Լիտվական երաժշտություն

Լիտվուհի փենփալս խորհուրդ տվեց էս խմբին լսել: Հզոր ա:

Այն մասին, թե ինչու Յոենսուից հասա Դյուսելդորֆ

Դասընկերներս զարմացան, երբ իմացան, որ իրենց հետ Լապլանդիա չեմ գնում: Բացատրությունս՝ որովհետև Դյուսելդորֆ եմ գնում: Աչքները չորս արած՝ ի՞նչ ես կորցրել այնտեղ: Ալանիսին եմ կորցրել, համերգ եմ գնում: Հարցական նայում են: Իմ սիրած կատարողն է, բացատրում եմ, նրա հետ եմ մեծացել: Հըմ, ասում են, իսկ մնացածը՝ մեջները պահում: Գիտեմ՝ մտածում են, թե՝ էս գիժն ո՞վ էր, որ Լապլանդիան թողած համերգ է գնում, էն էլ Գերմանիայում: Ես էլ եմ ասում՝ էս գիժն ո՞վ էր: Հետո ինձ հանգստացնում եմ. մեկ էլ եսիմ երբ սենց հնարավորություն կունենամ: Իսկ կունենա՞մ որ: Հա, գիժ եմ: Էդպես էի կարծում մինչև երեկ:

Ավելի քան 2500 կմ կտրեցի անցա միայն ու միայն համերգի համար: Հա, ուզում էի նրան անձամբ էլ տեսնել, գուցե ինքնագիր վերցնել, հետը նկարվել ու մի երկու բառ փոխանակել: Դրա համար համերգից երեք ժամ առաջ հայտնվել էի հետնամուտքի մոտ ու հույս ունեի՝ կբռնացնեմ: Ու հենց էդ ժամանակ իմացա, որ չէ, էնքան էլ գիժ չեմ:

Բայց հաստա՞տ ուզում էի անձամբ տեսնել նրան: Ի՞նչ պիտի ասեի: Որ ինքն ինձ դաստիարակել-մեծացրե՞լ է: Քանի՜-քանի՜ նման մարդիկ կան նրա երգերի տակ մեծացած: Որ 2500 կմ կտրել-անցե՞լ եմ իրեն տեսնելու համար: Մարդ կա՝ օվկիանոս է անցնում: Ի՞նչ կփոխվեր իմ կյանքում: Ի՞նչ կփոխվեր նրա կյանքում: Բացարձակապես ոչինչ: Էսքան ժամանակ պիտի որ հաշտված լինեի միակողմանի հարաբերությունների հետ, որ ես գիտեմ նրան, իսկ նա ինձ՝ ոչ: Եթե իմանա էլ, ես նրա վրա էնպես չեմ ազդի, ինչպես ինքն է ինձ վրա ազդում: Բացի դրանից, սիրելի երաժիշտների հանդիպելու երեք փորձ ունեի, որոնք, իսկապես, որևէ բան չեն փոխել:

Միշտ ասել եմ՝ Թորին ինձ համար երաժշտություն է, իսկ Ալանիսը՝ անձ, այսինքն՝ հետաքրքրված եմ ոչ միայն նրա երգերով, այլև արարքներով, ասածներով: Ալանիսին ուզում եմ անձամբ տեսնել, բայց չգիտեմ՝ ինչի համար: Կամ գուցե չեմ ուզում: Ու հետնամուտքի մոտ հայտնվում եմ ապացուցելու համար, որ չեմ ուզում, համոզվելու համար, որ ինձնից բեթար գժեր էլ կան:

Էնտեղ էր մի լեհ երկրպագու, որն ասում էր՝ 5000 դոլար էլ կտա, եթե միայն Ալանիսի meet & greet-ին կարողանա ներկա գտնվել (ասում են՝ ԱՄՆ-ում meet & greet-ի տոմսերը 2000 դոլար են եղել): Նա եղել էր Գերմանիայի բոլոր համերգներներին, մեկն էլ Լեհաստանում: ebay-ից ինչ զրթիկ ասես չէր գնել՝ էլ պաստառներ, էլ ինքնագրեր, էլ օգտագործած տոմսեր: Ու հիմա երազում էր ուղղակի հինգ րոպեով հանդիպել Ալանիսին: Էս համերգի առաջին շարքի տոմսն էլ էր ebay-ից առել՝ կրկնակի գնով:

Քիչ անց ևս երեք հոգի հայտնվեցին: Նրանցից մեկը ծանոթ թվաց: Ձայն տվեցի: Ճիշտ էի գուշակել. Իվոնն էր ԱլանիսՈւտոպիայից: Բեռլինում մի քանի րոպեով տեսել էինք իրար: Ինքն էլ էր Գերմանիայում Ալանիսի բոլոր համերգներին գնացել էս տարի: Պարզվում է՝ հյուրանոցն էլ են իմացել, սպասել են Ալանիսին, բայց թաքուն գարաժից է հեռացել: Հիմա էստեղ են ուզում տեսնել: Զարդեր էր պատրաստել Ալանիսի համար, որ նվիրի: Հետն էլ մի տղա կար, որ Ալանիսի 38 համերգների էր ներկա գտնվել: Էստեղ իմացա, որ փաստորեն Ալանիսի համերգների առաջին շարքերը

Չէ, ես կարգին ֆանատ չեմ: Էստեղ կանգնել եմ ու չգիտեմ՝ ուզու՞մ եմ նրան տեսնել, թե ոչ: Ընդամենը համերգ եմ եկել: Ոչ նվեր ունեմ, ոչ պլակատ, ոչ նույնիսկ մայկա: Ընդամենը մի կեպի ունեմ՝ վրան Ալանիս Մորիսեթ, էն էլ Ռոտերդամում Պոլը նվիրեց, ասաց՝ Ալանիսի հաջորդ համերգին կհագնես, ես էլ խաթրը չկոտրելու համար հագա:

Համերգը երկու ժամ ուշացումով սկսվեց: Գլխացավս մանրից արթնանում էր, ու ջղայնանում էի: Դա էր պակաս մնացել հենց Ալանիսի համերգի ժամանակ: Տհաճ կանխազգացում ունեի, որ երկրորդ անգամն էն չի լինելու:

Երբ վերջապես համերգը սկսվեց, գլխացավս գրողի ծոցն անցավ: Ալանիսի շունչը կտրվում էր սկզբում, բայց էդ հեչ: Ուզում էի թռվռալ, գոռալ, երգել, գլուխս թափ տալ, պարել: Բայց հանդիսատեսի մի մասը նստած էր, մյուս մասն էլ լավագույն դեպքում՝ անշարժ կանգնած: Իսկ քանի որ հանդիսատեսը կառավարելի էր, անվտանգության աշխատակիցները կարողանում էին թույլ չտալ տեղերից դուրս գալ կամ աթոռներին կանգնել: Էդպես շարժվելու տեղ չէր լինում: Մի տեսակ էնպիսի զգացողություն ունեի, որ ոչ թե կենդանի համերգ է, այլ տեսագրություն եմ նայում: Անգամ երգերի կողմից մեծ անակնկալներ չեղան: Մի երկու տեղ տեքստերը փոխեց, Uninvited-ի վերջում էլ շատ սիրուն գժվեց:

