Ֆիննական կրթական համակարգից

Երկար ժամանակ մտածում էի՝ ֆիննական կրթական համակարգում ինչն է էդքան տարբերվում, որ էսքան դուրս գալիս է:

Հետո հասկացա. ախր շատ նման է բժշկականի կրթական համակարգին. բոլոր լավ կողմերն ունի: Էլի ամեն օր դաս սովորել, էլի ոչ մի վայրկյան շունչ չքաշել, որովհետև անընդհատ կարդալու-անելու դասեր ունես, էլի հազար հատ դասագիրք, որ չգիտես՝ որը կարդաս, որը թողնես, էլի առավոտից իրիկուն դասեր, էլի մեկ-երկու շաբաթ նույն առարկան ու պըրծ, էլի շաբաթը մեկ կամ մի քանի հատ քննություն (մոտավորապես սենց. «սպրոսները սկսվեցին») ու էլի թեստեր: Իսկ էդ կրթական համակարգին ամեն բջջով ծանոթ եմ, սովոր ու հարմարված: Ու մի տեսակ նոստալգիա ա սկսվում մոտս: Է՜հ բժշկական, է՜հ էնտեղի գրադարանում անցկացրած բազմաթիվ ժամեր, է՜հ ուսանողական ընկերներ:

Հ.Գ. Խոստանում եմ, մի օր անպայման ալարկոտությունս մի կողմ կթողնեմ ու իմ գնացած երեք երկրների կրթական համակարգերի մասին մանրամասն կգրեմ:

Protected: Բզիչ

This content is password protected. To view it please enter your password below:

ԵՊԲՀ «առաջընթացը». 2. Սովետական ֆակուլտետների վերաբացումը

Բժշկականխարգելման և մանկաբուժական ֆակուլտետները փակվել են վաղուց` մինչև իմ ԵՊԲՀ ընդունվելը: Չգիտեմ` այն ժամանակվա ռեկտոր Վ.Պ. Հակոբյանն ինչ մտադրությամբ է նմանատիպ քայլի դիմել ու չգիտեմ ինչպես է անդրադարձել այդ պահին նշված ֆակուլտետներում սովորող ուսանողների վրա. ուսումնառության կեսից բժշկականխարգելման և մանկաբուժական ֆակուլտետները միացել են բուժականին` դառնալով ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Այնուամենանայնիվ, այդ ֆակուլտետները փակելը մեկ քայլ առաջ էր: 

Ամբողջ աշխարհում բժշկական ֆակուլտետները երեքն են` դեզագիտական, ստոմատոլոգիական և ընդհանուր բժշկության: Հենց սկզբից առանձին մասնագիտությունների ֆակուլտետներ չունենալը, կարծում եմ, բացատրվում է նրանով, որ ցանկացած բժիշկ պետք է հավասարապես տիրապետի բոլոր ուղղություններին և միայն կլինիկական օրդինատուրայում խորանա իր նեղ մասնագիտության մեջ, ոչ թե հենց սկզբից նեղ ուղղություններից սկսի:

ԵՊԲՀ-ում էլ համաճարակաբանների և մանկական զանազան մասնագիտությունների գործառույթն իր վրա վերցրեց կլինիկական օրդինատուրան` ուսանողական տարիներին սահմանափակվելով համաճարակաբանության և մանկաբուժական դասընթացներով: Թվում էր` աշխատող մեխանիզմ է. ամբողջ աշխարհում այդպես է: Բայց արի ու տես, որ ներկայիս ռեկտոր Դերենիկ Դումանյանը հայտարարում է, որ բժշկականխարգելման ֆակուլտետն արդեն բացվել է, իսկ մանկաբուժականը շուտով կբացվի: Ես միայն ենթադրում եմ, որ սա խնդրի հեշտ լուծում է:

Ֆակուլտետների փակման օրից ի վեր մասնագետների պակաս էր նկատվում. շրջանավարտները մանկաբուժություն և մանկական այլ մասնագիտություններ, համաճարակաբանություն ընտրելու փոխարեն վազում էին դեպի գինեկոլոգիա, պլաստիկ վիրաբուժություն, ռադիոլոգիա և այլն: Վերջին տարիներին հարցը որոշ չափով լուծում էր ստանում պակասող մասնագիտություններով անվճար տեղերի ավելացումը: Արդյունքում շրջանավարտների որոշ հոսք դեպի «ոչ պոպուլյար» մասնագիտություններ նկատվեց, բայց եթե չեմ սխալվում թափուր տեղեր, այնուամենայնիվ, մնում էին, ու շրջանավարտները շարունակում էին դեպի գինեկոլոգիա վազել:

Ուրեմն ի՞նչ անել: Պետությունը մասնագետների պահանջ ունի, բայց ոչ ոք չի ուզում այդ ուղղություններն ընտրել: Ինչու՞ ֆակուլտետները չվերաբացել և ուղղակի առաջին կուրսից մանկաբուժական կամ բժշկակականխարգելման ֆակուլտետ ընդունվածին հնարավորություն չտալ գինեկոլոգ դառնալ կամ դա անել դժվարություններ ստեղծելով (կարծեմ ժամանակին այդ ֆակուլտետների շրջանավարտները պետք է լրացուցիչ քննություններ հանձնեին, որպեսզի բուժֆակի օրդինատուրաները կարողանան անցնել):

Իհարկե, սա հարցի հեշտ ու հետադիմական լուծում է` վերադարձ Սովետից մնացած ժառանգությանը, միևնույն ժամանակ լրացուցիչ դժվարություն ստեղծող այն ուսանողի համար, որը կցանկանա Արևմուտքում ուսումը շարունակել կամ աշխատել (մինչև հիմա ամեն ինչ արվում էր, որ հեշտացվի տեղաշարժը):

Իսկ ո՞րն է հարցի դժվար, բայց ցանկալի լուծումը: Տվյալ դեպքում պետք է ավելի շատ դեպի Արևմուտք շարժվենք, բայց դա վախեցնում է կլինիկական օրդինատուրայի շնորհիվ մեծ-մեծ փողեր աշխատող ղեկավարությանը:  

Նախ, պետք է կլինիկական օրդինատուրայի տեղերը սահմանափակել: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ գինեկոլոգիայի ամբիոններից ոչ մեկը քառասուն-հիսուն կլինիկական օրդինատոր պահելու հնարավորություն չունի. նրանց մի մասն ուղղակի պիտի զբոսնի ու պատմագիր գրի, որ պարապ չմնա: Բայց ընդունում են բոլորին, որովհետև մեծ փողեր են բերում: Ի՞նչ կլիներ, եթե տեղերը սահմանափակ լինեին, ու ստեղծվեին, այսպես կոչված, waiting list-եր, ու եթե մեկն իսկականից ուզում է գինեկոլոգ դառնալ, թող մի քանի տարի սպասի, մինչև կլինիկաներից մեկում տեղ կազատվի:

Հետո, կլինիկական օրդինատուրայի ծրագրի մեջ կարելի է ընդգրկել Հայաստանի բոլոր հիվանդանոցները, ստեղծել մրցակցություն ու նաև վարձատրել կլինիկական օրդինատորներին (ինչպես ամբողջ աշխարհում), ոչ թե փող վերցնել: Այս դեպքում միանգամից մի քանի հարց կլուծվի. 1. կլինիկական օրդինատորը պարապ չի մնա, որովհետև վարձատրության դիմաց նրանից աշխատանք կպահանջեն, 2. աշխատելու արդյունքում կսովորի, 3. բոլոր շրջանավարտները գինեկոլոգ ու ռադիոլոգ չեն դառնա, հետևաբար հանուն մի քանի տարի չսպասելու կընտրեն նաև «ոչ պրիստիժնի» մանկաբուժությունը 4. մարզերում նույնպես մասնագետներ կլինեն:

Բայց չէ, սա շատ բարդ հարց է: Համալսարանը պատրաստ չէ օրդինատուրայի բերած միլիոններից ու կլինիկական օրդինատորների ձրի աշխատանքից հրաժարվել, գլխավոր բժիշկներն էլ պատրաստ չեն հիվանդանոցի եկամուտից երիտասարդ բժիշկների համար աշխատավարձ հատկացնել, իսկ ծույլ շրջանավարտներից շատերն էլ պատրաստ չեն աշխատել. փող կտան, կլինիկական օրդինատուրայի դիպլոմը կստանան: Դրա համար ընտրում ենք հեշտ ճանապարհ. ֆակուլտետները վերաբացում ենք:

ԵՊԲՀ «առաջընթացը». 1. Ուսանողական խորհրդարանի դիրքերը

Երբ տարիներ առաջ ողջ ուսանողությունը ոտքի էր կանգնել, դասադուլ էր անում, որ մագիստրատուրայից ու ասպիրանտուրայից բանակ չտանեն, բժշկականը պասիվ էր: Պատճառը բնավ այն չէր, որ ԵՊԲՀ ուսանողությունը թքած ուներ կամ էշի ականջում քնած էր: Պարզապես առաջին դասադուլավորների հայտնվելուն պես ուսանողական խորհրդարանը բանավեճ կազմակերպեց, որը սկսվեց մոտավորապես այսպես. «Մենք ընտրում ենք պայքարի ավելի քաղաքակիրթ տարբերակը` դասադուլի փոխարեն բանավեճ կազմակերպելով, փորձելով լուծումներ գտնել»:

Չեմ կարծում, թե բանավեճը որևէ պտուղ տվեց: Միայն այն է տպավորվել, որ Աշոտյանն անընդհատ զինվորի դուխից էր խոսում` պնդելով, որ դա ավելի կարևոր է, քան բարձրագույն կրթություն ունենալը: Էդ ընթացքում ինչ-որ մեկը նրան հարցրեց, թե արդյոք ծառայել է բանակում: Կարծեմ հենց էդտեղ ավարտվեց բանավեճը:

ԵՊԲՀ-ն այդպես էլ չմիացավ դասադուլին` համոզված լինելով, որ պայքարի ավելի քաղաքակիրթ տարբերակն է ընտրել, մինչդեռ իրականում դա ընդամենը նշանակում էր չպայքարել: Ուսանողական խորհրդարանը կատարեց իր քաղաքական դերը` դասադուլավորների թվից հանելով ԵՊԲՀ ուսանողներին: 

Երկու տարի անց Սահմանադրության հանրաքվեի «Այո»-ներն էին շրջում համալսարանի պատերին, իսկ այն ժամանակվա ռեկտորը` Վ.Պ. Հակոբյանը, դասախոսությունների ժամանակ քարոզում էր հանրաքվեին մասնակցել և «Այո»-յի դիմաց թռչնակ դնել:

Իսկ ուսանողական խորհրդարանի պաշտոնաթերթ «Մեդիկուսին» թղթակցելու տարիներին մի քանի անգամ սարսափ եմ ապրել, երբ հին համարներում հանդիպել եմ ՀՀԿ-ի գովքին, իսկ մի համարի շապիկին նույնիսկ Գագիկ Բեգլարյանի նկարը: 

Ուսանողական խորհրդարանը կարծեմ ստեղծված էր ուսանողների շահերը պաշտպանելու համար: Թերթում էլ զանազան սուր թեմաներ էին շոշափվում, բայց երբևէ որևէ մեկը չէր քննադատել համալսարանի քաղաքականացվածությունը: Կտպագրվե՞ր արդյոք նման հոդվածը ՀԵՀ-ի հովանավորությամբ տպագրվող թերթում:

Սակայն Քյալյանի գալուց հետո համալսարանը կտրուկ ապաքաղաքականացվեց: «Մեդիկուսը» շարունակեց տպագրվել, բայց համալսարանի միջոցներով (չնայած հետո պիտի փակվեր ինձ համար այդպես էլ անհասկանալի մնացած պատճառներով): Որևէ կուսակցություն այլևս մուտք չուներ բուհ (լիներ դա ՀՀԿ, ԲՀԿ, թե ՀՀՇ): Ուսանողական խորհրդարանի ֆինանսավորումը կտրուկ նվազեց. Քյալյանը որակյալ նախագծեր էր պահանջում, ու միայն իր հավանության դեպքում էր համալսարանական բյուջեից գումար տրամադրում: Բեմի վրա կապիկություններ անելն ու անիմաստ քեֆերը կտրուկ նվազեցին:

Ուսանողական խորհրդարանը կորցրեց նաև իր արտոնությունները: Մի ժամանակ պետական քննությունների հանձնաժողովներում էին լինում, քննական թեստեր կազմելուն էին մասնակցում, կարողանում համոզել, որպեսզի այս կամ այն ուսանողը դուրս չմնա:

Այս փոփոխությունների հետ մեկտեղ ուսանողական խորհրդարանը վերջապես վերածվեց ուսանողների իրավունքների համար պայքարող կառույցի: Ինչ-որ իմաստով ընդդիմություն էր, որը համարձակորեն խնդիրներ էր բարձրացնում, ռեկտորի հետ կռիվ տալիս, զանազան հարցերի համար պայքար մղում:

Սակայն ընտրությունները մոտենում էին, և ԵՊԲՀ-ի նման չալաղաջը բաց թողնել չէր կարելի: Պետք էր ամեն կերպ քաղաքականացնել բուհը, իսկ դրա միակ ելքը ռեկտոր փոխելն էր: Հիշում եք, թե անցյալ տարի ինչ սկանդալային պատմություններով Գոհար Քյալյանը հեռացավ (ապրի մամուլը, որ էդպես հմտորեն կարողացավ սևացնել իսկապես աշխատող մի կնոջ), իսկ նրան փոխարինելու եկավ Դերենիկ Դումանյանը, որը քայլող քաղաքականությունն ինքն էր:

Հազիվ մեկ-երկու ամիս էր անցել, ինչ ռեկտորը փոխվել էր, բայց քաղաքականությունն էնքան արագ էր ներխուժել, որ էլ ասելու չէ: Ուսանողական գարունն արդեն ՀԵՀ-ն էր ֆինանսավորում, որին ներկա էին ՀՀԿ պատգամավորներ:

Եվ ահա անցավ մոտ մի տարի: Համալսարանում ահավոր փոփոխություններ են տեղի ունենում, որոնցից անընդհատ դժգոհում են ուսանողները: Մասնավորապես, վերջերս անընդհատ քննարկվում է բացակայությունները վճարովի դարձնելու հարցը: Նստած մտածում եմ` ինչու՞ չեն պայքարում: Եվ միայն վերջերս ստանում եմ հարցիս պատասխանը. կարծում են, թե պայքարում են: Ֆեյսբուքում հրապարակվում է ուսանողական խորհրդարանի նախագահության` ռեկտորի հետ հանդիպման արդյունքում «լուծում» գտած հարցերը: Էստեղ տեղադրում եմ միայն առաջին երկու կետերը.  «1. Թույլատրելի բացակայություններից դուրս ցիկլի կրկնությունը հարգելի բացակայությունների դեպքում կլինեն համալսարանի հաշվին:
2. Յուրաքանչյուր ուսանողի բացակայությունների հարգելի/անհարգելի լինելու հարցը կքննարկվի ՈՒխ-ի հատուկ հանձնաժողովի կոմից, որից հետո միջնորդագիր կներկայացվի ռեկտորատին, տվյալ ուսանողի բացակայությունները հարգելի համարելու համար»:

Ուսանողական խորհրդարանը նորից հզորանում է, ստանում է իր նախկին արտոնությունները: Վիրտուալ բանավեճ է ծավալվում: Սարսափահար նկատում եմ, որ այն ամենապայծառ ուղեղներով ուսանողները, որոնք պիտի կանգնեին ու պայքարեին նման «բարեփոխումների» դեմ, կոչ են անում կոնստրուկտիվ առաջարկներ անել ու չդժգոհել: Ավելին` նրանցից մեկը հրապարակում է նաև վերջերս ուսանողների դիմումը ուսանողական խորհրդարանի նախագահին, որում ասվում է. «1. Բարեփոխումները կատարվեն նոր ուս տարվա սկզբից, պայմանագիր կնքելուց առաջ:
2. Վերանայել լրացման նոր կարգի և ուսանողի հետ արդեն կնքված պայմանագրի համապատասխանությունը:
3. Առարկաների լրացումը լինի ըստ բացակայած օրերին համապատասխան շաբաթի և ոչ թե ըստ ամբողջ ցիկլի:
4. Լրացման համար նախատեսված վճարը հաշվարկվի ըստ դասախոսին փոխանցվող գումարի:
5. Նոր կարգի հաստատումից առաջ ուսանողի կողմից ներկայացված դիմումը պատասխանել համաձայն նախկին կարգի:
6. Կլինիկաներում նույնպես դասերը սկսվեն ինն անց երեսուն»:

Առաջին հայացքից թվում է` ապրեն ուսանողները, պայքարում են, հարցերի լուծումներ պահանջում, բայց որտե՞ղ է ուսանողների դժգոհությունը հենց վճարովի լրացումների մասին: Կարծես նրանք այնքան բարի են, որ մտահոգված են դասախոսի վարձատրությամբ ու պահանջում են, որ գումարը գնա դասախոսին: 

Փաստորեն, ԵՊԲՀ ուսանողությունը վերադարձել է պայքարի քաղաքակիրթ ձևին, ինչը միայն պայքարի թատերականացում է` այդպիսով ճնշելով հնարավոր իրական դժգոհությունները, որոնք կարող էին ծայրահեղ քայլերի հասնել` ռեկտորին ստիպելով հրաժարվել այս նորամուծությունից:

Շարունակելի

Քերոյի ծննդյան օրը

Երբ առաջին կուրս էի, լավ եմ հիշում` խմբում առաջինը Ալիկի ծնունդը շնորհավորեցինք: Իրար համարյա չէինք ճանաչում, նոր-նոր ուսանող էինք դարձել, ու պարզվում է` սեպտեմբերի 19-ին Ալիկի ծննդյան օրն է: Նվեր ենք առնում: Փղիկ էր: Չեմ հիշում` ում միտքն էր, բայց Ալիկը ծաղրեց նվերը: Տարիներ անց մենք էլ էինք ծիծաղում ինքներս մեզ վրա, որ տղային փղիկ ենք նվիրել: Ալիկն էլ էն ջրիկ տղաներից էր, որ ամեն առիթով կատակ էր անում, աղջիկներն էլ ծիծաղից հալվում էին: Հետո ֆակուլտետը փոխեց, գնաց ստոմ, էլ չիմացանք` ինչ էղավ:

Հենց էդ ժամանակվանից ավանդույթ դարձավ բոլորի ծնունդին ինչ-որ նվեր տալը: Էդ մի հոգուց թաքուն միշտ կհավաքվեինք, կփսփսային` ի՞նչ անենք, ինչքա՞ն հավաքենք: Ու էդպես առաջին-երկրորդ կուրսերում: Երրորդում խմբերը խառնվեցին իրար, արդեն հավես չկար հետևելու, թե ով երբ է ծնվել: Իսկ ավելի ուշ արդեն խմբում մարդ ա իր մտերիմին առանձին նվեր էր անում:

Մենք մեր էս կուրսով հավաքվել ենք ընդամենը երեք շաբաթ առաջ: Առաջինը քենիացի սևամորթուհի Քերոյի ծնունդն էր` սեպտեմբերի 19-ին: Որևէ բան կազմակերպելը դժվար չէր. մենք բոլորս Բեռլինում էինք ապրում, Քերոն` Պոտսդամում, հետևաբար առանձին քննարկելու լիքը հնարավորություններ կային: Քերոն մեզնից շուտ էլ դասի է հասնում. դիմացի շենքում է ապրում:

Երբ էսօր գնացքի կայարանից տորթ գնեցինք, իսկ համալսարանի կայարանում արագ-արագ ոտքի վրա բացիկն էինք գրում, շատ լավ գիտեինք, որ երբ հասնենք, Քերոն արդեն լսարանում է լինելու:

Միջանցքում էլի փսփսում ենք: Հա, Քերոն էնտեղ է: Մի քանիսն էլ, որ շուտ էին հասել: Մեկ էլ երգելով մտնում ենք, տորթը տալիս: Քերոն հուզվում է: Ափերով դեմքը փակում է, որ արցունքները չտեսնենք:

Դասերից հետո վերցնում ենք Քերոյին, գնում խմելու: Մի երկու ժամ միասին նստում ենք, խմում, տորթը ուտում, շարժվում դեպի տուն. պարապելու լիքը բան ունենք:

Քերոն հուզված է. 
– Մենք երբեք էսպես չենք նշում ծնունդները: Ուղղակի ասում ենք շնորհավոր ու վերջ:

Քերոն չգիտի, որ մենք էլ սովորաբար էդպես չենք նշում:

Բժշկականում անվճար տեղերի կրճատում

Տարվա սկզբին հայկական թերթերի լրագրողներն ականջները սրած հետևում էին ԵՊԲՀ նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի յուրաքանչյուր քայլին, արտահայտությանը, չեղած տեղից կեղտոտ հոդվածներ էին գրում ու անիմաստ մրոտում մի մարդու, որը ջանք չէր խնայել Երևանի պետական բժշկական համալսարանը նորմալ կրթական հաստատություն դարձնելու համար (մանրամասն՝ այստեղ ): Դեռ այն ժամանակ ինտերնետային բանավեճերի ժամանակ, երբ ԵՊԲՀ ուսանողները Քյալյանի դեմ լարված զանգվածին փորձում էին բացատրել, որ թերթերի հոդվածները հեռու են իրականությունից, մի ուսանողուհի մոտավորապես էսպիսի բան գրեց. «Քյալյանից էնքանով եմ գոհ, որ ես անվճար եմ»:

Կարճ ժամանակ անց, չնայած բազմաթիվ ուսանողների դժգոհություններին, Քյալյանն այլևս ռեկտոր չէր: Իսկ երբ կիսամյակն ավարտվեց, ու մոտեցանք նույն ուսումնական տարուն, երրորդ կուրսից չորրորդ փոխադրված նույն ուսանողուհին և էլի շատերն անվճարից հայտնվեցին վճարովի համակարգում ոչ թե վատ սովորելու պատճառով (մեծ մասն աչքի է ընկնում առաջադիմությամբ), ինչպես լինում է ռոտացիայի ժամանակ, այլ որովհետև ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսից 30 անվճար տեղ կրճատվել, տրվել է ռազմաբժշկական ֆակուլտետին, չնայած պայմանագրի կետին, որ անվճար տեղերը սահմանվում են նախապես և չեն փոփոխվում ուսումնառության ողջ ընթացքում:

Տարիներ առաջ, երբ ռազմաբժշկական ֆակուլտետը փակվեց, նրանց հատկացվող 30 տեղերը միացվեցին ընդհանուր բժշկության ֆակուլտետին՝ այդպիսով ավելի շատ ուսանողների հնարավորություն տալով անվճար սովորել, սակայն պայմանագրի մեջ կետ չկար, թե՝ գիտես, բալիկ ջան, դու արխային սովորի, բայց երրորդ կուրսում ավելի շատ պիտի քրտնես, որովհետև 30 տեղ կրճատելու ենք, վճարովի ընկնես: 

