությունս
Ինչպես նշեցի, հիմնականում վատ տրամադրություն էի ունենում, բայց մարդկանց շրջապատում ինձ լավ էի զգում, չէի տխրում: Ուղղակի տարօրինակ պատճառահետևանքային արատավոր օղակ էր ստեղծվել. տխուր էի, որովհետև մարդկանց հետ չէի շփվում, բայց նաև մարդկանցից խուսափում էի, որովհետև տրամադրություն չունեի:

Անձնական ձեռքբերումս
Էս կես տարվա մեջ անտանելի մեծացա: Մի մեծ թռիչք կատարեցի ու կյանքիս մեջ առաջին անգամ զգացի, որ մեծ եմ, շատ մեծ: Ու սկսեցի նեղվել, որ էդքան մեծ լինելով հանդերձ դեռ հաստատուն կանգնած չեմ: Նեղվեցի, որովհետև չգիտեի՝ ինչ եմ ուզում, չէի հասկանում նպատակներս, չէի հասկանում՝ ինչն է ինձ հուզում, ինչն է կարևոր և ինչին պիտի առաջնայնություն տամ: Մեծացա, որովհետև վերջապես մեծերի պես հասկացա, որ կյանքն անիմաստ է: Էդքանով հանդերձ չհապաղեցի որոշում ընդունելիս: Ու երբ ամեն ինչ ծանրութեթև արեցի, հասկացա, որ ամեն դեպքում ավելի կարևոր է հաճելի գործով զբաղվելը, քան շատ վաստակելը:

Կորուստս
Զգացի, որ կամաց-կամաց կորցնում եմ բժշկությունը, բայց դեռ լեզվաբան էլ չեմ: Ու դա մի անտանելի բան էր, որովհետև իրականում այս տարիքում դեռ ոչ մեկ էի: Այնուամենայնիվ, հենց այդ կորստի մեջ էր, որ շատ պարզ գծագրվեց իմ առաջ, թե ինչ եմ ուզում: Հասկացա, որ պատրաստ չեմ հանուն լավ ապրուստի հրաժարվել իմ ութ տարվա քրտինքից ու հատկապես հոգեբուժությունից, որը, չնայած համակարգային դժվարություններին, ամեն դեպքում ինձ հաճելի էր:

Սիրելի վայրերը
Պոտսդամում ու Բեռլինում զարմանալիորեն սիրելի վայրեր չունեմ: Այնուամենայնիվ, կառանձնացնեմ տունս, որտեղ անց եմ կացրել տխրության երկար ու ձիգ ժամերը: Կկարոտեմ պատշգամբս ու էնտեղից երևացող լիճը, ննջարանս, որտեղ ճիշտ նույն ջահից է կախված, ինչ իմ Երևանի սենյակում, բազմոցն ու բազկաթոռներս, որոնց վրա հարմարվում էի, երբ գերմարդկային ճիգեր էի գործադրում, որ կարողանամ դաս անել, ու կենտրոնացման
ամենածանր պահերին թվում էր՝ ոչ թե բազկաթոռի թիկնակին եմ հենված, այլ կողքս ինչ-որ մեկը կա:

DSCF9346

Ասենք, Պոտսդամի Նոր այգին էի սիրում իր լճերով ու պալատներով հանդերձ, բայց էնտեղ ընդամենը հինգ անգամ եմ եղել, երկուսը՝ որպես հյուր, երեքը՝ հյուրերիս ցույց տալու համար:

Կամ օգոստոսի վերջին սիրում էի Պոտսդամի կայարանի սրճարանի պատուհանի մոտ նստել ու գնացքներին նայել. ճամփորդական տրամադրություն էր հաղորդում:

Բեռլինում էր Another Country գրախանութն էի սիրում, որի քուիզներին միշտ գնում էի, բայց երբեք որևէ հաջողություն չէի ունենում:

Սիրում էի նաև գնացքները: Ոմանց համար նյարդայնացնող էր ժամերով հասարակական տրանսպորտում գտնվելը, բայց ինձ դա հաճույք էր պատճառում, որովհետև էդ ընթացքում լիքը կարդում էի, երգեր լսում, պատուհանից դուրս նայում ու մտածում:

Պակասը
Ընդհանրապես մարդկային շփումից շատ ինձ պակասում էր ֆիզիկական շփումը: Դուք Երևանում կամ այլ տեղերում եք ապրում ու չեք զգում, թե ինչ սարսափելի է, երբ օրերով որևէ մեկի չես գրկում: Դու կարող ես ամեն օր տեսնել տարբեր մարդկանց, խոսել նրանց հետ, բայց երբ նրանց չես դիպչում, անորոշ ու աննկարագրելի կարոտով ես լցվում ինքդ էլ չես հասկանում ում նկատմամբ:

Եղանակը
Անգամ եղանակից էի ներվայնանում: Շոգը խոնավ էր ու տհաճ, բայց երբ շոգ էլ չէր, նվնվում էի, թե՝ սենց ամառ չի լինի: Բայց պիտի խոստովանեմ, որ գարունը դանդաղ էր ու սիրուն: Շաբաթներ շարունակ ծաղկած ծառերն աչքիս առաջ էին:
DSCF9446

Ճամփորդությունները
Պոտսդամում ապրելով մի քանի հրաշալի ճամփորդություն կատարեցի: Մեկը Հունգարիան էր, որտեղ Խրոնինգենի ընկերներիս հանդիպեցի ու մի քանի օրով կոտրեցի մենակությունս: Հետո տարբեր մեծության գերմանական քաղաքներ էին, որոնք այցելեցի ամենատարբեր պատճառներով ու լրիվ ուրիշ շունչ զգացի: Նաև Պրահան էր, որ իբր տրանզիտ քաղաք էր Բեռլինի ու Երևանի միջև, բայց իրականում սիրուն ու զգույշ անցում էր սկզբում Բարայի հետ հանդիպելով, հետո՝ Աննայի: Վերջիվերջո, Երևանն էր, որ ինձ էդքան հաճույք չէր պատճառի, եթե չհակադրվեր գերմանական մայրաքաղաքային սառնության հետ: Որպես ամփոփում Դուբլինն էր, որ իմ երազանքների քաղաքն էր ու դժվար՝ իրականություն դառնար, եթե այլ վայրում գտնվեի:

Ստեղծագործականությունը
Էստեղ գրելու անսպառ թեմա կար: Պատմվածքը պատմվածքի հետևից, թեման թեմայի հետևից: Լիքը սխեմաներ, նշումներ, էքսպերիմենտներ: Ու թքած, որ շատերին դուր չի գալիս էն, ինչ գրել եմ էս ընթացքում: Կարևորը՝ գրում էի:

Հիմա, երբ հեռանում եմ՝ հաստատ իմանալով, որ այլևս չեմ վերադառնալու գոնե էստեղ ապրելու համար, երբ պատս դատարկվեց, որովհետև նկարները պոկեցի, դրեցի ճամպրուկիս մեջ, երբ պատշգամբի դուռը բացեցի, ու աշնանային օդը փչեց երեսիս, երբ վերջին անգամ Գոլմում սուրճ խմեցի, հասկացա, որ ամեն դեպքում էս կես տարին կարոտելու եմ:

Բեռլինյան վարագույրից այն կողմ

Բեռլինի Կենդանաբանական այգու մոտի եկնաքերների արանքում նստած էինք: Դու փորձում էիր ինձ համոզել, որ մահմեդականները սատանայապաշտ են, իսկ ես ներվայնացած պնդում էի, որ պետք է հանդուրժել նրանց գոյության իրավունքը: Տաքացած վիճում էինք, ու ես քեզ աղաչում էի վերջ տալ, որովհետև աշխարհում ամենից շատ ատում եմ կրոնական թեմաներով բանավիճելը: Իսկ դու չէիր լսում ինձ, շարունակում էիր: Ականջներս փակեցի ու գլուխս թեքեցի: Դու շարունակում էիր: Գլուխս կախեցի, ու մազերս դեմքիս լցվեցին: Զգացիր, որ լռությունս չափից դուրս երկար տևեց: Դու էլ լռեցիր: Հետո մազերս դեմքիցս մի կողմ տարար ու խնդրեցիր, որ քեզ նայեմ: Գլուխս բարձրացրի ու ժպտացի, ասես ոչինչ չէր եղել:
– Քո կեղծ ժպիտը,- ասացիր ու գրկեցիր: Ու ես դողում էի քո գրկում: Վախից դողում էի, որովհետև չգիտեի՝ ուր եմ գնում: Դու ինձ ասել էիր, որ քեզ դուր եմ գալիս, իսկ ես պատասխանել էի, որ քեզ չեմ ատում: Դու ասում էիր, որ չատել նշանակում է դուր գալ, իսկ ես պնդում էի, որ ամեն ինչ սև ու սպիտակ չէ, ու կան մոխրագույնի բազմաթիվ երանգներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է: Չէիր հավատում:

Հավատում էիր, բայց չէիր բարձրաձայնում: Դու գիտեիր, որ ես գնում եմ ու այլևս չեմ վերադառնալու, որովհետև ինձ ոչինչ հետ չի բերի Բեռլին: Նույնիսկ դու:

Քեզնից չէի փախչում, չէի ճանկռում, որովհետև կարոտել էի տղամարդկային հոգատարությունը, կարոտել էի ընդհանրապես ջերմ մարդկային շփումը ու կարոտել էի մարդկանց գրկելը: Թույլ էի տալիս, որ սիրտս մի քիչ արագ խփի քո ներկայությամբ, որովհետև ուրիշ ոչ ոք չունեի Բեռլինում: Նման էի թաքստոցում գտնվող Աննա Ֆրանկին, որը սիրահարվեց միակ հասանելի տղային:

Իսկ երբ Ֆեյսբուքով հայտնեցի, որ վերջին կիսամյակս Նիդեռլանդներում եմ անցկացնելու, ու որ դա իմ ընտրությունն է, գոռացիր.
– Ու դու կարող էիր Բեռլինն ընտրել, բայց չընտրեցի՞ր:
Չգոռացիր, գրեցիր: Բայց էկրանիս հայտնված տառերի մեջ լսում էի ձայնդ, դրա արձագանքը, զայրույթդ, հուսախաբությունդ:

Հա, չընտրեցի, որովհետև ոչինչ չկա, որ կարող է ինձ հետ բերել Բեռլին: Անգամ դու: Ես ասում եմ՝ այլևս երբեք չենք հանդիպի, ու դու շատ լավ գիտես, որ դա ճշմարիտ է, բայց ուզում ես հավատալ, որ մի օր Հայաստանում մեր ճամփաները կխաչվեն: Եթե հեռվից քեզ տեսնեմ, անպայման ճանապարհս կփոխեմ, որ այլևս չհանդիպենք, որովհետև ուզում եմ էսպես քաղցր հիշես ինձ:

Ցավոք, ես շատ լավ գիտեմ, թե ուր են տանում մեր վեճերը: Դրանցից էլի եմ ունեցել ու բավական թանկ վճարել: Դու ինձ չես կարող որևէ բանում համոզել, որովհետև արդեն համոզված եմ, որ քեզնից խելացի եմ: Դու ինձ չես կարող ստիպել, որ քեզ սիրեմ, որովհետև սիրում եմ նրան, ով ինձնից խելացի է: Դու ինձ չես կարող ապացուցել, որ զանազան համոզմունքներդ ճիշտ են, որովհետև լսում եմ նրան, ով ինձնից շատ է կարդացել: Դու ինձ չես կարող հնազանդեցնել, որովհետև հնազանդվում եմ նրան, ով ինձնից ուժեղ է և ում սիրում եմ: Դու ինձ չես կարող հետաքրքրել, որովհետև ինձ համար հետաքրքիր են նրանք, ովքեր կարդում են:

Հիշիր ինձ որպես ջերմության կարիք ունեցող մի թշվառականի, որը ժամանակին հեռացավ, որ քեզ չատի:

Սա նման է վատ երազի: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Երկու զուգահեռ իրականություններս խառնվել են իրար ու խանգարում են: Իսկ ես ելքեր եմ որոնում՝ չուզենալով, որ դրանք ավարտվեն կամ փոխարինվեն երրորդ իրականությամբ:

Երբ իմ տանն եմ գիշերում, մղձավանջներից արթնանում եմ. չեմ կարողանում հաշտվել էն մտքի հետ, որ մամաս էստեղ է, բայց ուրիշ տանիքի տակ է քնած: Ու նենց ուզում եմ կողքիս լինի:

Չեմ կարողանում հաշտվել տունս բաղնիս դարձնող, իսկ հիմա էլ իր էշ խելքից հիվանդ սատկող համակուրսեցուս ներկայության հետ, որին ևս կես տարի պետք է հանդուրժեմ:

Երբ մորս մոտ՝ հյուրանոցում եմ գիշերում, չեմ կարողանում հաշտվել տանն այդքան մոտ, բայց տնից դուրս գիշերելու հետ, չնայած քնած ժամանակ մամաս մոտենում ու ծածկում է ինձ, որ չմրսեմ, ու ես չեմ ուզում, որ դա ավարտվի:

Իսկ հետո նայում եմ օրացույցին. օրերը դանդաղ հոսում են, ու մոտենում է Ֆինլանդիա գնալու ժամանակը: Սարսափում եմ, երբ մտածում եմ, որ փակված եմ լինելու ամեն ինչից այդքան հեռու Յոենսու քաղաքում, որը Երևանից տարբերվում է նրանով, որ էնտեղից դուրս գալու համար վիզա պետք չէ:

Գիշերները վեր եմ թռնում. գիտակցում եմ, որ որքան հոսում են օրերը, էնքան մոտենում է նաև Երևան վերադառնալու ժամանակը, ու գլուխս լցվում է բազմաթիվ «բա որ»-ներով: Վախերս խեղդում են: Ու ես ուզում եմ ինչ-որ մեկի հետ կիսվել վախերիս մասին, բայց փոխարենը քայլում եմ առաջ՝ փորձելով իրականություններս իրարից զանազանել:

Էս տարին վայելելու եմ ինչքան կարող եմ. հետո արդեն լիքը դժվարությունների պիտի հանդիպեմ:

Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը»

– Ես այս գիրքը չեմ կարդա,- ասաց համակուրսեցիս,- նախաբանը թերթեցի, ու էնտեղ արդեն ասվում էր, թե վերջում ինչ է լինում: Էլ ինչի՞ համար կարդամ:

Ինձ նախաբան պետք չէր, որ իմանայի վերջում ինչ է լինում: Հենց առաջին էջերից, երբ գրքի գլխավոր հերոս Կ.-ն ձերբակալվում է իրեն անհայտ պատճառներով, ես գիտեի, որ մինչև վերջ էլ հեղինակը չի բացահայտելու, թե ինչում է Կ.-ն մեղադրվում: Գիտեի նաև, որ վերջը մահապատիժ է լինելու, թեև մսագործի դանակը սիրտը մտցնելն ու պտտեցնելը մտքիս ծայրով էլ չէր անցել: Էս ամենն ինձ հայտնի էր, որովհետև Կաֆկային ու նրա երևակայությունը լավ գիտեի:

Սկզբում գրքի հերոսն ինչ-որ քննադատություն ունի. փորձում է հասկանալ, թե ինչու են իրեն ձերբակալում, ինչու են գործ հարուցել իր դեմ, փորձում է դիմադրել: Բայց աստիճանաբար ինքն էլ է ձուլվում ընդհանուր հոսանքին՝ դադարելով հարցեր տալ, թեև ամեն դեպքում անընդհատ զարմանում է:

«Դատավարությունը» կարդալիս էնպիսի զգացողություն ես ունենում, որ մի վատ երազ ես տեսնում և ուզում ես արթնանալ ու թեթևացած շունչ քաշել: Ճիշտ էնպես, ինչպես երազում, էստեղ էլ ամեն ինչ այնտեղ է, որտեղ չպիտի լինի: Օրինակ, գրքի գրեթե բոլոր հերոսները «պատկանում են դատարանին»: Կամ ասենք նկարչի տան հետևի դուռը բացելիս Կ.-ն հայտնվում է դատարանի գրասենյակներում: 

Կաֆկան այս վեպով ծաղրում է դատական համակարգը՝ աբսուրդի հասցնելով դրա նկարագրությունը: Կաֆկան խաղում է նաև ընթերցողի հետ, որը կուզենար իմանալ, թե ինչու է Կ.-ն դատվում, ու հենց դրա համար կկարդար մինչև վերջ՝ առանց մտքի ծայրով անցկացնելու, որ էդպես էլ չի բացահայտելու մեղադրանքը: Բայց վերջիվերջո, հասկանալով Կաֆկայի տրամաբանությունը, գտնում եմ, որ «Դատավարությունը» մի քանի անգամ ավելի թույլ գործ կլիներ, եթե պատճառները ջրի երես հանվեին: Ավելին՝ հենց էդ գաղտնիությամբ է, որ ստիպում է՝ ընթերցողը մտնի հերոսի կաշվի մեջ ու ինքը տեսնի էդ վատ երազը:

Վերջերում տեքստը մի քիչ թափթփված է դառնում: Հատկապես նախավերջին գլուխը մի տեսակ ոնց որ կոնտեքստից դուրս լիներ ու շատ սարուձոր ընկներ: Հետո միայն իմանում եմ, որ ընդհանրապես այս վեպն անավարտ է համարվում:

Ու գիրքն ավարտում եմ նորից ու նորից ընդունելով Կաֆկայի հանճարեղությունը, բայց չսիրելով այն: Հատկապես կյանքիս այն փուլում, երբ առանց այդ էլ իրականության ընկալման հետ կապված խնդիրներ ունեմ, Կաֆկան ինձ ուղղակի հակացուցված էր:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me