Encore-ի ժամանակ բոլորը բեմի դիմաց հայտնվեցին (ի դեպ, համերգների encore երևույթը շատ հետաքրքիր բան ա ու լրիվ կորցրել ա իրա իմաստը՝ նոր հատկանիշներ ձեռ բերելով, բայց դա առանձին գրառմամբ): Ես էլ: Էդ ժամանակ էր, որ Հայաստանի դրոշը հանեցի ու սկսեցի թափահարել: Ու անգամ էս դեպքում Ալանիսի համար չէի անում, այլ ուզում էի՝ գերմանացիները տեսնեին ու մտածեին՝ էդ ինչ է: 

Մեկ էլ մոտիկից նկատեցի, թե ինչ աստիճանի դզած-փչած է մեր օրերի Ալանիսը: Մազերը ֆենած, մատներին հազար հատ մատանի, վզին՝ ոսկե շղթա: Էհ, Ալանիս, քո կամքո՞վ էդպիսին դառար, թե՞ քեզ դարձրին:

Համերգից դուրս եկա ինքս ինձ հարց տալով՝ փաստորեն սրա՞ համար էի եկել: Չէ, երևի ամեն ինչի մի անգամն է լավ: Չէ, համերգն ինձ դուր կգար, եթե հանդիսատեսը Բեռլինի նման գիժ ու անկառավարելի լիներ, ու թռվռալիս անընդհատ չմտածեի ինձ թարս նայող գերմանացիների մասին: 

Հիմա, երբ Ալանիսին երկու անգամ տեսել եմ բեմի վրա, նորից ու նորից ասում եմ՝ Հայաստան արի:

Հ.Գ. Էսօր էլ Քյոլնում հեռուստահաղորդման էի գնացել: Երբ Ալանիսը ներս մտավ, մենք շարքով կանգնեցինք, ծափերով ու գոչյուններով դիմավորեցինք: Իսկ Ջո Կոկերին բանի տեղ դնող չկար: 🙂 Հաղորդումը կարող եք նայել էստեղ:

Էս էլ Uninvited-ի գժական կատարումը:

Not as We (Alanis Morissette)

Դասից թռել եմ, էկել պատմվածքս վերջացնելու, որ մրցույթի ուղարկեմ: Առանց երաժշտության գրել չի լինում: Դրա համար Ալանիս միացրեցի յություբով: Ու հանկարծ ականջ ծակեց իմ ոչ այնքան սիրելի երգերից մեկը, ու գժված սկսեցի անընդհատ լսել: Տեքստն ինձ տարավ: Հատկապես էս տողերը.

If God's taking bets
I pray He wants to lose

Ուրախ եմ, որ մյուս շաբաթ միանգամից երկու անգամ տեսնելու եմ Ալանիսին: Լավ, անկապ դուրս չտամ, վազեմ պատմվածքիս մոտ, դուք էլ երգը լսեք:

Դուբլինյան արկածներ. թե ինչու չգնացի գրական փաբային շրջագայության

Ֆինըքս պարկից վերադառնալուց ու մի քիչ շունչ քաշելուց հետո որոշեցի գնալ Դյուք սթրիթ, որտեղի փաբերից մեկում սկսվելու էր Դուբլինի գրական փաբային շրջագայությունը՝ համեմված դերասանական կատարումներով ու երգերով:

Դյուք սթրիթը Գրաֆթոնը հատող այն բազմաթիվ փոքր փողոցներից մեկն է, որտեղ գտնվում է նաև «Ուլիսեսում» անմահացած Դեյվի Բըրնի փաբը: Էնտեղ հասնելու համար պիտի քայլեի Մոլլի Մալոնի մոտով, ուղիղ գնայի Գրաֆթոն սթրիթով, որն օրվա բոլոր ժամերին մարդաշատ է, թեքվեի ձախ ու մի քանի քայլ առաջ գնայի:

Երբ անցա Մոլլի Մալոնին, նկատեցի, որ մինչև շրջագայության տոմսերի վաճառքի սկիզբը դեռ քսան րոպե կար, իսկ ինձ ընդամենը երկու րոպե էր պետք էնտեղ հասնելու համար: Ու հենց էդ ժամանակ էր, երբ լսեցի հերթական փողոցային երաժշտին, որը խիստ տարբերվում էր մինչ այդ հանդիպածներիս, որովհետև ֆրանսերեն էր երգում: Էդիթ Պիաֆի երգերից: Կանգ առա ու սկսեցի լսել:

Կատարողը երիտասարդ աղջիկ էր: Ոտքից գլուխ սև հագած, սև սապոգներով, սև բերետով: Մազերին կարմիր ծաղիկ էր ամրացված: Կանգնել էր աթոռին ու երգում էր հին ֆրանսիական երգեր: Արտիստիկ էր: Խաղում էր, երգերով խոսում էր անցորդների հետ:
DSCF1620

Մեխվել էի տեղումս, առաջ գնալ չէի ուզում: Դուբլինում անգամ ֆրանսիական երգերն են ուրիշ կերպ հնչում:
Բայց հանգիստ էի. դեռ քսան րոպե կար: Մի քիչ էլ որ ուշանայի, որևէ բան չէի կորցնի. շրջագայությունն անմիջապես չէր սկսվելու: Մի քանի քայլ առաջ գնացի ու տեսա, որ բացի փող հավաքելու ափսեից կողքը նաև դիսկեր է վաճառում: Անունը գրված՝ Անյես (կամ Ագնես, նայած ոնց ես տառադարձում) լա Մինոթ:

Լկստված ամերիկուհիներ անցան: Կարծեմ ինչ-որ բան ասացին Անյեսին, որովհետև դադարեցրեց երգելը: Հետո նշան արեցին, որ միկրոֆոնն են ուզում: Չտվեց: Սկսեցին համոզել: Չտվեց: Կռվի էր վերածվում: Ամերիկուհիներից մեկը փորձեց պոկել Անյեսի մազերին ամրացված վարդը: Իսկ երգչուհին իրեն չկորցրեց, ամերիկուհու ապարանջանը պոկեց: Լկստվածները հանձնվեցին ու շարունակեցին ճամփան:

