Ուզում էի ասել…

… կորչի Ֆրեյդը ու մի երկու լավ բառ էլ ավելացնել, բայց որոշեցի հարգել հոգեբանների նուրբ զգացմունքները հոգեվերլուծության պապայի հանդեպ:

Փոխարենը… Մեծանում ենք, բայց քննության պատրաստվելու ձևը չի փոխվում: Մենակ գրքերի վերնագրերն են ուրիշ, մի քիչ էլ բարակել են: Թե չէ քանակը լրիվ նույնն է:

Երբ նույն գրքում նոր բան ես հայտնաբերում 2

Եթե հիշում եք, մի քանի օր առաջ դիմել էի ձեր օգնությանը, որովհետև ոչ մի կերպ չէի կարողանում գտնել, թե ինչ է նշանակում էֆեկտոր և ռեցեպտոր կատատոնիա: Որոնումները շարունակվում էին մինչև այսօր: Փնտրտուքներին միացել էր նաև Ռոզիկը. հերթով լինքեր էր գտնում, տալիս էր ինձ, նայում էի: Ես էլ զուգահեռ ինտերնետն էի փորփրում: Վերջը գտա. Ступор, сопровождаемый помрачением сознания, прежде всего онейроидным, называют рецепторным; ступор, существующий на фоне ясного сознания, — люцидным или эффекторным. 

Հա բա… պիտի պարտադիր ինձ ծանոթ օնեյրոիդ և լյուցիդային կատատոնիաներին ուրիշ անուն դնեին:

Ես կասեի՝ ամիսներ առաջ ինձ իմաստուն խորհուրդ էին տվել, որ էդ հայերեն գիրքը զուբրիտ անեմ: Խնդրեմ, վերջերս մի նորություն գտել էի, մյուսն էլ էսօր գտա, երբ հետաքրքրության համար բացեցի կատատոնիային նվիրված էջը… Լյուցիդայինի ու օնեյրոիդի կողքը՝ փակագծերի մեջ, գրված էին էդքան փնտրվող էֆեկտոր և ռեցեպտոր բառերը… Մեռնեմ իմ անուշադրությանը: Էս շշմած վիճակով ո՞նց եմ բժշկականն ավարտել, չգիտեմ:

Protected: Քննական էլի

This content is password protected. To view it please enter your password below:

Էլ չեմ ուզում

Երբ դուրս ես գալիս արդեն երրորդ փորձնական քննությունից ու զգում ես, որ բացարձակապես ոչ մի տարբերություն չկա. շաբաթներ շարունակ դոփում ես նույն տեղում, թեկուզ շատերը կերազեին նույն միավորները հավաքել, գրքերի նկատմամբ զզվանք է առաջանում: Ու անգամ քո սիրելի առարկաներից մեկի սիրելի բաժինը կարդալը քեզ հաճույք չի պատճառում: Գլուխդ դնում ես ընթերցասրահի՝ արդեն հարազատ դարձած սեղանին ու քնում: Աչքերդ բացում ես այտիդ տակ հարմարված ձեռքիդ թմրածությունից: Ուզում ես մի բան կարդալ, բայց չէ՛, չի ստացվում: Ու հիմա գոնե գիտես, վստահ ես, որ քննությունը, միևնույն է, ցածր ես ստանալու, հետևաբար մնում է կարդալ միայն այն, ինչ քեզ հետագայում պետք է գալու, կարդալ քեզ համար ու թքած բոլոր տեսակի քննությունների վրա:

Իսկ դասախոսը ոչ մի կերպ չի հասկանում, որ էկոլոգիան այս պահին մեզ բացարձակապես չի հետաքրքրում: Ոչ ոք ոչինչ չի հասկանում: Կարող ես ժամերով պարապ նստել ու ոչինչ չանել, բայց դու ի վիճակի չես գրքերիցդ զատ ուրիշ բանով զբաղվել: Քեզ կասեն՝ ծույլ ես, մինչդեռ ուղեղդ պարզապես անջատվել է ուզում, ոչ մի բանի մասին չմտածել:

Առավոտյան չես կարողանա արթնանալ ոչ թե որովհետև ուշ ես քնել, այլ որովհետև ոչինչ այլևս քեզ չի ձգում, ու չես ուզում նորից նույն լարված օրն ապրել, չես ուզում ուշացած լսարան մտնել, և զայրացած դասախոսը, որը բրոմիզմն ու շիզոֆրենիան իրարից տարբերում է միայն նրանով, որ առաջինին կարելի է տանը պահել, սպառնում է, որ եթե նորից ուշանաս, «բացակա» կդնի: Ու դու թքած ունես. քնել ես ուզում:

Գիշերներն ուշ ես քնում ոչ թե նրա համար, որովհետև անքնությամբ ես տառապում, այլ պարզապես ալարում ես տեղիցդ վեր կենալ, երկու քայլ անել դեպի մահճակալ: Ու փնտրում ես, անվերջ ինչ-որ բան ես փնտրում ինտերնետում, որ լավ չես հասկանում՝ ինչ է:

Չես ուզում դասամիջոցին նորից գնալ «Թեսթի», որովհետև «Լիստիկում» տեղ չկա, ու հերթեր են: Կարկանդակ ուտել չես ուզում, որովհետև շատ լավ զգում ես, թե ինչպես ես կամաց-կամաց առողջությանդ հերն անիծում: Չես ուզում դասերից հետո որևէ նիստ ունենալ, որի ժամանակ կքննադատեն քո աշխատանքը, իսկ դու չես փորձի պաշտպանվել, այլ կերազես, թե երբ պիտի էս մի ամիսն էլ անցնի, և  դու հավերժ հրաժարվես հասարակական աշխատանքից: Չես ուզում գնալ ընթերցասրահ, որտեղ տեղ չի լինի, և ստիպված կլինես մի անկյունում մի կերպ հարմարվել կամ եթե նույնիսկ տեղ գտնես, պիտի հեռու լինես քո մտերիմներից: Չես ուզում ձանձրանալ կուրսեցիներիդ անվերջ հարցերից՝ լսել եմ, թե շեմքն իջեցնելու են, լսել եմ՝ ձեր խմբում գինեկի թեստ կա, լսել եմ՝ քննությունն ամսի 6-ին է, լսել եմ՝ այսինչ ամբիոնն այսքանով վաճառում է թեստերը, լսել եմ, լսել եմ, լսել եմ… Ու քեզ թվում է, թե ամբողջ 250 հոգանոց կուրսում դու միակն ես, որ ոչ մեկի լսածին չես հավատում, այլ ուզում ես հնարավորինս շուտ ազատվել այս մղձավանջից:

Վախենում ես ապագայից, վախենում ես նույնիսկ երազել: Իսկ ես անհամբերությամբ եմ սպասում, թե երբ է գալու այն օրը, որ վերջին պետականից հետո դուրս գանք և ուղղակի գոռանք, վեց տարիների ընթացքում կուտակված բոլոր՝ արդեն անպետք դարձած քսերոքսները վեր նետենք, որից հետո կտակ գրենք. մեզ դրանք էլ պետք չեն:

Բայց ուզում ես, անչափ շատ ես ուզում ամեն օր, անընդհատ իսպաներենի գնալ, չաչանակել այնպես, որ ոչ ոք չհասկանա: Ուզում ես շեղվել այս` արդեն գծված ու հազար անգամ հաստացված գծից, որին ստիպված հետևում ես ամեն օր, որի գերին ես, ու նույնիսկ հարյուր մետրով այդ ճանապարհից շեղվելն անչափ դժվար է քեզ համար:

Ուզում եմ ինչ-որ մեկի հետ խոսել, անվերջ, անընդհատ, մինչև ծնոտս պոկվի-ընկնի, մինչև լեզուս ինձ հայհոյի իրեն չխնայելու համար: Բայց լռություն է, դատարկություն կամ էլ խոսակցություններ, որոնք էնքան որ ստեղծվում են, չես իմանում` ինչի համար: Ուզում եմ փախչել իմ կառուցած վանդակից:

Դարդեր

Ինչու՞ են մարդիկ հոգնում, քնում, ուտում, զուգարան գնում: Դրան էլ ավելացնենք դասերին ներկա գտնվելու ժամանակն ու կողմնակի մանր-մունր բաները, և օրվա 24 ժամից հինգ-վեցը կմնա: Բա ո՞նց հասցնեմ էսքանը: Վաղը մեր առաջին փորձնական թեստային քննությունն է: Էսօր առաջին չորս խմբերն էին, դրական ստացող չի եղել: Վաղն էլ մենք չենք ստանա, էլ չեմ խոսում ավելի հոտավետ գնահատականների մասին: Այդ թեստերը հաղթահարելու համար պետք է 22 առարկա իդեալական իմանալ: Դա հնարավո՞ր բան է: Ու ժամանակ էլ չկա ախր: Մայիսի կեսերին պետք է հանձնենք, իսկ ես նույնիսկ թերապիան չեմ հասցնում: Մենակ ես չեմ էս խայտառակ վիճակում: Մտածե՞լ են, թե ինչ փորձության առաջ են մեզ կանգնացնում: Գոնե մինչև քննությունը մի լրիվ ամիս ազատ ժամանակ տային, որ օր ու գիշեր պարապեինք, ուրիշ բաների մասին չմտածեինք: Թե չէ էսպես չգիտես` որն անես, որը թողնես: Իսկ ընդհանրապես որևէ մեկը ստուգու՞մ է էդ թեստերը, տեսնու՞մ է, թե ինչ մանր-մունր հարցեր կան, պարզու՞մ են, թե ինչքանով է համապատասխանում մեր ձեռքի տակ եղած գրականությանը… Հետո ինչ, որ հարցաշարերի տակ որևէ գրքի անուն կա գրած: Դա բնավ չի խանգարում, որ թեստերն ինտերնետից քաշեն ու անկապ թարգմանեն:

Ցնդում եմ արդեն: Գիտեմ, որ եթե վաղը չստանամ, դուխս գցելու եմ ու չկարողանամ պարապել: Գոնե, գոնե 80 հատ գրեի…

Եթե միայն կատարյալ հիշողություն ունենայի, այնքան աշխատասեր լինեի, որ գրքերից չպոկվեի, մտածելու ուրիշ հարցեր չունենայի, ուտելու ու քնելու վրա ժամանակ չծախսեի, գուցե հիմա այսպես նեղված չնստեի:

Առաջընթաց

Նարնջագույն մարկերով ընդգծելով ախտաֆիզիոլոգիայի հարցաշարի միակ սպիտակ մնացած հարցը` հպարտությամբ հայտարարեցի.
– Երեք առարկա արդեն պարապել եմ: Մնաց 19:
…Ու երկու ամիս ժամանակ: Էս երեքը մեկուկես ամսում վերջացրի: Յուրաքանչյուր գիրք վերջնականապես փակելուց հետո ասում եմ. մյուսները հեշտ են լինելու: Բայց հասցնելու հույսեր չկան: Իսկ ամենածիծաղելին այն է, որ երևի կուրսում միակ մարդն եմ, որ արդեն երեք առարկա պարապել է:

Երբ ամսի 28-ին մեր միության էրեխեքով գնացինք Թումանյանի այգի պիկնիկի, ես միանգամից հասկացա, թե որքան հարմար տեղ է պարապելու համար. վերցնում ես մի տոննա ուտելիք (ուսանողներիս համար պարապելիս ամենակարևոր կետն է), գրքերդ ու մի ծածկոց, գնում ես, օրդ այնտեղ անցկացնում: Ալիսը դա հաստատեց՝ ասելով, որ պետական քննություններին այնտեղ է պատրաստվել, չի զգացել, թե ինչպես է ժամանակն անցնում:

Իմ այդ հայտնագործության մասին ասացի մնացածներին: Թեև ոմանք առաջարկս մեծ ոգևորությամբ ընդունեցին, բայց հասկացա, որ, միևնույն է, չեն գալու, և ես կիրակի օրը, երբ ընթերցասրահը փակ է, մենակ պիտի գնամ այնտեղ:

Հիմա արդեն այդ կիրակին է: Կնախաճաշեմ, դուրս կգամ: Խանութից գնումներ կկատարեմ: Իսկ երբ գա ճաշի ժամը, կգնամ Շինարարների փողոց, որտեղ տատիկս է ապրում և ինձ համար պիցցա է պատրաստել:

Նախաքննական

Հաճելի է ժամերով նստել ընթերցասրահում ու կարդալ, արանքներում էլ ջրիկանալ: Հինգերորդ կուրսը չորրորդի հակապատկերն է. հիշում եմ՝ անցյալ տարի զոռով էի ինձ ստիպում, որ նստեմ ընթերցասրահում, կարդամ: Իսկ հիմա ինքս էլ չեմ նկատում, թե ինչպես են ժամերն անցնում: Կարող եմ անգամ այդքան ատելի վիրաբուժության վրա կենտրոնանալ, ավելին՝ սիրել այն:

Պարապում եմ ընթերցասրահում, պարապում եմ տանը: Գրասեղանիս վերադարձը դաս անելու նոր խթան է: Միացնում եմ Թորի Ամոսի սկավառակը, բացում դասագրքերս և անցնում գործի… Իսկ սենյակիս վարդերն արդեն չորացել են, փոխել է պետք:

Թող ինձ մեղադրեն, թող ցեխ շպրտեն վրաս, բայց ես իսկապես այդպիսի օրինաչափություն եմ գտել. երբ Ակումբ չեմ մտնում, տրամադրությունս հազվադեպ է իջնում, բոլոր գործերս հասցնում եմ, անգամ դասերս հաճույքով եմ սովորում, ինձ չեմ թերագնահատում:

Դուրս եկավ, երբ Մարիան ասաց.
– Եթե հոգեբուժության քննությունից «9» ստանաս, սպանելու եմ:
Իրոք, դա ահավոր կլինի: Ես կհամոզվեմ, որ քննություններն ընդամենը վիճակախաղեր են, դու բռնում ես պատահականորեն քեզ շպրտված գնահատականը: Չէ՞ որ, եթե չհաշվենք անգլերենը, մնացած երեք «տասերս» հաստատ այն առարկաներից չեմ ստացել, որոնք մյուսներից լավ գիտեի:
Գերազանցիկներն ամենաբախտավորներն են, քանզի նրանց միշտ բարձր գնահատական է բաժին ընկնում: Ես բախտավորներից մեկն եմ:

Վերադարձ

Եվ ավարտվում է կյանքիս լավագույն ամիսը: Այո՛, չեմ վախենում այդ բառից… Լավագույն… Հետո՞ ինչ, որ ամենասիրելի մարդիկ կողքիս չէին, հետո՞ ինչ, որ այս ամսվա ընթացքում ընդամենը երկու անգամ եմ արտասվել, այն էլ պատճառը ոչ թե այստեղ էր, այլ Հայաստանում:
Ամստերդա՛մ, ես քեզ սիրում եմ: Հույս ունեմ, որ էլի կհանդիպենք:

Չնայած որոշել էի քննաշրջանի ընթացքում ընդհանրապես ոչինչ չգրել, բայց չդիմացա: Ոնց որ մազոխիստ լինեմ. տարվա սիրածս հատվածը քննաշրջանն է, երբ լարված պարապում եմ: Գուցե նրա համար եմ սիրում, որ ժամանակ չկա մտածելու, անհանգստանալու, կասկածելու, տխրելու, լքված զգալու: Պետք է շունչդ պահած պարապես: Ինչպես միշտ, թվում է, թե ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ կարդացել:
Ամսի 5-ին առաջին քննությունս է՝ մաշկավեներաբանություն: Այսօր ամբողջ օրը սիֆիլիս էի սովորում: Ծիծաղս եկավ, երբ հասա կանխարգելմանը և տեսա, որ սիֆիլիսով հիվանդանալու ռիսկի խմբի մեջ են մտնում ոչ միայն բոմժերն ու մարմնավաճառները, այլև տաքսու վարորդները: Է՛հ, եթե մարդիկ մի քիչ բարոյական լինեին, քննական նյութն ուղիղ 60 էջով ավելի պակաս կլիներ, այսինքն՝ սեռավարակներ գոյություն չէին ունենա: Երևի այդպես է անցնում կենդանիների մաշկա(վեներա)բանության քննություն. կարծեմ նրանք չունեն սեռավարակներ: Բայց փոխարենը երևի մեծ շեշտ են դնում սնկային հիվանդությունների վրա. ախր նրանք մեզնից շատ են վարակվում դրանցով:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me