Ֆիններենը. տպավորություններս

Քանի որ արդեն քննությունս հանձնել եմ ու գերազանց գնահատակս ստացել եմ, արդեն կարող եմ հանգիստ սրտով փնովել էս լեզուն:

Կարող եմ շատ հանգիստ հայտարարել, որ ֆիններենը մինչև հիմա սովորածներիցս ամենաբարդ լեզուն էր: Ըստ էության, նույն ժամաքանակով, ավելի պակաս որակով դասախոսներով ու իմ նույն ծուլությամբ գերմաներենն ու հոլանդերենը հիմա ահագին հասկանում եմ, բայց ֆիններենը ոչ էս կողմ, ոչ էն կողմ. լավագույն դեպքում ինչ-որ ծանոթ բառեր եմ որսում, ուրիշ ոչինչ: 

Իմ ընկերներից մեկը ֆիններենի մասին ասում է, թե՝ տպավորություն է, որ ոտքից գլուխ անկանոն լեզվում որոշել են զոռով կանոններ մտցնել, որ օտարները կարողանան սովորել: Ձևաբանության դասախոսս հավատացնում էր, որ թեև ֆիններենում կանոնները շատ են, այնուամենայնիվ, անթիվ չեն, հետևաբար հնարավոր է դրանք յուրացնել: Ես էլ մտածում եմ՝ մի ամբողջ կյանք է պետք էդ բոլոր պարադիգմներն անգիր անելու համար:

Ասենք, վերցնենք բայերը: Երկու չէ, երեք չէ, վեց խումբ են: Բայց էդ հեչ, հնարավոր կլիներ յուրացնել: Էդ վեցի մեջ էլ դեռ ամեն դեմքով-թվով խոնարհելուց պիտի բաղաձայնների աստիճանավորումը հիշես: Ու մեկ էլ ինչ-որ բայ հանկարծակի չի ենթարկվում էդ աստիճանավորմանը: Ինչու՞, ինչի՞ համար: Հեչ, բացառություն է: Իսկ դասախոսը փորձեց բացատրել, որ հավանաբար վանկերի թվից է կախված: Այ քեզ բան, էս ամեն ինչը քիչ էր, դեռ պիտի վանկերի թիվ էլ հաշվի առնես:

Էսքանով հանդերձ գոյականների հարցն ավելի բարդ է: Ֆիններենը տասնհինգ հոլով ունի, որոնցից միայն վեց-յոթն անցանք, այն էլ միայն եզակի թվի համար: Իսկ այ հոլովումների թիվը գնա-գալիս եմ: Ինչ-որ յոթ-ութ հատ անցանք, բայց դասախոսն ասաց, որ դա ամբողջը չէ: Ու եթե արտաբերել որևէ գոյականի հոգնակի թիվ մասնակի հոլովը, գնա գալիս եմ… Պիտի հաշվի առնես, թե ինչ հոլովման է պատկանում, որ տեսակի արմատը պիտի վերցնես, բաղաձայնների ուժեղ աստիճանն է, թե թույլը, էդքանից հետո ձայնավորների հարմոնիան էլ որպես ձևավորում ավելացնում ես ու նոր ստանում ճիշտ բառը: Հա, բա որ էսքան տանջվելուց հետո պարզվում է՝ տվյալ դեպքում քերականորեն բնավ պետք չէր մասնակի հոլով:

Կամ՝ եթե ուզում ես ասել, որ որևէ տեղ ես գնում: Թե որ հոլովը կընտրես, կախված է՝ գնացածդ տեղը բաց տարածք է, թե փակ: Բայց, ասենք, էստեղ լիքը բացառություններ են մտնում. քաղաքներն ու պետությունները փակ տարածքների նման են հոլովվում: Ու էս բացառությանն էլ բացառություն կա: Ասում են՝ էն քաղաքում, որտեղ շատ ջուր կա, բաց տարածքների նման են հոլովվում: Դրա վրայից էլ գալիս են էս կանոնի բացառությունները, ու արդյունքում ֆինն լեզվաբանը գիրք է գրում, թե որ աշխարհագրական անունը ոնց է հոլովվում. ֆիններն իրենք էլ չգիտեն:

Մի անգամ էլ մեր էրեխեքից մեկը հայտնաբերեց, որ ֆիններենում անգլերեն or բառի համար կան vai և tai տարբերակները: Դասախոսին հարցրեց, թե ինչ տարբերություն կա: Բնականաբար, քանի որ ֆիններենն է, անպայման պիտի մի լուրջ, բայց անբացատրելի տարբերություն լինի: Դասախոսն էլ ասաց, որ նրանցից մեկն օգտագործվում է միայն հարցական նախադասություններում, իսկ մյուսը՝ և՛ հարցական, և՛ հաստատական: Բացի դրանից, եթե մեկին սուրճ կամ թեյ ես առաջարկում և հարցիդ մեջ օգտագործում ես tai-ը, նշանակում է՝ նա հրաժարվելու հնարավորություն նույնպես ունի: Իսկ եթե օգտագործում ես vai-ը, ուրեմն մեկնումեկը պարտադիր պիտի ընտրի:

Ուղեղիցս սկսեց ծուխ բարձրանալ: Այ քեզ տարօրինակ լեզու: Ու հենց էդտեղ հիշեցի… Համեմատեք. «Սուրճ կամ թեյ կխմե՞ս», «Սու՞րճ, թե՞ թեյ կխմես»:

Աշխարհի ամենադժվար լեզուն

Էս թեմայով վաղուց էի ուզում գրել, բայց հա հետաձգում էի: Էսօր Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկն ինձ թեգ էր արել աշխարհի ամենադժվար լեզվի հետ կապված մի նկարում: Էդտեղից էլ որոշեցի անմիջապես գրառման տեսքով պատասխանել հարցին, թե որն է աշխարհի ամենադժվար լեզուն:

Երբ ֆրանսերեն էի սովորում, կողքից անընդհատ հարցնում էին՝ դժվար ա, չէ՞: Ֆրանսերենի դժվարությունն էդպես չէի զգում, որովհետև բառապաշարը նման էր անգլերենին, ժամանակաձևերը՝ հայերենին, իսկ գոյականների սեռերի հետ առընչվել էի դեռ ռուսերեն սովորելիս: Կային մանր-մունր բաներ, որոնք սովորելու համար իրոք քրտինք եմ թափել, բայց ամեն դեպքում դրանք շատ չէին ու հաղթահարելի էին: Հիմա եթե հարցնեք ֆրանսերենի ինչն էր ինձ համար ամենաբարդը, կասեմ՝ շարադասությունը. մի քանի օր տանջվել եմ, մինչև յուրացրել եմ դերանուն-խնդիրների դասավորությունը միմյանց նկատմամբ:

Ասում են՝ հոլանդերենն էլ է ահագին դժվար լեզու: Բայց մեր խմբում շատ հստակ բաժանում առաջացավ. նրանք, ովքեր գերմաներեն գիտեին, շատ արագ ըմբռնեցին լեզուն ու սկսեցին խոսել: Իսկ նրանք, ովքեր երբևէ գերմաներեն չէին սովորել, ուղղակի տառապում էին՝ համարելով, որ աշխարհի ամենաբարդ լեզուն են սովորում, ու էդպես էլ որևէ մակարդակի չհասան (էստեղ երկար ինքնագովազդ, որ չնայած ես կյանքում գերմաներեն չէի սովորել, գերմաներեն իմացողների խմբում հայտնվեցի, բայց դե պատճառը լեզուներ հեշտությամբ սովորելու ունակությունս էր):

Գերմաներենն էլ առանձնապես բարդ չէր, որովհետև հանգիստ կարողանում էի հիմնվել հայերենի, անգլերենի, հոլանդերենի ու ֆրանսերենի վրա ու հեշտությամբ յուրացնել: Բայց արի ու տես, որ խմբում կային մարդիկ, որ կես տարում էդպես էլ չհասկացան, թե հոլովն ինչ է: Ինչու՞: Արդյոք դա նշանակու՞մ է, որ նրանք պակաս ինտելեկտուալ հնարավորություններ ունեին: Ոչ մի դեպքում չէ: Էդ հարցին գրառմանս վերջում կպատասխանեմ:

Հիմա ֆիններեն ենք անցնում: Հանգիստ կարող եմ ասել, որ մինչև հիմա սովորածս լեզուներից ամենաբարդն է, որովհետև նախ բառերը ոչ մի կերպ չեն հիշեցնում իմ իմացածներին, հետո լիքը հարցեր լրիվ ուրիշ տրամաբանություն ունեն: Ճիշտ է՝ որոշ բաներ հեշտանում են ինձ համար՝ դրանք համեմատելով հայերենի հետ, բայց ամեն դեպքում քերականական ահագին նրբություններ կան, որոնք հասկանալու համար ուղեղիս նոր ճտտիկ է պետք: Ու հենց էս ֆիններենի դասերին է, որ ամերիկացիներն ամենաշատն են տառապում, որովհետև նրանց ուղեղի մեջ ուղղակի չի տեղավորվում, թե ոնց կարող է բառին ինչ-որ բան կպչել, ոնց կարող է մի լեզու նախդիրներ չունենալ: Ու նորից. մի՞թե նրանք պակաս ինտելեկտուալ հնարավորություններ: Ոչ, հաստատ ոչ:

Մեկ էլ գիտեմ, որ չինարեն երբեք չեմ սովորի: Պատճառը միայն գիրը չէ. մի կողմ, որ այբուբենների սովոր ուղեղս ոչ մի կերպ չի ընկալում, թե ինչպես կարող է գիրը հնչյունաբանական ինֆորմացիա չպարունակել: Իրականում չինարենը ձևաբանորեն շատ պարզ է. ոչ մի հոլով, ոչ մի խոնարհում, ոչ մի հոգնակի: Բայց ինձ սարսափեցնում են տոները. ես ոչ մի կերպ չեմ կարողանում դրանք ընկալել: Իհարկե, եթե շատ քրտնեմ, գուցե կարողանամ տարբերակել բարձրացող ու իջնող տոներն իրարից, բայց կստացվի, որ ահագին ջանք եմ թափել, հետևաբար դժվարացել եմ, հետևաբար ինձ համար դժվար լեզու է, մինչդեռ էդ նույն չինարենը հեշտությամբ են սովորում նրանք, ովքեր արդեն մի տոնային լեզու գիտեն:

Էսքան երկար-բարակ գրելուց հետո ի՞նչ էի ուզում ասել: Աշխարհում չկա ամենադժվար լեզու, մոռացեք: Ամենադժվարը ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ հատկանիշ է: Լեզվի դժվարությունը կախված է նրանից, թե ինչ լեզուների ես տիրապետում ու նոր լեզուն որքանով է նման նախկինում իմացածներիդ: Ու կախված է նաև սովորողի մոտիվացիայից: Եթե նվիրվում ես գործին, շատ հեշտ է առաջ գնում, ու դժվարությունը չես էլ նկատում: 

«Հայուհին» (Մարտին Մելքոնյան)