Անյեսը շարունակեց երգել, ասես ոչինչ չէր եղել: Ու կանգնել էր էնտեղ մեն-մենակ, անպաշտպան, վտանգավոր իրականության մեջ, որովհետև րոպեներ անց պիտի վերադառնային ամերիկուհի լկստվածները ու քաշեին նրա մազերը: Ինչպես հետագայում պիտի համոզվեի, Դուբլինում հաճախ են տուրիստներն ու հարբած տեղացիները կպշկվում իգական սեռի փողոցային երաժիշտներից: Խոցելի են փողոցում երգող կանայք, անպաշտպան: Ու դրա համար ուժեղ են, իրենք իրենց գլխի տերը՝ ամեն վայրկյան հարձակման պատրաստ:

Մարդիկ անցնում-գնում էին, իսկ ես մնացել էի այնտեղ:
– Ֆրանսիացի՞ ես,- ֆրանսերեն հարցրեց Անյեսը երկու երգերի արանքում:
– Չէ, բայց ֆրանսերեն խոսում եմ:
Պիաֆի «Պադամ, պադամը», Սերժ Գենսբուրգի երգերից ու էդպես շարունակ: Արանքներում մեկումեջ խոսում էր, բայց երբ իմացավ ֆրանսիացի չեմ, անցավ անգլերենի, իսկ ես համառորեն ֆրանսերեն էի պատասխանում:
– Գերմանացի՞ ես,- հանկարծ բերանիցս դուրս թռավ՝ լսելով նրա անգլերենը:
– Չէ՜,- վիրավորված ասաց,- ֆրանսիացի եմ:
Էլի երգերի արանքում էր, երբ բացատրեցի, որ առոգանությունից մտածեցի՝ գերմանացի է:
– Ստրասբուրգից եմ,- ասաց,- Գերմանիայի սահմանին է: Դրա համար երևի ֆրանսերենս ակցենտով է:
– Չէ, ֆրանսերենի մասին չեմ ասում, այլ անգլերենի,- ու էդ պահին գրազ կգայի, որ նրա անգլերենի ուսուցիչը գերմանացի է եղել:

– Ստրասբուրգը գիտեմ,- ժպտացի, իսկ ներսից քարուքանդ եղա: Ամեն անգամ Ստրասբուրգ լսելիս սիրտս կանգնում է: Էդ էն քաղաքն է, որտեղ մի անգամ գնալը կարող էր հավերժ փոխել կյանքիս ընթացքը, բայց ինչ-որ բան ինձ հետ էր պահել, ինչ-որ բան ստիպել էր, որ նման քայլի չգնամ: Գուցե այն, որ ամեն դեպքում այդ քաղաքում ինձ սպասող մարդն այնքան կարևոր չէր, որքան պետք է լիներ կամ գուցե վախենում էի նրա տանը հայտնվելուց:

Անյեսի կատարումները սկսեցի Ստրասբուրգի լույսի տակ լսել: Ու աչքերս լցվեցին: Ինքը չգիտեր, որ անցնում էի հիշողությունների մի երկար շարանի միջով, երգերը կապում էի այդ կոնկրետ մարդու հետ, գնահատում երջանիկ պահերը, որ ունեցել ենք միասին և ուրախանում, որ ճիշտ ժամանակին հրաժարվեցի նրանից՝ նամակ գրելով. «Քեզ մոռանում եմ այնպես, ինչպես մոռանում եմ ֆրանսերենը»:

Ստրասբուրգը մեծ քաղաք է, ու դժվար՝ երգչուհին ճանաչեր նրան: Բայց Անյեսը խոսում էր իմ անունից, երգում էր այն, ինչ այդպես էլ չասացի, ներսումս պահեցի՝ նախընտրելով լուռ հեռանալ:

Հետո Անյեսը հայտարարեց, որ ավարտվում է համերգը: Խնդրեցի, որ ևս մեկ երգ կատարի:
– Ի՞նչ երգեմ,- հարցրեց: Մինչ բերանս կբացեի ու կառաջարկեի ինձ ամենաշատը հուզող հին երգերից մեկը, շարունակեց,- լավ, վերջին երգը հատուկ քեզ համար: Շառլ Ազնավուր, ֆրանսիացի երգիչ է, լսե՞լ ես:
– Բայց ինքը հայ է:
– Դու՞ էլ ես հայ: Ուրեմն իսկապես հատուկ քեզ համար,- ասաց ու երգեց La Bohème-ը: Ու էլի մի փունջ հիշողություններ: Ամառային մի շոգ օր, Ֆրանսիական համալսարանի լսարան, ֆրանսերենի դաս: Լսում ենք La Bohème-ը՝ փորձելով որսալ անցյալ անկատարով բայերը: Դասախոսը թարգմանում է երգը: Հուզիչ տեքստ: Աչքերս լցվում են:

Էդ պահին մի տեսակ ուզեցի Անյեսին գրկել: Ուզեցի ասել շնորհակալություն: Բայց երբ երգն ավարտվեց, ցտեսություն ասացի ու գնացի՝ հուսալով, որ Դուբլինում էլի կտեսնեմ:

Էլ չտեսա:

Դիսկը չգնեցի, չնայած համարյա դիսկի գնի կոպեկներ էի լցրել ափսեի մեջ: Ձայնագրված Անյես չուզեցի, որովհետև իմ հիշողության մեջ պիտի մնա այդ փոքրիկ կենդանի համերգը Դուբլինի Գրաֆթոն փողոցում ու տեսագրված պատառիկներ այդ օրվանից:

«Կելտական մթնշաղը» (Ուիլյամ Բաթլեր Յեյթս)

Համարյա պատահաբար ստացվեց, որ գիրքը սկսեցի կարդալ Դուբլինի ճանապարհին: Բայց դե թեման իսկն էր. Յեյթսը հավաքել էր Իռլանդիայի տարբեր մասերի բնակիչների պատմությունները փերիների, հսկաների, ուրվականների, չար ուժերի և այլ գերբնական երևույթների մասին, գրի էր առել: 

Փոքր-փոքր պատմություններ էին: Ընթացքում հակադրում էր իռլանդական ֆոլկլորը շոտլանդականի հետ, օրինակ՝ իռլանդականում սև ուժեր քիչ կան, իսկ շոտլանդականում դրանք լիքն են, իռլանդականում փերիներն ու մարդիկ իրար չեն խանգարում, իսկ շոտլանդականում անպայման իրար վնաս են տալիս:

Էնքան պարզ ու սիրուն էր, միամիտ ու բարի: Իռլանդական բնավորությունը լրիվ մեջն էր: Ու էդ ամենը ոչ միայն բուն պատմությունների մեջ էին, այլև հեղինակի խոսքի: Նկատում էիր նաև, թե ինչ մեծ սիրով է Յեյթսն այդ բոլորը գրի առել: Ու հավատում ես փերիների, հսկաների ու ուրվականների գոյությանը: Երևի դրա համար էլ էդքան շատ գերբնական արարածների հանդիպեցի Իռլանդիայում: Եթե չվահատայի, չէի տեսնի:

Ամենատպավորիչը գրքի վերջերում զետեղված հեքիաթն էր, որտեղ էնքան շատ բան կատարվեց, որ հազիվ էի հետևում ընթացքին, բայց հեքիաթային հեփի էնդը կար, իսկ ընթացքում էլ պատմողը թեթևակի հայտնվում է հեքիաթի մեջ՝ այն ավելի իրական դարձնելով:

Ու մի տեսակ հեքիաթ կարդալու ցանկություն առաջացավ: Փոքր ժամանակ սիրում էի առանձին գրքերով զանազան երկրների ժողովրդական հեքիաթներ կարդալ: Երևի նորից անցնեմ էդ գործին (գրադարանիս ծանր գրքերից ազատվելուց հետո):

Էս էլ գրքում հիշատակված երգերից.

