Ինտելեկտուալները

Հավաքածու մրցույթում երկրորդ տեղ գրաված պատմվածքս` որոշ փոփոխություններով: Անկեղծ ասած, մի քիչ ամաչում եմ, որովհետև էնքան էլ արժանի հաղթանակ չէր` հաշվի առնելով մրցակիցներիս թույլ լինելը:

Ինտելեկտուալները

Մարիան ուշացած մտավ գրախանութ, որտեղ երկու շաբաթը մեկ ինտելեկտուալ մրցույթներ են կազմակերպվում: Այդ օրը համակուրսեցիներից ոչ ոք նրան ընկերակցելու ցանկություն չէր հայտնել, ու ստիպված էր մենակ գալ: Ստիպվա՞ծ էր: Այդ երեքշաբթիները նրա Բեռլինյան կյանքի ամենասպասված օրերն էին, ու եթե որևէ մեկը համարձակվեր հարցնել` ո՞նց չես ալարում մենակ գալ, Մարիան կարտասաներ նախօրոք պատրաստած պատասխանը. «Չեմ ուզում հերթական միայնակ երեկոն անցկացնել»:

Սեղանների շուրջ արդեն թիմերը ձևավորվել էին: Մոտեցավ խաղի կազմակերպիչ անգլուհի Բեքիին, որը դեռ նախորդ անգամվանից մի տեսակ համակրանքով էր լցվել Մարիայի հանդեպ և ուզում էր ամեն կերպ աջակցել նրա թիմին` հուշելով դժվար հարցերի պատասխանները:

– Կօգնե՞ք` որևէ թիմի միանամ,- շշնջաց:

Բեքին հերթով մոտեցավ բոլոր սեղաններին և հարցրեց.

– Խաղացողի կարիք ունե՞ք:

Չնայած երևում էր, որ շատ թիմեր ընդամենը երեք հոգուց էին բաղկացած, բոլորը քաղաքավարությամբ մերժում էին` նշելով, որ իրենց խմբի չորրորդ-հինգերորդ անդամներն ավելի ուշ են միանալու:

Բայց Բեքին հին գայլ էր ու գիտեր, թե ինչպես խնդիրը լուծել: Եվս մեկ անգամ աչքի անցկացրեց բոլոր սեղանները և նկատեց մեկը, որի շուրջը հավաքվածները նրան անծանոթ էին, իսկ դա նշանակում էր, որ առաջին անգամ էին այնտեղ:

– Ձեզ համար նոր խաղացող եմ բերել,- առարկություն չընդունող տոնով հայտարարեց և չորրորդ աթոռը մոտեցրեց սեղանին:

– Մարիա,- ներկայացավ թիմի անդամներին:

– Լիզ:

– Մայք:

– Դունյա:

– Որտեղի՞ց ես,- հարցրեց Լիզը:

– Հայ եմ:

– Աաա,- միաժամանակ արտաբերեցին Մայքն ու Լիզը: Մարիան արդեն այնքան էր ներկայացել տարբեր ազգերի, որ «աաա»-ի տոնայնությունից հասկանում էր, թե դիմացինն իր երկրի մասին ինչ գիտի: Մայքի ու Լիզի դեպքում դա նշանակում էր. «Մենք քո երկրի մասին երբևէ չենք լսել կամ էլ լսել ենք, բայց չենք հիշում: Ուղղակի չափից դուրս քաղաքավարի ենք, որ այդ մասին ասենք»:

– Մենք Իռլանդիայից ենք,- շարունակեց Լիզը` ցույց տալով իրեն ու Մայքին: Մարիան արդեն սովորել էր, որ այդ բոլոր «մենքերը» նշանակում են, որ զրուցակիցները կամ ամուսիններ են, կամ իրար հետ ապրող չամուսնացածներ: Դեռ կարճ ժամանակ առաջ ինքն իրեն հարց էր տալիս, թե տարբեր լեզուներում ինչի համար է բայը խոնարհվում նաև առաջին դեմք հոգնակի թվով, որովհետև այն գրեթե չի գործածվում: Հետո հասկացավ, որ դա նախատեսված է հատուկ նման դեպքերի համար, երբ այլ անձի հետ բնակվելու արդյունքում վերանում է Եսը, դառնում է մենք:

– Սիրում եմ ձեր մշակույթը,- ժպտաց Մարիան` քաղաքավարությամբ թաքցնելով, որ այդ «սիրում եմ»-ն իրականում նշանակում էր «գժվում եմ», որ իր կյանքի ամենամեծ երազանքներից մեկն Իռլանդիայում ապրելն էր: Իսկ Մայքն ու Լիզը նույն քաղաքավարի «Աաա»-ն արձակեցին` խոսակցությունը չշարունակելով:

– Ես Սերբիայից եմ,- ասաց Դունյան:

– Աաա,- այս անգամ Մարիայի հերթն էր, որ այս բացականչությունը նշանակում էր. «Ես ռուսերեն գիտեմ, հետևաբար սերբերեն մի քիչ հասկանում եմ, ու իմ ներկայությամբ թաքուն բաներ չես կարող խոսել»:

– Բայց երկար տարիներ Ավստրալիայում է սովորել,- շտապեց ավելացնել Լիզը` բացատրելով Դունյայի` առանց օտար առոգանության անգլերենը:

– Իսկ դու որտեղի՞ց ես,- հարցրեց Դունյան, որը չգիտես ինչպես բաց էր թողել խոսակցության այդ հատվածը:

– Հայ եմ:

– Աաա,- ու սա նշանակում էր. «Մենք էլ թուրքերին չենք սիրում»:

Սկսվեց հարցերի հաջորդ շարանը.

