Կատվի գրաֆիկը (պատմվածք)

Խախտելով ժամանակագրությունը և մրցանակ չստանալու ավանդույթները՝  ներկայացնում եմ iRegion-ի հատուկ մրցանակ ստացած պատմվածքս: Ստեղծագործության բոլոր հերոսները հորինված են:

Կատվի գրաֆիկը

1.    Գրաֆիկայնացում

Առաջին օրը թեզի ղեկավարը մի գրաֆիկ տվեց, ասաց՝ կլրացնես: Օրերը բաժանված էին քսան րոպեանոց ինտերվալների: Ասաց՝ ամեն քսան րոպեն կներկես: Կարմիրը գրելն էր, կապույտը՝ կարդալը, կանաչը՝ խմբագրելը: Ասաց՝ գրանցիր, որ ինքդ տեսնես, թե ամեն օր ինչքան ժամանակ ես թեզիդ տրամադրում: Ասաց՝ ձգտիր էնպես անել, որ հավասար լինի, ոչ թե մի օր ոչինչ չանես, մի օր հինգ ժամ աշխատես:

Վերցրեց թուղթն ու սկսեց հաշվել: Հաշվեց, թե ինչքան էր կոմպի մոտ նստած գրում (սոցիալական ցանցերը հանեց հաշվարկից): Հաշվեց, թե քանի րոպե էր գրադարանում կարդում, հոդվածներ ու գրքեր քչփորում, նշումներ անում: Հաշվեց ու ներկեց: Գունավոր սիրուն-սիրուն սյունակներ ստացվեցին:

Գաղափարը դուրը եկավ, ու որոշեց կյանքի մյուս ոլորտների համար էլ կիրառել: Նույն թղթից մի քանի հատ տպեց: Սկսեց հաշվել, թե օրը քանի րոպե է գրում: Հաշվեց բլոգում գրառումներ կատարելը: Հաշվեց պատմվածքները: Ու էս տեքստս էլ հաշվարկի մեջ ներառեց: Հետո անցավ գիրք կարդալը գրանցելուն: Հաշվեց, թե քանի ժամ է գնացքում կարդում: Հաշվեց, թե պառկած ժամանակ քանի րոպե է հոգնած նայում գրքի էջերին՝ մինչև աչքերը կփակվեն: Սկսեց հաշվել նաև Ֆեյսբուք մտնելու ժամերը: Ու սկսեց խաբել: Թեզին տրամադրած ամեն տասնհինգ րոպեն կլորացնում, քսան էր սարքում: Ֆեյսբուքում անցկացրած ամեն կես ժամը կլորացնում, քսան էր սարքում:

Երբ նկատեց, որ հայերենը մոռանում է, սկսեց հաշվել նաև հայերեն խոսելու ժամանակը: Սյունակները գնալով կարճանում էին, բայց մի վանդակից պակաս չէին դառնում, որովհետև անգամ երեք րոպեի համար մի ամբողջ քսան րոպեանոց վանդակ էր ներկում: Սկսեց ընդգրկել նաև Ֆեյսբուքում հայերեն ստատուս գրելը, հայերեն մեկնաբանություն թողնելը, հետո նաև՝ հայերեն մտածելը, հայերեն երազ տեսնելը, լողանալիս հայերեն երգելը, փողոցում հայերեն հայհոյելը (հետո ի՞նչ, որ հայ աղջկան սազական չէ): Բայց էլի օրը մի վանդակից չէր անցնում: Մի օր դա էլ էր նվազելու ու անհետանար:

2.    Հայերենի խնդրի լուծումը

Հաշվելով բոլոր գրաֆիկների սյունակները՝ հասկացավ, որ ամեն ինչ կարգին է, բացի հայերենից: Նրան սազական չէր մայրենի լեզուն մոռանալը: Բա որ հետ գնար Հայաստան, ո՞նց էր խոսելու: Մաման ի՞նչ կասեր, ի՞նչ կասեր հայերենի դասատուն ֆեյսբուքահայությունն ի՞նչ կասեր: Բլոգնյուզում էլ հաստատ անստորագիր հոդված կհայտնվեր, խայտառակ կանեին, դեռ ազգի դավաճան էլ կհանեին: Ամոթ էր, հազար ամոթ: Դրա համար պետք էր ժամանակին հայերենի սյունակը երկարացնել:

Երկար-բարակ մտորեց, ինտերնետը փորփրեց, գտավ Արշակին: Գերմանիայում էր ծնվել, հայ ծնողներ ուներ: Հետները հայերեն էր խոսում, բայց որովհետև կրթությունը գերմանական էր, գերմանացիների հետ էր շփվում, հայերենը շատ հետ էր մնացել: Դրա համար մարդ էր ման գալիս, որը կօգներ հայերենը լավացնի՝ փոխարենը խոստանալով գերմաներեն սովորեցնել: Նանեն կարդաց հայտարարությունն ու անմիջապես գրեց Արշակին:

Սկսեցին շաբաթը մեկ հանդիպել, ու գրաֆիկի մեջ ամեն երկուշաբթի վեց վանդականոց մի երկար սյուն գոյացավ՝ ազդարարելով, որ Նանեն երկու ժամ հայերեն է խոսել: Եթե դասախոսին լսեր, պիտի էդ երկու ժամը բաժաներ ամբողջ շաբաթվա մեջ՝ օրը քսան րոպե սարքելով: Բայց Արշակին ամեն օր քսան րոպեով տեսնելը խելագարություն էր. առանց էդ էլ ամեն երկուշաբթի երկու ժամ կորում էր հասարակական տրանսպորտում: Բացի դրանից, դասախոսին մեղմ ասած չէր հետաքրքրում, թե Նանեն ինչքան է տառապում մայրենի լեզուն փրկելու համար:

3.    Առաջին հանդիպումը

Իրար դեմքով չէին ճանաչում, բայց դժվար չէր Ալեքսանդերպլացի ժամացույցի մոտ հավաքված բազմաթիվ դեմքերի միջից հայկականը զանազանելը. Արշակը սև աչք-ունքով, պարանոցին՝ խաչ, որ թուրքերից տարբերվի: Նանեն անմիջապես մոտեցավ, ձեռքը սեղմեց ու ներկայացավ: Արշակը գերմաներեն խոսեց: Չհասկացավ: Անցավ անգլերենի: Հետո հայերենի: Իրականում ամբողջ երկու ժամվա մեկ ժամ հիսուն րոպեն հայերեն խոսեցին, ինը՝ անգլերեն, իսկ գերմաներենին տրամադրվեց ընդամենը մի րոպե:

–         Չես ասում գերմաներեն չսովորացրիմ:

–         Ինձ ավելի հաճելի ա հայերեն սովորացնելը, քան գերմաներեն սովորելը:

«Ու հայերենը չմոռանալը»,- մտքի մեջ ավելացրեց Նանեն:

Արշակը Նանեին մինչև գնացք ուղեկցեց:

–         Հայերը հաջող անելուց պաչու՞մ են,- հարցրեց Արշակը, բայց գերմանական ձևով գրկեց:

Հայկական պաչիկը գիտե՞ք, երբ երկու հոգու այտեր անկապ քսվում են իրար, բայց օդում հնչում է շրթունքների ճպպոցը: Էդպես էլ գերմանական գրկախառնությունն է. թևերը տարածում են, թեթևակի հպվում իրար ու անունը դնում, որ գրկեցին:

Տուն գնալու ճամփին Նանեն մտածեց, թե ինչ կարող է լինել մարդու լեզվի հետ: Արշակը հաստատ օրը քսան րոպեից երկար էր հայերեն խոսում, բայց ուժեղ գերմանական առոգանություն ուներ, իսկ բառապաշարն էլ լրիվ մանկական էր: Քերականական սխալների մասին չէր էլ ուզում մտածել, որովհետև ամեն վայրկյան ուղղում էր դրանք՝ վստահ չլինելով, որ այլևս չի կրկնի: Մտածում էր՝ իրե՞ն էլ է նույնը սպասվում, եթե գնալով կրճատվեն հայերեն խոսելու րոպեները: Մտածում էր՝ շաբաթը երկու ժամը հերի՞ք էր, թե՞ ուրիշ լուծում էլ պիտի գտներ խայտառակությունից փրկվելու համար:

4.    Լրիվ ուրիշ լուծում

Նանեի ու Արշակի դասերը պարբերաբար դարձան: Երկրորդ հանդիպումից սկսած գրկախառնվում էին գերմանական ձևով, բայց հայկական սրտով, իսկ ավելի ճիշտ՝ գնալով ավելի երկար էր Արշակը Նանեին իր գրկում պահում: Զբոսնում էին այգիներում: Արշակը սիրում էր տեղի-անտեղի Նանեին բզել, նայում էր ուղիղ աչքերի մեջ ու ժպտում: Զրուցում էին տարբեր թեմաներով՝ սկսած առողջ ապրելակերպից, վերջացրած իրենց տեսած վերջին կինոներով ու հայ ազգի փայլուն ապագայով:

Նանեն սկսեց առանձին գրաֆիկ պահել, թե քանի րոպե է Արշակն իրենով հետաքրքվելու նշաններ ցույց տալիս: Եթե բոլոր ակնթարթները գումարեր, ամեն հանդիպման ընթացքում հազիվ մի րոպե տևեր՝ ավելացրած բարևի ու հաջողի տասնհինգ վայրկյանանոց գրկախառնությունները: Ամբողջն իրար հետ մեկուկես րոպե: Բայց Նանեն ամեն անգամ քսան րոպեանոց վանդակ էր ներկում: Ներկում էր նաև, երբ Ֆեյսբուքով որևէ կոմպլիմենտ էր ուղարկում կամ ստատուս էր լայքում: Ներկում էր, երբ էս-էմ-էս էր ստանում՝ անկախ բովանդակությունից:

Արշակը բանավոր խոսքի մեջ էլ սկսեց հետաքրքրվելու նշաններ մտցրեց: Դրանք նույնպես գրանցվեցին:

–         Դպրոցից պատմի,- մի անգամ ասաց:

–         Ի՞նչ պատմեմ: Դպրոցս չեմ սիրել: Վատն էին մեր դասարանի տղաները: Գրատախտակի բարձիկը վերցնում էին, սեղմում դեմքիս, մինչև ուշքս գնում էր, ընկնում էի:

–         Ի՞նչ: Չհասկացա:

Պետք էր ավելի պարզ բացատրել:

–         Գիտե՞ս գրատախտակն ինչ ա:

–         Հա, թաֆել:

–         Չէ, բլեքբորդ:

–         Հա՜:

–         Գրատախտակին գրում ես չոքով:

–         Ահա:

–         Then you wipe with a բարձիկ:

–         Ա՜:

–         Այ էդ բարձիկը սեղմում էին դեմքիս: Til I lost consciousness.

Լռություն: Հետո.

–         Էնտեղ լինեի, քեզ կպաշտպանեի:

Նանեն ոտքից գլուխ չափեց Արշակին ու մտածեց, որ լավ է՝ էնտեղ չի եղել, որովհետև իրենց դասարանի ջան ու ջանդակով տղաները մի վայրկյանում կսատկացնեին նրան:

Նրան հաճելի էր Արշակի տարվածությունը, բայց մեղքը գալիս էր, որովհետև գիտեր, որ եթե նույնիսկ Աստված վերևից իջներ, ասեր՝ սիրիր Արշակին, չէր սիրի:

5.    Ինչու՞ տենց որ

Արշակը Նանեից հինգ տարով փոքր էր: Ասենք, տարիքի հետ խնդիր չուներ: Բայց փոքր-փոքր էր, խելքը չէր հասունացել, ու հաճախ ներվայնանում էր, երբ ստիպված էր լինում մամայավարի բացատրել, որ հայերենն աշխարհի ամենահին լեզուն չէ, ու որ բոլոր ժողովուրդները բնավ հայերից չեն առաջացել: Էն էլ չիմացավ՝ համոզվե՞ց, թե՞ շարունակեց էդպես միամիտ մնալ:

Հենց անգլերեն որևէ բառ էր ասում, դասատուավարի գոռում էր Նանեն.

–         Հայերե՛ն:

Վախենում էր Նանեի խիստ հայացքներից, միանգամից անցնում էր հայերենի, նույնիսկ եթե քննարկվող թեման այնքան բարդ էր, որ հայերենի բառապաշարը չէր հերիքում արտահայտվելու համար:

Արշակը հայերեն տառերը չգիտեր, հետևաբար չէր կարող Նանեի գրածները կարդալ, հետևաբար Նանեն չէր կարող նրա մասին գրել: Իսկ Նանեն երազում էր, որ մի օր բլոգի գրառումների մի մասը կձոնի սիրած մարդուն:

Արշակը համոզված էր, որ հայերը ընտրյալ ազգ են, իսկ Նանեն գտնում էր, որ աշխարհի մնացած ազգերի պես են՝ ոչ ավելի լավը, ոչ ավելի վատը: Ու կռիվ էր դառնում: Ջղայնացած ժամանակ Նանեն կհարցներ.

–         Էդ մի հիմարությունը որտե՞ղ ես կարդացել:

Արշակը կարդալուն դեմ չէր, եթե նյութն ինտերնետի հանրամատչելի հակագիտական աղբն էր: Փորձում էր մինչև հոգու խորքը իր կարծիքի ճշմարտացիության մեջ համոզված Նանեին դասեր տալ՝ վկայակոչելով խիստ կասկածելի աղբյուրներ: Ինչ-որ տեղ էլ կարդացել էր, որ դեղերը չարիք են մարդկության համար, ու դրանք պետք է միայն անհետաձգելի դեպքերում օգտագործել: Նանեն կռիվ արեց ու մի կերպ համոզեց, որ անհետաձգելի դեպքից չէ, որ դեղեր է խմում, որ պոչը չաճի: Մի ուրիշ տեղ էլ Արշակը կարդացել էր, որ բանջարեղենն ու մրգերը ռադիոակտիվ նյութեր են պարունակում, անցել էր բացարձակ մսակերության: Այդ մասին լսելուց հետո Նանեն սկսեց վախենալ. ի՞նչ իմանաս՝ մի տեղ չի կարդա, որ մարդակերությունն օգտակար է:

Ջղային ու հակառակ կարծիքներ հայտնելով չէր ուզում նեղացնել Արշակին, բայց ոչ էլ ուզում էր, որ նրա հետաքրքրվածությունը պակասեր: Իսկ ամենից շատ չէր ուզում նրա հետ համաձայնել:

Արշակը չգիտեր Կաֆկան ով էր: Նանեն սկսեց մանրամասն բացատրել. մարդ ես, գուցե անունը մոռացել է: Չէ, ոչ մի զանգակ չզնգաց նրա ուղեղում: Իսկ հետո Արշակը հպարտությամբ հայտարարեց, որ գիրք կարդալ չի սիրում, որ դա ժամանակի ավելորդ կորուստ է: Հենց էդ պահին էր, որ Նանեն համոզվեց՝ Արշակին մոտիկ չի թողնելու:

6.    Ինչպես բանը բանից անցավ

Մի օր Նանեին կինո հրավիրեց: Չգնաց: Սուրճ խմելու հրավիրեց: Չգնաց: Համերգ հրավիրեց: Չգնաց:

–         Բա ու՞ր գնանք:

–         Այգի,- ծիծաղեց, ու դասերը շարունակվեցին այգում, որտեղ ավելի հաճախ սկսեց Նանեին գրկել, իսկ նա չէր դիմադրում: Ու սյունակները գնալով ավելի ու ավելի էին երկարում:

–         Ի՞նչ կենդանի ես սիրում,- մի օր հարցրեց:

–         Կատու:

–         I hate cats.