Թորին երազում

Մենակ ես կարող էի վերադառնալուց անմիջապես հետո նման երազ տեսնել:

Քնած եմ: Վերևի հարկից երաժշտություն եմ լսում: Բարձրանամ, տեսնեմ՝ Թորի Էյմոսն է, Nautical Twilight-ն է նվագում: Երգի վերնագիրը երազիցս եմ հիշում: Հետո փնտրեցի, տեսա, որ իսկապես էդպիսի երգ ունի, որը չէր տպավորվել:

Հա, ուրեմն բարձրանում եմ աստիճաններով: Թորին դադարեցնում է նվագը, ներս է կանչում: Խոսում ենք:
– Ինչու՞ ես Ալանիսին ինձնից շատ սիրում,- ասում է:
– Տենց բան չկա,- արդարանում եմ:
Հետո դուրս ենք գալիս, գնում Կարապի լիճ, որտեղ լիքը սիրուն ծաղիկներ կան:
– Ինչու՞ Հելսինկիում համերգ չես տալիս,- հարցնում եմ:
– Ե՞րբ եմ էնտեղ եղել, որ հիմա էլ լինեմ:
– Անցյալ տարի:
– Էդ հեչ:

Արթնանում եմ: Երգը սիրուն է: Բայց Night of Hunters-ում էնքան շատ են սիրուն երգերը, որ սա երկրորդ պլան էր մղվել: Իրականում գիտեի էս երգը, բայց վերնագիրը չէր տպավորվել:

Դուբլինյան արկածներ Դուբլինից դուրս. տեսածս ամենագեղեցիկ վայրերը

Տուրիստական ուղեցույցները, գովազդային պաստառները և տեղեկատվական կայքերը խորհուրդ էին տալիս Փաուերսքորթ և Գլենդալոուղ անպայման գնալ, որովհետև շատ գեղեցիկ է այնտեղ: «Չափազանցնում են»,- մտածում էի ու արհամարհում դրանք մինչև Իռլանդիայում գտնվելուս երրորդ օրը, երբ եղանակը չափից դուրս լավն էր թանգարաններում անցկացնելու համար: 

Դուբլինից ոչ հեռու Փաուերսքորթ և Գլենդալոուղ կոչվող վայրերը հասարակական տրանսպորտով հասնելը դժվար է. էնտեղ ոչինչ չի գնում, ու ինչ-որ կետից սկսած կամ պիտի քայլես, կամ տաքսի կանչես: Դրա համար որոշեցի կազմակերպված տուրի գնալ, որը, ճիշտ է, իր թերություններն ուներ, բայց ամեն դեպքում չեմ փոշմանում:

Ավտոբուսի վարորդը նաև գիդություն էր ամբողջ ճանապարհին: Եթե ինձ գիտեք, ապա պիտի իմանաք նաև, թե ինչ կարգի տանել չեմ կարողանում գիդերին ու նրանց հաղորդած պատմական տեղեկությունները: Բայց Իռլանդիայում նրանք լրիվ ուրիշ տիպի են. էնքան հետաքրքիր ու հումորով են խոսում, որ ուզում ես անընդհատ լսել: Վարորդն էլ բացառություն չէր: Էնքան ճամփին զվարճացրեց, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Փաուերսքորթի պարտեզներ:

Փաուերսքորթ

Սկզբում պիտի Փաուերսքորթների տան միջով անցնեինք, որպեսզի պարտեզներ մտնեինք: Ներսում մեզ քարտեզներ տվեցին ժամանակն օպտիմալ անցկացնելու համար: Բայց հենց հայտնվեցի դրսում ու առաջին հայացքս գցեցի պարտեզներին, մոռացա քարտեզի մասին:

DSCF1400
Ուղեղս խառնվեց իրար, շունչս սկսեց կտրվել, սիրտս կանգնում էր: Չէ, ուղեցույցները չափից դուրս մեղմ էին արտահայտվել, որովհետև աշխարհում չկան բառեր, որոնք կարող են նկարագրել տեսածս: Հեքիա՞թ, դրա՞խտ, երա՞զ:

Սկզբում իտալական պարտեզն էր ոսկեգույն շատրվանով, որի շուրջը ջրաշուշաններ էին լողում:
DSCF1404
Չգիտեմ ոնց (որովհետև ուղեղս անջատվել էր, ու ոտքերս պատահական ուղղությամբ էին շարժվում) հայտնվեցի ճապոնական պարտեզում՝ փայտե կամրջակներով, մամռապատ պատերով, որոնց հետևում փերիներ էին վազվզում:

DSCF1406

Փորձեցի գնալ նրանց հետևից, բայց թաքնվեցին: Փորձեցի նրանցից մեկի հետ նկարվել, բայց ապարատս խառնվեց իրար ու երկու փչացած կադր ստեղծեց, որտեղ հազիվ մենակ ես էի նշմարվում, մնացածն ուղղակի վառ լույս էր:

Ճապոնական պարտեզում էր, որ հասկացա, որ գեղեցկությունը տեսնելը, փերիների փսփսոցն ու ջրի խշշոցը լսելը, թարմ կանաչը շնչելը հերիք չէր. պետք էր մի զգայարան էլ ավելացնել: Չնայած ցրտին, հանեցի ժակետս, հանեցի կոշիկներս ու գուլպաներս, որ նաև շոշափեմ: Ու երբ սկսեցի թաց խոտերի միջով քայլել, զգացի, որ ես էլ ձուլվել եմ պարտեզին ու էլ չկամ:

Ու չգիտեմ ինչպես հայտնվեցի փոքրիկ աշտարակի մոտ: Ես սովոր եմ, որ աշտարակ մագլցելը երկար է տևում՝ կլաուստրաֆոբիայի դեմ կռիվ տալով, ոտքերի հոգնածությունն անտեսելով: Բայց էս մեկը պստիկ բան էր: Ոնց որ մուլտից գողացած, բերած լինեին:

DSCF1423
Բայց ներսում միայն գերմանացի տուրիստներ էին: Կենդանության ոչ մի նշույլ:

Նորից հասնում եմ տան մոտ և առաջին անգամ նայում քարտեզին: Սխալ ճամփով եմ գնացել, շրջանի փոխարեն կիսաշրջան արել, կեսը բաց եմ թողել: Քայլում եմ մնացածն էլ նայելու: Ու հայտնվում եմ վարդերի այգում: Ո՞նց, վարդերը նույնիսկ հո՞տ ունեն: Վերջին անգամ հոտավետ վարդ Երևանի մեր պարտեզում էի տեսել: Իսկ էստեղ դրանք ավելի ուժեղ են բուրում, քան կյանքումս տեսած որևէ այլ ծաղիկ: Այնքան ուժեղ, որ քիչ է մնում՝ ուշաթափվեմ:

DSCF1441

Հետո անցնում եմ Փաուերսքորթների ընտանի կենդանիների գերեզմանոցով: 

DSCF1447

…ու դելֆինի լճակով:

Դեռ քսան րոպե ունեի մինչև ավտոբուսի մեկնումը: Նստեցի դեպի այգիները նայող սրճարանում ու մի բաժակ սուրճի հետ ճաշակեցի մեղրահյութով ու հատապտուղներով թխվածք՝ վերջապես աշխատացնելով նաև համի զգայարանս:

Գլենդալոուղ
Իռլանդերենից թարգմանած Գլենդալոուղ նշանակում է երկու լճերի ձոր:

Էստեղ մենք ֆիլմ դիտեցինք տեղանքի մասին, որից հետո հայտնվեց աշխույժ գիդը: Երբ փոքրիկ կինոթատրոնի լույսերը վառվեցին, նկատեցի, որ նրա դեմքը ծանոթ է: Ուղղակի էս անգամ կանաչի փոխարեն սև ու սպիտակ էր հագել, իսկ մազերի արծագույն երանգը կորել էր՝ վերածվելով հասարակ մոխրագույնի:
– Ես Ֆիոնան եմ,- ներկայացավ,- այսօր ձեր գիդն եմ լինելու, իսկ ընդհանրապես փերի եմ:
Բոլորը ծիծաղեցին:

Ֆիոնան մեզ տարավ դեպի մենաստանը, ցույց տվեց կլոր աշտարակը: Բացատրեց, որ այն հավանաբար զանգակատուն է եղել:
DSCF1486
Սակայն շատերը կարծում են, որ այն վիկինգներից պաշտպանվելու համար է կառուցվել:

Ֆիոնան ցույց տվեց նաև եկեղեցին:
– Արև է,- ասաց,- բախտներդ բերել է: Այս տարի յոթերորդ անգամ եմ նման արև տեսնում:
Եկեղեցին պարզ ու հասարակ էր, առանց ավելորդ պաճուճանքների, միայն պատեր ուներ:
– Այն նախատեսված է եղել միայն աղոթելու համար, սակայն Հռոմի դուրը չի եկել: Դրա համար Դուբլինի Քրիստոսի տաճարն են կառուցել տվել:
DSCF1482
Ֆիոնան էլ մյուս գիդերի նման աշխույժ էր ու հումորով: Ու հպարտ էր, շա՜տ հպարտ իր երկրի պատմությունով ու մշակույթով: Հպարտ էր նաև Գլենդալոուղով, մենաստանով, էնտեղի կառույցներով ու ավերակներով:
– Հիմա գնում ենք իմ սիրած տեղը,- ասաց,- Քեվինի խոհանոց:
Սուրբ Քեվինը Գլենդալոուղի փոքրիկ բնակավայրի հիմնադիրն է եղել, իսկ այդ շենքը կոչվում է խոհանոց, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչի համար է:

– Եթե դուք վատ խումբ լինեիք, կստիպեի՝ երգեք: Բայց քանի որ լավ խումբ եք, առանց երգի էլ ազատ եմ արձակում:
DSCF1489 

Բայց երկու լճերի ձորում պետք էր լճերը տեսնել, չէ՞: Լճերը, էն հայտնի լճերը, էն ամենասիրուն լճերը: Ստորինը տասը րոպեի հեռավորության վրա էր, վերինը՝ կես ժամվա: Գնա՞մ էդքան: Լավ, քայլեմ, թե տեսնեմ՝ չեմ հասցնում, հետ կդառնամ: 

Ու րոպեներ անց ստորին լիճը երևաց:
DSCF1494
Նայում եմ, ու լճի կողմից մի տեսակ հանդարտություն է գալիս: Չեմ ուզում առաջ գնալ, ուզում եմ մնալ, բայց ասում են՝ վերինն ավելի սիրուն է: Էնտեղ է «Խիզախ սիրտը» նկարահանվել:

Ու քայլում եմ: Քայլում եմ անտառների միջով: Թաց փայտի հոտը թոքերս եմ քաշում: Քայլում եմ առաջ: Լսում եմ իռլանդական երաժշտություն: Ահա թե որտեղից են էս բոլոր երգերը, էս բոլոր ձայները: Լորինա ՄաքՔենիթի ձայնն այնքա՜ն համահունչ է տեսարանին: Ոնց որ երգերը, բնությունն ու երգչուհին իրար հետ ստեղծված լինեն:

Եվ վերջապես առաջս բացվում է հայտնի վերին լիճը: Վերջապես այն ծանոթ տեսարանը, որ երազներիս մեջ հաճախ էր գալիս, բայց չգիտեի՝ ինչ է: Վերջապես: Կոշիկներս նորից հանում եմ: Ցուրտ է: Լճի ջուրը սառն է: Բայց քայլում եմ մեջը: Ու անտանելի երջանիկ եմ: Ափսո՜ս հինգ րոպեից երկար չկարողացա մնալ. պիտի ավտոբուսին հասնեի: Այ հենց էստեղ է կազմակերպված տուրը փչացնում ամեն ինչ:

DSCF1507

Բայց հինգ րոպե դրախտում էի:

Դուբլինյան արկածներ. Թեմփըլ բար (2)

Սկիզբն էստեղ  

Հենց էդ պահին էր, երբ շրջվեցի ու տեսա, որ հինգ իռլանդացի տղաներ շարքով կանգնել էին, նայում էին ուղիղ իրենց դիմաց, իսկ մեջտեղինը ցուցամատը պարզել էր ինչ-որ ուղղությամբ: Կարող էի մտածել, որ ինձ է ցույց տալիս, բայց ինձնից քիչ այն կողմ պատ կար, պատուհան կար, որից դրսում ծխողներն էին երևում: Դրա համար ուշադրություն չդարձրի, նորից հետ շրջվեցի ու շարունակեցի երաժշտություն լսել:

Երաժիշտները Toss the Feathers-ն էին նվագում՝ փորձելով ցույց տալ իրենց ողջ վարպետությունը:

Նորից շրջվեցի ու տեսա, որ հինգ իռլանդացի տղաները մի քանի քայլ առաջ են եկել ու էլի շարքով կանգնած են, ու մեջտեղինը ցուցամատը պարզել է: Արդեն ավելի հստակ է երևում, որ իմ ուղղությամբ է: Հարցական նայում եմ: Ոչ մի ռեակցիա: Հարցնում եմ՝ ինչ է պատահել: Ոչ մի պատասխան: Հետ եմ շրջվում ու նայում երաժիշտներին, որոնք սկսել են ավելի արագ նվագել:

Եվս մեկ անգամ շրջվեցի: Հինգ իռլանդացիները շարքով տեղավորվել էին իմ հետևի սեղանի շուրջ, ու մեջտեղինը ցուցամատը պարզել էր դեպի ինձ: Էնքան մոտ էր, որ եթե մի քիչ հետ նստեի, մեջքիս կդիպչեր: Նորից հարցական նայեցի, հարցրի, թե ինչ է ուզում, բայց դեմքից չվերացավ հիմար ժպիտը, որևէ բառ չասաց, շարունակեց մնալ նույն դիրքում: Ջղայնացա ու հարվածեցի ցուցամատին: Այն փշրվեց, ավազ դարձավ ու թափվեց գետնին: Հետո մնացած մատները սկսեցին փշրվել: Հետո նախադաստակը, դաստակը, նախաբազուկը, արմունկը: Հետո տարածվեց ամբողջ մարմնով մեկ, ու տղան ամբողջովին ավազ դարձավ, թափվեց գետնին:
– Կներեք, չէի ուզում,- սարսափահար ասացի՝ պատկերացնելով, որ հիմա ոստիկանություն կկանչեն, իսկ ես չեմ կարողանա ինձ պաշտպանել: 

Երաժիշտների հեչ պետքը չէր: Նրանք շարունակում էին Toss the Feathers-ը նվագել:

Շարքով նստած իռլանդացի տղաները մի քանի վայրկյան լուռ հետևեցին կատարվածին, հետո սկսեցին հռհռալ: 
– Ոչինչ, նրա հետ պատահում է,- ասաց նրանցից մեկը:

***
DSCF1626Հաջորդ օրը նորից Թեմփըլ բար գնացի: Էս անգամ երաժիշտներն ավելի իռլանդացի էին, իսկ ամերիկացիներ շատ չկային, որովհետև հենց էդ պահին էր տեղի ունենում Navy – Notre Dame խաղը: Մենակ մի քաչալ կալիֆոռնիացի էր կողքի սեղանին երկու ծտերի հետ հարմարվել (մեկը՝ գիրկը, մյուսը՝ պարանոցին փաթաթված): Կարծես երկու նանարները հերիք չէին, որովհետև ինչ-որ պահի սկսեց ինձ խոսացնել: Բայց դա նանարներից մեկին դուր չեկավ, ու իր կալիֆոռնիացուն նստեցրեց ավելի հեռու աթոռին, որտեղից ինձ հետ խոսել չէր կարող:

Իսկ ես երաժշտություն էի լսում: 

I'll tell me ma
When I go home
The boys won't leave
The girls alone
They pulled my hair
They stole my comb
But that's alright
Til I go home

Հեռավոր սեղաններից մեկը մոտեցավ:
– Ժպտա,- ասաց:
Ժպտացի:
– Ինչու՞ ես մենակ:
– Մենակ եմ ճամփորդում:
– Ինչու՞ հենց Իռլանդիա:
– Սիրում եմ ձեր մշակույթը:
Պայծառացավ:
– Ես Գարեթն եմ,- ներկայացավ:
Կարիք չուներ ասելու, որ իռլանդացի է. առոգանությունից արդեն հասկացել էի:

Վերադարձավ իր սեղանի մոտ: Ժամանակ առ ժամանակ իմ կողմ էր նայում ու նշան անում, որ ժպտամ: Նորից մոտեցավ:
– Բայց ինչու՞ հենց Իռլանդիա: Էստեղ մարդիկ գիժ են:
– Սիրում եմ ձեր գժությունը:
Էլի պայծառացավ:
– Ե՞րբ ես եկել:
– Երկու օր առաջ:
– Զգույշ կլինես: Եթե նեղացնող լինի, ինձ կասես: Այ այնտեղ եմ:

Թուշս պաչեց ու գնաց դեպի իր սեղանը: Կես րոպե անց նորից եկավ:
– Ծանոթացիր, ընկերս է՝ Լայամը:
Լայամը Գարեթից երկու անգամ ավելի բարձրահասակ էր ու երկու անգամ ավելի խմած: Համբուրեց ձեռքս և ասաց՝ welcome to Ireland: 

Թեմփըլ բարը գնալով ավելի մարդաշատ է դառնում: Հայտնվում են նաև նախորդ օրվա ցնդած հոլանդացիները: Ինձ մոտեցած տղան ձեռքով է անում ու ժպտում: Ուշադրություն չեմ դարձնում. «Տիտանիկ ես սիրում, դե կեր»:

Երաժիշտները Ring of Fire-ն են կատարում: Հոլանդացիները ձայնակցում են: Ես էլ: Գարեթն էլ: Լայամն էլ: Կալիֆոռնիացին ու նրա նանարներն էլ: Թեմփըլ բարի մնացած ժողովուրդն էլ:

And it burns, burns, burns, the ring of fire
The ring of fire.

Երաժիշտները դադար են տալիս, որ գնան ծխելու: Խմում եմ գարեջրիս վերջին կումը և դուրս գալիս Թեմփըլ բարից՝ այդպես էլ երբեք չտեսնելով այնտեղ հանդիպածս մարդկանց:

Դուբլինյան արկածներ. Թեմփըլ բար

Երբևէ միայնակ գնացե՞լ եք փաբ: Բեռլինում դրա հողը ստեղծվել էր, բայց ռիսկս էդպես էլ չհերիքեց: Բացի դրանից, ցանկություն էլ առանձնապես չկար: Իսկ Դուբլինում երեկոյան պիտի ինչ-որ բանով զբաղվեի, չէ՞: Պիտի իռլանդական երաժշտություն լսեի, չէ՞:

Թեմփըլ բարը Դուբլինի մշակութային թաղամասն է: Բացի դրանից, էնտեղ լիքը փաբեր կան, ու երեկոյան մեծ աշխուժություն է տիրում: Պիտի քայլես, ականջ դնես, գնահատես ու որոշես, թե որտեղի կենդանի երաժշտությունն է ավելի շատ դուրդ գալիս: Էնպես ստացվեց, որ ինձ հենց Թեմփըլ բար կոչվող փաբը ներս կանչեց:

Սպասում եմ, որ բարմենը գարեջուրս լցնի: Անհամբերությունից ոտքերս եմ շարժում: Թեմփըլ բարը մարդաշատ է, իսկ երաժշտությունը կողքի սրահում է: Ուզում եմ արագ վերցնել գավաթս ու հարմար տեղ ճարել երաժիշտներին մոտ: 
– Որտեղի՞ց ես,- սկսում է խոսել բարի մոտ նստած ու արդեն բավական խմած իռլանդացին:
– Հայաստանից:
Ու նորից պիտի սկսվեին աշխարհագրության, պատմության ու մշակույթի դասերը, երբ բացականչում է.
– Վայ, դու իմ տեսած առաջին հայն ես,- ձեռքը մեկնում է,- անունս Նոել է:
Ասում եմ անունս, որը հաստատ չէր հիշելու, բայց ամաչելու էր ասել:
– System of a Down-ի անդամները հայեր են,- ասաց,- իմ սիրած խումբն է: Ունեմ նրանց բոլոր վեց ալբոմները:
Սկի ես չգիտեի, թե քանի ալբոմ ունեն:

Կողքի սրահի երաժշտությունը կանչում էր, բարմենն էլ արդեն գարեջուրս լցրել էր:
– Կներես, պիտի գնամ էնտեղ՝ երաժշտություն լսելու:
– Բայց դա System of a Down չի:
Դե ո՞նց բացատրեի, որ իռլանդական երաժշտություն ավելի եմ սիրում, քան System of a Down: Ու հատկապես ո՞նց բացատրեի, որ երաժշտության ընկերակցությունն էդ պահին ավելի կարևոր էր ինձ համար, քան իրենը:

Սրահում ասեղ գցելու տեղ չկար, բայց չգիտեմ ոնց կարողացա մարդկանց արանքներով անցնել, հասնել բեմի մոտ ու գրավել ազատ աթոռներից մեկը: Ըհը, հիմա կլսեմ իմ սիրելի երգերը, երաժիշտների հետ աչքով-ունքով կանեմ, կձայնակցեմ, տեղում կպարեմ: Մի խոսքով, հրաշալի երեկո կանցկացնեմ: Ո՞վ ասաց, որ չի կարելի մենակ ու երջանիկ լինել: 

Բլոկնոտս հանեցի ու սկսեցի գրել: Գրեցի, որ Դուբլինն աշխարհի ամենասիրուն քաղաքը չէ, բայց ունի հոգի, ինչպիսին ոչ մի տեղ չեմ տեսել: Գրեցի նաև, որ Դուբլինում մարդիկ լավն են, իսկ Դուբլինից դուրս նույնիսկ ավելի լավն են: Ուսումնասիրեցի նաև շուրջս նստած մարդկանց. ամերիկացիների անվերջանալի խմբեր, տափակ դեմքեր, պրիմիտիվ դեմքեր, մեկ էլ խմող տղաների մի խումբ, որտեղից ժամանակ առ ժամանակ հայացքներ էին գալիս դեպի ինձ: Իհարկե, նստած եմ փաբի կենտրոնում՝ ուղիղ բեմի դիմաց, նստած եմ մենակ ու ոչ մեկի չեմ սպասում, դեռ մի բան էլ գրում եմ:

Ring a ring a rosie, as the light declines
I remember Dublin city in the rare ould times

Ու հենց էդ տղաների խմբից մեկը, որը մինչ այդ իմ կողմ չէր էլ նայել, հանկարծ մոտենում է ու սկսում խոսել.
– Կտա՞ս օրագիրդ կարդամ:
– Սա օրագիր չէ,- նեղանում եմ:
– Բա ի՞նչ ես գրում:
– Նշումներ եմ անում,- ասում եմ,- վեպիս համար:
– Ի՞նչ վեպ: Ինչի՞ մասին:
– Այ, օրինակ դու կարող ես դառնալ այդ վեպի հերոսներից:
Անցնում է ավանդական հարցին.
– Որտեղի՞ց ես:
Ավանդական պատասխանից հետո ոչ ավանդական ռեակցիա.
– Կարմիր, կապույտ, նարնջագույն:
– Ի՜նչ էլ գիտես: Բա դու որտեղի՞ց ես,- մտքիս մեջ գուշակություններ. Իռլանդիա՞, թե՞ ԱՄՆ: Եթե ԱՄՆ-ից լինի, ուրեմն մենակ նահանգի անունը կասի. էդպես են ամերիկացիները:
– Ռոտերդամից եմ,- պատասխանում է:
Անսպասելի՜-անսպասելի՜ պատասխան: Նախ, հոլանդացիները սովորաբար պետությունն են նշում, ոչ թե կոնկրետ բնակավայրը: Երկրորդ, ախր ինչպե՞ս կարող էի չնկատել: Լավ, ասենք աղմուկը շատ է, առոգանությունը չկարողացա որսալ: Բայց ո՞նց չէի նկատել հատիկ-հատիկ լպստած մազերն ու հանդուգն հայացքը:
– Ի՞նչ ես անում էստեղ:
– Եկել ենք թրեյնինգների,- ասում է,- բայց դե իրականում խմում ենք ու աղջիկ խոսացնում:
Ինչպիսի՜ հոլանդական անկեղծություն:

Հաջորդ երգը Spanish Lady-ն էր:

As I came down through Dublin City
At the hour of twelve at night,
Who should I see but a Spanish lady
Washing her feet by candle light.

– Իսկ դու ի՞նչ ես անում:
– Երաժշտություն եմ լսում:
– Լավ երգեր են, չէ՞: Ոնց որ «Տիտանիկում»,- շարունակում է:
– Ի՞նչ «Տիտանիկ»:
– Կինոն:
– Ո՞նց, էնտեղ իռլանդական երգե՞ր են հնչում:
– Հա, սկզբերում:
– Ես էդ կինոն չեմ սիրում:
Դե ո՞նց բացատրեի, որ առաջին ու վերջին անգամ տեսել էի էն տարի, երբ հազար հատ «Օսկար» ստացավ, ու անկեղծ ասած նորից նայելու ցանկություն չեմ էլ ունեցել:
– Քեզ հետ էլ չեմ խոսում, քանի որ դու «Տիտանիկը» չես սիրում:
Թե չէ ես շատ էի ուզում հետը խոսել. թողեք իմ երաժշտությունը լսեմ:

Մոտեցավ իրենց սեղանին: Խմբով երաժիշտներին խնդրեցին, որ Ջոնի Քեշի Ring of Fire-ը կատարեն: Խմբով կատարեցին: 

Love is a burning thing
And it makes a fiery ring
Bound by wild desire
I fell into a ring of fire

Հենց էդ պահին էր, երբ շրջվեցի ու տեսա, որ հինգ իռլանդացի տղաներ շարքով կանգնել էին, նայում էին ուղիղ իրենց դիմաց, իսկ մեջտեղինը մատը պարզել էր ինչ-որ ուղղությամբ: 

