Ֆիններենը. տպավորություններս

Քանի որ արդեն քննությունս հանձնել եմ ու գերազանց գնահատակս ստացել եմ, արդեն կարող եմ հանգիստ սրտով փնովել էս լեզուն:

Կարող եմ շատ հանգիստ հայտարարել, որ ֆիններենը մինչև հիմա սովորածներիցս ամենաբարդ լեզուն էր: Ըստ էության, նույն ժամաքանակով, ավելի պակաս որակով դասախոսներով ու իմ նույն ծուլությամբ գերմաներենն ու հոլանդերենը հիմա ահագին հասկանում եմ, բայց ֆիններենը ոչ էս կողմ, ոչ էն կողմ. լավագույն դեպքում ինչ-որ ծանոթ բառեր եմ որսում, ուրիշ ոչինչ: 

Իմ ընկերներից մեկը ֆիններենի մասին ասում է, թե՝ տպավորություն է, որ ոտքից գլուխ անկանոն լեզվում որոշել են զոռով կանոններ մտցնել, որ օտարները կարողանան սովորել: Ձևաբանության դասախոսս հավատացնում էր, որ թեև ֆիններենում կանոնները շատ են, այնուամենայնիվ, անթիվ չեն, հետևաբար հնարավոր է դրանք յուրացնել: Ես էլ մտածում եմ՝ մի ամբողջ կյանք է պետք էդ բոլոր պարադիգմներն անգիր անելու համար:

Ասենք, վերցնենք բայերը: Երկու չէ, երեք չէ, վեց խումբ են: Բայց էդ հեչ, հնարավոր կլիներ յուրացնել: Էդ վեցի մեջ էլ դեռ ամեն դեմքով-թվով խոնարհելուց պիտի բաղաձայնների աստիճանավորումը հիշես: Ու մեկ էլ ինչ-որ բայ հանկարծակի չի ենթարկվում էդ աստիճանավորմանը: Ինչու՞, ինչի՞ համար: Հեչ, բացառություն է: Իսկ դասախոսը փորձեց բացատրել, որ հավանաբար վանկերի թվից է կախված: Այ քեզ բան, էս ամեն ինչը քիչ էր, դեռ պիտի վանկերի թիվ էլ հաշվի առնես:

Էսքանով հանդերձ գոյականների հարցն ավելի բարդ է: Ֆիններենը տասնհինգ հոլով ունի, որոնցից միայն վեց-յոթն անցանք, այն էլ միայն եզակի թվի համար: Իսկ այ հոլովումների թիվը գնա-գալիս եմ: Ինչ-որ յոթ-ութ հատ անցանք, բայց դասախոսն ասաց, որ դա ամբողջը չէ: Ու եթե արտաբերել որևէ գոյականի հոգնակի թիվ մասնակի հոլովը, գնա գալիս եմ… Պիտի հաշվի առնես, թե ինչ հոլովման է պատկանում, որ տեսակի արմատը պիտի վերցնես, բաղաձայնների ուժեղ աստիճանն է, թե թույլը, էդքանից հետո ձայնավորների հարմոնիան էլ որպես ձևավորում ավելացնում ես ու նոր ստանում ճիշտ բառը: Հա, բա որ էսքան տանջվելուց հետո պարզվում է՝ տվյալ դեպքում քերականորեն բնավ պետք չէր մասնակի հոլով:

Կամ՝ եթե ուզում ես ասել, որ որևէ տեղ ես գնում: Թե որ հոլովը կընտրես, կախված է՝ գնացածդ տեղը բաց տարածք է, թե փակ: Բայց, ասենք, էստեղ լիքը բացառություններ են մտնում. քաղաքներն ու պետությունները փակ տարածքների նման են հոլովվում: Ու էս բացառությանն էլ բացառություն կա: Ասում են՝ էն քաղաքում, որտեղ շատ ջուր կա, բաց տարածքների նման են հոլովվում: Դրա վրայից էլ գալիս են էս կանոնի բացառությունները, ու արդյունքում ֆինն լեզվաբանը գիրք է գրում, թե որ աշխարհագրական անունը ոնց է հոլովվում. ֆիններն իրենք էլ չգիտեն:

Մի անգամ էլ մեր էրեխեքից մեկը հայտնաբերեց, որ ֆիններենում անգլերեն or բառի համար կան vai և tai տարբերակները: Դասախոսին հարցրեց, թե ինչ տարբերություն կա: Բնականաբար, քանի որ ֆիններենն է, անպայման պիտի մի լուրջ, բայց անբացատրելի տարբերություն լինի: Դասախոսն էլ ասաց, որ նրանցից մեկն օգտագործվում է միայն հարցական նախադասություններում, իսկ մյուսը՝ և՛ հարցական, և՛ հաստատական: Բացի դրանից, եթե մեկին սուրճ կամ թեյ ես առաջարկում և հարցիդ մեջ օգտագործում ես tai-ը, նշանակում է՝ նա հրաժարվելու հնարավորություն նույնպես ունի: Իսկ եթե օգտագործում ես vai-ը, ուրեմն մեկնումեկը պարտադիր պիտի ընտրի:

Ուղեղիցս սկսեց ծուխ բարձրանալ: Այ քեզ տարօրինակ լեզու: Ու հենց էդտեղ հիշեցի… Համեմատեք. «Սուրճ կամ թեյ կխմե՞ս», «Սու՞րճ, թե՞ թեյ կխմես»:

Քաղաքավարություն. ինչի՞ համար է այն

Վերջերս շատ եմ մտածում քաղաքավարության մասին: Թինեյջեր ժամանակներս դա իմ ըմբոստության հիմնական թեման էր, ու քաղաքավարությունը համարում էի մարդկության հորինած կեղծ արժեք: Դրա համար ասում էի այն, ինչ մտածում էի` թքած ունենալով, որ դիմացինին դա կարող է տհաճ լինել: Ինձ համար քաղաքավարությունն ու ազատությունը հակառակ բևեռներ էին, իսկ ես ուզում էի ազատ լինել: Անգամ շոր հագնելը համարում էի քաղաքավարության աննկատ դրսևորումներից մեկը, որովհետև համոզված էի, որ մերկությունը ծածկում ենք դիմացինին հաճելի լինելու համար:

Որ մի քիչ մեծացա, հասկացա, որ քաղաքավարությունն անխուսափելի է ու հաճելի է. սկսեցի նախընտրել վաճառողուհիների ժպիտները մուննաթոտ դեմքերից, բարև-ոնց ես-ները խոսակցության ուղղակի նյութից սկսելուց, սկսեցի շատ չձանձրանալ նոր մարդկանց հետ շփվելիս, որովհետև քաղաքավարության տոպրակից հարցեր ունեի, որոնց շուրջ կարելի էր խոսել:

Հետո ավելի խորացա. տարբեր լեզուներ սովորելիս դասախոսներս անպայման անդրադառնում էին տվյալ լեզվում ու մշակույթում քաղաքավարության ընդունված կանոններին: Ու հանկարծ հայտնաբերեցի, որ հայերենի ու հայկական մշակույթի համար կոնկրետ կանոններ չկան կամ եթե կան, ոչ ոք դրանք չի սովորեցնում: Ես կարող էի աշխարհի ամենաքաղաքավարի մարդը լինել ֆրանսերեն խոսելիս, բայց իմ սեփական միջավայրում չգիտեի` որտեղ է դուքի ու դուի սահմանը. հասկանալի է, որ դասախոսներին դուքով են դիմում, բայց ինչու՞ մի խումբ դասախոսներ ուսանողներին դուով են դիմում, մեկ այլ խումբ` ոչ: Ինչպե՞ս դիմել անծանոթ հասակակիցներին կամ բլոգում անծանոթ քոմենթողներին: Ծանոթության ո՞ր փուլում կարելի է անցնել դուի: Ի՞նչ անունով դիմել տվյալ մարդուն: Ե՞րբ կարելի է անցնել կրճատ տարբերակի: Ո՞ր տարբերակը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել: Իհարկե, ամեն դեպքում կարելի է հարցնել, բայց մեր մշակույթում դա էլ ընդունված չէ: Ունենալով ոչ այնքան հեշտ արտասանվող անուն` նկատել եմ, որ արտասահմանցիներն ավելի հաճախ են ինձ հարցնում, թե ինչպես կարելի է կարճ դիմել, քան հայերը: Իհարկե, ես էդքան ծանր նախասիրություններ չունեմ, բայց ամեն դեպքում խրտնում եմ, երբ գրեթե անծանոթ համակուրսեցիս ինձ Բուռչ է ասում, իսկ հազար տարվա ծանոթս որտեղից որտեղ բռնում, ազգանունով է դիմում (դե էլ չեմ ասում` անուն-հայրանունից ոնց եմ վատանում լինի դա լուրջ, թե կատակ):

Նկատել եմ նաև, որ հայկական իրականության մեջ, երբ պետք է գերքաղաքավարի լինել, մարդիկ անցնում են գրական հայերենի: Ուղղակի հարց է, թե որ իրավիճակներն են պահանջում այդ գերքաղաքավարությունը, որովհետև երբեմն արհեստական ու կեղծ է հնչում, իսկ երբեմն էլ խրտնում ես դիմացինի խոսակցական լեզվից, բայց այլ իրավիճակներում դա նորմալ կհամարվեր:

Անընդհատ մտածելուց ու վերլուծելուց հետո հասկացել եմ, որ քաղաքավարությունն ապահովագրում է քեզ. խուսափում ես վատ հարաբերություններից, բայց մյուս կողմից էլ զոհում ես նաև լավը: Դա ճիշտ է անծանոթների հետ, որովհետև չարժե սխալ պահվածքի պատճառով տհաճ իրավիճակում հայտնվել, իսկ հետագա լավ հարաբերությունների մասին չես էլ մտածում: Բայց եթե մեկի հետ ուզում ես ավելի մտերիմ լինել, քաղաքավարությունը կխանգարի, երկար ժամանակ թույլ չի տա, որ իրական մտերմություն լինի: Հետևաբար, պետք է ճիշտ ժամանակին մի կողմ շպրտել քաղաքավարությունը, ռիսկի գնալ՝ պատրաստ լինելով, որ վարքդ դիմացինի համար կամ վիրավորական է լինելու, կամ ձեզ ավելի է մոտեցնելու:

Լեզվընկերներ ու լեզվափոխանակություն

Եվրոպայի ուսանողների շրջանում տարածված երևույթ է լեզվընկերներ ունենալը: Դա լեզու սովորելու բավական արդյունավետ ու էժան (փաստորեն, անվճար) մեթոդ է: Իմաստն այն է, որ երկու տարբեր լեզու կրողներ պարբերաբար հանդիպում են ու միմյանց սովորեցնում իրենց լեզուները: Արդյունքում՝ լեզվի անվճար դասեր ես ունենում անմիջապես այն կրողից: Փոխարենը միայն ու միայն պետք է քո լեզուն սովորեցնես: Լեզվափոխանակության առավելություններից մեկն էլ այն է, որ կարողանում ես ավելի մոտիկից շփվել տվյալ մշակույթը կրողի հետ, լիքը բաներ սովորել ու քոնը փոխանցել:

Նիդեռլանդներում գրանցվել էի նմանատիպ ծրագրի համար, որ մեկնումեկին հայերեն սովորեցնեմ, ինքն էլ ինձ հոլանդերեն: Դիմումիս մեջ առաջարկել էի իմացածս մնացած լեզուները նույնպես, բայց էնքան էլ խելքին մոտ չէր՝ հաշվի առնելով, որ Խրոնինգենում ֆրանսիացիներն ու ռուսները քչություն չէին անում, իսկ անգլերեն հոլանդացիներն էսպես թե էնպես գիտեն:

Ամիսներն անցնում էին, բայց էդպես էլ ոչ մի նորություն չէի ստանում: Դիմողներից երևի միակն էի, որը մնացել էր առանց լեզվընկերոջ: Խրոնինգենից գնալուց ընդամենը երեք շաբաթ անց մեկ էլ հայտնվեց ապագա քիմիկոս մի աղջիկ ու ասաց, որ ուզում է հայերեն սովորել: Դե պետք էր հաշվի առնել նաև, որ հոլանդացիները մի քիչ խելառ բաներ ունեն, ու իրենց իմացած չորս լեզուների կողքին կարող են ավելացնել նաև այնպիսիք, որոնք կյանքում չեն գործածելու:

Հոլանդուհու հետ մի քանի նամակով փոխանակվեցինք, ծանոթացանք, բայց ոչ հանդիպեցինք, ոչ էլ ինչ-որ կերպ շարունակեցինք շփվել: Ու էդպես հոլանդերենս ոնց վատ եղել էր, էդպես էլ մնաց:

Գերմանիայում էդ դառը փորձից հետո էլ չփորձեցի լեզվընկերներ փնտրել: Գլուխս կախ բավարարվեցի գերմաներենի դասերով, որոնք ինչ-որ պահից սկսած անտանելի ձանձրալի էին դարձել: Ու երբ դասընթացն ավարտվեց, մտածում էի՝ շարունակե՞մ, թե՞ չէ: Ախր համ էլ հոգնել եմ բոլոր լեզուները սովորելու նույն մեթոդներից. նույն թեմաները, նույն երկխոսություններն ու նույն քերականությունը նույն հերթականությամբ: Որ ասում են՝ գերմաներենի A1, արդեն գիտեմ, թե դրա մեջ ինչ է մտնում:

Մինչ Երևանում նստած լեզու սովորելու նոր ու հետաքրքիր մեթոդներ էի հորինում, նամակ ստացա բեռլինահայ ընկերներիցս մեկից: Մոտ յոթանասուն հոգու գրել էր, որ երկու ծագումով հայ երիտասարդներ լեզվընկերներ են փնտրում, որ հայերեն սովորեն: Իրենք էլ դրա դիմաց գերմաներեն կսովորեցնեն: Տեսնում եմ, թե ինչպես են իրար հետևից բոլորը լքում զրույցը. բա ինչ, Բեռլինում բնակվող միակ խելառ հայը ես եմ, որ գերմաներեն չգիտի: Ու ես ոգևորված, ագահաբար խնդրում եմ երկուսի կոնտակտները, որ վերջին երկու ամսում գոնե գերմաներենս ինչ-որ մակարդակի հասցնեմ, բայց ամենակարևորը՝ ոգևորվում եմ, որ պիտի հայերեն սովորեցնեմ: Այ հենց էսպիսի դեպքերում է, երբ դրսում ինձ պիտանի եմ զգում:

Լեզվընկերներ ու լեզվափոխանակություն

Եվրոպայի ուսանողների շրջանում տարածված երևույթ է լեզվընկերներ ունենալը: Դա լեզու սովորելու բավական արդյունավետ ու էժան (փաստորեն, անվճար) մեթոդ է: Իմաստն այն է, որ երկու տարբեր լեզու կրողներ պարբերաբար հանդիպում են ու միմյանց սովորեցնում իրենց լեզուները: Արդյունքում՝ լեզվի անվճար դասեր ես ունենում անմիջապես այն կրողից: Փոխարենը միայն ու միայն պետք է քո լեզուն սովորեցնես: Լեզվափոխանակության առավելություններից մեկն էլ այն է, որ կարողանում ես ավելի մոտիկից շփվել տվյալ մշակույթը կրողի հետ, լիքը բաներ սովորել ու քոնը փոխանցել:

Նիդեռլանդներում գրանցվել էի նմանատիպ ծրագրի համար, որ մեկնումեկին հայերեն սովորեցնեմ, ինքն էլ ինձ հոլանդերեն: Դիմումիս մեջ առաջարկել էի իմացածս մնացած լեզուները նույնպես, բայց էնքան էլ խելքին մոտ չէր՝ հաշվի առնելով, որ Խրոնինգենում ֆրանսիացիներն ու ռուսները քչություն չէին անում, իսկ անգլերեն հոլանդացիներն էսպես թե էնպես գիտեն:

Ամիսներն անցնում էին, բայց էդպես էլ ոչ մի նորություն չէի ստանում: Դիմողներից երևի միակն էի, որը մնացել էր առանց լեզվընկերոջ: Խրոնինգենից գնալուց ընդամենը երեք շաբաթ անց մեկ էլ հայտնվեց ապագա քիմիկոս մի աղջիկ ու ասաց, որ ուզում է հայերեն սովորել: Դե պետք էր հաշվի առնել նաև, որ հոլանդացիները մի քիչ խելառ բաներ ունեն, ու իրենց իմացած չորս լեզուների կողքին կարող են ավելացնել նաև այնպիսիք, որոնք կյանքում չեն գործածելու:

Հոլանդուհու հետ մի քանի նամակով փոխանակվեցինք, ծանոթացանք, բայց ոչ հանդիպեցինք, ոչ էլ ինչ-որ կերպ շարունակեցինք շփվել: Ու էդպես հոլանդերենս ոնց վատ եղել էր, էդպես էլ մնաց:

Գերմանիայում էդ դառը փորձից հետո էլ չփորձեցի լեզվընկերներ փնտրել: Գլուխս կախ բավարարվեցի գերմաներենի դասերով, որոնք ինչ-որ պահից սկսած անտանելի ձանձրալի էին դարձել: Ու երբ դասընթացն ավարտվեց, մտածում էի՝ շարունակե՞մ, թե՞ չէ: Ախր համ էլ հոգնել եմ բոլոր լեզուները սովորելու նույն մեթոդներից. նույն թեմաները, նույն երկխոսություններն ու նույն քերականությունը նույն հերթականությամբ: Որ ասում են՝ գերմաներենի A1, արդեն գիտեմ, թե դրա մեջ ինչ է մտնում:

Մինչ Երևանում նստած լեզու սովորելու նոր ու հետաքրքիր մեթոդներ էի հորինում, նամակ ստացա բեռլինահայ ընկերներիցս մեկից: Մոտ յոթանասուն հոգու գրել էր, որ երկու ծագումով հայ երիտասարդներ լեզվընկերներ են փնտրում, որ հայերեն սովորեն: Իրենք էլ դրա դիմաց գերմաներեն կսովորեցնեն: Տեսնում եմ, թե ինչպես են իրար հետևից բոլորը լքում զրույցը. բա ինչ, Բեռլինում բնակվող միակ խելառ հայը ես եմ, որ գերմաներեն չգիտի: Ու ես ոգևորված, ագահաբար խնդրում եմ երկուսի կոնտակտները, որ վերջին երկու ամսում գոնե գերմաներենս ինչ-որ մակարդակի հասցնեմ, բայց ամենակարևորը՝ ոգևորվում եմ, որ պիտի հայերեն սովորեցնեմ: Այ հենց էսպիսի դեպքերում է, երբ դրսում ինձ պիտանի եմ զգում:

Հայ տունը

Գերմանիա ոտք դնելուս առաջին օրերից (դեռ սեպտեմբերին) հնարավոր ու անհնար կազմակերպություններից նամակներ եմ ստանում: Սովորաբար բացում եմ, գուգլաթարգմանում, բոլոր ծակուծուկերը ստուգում` վստահ լինելով, որ հայերեն ոչ մի բառ չկա, ուղարկում մեյլերիս աղբանոցը:

Երեկ էլ մի այդպիսի նամակ էի ստացել, բայց գերմաներեն տարբերակի տակ հայերենն էլ կար: Հրավիրում էին Բեռլինի Հայ տուն, որտեղ Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը պիտի Հայաստանի արտաքին քաղաքականությունից խոսեր: Ու քանի որ նամակը հայերեն տարբերակ ուներ, որոշեցի անպայման գնալ:

Ժամեր անց ստանում եմ մեկ այլ նամակ, որը նույնպես հրավիրում էր Բեռլինի Հայ տուն, բայց Լևոն Շանթի երեկոյի: Երկու իրադարձություններն էլ այսօր պետք է տեղի ունենային: Մտածեցի` երևի սկզբում Լևոն Շանթն է, հետո` դեսպանի զրույցը: Ու քանի որ երկրորդ նամակում ոչ մի տեղ հայերեն որևէ բառ չգտա, որոշեցի այդ մեկը բաց թողնել, չնայած գրականությունն ինձ ավելի է հետաքրքրում, քան դիվանագիտությունը:

Միամիտ էր ուղեղս, որ երկու իրադարձությունները տեղավորեց նույն վայրում, իրարից հետո: Կարճ ժամանակ անց պիտի նկատեի, որ դրանք գրեթե նույն ժամին են (19:00 և 18:30), ու խառնված ուղեղս ևս մեկ անգամ պիտի կարդար երկու նամակները ու պարզեր, որ չնայած երկուսն էլ Հայ տուն են կոչվում, հասցեները տարբեր են: Էլի աչքերիս չհավատալով քարտեզի վրա փորփրեցի: Հա, նույն թաղամասում են, բայց իրարից բավականաչափ հեռու են, որ եզրակացնեմ, որ ամեն դեպքում տարբեր տներ են:

Հիշեցի, որ Բեռլինում երկու հայ համայնք կար: Բայց չգիտեի, որ նրանց միջոցառումները նույն օրը, նույն ժամին են կազմակերպվում: Ինադու՞ են անում:

Մի խոսքով, ճամփա ընկա դեպի այն մի Հայ տունը, որտեղ դեսպանի հետ հանդիպումն էր: Թարսի պես էսօր գնացքների հետ խնդիր կար: Ճամփի կեսից գնացքս կանգնեց ու հայտարարեց. «Էլ չեմ գնում, իջեք, տասը րոպե սպասեք հաջորդին»: Պանիկայի մեջ ընկա. ուրեմն կուշանամ (չնայած դա հազիվ հինգ-տասը րոպե էր լինելու, որովհետև զապասով էի դուրս եկել): Չգիտես ինչու, վստահ էի, որ գերմանահայությունը պիտի որ հարմարված լիներ երկրին, որտեղ ապրում է, սկսեր ժամանակին, ու ուշանալն ամոթ լիներ:

Կարծեմ յոթ անց տասի կողմերը ներս մտա: Դեռ չէր սկսվել: Ով նայում էր վրաս, բարևում էի ու ժպտում: Բարևիս չէին պատասխանում: Տեղ հասավ, որ հայերով եմ շրջապատված, չնայած հիմնականում գերմաներեն էի լսում, ավելի քիչ` հայերեն: Բոլորը խոսում, չաչանակում են, իսկ ես մի տեսակ դուրս եմ էդ ամեն ինչից:

Միջոցառումը սկսվեց քսան րոպե ուշացումով: Չնայած նամակում ասվել էր, որ գերմաներեն թարգմանություն է լինելու, ես դա լրիվ ուրիշ ձև էի պատկերացրել: Իմ երևակայության մեջ ամբողջ զրույցը լինելու է հայերեն, թարգմանվելու է գերմաներեն բոլոր նրանց համար, ովքեր հայերեն չեն հասկանում: Իրականում լրագրողը, որը, ի դեպ, ոնց հասկացա, լավ էլ հայերեն գիտեր, հարցերն ուղղում էր գերմաներեն, որոնք թարգմանվում էին հայերեն շշուկով` միայն դեսպանի համար, հետո դեսպանը հայերեն պատասխանում էր, հետո թարգմանիչը բոլորի համար գերմաներեն էր թարգմանում: Պիտի ասեմ, որ դեսպանն ահագին խելոք ու հավասարակշռված էր խոսում: Հաճելի էր նրան լսելը, բայց մեկ-մեկ չէի հասկանում` ինչ է ասում, որովհետև ուղղակի չգիտեի, թե ինչ հարցի է պատասխանում:

Չնայած միջոցառումը քսան րոպե ուշացումով էր սկսվել, մարդկանց հոսքը դեռ չէր դադարել. հա գալիս էին ու գալիս: Էլ չեմ ասում, որ շատերը մոռացել էին բջջայինների ձայնն անջատել, իսկ երբ զանգը հնչում էր, ոմանք դուրս էին գալիս պատասխանելու` թողնելով զանգն այնքան հնչի, մինչև դռանը կհասնեն: Ոմանք շշուկով զրուցում էին, ուրիշներն անընդհատ դուրս ու ներս էին անում (ինչպես հետո նկատեցի` գնում էին ծխելու կամ միջանցքում զրուցելու):

Էդպես հերիք չի շատ ժամանակ չէի հասկանում, թե դեսպանն ինչ հարցի է պատասխանում, դեռ մի բան էլ ուշադրությունս անընդհատ շեղվում էր: Ավելին` դրա պատճառով չէի կարողանում հարցերի առանցքային բառերը որսալ, հետևաբար մոտավորապես հասկանալ դրանք: Սկսեցի ահավոր ներվայնանալ: Սարսափելի օտար էր էդ միջավայրը, ավելի օտար, քան ամբողջ գերմանախոս Բեռլինը միասին վերցրած:

Վերցրի կուրտկաս ու պայուսակս, դուրս եկա Հայ տնից, եկա իմ տուն:

Հայ համայնք. ինչի՞ համար է այն

Արդեն վեց-յոթ ամիս կլինի, ինչ Բեռլինի հայ համայնքից նամակներ եմ ստանում: Նիդեռլանդներում եղած ժամանակ չէի էլ բացում. ինձ ի՞նչ, բայց ինչ վերադարձել եմ Գերմանիա, սկսել եմ բացել, հետո նորից փակել` առանց կարդալու: Էսօր որոշեցի կարդալ: Կարդալը ո՞րս է: Տեքստն ամբողջովին գերմաներեն է, հայերեն ոչ մի բառ: Պարզվում է` արդեն կայք էլ ունի համայնքը: Մտա: Նորից ամբողջովին գերմաներեն: Կարո՞ղ եք բացատրել, թե իմաստը որն է: Լավ, գերմաներեն գրում են, հասկանում ենք. երկրի պետական լեզուն է, բայց ինչու՞ հայերեն տարբերակ չկա: 

Մտածում եմ` բա համայնքի դերը հայություն պահպանել-բանը չի՞: Եթե հա, ուրեմն ինչու՞ են լեզուն սպանելը հենց իրենցից սկսում: Չէ, ես էդ համայնքը չեմ գնա, մինչև հայերեն նամակ չուղարկեն: Գերմաներեն ում հետ ասես կարող եմ շփվել:

Էս թեմային էլի եմ անդրադարձել: Բայց նորից ինձ նույն հարցն ա հուզում. ինչի՞ համար ա հայ համայնքը, եթե իրանց մեյլինգ լիսթում արդեն ինձ օտար եմ զգում: 

Protected: Հայգլերեն

This content is password protected. To view it please enter your password below:

Կարդում եմ Ռ. Իշխանյանի «Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցերը»: Ուղղակի հիացած եմ` տեսնելով, թե ինչ գիտական մոտեցում է ցուցաբերում: Հիմա նման գիտություն կա՞ մեր հասարակագիտական ոլորտներում:

Օտար լեզվով իմ երկրում

Կալյումեում ենք: Մոտենում է մատուցողուհին: Հայերեն ուզում եմ պատվեր տալ: Ասում է, որ հայերեն չի հասկանում, պիտի ռուսերեն ասեմ: Ջղայնանում եմ: Ուրեմն իմ երկրում չե՞մ կարող իմ լեզվով խոսել:

Հոլանդացիներին անընդհատ մեղադրում են, որ մշակույթ չունեն, որ մեջները հեչ հայրենասիրություն չկա, որ կամաց-կամաց անգլերենը հաղթում է հոլանդերենին: Բայց ախր էնտեղի բոլոր մատուցողները (հիմնականում) հոլանդերեն գիտեն: Չիմացողին գործի չեն էլ ընդունում:

Լիբանանն ու լիբանանահայերը

գրառումից ոգեշնչված

Էսսենի ճանապարհին կողքս թուխ մաշկով ու սև մազերով մի աղջիկ նստեց: Երևում էր` հոլանդացի-գերմանացի չէր: Որ շատ ուզեի, հայի տեղ կդնեի: Ամեն դեպքում, հասկանալի էր, որ հարավից է: 

Իմ մգությունն էլ նրա ուշադրությունից չվրիպեց (պատկերացնու՞մ եք` էստեղ ես մուգ եմ համարվում) ու հանկարծ հարցրեց.
– Որտեղի՞ց ես:
– Հայաստանից,- պատասխանեցի,- գիտե՞ք, թե դա որտեղ է,- անմիջապես ավելացրի:
– Ո՞նց չգիտեմ, ես լիքը հայ ընկերներ ունեմ: 
– Հա՞,- ուրախացա,- իսկ դուք որտեղի՞ց եք,- հարցրի` արդեն գուշակելով պատասխանը:
– Լիբանանից:

Ու էդպես զրույցի բռնվեցինք` չզգալով, թե ինչպես ժամանակը թռավ: Պատմեց, որ իր մայրը մի ամիս Հայաստանում է եղել ու հիացած վերադարձել է: Հետո անցավ լիբանանահայերին: Ասաց, որ հրաշալի մարդիկ են: Երբ նրանց թաղամասերով անցնում ես, ցուցանակները հայերեն են: Դեռ ինքն էլ մի քանի հայերեն նախադասություն արտաբերեց:
– Հա,- ասում եմ,- հայերենը ձեր չորրորդ պաշտոնական լեզուն է, չէ՞:

Գովեց, թե ոնց են այնտեղի հայերն ատամներով պահում իրենց լեզուն, երեխաներին հայկական դպրոցներ ուղարկում, տանը հայերեն խոսում: Ավելին` պարտադիր հայի հետ են ամուսնանում: 
– Հիմա քույրս էլ ԱՄՆ-ում փորձում է իր երեխաներին արաբերեն սովորեցնել: Բայց նրանք լավ չեն խոսում. հայի արաբերեն է,- ծիծաղում է: Ասածի մեջ թույն չկա,- ուղղակի արաբերենում բայերն ըստ սեռի էլ են խոնարհվում, իսկ քանի որ հայերենում դա չկա, հայերը միշտ շփոթում են:

Հետո հիշեցի, որ Երևանում լիբանանահայկական մի ռադիոկայան էր վերահեռարձակվում: Սիրում էի լսել արևմտահայերենը: Սիրում էի, որովհետև էն կոտրտված, անգլերենախառը լեզուն չէր, որ սովորաբար լսում ենք այլ տեղերի հայերից, այլ մաքուր ու սիրուն արևմտահայերենն էր` մեծ տատիկ-պապիկներիս լեզուն: Ապրեն լիբանանահայերը, որ էդպես պինդ պահում են լեզուն:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me