–         Հայերե՛ն:

–         Կատուներ չեմ սիրում:

–         Why?

–         Իրանք նայում են քեզ, որ հաց տաս, բայց եթե մի վատ բան անես, revenge են վերցնում:

–         Վրեժ:

–         Ինչու՞ ես կատու սիրում:

–         Լավն են: Չենթարկվող, ազատ, չես կարող վզկապ հագցնել, փողոց դուրս գալ:

–         Բայց դա լա՞վ ա: Շունի հետ կարաս դուրս գաս: Շունը չի գնա քեզնից:

–         Շունի չէ, շան: Դրա լավը ո՞րն ա: Անհետաքրքիր, հավատարիմ: Ինչ էլ անես, քեզ կսիրի: Պետք չի, որ իրա սերը վաստակես:

–         Էդ լավ ա:

–         Լա՞վ ա: Կուզեի՞ր, որ մարդիկ էլ տենց լինեին. ենթարկվող, կանխատեսելի: Ում սիրեիր, ինքն էլ միանգամից քեզ սիրեր:

–         Բայց դրանք մարդիկներ չեն:

–         Մարդիկ: Կապ չունի:

–         Կենդանին ուրիշ ա:

–         Ուրիշ չի:

Նկատեց, որ հերթական վեճը պարտվում է, բայց մի վերջին ճիգ գործադրեց:

–         Կատուի ձայնը չեմ սիրում:

–         Մլավո՞ցը:

Նանեն ինչ-որ բան էր ուզում ասել, բայց հայերեն բառը չգտավ: Դեղն էլ մոռացել էր խմել:

–         Մյաու:

–         Վա՜յ:

–         Սա՞ չես սիրում: Մյաու:

–         Որ լսում եմ, ուզում եմ փախնեմ:

–         Մյաու:

–         Հերիք ա,- ականջները բռնում է:

–         Նմա՞ն եմ կատվի: Մյաու: Էնքան կմլավեմ, որ կգնաս:

–         Չէ, չէ, չէ:

–         Մյաու, մյաու, մյաու:

–         Տհաճ ա էս ձայնը:

–         Մյաու, մյաու:

–         Let’s change the subject.

–         Մյաու:

–         Please.

–         Մյաու, մյաու,- Նանեն մլավելու գրաֆիկ էլ ուներ:

Նայեց Արշակի աղերսող հայացքին: Նայեց նրա սիրահարված դեմքին: Նայեց ուղիղ աչքերի մեջ: Երևի սիրտը թպրտում էր: Նանեինն էլ: Էստեղ միայն համբույրն էր պակասում: Մոտեցավ ու գրկեց: Նանեն չդիմադրեց ու փաթաթվեց Արշակին: Գլուխը դրեց կրծքավանդակին ու սկսեց հաշվել սկզբում սրտի զարկերը, հետո շնչառությունը: Հա, արագացել էր: Լավ էր: Արշակը շոյեց Նանեի մազերը, իսկ նա աչքերը փակել էր: Ըհը, ժամանակն էր: Դեմքը մոտեցրեց դեմքին: Շուրթերը մոտեցրեց շուրթերին: Իսկ Նանեն ճանկռեց, ֆշշացրեցը ու պոչը շարժելով հեռացավ՝ Արշակի գրպանում թողնելով մլավելու գրաֆիկը:

Նատաշի երազանքը (պատմվածք)

Մտածեցի՝ բլոգումս հերթով տեղադրեմ մրցույթների մասնակցած ու չհաղթած պատմվածքներս: Սկսում եմ «Նատաշի երազանքից», որն անցյալ տարի ներկայացրել էի Ինքնագրի գրական մրցանակին, հայտնվել շորթ լիսթում, բայց սովորության համաձայն չէի հաղթել: Մասնակցել էի Նատաշա Համիդյան կեղծանունով: Չնայած մրցույթի կազմակերպիչը հայրս էր, չէի ասել, որ ես եմ: Կարծեմ՝ մինչև հիմա էլ չգիտի: Բայց քանի որ նույն կեղծանունով այլ մրցույթների էլ եմ մասնակցել, ու շատերը գլխի են ընկել, որ ես եմ, թաքնվելու իմաստ էլ չկա:

Պատմվածքի բոլոր հերոսները հորինված են:

Նատաշի երազանքը

Նրան փոքրուց սորովորեցրել էին, որ երբ մեկը փռշտում է, անպայման ասել «առողջություն», իսկ փողոցում ծանոթ մարդ տեսնելիս անկախ ամեն ինչից բարևել, բայց չգիտեր, որ կոնֆետի թուղթը գետնին գցել չի կարելի: Նրան չէին բացատրել, որ փողոցն ամեն պատահական տեղից անցնել չի կարելի, որ կարմիր ու կանաչ մարդուկները հենց էնպես չեն իրար փոխարինում:

Անունը Նատաշա էր, որովհետև խոպանչի հայրը Ռուսաստաններում էդ անունով սիրուհի էր ունեցել ու որոշել էր, որ եթե աղջիկ ունենա, անպայման պիտի Նատաշա լինի, չնայած դժվարանում էր ասել՝ ատում էր էդ անունը, թե ոչ: Ու էնպես էղավ, որ Նատաշան էնքան ռուսի նման ստացվեց, որ ամոթ կլիներ՝ հայ մեծանար: Միամիտ մարդիկ կասեն՝ տելեգոնիա. հոր էն սիրուհու գեներն են, իսկ մի քիչ բանից տեղյակները կհարցնեն՝ էդ ո՞նց վեց ամսական ծնվեց:

Որպեսզի աղջիկն անվանն ու արտաքինին համահունչ լինի, Մայրաքաղաքից հարս եկած մորական կողմի տատը փոքրուց հետը ռուսերեն էր խոսում. ձեռի հետ էլ լեզու կիմանա, ինտելիգենտ տատին կքաշի:

Մինչև տասնյոթ տարեկան դուրս չէր եկել իր հայրենի Տալիսեմ քաղաքից, որտեղ սովորել էր չլինել այնտեղ, որտեղ շատ տղաներ կան հավաքված, առանց հսկողության տնից բացակայել միայն դպրոց ու պապայի համար սիգարետ առնելու գնալիս (մնացած գնումները մայրն էր անում), իսկ դասարանի քեֆերին մասնակցել եղբոր ուղեկցությամբ: Դիսկոներ ու սրճարաններ հաճախելու հարցը չէր քննարկվում, որովհետև Տալիսեմում նման բաներ չկային, ու Նատաշան դրանց մասին լսում էր իր ավագ զարմուհիներից, որոնք արձակուրդին վերադառնում էին Մայրաքաղաքից ու զարմանահրաշ բաներ պատմում այնտեղի գիշերային կայֆերի մասին՝ բաց թողելով խիստ ինտիմ մանրամասներ, որոնք Նատաշան շատ ավելի ուշ պիտի կռահեր Մայրաքաղաքում հայտնվելուց հետո:

Էդ ժամանակներում մոդա էր, որ սաղ պիտի բարձրագույն կրթություն ստանային՝ անկախ նրանից, թե քանի տարի էին դպրոց գնացել, իսկ քանի որ Նատաշան Տալիսեմի թիվ հինգ միջնակարգ դպրոցի պարծանքն էր, կասկած չկար, որ համալսարան ընդունվելու գոնե փորձ պիտի աներ: Ինչ խոսք, չուզողները շատ էին. «Չես կարա, սաղ փողով ա», «Էդ քո խելքի բանը չի», բայց Նատաշան դրանից ավելի էր ոգևորվում, ավելի շատ վիզ դնում, գիշերները չքնելու ժամերը կտրուկ ավելացնում ու գրքերի վրա էնքան քրտնում, որ հետո ստիպված էր լինում չորացնել. նախապես գծած ծրագիր ուներ. համալսարան, աշխատանք, ամուսնանալ, ընտանիք, էրեխեք, ու հիմա մոտենում էր առաջին կետին: Նրան քաջալերում էր հայերենի դասատուն, որն ամենաշատն էր հպարտանում Նատաշայով. որոշ չափով ռուսախոս աղջիկը հայրենասիրական գրագետ շարադրություններ էր գրում, դեռ օլիմպիադաների էլ մասնակցում:

Վերջը հասավ նվիրական օրը, ու մամայի հետ եկավ Մայրաքաղաք, հանձնեց քննություններն ու ընդունվեց: Մաման թողեց-վերադարձավ Տալիսեմ, ու Նատաշան Մայրաքաղաքում մենակ մնաց: Առաջին անգամ էր էդ մեծ ու անծանոթ գժանոցում, որտեղ մութն ընկնելուց հետո էլ փողոցները մարդաշատ էին, որտեղ պետք էր հետևել կարմիր-կանաչ մարդուկներին, որտեղ կոնֆետի թուղթը գետնին գցելիս հանկարծ առաջը կկանգներ պլակատով մի ջահել, վրան գրած՝ տեր կանգնենք մեր քաղաքին, որտեղ շնչելու օդ չկար, ու երեկոյան ստից քամու տակ զբոսնելը կոչվում էր մաքուր օդին դուրս գալ: Կար նաև համալսարանը՝ բազմաթիվ, տարբեր բարբառներով խոսող անծանոթ համակուրսեցիներով, անհավես, բայց երբեմն՝ ուսանողի հետ «Դուքով» խոսող դասախոսներով ու անընդհատ ականջների տակ բզզացող դեկանատից եկող «Հանկարծ դասերից չբացակայեք, չուշանաք, շենքի տարածքում չծխեք, դասի ժամանակ հեռախոսներն անջատեք» հրահանգներով:

Դասընկերների հետ ծանոթանալիս հպարտությամբ հայտարարում էր, որ ինքը տալիսեմցի Նատաշան է: Նրա ծննդավայրի մասին լսելիս տղաները քթների տակ ծիծաղում էին, իսկ Նատաշան վիրավորվում էր՝ մտածելով, որ իրեն գավառացու տեղ են դնում: Մի քանի անգամ նույնիսկ ոչ բարեհունչ արտահայտություններ և առաջարկություններ են արել, որոնց Նատաշան սկզբում արձագանքել է բուռն՝ լսարանից փախչելով ու աղջիկների զուգարանում լացելով, իսկ հետո, երբ արդեն հասկացել է բանն ինչում է, տղաների հետ ծիծաղել է ու ինքը սկսել անեկդոտներ պատմել. «Տալիսեմցի աղջկան ասում ես՝ նստի, պառկում ա»:

Նատաշան համալսարանում մի ընկերուհի ձեռք բերեց, որը Մայրաքաղաքում ծնված-մեծացած լկստված աղջիկ էր: Գլխի չափ ծամոնը ճպճպացնելով, ճղած ջինսերով, կիթառ-բանով էր շրջում, ծխում-խմում էր, ամեն երրորդ բառն անգլերեն հայհոյանք էր, ձեռ էր առնում մարզերից էկած համակուրսեցիներին՝ բոլորին անվանելով գեղացի, բայց եսիմ ոնց մոտիկացել էր Նատաշայի հետ: Անունը Շելլի էր:

– Շելի,- կրկնեց Նատաշան, որ չմոռանա:

– Fuck! Դու էլ չես կարում ասես: Շել-լի,- ուղղեց,- էրկու լ-ով:

Շելլիի ոչ հայեցի անունն իր ռոքերական շրջապատից էր մնացել, որտեղ պարտադիր բոլորը մականուններ էին ընտրում ու պարտադիր անգլերեն: «Ռոքի լեզուն անգլերենն ա»,- ասում էին նրանք:

Շելլին նեղվում էր, որ Նատաշայի մոտ անգլերեն արտահայտությունները չէին անցնում: Համ էլ մասնագիտության համար պետք էր: Զարմանում էր՝ ոնց էր ընդունվել, որ անգլերեն բան չէր հասկանում: Դրա համար հա հորդորում էր, թե՝ գնա, անգլերեն սովորի, քեզ պետք ա, բայց Նատաշան հա ականջի հետև էր գցում:

Երբ Շելլին համոզվեց, որ Նատաշան կյանքից շատ է հետ մնացել, որոշեց մի բարի գործ անել ու էդ բացը լրացնել: Տարավ Քաղաքի հին մասը, ցույց տվեց 19-րդ դարից մնացած շենքերը: Նատաշային դուր չեկավ. ինքն իր գյուղի կիսաքանդ (կամ էլ կիսակառույց, ում ոնց հարմար ա) տներն էր ուզում: Տարավ ռոք համերգ: Նատաշան կեսից փախավ. ինքը Ռազմիկ Ամյան էր լսում՝ սրտիկը քարացել է: Ծնունդին Ռեմարկ նվիրեց: Հետո իմացավ, որ Նատաշայի սիրած գիրքը Դեկամերոնն էր, բայց էդպես էլ հանելուկ մնաց. կարդացե՞լ էր արդյոք:

Շելլին ներվայնանում էր իր ու Նատաշայի սարուձոր տարբերություններից, բայց արդեն ուշ էր. հետը մոտիկացել էր: Ճարահատյալ փողոցն անցնել սովորեցրեց ու բացատրեց, որ եթե ուզում է, որ պլակատով տղան հետևից չգա, պետք է կոնֆետի թուղթն աղբամանը նետել: Իսկ երբ տարավ խմելու, պարզվեց, որ Նատաշան իրենից բեթար ալկաշ է. Շելլին գարեջուր խմեց, ընկերուհին՝ օղի:

Հետո, երբ մեկը մյուսի հետևից արտասահման գնալու առիթներ բացվեցին, Շելլին առաջին շարքերում էր, ու Նատաշան գիտեր, որ մտերիմ ընկերուհին տարվա մի քանի ամիսը բացակայում էր երկրից, բայց թե որտեղ էր լինում, դժվարանում էր ասել: Նրա համար աշխարհը պուճուր էր: Մինչև համալսարանում սովորելը գիտեր՝ Տալիսեմն է, դրանից մի քիչ հեռու էլ Մայրաքաղաք կոչվող առեղծվածային վայրը: Մեկ էլ լսել էր Ռուսաստանների մասին, որտեղից հայրը պարբերաբար փող էր ուղարկում, իսկ տարին երկու անգամ ինքն էր գալիս: Չնայած աղջկա թախանձագին խնդրանքներին, էդպես էլ հայրը նրան չտարավ աշխարհ ցույց տալու: Նատաշայի իմացած մնացած աշխարհագրությունը լրիվ տեսական էր: Դպրոցում անցել էր, որ ինչ-որ տեղ Ամերիկա կա, էն էլ մի օր մեջը կասկած մտավ, երբ պապը լուրերը նայելուց հետո հայտարարեց.