Թեմփըլ բարի մնացած դեպքերը հաջորդ գրառման մեջ

Դուբլինյան արկածներ. քաղաքի առաջին սևագիրը

Անսովոր է, որ այլևս ստիպված չես խանութների աշխատողներին խնդրել անգլերեն խոսել: Առաջին անգամ նման զգացողություն ունեցել եմ Լոնդոնում, երբ ամեն ինչ այնքան հասկանալի էր, որ թվում էր՝ տանն եմ: Այնուամենայնիվ, մի առանցքային տարբերություն ունի Դուբլինը. այստեղ բոլոր ցուցանակները, ավտոբուսի ժամատախտակը և կայքերը երկլեզու են՝ անգլերեն ու իռլանդերեն:

Անսովոր է նաև աջակողմյան երթևեկությունը: Տարիներ առաջ Լոնդոնում շատ հեշտ էի հարմարվել ու նույնիսկ չէի էլ նկատում, որ ամեն ինչ թարս է ընթանում: Իսկ այ Դուբլինում շատ բարդ էր, որովհետև դանդաղ քայլելիս անընդհատ աջ էի քաշվում, որ արագ գնացողները ձախից առաջ անցնեն, բայց փոխարենը բախվում էին ինձ: Ավտոբուսների մեջ վախենում էի դիմացից եկող մեքենաներին բախվելուց: Փողոց անցնելու մասին էլ չեմ ասում: Նույնիսկ եթե առաջին կեսն անցնելիս հիշում եմ, որ պիտի աջ նայեմ, մեջտեղին հասնելիս նորից հին ճտտիկն է միանում, ու շարունակում եմ աջ նայել: Հենց հասկանում եմ սխալս, աչքերս փակ առաջ եմ վազում:

Էստեղ մարդիկ չեն սպասում, որ կանաչ լույս վառվի: Եթե փողոցում մեքենա չկա, արագ անցնում են, դեռ մի բան էլ զարմացած ինձ նայում, որ խելոք սպասում եմ: Ու սպասում եմ նույնիսկ էն ժամանակ, երբ հետիոտնի դեղին լույսն է վառվում (հա, ստեղ հետիոտնը դեղին էլ ունի):

Էդպես Դուբլինի մասին առաջին տպավորություններս մտքիս մեջ դասավորելով հասա Օ՛Քոնել կամրջին, որն անցնելով պիտի հայտնվեի Լիֆիի հարավում՝ Դուբլինի առավել գեղեցիկ ու հետաքրքիր հատվածում:

Սկզբում Թրինիթի Քոլեջ Դաբլինն էր, որտեղ բազմաթիվ հայտնի մարդիկ են սովորել: Ուսումնասիրեցի համալսարանի տարածքը: Տուրիստական կենտրոն էր դարձել: Երկու տարի առաջ ուզում էի այնտեղ դիմել, այն էլ էդպես էլ չամբողջացրեցի փաստաթղթերս: Երբ տեսա կենդանի համալսարանը, էնտեղ սովորելու ցանկություն նորից առաջացավ: Եվ հետագա օրերին պիտի հասկանայի, որ եթե հանկարծ նորից որոշեմ սովորել, ապա միայն Իռլանդիայում. այստեղ եթե նույնիսկ դասերը դուրս չգան, հազար ու մի ուրիշ բանով կարող եմ զբաղվել ու դարդերս մոռանալ:

Թրինիթիից շարժվեցի դեպի Գրաֆթոն սթրիթ ու անջատեցի MP3-փլեյերս: Շուտով պիտի հասկանայի, որ իզուր էի հետս վերցրել, որովհետև Դուբլինում ամեն քայլափոխին երաժշտություն կա, ու նվագում են իմ սիրած երգերը, որոնք շատ ավելի հաճելի են լսվում, քան մեռած ձայնագրությունները:

Գրաֆթոն սթրիթի անկյունում հանդիպեցի Մոլլի Մալոնին:
Գոռում էր. "Cockles and mussels, alive, alive-O!"
Նայեցի նրան ու ժպտացի: «Բարի գալուստ»,- ասաց:

Մոլլիի կողքին մի լեպրեխոն կար նստած: Մարդիկ հետը նկարվում, կոպեկ էին գցում ամանի մեջ: Լեպրեխոնի համար շատ անսովոր զբաղմունք է. նրանք սովորաբար փերիների համար կոշիկ են սարքում:
Ես էլ հետը նկարվեցի: Ձեռքը դրեց ուսիս ու ականջիս ասաց.
– Լսիր, անունս սխալ ես գրել բլոգումդ: Ինձ ֆրանսիացիներն են լեպրեշոն ասում: Ավելի շատ որպես լեպրեքոն եմ հայտնի, բայց արի լեպրեխոն սարքիր, լա՞վ: Իռլանդերեն էդպես է հնչում… հա, մեկ էլ չմոռանաս մի քանի ցենտ գցել ամանիս մեջ:

Գրաֆթոն սթրիթից քայլեցի դեպի Դուբլինի պալատը: Այստեղ տուրիստներ քիչ կային: Սկսեցի մի տեղից մտնել, մյուսից դուրս գալ, մեկ էլ ձիերի դոփյուն լսեցի: Ասպետներն էին գնում, գալիս, խաղեր տալիս օդերի մեջ: Ապարատս հանեցի, որ նկարեմ, բայց զարմանալիորեն չհայտնվեցին կադրի մեջ:

Դեպի Քրիստոսի տաճար, որը ժամանակին Հռոմի հրամանով է կառուցվել, որովհետև դուրները չեն եկել Գլենդալոուղի հասարակ, չորս պատանի կառույցները, որոնք նախատեսված են եղել միայն աղոթելու համար՝ առանց ավելորդ թիթիզությունների: Էնտեղից էլ իջա Սուրբ Պատրիկի եկեղեցի: Պատրիկը, կարելի է ասել, իռլանդացիների Գրիգոր Լուսավորիչն է, ու նրա մասին բազմաթիվ լեգենդներ կան:

Եկեղեցու կողքին սիրուն այգի կար, որտեղ փռվեցի ու հանգստացա հոգնած օրվանից հետո: Հետո նկատեցի, որ պատի տակ շարված են Իռլանդիայի բոլոր հայտնի գրողները: Հերթով կողքներով անցա:

Ու ոտքերս հոգնած գնացին իռլանդական երաժշտություն որոնելու: Մտա մի փաբ, որտեղ չնայած երեկոյան ժամը վեցը լինելուն, մարդիկ սկսել էին հարբել: Գունատ ու պեպենոտ ջահել տղան նվագում էր Fields of Athenry-ն, իսկ ամերիկացի հանդիսատեսն անտարբեր էր:

Քանի որ այս ճամփորդությունս շատ երաժշտական է, այսուհետ կաշխատեմ ամեն գրառման հետ որևէ երգ դնել, եթե նույնիսկ իմ լսած կատարումը չէր:

Շարունակելի 

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me