Շտեֆանը

Շտեֆանը մեր ծրագրի կոորդինատորն է Յոենսուում: Առարկաների հիմնական մասը հենց ինքն էլ դասավանդում է: Ազգությամբ գերմանացի է, Շտուտգարտից է: Միշտ հարցնում ենք՝ ի՞նչ է կորցրել էստեղ: Հետո իմացանք, որ կինը ֆիննուհի է: 

Բավական բարի, օգնող, հասնող մարդ է: Ցանկացած հարցով դիմում ենք նրան, ու անմիջապես խնդիրը լուծում է: Մեյլերին էլ վայրկենական պատասխանում է: Մի խոսքով, շատ հավես է նրա պես կոորդինատոր ու դասախոս ունենալը: Այնուամենայնիվ, քննությունների հարցերը սովորաբար դժվար են լինում, ու մտածում ենք՝ տեսնես էս նույն Շտեֆա՞նն է դրանք կազմել: Դեռ անցյալ շաբաթ էլ հանկարծակի հայտնվեց ու ասաց, որ պիտի միջանկյալ հանձնենք: Մենք էլ լրիվ անպատրաստ: Ասաց, որ գնահատականները ոչ մի բանի վրա չեն ազդելու:

Դասացուցակում փոփոխություն էր եղել: Էնպես էր ստացվել, որ առարկաներից մեկի մի ամբողջ չորս ժամ տեղափոխվել էր մյուս երկուշաբթի, երբ ես Գերմանիայում Ալանիսի համերգին էի լինելու: Էդ առարկան էլ լրիվ գործնական է, ու եթե նույնիսկ մի տասը րոպե անջատվում ես, լիքը բան բաց ես թողնում: Ուր մնաց երեք ժամ բացակայելը: Մոտեցա, որ տեղյակ պահեմ, որ էնտեղ չեմ լինելու: Ձեռի հետ էլ մտածում էի՝ ոնց բացատրեմ ու արդարացնեմ բացակայությունս: Էսպես սկսեցի.
– Շտեֆան, ես երկուշաբթի էստեղ չեմ լինելու…
Ոչ հարց, ոչ նախատինք, ոչ մի բան:
– Ուրեմն նյութերը քեզ մեյլով կուղարկեմ:
Ու անմիջապես մոտը նշեց:

Բայց ամենաուժեղը: Ուրեմն էս օրերին զանազան ճամփորդությունների ենք գնում: Անցյալ շաբաթ Պետերբուրգն էր: Մյուս շաբաթ էլ էրեխեքի մի մասը Լապլանդիա է գնում: Նկատենք, որ ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքում խմբի կեսն էլ չի մասնակցում: Բայց արի ու տես Շտեֆանը բռնեց ու էդ օրերի դասերը լրիվ հանեց, որ բացակայողները չտուժեն: Ու հիմա էդ հանած դասերը նորից տեղավորելու խնդիր է առաջացել: Էսօր մեյլ է գրում, որ ուղղակի երկու օր սովորականից երկար կաշխատենք լաբում: Հետն էլ արդարացնում է, թե թեթև վարժություններ կտա, որ չհոգնենք, համ էլ մեզ սուրճ կհյուրասիրի:

Բա սենց դասախոսին ո՞նց չսիրես: Ի դեպ, շատ բաներով իմ օրդինատուրայի առաջին ղեկավարին է հիշեցնում:

Գիտելիքը որպես բեռ

– Բայց գիտելիքն ինչ բեռ ա,- ասեց,- չսովորեինք էլի:
Ու սա ասում ա մեկը, ով կրթաթոշակ չունի ու իր հաշվին ա էկել սովորելու: Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք գիտելիք ստանալուց հաճույք չեն ստանում: Ու հասկանում եմ, որ կան կանայք, որոնց կոչումն ամուսնանալ ու էրեխա ունենալն ա ու մարդկությանը բացարձակապես ուրիշ ոչ մի օգուտ չտալը (եթե, իհարկե, իրանց տված էրեխեքը օգուտ են համարվում): Բայց մեկ ա իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ոնց կարա տենց կինն աշխարհի կեսը կտրի-անցնի իր հաշվին, դեռ մի բան էլ ուսման վարձ տա մի բանի համար, որն ինքն ավելորդ բեռ ա համարում ու դրանից ազատվել ա ուզում:

Ուֆ, աչքիս դեռ շատ եմ բամբասելու իրանից:

Հ.Գ. Հիմա էլ թուրք սիրած ունի:

Էրասմուս մունդուսի օր

Էսօր Էրասմուս մունդուսի միջազգային օրն է (կամ տենց մի բան, ճիշտ անունը չգիտեմ): Իմաստն այն է, որ տարբեր երկրներում Էրասմուս մունդուսով սովորող ուսանողները, շրջանավարտները կամ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են այդ ծրագրով, հավաքվում, շփվում են (կարծեմ Երևանում էլ պիտի տենց մի բան լիներ): Յոենսուում Էրասմուս մունդուսը երեք ծրագիր ունի: Էսօր լավ առիթ էր ծանոթանալու համար:

Ու էդպես հավաքվել ենք մի բարում: Չհասկացանք՝ ով է կազմակերպիչը, որովհետև ոնց որ թե ինչ-որ մեկը հայտարարությունը տարածել էր, բայց չէր եկել: Զարմանալիորեն ամենաակտիվը մեր ծրագրի ժողովուրդն էր. ընդհանուր հավաքվածները տասը հոգի էին, որոնցից յոթը EMCL-ական (մեկը շրջանավարտ, երեք երկրորդ և երեք առաջին կուրսեցի): Էդպես ասեցինք-խոսեցինք, ծանոթացանք: Հաճելի էր մաստեր անող այլ ուսանողների հետ շփվելը, որովհետև մեր շրջապատում բոլոր փոխանակային ուսանողները հիմնականում բակալավր են անում, ու նրանց ուղեղներում քամիներ են:

Մյուս երեքից երկուսը անտառաբանություն էին սովորում, երրորդը՝ գույներ: Առաջին երկուսը Բանգլադեշից ու Նիգերիայից էին, երրորդը՝ Ռումինիայից: Էդպես ահագին փոխանակվեցինք մեր փորձով: Զարմացանք, թե ոնց են անտառաբանության ուսանողները ստիպված եղել երեք ամսում յոթ երկիր գնալ: Մենք էլ մեր տեղափոխություններից ենք դժգոհում: Հիմա էլ ավելի քան մի տարի է, ինչ Յոենսուում են:

Հետո տուն գնացինք: Նիգերացի տղան՝ Ավգուստինը, ասաց, որ իրեն ուշադիր նայենք, որ փողոցում տեսնենք, բարևենք, որովհետև ինքը հնարավոր է՝ մեզ չճանաչի: Ասացինք լավ ու երեք երկրորդ կուրսեցիներով նստեցինք հեծանիվ, սլացանք դեպի տուն:

Կամրջի մոտ նորից Ավգուստինին հանդիպեցինք:
– Փաստորեն ավելի շուտ տեսանք իրար, քան սպասում էինք: Դու՞ էլ ես գետի մյուս կողմում ապրում:
– Հա,- ասաց:
Շարունակեցինք ճանապարհը: Կամուրջն արդեն անցել էինք, բլուրն էինք բարձրանում: Ավգուստինը նույն ճամփով էր գալիս: Պարզվեց՝ նույն փողոցում է ապրում:

Երբ հասանք Կարյամաենտիե, մեկ էլ տեսնենք՝ Ավգուստինը մեզ հետ բակ մտավ:
– Ո՞ր շենքում ես ապրում:
– Չորսում,- ասաց:
Հեծանիվը կագնեցրեց նույն տեղում:
– Ո՞ր մուտքում ես,- հարցրի:
– Սի,- ասաց:

Երկուսով մտանք մուտք, իսկ Վանեսան ու Սոֆին դեպի իրենց մուտքը գնացին:
– Ո՞ր բնակարանում ես:
– Քսանչորս,- ասաց:
Էդպես պարզվեց, որ ոչ ավել-ոչ պակաս իմ դիմացի հարևանն է: 

Բա էս Էրասմուս Մունդուսի օրը չլիներ, ո՞նց էինք ճանաչելու իրար: :))))))

Տեղափոխության «վնասները»

Էս օրերին, երբ փորձում էի նախորդ կես տարվա կյանքս տեղափոխել դեպի հաջորդ կես տարի, ահագին փիլիսոփայեցի ու մտածեցի լիքը կարևոր բաների մասին՝ ընդհուպ մինչև կյանքի իմաստը: Պիտի կարողանայի հաջորդ կես տարվա կյանքս տեղավորել մի մեծ ճամպրուկում ու մի ուսապարկում: Ու պիտի էնպես անեի, որ թույլատրված քաշի սահմանները չանցնեի:

Էդպես սկսվեց զտման առաջին փուլը: Անմիջապես աղբամանում հայտնվեցին այն իրերը, որոնք ինձ երբևէ պետք չեն գալու: Պիտի խոստովանեմ, որ դրանք բավական քիչ էին, որովհետև մենք սովորություն ունենք ամեն ինչ պահելու՝ մտածելով, որ մի օր պետք կգա: Էդ մի օրը գուցե երբեք չլինի, բայց ավելորդ ծանրությունը կմնա ու կմնա:

Հետո անցա այն իրերին, որոնք հաջորդ կես տարվա ընթացքում պետք չեն գալու: Սա արդեն մի առանձին ճամպրուկ էր, որը գնալու է Երևան: Իհարկե, ամառային հագուստը ձմռանը, այն էլ Ֆինլանդիայում հաստատ պետք չի գա: Ոչ էլ գրքերը, որոնք արդեն կարդացել եմ կամ դիսկերը, որոնք արդեն կոմպիս մեջ գրել եմ: Տեսականորեն հնարավոր է, որ դրանք էլ այլևս երբեք չգործածվեն, եթե, իհարկե, ընթերցող կամ երաժշտասեր չհայտնվի: Բայց արի ու տես, որ մենք սիրում ու փայփայում ենք մեր գրա- և ձայնադարանները: Խնամքով վերցնում ենք փոշիները, մինչդեռ դրանց պարունակության մեծ մասն այդպես էլ այլևս երբեք չենք գործածում:

Այնուհետև հերթն այն իրերինն էր, որոնք հնարավոր էր, որ գործածեի: Սկզբում դրանք դրեցի ճամպրուկիս մեջ, բայց երբ տեսա, որ այլևս տեղ չի մնում, հանեցի ու առանց խղճի խայթի լցրեցի աղբամանը: Դրանք հիմնականում սիրելի առարկաների ուսումնական նյութերն էին, որովհետև ոչ սիրելիներից վաղուց արդեն ազատվել էի՝ դրանք ջանասիրաբար ճղելով ու ճմրթելով: 

Երևանում մի հսկայական դարակ ունեմ, որը լցված է դեռ ԵՊԲՀ-ում սովորելուս ուսումնական նյութերով: Նստեցի ու փորձեցի հիշել, թե քանի անգամ է պատահել, որ նախորդ տարվա տետրերս բացեմ: Հազվադեպ: Այն էլ միայն շատ կոնկրետ առարկաների դեպքում: Ինչու՞ էի մյուսները պահում: Ինչու՞ պահեմ սրանք, որ գիտեմ՝ չեմ բացելու: Ու հատկապես ինչու՞ պահեմ, երբ դրանց մեծ մասն էլեկտրոնային տարբերակով ունեմ, ու բնավ ծանր չէ հետս Ֆինլանդիա հասցնելը:

Ճամպրուկն էլի լցվել էր: Էդ ժամանակ սկսեցի հրաժարվել այն իրերից, առանց որոնց կարող եմ ապրել: Ձեռքս դրեցի սրտիս ու խոստովանեցի, որ հետս վերցրած հագուստի մի մասը չեմ էլ հագնելու: Դրանք դուրս բերեցի ճամպրուկից: Որոշեցի նաև ջազվե չվերցնել. վեց ամիս էլ առանց սև սուրճի կապրեմ: Հրաժարվեցի նաև բաժակներից. երկու օր յոլա կգնամ, մինչև խանութից առնեմ: Վերջում հովանոցիցս էլ հրաժարվեցի: Անկեղծ լինենք. ես անձրևասեր եմ ու հովանոց գրեթե չեմ օգտագործում: Էլ չեմ ասում, որ էսպես թե էնպես շուտով անձրևի մասին խոսք էլ չի լինի. Յոենսուում արդեն զրոյից ցածր է:

Ու երբ վերջապես հաջորդ վեց ամսվա կյանքս տեղավորեցի մի ճամպրուկի մեջ՝ առանց բաց թողնելու այն իրերը, առանց որոնց ապրել չեմ կարող, հասկացա, որ մենք մեզ շատ ենք շրջապատում անպետք առարկաներով: Սարսափեցի, երբ հաշվեցի, թե քանի տոպրակ աղբ եմ թափել էս օրերին ու դեռ թափելու եմ, որոնք ոչ միայն անպետք իրեր են ընդգրկում, այլև իրեր, որոնք պետք են, բայց Ֆինլանդիայում նորն եմ գնելու, որովհետև տեղ չունեմ դրանք տեղափոխելու համար: Մտածեցի՝ ինչքան աղբ ենք մենք բոլորս արտադրում առանց գիտակցելու: Մտածեցի՝ ինչքան աղբով ենք մեզ շրջապատում: Մտածեցի՝ ինչ աստիճանի հակաբնապահպանական ծրագրում եմ սովորում, որ ամեն վեց ամիսը մեկ էսքան աղբ եմ թափում:

Ամենասարսափելին այն է, որ մեր խմբում ես հայտնի եմ որպես քիչ իրեր ունեցող:

Ուրիշների հետ համեմատվելու մասին

Միշտ ասում են, որ սխալ է ուրիշների հետ համեմատվելը: Էսօր մտածում էի դրա մասին, որովհետև հենց էս պահին ուրիշի հետ համեմատվելն ամենաձեռնտու բանն է և ուղղակի օգնում է էս դժվար իրավիճակից դուրս գալ:

Ընդհանրապես, համեմատվելը ռիսկային է, որովհետև շատ մեծ է հավանականությունը, որ այն մարդը, որի հետ համեմատում ես ինքդ քեզ, ամեն ինչով առավել է, ու դա նախանձի կամ առնվազն դեպրեսիայի պատճառ է դառնում: Բայց երբեմն ճիշտ հակառակն է լինում. դիմացինդ քեզնից թույլ է, վատ վիճակում է գտնվում, ու էդտեղ սկսում ես գնահատել այն, ինչ ունես:

Ես մեղավոր չեմ, որ այս պահին ինչ-ինչ պատճառներով իմ տանը հայտնված աղջիկն ուրիշ ոչ ոք չունի, հետաքրքրություններ չունի, ու ամբողջ օրը բազմոցին գամված է, դեռ մի բան էլ նախանձ ռեակցիաներ է տալիս իմ ակտիվությանը: Բայց ես ամեն առավոտ արթնանալիս փառք եմ տալիս Աստծուն, որ ինձ էսպիսին է ստեղծել, որովհետև ես ընկերներ ունեմ, որոնց հետ կարող եմ շփվել, հետաքրքրություններ ունեմ, որոնք զբաղեցնում են իմ ամբողջ օրը, բաց եմ նոր ծանոթությունների համար, որի արդյունքում ապագայում էլ լիքը ընկերներ եմ ունենում, ու կյանքը գունավոր է դառնում:

– Մեր առաջին կուրսեցիներն ինձ հրավիրել են երեկոն իրենց հետ անցկացնելու: Գալի՞ս ես,- հարցնում եմ:
– Ճիշտն ասած, հետաքրքրված չեմ:
Իսկ վաղը նորից կդժգոհի, թե էդ ինչպես է ստացվել, որ ես լիքը ընկերներ ունեմ, ինքը՝ ոչ:

Protected: Մեր բազմամշակութային խումբը

This content is password protected. To view it please enter your password below:

Հասկանալի տերմիններ

Մոտ երկու ժամ գնացքներում անցկացրինք: Հետո նստեցինք ավտոբուս, որն ի ուրախություն մեզ, երկու հարկանի էր, բայց վերև չբարձրացանք, որովհետև ընդամենը չորս րոպե էինք գնալու: Հետո քայլեցինք անտառի միջով, որտեղ առանձնատներ կային:
– Կուզեի էստեղ ապրել,- ասում եմ:
– Ֆինլանդիայում էսպիսի տեղում ես ապրելու:
Ու թաց փայտի ուժեղ հոտ էր գալիս: Ուզում էիր անընդհատ խորը շունչ քաշել, որ ավելի լավ կլանես հոտը:

Անտառից դուրս եկանք, մի քիչ էլ քայլեցինք ու հասանք վերականգնողական կենտրոն, որտեղ գլխուղեղային զանազան խանգարումներով մարդիկ են ապրում: Լսարանը հեշտությամբ գտանք, որովհետև մեր ծրագրի անունը կրող գրություն կար: Էնտեղ սպասում էր նյարդաբանության դասախոսը՝ սուրճով ու քաղցրավենիքով:

Դասը սկսվեց ծանոթությամբ: Հերթով կարդում էր բոլորիս անունները, բոլորիս ողջունում մեր մայրենի լեզուներով (որովհետև նախապես պատրաստվել էր), հարցնում նախկին ուսման և ապագա պլանների մասին: Հասավ ինձ: Հասկացա մինչև անունս կարդալը, որովհետև դժվարանում էր արտաբերել: Բայց երբ, այնուամենայնիվ, կարողացավ ճիշտ-սխալ մի բան կարդալ, ձեռք բարձրացրեցի ու ասացի, որ ես եմ՝ սպասելով, որ հայերեն որևէ բան կասի: Չասաց: Նույնիսկ չհարցրեց, թե «բարև» ոնց կլինի հայերեն, ինչպես արեց ուրդուի ու սերբերենի դեպքում: Ներկայացա: Ասացի, որ բժիշկ եմ՝ մասնագիտությամբ հոգեբույժ, որ ծրագիրը վերջացնելուց հետո պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան ու հոգեբույժ աշխատել:

«Միայն թե չհարցնի, թե ինչու եմ այս ծրագիրն ընտրել»,- մտածեցի, որովհետև վաղուց արդեն ինքս էլ պատասխանը չգիտեի ու հոգնել էի խաբելուց, նախապես պատրաստած սիրուն նախադասությունները հրամցնելուց: 

Չհարցրեց:
– Քեզ համար ձանձրալի կլինի այս դասը,- ասաց,- բոլորը կրկնություն է:
Իսկ ես տխրեցի, որովհետև վերջին հույսս հենց այս առարկան էր, ու նույնիսկ թաքուն երազում էի, որ դասից հետո կմոտենամ նրան ու կխնդրեմ թեզիս ղեկավարը լինի: 