– Բալա ջան, էդ Ամերիկա, բան-ման, սաղ սուտ են: Էս երկրի ջոջերը հորինել են, որ մեզ խաբած պահեն:

Մեկ էլ գիտեր, որ ինչ-որ Պոլշա կամ Գերմանիա կամ Վենգրիա կան, բայց դրանք օգտագործում էր որպես հոմանիշներ, ու երբ նրան հարցնում էին, թե Շելլին ու՞ր է կորել, պատասխանում էր՝ Պոլշայում ա կամ Գերմանիայում ա կամ Վենգրիայում ա՝ մի վայրկյան անգամ չկասկածելով, որ Շելլին Ֆրանսիայում էր կամ Իսպանիայում կամ Իտալիայում:

Երրորդ կուրսում հանկարծ Նատաշան սկսեց դասի գալ աչքերը վարդագույն քսած: Շելլին, որն այլևս անգլերեն չէր հայհոյում, ձեռ առավ.

– Լսի, ոնց որ գիշերը քնած չլինես:

– Տի շտո, բա չքսվե՞մ:

Նրան ասել էին, որ կինը պիտի քսվի, իսկ հեռուստացույցով մի հայտնի երգչուհի հայտարարել էր, որ նաև պիտի խնամված լինի: Չէր կարողացել պարզել, թե էդ խնամվածությունն ինչ գույն ու դոզա ունի:

Հենց էդ չարաբաստիկ երրորդ կուրսում էր, երբ տալիսեմցի մի աղջիկ Նատաշային համոզեց, որ խնամված լինելու համար թևերի վրայի գրեթե անտեսանելի բաց դեղին մազերը թրաշի ու աննշան բեղերը պռճոկի: Իսկ էդ աղջիկն իսկական փռչոտ, բեղ-մորուսով յաման տալիսեմցի էր: Ուսանողական տարիներին տղա չեղավ, որ չկպցնի, իսկ վերջին կուրսում ջահել դասախոսներից մեկի հետ ամուսնացավ, էրեխա ունեցավ, թե՞ էրեխա ունեցավ, հետո ամուսնացավ:

Նատաշան մինչև համալսարանն ավարտելն էլ բացի մազ հանելու սովորությունից ուրիշ ոչնչով չնմանվեց իր համաքաղաքացի աղջիկներին: Չնայած տղաների հետ ասում-խոսում-ծիծաղում էր, մինչև վերջ էլ որևէ մեկի հետ չհամբուրվեց: Չէ, ի՞նչ եմ ասում: Սկի ձեռ-բան չբռնեց կամ նույնիսկ ժամադրության չգնաց:

Համալսարանն ավարտելուց հետո Նատաշան գործ ճարեց ու սկսեց էշի նման աշխատել: Գիտեր, որ էդպես է աղջկա բանը: Գնար Տալիսեմ, էլի պիտի էշի նման չլվեր, բայց տունը ռեմոնտ անելով, հետո էլ մամային օգնելով, որովհետև մեծ ախպորն ամուսնացնում էին: Իսկ դա իր դիպլոմի հետ հեչ սազական չէր:

Բայց Նատաշային գործի տեղը սիրում էին. հիմնական աշխատանքից բացի սաղի համար ճաշ էր սարքում, կերակրում, հավաքում, լվանում: Մի խոսքով, իսկական տուն տանելու աղջիկ: Ու քսաներկու տարեկանում վերջապես հասկացավ, որ ամեն դեպքում արժե որևէ մեկի տուն գնալ: Ո՞վ էր ամենալավ թեկնածուն: Բռնեց, սկսեց գործի տեղի արաբ Համիդի հետ հայացքներ փոխանակել: Համիդը Սիրիայից էր, ու Նատաշայի քարտեզի վրա Ռուսաստանների կողքին ավելացավ ևս մեկ նվիրական պետություն: Էս ամեն ինչը պատմեց Շելլիին, որը նույն տեղում, բայց կողքի սենյակում էր աշխատում, Համիդին շատ լավ (չէ, շաաաաաաատ լավ) ճանաչում էր: Սա ծիծաղեց ու մտքի մեջ ասեց. «Խե˜ղճ Նատաշա: Քսաներկու տարեկանում տղամարդկանց հետ նենց ես, ոնց որ ես տասներկու տարեկանում էի», իսկ բարձրաձայն պատասխանեց.

– Բայց հեչ տալիսեմցու նման չես է… դու էն ասա՝ մուսուլմա՞ն ա:

Ստեղ Նատաշան հասկացավ, որ էնքան էլ լավ բան չի, որ ադաթավոր քրիստոնյա հայ ընտանիքի աղջիկը մուսուլմանի տուն հարս գնա, պատասխանեց.

– Յա նե զնայու, չեմ հարցրել:

– Դե ուրեմն կստուգես թլպատված ա, թե չէ,- ու Նատաշայի ձեռը մի բան դրեց,- առ, պետք կգա:

Բայց երբ բանը հասավ դրան, իսկ ավելի ճիշտ՝ Նատաշան հասավ բանին կամ բանը հասավ Նատաշային, լրիվ մոռացավ դրա մասին, ու քսաներկու տարի քնած տալիսեմցու բնազդը ոտքի ելավ: Թքած ուներ Համիդը մուսուլման է, թե չէ: Թքած ուներ, որ ջարդած անգլերենով հազիվ մի երկու բառ էր փոխանակում հետը, իսկ սեքսի բառապաշար ընդհանրապես չէր հավաքել: Թքած ուներ, թե ինչ կմտածեին ծնողներն այլազգի փեսա ունենալու մասին: Հազիվ հասցրեց մի հայացքով գնահատել Համիդի մազակալումը հասկանալու համար, որ միջին սեռական կոնստիտուցիայի է, որ էդ հեչ էլ վատ չի հիպերսեքսուալ տալիսեմցու համար: Համիդը թքած ուներ ամեն ինչի վրա:

Մի անգամ էլ թունդ պաչպչոցի ժամանակ, երբ Նատաշան Համիդին էր ուզում, իսկ Համիդի ուզել-չուզելը մատնում էր ցցված փինըսը (Շելլին տենց էր ասում), որին վայրկյաններ անց ազատեց ներքնաշորի սեղմող կապանքներից, դեմ տվեց Նատաշային.

– Suck it.

Նատաշայի աղքատիկ անգլերենն էդ բառը չգտավ ուղեղի մեջ: Համիդը երևի հասկացավ, որ Նատաշային չհասավ: Դրա համար մեղմացրեց պահանջը.

– Kiss it.

