«Ծաղիկներ Ալջերնոնի համար» (Դենիել Քիզ)

Վաղուց, շա՜տ վաղուց -ն էր խորհուրդ տվել կարդալ: Ակումբում էլ էին վերջերս իրար խորհուրդ տալիս, գովքն անում, հետն էլ ասում էին՝ ավելի լավ է պատմվածքը կարդալ, քան վեպը: Էդպես ոգևորված քաշեցի պատմվածքը, սկսեցի կարդալ:

Միանգամից ասեմ, որ հեչ դուրս չեկավ: Սկզբում ներվայնանում էի, որ մտավոր հետամնացին ճիշտ չէր ներկայացրել: Ըստ էության, ուղղագրական սխալներով ու մեկումեջ քերականական սխալներով մտավոր հետամնաց չես ստանա. համոզիչ չէ: Էլ չասեմ, որ հենց նույն օրվա տեքստի մեջ նույն բառը մեկ սխալ էր գրված, մեկ՝ ճիշտ: Ավելին՝ մեկ-մեկ էնպիսի բարդ ուղղագրությամբ բառեր էին ճիշտ լինում, որ աչքերս թռնում էին ճակատիս: Բայց արի ու տես, որ մեր մտավոր հետամնացը կարողանում էր բավական բարդ ժամանակաձևեր ու նախադասություններ օգտագործել: 

Հետո, երբ հերոսը մանրից խելոքացավ, ոնց որ հեղինակն ուզենար իր ասելիքն ընթերցողի աչքը խոթեր: Ու դա մի տեսակ վանող էր: Չգիտեմ, գուցե սա մենակ իմ տպավորությունն է, բայց դե… մի խոսքով, դուրս չեկավ, իսկ ես անցյալ գիշեր էնքա՜ն էի ուզում մի լավ բան կարդալ: 😦

«Սերը երեք տարի է տևում» (Ֆրեդերիկ Բեգբեդե)

l'amour dure trois ansԷս գիրքը շատ պատահաբար սկսեցի կարդալ: Ավելի ճիշտ, ֆեյսբուքյան խմբերից մեկում գրեցի, որ սիրո մասին անսովոր, գժական ինչ-որ բան եմ ուզում կարդալ, ու երբ բազմաթիվ խորհուրդներից հետո Եվուկն այս գրքի վերնագիրը գրեց, հասկացա, որ հենց սա եմ ուզում կարդալ:

Սկիզբը շատ ցինիկ է: (հակա)Հերոսը փորձում է ամեն կերպ արդարացնել ամուսնալուծությունն ու կնոջը դավաճանելը: Զանազան վիճակագրական տվյալներ է բերում, որ սերը երեք տարի է տևում, կենսաբանական բացատրություններ տալիս: Սկզբում էդ ամենն ինձ ահավոր դուր էր գալիս, բայց քանի տղամարդկային ցինիզմի դոզան շատանում էր, էնքան ավելի էի ներվայնանում: Եթե հեղինակը կին լիներ, գուցե ոչ մի վայրկյան չջղայնանայի: Երբ հասա մեջտեղներին, էնքան էի կատաղել, որ նույնիսկ ուզում էի կիսատ թողնել: Ու մտքիս մեջ պտտվում էր էն ծեծված «բոլոր տղամարդիկ նույնն են» արտահայտությունը»:

Հասնում է մի պահ, երբ հերոսը սկսում է տանջվել, որովհետև սիրուհին չի ուզում ամուսնալուծվել: Այ էստեղից հետաքրքրանում է: Տեղ-տեղ շատ սենտիմենտալ է դառնում ու սիրաքստիկը կապում: Իսկ երբ վերջապես Ալիսն ամուսնալուծվում է ու գնում Մարկի հետ ապրելու, հաջորդ հարցն է առաջանում՝ բա երեք տարի հետո ի՞նչ է լինելու: Հեղինակը շատ լավ գիտի, որ էդ պահից սկսած ընթերցողը միայն ու միայն դա է ուզում իմանալ: Դրա համար ձգում է, մի շաբաթ առաջվանից հաշվարկը սկսում: Ու վերջում խոստովանում է, որ սերը երեք տարի չի տևում, թող դա չշփոթեցնի մեզ: Մի խոսքով, հեփի էնդ:

Վիպակի ընդհանուր կառուցվածքն էնպիսին է, որ քեզ թվում է՝ ինչ-որ մեկի բլոգն ես կարդում: Հեղինակը հաղորդակցվում է ընթերցողի հետ: Սկիզբն էլ շատ գեղարվեստական է, բայց կամաց-կամաց ավելի վավերագրական է դառնում ու սկսում փաստեր արձանագրել, իսկ ամենավերջում հերոսը դուրս է գալիս գրքի միջից ու հեղինակի անուն-ազգանունը ստանում:

Ընթացքում՝ ծանոթ երգեր ու գրքեր: Հեղինակն իր պատմությունը համեմատում է «Գիշերն անույշ է»-ի հետ: Իսկապես, նմանություն կար: Այնուամենայնիվ, վերջաբանը խիստ տարբեր էր:

Ընդհանրապես, այս գիրքը խիստ տեղին էր, որովհետև ուզում էի վերագնահատել ու հասկանալ սիրո մասին պատկերացումներս ու տեսություններս: Հեղինակից բեթար մի ցինիկ էլ ես եմ ու հասել եմ մի կետի, երբ հասկանում եմ՝ էսպես շարունակել չի կարելի: Դրա համար գրականության օգնությանն եմ դիմել: Ու Ֆրեդերիկ Բեգբեդեն խոսում է նաև ինձ հետ, ասում է՝ ամենացինիկ և ամենահոռետես մարդիկ են ամենադաժան կերպով սիրահարվում: Հետո էլ ավելացնում է՝ նրանք, ովքեր քննադատում են սերը, ամենաշատը դրա կարիք ունեն: Ու հա, եթե կուզեք, իսկապես սիրո կարիք ունեմ, անտանելի կարիք, մի սիրո, որը երեք տարի չի տևում:  

Պիտի շնորհակալություն հայտնեմ հեղինակին, որ երեսիս սառը ջուր լցրեց:

«Ալիսան հրաշքների աշխարհում» և վերջերս կարդացածս մանկական գրքերը

Alice-in-Wonderland-alice-in-wonderland-199042_1024_768Փոքր ժամանակ իմ սիրած մուլտֆիլմերից էր, բայց գիրքն էդպես էլ չսիրեցի: Այնուամենայնիվ, եթե հարցնեին, թե ինչի մասին է, դժվար կարողանայի համառոտ պատմել: Ավելի շուտ զանազան-զարմանազան հերոսներին կթվարկեի կամ առանձին դրվագներ կհիշեի (հատկապես՝ Ալիսայի մեծանալ-փոքրանալը): Անգամ վերընթերցումից հետո էլ երևի ավելին չկարողանամ պատմել, որովհետև իրականում այս ստեղծագործությունը չի փայլում սյուժետային գծով (ի տարբերություն «Անվերջանալի պատմության» և «Զմրուխտ քաղաքի կախարդի»՝ ևս երկու մանկական ստեղծագործություն, որ վերջերս եմ կարդացել): Անկեղծ ասած, առաջին մի քանի էջից հետո նույնիսկ ներվայնացել էի և ուզում էի մի կողմ շպրտել: Այնուամենայնիվ, կամաց-կամաց հարմարվեցի անհեթեթ երկխոսություններին ու անկապ բառախաղերին: Ավելին՝ սիրեցի դրանք ու հասկացա, որ «Ալիսայի» մեխը հենց էդ անհեթեթ հերոսներն են իրենց անիմաստ արտահայտություններով: 

Ասում են՝ Լյուիս Քերոլն այս գիրքն Ալիսա անունով մի աղջկա համար է գրել: Ասում են նաև, որ այն ժամանակներում երեխաներին դուր է եկել: Այնուամենայնիվ, երբ համեմատում եմ կարդացածս մյուս երկու մանկական գրքերի հետ, «Ալիսան» շատ է կաղում երեխաների համար գրավիչ լինելու համար: Գրավիչ պատմության բացակայությունն արդեն համը հանում է, իսկ անհեթեթությունները չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են երեխաներին գերել, եթե ընդունենք, որ փոքրերը դժվար ենթատեքստ կամ խորհրդանիշներ գտնեն: Կարճ ասած՝ կարդացածս երեք մանկական գրքերից ամենամեծականն «Ալիսան» էր:

Երեք գործերում էլ զարմանալիորեն իրադարձությունները տեղի էին ունենում ինչ-որ զուգահեռ աշխարհներում (հրաշքների աշխարհն «Ալիսայում», Ֆանտաստիկան «Անվերջանալիում», Օզը «Կախարդում»), իսկ գլխավոր հերոսը միս ու արյունով մարդ է (Ալիսան, Բաստիանը և Դորոթին), մինչդեռ մնացած հերոսները տարօրինակ արարածներ են, որոնց այնքան էլ սովոր չես հեքիաթներում հանդիպել (դե իրական կյանքի մասին չեմ էլ ասում): Հետաքրքիր է, որ այդ ուրիշ աշխարհ տեղափոխվելու և այնտեղից վերադառնալու միջոց կա:

Մտածում եմ՝ մի՞թե մնացած մանկական ստեղծագործություններն էս ընդհանրություններն ունեն: Որն էլ մտաբերում եմ, պարզվում է՝ չէ: Չգիտեմ՝ ոնց էր ստացվել, որ իրար հետևից հենց էս երեք գործերն էի ընտրել: Ամեն դեպքում, մանկական գրականություն կարդալու ցանկությունս հագեցրի: Հիմա նորից վերադառնում եմ մեծերի աշխարհ:

Հ.Գ. Ի դեպ, նկատել եմ, որ գնալով ավելի շատ եմ գիրքն ընտրում ոչ թե «պարտադիր է, ամոթ է չկարդալը» սկզբունքով, այլ հետևելով էդ պահի ցանկություններիս: Ասեմ, էսպես ավելի լավ է, որովհետև գիրքը չսիրելու հավանականությունը մոտենում է զրոյի: Իրոք, եթե կոնկրետ ժանրի, կոնկրետ թեմայով գործ էր սիրտս ուզում, ո՞նց կարող է դուրս չգալ:

Հ.Հ.Գ. «Ալիսայում» սիրածս հերոսն էս կատուն է: 

«Անվերջանալի պատմություն» (գիրքը)

NeverEndingStory-SoftԵրբ նոր էի սկսել կարդալ, անընդհատ ինձ հարցնում էին՝ բա կինոն չե՞ս տեսել: Բանից բեխաբար ասում էի՝ չէ ու շարունակում կարդալ: Մեկ էլ մի օր չդիմացա, որոշեցի ֆիլմից պատկերներ գուգլել, որ հաստատ իմանամ՝ տեսել եմ, թե չէ: Ու որ գտա, սիրտս կանգնեց: Իմ մանկության չսիրած ֆիլմերից էր, որն էդպես էլ մինչև վերջ չեմ նայել, որովհետև մի տեսակ կեղծ, վանող բան կար մեջը: Հետաքրքիր է, որ ոչ մի կերպ գրքի ու ֆիլմի միջև զուգահեռներ չեմ անցկացրել. պատկերները լրիվ ուրիշ կերպ եմ երևակայել, հերոսներին լրիվ ուրիշ ձև եմ տեսել, դրա համար էլ մտքովս չի անցել, որ կարող է ֆիլմ լինել:

Ընդհանուր առմամբ, շատ հավես էր ընթերցանությունը: Ահագին կլանիչ էր: Ինձ դուր էին գալիս զանազան-զարմանազան հերոսները, Ֆանտաստիկան, դրա կապը մեր աշխարհի հետ, սիրուն-սիրուն նկարագրությունները, միամիտ ու խորը երկխոսությունները: Բայց այս ամենը մինչև գրքի կեսը, որովհետև այն պահին, երբ Բաստիանը Մանկանման կայսրուհուն անուն տվեց, ըստ տրամաբանության բոլոր կանոնների գիրքը պիտի ավարտվեր, մինչդեռ քինդըլս 50%-ից մի քիչ պակաս էր ցույց տալիս: Էն կարգի էի համոզված, որ ավարտվում է, որ անգամ գուգլեցի, որ տեսնեմ՝ քանի գլուխ ունի գիրքը: Մեծ հիասթափություն ապրեցի, երբ պարզեցի, որ իսկապես ընդամենը կեսերին եմ հասել:

Առաջին կեսում հեղինակը ոչինչ չէր թողել շարունակության համար: Էդ պատճառով հազիվ ինձ ստիպեցի, որ երկրորդ կեսն էլ կարդամ: Մի տեսակ անտրամաբանական էր: Ու հա, երկրորդ մասի սկզբում պատմությունը զոռով էր առաջ գնում: Ասենք, առյուծի հետ հանդիպումն էր հետաքրքիր, կերպարն էլ հաջողված էր: Բայց դրանից հետո էջեր շարունակ համը հանում էր: Լիքը անկապ կռիվ-ղալմաղալ, իշխանություն ստանալու հետ կապված մարդու փոխվելու ծեծված թեման, անիմաստ ու անհետաքրքիր կերպարներ:

Մեկ էլ ամենավերջում հետաքրքրացավ, երբ Բաստիանը հասավ փոփոխությունների տուն: Պատմությունը նորից համուհոտ ստացավ, օրիգինալ պատկերներ նորից հայտնվեցին: Իհարկե, վերջաբանը շատ կանխատեսելի էր, ինչպես լինում է նմանատիպ գրեթե բոլոր պատմությունների դեպքում, բայց ամեն դեպքում հավես էր: 

Մեկ էլ դուրս չեկավ, որ Մանկանման կայսրուհուն լրիվ հանեց-դուրս շպրտեց երկրորդ կեսում: Մի տեսակ հա սպասում էիր նրա հայտնվելուն, ուզում էիր իմանալ՝ ուր է գնացել, ինչ պատահեց նրան, ինչ ռեակցիա տվեց, երբ փղոսկրե պալատը կործանվեց: Բայց ոչինչ, լռություն մինչև վերջ: Հեղինակը կորցրել էր հերոսուհուն:

«Զմրուխտ քաղաքի կախարդը» (Լ. Ֆրանկ Բաում)

wizard-of-oz-posters2Գրքի հայերեն վերնագիրը հենց «Զմրուխտ քաղաքի կախարդ» է: Չնայած ինձ դուր չի գալիս, որ «Օզ» անունը վերնագրից կորել է, բայց ամեն դեպքում չեմ կարող հաշտվել այլ վերնագրի հետ, որովհետև փոքրուց որպես «Զմրուխտ քաղաքի կախարդ» եմ իմացել, իսկ Wizard of Oz-ին հանդիպել եմ ավելի ուշ:

Քրքրված գիրք էր: Եղբայրս ու ես մի քանի անգամ գրիչով անցել էինք վրայով: Մութ ու ցուրտ տարիներին մամաս էս գիրքն էր կարդում մոմի լույսի տակ, որ քնենք: Ու քանի որ վերջին էջերը չկային, էդպես էլ չիմացանք՝ վերջում ինչ է լինում, մինչև տարիներ անց Պրագայում կինոն չտեսանք:

«Զմրուխտ քաղաքի կախարդն» իմ մանկության սիրելի գրքերից է, չնայած ինքս առաջին անգամ էսօր կարդացի: 30-ականներին Ջուդի Գարլանդի մասնակցությամբ նկարահանված ֆիլմն էլ իմ սիրած ֆիլմերից է, ու մի հազար անգամ տեսել եմ: Էնտեղ հնչող Somewhere over the Rainbow երգն իմ ամենասիրած երգերից է, ու դրա տարբեր կատարումներ ունեմ կոմպիս մեջ:

Էսօր որոշեցի կարդալ: Ֆեյսբուքում մեկը ստատուս էր դրել մեջբերմամբ: Հավեսի ընկա: Սկսեցի կարդալ ու չուզեցի ընդհատել: Վաղուց էսպես հավեսով որևէ գիրք չէի կարդացել: Ու չեմ հիշում՝ վերջին անգամ երբ է պատահել, որ գիրքը սկսեմ կարդալ ու ցած դնեմ միայն ավարտելուց հետո: Եվ ամենազարմանալին այն էր, որ անգիր գիտեի՝ ինչ է լինելու, որը որից հետո է, բայց հավեսով էի կարդում:

Հեքիաթի պրիմիտիվ ճշմարտությունները, շատ արագ զարգացող իրադարձությունները, հմտորեն ստեղծված կերպարներն ու նրանց պարզ հարաբերությունները… Էս ամենն էնքան սիրուն էր: Ընթացքում ժպտում էի, նշումներ անում, նույն պարբերությունը մի քանի անգամ կարդում: 

Անկեղծ ասած, չէի ուզի վերլուծություններով ծանրացնել պարզ ու սիրուն հեքիաթը: Կասեի՝ էստեղ խոսում է ինքնավստահության բացակայության մասին ու թե որքան հեշտ է այն վերականգնելը, եթե դա անում է հեղինակավոր մեկը: Կասեի՝ հիմա էլ աշխարհում կան պետություններ, որտեղ մարդիկ ակնոցներով են նայում իրենց շրջապատին ու ամեն ինչ միագույն են տեսնում: Կասեի՝ կան Օզի պես թույլ ու վախկոտ ղեկավարներ, որոնք սարսափ են ներշնչում: Կասեի՝ մեր կյանքում էլ է հաճախ էդպես լինում, որ ամենապարզ լուծումներն ամենաբարդ տեղերում ենք փնտրում, ու դա իր նպատակն ունի: Կասեի՝ խոսվում էր նաև մարդկանց արժեհամակարգի տարբերությունների մասին (փայտահատը սիրտ էր ուզում, իսկ խրտվիլակը՝ ուղեղ, մինչդեռ երկուսն էլ դրանցից չունեին): Ու էլի լիքը անկապ բաներ կասեի, բայց չէ, թող մնա որպես իմ մանկության սիրուն հեքիաթ, որտեղից մի քանի մեջբերում հենց հիմա թարգմանում եմ ու դնեմ այստեղ:

– Ի՞նչ ես կարծում,- հարցրեց,- եթե քեզ հետ Զմրուխտ քաղաք գամ, այդ Օզն ինձ ուղեղ կտա՞:
– Չեմ կարող ասել,- պատասխանեց,- բայց կարող ես գալ ինձ հետ, եթե ուզում ես: Եթե Օզը քեզ ուղեղ չտա, սրանից ավելի վատ չի լինի քեզ համար:

***
– Ինձ չեն անհանգստացնում իմ ծղոտե ոտքերն ու մարմինը, որովհետև ցավ չեմ կարող զգալ: Եթե որևէ մեկը ոտքս տրորի կամ ասեղով ծակի, ոչինչ չեմ զգա: Բայց չեմ ուզում, որ մարդիկ ինձ հիմար անվանեն, ու եթե գլխիս մեջ ուղեղի փոխարեն ծղոտ մնա, ինչպե՞ս եմ երբևէ որևէ բան իմանալու:

***
– Երևի անհարմար է միս ու արյունից լինելը,- մտածկոտ ասաց Խրտվիլակը,- որովհետև պիտի քնես, ուտես ու խմես: Ամեն դեպքում, ուղեղ ունես, իսկ կարգին մտածելու համար արժե էդքան նեղություն քաշել:

***
Փայտահատը շատ լավ գիտեր, որ սիրտ չունի: Դրա համար հոգ էր տանում, որ երբևէ որևէ մեկի նկատմամբ չար ու դաժան չլինի:

Ու վերջում իմ ամենա-ամենասիրածը, որ ցանկացած հայրենասիրական ամպագոռգոռ հայտարարությունից ավելին արժի.