Սկզբում ձանձրալի էր. պատմում էր իրենց կենտրոնի մասին: Աչքի տակով «Ուլիսեսն» էի կարդում, ականջի պոչով լսում: Հետո անցավ նյարդային հիվանդություններին: Օգտագործում էր տերմիններ, շատ տերմիններ, բարդ տերմիններ, բժշկական տերմիններ, որոնք բոլորն ինձ ծանոթ էին: Ու մտածում էի՝ խեղճ համակուրսեցիներս, որ հիմա բան չեն հասկանում: Ու մտածում էի՝ այ էդպես, բա որ ես լեզվաբանություն չեմ հասկանում, լա՞վ է:

Բայց բոլոր տերմիններն ինձ համար կրկնություն էին: Ինձ պետք չէր բացատրել, թե ինչ է սուբարախնոիդալ արյունազեղումը: Հանտինգտոնի հիվանդության մասին առաջին անգամ չէի լսում: Հակադոֆամինային դեղերի կողմնակի ազդեցություններն էլ աչքովս էի տեսել: Բայց հաճելի էր վերջապես ականջիս սովոր բառեր լսելը: Ու հենց էդ պահին հասկացա, որ իմ ութ տարվա ուսումը ջուրը չեմ գցի: Ու երազեցի, որ էս մի տարին շուտ անցնի, որ վերադառնամ Հայաստան ու աշխատեմ իմ հին հոգեկան հիվանդների հետ: 

Որ իմ գնացքն արդեն մեկնել է

Բրայթե շտրասեից մինչև Գոլմ հեծանիվով գնալ ու հետ դառնալը նման է սրտաբանականի կանգառից հոգեբուժարան քայլելուն, երբ ժամանակ ես ունենում մտածելու, երազելու, կյանքդ ծանրութեթև անելու ու որոշումներ ընդունելու:

Էս առավոտ մտքերս զբաղված էին անցյալ գիշեր տեսածս երազը վերլուծելով ու փորձելով հասկանալ, թե վաղ մանկությանս կոնկրետ դեպքեր ոնց են ազդել ձևավորմանս վրա, որովհետև երազս կարծես հենց էդ դեպքն էր վեր հանել (Ֆրոյդի ջանը սաղ):

Հետդարձին արդեն մոռացել էի երազս, որովհետև կենտրոնացած էի դրանից քիչ առաջ տեղի ունեցած զրույցի վրա: Ու արցունքները հոսում էին, ինչպես այն օրը, երբ Նորքի հոգեբուժարանից քայլում էի դեպի կանգառ, ու արցունքները հոսում էին, ու արևը փայլում էր, իսկ ես որոշում էի Հայաստանից գնալ:

Էս անգամ որոշում չկար:

– Ի՞նչ պլաններ ունես ապագայում:
– Ուզում եմ վերադառնալ Հայաստան:
Թարս նայեց դեմքիս:
– Որ ի՞նչ անես:
– Ես բժիշկ եմ, ուզում եմ բժիշկ աշխատել: Էս ծրագիրն ինձ համար չէ:
– Էդ դեպքում ինչու՞ եկար սովորելու:
– Որովհետև համակարգի հետ չէի կարող հաշտվել: Ուզեցի ուրիշ բան փորձել, որ գուցե դրանով շարունակեմ: Հիմա հասկանում եմ, որ չէ:
– Ի՞նչ կտա քեզ Հայաստան գնալը:
– Դե… գիտեք… ուզում եմ հայերեն խոսել: Ոչ մի լեզվով այդքան լավ չեմ արտահայտվում, ինչպես հայերեն, իսկ ես պաշտում եմ դա: 
– Բայց նորից վերադառնալու ես համակարգ…
– Ուզում եմ Ղարաբաղ գնալ, էնտեղ ավելի լավ վիճակում է համակարգը:
– Բայց դա վտանգավոր է… 
– Դե… ամեն դեպքում, եթե ինչ-որ բան չստացվի, միշտ էլ կարող եմ PhD-ի դիմել: Ուղղակի ուզում եմ փորձել:
– Ինչու՞ ոչ հիմա: Ինքդ էլ գիտես, թե արևմուտքում ինչքան թարս են նայում արևելյան Եվրոպայի դիպլոմներին: Ավելի լավ կլինի՝ հիմա մնաս, հետ չգնաս:
Ասես ուզում էր ասել՝ հիմա՞ր ես ինչ է, կարիերայիդ վրա խաչ ես քաշում, հետ գնում Հայաստան: Դեռ մի ամիս առաջ պատրաստ էի դրան, պատրաստ էի ամեն ինչից հրաժարվել ու գնալ Հայաստան, որովհետև ինձ նման գժեր էլի կային, որ հասկանում էին ինձ, որ նույնն արել էին կամ հետագայում անելու էին, որովհետև մենակ չէի լինելու իմ գժության մեջ: 