Երեկ սկսեցի կարդալ: Մտածեցի՝ գուցե մի հատված թարգմանեմ, տեղադրեմ: 

Տետր եմ փնտրում: Փնտրում եմ կապարե փափուկ կամ Բիկ ծայրով մատիտ կամ գրիչ: Տեղ եմ փնտրում գրելու համար: Ամիսներն անցնում են: Սկսում եմ մտքիս մեջ, գունավոր թղթերի վրա, տարբեր չափսերի տետրերում: Գլուխս ծանրաբեռնվում է: Պատռում եմ թղթերը: Բացի մեկից, որին գրել եմ. «Նրա մասին խոսելու ճիշտ լեզուն չգիտեմ»:

Գնում եմ վանդակավոր տետր: Ընտրում եմ սև գրիչ: Գնում եմ հանրային գրադարաններ: Այս ներածությունն ինքն իրենով վեպ է: Վեպ նրան հասնելու համար:

Մաման: Մի մայր: Իմ մայրը:

Հայուհի:

Մի կին, որ խոսում է ուրիշ լեզվով, մի բարբառով, որտեղ հանդիպում են հայը, հույնը և օսմանցին: Թուրքի, արաբի և պարսիկի խառնուրդ: 20-րդ դարի քսանականների բարբառ: Մի բարբառ, որը ներարկված է երակներիս մեջ, որը չեմ հասկանում, չեմ խոսում մամայի՝ իմ մոր՝ Վիկտորյայի, մահվանից հետո իննսուն տարեկան հասակում: 

Որոշումներ ընդունելու լեզուն

Մի քանի ամիս առաջ մեր ծրագրով սովորող, բայց մեզնից մի կուրս բարձր մի ամերիկուհի բոլորիս գիտական հոդված ուղարկեց, որ կարդանք՝ ասելով, որ մենք՝ անգլերեն խոսող ոչ լեզվակիրներս, նախանձելի կարգավիճակ ունենք:

Հոդվածում նկարագրվում էին մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքները ցույց էին տալիս, որ մայրենի լեզվով ընդունած որոշումներն ավելի էմոցիոնալ են, մինչդեռ օտար լեզվով որոշում կայացնելն օգնում է առավել ռացիոնալ տարբերակն ընտրել: Ընդ որում, որպեսզի չստացվի, թե կոնկրետ լեզվի էֆեկտ է, նույն հետազոտությունը կատարել էին տարբեր լեզուների համար, որոնք մի տեղ որպես մայրենի լեզու էին, մյուսում՝ օտար: Ու արդյունքը նույնն էր. օտար լեզվով կատարած որոշումներն ավելի ռացիոնալ են:

Հետո ահագին քննարկեցինք, թե ինչու է էդպես: Փաստորեն, եթե արդյունքները ճիշտ չմեկնաբանես, կստացվի, որ թերագնահատում ես մայրենի լեզվի դերը, մղում երկրորդ պլան, ինչը կարող է վտանգավոր դառնալ Հայաստանի նման երկրների համար: Այնուամենայնիվ, աչքի անցկացնելով այլ հոդվածներ ու սեփական փորձից կիսվելով եկանք այն եզրակացության, որ մայրենի լեզուն ընդհանրապես կապված է հույզերի հետ (այստեղից՝ պնդումս, որ մենակ հայերենով կարող եմ սիրել), ու երբ օտար լեզվով ենք խոսում, հիմնականում կամ վատ ենք արտահայտում, կամ ընդհանրապես չենք կարողանում արտահայտել մեր հույզերը: 

Այնուամենայնիվ, հոդվածը մեզ ահագին ուրախացրեց, որովհետև ըստ էության մեր կյանքի համար կարևոր որոշում ընդունելու պահին գտնվելու էինք օտարալեզու միջավայրում, հետևաբար ռացիոնալ ուղի կընտրեինք ու կլինեինք այնքան հաջողակ, որքան կարելի է սպասել յուրաքանչյուրիս տեսակից:

Երբ անցյալ շաբաթ եկա Հայաստան, հանկարծ ուզեցա մնալ այստեղ: Տարբերակներ էի մտածում: Դե լավ, պատրաստ եմ նորից անցնել թարգմանությունների: Լրագրություն էլ կարող եմ անել: Կես դրույքով մի տեղ հոգեբույժ կաշխատեմ, էնքան որ հաճելի զբաղմունք էլ ունենամ, իսկ գլուխս ոչ մասնագիտական գործերով կպահեմ: Կամ էլ կգնամ Արցախ:

Էդպես մտածում-մտածում էի, մեկ էլ հանկարծ հիշեցի էս հոդվածը ու նկատեցի, որ գրեթե որոշում դարձած մտքերս մաքուր հայերեն են, հետևաբար նաև էմոցիոնալ են: Ջղայնացա, որոշեցի մոռանալ դրանք մինչև բարով-խերով կհասնեմ Գերմանիա ու կսկսեմ նորից անգլերեն մտածել:

Բայց մեկ էլ մի ուրիշ բան ա մտքովս անցնում. ո՞վ ա ասում, որ էմոցիոնալ որոշումները սխալ են:

Լեզվընկերներ ու լեզվափոխանակություն

Եվրոպայի ուսանողների շրջանում տարածված երևույթ է լեզվընկերներ ունենալը: Դա լեզու սովորելու բավական արդյունավետ ու էժան (փաստորեն, անվճար) մեթոդ է: Իմաստն այն է, որ երկու տարբեր լեզու կրողներ պարբերաբար հանդիպում են ու միմյանց սովորեցնում իրենց լեզուները: Արդյունքում՝ լեզվի անվճար դասեր ես ունենում անմիջապես այն կրողից: Փոխարենը միայն ու միայն պետք է քո լեզուն սովորեցնես: Լեզվափոխանակության առավելություններից մեկն էլ այն է, որ կարողանում ես ավելի մոտիկից շփվել տվյալ մշակույթը կրողի հետ, լիքը բաներ սովորել ու քոնը փոխանցել:

Նիդեռլանդներում գրանցվել էի նմանատիպ ծրագրի համար, որ մեկնումեկին հայերեն սովորեցնեմ, ինքն էլ ինձ հոլանդերեն: Դիմումիս մեջ առաջարկել էի իմացածս մնացած լեզուները նույնպես, բայց էնքան էլ խելքին մոտ չէր՝ հաշվի առնելով, որ Խրոնինգենում ֆրանսիացիներն ու ռուսները քչություն չէին անում, իսկ անգլերեն հոլանդացիներն էսպես թե էնպես գիտեն:

Ամիսներն անցնում էին, բայց էդպես էլ ոչ մի նորություն չէի ստանում: Դիմողներից երևի միակն էի, որը մնացել էր առանց լեզվընկերոջ: Խրոնինգենից գնալուց ընդամենը երեք շաբաթ անց մեկ էլ հայտնվեց ապագա քիմիկոս մի աղջիկ ու ասաց, որ ուզում է հայերեն սովորել: Դե պետք էր հաշվի առնել նաև, որ հոլանդացիները մի քիչ խելառ բաներ ունեն, ու իրենց իմացած չորս լեզուների կողքին կարող են ավելացնել նաև այնպիսիք, որոնք կյանքում չեն գործածելու:

Հոլանդուհու հետ մի քանի նամակով փոխանակվեցինք, ծանոթացանք, բայց ոչ հանդիպեցինք, ոչ էլ ինչ-որ կերպ շարունակեցինք շփվել: Ու էդպես հոլանդերենս ոնց վատ եղել էր, էդպես էլ մնաց:

Գերմանիայում էդ դառը փորձից հետո էլ չփորձեցի լեզվընկերներ փնտրել: Գլուխս կախ բավարարվեցի գերմաներենի դասերով, որոնք ինչ-որ պահից սկսած անտանելի ձանձրալի էին դարձել: Ու երբ դասընթացն ավարտվեց, մտածում էի՝ շարունակե՞մ, թե՞ չէ: Ախր համ էլ հոգնել եմ բոլոր լեզուները սովորելու նույն մեթոդներից. նույն թեմաները, նույն երկխոսություններն ու նույն քերականությունը նույն հերթականությամբ: Որ ասում են՝ գերմաներենի A1, արդեն գիտեմ, թե դրա մեջ ինչ է մտնում:

Մինչ Երևանում նստած լեզու սովորելու նոր ու հետաքրքիր մեթոդներ էի հորինում, նամակ ստացա բեռլինահայ ընկերներիցս մեկից: Մոտ յոթանասուն հոգու գրել էր, որ երկու ծագումով հայ երիտասարդներ լեզվընկերներ են փնտրում, որ հայերեն սովորեն: Իրենք էլ դրա դիմաց գերմաներեն կսովորեցնեն: Տեսնում եմ, թե ինչպես են իրար հետևից բոլորը լքում զրույցը. բա ինչ, Բեռլինում բնակվող միակ խելառ հայը ես եմ, որ գերմաներեն չգիտի: Ու ես ոգևորված, ագահաբար խնդրում եմ երկուսի կոնտակտները, որ վերջին երկու ամսում գոնե գերմաներենս ինչ-որ մակարդակի հասցնեմ, բայց ամենակարևորը՝ ոգևորվում եմ, որ պիտի հայերեն սովորեցնեմ: Այ հենց էսպիսի դեպքերում է, երբ դրսում ինձ պիտանի եմ զգում:

Լեզվընկերներ ու լեզվափոխանակություն

Եվրոպայի ուսանողների շրջանում տարածված երևույթ է լեզվընկերներ ունենալը: Դա լեզու սովորելու բավական արդյունավետ ու էժան (փաստորեն, անվճար) մեթոդ է: Իմաստն այն է, որ երկու տարբեր լեզու կրողներ պարբերաբար հանդիպում են ու միմյանց սովորեցնում իրենց լեզուները: Արդյունքում՝ լեզվի անվճար դասեր ես ունենում անմիջապես այն կրողից: Փոխարենը միայն ու միայն պետք է քո լեզուն սովորեցնես: Լեզվափոխանակության առավելություններից մեկն էլ այն է, որ կարողանում ես ավելի մոտիկից շփվել տվյալ մշակույթը կրողի հետ, լիքը բաներ սովորել ու քոնը փոխանցել:

Նիդեռլանդներում գրանցվել էի նմանատիպ ծրագրի համար, որ մեկնումեկին հայերեն սովորեցնեմ, ինքն էլ ինձ հոլանդերեն: Դիմումիս մեջ առաջարկել էի իմացածս մնացած լեզուները նույնպես, բայց էնքան էլ խելքին մոտ չէր՝ հաշվի առնելով, որ Խրոնինգենում ֆրանսիացիներն ու ռուսները քչություն չէին անում, իսկ անգլերեն հոլանդացիներն էսպես թե էնպես գիտեն:

Ամիսներն անցնում էին, բայց էդպես էլ ոչ մի նորություն չէի ստանում: Դիմողներից երևի միակն էի, որը մնացել էր առանց լեզվընկերոջ: Խրոնինգենից գնալուց ընդամենը երեք շաբաթ անց մեկ էլ հայտնվեց ապագա քիմիկոս մի աղջիկ ու ասաց, որ ուզում է հայերեն սովորել: Դե պետք էր հաշվի առնել նաև, որ հոլանդացիները մի քիչ խելառ բաներ ունեն, ու իրենց իմացած չորս լեզուների կողքին կարող են ավելացնել նաև այնպիսիք, որոնք կյանքում չեն գործածելու:

Հոլանդուհու հետ մի քանի նամակով փոխանակվեցինք, ծանոթացանք, բայց ոչ հանդիպեցինք, ոչ էլ ինչ-որ կերպ շարունակեցինք շփվել: Ու էդպես հոլանդերենս ոնց վատ եղել էր, էդպես էլ մնաց:

Գերմանիայում էդ դառը փորձից հետո էլ չփորձեցի լեզվընկերներ փնտրել: Գլուխս կախ բավարարվեցի գերմաներենի դասերով, որոնք ինչ-որ պահից սկսած անտանելի ձանձրալի էին դարձել: Ու երբ դասընթացն ավարտվեց, մտածում էի՝ շարունակե՞մ, թե՞ չէ: Ախր համ էլ հոգնել եմ բոլոր լեզուները սովորելու նույն մեթոդներից. նույն թեմաները, նույն երկխոսություններն ու նույն քերականությունը նույն հերթականությամբ: Որ ասում են՝ գերմաներենի A1, արդեն գիտեմ, թե դրա մեջ ինչ է մտնում:

Մինչ Երևանում նստած լեզու սովորելու նոր ու հետաքրքիր մեթոդներ էի հորինում, նամակ ստացա բեռլինահայ ընկերներիցս մեկից: Մոտ յոթանասուն հոգու գրել էր, որ երկու ծագումով հայ երիտասարդներ լեզվընկերներ են փնտրում, որ հայերեն սովորեն: Իրենք էլ դրա դիմաց գերմաներեն կսովորեցնեն: Տեսնում եմ, թե ինչպես են իրար հետևից բոլորը լքում զրույցը. բա ինչ, Բեռլինում բնակվող միակ խելառ հայը ես եմ, որ գերմաներեն չգիտի: Ու ես ոգևորված, ագահաբար խնդրում եմ երկուսի կոնտակտները, որ վերջին երկու ամսում գոնե գերմաներենս ինչ-որ մակարդակի հասցնեմ, բայց ամենակարևորը՝ ոգևորվում եմ, որ պիտի հայերեն սովորեցնեմ: Այ հենց էսպիսի դեպքերում է, երբ դրսում ինձ պիտանի եմ զգում:

Կոդանցում. մի լեզվի ներդրումը մյուսի մեջ

Երկլեզու աֆազիա և դեմենցիայի վերջին երկու դասախոսությունները նվիրված էին կոդանցմանը (code-switching): Կոդանցումը մի երևույթ է, երբ երկլեզու անհատը խոսակցության ընթացքում մի լեզվի տարրերը խառնում է մյուսին: Հետազոտությունները ցույց են տվել, որ աֆազիա ունեցող երկլեզուները ախտաբանական կոդանցման հակում ունեն: Դասախոսին հարցրի, թե ինչով են ախտաբանական ու նորմալ կոդանցումներն իրարից տարբերվում: Պատասխանեց, որ հարցը դեռ վերջնական պատասխան չունի, բայց հիմնական տարբերություններից մեկն այն է, որ աֆազիա ունեցողը, ի տարբերություն առողջի, կոդանցում կատարում է նույնիսկ այն դեպքում, երբ տեղյակ է, որ զրուցակիցը լեզուներից մեկին չի տիրապետում:

Մայերս-Սքոթոնը կոդանցման ժամանակ տարբերում է մատրիքս լեզու, որով ընթանում է հիմնական խոսակցությունը և ներդրված լեզու, դեպի որը կատարվում են անցումները: Օրինակ, հանրահայտ «Ուգլի մագազինումը կալբասի օչերեդ ա» արտահայտությունը տիպիկ կոդանցում է, որտեղ մատրիքս լեզուն հայերենն է, ներդրվածը` ռուսերենը: Կա նաև հակառակ օրինակը: Մի անգամ ծանոթներիցս մեկն ասեց. «Մուծիծե վ կասու»: Այստեղ մատրիքսը ռուսերենն է, ներդրվածը` հայերենը:

Առողջ մարդիկ կոդանցում կատարում են, երբ տեղյակ են, որ գտնվում են երկլեզու միջավայրում: Ընդ որում, տեղյակ լինելով հանդերձ, գիտակցված երևույթ չէ: Օրինակ, երբ համակուրսեցիս դիտավորյալ ասում է "a gezellig party", այլևս կոդանցում լինել չի կարող, որովհետև նա հատուկ դիտավորություններով է հոլանդերենը ներդնում անգլերենի մեջ: 

Կոդանցման հիմնական պատճառներից մեկն այն է, որ խոսակիցը գտնում է, որ մի լեզվի համարժեք բառը կամ արտահայտությունը այնքան դիպուկ չեն արտահայտում իր միտքը, որքան մյուս լեզվինը, կամ նույն արագությամբ չի գտնում մի լեզվի բառը կամ արտահայտությունը, որքան մյուս լեզվինը: Ընդ որում, լեզվաբանները պնդում են, որ դա բնավ կապ չունի այս կամ այն լեզվի տիրապետման մակարդակի հետ: Իրոք զարմանալի երևույթ է, որ երկլեզու միջավայրներում անհատը հանգիստ խառնում է լեզուները, իսկ միալեզու միջավայրում իրեն «տիրապետում» է:

Այնուամենայնիվ, կան լեզուներ, որոնց կոնկրետ հատկանիշներ թույլ չեն տալիս, որ դրանց միջև կոդանցում կատարի: Օրինակ, իմ մտքով նույն հայերենն ու ռուսերենն անցան: Հայերենի postposition-ները (այ սա կոդանցում էր, մի ժամ պիտի մտածեմ, որ հայերեն բառը հիշեմ :Ճ) երբեք չեն կարող անցնել ռուսերեն, որովհետև ռուսերենում դրանց փոխարեն նախդիրներ են:

Քանի որ ըստ էության Հայաստանում դեռ լիովին չի վերացել հայերեն-ռուսերեն երկլեզվությունը, ու հայերեն-անգլերեն երկլեզվությունը գնալով ավելի է տարածվում, կարծում եմ` շատ երևույթներ բացատրության կարիք ունեն, իսկ կոդանցումը պետք է մանրամասն ուսումնասիրել, ու գուցե հենց կոդանցումը բացատրի այսպես կոչված օտարաբանությունները: 

Վերջերս Մայրենի լեզվի դասեր խմբում գիտակցված փոխառությունների/օտարաբանությունների հարցն էր քննարկվում: Որպես օտարաբանություն սահմանվում են այն բառերը, որոնք հայերեն մտել են օտար լեզվից, բայց ունեն գործածելի հայերեն համարժեքները, ու օգտագործողը սովորաբար տեղյակ է այդ մասին (գիտակցում է): Իհարկե, լեզվաբաններից շատերը սկսեցին պնդել, որ լեզուն պետք է մաքրել օտարաբանություններից, որ դրանք խայտառակություն են և այլն: Բայց ինձ ավելի շատ հետաքրքրեց, թե ինչու այդ օտարաբանությունները գոյություն ունեն:

Հարցիս պատասխանը մասամբ տեսնում եմ կոդանցման մեջ: Ի դեպ, նույն Մայերս-Սքոթոնը նշում է, որ հաճախ դժվար է փոխառությունը կոդանցումից տարբերելը, բայց անպայման պետք է այդ տարբերակումը մտցնել: Ըստ նրա, փոխառությունը նշված է խոսողի երկու լեզուներում էլ, իսկ կոդանցումային ձևերը` միայն մեկում, ու խոսակցության ընթացքում «վերցվում» են այդ մեկից: Պարզ ասած` եթե կալբաս բառը խոսողի համար և հայերեն, և ռուսերեն բառ է, ուրեմն հայերենում գործածելիս այն փոխառություն է, որովհետև «վերցնում» է հայերենի բառապաշարից, իսկ եթե ռուսերենի բառապաշարից է դուրս քաշում, ուրեմն կոդանցում է: Էստեղ ինձ մոտ հարց է ծագում. ինչպե՞ս կարելի է դա ստուգել: 

Արդյոք գիտակցված փոխառությունները/օտարաբանությունները այդ նույն կոդանցումը չէ՞, երբ լեզուն գործածողը տեղյակ է, որ իր արտասանած բառն այդ լեզվից չէ, բայց գործածում է, իսկ չգիտակցված փոխառությունները գտնվում են հայերենի բառապաշարում և օգտագործվում են որպես հայերեն բառեր: Ինչպե՞ս կարելի է ստուգել: Չե՞ք նկատել, որ առօրյայում տոննաներով ռուսերեն բառեր օգտագործողներն արևմտահայերենի կրողների հետ զրուցելիս նախընտրում են հայերեն բառերն օգտագործել:

Մյուս կողմից, կա նաև մարդկանց մի հսկայական խումբ, որը ռուսերենին չի տիրապետում, բայց խոսակցականում օգտագործում է օտարաբանությունները: Դրանք կոդանցումներ կոչելը սխալ կլինի: Գուցե կոդանցում կատարողներից փոխանցվելով միալեզուներին այդ բառերը դարձել են նրանց բառապաշարի մի մասը, հետևաբար` փոխառություններ են: Այսինքն, մի բառը կարող է մեկի համար կոդանցում լինել, մյուսի համար` փոխառություն: 

Այնուամենայնիվ, ավելի հստակ պատասխաններ ստանալու համար կառաջարկեի հետազոտություն անել: Ընտրում ենք հայերեն-ռուսերեն երկլեզուների, սկզբում առաջարկում միմյանց հետ զրուցել (ու ձայնագրել), հետո` արևմտահայերեն խոսացողի: Թեմաները պետք է նույնը լինեն, որպեսզի չազդի խոսքի վրա: Մասնակիցները պետք է նախապես չիմանան, թե ինչ է ուսումնասիրվում: Կարծում եմ` սա ավելի օգտակար կլինի հայ ժողովրդի համար, քան անվերջ պնդել, որ օտարաբանությունները խայտառակություն են, որ լեզուն փչացնում են և որ դրանցից պետք է ազատվել:

Երկլեզվությունը Հայաստանում

Երկլեզու աֆազիա և դեմենցիա առարկայից որոշել էի հոդված գրել` վերլուծելով Bilingual Aphasia Test-ի հայերեն և հայերեն-ռուսերեն երկլեզու տարբերակները: Աշխատանքս սկսել կարողանալու համար ինձ տվյալներ էին պետք Հայաստանում երկլեզվության մասին: Չնայած մինչև հիմա ինչ հետազոտություն արել եմ, հայերենի/Հայաստանի վերաբերյալ ցանկացած տպագիր նյութ փնտրելու փորձերս անհաջողությամբ են պսակվել, էս անգամ էլ չալարեցի ու գուգլեցի, որ տեսնեմ` ինչ կա-չկա: Էդպես գտա մի հոդված, որը կոչվում էր "Problems of Bilingualism in Armenia" («Երկլեզվության խնդիրները Հայաստանում»): Սկզբում ոգևորվեցի. ըհը, վերջապես մի բան գտա, որը պետքական կլինի, վերջապես կկարողանամ նորմալ հղումներ անել, ոչ թե օդի մեջ դուրս տալ: Բայց պետք էր հոդվածն ընդամենը կարդալ, որ էլի ջղայնանամ Հայաստանում նորմալ լեզվաբանական հետազոտությունների բացակայությունից:

Հոդվածը ոտքից գլուխ քննադատելի է: Էն աստիճանի, որ չգիտես` որտեղից սկսես, որտեղով ավարտես: Այնուամենայնիվ, կփորձեմ անդրադառնալ ինձ ամենաշատը ջղայնացրած հատվածներին:

Աչքերս ճակատիս են թռնում հենց առաջին նախադասություններից, որտեղ խոսվում է երկլեզվության սահմանման մասին: Անտեղյակ մարդու համար արտառոց ոչինչ չկա, ու կարծես օբյեկտիվորեն տրվում են բոլոր հնարավոր սահմանումները: Բայց նայենք հղումներին: 50-60-70-ականներ: Ըստ էության, դա էլ սարսափելի չէ. կան բաներ, որոնց մասին այդ թվականներին արդեն շատ լավ խոսել են, ու զանազան սահմանումներ ուղղակի դասական են դարձել: Բայց եկեք նայենք, թե ինչ է ասվում այստեղ: Նախ, երկլեզվությունը սամանվում է որպես ավելի քան մեկ մայրենի լեզու ունենալ: Հետո ավելացնում, որ «պարտադիր չէ, որ անձն ամբիլինգվալ լինի, այսինքն` երկու լեզուներին տիրապետի մայրենու պես»: Այնուհետև ավելացվում են կոորդինատիվ և սուբորդինատ երկլեզու տերմինները, որոնցից առաջին դեպքում անհատը հավասարապես է տիրապետում լեզուներին, իսկ երկրորդի դեպքում` մեկը գերակշռում է:

Մեր օրերում երկլեզվության նման սահմանումներ գիտական հոդվածներում չեն մեջբերվում, իսկ ամենաընդունվածներից մեկն այն է, որ առօրյայում հասարակական և հաղորդակցական կարիքներից դրդված երկու լեզուների գործածությունն է: Հետո արդեն սկսվում են բաժանումները` վաղ (մինչև հինգ տարեկանում երկու լեզու սովորած կամ հենց երկու մայրենի լեզու ունեցողներ) և ուշ (հինգ տարեկանից հետո երկու լեզու սովորած) երկլեզուներ, հավասարակշռված (երկու լեզուների հավասար տիրապետում, ընդ որում` բնավ չի նշանակում, որ երկուսն էլ գերազանց են) և չհավասարակշռված (լեզուներից մեկը, ընդ որում բնավ պարտադիր չէ, որ մայրենին լինի, ավելի ուժեղ է, քան մյուսը): 

Ամփոփելով երկլեզվության սահմանումը` վերջապես բերվում է խելքին մոտ սահմանում, բայց արի ու տես դասականներին հղում անելու փոխարեն նշվում է ինչ-որ Խաչիկյան, 1989 (հոդվածի հեղինակն ինքը): Կարդացողը կմտածի` մեր օրերում աշխարհով մեկ տարածված սահմանման հեղինակն ինքն է, վրաներս խաբար չկա: 

Ու հետո միայն սկսում է խոսել Հայաստանում երկլեզվության մասին: Չգիտես ինչու, նշում է, որ Հայաստանի համար պարտադիր է օտար լեզուների իմացությունը: Ավելին` այնքան հեռու է գնում, որ պնդում է, որ ցանկացած հայ պետք է կարողանա իր առօրյայում մի քանի լեզու օգտագործել: Համաձայն եմ, որ օտար լեզուների իմացությունը լավ է, բայց բերել ու հասցնել երկլեզվության աստիճանի՞: Ինչու՞ է այդ մասին խոսվում ընդհանրապես, երբ կարծես հոդվածի նպատակը ոչ թե հայերին բարոյախրատական դասեր տալն է, այլ Հայաստանում տիրող երկլեզվության վիճակը վեր հանելը:

Մի քիչ նկարագրվում է, թե Հայաստանում ռուսախոսությունը երբվանից ու ոնց է եկել (էն, ինչն ինձ էլ էր պետք, դրա համար եկա-հասա այս հոդվածին), ու հետո սկսվում է հսկայական բանավեճի մի թեմա: Գրվում է, որ 90-ականներին ռուսերենը կորցրեց իր` երկրորդ մայրենի լեզվի կարգավիճակը ու դարձավ օտար լեզու: Ու հենց էստեղ սիրտս կանգնում է: Ռուսերենը ե՞րբ է եղել հայերի երկրորդ մայրենի լեզու: Ավելին` հղում է անում 2002-ի իր սեփական հոդվածին ու ասում, որ աշակերտներին հնարավորություն տրվեց ընտրելու իրենց օտար լեզուն, ու ռուսերենը դարձել է գրեթե ընտրովի, երկրորդական առարկա: Դպրոցն ավարտել եմ 2003-ին, բայց նման ընտրություն ինձ երբևէ չի տրվել. անցել եմ անգլերեն ու ռուսերեն: Նույնն էլ համալսարանում, ամբողջ երկու տարի: Լավ, ասենք հեղինակը տեղյակ չէ համաշխարհային գիտական աշխարհում ինչ է կատարվում, բայց հո Հայաստանի դպրոցներում ուսուցանվող լեզուների մասին տեղեկություններ գտնելը դժվար չէ: Դեռ այնքան հեռու է գնում, որ նախկին սովետական պետություններում ազգային լեզվի համար անհանգստացողները հուզական ու ոչ օբյեկտիվ են: Ու հղում չկա:

Ինձ կաթվածահար արեց «1996-ից իրավիճակը փոխվել է» նախադասությունը: Պարզվում է` այդ ժամանակներից վերածնվել է ռուսիֆիկացիան: Հեղինակը նշում է, որ ավելացվեցին ռուսերենի դասաժամերը, որ կան մասնավոր դպրոցներ, որտեղ ուսուցումը ռուսերեն է, ու որ ռուսերեն-հայերեն երկլեզվությունը տարածվում է: 

Այստեղ ավարտվում է ներածությունը, ու ես խիստ հիասթափվում եմ, որ երկլեզվության առաջացրած օբյեկտիվ խնդիրների մասին խոսելու փոխարեն հեղինակը խորամանկորեն տանում է դեպի ռուսական դպրոցների բացում, ռուսաց լեզվի տարածում և այլն: Բայց քանի որ հոդվածն այստեղ չի ավարտվում, ու դեռ հետազոտության մասին պիտի խոսի հեղինակը, ես շարունակում եմ կարդալ, որ վերջնականապես գժվեմ ու լացեմ Հայաստանի գիտության վիճակի համար:

Սլավոնական համալսարանի ուսանողներին, որոնք համարվում են երկլեզուներ (հայերեն չիմացող ուսանողները շատ քիչ են), ռուսերեն 650 բառից բաղկացած ցուցակ են տալիս ու առաջարկում կարդալ: Այստեղից եզրակացություն են անում, որ սուբորտդինատ երկլեզվությունը գերակշռում է (մեր օրվա տերմիններով` չհավասարակշռված): Նշված է, որ հավասարակշռված երկլեզուները քիչ են, ավելի շատ են նրանք, ովքեր կատարյալ տիրապետում են լեզուներից մեկին: Ու էստեղ ես ծիծաղից մեռնում եմ: Հետաքրքիր է` ո՞նց են բառ կարդալով, այն էլ միայն մի լեզվով, կարողացել եզրակացնել, թե ով ինչ չափի է տիրապետում հայերենին կամ ռուսերենին: Գիտեք, ես ֆիններեն շատ վարժ կարդում եմ, բայց ընդամենը չորս-հինգ բառ գիտեմ էդ լեզվով: Էլ չեմ խոսում քերականական գիտելիքներիս ի սպառ բացակայության մասին: Հիմա եթե նման հետազոտություն անեին ինձ հետ, պիտի եզրակացնեին, որ ֆիններեն գիտե՞մ:

Այնուհետև ասվում է, որ հայերի ամենամեծ խնդիրը ռուսերենում չշեշտված ձայնավորներն են: Իհարկե, միայն կարդալու հետազոտությամբ դրանից ավելին դժվար էլ հայտնաբերեն: Հետաքրքիր է` ո՞նց էին պարզելու, որ հայերը գոյականի սեռի, բայի ասպեկտի ու հոլովների հետ խնդիր ունեն, եթե պահանջվում էր միայն չոր ու ցամաք դնել ու բառեր կարդալ:

Վերջում խոսվում է ապագա հետազոտությունների ու անգլերենի մասին, որ անգլերենը գնալով ավելի մեծ տարածում է գտնում և այլն: Հիասթափված փակում եմ հոդվածը ու մտածում, որ այս առարկայի տնային աշխատանքս էլ բացառություն չէ, որ պիտի տառապեմ, սկսեմ հեծանիվ հայտնագործել միայն ու միայն այն պատճառով, որ Հայաստանում նորմալ գիտություն անելու փոխարեն նման հակագիտական հոդվածներ են գրվում:

Հ.Գ. Հեղինակին չեմ ճանաչում, ու գուցե Հայաստանում հարգված մասնագետ է և վաստակաշատ լեզվաբան: Այնուամենայնիվ, ինձ համար որևէ գիտնականի ճանաչվածությունը չափանիշ չէ, ու ես կարծիք կազմում եմ նրանց տպագրություններով, ոչ թե նրանով, թե ինչ են ուրիշները խոսում նրա մասին: 

Լեզուներից

Լեզու սովորելիս մի կետ կա: Երբ հասնում ես դրան, սկսում ես ավելի արագ առաջ շարժվել. ամեն ինչ շատ հեշտանում է: Թող շատ սենտիմենտալ չհնչի, բայց ես անունը դրել եմ լեզուն զգալ. հենց սկսում ես զգալ, սովորելն այլևս բարդ չի լինում: 

Ֆրանսերենի դեպքում այդ կետին շատ արագ հասա (մեկ-երկու ամսում): Իսպաներենի դեպքում մի քանի ամիս տևեց, բայց հենց հասա, կանգ առա. էլ ժամանակ չկար շարունակելու: Էդ կետին հասնելն էլ ստիպեց, որ «արխային ընկնեմ»: Միշտ ասում էի` երբ էլ լինի, կնստեմ, երկու շաբաթում կլավացնեմ:

Հոլանդերենի դեպքում էդ կետին հասա էսօր` քննությունիցս երկու ժամ առաջ, սովորել սկսելուց հինգ ամիս անց: Ու էլի պիտի կանգ առնեմ: Ցավոք:

Protected: Հայգլերեն

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me