Տարիներ անցան: Շելլին մայրաքաղաքից գնացել էր էն նույն Ամերիկան, որի գոյությունը կասկածի տակ էր առել Նատաշան: Ընկերուհիները չէին կարողանում իրար հետ շփվել, որովհետև Նատաշան Ֆեյսբուք-մեյսբուք չգիտեր, իսկ Շելլին ուրիշ բանի հավես չուներ: Դրա համար չիմացավ, որ Նատաշան վերջը ամուսնացավ Համիդի հետ, բայց Սիրիա չգնաց. հաշտ ու խաղաղ, երջանիկ ապրում էին Մայրաքաղաքում, երեխաներ ունենում: Երբ լիքը-լիքը տարիներ անց վերադարձավ, տեսավ Նատաշային, որն արդեն իր պես սպիտակ երեք երեխա ուներ: Ավագը դպրոցում էր, կրտսերը՝ գրկին, իսկ միջնեկը՝ Ֆատիման վազվզում էր: Շելլին մոտեցավ ու փորձեց հետը շփվել.

– Արջուկդ կտա՞ս խաղամ:

Ֆատիման վազեց մոր մոտ.

– Mummy, mummy, what does she say?

Protected: Վիպակի մասին

This content is password protected. To view it please enter your password below:

Ձմեռային

Ցուրտը
Ոսկրերս
Շոյում է
Հանդա՜րտ,
Գեղեցիկ,
Ու հետո
Կատաղած
Դաղում է:

Կծկվում եմ,
Եվ ոչինչ այլևս
Չի տաքացնում:
Վաղը երևի
Ձյուն գա:
Իսկ ես կարծում էի՝
Աշնանն եմ ծնվել:

Ու փաթաթվում եմ
Երևաններից եկած
Բրդե շալի մեջ,
Իսկ տակից՝
Ոչինչ:
Սառած եմ:

Ե՞րբ ես գալու,
Որ մերկ մարմինս
Քեզնով տաքացնես:

Դիմացի ափը

DSCF0242Լիճը մեծ չէ, ու դիմացի ափը, որտեղ Մարմարե պալատն է, ու որտեղից ջուրը մտնել չի կարելի, հեռու չէ: Հետն էլ մի տեսակ ձգում է:

Մենք երեքով ջուրն ենք մտնում ու առաջ լողում: Սոֆին շրջվում, հետ է լողում: Հետո Վանեսան: Ու ես էլ քաղաքավարությունից, թե մենակ չմնալու ցանկությունից հետևում եմ նրանց դեպի ափ:

Իսկ ջուրը կանչում է:

– Ո՞վ է գալիս նորից լողանք:
Ոչ ոք ձայն չի հանում:

– Լավ, ես կգամ,- ասում է Լյուդմիլան ու հագուստը հանում՝ մնալով լողազգեստով:

Մտնում ենք ջուրը երկուսով: Ավելի սառն է թվում, քան նախորդ անգամ:
– Մեկ, երկու, երեք:
Լյուդմիլան սկսում է լողալ: Հետևում եմ նրան: Առաջին վայրկյանին սառն է, հետո սովորում ենք: Գնում ենք առաջ:
– Բյուրի, ես հետ եմ դառնում: 
– Լավ,- ասում եմ,- իսկ ես կշարունակեմ:

Ու գնում եմ մեն-մենակ՝ հայացքս դիմացի ափին, որտեղ ոչ ոք չկա: Արևը ձախից դեմքիս է խփում, կուրացնում: Մազերս քանդվել են ու ինձ հետ լողում են: Փակում եմ աչքերս: Լճի մեջտեղում՝ բոլորից հեռու, մտքերս գնում-գալիս են: Խառը մտքերս, դժվար մտքերս, անլուծելի մտքերս: Կհասնե՞մ արդյոք դիմացի ափ: Կհերիքե՞ն արդյոք ուժերս: Գուցե վտանգավոր է. էնտեղ ճահիճ է կամ շատ խորն է: Գուցե ուժասպառ լինեմ ու չկարողանամ հետ լողալ: Կանգնած եմ, իսկ ոտքերիս տակ հատակ չկա:

Պիտի գնամ, պիտի հասնեմ դիմացի ափին, թեկուզ մեն-մենակ: Պիտի ցույց տամ, որ կամքի ուժ ունեմ, որ նպատակներ ունեմ, որոնց հասնելու եմ:

Ու լողում եմ առաջ: Դիմացի ափը ցանկապատված է, հետևում՝ բույսեր: Դանդաղ, բայց շարժվում եմ: Ափը կամաց-կամաց մոտենում է: Պիտի դիպչեմ ցանկապատին: Քիչ անց ոտքերս ամուր հատակին են: Նայում եմ ներքև: Ջուրը թափանցիկ է: Ջրիմուռները խառնվել են ոտքերիս: Ջուրը թափանցիկ է, որովհետև մարդիկ այստեղ հաճախ չեն լինում: Եվս երկու քայլ, ու ձեռքս արդեն ցանկապատին է: Հենց էնտեղ բարձրաձայն խոստանում եմ նույն կերպ պայքարել երազանքներիս համար: Ու դանդաղ հետ եմ լողում:

Ընկերներս թաց են: 
– Մինչ դու կգայիր, մենք հասցրինք մի անգամ էլ ջուրը մտնել, դուրս գալ:
– Ես մինչև դիմացի ափ լողացի:
– Զուգարա՞ն,- ծաղրեցին:
– Չէ,- փորձեցի հարմար պատասխան գտնել,- էնտեղ ջուրը թափանցիկ էր:

Protected: …-ին

This content is password protected. To view it please enter your password below:

Բաց դաշտ

Բաց դաշտ: Ահա թե ինչ է քեզ պետք միայնության հերթական նոպայի ժամանակ: Հավաքում ես թղթերդ ու կոմպդ գրադարանում անցկացրած անհաջող օրվանից հետո, նստում հեծանիվդ ու սլանում քաղաքի ուղղությամբ: Ձեռքերդ սառել են: Մտքովդ չէր անցնում, որ օգոստոսի կեսերին պիտի ափսոսաս, որ ձեռնոց չես վերցրել:

Բաց դաշտ: Ահա թե ինչ ես փնտրում: Մոտակա սուպերմարկետից գնել ես սև շոկոլադ, ավելի ճիշտ՝ հնարավոր ամենասևը, որովհետև բավականաչափ դառը չէ: Ու քայլում ես դեպի բաց դաշտը, որի երեք կողմերում անտառ է, մի կողմում՝ փողոց: Խոտերի միջով առաջանում ես այնքան, մինչև փողոցն այլևս չի երևում: Պառկում ես: Անջատում ես երաժշտությունը. լռություն է պետք: Մտածում ես: Փորձում գոնե ինքդ քեզ հետ անկեղծ լինել ու հասկանալ, թե ինչ ես ուզում քո սեփական կյանքից: Աղոթում ես: Նայում ես երկնքին: Գորշ ամպեր են կուտակված: Քամին շարժում է դրանք: Քամին սառեցնում է մերկ ոտքերդ: Լռության մեջ ձիերի դոփյուն ես լսում: Երևի ուրիշ դար ես տեղափոխվել:

Անկեղծ լինեմ գոնե ինքս ինձ հետ: Իմանամ, բայց ոչ մեկին չասեմ, թե ինչ եմ ուզում անել կյանքիս հետ:

Ու սառած նայում եմ երկնքին: Սև ամպերը դանդաղ սահելով հեռանում են՝ տեղը զիջելով կապույտ երկնքին ու արևի ճառագայթներին:

Կիսատ պատմվածքս

– Ամռանը ի՞նչ ես անելու: Գնալու ես տու՞ն,- ու տուն բառը ծաղրական տոնով շեշտում է Աննան, որը ծնվել է Հոնկ Կոնգում, մեծացել ԱՄՆ-ում, սովորել Միացյալ Թագավորությունում ու ապրում է Բեռլինում:

Շեշտում է տուն բառը, որովհետև վերջին պատմվածքս, որը Դանիելն ու Վիկտորյան խորհուրդ տվեցին վեպ սարքել, մի հայ աղջկա մասին է, որը չգիտի` իր տունը որտեղ է, չգիտի` Հայաստան գնալով կարո՞ղ է ասել, որ տուն է գնում, թե ոչ:

– Հա, գնում եմ Հայաստան,- ժպտացի: Զահլա չկար բացատրելու, որ պատմվածքն ինչքան էլ ինքնակենսագրական լիներ, գրված էր երրորդ դեմքով, հետևաբար որևէ հիմք չուներ հերոսուհուն ինձ հետ կապելու: Վայրկյաններ անց ներքուստ ուրախացա. ուրեմն ինչ-որ բան տպավորվել է:

Իսկ երբ հասա Պոտսդամ, սկսեցի պատմվածքս ընդլայնելու ճանապարհներ փնտրել: Մութը դեռ չէր ընկել: Մութն այստեղ ուշ է ընկնում ու շուտ բացվում: Բայց տեսա լուսինը: Սպիտակին խփող կիսալուսին էր: Երկինքն էլ դեռ կապույտ էր` խառը դասավորված վարդագույն բծերով: «Տուն չեմ գնա»,- մտածեցի ու կայարանի բազմաթիվ հեծանիվների մեջ գտնելով իմը` սլացա դեպի լիճ:

Շարունակելու համար մտքեր են պետք, որոնք գալիս-անցնում են` այդպես էլ չտեղավորվելով թղթին: Երբևէ վեպ չեմ գրել: Երբևէ անգլերեն վեպ չեմ գրել: Երբևէ 2000 բառից երկար պատմվածք չեմ գրել: Երբևէ անգլերեն 5000 բառ չեմ գրել: Բայց գրեցի: Գրեցի գիշերներն անքուն մնալով: Գրեցի գրադարանում պարապելու փոխարեն: Գրեցի ու ջնջեցի: Գրեցի այնքան, որ 5000-ի սահմանը չանցնեմ: Գրեցի պատմվածք Ցեղասպանության մասին: Գրեցի, ու դա քիչ էր: 

Ճակատիս մուրը (պատմվածք)