– Չեմ հասկանում՝ ինչու պիտի ուզես լքել այս գեղեցիկ երկիրը ու վերադառնալ էդ չոր ու գորշ վայրը, որ Կանզաս ես կոչում:
– Որովհետև ուղեղ չունես,- պատասխանեց աղջիկը,- կապ չունի՝ ինչքան մռայլ ու գորշ են մեր տները: Մենք՝ միս ու արյունով մարդիկ նախընտրում ենք այնտեղ ապրել, ոչ թե որևէ այլ երկրում, ինչքան էլ գեղեցիկ լինի այն: Տնից լավ տեղ չկա:
Խրտվիլակը հոգոց հանեց:
– Իհարկե չեմ կարող հասկանալ դա,- ասաց,- եթե քո գլխի մեջ էլ իմի պես ծղոտ լիներ, երևի բոլորդ էլ գեղեցիկ վայրերում կապրեիք, ու Կանզասում ոչ ոք չէր լինի: Կանզասի բախտը բերել է, որ դուք ուղեղ ունեք:

Մի օր երևի ես էլ երեխաներ կունենամ ու նրանց համար քնելուց առաջ կկարդամ էս հեքիաթը:

Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտը»

Էսօր վերջացրի: Մի երկու բառ ասեմ, քանի որ շատ գրելու հավես չունեմ: 

Վատը չէր: Դուրս եկավ, որ ժամանակակից հայ գրողն անդրադառնում է բանակին: Դուրս եկան կերպարներից մի քանիսը: Հատկապես Նառայի կերպարը սպանիչ էր: Պատկերները շատ դիպուկ էին: Կարդալիս հա ասում էի՝ ո՜նց էլ նկատել է: 

Մի բան, որ դուրս չեկավ, սկիզբն ու վերջն էին: Ավելի շուտ, եթե սկիզբն ու վերջն իրար կպնեին, առանձին վիպակ կդառնային: Մի տեսակ չկարողացա կապել մեջտեղների հետ: Երևի կարճ խելքիս չհերիքեց, չգիտեմ: Հա, մեկ էլ որոշ ածականներ տեղին չէին: Էդ էլ ասում եմ, որովհետև ածականները որսալու հիվանդություն ունեմ:

Ամեն դեպքում, լավ է, որ կա ժամանակակից հայ գրականություն ու լավ է, որ որակ կա:

Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը»

– Ես այս գիրքը չեմ կարդա,- ասաց համակուրսեցիս,- նախաբանը թերթեցի, ու էնտեղ արդեն ասվում էր, թե վերջում ինչ է լինում: Էլ ինչի՞ համար կարդամ:

Ինձ նախաբան պետք չէր, որ իմանայի վերջում ինչ է լինում: Հենց առաջին էջերից, երբ գրքի գլխավոր հերոս Կ.-ն ձերբակալվում է իրեն անհայտ պատճառներով, ես գիտեի, որ մինչև վերջ էլ հեղինակը չի բացահայտելու, թե ինչում է Կ.-ն մեղադրվում: Գիտեի նաև, որ վերջը մահապատիժ է լինելու, թեև մսագործի դանակը սիրտը մտցնելն ու պտտեցնելը մտքիս ծայրով էլ չէր անցել: Էս ամենն ինձ հայտնի էր, որովհետև Կաֆկային ու նրա երևակայությունը լավ գիտեի:

Սկզբում գրքի հերոսն ինչ-որ քննադատություն ունի. փորձում է հասկանալ, թե ինչու են իրեն ձերբակալում, ինչու են գործ հարուցել իր դեմ, փորձում է դիմադրել: Բայց աստիճանաբար ինքն էլ է ձուլվում ընդհանուր հոսանքին՝ դադարելով հարցեր տալ, թեև ամեն դեպքում անընդհատ զարմանում է:

«Դատավարությունը» կարդալիս էնպիսի զգացողություն ես ունենում, որ մի վատ երազ ես տեսնում և ուզում ես արթնանալ ու թեթևացած շունչ քաշել: Ճիշտ էնպես, ինչպես երազում, էստեղ էլ ամեն ինչ այնտեղ է, որտեղ չպիտի լինի: Օրինակ, գրքի գրեթե բոլոր հերոսները «պատկանում են դատարանին»: Կամ ասենք նկարչի տան հետևի դուռը բացելիս Կ.-ն հայտնվում է դատարանի գրասենյակներում: 

Կաֆկան այս վեպով ծաղրում է դատական համակարգը՝ աբսուրդի հասցնելով դրա նկարագրությունը: Կաֆկան խաղում է նաև ընթերցողի հետ, որը կուզենար իմանալ, թե ինչու է Կ.-ն դատվում, ու հենց դրա համար կկարդար մինչև վերջ՝ առանց մտքի ծայրով անցկացնելու, որ էդպես էլ չի բացահայտելու մեղադրանքը: Բայց վերջիվերջո, հասկանալով Կաֆկայի տրամաբանությունը, գտնում եմ, որ «Դատավարությունը» մի քանի անգամ ավելի թույլ գործ կլիներ, եթե պատճառները ջրի երես հանվեին: Ավելին՝ հենց էդ գաղտնիությամբ է, որ ստիպում է՝ ընթերցողը մտնի հերոսի կաշվի մեջ ու ինքը տեսնի էդ վատ երազը:

Վերջերում տեքստը մի քիչ թափթփված է դառնում: Հատկապես նախավերջին գլուխը մի տեսակ ոնց որ կոնտեքստից դուրս լիներ ու շատ սարուձոր ընկներ: Հետո միայն իմանում եմ, որ ընդհանրապես այս վեպն անավարտ է համարվում:

Ու գիրքն ավարտում եմ նորից ու նորից ընդունելով Կաֆկայի հանճարեղությունը, բայց չսիրելով այն: Հատկապես կյանքիս այն փուլում, երբ առանց այդ էլ իրականության ընկալման հետ կապված խնդիրներ ունեմ, Կաֆկան ինձ ուղղակի հակացուցված էր:

«Կելտական մթնշաղը» (Ուիլյամ Բաթլեր Յեյթս)

Համարյա պատահաբար ստացվեց, որ գիրքը սկսեցի կարդալ Դուբլինի ճանապարհին: Բայց դե թեման իսկն էր. Յեյթսը հավաքել էր Իռլանդիայի տարբեր մասերի բնակիչների պատմությունները փերիների, հսկաների, ուրվականների, չար ուժերի և այլ գերբնական երևույթների մասին, գրի էր առել: 

Փոքր-փոքր պատմություններ էին: Ընթացքում հակադրում էր իռլանդական ֆոլկլորը շոտլանդականի հետ, օրինակ՝ իռլանդականում սև ուժեր քիչ կան, իսկ շոտլանդականում դրանք լիքն են, իռլանդականում փերիներն ու մարդիկ իրար չեն խանգարում, իսկ շոտլանդականում անպայման իրար վնաս են տալիս:

Էնքան պարզ ու սիրուն էր, միամիտ ու բարի: Իռլանդական բնավորությունը լրիվ մեջն էր: Ու էդ ամենը ոչ միայն բուն պատմությունների մեջ էին, այլև հեղինակի խոսքի: Նկատում էիր նաև, թե ինչ մեծ սիրով է Յեյթսն այդ բոլորը գրի առել: Ու հավատում ես փերիների, հսկաների ու ուրվականների գոյությանը: Երևի դրա համար էլ էդքան շատ գերբնական արարածների հանդիպեցի Իռլանդիայում: Եթե չվահատայի, չէի տեսնի:

Ամենատպավորիչը գրքի վերջերում զետեղված հեքիաթն էր, որտեղ էնքան շատ բան կատարվեց, որ հազիվ էի հետևում ընթացքին, բայց հեքիաթային հեփի էնդը կար, իսկ ընթացքում էլ պատմողը թեթևակի հայտնվում է հեքիաթի մեջ՝ այն ավելի իրական դարձնելով:

Ու մի տեսակ հեքիաթ կարդալու ցանկություն առաջացավ: Փոքր ժամանակ սիրում էի առանձին գրքերով զանազան երկրների ժողովրդական հեքիաթներ կարդալ: Երևի նորից անցնեմ էդ գործին (գրադարանիս ծանր գրքերից ազատվելուց հետո):

Էս էլ գրքում հիշատակված երգերից.

Դուբլինյան արկածներ. Ջոյսի կանխատեսումները

"I will not serve that in which I no longer believe, whether it calls itself my home, my fatherland, or my church: and I will try to express myself in some mode of life or art as freely as I can and as wholly as I can, using for my defense the only arms I allow myself to use — silence, exile, and cunning."

James Joyce, "A Portrait of the Artist  as  a Young Man"

Առավոտյան շատ շուտ արթնացա. ահավոր անհամբեր էի և ուզում էի հնարավորինս շուտ դուրս գալ Դուբլինը հետազոտելու: Երբ տեղիցս վեր կացա, նկատեցի, որ ինձնից բացի ոչ թե ևս երեք, այլ չորս հոգի կա սենյակում: Գիշերն ինձ թվացել էր, թե երկրորդ շարքի բոլոր մահճակալներն ազատ են, ու բոլորս միայն պատի տակի շարքի տեղերն ենք զբաղեցրել: Բայց չէ…

Սենյակը մեծ էր և ուղիղ կտուրի տակ: Պատուհանները թեք առաստաղին էին: Առավոտվա լույսը լցվում էր ներս: Երկրորդ շարքի մահճակալները հենց այդ պատուհանների տակ էին, ու դրանցից միայն մեկը զբաղեցրած կնոջ վրա արևի ճառագայթներ էին ընկնում: Դրա համար լավ չէի տեսնում՝ ով է: Միայն նրա արծաթագույն մազերը նկատեցի:

Վազեցի լողարան մինչև մյուսների արթնանալը: Երբ դուրս եկա այնտեղից, զարմանքով նկատեցի, որ երկրորդ շարքի մահճակալներն այլևս զբաղեցված չեն: Ավելին՝ սպիտակեղենն այնքան մաքուր ու կոկիկ էր, վերմակն այնքան սիրուն փռած, որ հեչ չես ասի՝ քիչ առաջ ինչ-որ մեկն էստեղ քնած էր:

Մոտեցա մահճակալիս, որ իրերս հավաքեմ ու դուրս գամ: Մեկ էլ տեսնեմ՝ բարձիս վրա երկտող է. «Ժամը 10-ին կգաս գրողների թանգարան: Երկրորդ հարկում կսպասեմ: Ջոյս»:

Դուբլինում գնալու տեղերը դասակարգել էի ըստ երեք գույների: Կարմիրներն ամենակարևորներն էին, նարնջագույնները՝ ցանկալիները, դեղինները՝ եթե փող ու ժամանակ մնա: Գրողների թանգարանը հենց կարմիրների մեջ էր, բայց նախատեսել էի հաջորդ օրն այցելել, որովհետև անձրև էր գալու ու էնքան էլ հարմար չէր լինելու Լիֆիի հարավում թափառելը: Բայց եթե Ջոյսն էդպես է ասում, հո չէի՞ հակառակվելու:

Իռլանդական կուշտ նախաճաշից հետո դուրս եկա ու սկսեցի փնտրել թանգարանը: Պիտի որ հոսթելից հեռու չլիներ: Ստորին Գարդիներով բարձրացա, Փարնելից թեքվեցի ձախ դեպի Փարնելի հրապարակ, անցա Գեյթ թատրոնի մոտով ու հայտնվեցի գրողների թանգարանի մոտ: Մեկ էլ տեսնեմ՝ դեռ ժամը 9:15 է: Թանգարանը 10-ից էր բացվում: Որոշեցի Ջեյմս Ջոյսի կենտրոնն էլ գտնել, որը, փաստորեն, ընդամենը հինգ րոպեի հեռավորության վրա էր:

Հետո մտածեցի՝ գուցե սուրճ խմեմ կամ ադապտեր առնեմ, որ տեխնիկաս կարողանամ լիցքավորել: Բայց պարզվեց, որ Դուբլինում ոչ միայն թանգարանները, այլև մնացած ամեն ինչը ժամը տասին է բացվում, հետևաբար թափառելուց բացի ինձ ոչինչ չէր մնում: Թարսի պես էլ ցրտոտ էր, իսկ ես թեթև էի հագնվել:

Ուղիղ ժամը տասին մտա գրողների թանգարան: Աշխատակցուհին հարցրեց, թե ինչ լեզվով աուդիո գիդ կուզեմ: Ասացի՝ անգլերեն: Թարս նայեց:
– Բայց կհասկանա՞ս:
Սովոր է, որ բոլորն իրենց մայրենի լեզվով ուզեն. ինձ հետ մտած ամուսիններն իսպաներենը վերցրին: Ի՞նչ անեի, որ էնպիսի մայրենի լեզու ունեմ, որով աուդիո գիդ սարքելը բնավ ձեռնտու չէ, որովհետև տարին մեկ հազիվ մի հոգի ուզի կամ չէ:

Թանգարանը չորս սենյակից է բաղկացած: Երկուսն առաջին հարկում են, երկուսը՝ վերևում: Հենց դրանցից մեկում էլ Ջոյսն ինձ էր սպասելու:

Առաջին հարկի սենյակներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված էին իռլանդացի գրողները՝ սկսած միջնադարյան իռլանդերեն գրականությունից, վերջացրած քսաներորդ դարով: Աուդիո գիդը բացատրություններ էր տալիս, բայց պատին էլ լիքը կարդալու բան կար: Ուշադիր լսում ու կարդում էի: Ես դեռ առաջին ցուցանակն էի վերջացնում, երբ նկատեցի, որ իսպանացի զույգն արդեն դուրս է գալիս սենյակից:
Էնտեղ էին Ջոնաթան Սվիֆթը, Օսկար Ուայլդը, Բեռնարդ Շոուն, Ուիլյամ Յեյթսը, Ջեյմս Ջոյսը և շատ ուրիշներ:Աուդիո գիդը մեկ-մեկ մեջբերումներ էր կարդում: Անգամ Ջոյսի ձայնը լսեցի:

Հետո պատմեց նաև Իռլանդիայի քսաներորդ դարի սկզբի գրականության մասին, երբ ուժեղ գրաքննություն կար, ու «անամոթ» տեքստերով գրականությունը կամ չէր տպագրվում, կամ խմբագրվում, հետո էր տպագրվում: Պատմություն կար, որ Պատրիկ Կավանայի գործերից մեկում, որտեղ ձեռնաշարժություն է նկարագրվում, խմբագրված է տպագրվել: Գրողը ջղայնացել, գնացել է գրախանութներ ու գրիչով ավելացրել հանված մասերը: Մտածեցի՝ Հայաստանը էս հարցին բախվում է Իռլանդիայից մոտ մի դար հետո:

Երբ երկու սենյակներում էլ ծակուծուկ չմնաց, որ մտնեմ, բառ չմնաց, որ չկարդամ, թրեք չմնաց, որ չլսեմ, բարձրացա երկրորդ հարկ: Սկզբում փոքր սենյակ մտա: Գրադարան էր: Իռլանդացի գրողների տարբեր գրքեր կային: Հետո շարժվեցի դեպի մեծ սրահը, որտեղ մի քանի շարքով աթոռներ էին շարված: Պատուհանի մոտ Իռլանդիայի և ԵՄ դրոշներն էին: Պատերին իռլանդացի գրողների յուղանկարներ էին: Ջոյսն էլ կար: Հենց նայեցի նրան, աչքով արեց ու դուրս եկավ նկարից:
– Ուշացար,- ասաց:
Ցնցվեցի: Ահավոր նման էր ինձ ծանոթ մեկին, որը Հայաստանում էր գտնվում: Իսկ ամենազարմանալին այն էր, որ նրան էնտեղ տեսնելն ինձ համար ավելի անհավանական էր, քան Ջոյսի կենդանի ներկայությունը:
– Թանգարանը… տասին… առաջին հարկը,- կմկմացի:
– Լավ, ժամանակ չկա, գործի անցնենք: Լսել եմ՝ ուզում ես հետ գնա՞լ:
– Հա…
– Գրազ գա՞նք՝ տենց բան չես անի: Չէ, կանես: Հետ կգնաս, չես դիմանա, կփախնես… սպասի մտածենք՝ ուր կգնաս: Դուբլինը դուրդ գալի՞ս է… Մի խոսքով, հայրենիքումդ գլխիդ մի բան կգա: Կբերեն: Խոսքս լավ հիշի:
– Հիմա ի՞նչ, հետ չգնա՞մ:
– Չէ, հավես չունեմ: Որ չգնաս, հա փոշմանելու ես, դեռ մի բան էլ ասես՝ Ջոյս պապիկի սենցը-նենցը (առանց էդ էլ քանի անգամ ասել ես «Ուլիսեսը» կարդալիս)… Ուրեմն սենց. կգնաս, բայց չես մնա: Պայմանավորվեցի՞նք:
– Մմմ… իսկ եթե մնա՞մ:
– Մնա, թող ես էլ սխալ դուրս գամ: Բայց չես մնա: Տեսար, ես էլ Դուբլինից փախա: Որ չփախնեի, «Ուլիսես» չէի գրի: Նենց որ, եթե ուզում ես հաջողակ լինել, չմնաս էնտեղ: Չեմ ասում՝ «Ուլիսես» ես գրելու, հույս չունենաս: Փոքր հաջողություններից եմ խոսում: Չկարծես, թե ժողովրդիդ չուզողությունից եմ խոսում: Դա ամեն տեղ էլ կա: Հարցը քո սեփական ստեղծագործականությունն է: Լավ մտքերը դրսերում են ծնվում… Ժամանակս լրացավ:

Ու Ջոյսը ոնց եկել էր, էդպես էլ մտավ յուղանկարի մեջ, աչքով արեց ու անշնչացավ: Չհասցրի Գոգարթիի ու Մուլիգանի մասին հարցնել. ինձ ամեն դեպքում հետաքրքրում էր՝ Գոգարթին իմացե՞լ է, որ ինքն է Մուլիգանի նախատիպը: Եվ եթե այո, ի՞նչ ռեակցիա է տվել:

Գրողների թանգարանից դուրս գալիս գրախանութ մտա ու իռլանդերենի դասագիրք գնեցի:
– Որոշել ես իռլանդերե՞ն սովորել,- հարցրեց վաճառողուհին:
– Հա: Միշտ փորձել եմ, բայց կազմակերպված դասագրքի բացակայության պատճառով առաջ չեմ գնացել:
– Պիտի որ դժվար չլինի… Ես դպրոցում անցել եմ, բայց չեմ խոսում: Միայն հասկանում եմ, երբ երբեմն հեռուստացույց եմ նայում կամ ռադիո լսում: 

Հետո գնացի Ջոյսի կենտրոն, որտեղ կենսագրական մանրամասներ էին ներկայացվում, զանազան մարդիկ պատմում էին զանազան դրվագներ: «Ուլիսեսի» որոշ հերոսների նախատիպերի կենսագրություններ նույնպես կային: Կարդում ու մտածում էի՝ ոչ մի ծանոթագրությունների գիրք չի կարող «Ուլիսեսն» էսպես բացատրել, ինչպես Դուբլին քաղաքն ինքը: Մի քանի հասցե գրանցեցի մոտս, որ այցելեմ:

Բայց որ կողմ նայեցի, ինչ արեցի, Ջոյսն էլ չեկավ:

Իսկ ամենավախենալուն այն էր, որ երբ դուրս եկա այնտեղից, հայտնաբերեցի, որ երկու թանգարաններում ամբողջ չորս ժամ եմ անցկացրել ու դեռ կանցկացնեի, եթե մոտս սուրճ լիներ: Դառը ժպտացի. էրնեկ դասերս էլ էսքան ինքնամոռաց անեի:

Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»

200px-UlyssesCoverԻնչու՞ որոշեցի կարդալ այն ու ի՞նչ ճանապարհ անցա
Ընդհանրապես, երբ հարցնում են, թե այս կամ այն գիրքն ինչու եմ կարդում, շատ հստակ պատասխան եմ ունենում, որովհետև առանց պատճառի ոչ մի գիրք չեմ կարդում: Բայց «Ուլիսեսի» հարցն ուրիշ է ոչ թե նրա համար, որ առանց պատճառի սկսեցի կարդալ, այլ որովհետև պատճառները շատ են:

Իմ հին բլոգընկերները կհիշեն, որ մոտ մեկուկես տարի առաջ հանկարծ սկսել էի օրիգինալ տարբերակը կարդալ, բայց անտանելի դժվարության էի հանդիպել, որովհետև գրքում ծանոթագրություններ չկային, իսկ ծանոթագրությունների հանրահայտ գիրքը (Ulysses Annotated) այդ հրատարակությունը չէր ընդգրկում: Մի խոսքով, մի տասնհինգ-քսան էջ կարդալուց հետո խճճվեցի: Հետն էլ գրադարանի ժամկետները սեղմում էին, իսկ էդ շրջանում բավական զբաղված էի, որ ամբողջ ժամանակս տրամադրեի «Ուլիսես» կարդալուն ու ծանոթագրություններ փորփրելուն:

Բայց կարճ ժամանակ անց հայերեն տարբերակը նվեր ստացա (ներքևում կարտահայտվեմ այս հրատարակության մասին): Երևի էլի հավես չանեի գիրքը բացել, եթե եղբայրս չորոշեր կարդալ: Էդպես կիսագրազային իրավիճակ ստեղծվեց (միշտ ասում էի, որ գրազով հաստատ կկարդամ), ու իրար հետ մրցելով, նույն գրքի համար կռիվ անելով (որովհետև չգիտես ինչու օրվա նույն ժամերին էինք ուզում կարդալ), էջանշանների տեղերը փոխելով (որ դիմացինի գործը դժվարացնենք) սկսեցինք կարդալ: Անցյալ ամառ էր:

Նպատակ էի դրել, որ մինչև Հայաստանից գնալս պիտի վերջացնեմ, որովհետև էդ հսկայական գիրքը հետս տանողը չէի, իսկ անգլերենը դժվար կոմպով կարդայի: Բայց դե հենց հսկայական լինելու պատճառով չէի կարողանում հետս ման տալ (իսկ իմ պայուսակում միշտ մի գիրք պիտի լինի), իսկ մենակ քնելուց առաջ կարդալը շատ քիչ էր հատկապես էդ լարված օրերին, երբ արդեն պատրաստվում էի գնալ:

Երբ ձմռանը վերադարձա Հայաստան, մամաս ասեց՝ հաստատ էկել ես Ուլիսը վերջացնելու: Հա, իսկապես ուզում էի: Բայց էլի չհասցրի: Իսկ երբ էս անգամ էկա, նույնիսկ փորձ էլ չարեցի: Նենց մի տեսակ հանգիստ էի, գիտեի, որ հենց պահը գա, մինչև վերջ կկարդամ, ինչ լեզվով էլ լինի:

Էնքան հետաքրքիր էր, որ պահը հիմա եկավ, երբ որևէ մեկի հետ չեմ մրցում, որևէ մեկի հետ գռազ չեմ եկել, որևէ մեկի հետ չեմ պայմանավորվել, որ հանդիպենք, քննարկենք: Կարդացի իմ մենակության մեջ: Կարդացի գնացքներում, դասի ժամանակ, սրճարաններում, քնելուց առաջ: Կարդացի, որովհետև հիշեցի, որ շատ վաղուց ինքս ինձ խոստացել էի Իռլանդիա գնալուց առաջ անպայման վերջացնել, իսկ Իռլանդիա գնալու եմ մյուս շաբաթ (ասում եմ, ու հավատս չի գալիս): 

Վերջին երեք գլուխները կարդացի մի շնչով ու անկեղծ ասած փոշմանեցի, որ անցյալ տարի էի սկսել: Ֆայլը քինդըլիս միջից չջնջեցի. գուցե էլի ուզենամ կարդալ:

Հայերեն հրատարակությունը
Քանի որ «Ուլիսեսի» մասին ընդհանրապես շատ է խոսվել, ու ես դժվար կարողանամ որևէ նոր բան ասել, ավելի շատ կուզեի կենտրոնանալ հայերեն հրատարակության վրա, քանի որ գրքի երեք քառորդն էսպես թե էնպես հայերեն եմ կարդացել:

Երևի պետք էր, որ վերջին քառորդն օրիգինալով կարդայի, որ հասկանայի, թե ինչ ահռելի գործ է կատարել Սամվել Մկրտչյանն «Ուլիսեսը» հայերեն թարգմանելով: Ճիշտ է՝ շատ բառեր զարմացնում էին (օրինակ, էդպես էլ չհասկացա, թե չարուկրակն անգլերեն որ բառի թարգմանությունն է), տեղ-տեղ էլ ջղայնանում էի՝ հանդիպելով նոր տիպի տառադարձումների (օրինակ՝ Շեքսպիրի փոխարեն Շեյքսպիր. եթե հազար տարի սովորել ենք մի տարբերակին, ինչու՞  իզուր նորն առաջարկել), բայց ամեն դեպքում չեմ կարող չընդունել, որ ամեն բառ առանձին ընտրած էր, մտածված, հատուկ լուծումներ գտած: Ինձ դուր եկավ նաև թարգմանչի համարձակությունը: Ըստ էության, հենց թեկուզ էդպիսի տառադարձումներ անելը մեծ քաջություն է պահանջում, որովհետև դեմ ես գնում ընդունված կանոններին, իսկ էդ դեպքում քննադատությունները կարող են անպակաս լինել:

Գիրքն ընդհանրապես ավելի շուտ նման էր «Ուլիսեսի» հանրագիտարանի. ծանոթագրություններ ինչքան ուզես, Դուբլինի քարտեզ, գլուխների նշանակությունն առանձին տված ու էլի լիքը ուրիշ բաներ: Էդ կողմից լավ էր. էլ զանազան անուններ չես գուգլում: Գուցե թվա, թե ծանոթագրությունները ծանրացնում են տեքստը: Միայն սկզբում: Հետո սովորում ես: Ու եթե էնպիսի բան է, որ գլխի ես ընկնում հենց սկզբից կամ զգում ես՝ իմանաս-չիմանաս մի հաշիվ է, չես էլ նայում:

Կուզեի, այնուամենայնիվ, երկու շատ կարևոր թերություն նշել: Մեկը տպագրական սխալներն էին: Տպավորություն էր, որ մինչև տպագրվելը Սամվել Մկրտչյանից բացի ուրիշ ոչ ոք չէր ծանոթացել տեքստին, որովհետև ահագին շատ տպագրական սխալների հանդիպեցի, իսկ դրանք հեչ չէին սազում ներկայանալի հրատարակությանը: Մյուսն էլ, որքան էլ տարօրինակ լինի, ֆոնտն էր: Դժվարընթեռնելի բովանդակությանը միանում էր նաև դժվարընթեռնելի ֆոնտը, ու աչքերդ ցավում էին մի քանի էջ կարդալուց հետո: Մյուս կողմից, շատ հավանական եմ համարում, որ ես ու եղբայրս միակ մարդիկ էինք, որ հայերեն թարգմանությունը կարդացել է, ու գուցե Սամվել Մկրտչյանն ինքն էլ չէր նախատեսել, որ կհայտնվեն մարդիկ, որ կուզենան ծայրից ծայր կարդալ:

Տպավորություններս բուն գրքից
Դրանք կարելի է բաժանել երկու մեծ խմբի. տպավորություններս որպես գրելու ու գրականության սիրահար և տպավորություններս որպես Իռլանդիայի ու իռլանդական ամեն ինչի սիրահար:

Չեմ զարմանում, որ աշխարհում քիչ են էնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ կարդացել են այս գիրքը: Ավելի շատ զարմանում եմ, թե ինչպես է այն միշտ հայտնվում լավագույն գրքերի զանազան ցուցակներում: Ամենևին դեմ չեմ, որ Ջոյսի «Ուլիսեսը» բոլոր ժամանակների լավագույն գործերից է: Ուղղակի եթե մարդիկ չեն կարդացել, ինչպե՞ս է ընդգրկվում նման ցուցակներում:

Որպեսզի հասկանաք, թե ինչու է դժվար ընթերցվում, պատկերացրեք գիրք, որը սյուժե գրեթե չունի: Հետո պատկերացրեք, որ այն մոտ ութ հարյուր էջ է: Դրան ավելացրեք, որ հասկանալու համար լայնածավալ գիտելիքներ են պետք ամենատարբեր բնագավառներից (եթե ծանոթագրություններ չկան ձեռքի տակ) ու անգամ մի քանի լեզվի իմացություն է անհրաժեշտ: Ու հիմա պատկերացրեք, որ էս ամենի հետ գործածվում են զանազան հնարքներ. մի գլխում անցնում է անգլերենի ամբողջ պատմությունով (հայերենի դեպքում՝ գրաբարից մինչև աշխարհաբար), մյուսում նախադասությունները քերականորեն սխալ են, երրորդում կետադրություն չկա: 

Ջոյսը մի գրքում ամփոփել է բոլոր հնարավոր գրական հնարքները: Կարելի է համարել գրական հանրագիտարան: Ու եթե ապագայում որևէ բան գրելիս ինձ հետաքրքրի, թե ինչպես կարելի է գործածել կոնկրետ հնարք, հաստատ կբացեմ «Ուլիսեսի» համապատասխան գլուխը ու նորից կկարդամ:

«Ուլիսեսն» էնքան բազմազան գործ է, որ չեմ կարող ասել՝ դուրս եկավ կամ չէ: Կարող եմ ասել՝ «Իթաքան» ու «Պենելոպեն» դուրս շատ եկան, բայց գլուխներ կային, որ մի կերպ հաղթահարեցի կամ բան չհասկացա:

Որպես Իռլանդիայի սիրահար «Ուլիսեսն» իմ առաջ փռեց երկրի ողջ պատմությունն ու մշակույթը: Ավելին՝ անգամ Դուբլինը գծագրվեց իմ առաջ: Հատկապես վերջերս ահագին ոգևորվում էի, երբ ծանոթ փողոցների անուններ էի կարդում. Բլումը նույնիսկ այն փողոցով է անցել, որտեղ իմ հոսթելն է գտնվում: Արդյունքում դեռ Դուբլին չգնացած էնպիսի զգացողություն ունեմ, որ քաղաքը գիտեմ: Քարտեզն էլ արդեն անգիր եմ արել:

Կարծում եմ՝ «Ուլիսեսն» ամեն դեպքում հաղթահարելի գիրք է: Ուղղակի պետք է կարդալու ժամանակը ճիշտ ընտրել, որպեսզի ավարտին հասնելը չուշանա: Հաստատ գիտեմ. եթե քսան օր առաջ էլ սկսած լինեի, էլի էսօր ավարտելու էի: 

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me