Ե՞րբ եմ վերջին անգամ երեկոյան ժամը 10-ին պառկել քնելու:
Կատվախոտի երկու հաբերը կուլ տվեցի՝ վախվխելով, որ առավոտյան չեմ կարողանա արթնանալ, բայց մյուս կողմից էլ ուրիշ ճար չունեի. ես այդ ժամին այդ նյարդերով քնելու բան չէի, իսկ արթուն մնալս ոչ մի օգուտ չէր տալու:
Սակայն ճիշտ հակառակը ստացվեց: Ես ամբողջ գիշեր չէի կարողանում քնել: Երազն ու իրականությունը, անցյալն ու ներկան խառնվել էին իրար: Երբեմն գոռում էի և դա գիտակցում էի, բայց անիմաստ էր… ոչ ոք ձայնս չէր լսելու: Ես սիրտս դուրս էի շպրտել և թույլ տվել, որ ոմանք անցնեն դրա վրայով…

Հանկարծ կարոտեցի… Հիշել էի անցյալը: Այնպե՜ս կուզեի վերադարձնել մեր խելար օրերը, երազանքները, մտքերը… Իսկ հիմա ոչինչ չկա: Մի՞թե այդ… այդ… չեմ ուզում վատ բառ օգտագործել… մի՞թե ինձ չի կարոտում: Հետաքրքիր է՝ այն վատը հիշում եմ, բայց մի տեսակ մշուշոտ: Մեր մտերմությունից ասես միայն լավը տպավորված լինի, մինչդեռ դա այնքա՜ն քիչ էր: Է՛հ, մի՞թե կկարդա…

Անցյալ գիշեր, երբ գրիչը վերցրեցի ու փորձեցի գրել և երբ ոչինչ չստացվեց, ես որոշեցի պարզապես դպրոցական տարիներս հիշել… Կարդում էի օրագիրս ու զարմանում: Որքա՜ն անկաշկանդ էի այն ժամանակ: Ես կարող էի ամբողջ դպրոցն իրար խառնել , եթե ինչ-որ բան իմ ուզածով չէր եղել: Իմ այն ժամանակվա համարձակության մի տոկոսն էլ չի մնացել: Կարծես ոչ թե իմ մասին էի կարդում, այլ ինչ-որ ուրիշ, անծանոթ աղջկա, որից պետք է օրինակ վերցնել:
Գրել էի նաև այնպիսի մարդկանց մասին, որոնց ոչ մի կերպ չկարողացա հիշել: Ոմանց էլ շատ աղոտ հիշեցի: Գուցե նրանցից շատերն այն «կիսածանոթներն» են, որոնք փողոցում բարևում են, բայց ես չեմ հիշում, թե որտեղ և երբ եմ տեսել նրանց:

Վաղուց կարգին չեմ գրել: Սենյակիս մի անկյունում ընկած են չպատասխանված նամակներն ու մի դատարկ տետր, որը պետք է օրագիր դառնար: Իսկ հոդվածս արդեն քանի օր է՝ ուշացնում եմ: Ինչու՞ այլևս չեմ գրում:

Չնայած անցյալը հաճույքով եմ հիշում, բայց անտանելի էր նորից 14 տարեկան լինելը: Անտեղի հռհռում էի ու գոռում, հաշվի չէի առնում շրջապատի մարդկանց: Կարծես դա պատասխանս լիներ Նոնայի ու Աննայի այն ասածին, թե շատ եմ լրջացել:
Հետաքրքիր է՝ հին ծանոթներս նկատում են, որ փոխվել եմ, լրջացել եմ, մինչդեռ նորերի համար չափից դուրս անլուրջ եմ:
Ընդհանրապես զզվելի է հին Բյուրակնը դառնալը: Դա գուցե դուր կգար, ասենք, Աննային ու Նոնային կամ թեկուզ Արմանին կամ էլի ինչ-որ մեկի, որ ինձ ճանաչում է 14 տարեկանից սկսած, բայց ահավոր տհաճ էր ինձ համար: Երևի ես վերջերս եմ սկսել ինձ ճանաչել:

Միայն թե շուտ վերջանա այս օրը, և ես կարողանամ ազատ շունչ քաշել: Միայն թե լավ ավարտվի ամեն ինչ: Թող որ Աստծո կամքը լինի, և ոչինչ այլևս ինձ չի անհանգստացնի:
Վերջապես ավարտվում է նյարդաբանության ցիկլը: Այո՛, շատ հետաքրքիր էր, բայց և երկարատև ու դժվար: Մյուս շաբաթ արդեն վիրաբուժական հիվանդությունների հերթն է: Դա նշանակում է, որ հինգ աշխատանքային օր շունչ կքաշենք, իսկ հետո… ԹԵՐԱՊԻԱ 😦

Ես մոռացել էի իմ կյանքի գլխավոր սկզբունքներից մեկը, մոռացել էի դասախոսիս խոսքերը, որոնց նմանը հետագայում գտել էի Աստվածաշնչում…

Հանկարծ զգացի, որ օդը չի հերիքում: Խեղդվում էի: Դասախոսությունն իբր գրում էի, բայց բառերը կուլ էի տալիս, չէի հասկանում: Ներսս կրակ կար. վառվում էի: Ինչպե՞ս է ծառն այրվում, և մոխրացած մեծ ճյուղերը պոկվում-ընկնում են: Նույնպես էլ ես էի. գլուխս հանկարծ ընկավ սեղանին: Մի քանի անգամ ուժերի գերլարումով կարողացա վեր բարձրացնել, բայց հետո նորից ընկա: Դիմադրելն անհնար էր: Ընկա հենց այդպես՝ տետրի վրա, գրիչը ձեռքիս: Ու չնկատեցի, թե ինչպես քնեցի: Քունս շատ խորն էր, որովհետև ոչինչ չէի լսում: Միայն մի պահ կանացի ձայն հասավ ականջիս, և ես վեր թռա: Կարծում էի, թե լսարանում նոր մարդ է հայտնվել: Մոռացել էի, որ դասախոսն ինքն էլ է կին:
Հետո նորից քնեցի: Ոչինչ չզգացի: Արթնացա, երբ Մարիան ուսս թափահարեց: «Ներկա-բացակա» էին անում: Երբ հասան իմ անվանը, ինձ թվաց, թե գոռացի «ներկա»: Չլսեց: Ստիպված կրկնեցի: Կարծեմ էլի չլսեց, բայց տեսավ մի կերպ բարձրացած ձեռքս:
…Արագ-արագ հագնվեցի, որ դուրս գամ: Բայց ձեռքերս դողում էին: Ես ոչինչ չէի զգում: Երևի արդեն մոխրացել էի:

Ե՞րբ պետք է ազատվեմ անցյալի ուրվականներից:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me