Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Հեքիաթները նաև քայլող են լինում

Իմ սիրելի՛ ընկեր, ես երբևէ չեմ մաքրի քո մատնահետքերը, որոնք թողել ես իմ անցած ուղու վրա: Հարազա՛տս, ես ուզում եմ պատմել քո պատմությունը, իմ պատմությունը, մեր պատառիկը, անցած-գնացած հեքիաթը: Այսօրվա պես եմ հիշում մեր առաջին հանդիպումը: Ես եկել էի ձեր տուն: Դու հինգ-վեց տարեկան կլինեիր, ես՝ մի քիչ ավելի մեծ: Ի՞նչ գործ ունեի այդտեղ, մի՞թե մեր ծնողներն էին իրար ճանաչում: Ասենք, դա կարևոր էլ չէր: Դու նեղացած պպզել էիր մի պատի տակ ու մատներդ էիր կրծոտում: Դու փոքրիկ էիր, անօգնական, ինչպես այն ժամանակ, երբ քեզ վերջին անգամ տեսա: Ես չգիտեմ, թե իմ մանկական մտքով ինչ անցավ այդ պահին, բայց դու ինձ անմիջապես գրավեցիր, և ես մոտեցա:
– Խաղա՞նք:
– Ի՞նչ:
– Տուն-տունիկ:
– Չէ՛, զզվել եմ:
– Ի՞նչ ես ուզում:
– Գնա՛:
Ու թեև իմ չձևավորված ուղեղը հասկացավ, որ դու իրականում ուզում էիր, որ մնամ, ես սուսիկ-փուսիկ հեռացա. ասես գիտեի, որ մեր շփումը դրանով չէր վերջանում:

Տարիներ անց մայրդ քեզ մեր խմբակ բերեց: Դու նկարել չէիր ուզում, գոռգոռում էիր, լալիս: Իսկ ես գործս կիսատ թողած, կարմիր ներկով թաթախված վրձինը ձեռքիս ուշադիր քեզ էի նայում: Երբ ինձ նկատեցիր, ձայնդ կտրեցիր. երևի հիշեցիր, որ մենք «ծանոթ» ենք:
Դրանից հետո հաճախ էինք իրար տեսնում խմբակում: Դու լուռ էիր, չխոսկան: Պատահում էր, որ օրերով ոչինչ չէիր ասում: Չնայած ամենաշատը դու էիր աշխատում, բայց հանձնարարությունները մեզնից մեկ-երկու շաբաթ հետո էիր ավարտում: Հաճախ էին քեզ հարցնում նկարներիդ մասին, իսկ դու լռում էիր: Կապույտ գույնը շատ էիր սիրում: Օգտագործում էիր դրա բոլոր երանգները քո բոլոր նկարներում… չափից դուրս շատ, պարզապես անխնա: Մյուս գույներն իրենց տեղում էին մնում, իսկ կապույտդ ընդհանուր տուփից դուրս էր, առանձին: Մի անգամ կապույտ ութոտնուկներ էիր նկարել կապույտ սենյակում: Չնայած քեզ հետ շփվելու մի քանի անհաջող փորձ արել էի, և դու լռել էիր կամ դեմքդ փակել ու հեռացել, բայց ութոտնուկների նկարը տեսնելուց հետո (որոնք, չգիտես ինչու, միայն հինգ ոտք ունեին) մոտեցա քեզ ու ասացի.
– Սա ի՞նչ է:
– Երազ:
– Թե՞ երազանք:
– Չէ՛, երազ… ամենաիսկական երազ, որ ամեն գիշեր տեսնում եմ:
– Ինչու՞ հնգոտանի ութոտնուկներ:
– Որ իմանայի, չէի տեսնի:

Թեև չէիր խոսում, քո ներսում կատարվածը կարելի էր կարդալ դեմքիդ վրա, տեսնել քո նկարներում: Մի անգամ սարսափելի անտրամադիր եկար: Ես միանգամից նկատեցի, որ կապույտ ներկը բացելու համար ջրի փոխարեն արցունքներդ էիր օգտագործում: Այդ օրը դու չէիր նկարում, այլ պարզապես նյարդային շարժումներով վրձինը տանում-բերում էիր: Վերջում պատկեր չստացվեց… Պարզապես տրամադրություն էր, կապույտ տրամադրություն: Ես նորից մոտեցա քեզ.
– Ի՞նչ է պատահել:
– Ոչինչ:
– Իսկ սա ի՞նչ է:
– Ես եմ:
– Բայց դու կապույտ չես:
– Իսկ դու գույնին մի նայիր:
– Ինչի՞ն:
– Պատկերին:
– Բայց սա միայն խզբզանք է:
– Ճիշտ ես. դա ես եմ:
– Իսկ կասե՞ս ինչու ես այսքան տխուր:
– Վիճել եմ:
– Ու՞մ հետ:
– Ուսուցչուհուս:
– Չարժեր…
– Չէ՛, արժեր… Նրան դուր չեկավ շարադրությունս:
– Ինչի՞ մասին էր:
– Երևանի:
– Ի՞նչ էիր գրել:
– Դե… նկարագրել էի, թե որքան վատն է մեր քաղաքը. կեղտոտ, փոշոտ… պարզապես աղբանոց: Իսկ հետո գրել էի, որ չնայած այդ ամենին, սիրում եմ այն: Ուսուցչուհիս էլ կատաղած ասաց. «Մրոտում ես քաղաքը, հետո ասում, որ սիրու՞մ ես… Էդպես չի կարելի»: Ես էլ ջղայնացա ու տետրս պատռեցի… Մնացածը կարևոր չէ:
– Արժե՞ր դրա համար այսքան տխրել, դեռ մի բան էլ արտասվել:
– Հա՛, արժեր… յուրաքանչյուր գրածիս համար արժե:
Ու դու այլևս չկարողացար խոսել. արցունքները խեղդում էին: Ես էլ չդիմացա: Քեզ գրկեցի, և մենք միասին արտասվեցինք. դու՝ գրածիդ, ես՝ նկարածիդ համար:

Այդ օրը ես իմացա, որ սիրում ես գրել: Չէ՛, խոսքեր պետք չէին: Կապույտ խզբզանքդ, ասածդ մի քանի նախադասությունն ու արցունքներդ բավական էին, որ ես համոզվեի դրանում: Երբ արդեն մոտ երեք տարի կլիներ, ինչ միասին նույն խմբակն էինք հաճախում, ու չնայած դու շարունակում էիր նույն չխոսկանը մնալ, ես մի անգամ էլ խիզախեցի ու քեզ հարցրեցի.
– Դու դեռ գրու՞մ ես:
Սպասում էի, որ կզարմանաս այդ հարցից: Բայց դու շատ հանգիստ պատասխանեցիր.
– Արյունը քանի՞ ձևավոր տարր ունի:
– Երեք. էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ:
– Անատոմիա լավ ես սովորել… Իսկ ես ունեմ չորրորդը՝ բառերը:

Հաջորդ անգամ հետդ մի թղթապանակ էիր բերել: Տվեցիր ինձ ու ասացիր.
– Վերցրու, կկարդաս:
Ես շշմեցի:
Երեք օր տևեց մինչև ծայրից ծայր կարդացի: Հետո ևս մեկ շաբաթ էր պետք, որ ուշքի գամ: Այդ ընթացքում նկարչության դասերին ինձ չէիր նայում, իսկ խոսելու մասին չեմ էլ ասում: Դա այնքան տևեց մինչև այդ ամենը մարսելուց հետո քեզ ասացի.
– Լսի՛ր, ընթերցողին մի քիչ խնայիր. շատ դաժան ես:
– Գիտե՞ս ինչ: Գրելիս երբևէ չեմ կարող ասել. որևէ մեկը կկարդա՞, թե՞ ոչ: Ես թափում եմ մտածածս, արհամարհում, հաշվի չեմ առնում ընթերցողին:
– Այդ դեպքում ինչու՞ ես գրում:
– Հիշի՛ր արյան չորրորդ ձևավոր տարրը:

Դու այլևս չեկար խմբակ: Գուցե տարօրինակ թվա, բայց կարոտում էի: Մեր հաջորդ հանդիպումն այգում էր: Դու խորացած ինչ-որ բան էիր գրում: Ես մոտեցա ու գրիչդ խլեցի: Անմիտ էի…
– Դու՞ էլ:
– Ես ի՞նչ:
– Մի՞թե դու էլ չես ուզում, որ ես գրեմ:
– Ասենք, այդպես է: Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվում: Դու ծանր մտքեր ես արտահայտում ու դրանով տանջում մարդկանց: Այդպես գրող չես դառնա: Ավելի լավ է՝ թող դա, կարգին բաներով զբաղվիր:
– Որտե՞ղ ես անգիր արել այդ խոսքերը:
– Դրանք իմ սեփականն են:
– Ավելի վատ… ուրեմն չես ուզում, որ ես գրեմ, հա՞:
– Ճիշտ այդպես. դա լավագույն տարբերակն է թե՛ քո, թե՛ մարդկանց համար:
Դու լռեցիր: Հետո մի նոր գրիչ հանեցիր պայուսակիցդ, տետրիցդ մի թերթ պոկեցիր, արագ-արագ ինչ-որ բան խզբզեցիր, խցկեցիր ձեռքիս մեջ ու հեռացար: Ես մերթ քո փախչող կերպարանքին էի նայում, մերթ՝ ձեռքիս մեջ մնացած անօգնական թղթին: Երբ անհետացար իմ տեսադաշտից, համարձակվեցի կարդալ գրածդ. «Կբռնես ձեռքս, գրիչս կխլես: Բայց չէ՛, չես կարող ինձ արգելել գրել: Ես կկտրեմ մազերս ու դրանցից տառեր կսարքեմ: Կպատռեմ հագուստս, որ կտոր-կտոր բառեր դառնան ու հերթով շարվեն սպիտակեղենիս վրա, որն իմ թուղթը կլինի: Թել ու ասեղ կվերցնեմ, մտքերս կկարեմ թղթիս, որ եթե հանկարծ քամին փչի, դրանք չցրվեն, չփախչեն ինձնից: Բառերը ծակել չի կարելի. պետք է զգույշ աշխատել: Այդ դեպքում ինչպե՞ս կպցնեմ թղթին, ի՞նչ անեմ, որ չկորչեն: Ուժեղ մտքերը մնայուն են, կարելու կարիք չկա: Դրանք տպվում են ավելի ամուր թղթի վրա, որը ո՛չ քամուց կքշվի, ո՛չ կրակից կայրվի:
Վերցրու՛ գրիչս, պատռի՛ր տետրերս, կտրի՛ր ձեռքերս: Միևնույն է, ես գրելու եմ՝ ինչ էլ անես, ինչ էլ ասես…»:

Դրանք ամենաուժեղ տողերն էին, որ երբևէ կարդացել էի: Գուցե պատճառն այն էր, որ հենց ինձ էին ուղղված… չէ՛, բոլոր նրանց, ովքեր քեզ խորհուրդ էին տալիս չգրել: Դա նման էր պոռթկումի: Դու հոգնել էիր, զզվել քո սեփական ընթերցողից, որին ինքդ էիր ընտրել:

Հաջորդ անգամ քեզ մի համերգի ընդմիջման ժամանակ տեսա:
– Մենա՞կ ես,- հարցրի:
– Դու էլ հարց գտար տալու… Իհարկե:
– Չե՞ս տխրում:
– Չէ՛:
– Կարող ես մեզ միանալ:
Ես ընկերախմբով էի:
Հետո, չնայած խոսքդ ինձ էիր ուղղել, բայց ասես ինքդ քեզ հետ զրուցելով ասացիր.
– Ի՜նչ հաճելի է, երբ ի սկզբանե որոշում ես մենակ գալ համերգ: Այս դեպքում… ոչ ոք չի հրաժարվում քեզ ընկերակցելուց, ոչ ոք չի հիասթափացնում, կախված չես ոչ ոքից, բոլորը քեզ սիրում են բայց դու ոչ ոքինն ես, ոչ ոք թքած չունի քեզ վրա, բոլորը քեզ հարազատ են, դու զայրացած չես, չես արտասվում, տրամադրությունդ բարձր է, վրեժ լուծել չես ուզում, արհամարհված չես, ստիպված չես որոնել ծանոթ մարդկանց, որոնք քեզ կառաջարկեն իրենց միանալ, որ մենակ չմնաս, ստիպված չես գտնելուց հետո սպասել հրավերի, ու չստանալուց հետո քեզ լքված զգալ: Ծանոթներն իրենք են քեզ գտնում, զարմանում, որ մենակ ես, առաջարկում միանալ, բայց դու մերժում ես, որովհետև որոշել էիր մենակ գալ
և դու քեզ լավ ես զգում, երաժշտությունը վայելում…
– Իսկապե՞ս լավ ես:
– Չէ՛… – քայլեցիր դեպի դուռը ու շարունակեցիր,- այս ամենը քեզ միայն թվում է, դու ձանձրանում ես, որոշում գնալ, որովհետև եկել էիր ոչ թե համերգ, այլ ապացուցելու, որ շատ լավ է մենակ…
– Ես ոչինչ չեմ հասկանում,- հետեևիցդ ասացի:
Դու շրջվեցիր, եկար դեպի ինձ ու ականջիս շշնջացիր.
– Գերադասում եմ ինքս ընտրել մենակությունը, քան դատապարտվել դրան:
Այդ պահին ինձ համար պարզ դարձավ, որ ես քո մասին գրեթե ոչինչ չգիտեմ: Հա՛, կարդացել էի գրածներդ, մոտ չորս տարի հետդ նկարչության գնացել, շատ բան գիտեի քո տրամադրությունների մասին, բայց թե որտեղից էին դրանք գալիս և ուր էին գնում, ես կարող էի միայն ենթադրել: Չէ՛, նույնիսկ դրա համար անհրաժեշտ չափով տեղեկացված չէի: Եվ ես որոշեցի քո մասին իմանալ ամեն ինչ… հենց քեզնից: Չեմ հիշում, թե ինչպես կարողացա քեզ գտնել ու առաջարկել հանդիպել: Դու չմերժեցիր:
Ես անհամբեր էի. հենց հայտնվեցիր պայմանավորված վայրում, ես առանց երկար-բարակ «բարև-ոնց ես-ի» խնդրեցի, որ պատմես քո մասին, իսկ դու.
– Կար մի հեքիաթ՝ զզվելի ու հնամաշ: Այնտեղ լուսինն ասես հոտած պանիր լիներ…
– Բայց դա ի՞նչ կապ ունի քեզ հետ:
– Հեքիաթները նաև քայլող են լինում: Դու չես կարող վերադարձնել կորցրածս կյանքը:
Մի պահ ինձ թվաց, թե խելագար ես: Ինչ-որ անկապ մտքեր էիր արտահայտում, որոնցից ես գլուխ չէի հանում: Իսկ դու կարծես հասկացար, թե ինչ եմ մտածում.
– Ստեղծագործելու համար առնվազն պետք է հոգեպես վատառողջ լինել… ինձ նման: Իսկ եթե նույնիսկ այդպիսին չես, հոգ չէ. քեզ կդարձնեն:
Ու դու ժպտացիր:
– Այսպես ավելի լավ է,- ասացի,- չտխրես:
– Հաճախ է լինում, երբ ներսս պատերազմ է, բայց ես ժպտում եմ բոլորին՝ վարպետորեն ծածկելով կռվի դաշտում զոհվածներին ու վիրավորներին:
Ես միանգամից մռայլվեցի: Իսկ դու ինձ փաթաթվեցիր ու ասացիր.
– Մի՛ զարմացիր… Դու ինձ շատ ավելի լավ գիտես, քան նրանք, ովքեր ինձ ամեն օր տեսնում են: Այլևս հարցեր չտաս:

Չգիտեմ՝ ինչպես պատահեց, չգիտեմ՝ ինչու ես մի օր նորից ձեր տուն եկա: Ես քեզ չճանաչեցի: Դու պառկած էիր մահճակալին, գրկել էիր բարձդ, որի վրա ոչ մի չոր տեղ չկար: Երբ նայեցի քեզ, սարսափեցի: Աչքերիդ տակ մոխրագույն փոսեր էին գոյացել, կոպերդ ուռել էին: Նիհար էիր, գունատ: Իսկ պիժամադ այն նույն գույնն ուներ, որից դու համառորեն չէիր հրաժարվում:
– Ի՞նչ է պատահել:
Լռում էիր:
– Ինչու՞ ես այս վիճակում:
Հիմար էի: Հարցեր պետք չէին:
Հանկարծ սկսեցիր խոսել, ավելի ճիշտ՝ ինչ-որ կցկտուր նախադասություններ ասել.
– Գրում եմ… Խելագար եմ… Փնտրում եմ… Փախչում եմ ինձնից… Հեռանու՞մ… Չէ՜, ես ավելի արագ եմ վազում, քան ես: Ի վերջո, հասնում եմ ինձ, բռնում, գետնին շպրտում ու ծեծում, ծեծում, ծեծում…
Հանկարծ լռեցիր, նայեցիր ինձ: Աչքերդ փայլեցին: Փորձեցիր ժպտալ: Չստացվեց. երևի զոհերն ու վիրավորները չափից դուրս շատ էին:
– Ես քեզ սպասում էի: Ի՜նչ լավ է, որ եկար… Տեսնու՞մ ես այն պահարանը: Քեզ եմ նվիրում: Ճիշտ է՝ մեջը անպետք բաները շատ են, բայց արժեքավորներ էլ կան… Գրածներս… Բալիկներս:
Ու հանկարծ շշնջացիր մի շատ ծանոթ բանաստեղծություն.
– Եթե մի օր, անուշ ընկեր,
Գաս այցելու իմ շիրմին
Ու նորաբույս վառ ծաղիկներ
Տեսնես փըռված չորս կողմին,

Դու չըկարծես, թե հասարակ
Ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թե գարունն է այն բերել,
Իմ նոր տունը զարդարել:

Եթե մի օր, անուշ ընկեր… Եթե մի օր, անուշ ընկեր…
Լռեցիր: Քնել էիր: Ժպտում էիր: Գրկել էի քեզ: Կամաց-կամաց սառում էիր: Ու ես շարունակեցի.
– Նրանք չերգած քո երգերն են,
Որ սրտումըդ դու տարար,
Նրանք սիրո էն խոսքերն են,
Որ դեռ չասած դու մեռար:

Լիլիթի խաթր մի կտոր դնում եմ…

…Ես սովորեցի կողքից նայել իմ ստեղծագործություններին, ասես ես չեմ գրել դրանք: Այդ պահից միայն ինձ համար պարզ դարձավ, որ ես միջակ չեմ, շա՜տ ավելին եմ:
Չեմ սիրում, երբ ստեղծագործություններս անձնավորում են, այսինքն՝ իմանալով, որ ես եմ հեղինակը, մինչև կարդալը որոշում են դրանց՝ լավ կամ վատ լինելը: Չեմ սիրում նաև, որ փորձում են հերոսներին իրական կյանքում որոնել կամ իմ հոգեկան առողջությանը գնահատական տալ. ոչ միշտ է, որ իմ առաջին դեմք եզակի թիվն իսկապես ես եմ լինում:
Սովորել եմ հասկանալ, թե ումից պետք է դիտողություն ընդունել, ումից՝ ոչ: Գիտեմ, որ երբ չեն բացատրում, թե կոնկրետ ինչը և ինչու դուր եկավ կամ ոչ, ապա միանշանակ կեղծում են:
Ու ես շարունակում եմ աճել, զարգանալ որպես գրող: Ես մաքրվում եմ տարիների ընթացքում ինձ վրա կուտակված կեղտից: Ու թեկուզ կան փոքրաթիվ մարդիկ, որոնք գրածներս կարդալիս մոռանում են, որ ես եմ գրել, չեն ուզում իմանալ, թե ովքեր են հերոսները, անաչառ կարծիք են հայտնում ու նպաստում, որ ես ավելի բեղմնավոր լինեմ, ես գիտեմ, որ իմ ամենալավ, ամենաօբյեկտիվ, ամենախիստ քննադատը ես ինքս եմ:

Ես մի երկրից եմ, որը նման է փշի: Այն քո մեջ այնքան է խրվում, որ մոռանում ես դրա գոյության մասին, բայց հենց հանում ես, սուր ցավ ես զգում: Այն նման է նաև ճիճվի. սեփականացնում է ամբողջ կերածդ, և դու նիհարում ես, հյուծվում: Ու նաև թույն է, որը եթե փոքր դոզաներով ստանաս, գրեթե ոչինչ չես զգա, իսկ եթե միանգամից սրվակի ամբողջ պարունակությունը կուլ տաս, վայրկյաններ անց կմեռնես: Կրակ է, որը հեռվից տաքացնում է, իսկ երբ մոտենում ես, այրում է: Ժամկետանց դեղ է, որը խմում ես, որ սրտխփոցդ թեթևանա, բայց լավագույն դեպքում ոչինչ չի փոխվում:

Մի քանի օր շարունակ մոնիտորիդ վրա զանազան գույնի, ձևի, չափի առնանդամներ ես տեսնում: Փորձում ես կարծր շանկրը մնացած բաներից տարբերել (իսկ դա դժվար չէ): Նկարնորեն ամենայն խորությամբ ուսումնասիրում ես, որ հստակորեն տեսնես խոցի շրջակայքի առողջ մաշկը, մակերեսի փայլությունը, հստակ ու հարթ եզրերը: Ու դու չես մտածում, որ այդ բոլոր առնանդամների տերերը մարդիկ են, որ մի օր հանկարծ իրենց էշ խելքի պատճառով սիրելի օրգանի վրա խոցային մակերես են տեսել, որը ո՛չ ցավում է, ո՛չ քորվում: Ու անմիջապես վազել են բժշկի: Այդ նույն առնանդամը մոտ 20 օր առաջ ինչ-որ կնոջ հեշտոցում է եղել՝ մերկ ու անպաշտպան: Դժգույն տրեպոնեմները առնանդամի մաշկի աննշան վնասվածքով ներս են թափանցել, բազմացել՝ առաջ բերելով սիֆիլիս: Եվ հետո այդ նույն «հերոսը» գնացել է մեկ այլ հեշտոցի մոտ, որտեղ միայն ինքն է մուտք գործում, ինքն է տերուտիրականը: Խեղճ հեշտոցն ի՞նչ անի, որ իր շեֆն ուրիշներին հյուր է գնում ու, որ ամենավատն է, մերկ է լինում:

Քննասենյակում քեզ պարզում են զանազան նկարներ:
– Սա ի՞նչ է,- հարցնում է դասախոսը:
– Ոջիլ:
– Իսկ սա՞:
– Առաջնային սիֆիլիս, կարծր շանկր՝ տեղակայված արգանդի վզիկի վրա:
– Ապրե՛ս:

Ես…

Ես վայրի եմ. ասես ջունգլիներից փախած լինեմ: Ես ազատ եմ, ինչպես քամին, որը փչում է ուր պատահի, երբ կամենա: Իմ խելագար մազերը վազքի մեջ են միշտ՝ իրարից անկախ, բայց ինձ սիրող: Մանկական մատներս երբևէ չեն զարդարվում գունագեղ եղունգներով: Ես վայրի, խուճուճ կատվիկ եմ, որի ճանկերը չեն երևում: Կնստեմ մի անկյունում ու սուսուփուս մարմինս կհարդարեմ: Եվ քայլելիս կցնցվեմ մաշկիս տակ կուտակված ճարպից, բայց ես նրբիկ եմ, քնքուշ: Չեմ ճանկռում, երբ պոչս չեն քաշում, թաթս չեն տրորում: Ես փոքրիկ եմ, անօգնական, բայց վերևից ընկնելիս միշտ փափուկ ոտքերիս վրա եմ կանգնում: Ես կամակոր եմ, մաքրասեր, բայց, ինչպես ցանկացած կատու, չեմ սիրում ինձ վրա ավելորդ հագուստ ու զարդարանքներ հավաքել:
Ես կատվիկ եմ. սիրում եմ, երբ շոյում են ականջիս հետևը, խաղում ինձ հետ, իսկ կեղծավորներին հեռվից եմ զգում, ֆշշացնելով դիմավորում:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Կբռնես ձեռքս, գրիչս կխլես: Բայց չէ՛, չես կարող ինձ արգելել գրել: Ես կկտրեմ մազերս ու դրանցից տառեր կսարքեմ: Կպատռեմ հագուստս, որ կտոր-կտոր բառեր դառնան ու հերթով շարվեն սպիտակ խալաթիս վրա, որն իմ թուղթը կլինի: Թել ու ասեղ կվերցնեմ, մտքերս կկարեմ թղթիս, որ եթե հանկարծ քամին փչի, դրանք չցրվեն, չփախչեն ինձնից: Բառերը ծակել չի կարելի. պետք է զգույշ աշխատել: Այդ դեպքում ինչպե՞ս կպցնեմ թղթին, ի՞նչ անեմ, որ չկորչեն: Ուժեղ մտքերը մնայուն են, կարելու կարիք չկա: Դրանք տպվում են ավելի ամուր թղթի վրա, որը ո՛չ քամուց կքշվի, ո՛չ կրակից կայրվի:
Վերցրու՛ գրիչս, պատռի՛ր տետրերս, կտրի՛ր ձեռքերս: Միևնույն է, ես գրելու եմ՝ ինչ էլ անես, ինչ էլ ասես…

Բարև՛, դիակս քեզ մոտ եմ թողել: Եթե կարող ես, վերադարձրու:

Ի՜նչ հաճելի է, երբ ի սկզբանե որոշում ես մենակ գալ համերգ: Այս դեպքում…
ոչ ոք չի հրաժարվում քեզ ընկերակցելուց
ոչ ոք չի հիասթափացնում
կախված չես ոչ ոքից
բոլորը քեզ սիրում են
բայց դու ոչ ոքինն ես
ոչ ոք թքած չունի քեզ վրա
բոլորը քեզ հարազատ են
դու զայրացած չես
չես արտասվում
տրամադրությունդ բարձր է
վրեժ լուծել չես ուզում
արհամարհված չես
ստիպված չես որոնել ծանոթ մարդկանց, որոնք քեզ կառաջարկեն իրենց միանալ, որ մենակ չմնաս
ստիպված չես գտնելուց հետո սպասել հրավերի
ու չստանալուց հետ քեզ լքված զգալ
ծանոթներն իրենք են քեզ գտնում
զարմանում, որ մենակ ես
առաջարկում միանալ
բայց դու մերժում ես, որովհետև որոշել էիր մենակ գալ
և դու քեզ լավ ես զգում, երաժշտությունը վայելում
………..
այս ամենը քեզ միայն թվում է
դու ձանձրանում ես
որոշում գնալ
որովհետև եկել էիր ոչ թե համերգ, այլ ապացուցելու, որ շատ լավ է
ՄԵՆԱԿ
թքա՛ծ բոլորի վրա

գերադասում եմ ինքս ընտրել մենակությունը, քան դատապարտվել դրան

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me