– Ի՞նչ ես անում Բեռլինում:

– Սովորում եմ,- ու որովհետև գիտեր հաջորդ հարցը, անմիջապես ավելացրեց,- լեզվաբանություն:

– Այսինքն դու շատ լեզուներ գիտես,- հիացած բացականչեց Մայքը:

– Հա, բայց դա կապ չունի իմ անցած լեզվաբանության հետ: Ի դեպ, ժամանակին իռլանդերեն էլ եմ փորձել: Չկարողացա, շատ դժվար էր:

– Իռլանդերե՞ն: Ինչու՞: Ավելի անիմաստ լեզու չե՞ս գտել:

– Ճիշտն ասած, ուզում էի մի լեզու սովորել, որով աշխարհում քչերն են խոսում:

– Գուցե ուելսերեն փորձեիր: Դա իռլանդերենի չափ մեռած չէ:

– Ասում ես ի՞նչ լեզուներ գիտես:

– Ռուսերեն, հոլանդերեն, անգլերեն, շվեդերեն, ֆրանսերեն, գերմաներեն ու արաբերեն :

– Մենք մենակ անգլերեն գիտենք,- նորից այդ մենքը,- քո երկրում մայրենի լեզուն ռուսերե՞նն է:

– Չէ, հայերենը, բայց հայերեն չգիտեմ:

– Մարդ ո՞նց կարող է իր մայրենի լեզուն չիմանալ,- միասին զարմացան Լիզն ու Մայքը:

Խաղը սկսվեց: Շատ հարմար թիմ էր կազմվել. կինոների մասին Լիզն ու Մայքն ամեն ինչ գիտեին, Դունյան նկարչության,  ճարտարապետության ու պատմության վարպետ էր, իսկ Մարիան երաժշտությունից ու գրականությունից էր գլուխ հանում: Թեև խաղի կեսից պարզ դարձավ, որ հաղթելու հնարավորություն չունեն, ամեն դեպքում վերջին տեղերում էլ չէին: Մայքը, Լիզն ու Մարիան պիտի որ պատասխանեին Իռլանդիային վերաբերող բոլոր հարցերին, իսկ դրանք քիչ չէին, քանի որ կազմակերպիչներից մեկն իռլանդուհի էր:

– Ե՞րբ է Իռլանդիայի անկախության օրը,- հնչեց հարցը:

Մայքն ու Լիզն իրար նայեցին:

– Մենք տենց բան ունե՞նք… երևի պիտի գրենք` նման բան չկա:

– Չէ, կա,- պնդեց Մարիան,- ուղղակի չեք տոնում: Ապրիլի 24-ին է:

– Ամոթ մեզ, չգիտեինք:

– Ես էլ չէի իմանա, եթե…

Մարիան չհասցրեց խոսքն ավարտել: Հնչեց հաջորդ հարցը:

Ընթացքում մի քիչ գրականություն.

– Ո՞ր գրքում են իրադարձությունները տեղի ունենում Դուբլինում, չնայած բազմաթիվ էջերին, քսանչորս ժամվա պատմություն է, իսկ գլխավոր հերոսի ազգանունը Բլում է:

– Սա մենք գիտենք… հեղինակն անգլիացի է,- հայտարարեց Լիզը:

– Հա, հա, Դիքենսը չէ՞ր,- հաստատեց Մայքը:

– Բայց… «Ուլիսեսը»,- գրեթե շշուկով ասաց Մարիան` վախենալով վիրավորել իռլանդացիներին:

– Հա, ճիշտ ես, «Ուլիսես»:

Ու պատասխանների թերթիկին գրեցին. «Ուլիսես», Դիքենս:

– Ջոյս,- փորձեց ուղղել Դունյան, որը նույնպես հարցի պատասխանը գիտեր,- Ջեյմս Ջոյս:

– Չէ, չէ, մենք վստահ ենք, որ Դիքենսն է:

–  Վերջին հարցը,- հայտարարեց խաղավարը,- ո՞ր նախկին սովետական պետությունն է վաղն իր անկախության քսան ամյակը տոնում:

–  Վաղն ամսի քսա՞նն է, թե՞ քսանմեկը,- հարցրեց Դունյան,- եթե քսանմեկն է, ուրեմն Բելիզի մասին հաստատ գիտեմ, բայց դա ի՞նչ նախկին սովետական պետություն: Համ էլ նրանցը քսանամյակ չէ: Մարիա, դու ի՞նչ կասես: Պիտի որ ավելի տեղյակ լինես:

– Գաղափար չունեմ: Նիդեռլանդներում եմ մեծացել,- արդարացավ Մարիան:

– Գրենք Ուկրաինա,- առաջարկեց Դունյան:

– Հա, հաստատ Ուկրաինան է, հիշեցի,- հաստատեց Մարիան:

Leave a comment

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

shoghakatvardanyan

This WordPress.com site is the cat’s pajamas