Կրճատման արդյունքում հնարավորություն են տալիս անկախ առաջադիմությունից 30 արական սեռի (սեռական խտրականությունն էլ մի կողմից) ուսանողների դիմում գրել, տեղափոխվել ռազմաբժշկական ֆակուլտետ: Փորձեցինք պարզել, թե իրականում քանի հոգի է դիմում գրել: Ոչ ոք այդ հարցին հստակ պատասխան չտվեց, ու չնայած կոնկրետ թիվը հայտնի չէ, բայց գոնե գաղտնիք չէ, որ այդ 30 տեղերը չեն լրացել, այսինքն՝ ինչ-որ քանակով անվճար տեղեր մնացել են օդի մեջ, ու պարզ չէ, թե դրանց հետ ինչ է լինելու: Գուցե ավելի խելամիտ կլիներ ռազմաբժշկական ֆակուլտետ տեղափոխվելու հնարավորություն տալ միայն առաջադիմությամբ առաջին 128 տեղերը զբաղեցրած ուսանողներին: Այլապես ստացվում է այնպես, որ կարելի է ամենավերջին լիկվիդչիկը լինել, բայց ռազմաբժշկական ֆակուլտետում անվճար սովորելու հնարավորություն ստանալ, մինչդեռ շատ ավելի բարձր առաջադիմություն ունեցողները լավ գնահատականներ ստանալու համար այդքան տանջվելուց հետո հայտնվում են վճարովի համակարգում: 

Ուսանողները չեն պատրաստվում այսքան հեշտ մարսել իրենցից խլած անվճար տեղերը: Վերջիվերջո, 800 000 դրամի հետ գործ ունեն, որը ոչ բոլորն են ի վիճակի վճարել: Մինչ նրանք փորձում են ինքնուրույն պայքարել իրենց իրավունքների համար, պարզել, թե ինչ է լինելու ռազմաբժշկականի թափուր տեղերի հետ և ընդհանրապես քանիսն են դրանք, լրագրողները լռում են ու հետաքրքրվածության նշաններ ցույց չեն տալիս: Մնում է ենթադրել, որ ներկայիս ռեկտոր Դումանյանի դեմ գրելու հրահանգ չկա, ու ինչքան էլ իսկապես բացասական երևույթներ առաջանան ԵՊԲՀ-ում, մամուլը թքած է ունենալու:

Երևանի գրադարաններն ու իմ փորձը

Գրքերի հանդեպ սերս փոքրուց է: Տառերը նոր էի սովորել, երբ արդեն գիտեի, որ գրադարանները դառնալու են Երևանում սիրածս վայրերից: Արդեն երկրորդ դասարան էի, երբ գրվեցի մեր տան մոտի Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանում, իսկ աշխատողները զարմացել էին, որ էդքան փոքր, բայց արդեն կարդում էի:

Խնկո Ապեր

Ուսանողական գարուն

Նկարներ չունեմ, բայց դե առանց դրա յոլա գնացեք:

Ամեն անգամ, երբ ներկա եմ գտնվում ուսանողական գարնանը կամ աշնանը, միշտ ասում եմ՝ անցյալ տարի ավելի լավ էր: 

Հիմա էլ բացառություն չէ, բայց երբ հետ եմ նայում, կարողանում եմ առանձնացնել ամենահիշարժանը:

Իսկ էսօր… չափից դուրս տափակ էին, չափից դուրս անպատրաստ ու անմշակ: Ստոմերի ելույթը դուրս էկավ, ուղղակի շատ երկար էր: Պետք էր տափակ մասերը հանել, համ չէր ձանձրացնի, համ էլ հրաշալի ելույթ կլիներ:

Ու նորից՝ հալալ ա ստոմերի ռիսկին: Չգիտեմ, գուցե լիքը ուրիշ հումորներ գրաքննություն էին անցել, չգիտեմ:

Շատ համարներ մի տեսակ ոնց որ պարտադրված լինեին:

Բուժֆակի էրեխեքն էլ լավ նվագեցին: Մի աղջիկ էլ հրաշալի երգեց Քեթի Մելուայի "Piece by Piece"-ը:

Տարօրինակ կերպով էսօր դահլիճում նստած ժամանակ էն նույն ապահովության զգացումը չունեի, որ սովորաբար ունենում էի, երբ բուհի ղեկավարությունն առաջին շարքում էր լինում: Օտարացած էի: 

Protected: Կյանքը երեքի օրոք

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Это все

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me