Խառնող քաղաքը

Քաղաքը սիրելու համար այն պիտի ինչ-որ զգացողություններ առաջացնի. կարոտ, տխրություն, զզվանք, ժպիտ, զայրույթ, հաճույք, վախ: Լավ, թե վատ, մի ձևով պիտի ներսդ փոխի: Դրա համար Բեռլինը չսիրեցի. ոչինչ չէր առաջացնում: Ու հենց Բեռլինի հակառակ բևեռում գտնվում է հարևան երկրի մայրաքաղաքը՝ Ամստերդամը, որտեղ բոլոր զգացողություններդ հանդիպում են իրար, խառնվում, ու չես հասկանում՝ պիտի լացե՞ս, թե՞ ծիծաղես:

Ամստերդամի կենտրոնը տարվա բոլոր օրերին, օրվա բոլոր ժամերին մարդաշատ է, ու էնտեղ հիմնականում նրանք են, ովքեր հետո էլ հետ չեն գալու: Տեսնում ես տարբեր գույների, ձայներով, հագուստով, լեզուներով մարդկանց ու վախենում ես, պայուսակդ պինդ բռնում, որ չգողանան:

Մանր անձրև է գալիս, որը հայերեն ուրիշ բառ չունի, որովհետև Հայաստանում դրանից չկա: Գորշ է, զզվելի ու դեպրեսիվ գորշ: Սկզբում տհաճ է, հետո սովորում ես, էլ չես մրսում: Անձրևի կաթիլները թաքնվում են մազերիդ արանքում: Քայլում ես զուսպ տոնական ձևավորման միջով, ու ձեռքերդ սառում են ռադիոյի ալիքներն անընդհատ փոխելուց: Անցնում ես պստիկ գրախանութների մոտով, որոնց մասին քեզ առաջին անգամ պատմել է Լիկըն տարիներ առաջ, զսպում ես քեզ, որ ներս չմտնես, որովհետև գիտես, որ ամեն մի նոր գիրքը նոր ծանրություն է ճամպրուկումդ: Ներսումդ ամեն ինչ խառնված է: Անընդհատ վերադառնում ես Ամստերդամ՝ չհասկանալով, թե ինչ ես փնտրում և արդյոք փնտրածդ հենց այնտեղ է: Բայց քաղաքը ձգող ուժ ունի, ու ամեն հեռանալուց գիտես, որ դա վերջին անգամը չէր:

Սուրբ Ծննդյան տոնավաճառն ու Բրեմենը

Տրամվայից իջա, ու իմ գիշերը չքնած, դեռևս Ֆինլանդիայի ցրտերին համապատասխան մարմինս 10 կիլոյանոց ճամպրուկով հայտնվեց Բրեմենի կենտրոնում, որտեղ մութը կամաց-կամաց ընկնում էր, իսկ սև ամպերն անձրև էին խոստանում. չափից դուրս տաք էր ձյան համար:DSCF2615

Շշմած նայում եմ էս ու էն կողմ վազող տրամվայներին, անհյուրընկալ գերմանացիներին ու փորձում հասկանալ՝ որտեղ է այդքան հայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որտեղ սովորաբար Խրոնինգենի Էրասմուսի ուսանողներին տանում են տոներից առաջ, իսկ ես համառորեն չեմ միանում նրանց: Լավ էլ անում եմ. ըհը, էս անգամ իմ ոտքով հայտնվեցի այստեղ:

Հոտոտում ու վերջապես գտնում եմ տոնավաճառը: Լիքը լույսեր, Ծննդյան տոների քերոլներ, տաղավարներ զանազան զրթիկներով ու ուտելիքներով, գնորդներ հիմնականում գերմանացիների ու հոլանդացիների տեսքով… անջատվում եմ, իսկ Բրեմենը հեքիաթային է, սիրուն է: Ճամպրուկս քարշ տալով անցնում եմ բոլոր տաղավարների մոտով՝ ճեղքելով բազմությունը, հազիվ վարժվելով, որ anteeksi-ի փոխարեն պիտի էդ անբարեհունչ, անդուր ու երբեմն ծիծաղելի Entschuldigung-ն ասեմ:

DSCF2633

Անձրև է սկսվում: Մարդիկ դեսուդեն են փախչում, թաքնվում: Կարճ ժամանակ անց տոնավաճառը դատարկվում է, իսկ ես շարունակում եմ առաջ գնալ՝ ճամպրուկս հետևիցս քարշ տալով: Անձրևն անսովոր տաք զգացողություն է առաջացնում, չնայած բնավ չի սազում տոնական մթնոլորտին: Չէ, ցուրտ չէ, հերիք բողոքեք եղանակից: Գնում եմ էնքան, մինչև գտնում եմ բրեմենյան երաժիշտների արձանը, բարևում, շնորհավորում տոների առթիվ ու շարժվում դեպի կայարան:

DSCF2636

Հա, հավես էր տոնավաճառը, բայց շուտով պիտի զզվեի դրանից, երբ ճիշտ նույն բանը հաջորդ օրը Դյուսելդորֆում տեսնեի, պիտի հոգնեի, պիտի երազեի փոփոխության մասին ու հիշեի Յոենսուի փոքրիկ անկյունը, որն ինձ հազար անգամ ավելի էր դուր եկել, քան գերմանական մի քանի փողոց ու հրապարակ զբաղեցնող ճոխ-ճոխ ու ձանձրացնող տոնավաճառը:

Protected: Երկու գիշեր

This content is password protected. To view it please enter your password below:

Տամպերեի տարօրինակ օդանավակայանը

Զարմացա այն պահից, երբ իմացա, որ Տամպերեի կայարանից օդանավակայան գնացող Ryanair ավիաընկերության ավտոբուսի համար ոչ թե նստելիս, այլ իջնելիս պիտի վճարես: Միանգամից հիշեցի մեր հին ու բարի երթուղայինները, երբ ավտոբուսի դռան մոտ կանգնած մի կին հերթով հավաքում էր տոմսի փողը՝ առանց դրա դիմաց տոմս կամ որևէ կտրոն տալու: 
DSCF2606
Հետո արդեն օդանավակայանն էր դրսից: Պուճուր-մուճուր շենք էր: Անգամ վախեցա, թե ոնց է ավտոբուսի ամբողջ ժողովուրդը տեղավորվելու դրա ներսում: Հա, փոքր օդանավակայաններ շատ եմ տեսել, բայց գոնե ինչ-որ տեսք, ինչ-որ լրջություն ունեին: Իսկ սա դրսից ոնց որ ինչ-որ մեկի տունը լիներ:

Ներսում իսկապես նեղվածք էր, չնայած էդ ժամերին միայն մի թռիչք կար: Անկյունում սեղանիկ էր դրված, ուտելիք-խմելիք էին վաճառում: Իսկ սրահի հակառակ կողմում զուգարանն էր, որն ընդամենը մի խուց ուներ ու սարսափելի կեղտոտ էր: Մեջտեղում էլ մի ցուցանակ էր փակցված, վրան գրված էր՝ Բրեմեն: Նորմալ օդանավակայաններում սովորաբար նույն բանը գրված է լինում էկրանին, չվերթի ժամը, check-in-ն ու ավիաընկերության անվանումն էլ հետը: Չէ, էստեղ մենակ թղթի կտոր էր: 

Ուղևորներին գրանցող կնոջ հետևում և կողքից փայտե կիսապատ կար: Կարծեմ նման բան փոքր ժամանակ սովետական փոստերում եմ տեսել: Ու թվում էր՝ ուր որ էն կլորակներով հաշվիչը կհանի, կլորակներն առաջ ու հետ կտա: Չէ, մենակ անձնագրերն ու նստեցման կտրոնն էր ստուգում և ուղեբեռը կշռում: Դես նայեցի, դեն նայեցի, բայց էն թիթիզ սարքերից չտեսա, որ ուղեբեռը շարժում, տանում է դեպի ինքնաթիռ: Հա, ասենք Ryanair-ի ուղևորները սովորաբար խուսափում են ճամպրուկ հանձնելուց, որովհետև դա փող արժե, բայց բնավ չի նշանակում, որ բոլորն էլ հրաժարվում դրանից: Ինչևէ, էդպես էլ ինձ համար հանելուկ մնաց, թե ուր էին գնում հանձնված ճամպրուկները: 

Էդ տեսարանից էնքան էի սարսափել, որ մտածում էի՝ սկի ուղեբեռը չեն էլ ստուգի, ու ինչ տեռորիստ ասես կարող է ինքնաթիռ նստել: Բայց չէ, առանց դրա ի՞նչ օդանավակայան: Ավելին՝ միակ տեղն էր, որ բավական հարմարավետ էր սարքած. վերջում սեղաններ էին դրված, որ հանգիստ կարողանաս իրերդ նորից իրենց տեղերում դնել:

Երբ հասանք ելքի մոտ, հայտնաբերեցի, որ օդանավակայանի մուտքից այն առանձնացած է նույն փայտե կիսապատերով, այսինքն՝ տեռորիստը հանգիստ կարող է թռնել պատի վրայով՝ շրջանցելով ուղեբեռի ստուգումը: Նորմալ օդանավակայանների հարմարավետ նստարանների փոխարեն էստեղ ինչ-որ մաշված աթոռներն էին, որ էլի չտեսածս Սովետը հիշեցրին: Էնտեղ նաև աստիճաններ կային, որոնցով կարող էիր բարձրանալ երկրորդ հարկ՝ սրճարանատիպ մի տեղ, որն ավելի շուտ պոլիտեխի կանաչ դահլիճն էր հիշեցնում: Չնայած ուղևորների մի մասը երկրորդ հարկում էին խցկվել, ելքի մոտ էլի նեղվածք էր. ոչ միայն նստելու, այլև կանգնելու տեղ չկար: 

Ոչ մի տեղ ժամացույց չկար, ոչ էլ էկրան: Թղթե ցուցանակ էր փակցված, որ դա երկրորդ ելքն է (փաստորեն այդ ճստիկ օդանավակայանն առնվազն երկու ելք ուներ, իսկ ես թերագնահատում էի): Մեկ այլ թղթե ցուցանակ տեղեկացնում էր, որ դա Ryanair-ի չվերթն է դեպի Բրեմեն:

Ընդհանուր առմամբ, օդանավակայանը վաղուց վերանորոգման կարիք ուներ ու տեսքով լրիվ նախորդ դարում էր մնացել: Ու ամեն տեղ էնպես էր Ryanair-ը գովազդվում (բնականաբար, պաստառներով), որ թվում էր՝ օդանավակայանը հենց իրենն է որ կա:

Նստեցումը միկրոֆոնով հայտարարվեց: Էլի ոչ մի սարք. դռան մոտ կանգնած մի քանի աշխատողներ թատրոնի տոմսերի պես ճղում էին տներում տպված նստեցման կտրոնները: Ryanair-ն էդպիսի քաղաքականություն ունի. եթե տպած չես տանում հետդ, ու ինքն է տպում նստեցման կտրոնդ, տուգանում է քեզ: Էստեղ ինձ մոտ հարց առաջացավ. իսկ որտե՞ղ են տպում: Ինչ-որ էդ օդանավակայանը նման չէր պրինտեր ունեցողի: Ով գիտի, կոմպի գյուտն էլ հլը չէր հասել նրան. դրա համար նեղություն չքաշեցի ստուգելու համար՝ wi-fi կա՞, թե՞ չէ:

Հա, դուրս եկանք, քայլեցինք դեպի ինքնաթիռ, բայց դե էս ոտքով գնալը նորություն չէ. էժան ավիաընկերությունները սովորաբար տենց էլ անում են: 

Իսկ երբ օդանավը Բրեմենում վայրէջք կատարեց, շատերը ծափահարեցին, չնայած մի քիչ չեմ հավատում, որ էդքան հայ կար մեջը: 

Պաչիկ

Հոսթելի սենյակի կազմն անընդհատ փոխվում է: Էս ընթացքում նույնիսկ աղջիկներ եկան-գնացին: Բայց արի ու տես, որ անհասկանալի արարածը դեռ էստեղ է: Ասում է՝ արձակուրդ է եկել: 

Էսօր առավոտյան, երբ մնացած չորս հոգին արդեն գնացել էին, իսկ ես դեռ պայուսակս էի դասավորում, որ դուրս գամ, սույն արարածն ասաց.
– Մնացինք մենակ:
Չնայած արդեն համոզվել էի, որ անշառ է, բայց դե ամեն դեպքում զգաստացա, արագ-արագ անհրաժեշտ իրերը խցկեցի պայուսակիս մեջ:
– Küsschen կուզե՞ս,- ասաց:
– Ի՞նչ:
– Küsschen: Գերմաներեն նշանակում է պաչիկ:
Ֆազերս գցեցին: Չէ, պիտի շուտ դուրս թռնեմ սենյակից:
– Չէ, չեմ ուզում,- չոր պատասխանեցի:
– Սա նկատի ունեմ,- նեղացած տոնով ասաց ու ինձ պարզեց շոկոլադի տուփը, որի վրա գրված էր Küsschen:

Դիմացիս արարածը

Դիմացս մի արարած է նստել: Բարձրահասակ, կարճ մազերով, հսկայական փորով ու փոքր ծիծիկներով, եթե կին է, բայց մեծ ծիծիկներով, եթե տղամարդ է: Սեռը ոչ մի կերպ չեմ կարողանում որոշել: Աչքով-ունքով է անում: Մի երկու բառ խոսեցի հետը: Տղամարդու ձայն ունի, գերմանացի է, Հանովերից է:

Իսկ ամենաահավորը՝ կողքիս մահճակալին է քնում:

Բնավ չեմ զարմանա, եթե վաղը համերգին տեսնեմ նրան:

Թե ինչպես քնեցի անցյալ գիշեր

Երբ մտա հոսթելի սենյակ, ուշադիր նայեցի վեց մահճակալներին: Ինձնից բացի միայն մեկն էր զբաղված: Դատելով իրերից՝ տղամարդ էր: Արյունը խփեց գլխիս: Սովորաբար հոսթելներում սենյակ ռեզերվ անելիս անպայման նշում եմ, որ female only լինի: Էս անգամ բացթողում էի արել, հատուկ չէի տեղեկացրել: Լավ, եղածը եղած է, պիտի համակերպվեմ: Հետո, դեռ ընդամենը մի հոգի է: Գուցե ուրիշ աղջիկներ էլ գան, էդքան վատ չեմ զգա:

Անցյալ գիշեր շուտ գնացի քնելու. ահավոր հոգնել էի ճանապարհներից: Երբ պարբերաբար աչքերս բացում էի, նկատում էի, որ տղամարդիկ են գալիս: Փաստորեն, մնացած հինգ մահճակալները զբաղեցրին տարբեր տարիքի արական սեռի ներկայացուցիչներ: Ամաչեցի: Հետո նկատեցի, որ նրանք ինձնից ավելի են ամաչում: Աչքերս փակեցի ու մինչև առավոտ քնեցի: Քնիս մեջ ծիծաղում էի, մի տեսակ ուժեղ էի ինձ զգում, որ տղամարդկանց հետ եմ գիշերել: Ընդհանուր առմամբ, հետաքրքիր փորձ է անծանոթ տղամարդկանց հետ նույն սենյակում քնելը: Միայն թե վտանգավոր չլինեն:

Հ.Գ. Մամայիս հանկարծ չասեք, ինֆարկտ կստանա, որ իմանա:

Դյուսելդորֆ. զբոսանք աշնան միջով

Ինքնաթիռում արդեն կորցրել էի տեղի ու ժամանակի զգացողությունս: Չգիտեի՝ որտեղ եմ, չգիտեի՝ ժամը քանիսն է: Ձմեռային ժամանակին անցնելը, անընդհատ մի ժամային գոտուց մյուսը թռիչքներ կատարելը, մի շաբաթվա մեջ հսկայական հեռավորություններ անցնելն ինձ շփոթեցրել էին, ու ես մոռացել էի՝ որտեղ է Յոենսուն, որտեղ է Պետերբուրգը, որտեղ է Հելսինկին ու որտեղ է Դյուսելդորֆը: Մոռացել էի, թե էդ քաղաքներից յուրաքանչյուրը որ ժամային գոտում է ու որքան է դրանց ու Երևանի միջև տարբերությունը: Մոռացել էի նաև երբ է լուսաբացը, երբ է մայրամուտը ու ընդհանրապես տարվա որ եղանակն է: 

Ու հենց ինքնաթիռի պատուհանից տեսա նարնջագույն ճոխ-ճոխ անտառներ: Ոնց որ ջղայնացած նկարիչը ներկով լի դույլ դատարկած լիներ կտավի վրա, ու ես նայեի դրան ինքնաթիռի պատուհանից: Մոռացել էի, որ աշխարհի որոշ մասերում, այնուամենայնիվ, դեռ աշուն է, որ ձմեռային սապոգներով կարող է շոգ լինել, իսկ տաք շարֆի կարիք ընդհանրապես չկա: Մոռացել էի, թե նորմալ կլիմայական պայմաններում նոյեմբերն ինչպիսին է լինում:

Ամեն ճամփորդության ժամանակ միշտ ինչ-որ բան առաջին անգամ է լինում: Դյուսելդորֆ մեկնելիս էլ առաջին անգամ էր, որ բագաժ չունեի: Դրա համար հենց ինքնաթիռից դուրս եկա, արագ-արագ քայլեցի դեպի ելքը՝ չհավատալով, որ ամեն ինչ այդքան արագ է լինում: Հետո պիտի կայարանը գտնեի, որ գնացքով հասնեի քաղաքի կենտրոն: Պարզվում է՝ այն այնքան էլ մոտ չէ, ու sky train կոչվող ինչ-որ փոխադրամիջոց պիտի հասցնի այնտեղ: Անունն այնքան էլ չզարմացրեց, որովհետև օդանավակայանի հետ կապված ավտոբուսներին էլ են սովորաբար sky անունը կպցնում:

Նստեցի «օդային» գնացքը, ու այն առաջ շարժվեց: Սարսափելի հոգնած էի, բայց մի պահ ուղեղս միացավ, ու ես նկատեցի, որ իրականում այն ռելսեր չուներ. իսկապես օդի մեջ թռչում էր: Չէ, ասաց ուղեղս, գնացքները չեն թռչում: Նայեցի վերև ու տեսա, որ ճոպանուղու նման է:

Գնացքն ինձ բերեց-հասցրեց Դյուսելդորֆի կենտրոն, ու էդտեղից սկսվեցին սարսափները: Շուրջս նայում եմ, ոչ մի գերմանացի չկա: Բոլորը մուգ են, սև կամ ավելի սև: Սիրտս կանգնում էր: Մոտեցա ինֆորմացիոն կետին ու քաղաքի հասարակական տրանսպորտի քարտեզ խնդրեցի: Աշխատողն առանց դեմքի մի մկան շարժելու, առանց որևէ բառ ասելու կոպիտ շարժումով ինձ մեկնեց այն: Բարի գալուստ Գերմանիա:

Կայարանի մոտ մի քանի զարդարված կրպակ կար: Քրիսմաս մարքե՞թ: Արդե՞ն: Քարտեզը բացեցի ու սկսեցի քայլել դեպի հոսթել: Փողոցներում գրեթե մարդ չկար: Եթե կար էլ, անպայման տղամարդ էր ու անպայման մուգ կամ սև կամ ավելի սև: Ուղիղ, լայն-լայն փողոցները Բեռլինն էին հիշեցնում: Մութն ընկնում էր: Հասա հոսթել, գրանցվեցի ու մտա սենյակս՝ այլևս դուրս չգալու մտադրությամբ:

Առավոտյան որոշեցի քաղաքն ուսումնասիրել: Անձրև էր գալիս: Մի կարևոր կանոն կա. եթե որևէ քաղաք առաջին հայացքից քեզ դուր չի գալիս, ապա փորձիր «հին քաղաք» կոչվող մասը գտնել: Ոնց էլ չլինի, էնտեղ ինչ-որ հետաքրքիր բան կտեսնես:

DSCF2462

Ու էդպես լայն-լայն փողոցներով սկսեցի քայլել դեպի հին քաղաք: Տիպիկ գերմանական կիրակի. քաղաքը մեռած է, փողոցները՝ դատարկ: Դրան գումարենք գորշ ու անձրևոտ եղանակը: Շենքերն էլ մեկը մեկից տգեղ են: Մի խոսքով, նայելու բան չկա, եթե չհաշվենք, որ ճամփին տեսա Քրիսմըս մարքեթի՝ նոր-նոր տեղադրվող տնակները: Ըհը, երևի վաղվանից մի քիչ աշխուժություն կլինի:

DSCF2433
Անցա մի ջրանցքի մոտով: Կամրջի վրա կանգ առա: Մի տեսակ ամեն ինչ գումարվեց իրար, ու գերմանական դեպրեսիան կատարյալ դարձավ:

DSCF2439

Հին քաղաքը համեմատաբար ավելի աշխույժ էր: Տուրիստներ կային: Շենքերն էլ ավելի սիրուն էին, չնայած արտառոց գեղեցկություն չունեին:

Մի քիչ էլ որ քայլեցի, հասա Հռենոսին: Ըհը, էն հանրահայտ գետը, որի մասին միայն լսում ենք, որը հայտնվում է զանազան ինտելեկտուալ խաղերում, բայց ոչ մի անգամ աչքովս չէի տեսել: Լայն էր շատ, վրայով անցնող կամուրջները՝ հսկայական: Էդպիսով Դյուսելդորֆն ավելի էր մեծանում, հսկայական քաղաքի տպավորություն թողնում:

Հռենոսի ափով ուղիղ գնացի: Անձրևը շարունակվում էր, ու հաճելի էր: Սիրում եմ էդ մանր-մանր կաթիլները գզած մազերիս, սիրում եմ թրջված դեմքս ու դրանց կպած թաց մազերս: Հատկապես սիրում եմ անձրևը, երբ շատ ցուրտ չէ: Կարոտել էի:

Հասնելով կամրջին՝ թեքվեցի ձախ ու նորից մտա քաղաք: Մեկ էլ մի լճակ դեմս դուրս եկավ:

DSCF2461

Հետո նաև մի ուրիշը, ու դատարկ նստարան, ու գիշերային լապտեր, ու թափված տերևներ: Էնտեղ օրերով կմնայի: Ախր սա իմ սիրած եվրոպական միայնությունն է:

DSCF2469

Զգացի, որ էս տարի աշնան պակաս եմ ունեցել: Երբ Բեռլինից նոր մեկնեցի, դեռ ամառ էր, իսկ Յոենսուում աշունն արդեն ավարտվում էր: Այդպիսով՝ մնացի առանց աշնան, առանց անիմաստ դեպրեսվելու (հա, մութ ու ցուրտ Յոենսուում ինչքան էլ տանջվում եմ, չեմ դեպրեսվում), առանց անձրևի տակ զբոսնելու: Դյուսելդորֆը տեղը հանում է:

Հ.Գ. Իսկ թե ինչու կուրսեցիներիս հետ Լապլանդիա գնալու փոխարեն հայտնվեցի Դյուսելդորֆում, փորձեք գուշակել (չնայած էնքան էլ դժվար չի :D):

Նավով ճամփորդության մասին

Կյանքիս ընթացքում նավ շատ եմ նստել, բայց առաջին անգամ գիշերել եմ Հելսինկիից Պետերբուրգ գնալիս և վերադառնալիս: Պիտի ասեմ՝ հետաքրքիր փորձություն էր նավի վրա քնելը և ընդհանրապես տասներեք ժամ դրանով ճամփորդելը:
DSCF2102DSCF2106
Երբ նոր էինք նավ նստել, մի քիչ շոկ ապրեցինք մնացած ուղևորներին տեսնելով: Բնականաբար, մեծ մասը ռուսներ էին: Ու բոլորը երեկոյան հագուստով էին, իսկ մենք՝ մեր ճամփորդական հասարակ շորերով: Էդպես զուգված-զարդարվածների ներկայությամբ մի քիչ նեղվում ես քո տեսքից, բայց կարճ ժամանակ անց հասկանում ես, որ տվյալ դեպքում սխալ հագնվածը ոչ թե դու ես, այլ նրանք: Այնուամենայնիվ, այսպիսի կտրուկ արտաքին տարբերությունը մի տեսակ Տիտանիկն էր հիշեցնում: Հա, ի դեպ, հետ դառնալիս էլ սպարտիվկայով երկու տղամարդու տեսա: Հետո լսեցի՝ հայերեն էին խոսում:

Արքայադուստր Մարիան ինը հարկանի հսկա էր: Մեր խցերն ամենաներքևում էին: Չորսով պիտի մի տեղ գիշերեինք: Սարսափելի նեղվածք էր: Դրա համար աշխատում էինք էնպես անել, որ ոտքի վրա երկու հոգուց շատ չլինի: Հակառակ դեպքում շարժվելու տեղ ուղղակի չէր լինում: Քանի նավը դեռ կանգնած էր, որոշեցինք հետևել, թե ոնց է ափից պոկվում: Դուրս եկանք տախտակամած ու սպասեցինք: Ներքևում կամաց-կամաց կապանքներից ազատեցին նավը ու մեզ ձեռքով արեցին: Հելսինկիի լույսերը գնալով հեռացան: Գնալով ավելի էր ցրտում: Երբ վերարկուի մեջ փաթաթվելը չօգնեց, սկսեցինք թռվռալ: Երբ դա էլ չօգնեց, ներս մտանք նավն ուսումնասիրելու:

Բնականաբար, նավի բոլոր հարկերը միայն խցերից չէին կազմված: Խանութ կար, բարեր, սրճարաններ, ռեստորաններ, կարաոկե, կազինո, կինոթատրոն: Մի խոսքով, ինչ մտքովդ անցնի: Հետևաբար պիտի որ կարողանայիր արթուն ժամանակդ հետաքրքիր անցկացնել: Համենայնդեպս, խցում նստելն ամենասարսափելի բանը կլիներ: Մեզ ասվել էր, որ երեկոյան ժամը իննին կենդանի շոու է լինելու: Որոշեցինք գնալ նայելու:

Շոու մի ասա, մի փորձանք ասա: Սկզբում բեմի վրա հայտնվեցին կիսամերկ ռուս ծիտիկներ, հետույքները շարժեցին ու գնացին: Հետո եկավ փայլուն շորերով սաքսաֆոնիստ աղջիկ, միջին որակի ելույթ ունեցավ, գնաց: Հետո մեր «սիրելին» էր՝ մի ռուս երգչուհի, որը երգելուց մեղմ ասած հեռու էր, դեռ մի բան էլ կատարում էր ամենապոպսա անկապ երգերը: Էս ամեն ինչն անընդհատ կրկնվում էր, ու ամեն անգամ երբ երգչուհին հայտնվում էր, մի այլ կարգի ոգևորվում էինք: Իսկ ամենավատն այն էր, որ հետդարձին էլ էին նույն մարդիկ ելույթ ունենում: 

Ու հա հարց էինք տալիս՝ լավ, էս կենդանի կատարման իմաստը ո՞րն է: Ավելի լավ չէ՞ր լինի որակով երաժշտություն միացնեին, հավեսով լսեինք: 

Էդ անկապ շոուից հետո գնացինք քնելու: Երկու-երկու, որ իրար չխանգարենք: Ես վերևում պառկեցի: Ասում են՝ գիշերը բարձս ընկել է, Վանեսան վերև է շպրտել: 

Իսկ առավոտյան հասանք ափ:

DSCF2134

Պետերբուրգ. հակասությունների քաղաքը

DSCF2159Դընին ասում էր, որ Պետերբուրգն աշխարհի ամենասիրուն քաղաքն է: Հավատացի նրան, որովհետև աշխարհ տեսած մարդ էր: Ինձ նման Եվրոպայով չէր սահմանափակվել, ու որ ասում էր, ուրեմն մի բան գիտեր: Իհարկե, սիրուն լինելն ինձ համար շատ քիչ է, ու քաղաքը պիտի ինչ-որ ուրիշ բան էլ ունենա, որ գրավի, ասենք՝ յուրահատուկ մթնոլորտ կամ հետաքրքիր զգացողություններ արթնացրած լինի կամ ինչ-որ իրադարձության հետ կապված լինի:

Հավատալով Դընիին՝ անցյալ շաբաթ Հելսինկիից նստեցի նավ ու մի քանի կուրսեցիներիս հետ ուղևորվեցի դեպի Պետերբուրգ: Պիտի ասեմ, որ այն իրոք յուրահատուկ քաղաք էր, որովհետև ոչ մի ուրիշ տեղ էդքան հակասական զգացողություններ չեմ ունեցել, ինչքան էնտեղ: Ու անգամ էս գրառումը կատարելիս դրանք չեն լքում ինձ. մի կողմից ուզում եմ փոքր-փոքր պատմություններով ներկայացնել ճամփորդությունս, մյուս կողմից՝ մտածում եմ, որ մի ամփոփ գրառումն էլ հերիք կլինի:

Մի այլ կարգի հաճելի էր, որ քաղաքում «կորած» չէի, որովհետև տեղի լեզուն գիտեի, ու նույնիսկ կուրսեցիներիս համար թարգմանիչ էի աշխատում: Դա նաև ինչ-որ տեղ հարազատության զգացում էր առաջացնում: Քաղաքի ցուցանակները հանգիստ կարդում էի, ու թվում էր՝ Հայաստանում եմ: Բայց դրանից վատանում էի. փաստորեն էդքան սովոր եմ ռուսերեն ցուցանակներ տեսնելուն, որ Պետերբուրգում դրանք օտար չէին թվում: Ու մյուս կողմից, երեք օրվա մեջ լիքը հայերեն լսեցի ականջի պոչով:

Հետո նաև հիշում էի, որ էդ երկրում եմ ծնվել (թեկուզ ուրիշ քաղաքում): Փորձում էի ինչ-որ էմոցիոնալ կապ հաստատել քաղաքի հետ: Չէր ստացվում:

Պիտի որ գրականության քաղաք լիներ Պետերբուրգը, բայց դրա մասին մոռացել էի: Այ այդ աստիճանի քողարկված էր գրական շունչը: Հիշեցի միայն այն ժամանակ, երբ պատահաբար անցա մի տան մոտով, որտեղ Դոստոևսկին էր ապրել:  

Մարդիկ մուննաթոտ էին, անժպիտ, սառը: Ինչ-որ ծանոթ բան կար դրա մեջ: Հետո հիշեցի. Բեռլինը: Ուղղակի Պետերբուրգում դոզան ավելի շատ էր ու վտանգավոր, կարող էր կռիվ-ղալմաղալով ավարտվել: Բայց ջահելները լավն էին: Օգնող, հասնող, ժպտացող, իրենց քաղաքի թերությունների համար ներողություն խնդրող: Արդյոք Սովետի սերու՞նդն է, որ ինչ-որ բանից դժգոհ է, և ուզում է քեզնից մուռ հանել:  

Հա, քաղաքը սիրուն էր: Ինչ-որ արտառոց գեղեցկություն չուներ: Ուղղակի ամեն ինչից շատ-շատ էր, տեսնելու շատ բան կար: Ու ուղեղիդ մեջ չի տեղավորվում՝ սիրուն, բայց Ռուսաստան: Մյուս կողմից էլ, քաղաքը մեծ էր: Անընդհատ շարժում, մարդկանց հոսք, խցանումներ, հերթեր: Բոլորն ինչ-որ տեղ են վազում: Փողոցային երաժիշտներ էլ կան ու երգում են: Բայց ոչ ոք նրանց բանի տեղ չի դնում: Ու եթե հանկարծ կանգնես ու փորձես լսել, մարդիկ կանցնեն վրայովդ: Ու նաև փողոցային երաժիշտների երգերը շատ ավելի լավն ու հարազատ են, քան այն, ինչ երգում էին նավի սրճարանում պսպղան շորերով քաղքենի ռուս հանդիսատեսի համար:

Քաղաքը սիրելու համար պիտի էնտեղ մեն-մենակ զբոսնես: Պետերբուրգում չկարողացա: Էնտեղ հնարավոր չէր քայլերը դանդաղեցնել, շուրջը նայել, խորը շունչ քաշել: Ավելին՝ մի անգամ, երբ մենակ էի, ու կանգնած էի, ու մութ չէր, տհաճ իրավիճակում հայտնվեցի, բայց դա առանձին պատմություն է, ու չգիտեմ՝ կգրե՞մ այստեղ, թե՞ ոչ:

Ամենասարսափելին մութ ժամանակ մենակ քայլելու վտանգավորությունն էր: Դա նշանակում է՝ սպանես, էս քաղաքում չեմ ապրի: Դա նշանակում է՝ էստեղ միայնակ լինելու իրավունք չունես:

Էս բոլորի հետ մեկտեղ ինչ-որ ռոմանտիկ բան կար Պետերբուրգում, որ հա ուզում էիր սիրահարվել, հա ուզում էիր, որ ձեռքդ մեկը բռնած լինի: Ու կարոտում էիր: Ինչ-որ բան, որը չէր եղել: 

Իսկ երբ Հելսինկի մեկնող նավը նստեցի, ինքս ինձ խոստացա, որ այլևս երբեք-երբեք Ռուսաստան չեմ գնալու՝ լինի դա Պետերբուրգ, Մոսկվա, թե մի ուրիշ քաղաք:

Հ.Գ. Առանձին պատմությունները պահեցի ինձ: Գուցե մի օր մեկին պատմեմ, գուցե էդպես էլ մնան ինձ մոտ կամ գուցե մի օր ուզենամ բլոգումս գրել կամ ինքս ինձ համար գրի առնեմ: Նկարներն էլ Ֆեյսբուքում չեմ դնի: Մենակ մի քանիսը: Ու ընդհանրապես, էստեղ էլ էի ուզում նկարներ դնել, բայց ԿՄ-ն գժվել ա: 

Հ.Հ.Գ. Ուրախ էի թեկուզ կարճ ժամանակով -ին և ուսանողական տարիների ընկերներիս հանդիպելու համար:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me