Անհամբեր եմ:
Խոհանոցի դատարկ շշերի անկյունից ընտրեցի մեծերից մեկը, մեջը ջուր լցրեցի ու տեղավորեցի ուսապարկիս կողքի ցանցավոր գրպանիկում. գուցե ճամփին ծարավեմ: Արդեն պատրաստ եմ, կարող եմ դուրս գալ: Բանալին պտտեցրի առաջին անգամ. չմոռանամ փակել: Երկրորդ անգամ. ապահովության համար: Ձեռքերս դողում են: 
Հեծանիվով սլացա դեպի կայարան, կանգնեցրի մնացած հեծանիվների կույտի մեջ ու քայլեցի դեպի գնացքները: Քիչ մնաց. ընդամենը երեսուն րոպեից կտեսնեմ մանկության ընկերոջս` Թոմին: Անհամբե՞ր եմ: Էն էլ ոնց: Բեռլինից Էբերսվալդե մեկնող գնացքը շուտով կգա ու ինձ կտանի Թոմի մոտ: Կճանաչե՞մ նրան: Շատ էլ որ Ֆեյսբուքը կա: Տնաշենը մի նկար էլ չի դնում: Էխ, Թոմաս, առաջվա թըմբը՞լն ես մնացել, թե՞ նիհարել ես: Մազերդ էլի երկարացնու՞մ ես, թե՞ ինչ ինքդ քեզ վրա իշխանություն ունես, կտրել ես: Բեղ-մորուք պահու՞մ ես, թե՞ ամեն առավոտ պարտաճանաչ թրաշվում ես:
Գնացքը եկավ: Ըհը, նստեցի ու դեմքս հենեցի պատուհանին: Թոմին վերջին անգամ քսան տարի առաջ եմ տեսել: Հինգերորդ դասարան էինք: Ուսումնական տարին պրծավ, ու Թոմը հետ գնաց Բելգիա` պապայի մոտ: Դրանից հետո խեր-խաբար չկար: Ու հանկարծ մի շաբաթ առաջ Ֆեյսբուքով ընկերության առաջարկի հետ մի կարճ նամակ է գալիս. «Լսել եմ, որ դեռ Բեռլինում ես ապրում: Մի ամսով Էբերսվալդեում գործուղման եմ: Չհանդիպե՞նք»: 
Բոլոր կանոններն ասում էին, որ Թոմը պիտի Բեռլին գար, ոչ թե ես Էբերսվալդե մեկնեի: Մինչև հիմա հին ընկերներիցս ով տարածքում հայտնվում էր, միշտ նրանք էին ինձ հյուր գալիս` հաշվի առնելով իմ` կենտրոնական տեղում գտնվելը, ու նրանց` Բեռլինը տեսնելու ցանկությունը: Բացի դրանից, Թոմն աշխարհի որ ծայրից էլ գար, անհնար էր, որ Բեռլինով չանցներ: Բայց երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, վայ-վույը կապեց թե` ես մոտդ էկողը չեմ, դու արի Էբերսվալդե: Մի քաղաք էլ լիներ: Անդուր-անհետաքրքիր, տիպիկ արևելագերմանական քաղաք էր, որտեղ միայն մի անգամ էի եղել: Արդեն չեմ էլ հիշում, թե ինչ էի կորցրել այնտեղ: Կարո՞ղ ա Վիսոցկու հետքերով էի գնացել: Ինչքան գիտեմ, ինքն էնտեղ ապրել է: 
Եվ ուրեմն որոշեցի շաբաթ-կիրակիս Թոմին նվիրել: Բայց էդքան ժամանակ ի՞նչ էինք անելու: Իրար ասելիք կունենայի՞նք: Ի՞նչ իմանամ, թե ինչ մարդ է ստացվել Թոմից: Փոքր ժամանակ իրար կիսասիրահարված էինք: Դպրոցի հետևում թաքնվում էինք ու իրար նայում: Դրանից ավել բան չենք արել, լուրջ եմ ասում: Սկի իրար ձեռք չենք բռնել: Չէ, սխալ եմ ասում: Երկրորդ դասարանում իրար տրուսիկ ենք ցույց տվել, ու ես նախանձում էի Թոմին, որ արջուկներով, ոչ թե փոռիկներով տրուսիկ էր հագել: Հետո շուխուռ գցեցի, որ Թոմի տուտուզին արջուկներ կան: Կարծեմ ծնող-մնող կանչեցին, որովհետև մի անգամ դասերից հետո մամաս բացատրեց, որ տրուսիկ ցույց տալ չի կարելի:
Ի՞նչ գործ ուներ Էբերսվալդեում: Փաստորեն Թոմի մասին ոչինչ էլ չգիտեի: Էնքան մեծ էր ոգևորությունս, որ հարցեր չտվեցի. ի՞նչ մասնագիտություն ունես, ինչու՞ ես գալիս Էբերսվալդե, ավելի կարգին քաղաք չկա՞ր, վերջը հասարակածին հասա՞ր: Դեռ էն ժամանակներից միշտ ասում էր, որ հասնելու է հասարակածին ու կանգնի` մի ոտքը հյուսիսային, մյուսը` հարավային կիսագնդում: 
Թոմն աշխարհագրություն շատ էր սիրում: Դասի ժամանակ միշտ մրցում էինք, թե ով ավելի շատ մայրաքաղաքներ գիտի: Երբ համոզվեցինք, որ երկուսս էլ բոլոր երկրներինը գիտենք, անցանք գետերին ու լճերին, սահմանակից պետություններին, լեռներին ու ձորերին, ծովերին ու օվկիանոսներին: Բայց էն ժամանակ Էբերսվալդեի մասին խոսե՞լ ենք: Չէ, մեզ համար Գերմանիան Բեռլինով էր սկսվում ու ավարտվում:
Ու մեկ էլ ուղեղս ծնգացրեց, որ մի բան մոռացել եմ: Ուսապարկս բացեցի, որ համոզվեմ: Հա էլի, Թոմի համար պատրաստած խորհրդանշական նվերը` էն ժամանակների մեր սիրած գիրք «Մաթիլդան», տանն եմ թողել: Ի՞նչ անեմ: Դեռ շատ չեմ հեռացել, ընդամենը մի կայարան: Որ ուզենամ, հետ կգնամ, հաջորդ ժամվա գնացքը կնստեմ: Բա որ դուրը չգա՞, որ «Մաթիլդան» եմ նվիրում: Ասի` ավելորդ սենտիմենտալություն: Կամ էլ չասի, մեջը պահի, ինձ էլ թե` վայ, շնորհակալ եմ, միշտ ուզեցել եմ «Մաթիլդայի» սեփական օրինակն ունենալ:
Գնացքը կանգնեց, ու ես ինձ դուրս գցեցի, նստեցի հակառակ ուղղությամբ շարժվողը: Հասա իմ կայարան, հեծանիվս վերցրի ու սլացա դեպի տուն: Ճամփին երևակայությանս զոռ եմ տվել: Երևի սենց էլ պետք ա լիներ: Հիմա էդ գնացքի հետ մի բան կկատարվի: Ասենք, կպայթի, ու ես կուրախանամ, որ «Մաթիլդան» մոռացել էի: Թոմը կանհանգստանա: Իսկ ես կգրեմ նրան, որ հաջորդ գնացքով եմ գալու, «Մաթիլդային» շնորհակալություն ասա: Կասի` Մաթիլդան ո՞վ է: Իսկ երբ հանդիպենք, պինդ գրկախառնվելուց հետո նրան հանձնեմ գիրքը ու բացատրեմ, թե ինչ է տեղի ունեցել, կժպտա: Չէ, չգիտեմ ինչ կանի, բայց հաստատ անռեակցիա չի մնա:
Մտա տուն: Հա էլի, «Մաթիլդան» սիրուն փաթեթավորված, դրված էր սեղանին` աչքիս առաջ, որ իբր չմոռանամ: Էդ է. պայթող գնացքից փրկեց, ճակատագիր էր: Նայեցի հայելու մեջ: Ճակատիս ոչ մի բան էլ չկար գրված: Մենակ մի քիչ մուր էր քսվել. երևի գնացքի պատուհանն էնքան էլ մաքուր չէր: Որ ուզենայի, կնմանեցնեի T տառին ու կասեի` ըհը, Թոմը ճակատիս գրված է:
«Մաթիլդան» դրեցի պայուսակիս մեջ, կոմպը միացրեցի, որ Թոմին գրեմ ուշացման մասին: Ձեռքի հետ էլ լուրերը ստուգեցի: Չէ, Բեռլին-Էբերսվալդե պայթող գնացքի մասին ոչ մի տեղեկություն չկար: Երևի դեռ չեն հասցրել հաղորդել էդ մասին: Դե լավ հա, անկապ բաներ եմ մտածում: Գիրքը մոռացել էի, որովհետև անջո եմ, ոչ թե որովհետև պիտի պայթող գնացքից փրկվեի:
Դուռը փակեցի: Չեմ հիշում` բանալին մի անգամ պտտեցրի, թե երկու, թե ընդհանրապես չպտտեցրի, բայց հետ գալու ու ստուգելու ժամանակ չկար: Նստեցի հեծանիվս ու` դեպի կայարան: Այ հիմա հաստատ քիչ մնաց. կես ժամից Թոմին կտեսնեմ:
Նստեցի հաջորդ գնացքը: Դեմքս պատուհանին չհենեցի. հանկարծ նորից չմրոտվեմ, Թոմը ասի` էս փնթին ով էր: Ուսապարկս բացեցի ու նորից ստուգեցի. «Մաթիլդան» տեղում էր: Թոմը կհարցնի, թե ինչու եմ ուշացել: Արժե՞ ասել, որ գիրքը մոռացել էի: Կմտածի` ինչ անջատվածի մեկը դուրս եկավ կամ էլ` շատ էր հուզվել, որ ինձ պիտի հանդիպի: Բա էդ դեպքում ուրիշ ի՞նչ կարող եմ հորինել: Ասենք, հեծանվիս անիվը ծակվել էր կամ նախորդ գնացքը չեկավ: Իսկ գուցե ոչ մի հարց էլ չտա: Լավ, հանգիստ, քիչ մնաց:
Բայց կճանաչի՞ ինձ: Դուրը կգա՞մ: Բա որ հիասթափվի տեսքիցս, հեռվից տեսնի ու սուսուփուս հեռանա: Էշություններ եմ դուրս տալիս: Ի՞նչ պիտի լինի որ: Մենք օտար ենք իրար: Քի՞չ է պատահել, որ դպրոցական հին ընկերներիս հանդիպել եմ, ու հետները խոսելու թեմա չեմ ունեցել:
Արդեն մոտենում ենք Էբերսվալդեին: Երկու րոպեից գնացքը կկանգնի, ու կտեսնեմ Թոմին: Տոմս ստուգողը մոտեցավ: Կհասցնի՞ բոլորինը ստուգել: Ուր որ է` կայարան ենք հասնում:

Անթարթ նայում եմ Թոմին: Երևում է` չճանաչեց: Իսկապես, այլևս առաջվանը չեմ, շատ եմ փոխվել: Կայարան չհասած գնացքը պայթեց, ու մարմինս ցրիվ եկավ: Մենակ աչքիս թայը գտա, որը կանգ էր առել Թոմի ոտքերի մոտ: Բա հիմա ի՞նչ եմ ասելու նրան:
Իսկ Թոմը գոհունակությամբ ժպտում էր: Երբ համոզվեց, որ հայացքն իրենից չկտրող մի հատիկ աչքն իմն է, սկսեց խոսել հետս.
– Որ չասեիր` ուշ ես գալու, բախտդ կբերեր, հիմա սաղ կլինեիր: Շնորհակալություն զգուշացնելու համար:
Աչքս թարթեցի ու հարցական նայեցի Թոմին: Բացատրեց.
-Գիտես` հե՞շտ էիր մարսելու դպրոցով մեկ տրուսիկիս մասին շուխուռ անելը:

Գրելու մասին

Չգիտեմ ինչու, էսօր հանկարծ էս պատմվածքս հիշեցի: Հինգ տարի առաջ եմ գրել: Էն ժամանակ կարծում էի` իմ ամենալավ գործն է: Ու չէի սխալվում. իսկապես ամենալավն էր: Բայց հիմա էլ էն չի, դուրս չի գալիս: 

Մտածում եմ` ինձ էդ պատմվածքի հոգեվիճակն է պետք ու հիմիկվա վերաբերմունքս գրելու նկատմամբ (այսինքն` որ մի անգամ ամեն ինչ թղթին հանձնելով գործը չի վերջանում), որ կարողանամ նորմալ բան գրել: 

Ու չգիտեմ` պատրա՞ստ եմ ևս մեկ անգամ նման հոգեվիճակի դիմանալու: 

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me