– Հա, գիտեմ, բայց ես չեմ ուզում լեզվաբանությամբ շարունակել:
– Ի՞նչ գնահատականներ ես ստացել անցյալ կիսամյակ:
– Բոլորը B-եր:
Դեռ մի շաբաթ առաջ ասում էր, որ մեր օրերում B ստանալը խայտառակ վատ է: Մի գնահատական է, որով դասախոսն ուզում է ասել՝ չէի ուզում քեզ կտրել:
– Ինչու՞,- աչքերը կլորացան:
– Դիսլեքսիան որովհետև երկրորդ տարվա ուսանողների հետ էինք, մեզնից ավելի բարձր սպասելիքներ ուներ: Իսկ աֆազիան Բաստիանզեն ասաց, որ լեզվաբանական մասը թույլ է:
– Ուրեմն պիտի այնպես անես, որ թեզդ B չլինի, թե չէ PhD ընդունվելը բարդ կլինի: Ինչու՞ ես ուզում, որ Բաստիանզեն լինի ղեկավարդ:
– Որովհետև նրա հետ աշխատելը հեշտ է:
Մտքիս մեջ՝ որովհետև Խրոնինգեն եմ ուզում, որովհետև չեմ ուզում գլուխ ցավացնել ուրիշ ղեկավար գտնելու համար:
– Բայց դա քիչ է: Պիտի քեզ ոգևորող թեմա գտնես: 
– Ինձ շիզոֆրենիան է հետաքրքրում: 
– Հա, դա խնդիր է: Դրանով զբաղվող դասախոս չկա: Նախկինում էլ ենք այս խնդրին բախվել:
– Ու հայերենը: Ինչ էլ անեմ, ուզում եմ հայերենի մասին անել:

– Աչքերիդ մեջ ոգևորվածություն, մոտիվացիա չեմ տեսնում:
– Որովհետև չի էլ կարող լինել: Լեզվաբանությունն իմը չէ:
– Բարդ իրավիճակում ես: Համակուրսեցիներդ հետ ի՞նչ հարաբերությունների մեջ ես:
– Լավ եմ:
– Գուցե նրանց հետ գնաս սուրճ խմելու, միասին քննարկեք թեզիդ հնարավոր թեմաները: Ու՞մ հետ ես ավելի մտերիմ:
– Ոչ մեկի:
– Ամեն դեպքում, մի երկու հոգի մեյլ գրիր, խնդրիր, որ հինգշաբթի դասերից հետո քեզ հետ սուրճ խմելու գան: Ասա, որ քեզ հարցեր տան, միամիտ հարցեր, իսկ դու փորձիր պատասխանել դրանց: Գուցե թեման ծնվի: 
– Շնորհակալություն,- ժպտացի:

Ճաշելու ցանկություն չկար: Նստեցի հեծանիվս և ուղիղ տուն սլացա: Մեն-մենակ էի մնացել հարցերիս մեջ ու մեն-մենակ՝ որոշումներիս առաջ ճիշտ այնպես, ինչպես երեք տարի առաջ: Ու մեն-մենակ նայում էի առաջ, որտեղ ոչինչ չէր երևում, որտեղ ես էի՝ կործանված ցանկացած ուղի ընտրելիս, առանց որևէ խորհրդի, որևէ հենարանի, ինքնուրույն, բայց ընկած, անպետք, անօգուտ, խորտակված երազանքների հսկա պարկն ուսերիս:

Մնում է միայն ընկնելու վայրն ընտրել:

Protected: Բզիչ

This content is password protected. To view it please enter your password below:

Որոշումներ ընդունելու լեզուն

Մի քանի ամիս առաջ մեր ծրագրով սովորող, բայց մեզնից մի կուրս բարձր մի ամերիկուհի բոլորիս գիտական հոդված ուղարկեց, որ կարդանք՝ ասելով, որ մենք՝ անգլերեն խոսող ոչ լեզվակիրներս, նախանձելի կարգավիճակ ունենք:

Հոդվածում նկարագրվում էին մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքները ցույց էին տալիս, որ մայրենի լեզվով ընդունած որոշումներն ավելի էմոցիոնալ են, մինչդեռ օտար լեզվով որոշում կայացնելն օգնում է առավել ռացիոնալ տարբերակն ընտրել: Ընդ որում, որպեսզի չստացվի, թե կոնկրետ լեզվի էֆեկտ է, նույն հետազոտությունը կատարել էին տարբեր լեզուների համար, որոնք մի տեղ որպես մայրենի լեզու էին, մյուսում՝ օտար: Ու արդյունքը նույնն էր. օտար լեզվով կատարած որոշումներն ավելի ռացիոնալ են:

Հետո ահագին քննարկեցինք, թե ինչու է էդպես: Փաստորեն, եթե արդյունքները ճիշտ չմեկնաբանես, կստացվի, որ թերագնահատում ես մայրենի լեզվի դերը, մղում երկրորդ պլան, ինչը կարող է վտանգավոր դառնալ Հայաստանի նման երկրների համար: Այնուամենայնիվ, աչքի անցկացնելով այլ հոդվածներ ու սեփական փորձից կիսվելով եկանք այն եզրակացության, որ մայրենի լեզուն ընդհանրապես կապված է հույզերի հետ (այստեղից՝ պնդումս, որ մենակ հայերենով կարող եմ սիրել), ու երբ օտար լեզվով ենք խոսում, հիմնականում կամ վատ ենք արտահայտում, կամ ընդհանրապես չենք կարողանում արտահայտել մեր հույզերը: 

Այնուամենայնիվ, հոդվածը մեզ ահագին ուրախացրեց, որովհետև ըստ էության մեր կյանքի համար կարևոր որոշում ընդունելու պահին գտնվելու էինք օտարալեզու միջավայրում, հետևաբար ռացիոնալ ուղի կընտրեինք ու կլինեինք այնքան հաջողակ, որքան կարելի է սպասել յուրաքանչյուրիս տեսակից:

Երբ անցյալ շաբաթ եկա Հայաստան, հանկարծ ուզեցա մնալ այստեղ: Տարբերակներ էի մտածում: Դե լավ, պատրաստ եմ նորից անցնել թարգմանությունների: Լրագրություն էլ կարող եմ անել: Կես դրույքով մի տեղ հոգեբույժ կաշխատեմ, էնքան որ հաճելի զբաղմունք էլ ունենամ, իսկ գլուխս ոչ մասնագիտական գործերով կպահեմ: Կամ էլ կգնամ Արցախ:

Էդպես մտածում-մտածում էի, մեկ էլ հանկարծ հիշեցի էս հոդվածը ու նկատեցի, որ գրեթե որոշում դարձած մտքերս մաքուր հայերեն են, հետևաբար նաև էմոցիոնալ են: Ջղայնացա, որոշեցի մոռանալ դրանք մինչև բարով-խերով կհասնեմ Գերմանիա ու կսկսեմ նորից անգլերեն մտածել:

Բայց մեկ էլ մի ուրիշ բան ա մտքովս անցնում. ո՞վ ա ասում, որ էմոցիոնալ որոշումները սխալ են:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me