Սուրբ Ծննդյան տոնավաճառն ու Բրեմենը

Տրամվայից իջա, ու իմ գիշերը չքնած, դեռևս Ֆինլանդիայի ցրտերին համապատասխան մարմինս 10 կիլոյանոց ճամպրուկով հայտնվեց Բրեմենի կենտրոնում, որտեղ մութը կամաց-կամաց ընկնում էր, իսկ սև ամպերն անձրև էին խոստանում. չափից դուրս տաք էր ձյան համար:DSCF2615

Շշմած նայում եմ էս ու էն կողմ վազող տրամվայներին, անհյուրընկալ գերմանացիներին ու փորձում հասկանալ՝ որտեղ է այդքան հայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որտեղ սովորաբար Խրոնինգենի Էրասմուսի ուսանողներին տանում են տոներից առաջ, իսկ ես համառորեն չեմ միանում նրանց: Լավ էլ անում եմ. ըհը, էս անգամ իմ ոտքով հայտնվեցի այստեղ:

Հոտոտում ու վերջապես գտնում եմ տոնավաճառը: Լիքը լույսեր, Ծննդյան տոների քերոլներ, տաղավարներ զանազան զրթիկներով ու ուտելիքներով, գնորդներ հիմնականում գերմանացիների ու հոլանդացիների տեսքով… անջատվում եմ, իսկ Բրեմենը հեքիաթային է, սիրուն է: Ճամպրուկս քարշ տալով անցնում եմ բոլոր տաղավարների մոտով՝ ճեղքելով բազմությունը, հազիվ վարժվելով, որ anteeksi-ի փոխարեն պիտի էդ անբարեհունչ, անդուր ու երբեմն ծիծաղելի Entschuldigung-ն ասեմ:

DSCF2633

Անձրև է սկսվում: Մարդիկ դեսուդեն են փախչում, թաքնվում: Կարճ ժամանակ անց տոնավաճառը դատարկվում է, իսկ ես շարունակում եմ առաջ գնալ՝ ճամպրուկս հետևիցս քարշ տալով: Անձրևն անսովոր տաք զգացողություն է առաջացնում, չնայած բնավ չի սազում տոնական մթնոլորտին: Չէ, ցուրտ չէ, հերիք բողոքեք եղանակից: Գնում եմ էնքան, մինչև գտնում եմ բրեմենյան երաժիշտների արձանը, բարևում, շնորհավորում տոների առթիվ ու շարժվում դեպի կայարան:

DSCF2636

Հա, հավես էր տոնավաճառը, բայց շուտով պիտի զզվեի դրանից, երբ ճիշտ նույն բանը հաջորդ օրը Դյուսելդորֆում տեսնեի, պիտի հոգնեի, պիտի երազեի փոփոխության մասին ու հիշեի Յոենսուի փոքրիկ անկյունը, որն ինձ հազար անգամ ավելի էր դուր եկել, քան գերմանական մի քանի փողոց ու հրապարակ զբաղեցնող ճոխ-ճոխ ու ձանձրացնող տոնավաճառը:

Պաչիկ

Հոսթելի սենյակի կազմն անընդհատ փոխվում է: Էս ընթացքում նույնիսկ աղջիկներ եկան-գնացին: Բայց արի ու տես, որ անհասկանալի արարածը դեռ էստեղ է: Ասում է՝ արձակուրդ է եկել: 

Էսօր առավոտյան, երբ մնացած չորս հոգին արդեն գնացել էին, իսկ ես դեռ պայուսակս էի դասավորում, որ դուրս գամ, սույն արարածն ասաց.
– Մնացինք մենակ:
Չնայած արդեն համոզվել էի, որ անշառ է, բայց դե ամեն դեպքում զգաստացա, արագ-արագ անհրաժեշտ իրերը խցկեցի պայուսակիս մեջ:
– Küsschen կուզե՞ս,- ասաց:
– Ի՞նչ:
– Küsschen: Գերմաներեն նշանակում է պաչիկ:
Ֆազերս գցեցին: Չէ, պիտի շուտ դուրս թռնեմ սենյակից:
– Չէ, չեմ ուզում,- չոր պատասխանեցի:
– Սա նկատի ունեմ,- նեղացած տոնով ասաց ու ինձ պարզեց շոկոլադի տուփը, որի վրա գրված էր Küsschen:

Դիմացիս արարածը

Դիմացս մի արարած է նստել: Բարձրահասակ, կարճ մազերով, հսկայական փորով ու փոքր ծիծիկներով, եթե կին է, բայց մեծ ծիծիկներով, եթե տղամարդ է: Սեռը ոչ մի կերպ չեմ կարողանում որոշել: Աչքով-ունքով է անում: Մի երկու բառ խոսեցի հետը: Տղամարդու ձայն ունի, գերմանացի է, Հանովերից է:

Իսկ ամենաահավորը՝ կողքիս մահճակալին է քնում:

Բնավ չեմ զարմանա, եթե վաղը համերգին տեսնեմ նրան:

Թե ինչպես քնեցի անցյալ գիշեր

Երբ մտա հոսթելի սենյակ, ուշադիր նայեցի վեց մահճակալներին: Ինձնից բացի միայն մեկն էր զբաղված: Դատելով իրերից՝ տղամարդ էր: Արյունը խփեց գլխիս: Սովորաբար հոսթելներում սենյակ ռեզերվ անելիս անպայման նշում եմ, որ female only լինի: Էս անգամ բացթողում էի արել, հատուկ չէի տեղեկացրել: Լավ, եղածը եղած է, պիտի համակերպվեմ: Հետո, դեռ ընդամենը մի հոգի է: Գուցե ուրիշ աղջիկներ էլ գան, էդքան վատ չեմ զգա:

Անցյալ գիշեր շուտ գնացի քնելու. ահավոր հոգնել էի ճանապարհներից: Երբ պարբերաբար աչքերս բացում էի, նկատում էի, որ տղամարդիկ են գալիս: Փաստորեն, մնացած հինգ մահճակալները զբաղեցրին տարբեր տարիքի արական սեռի ներկայացուցիչներ: Ամաչեցի: Հետո նկատեցի, որ նրանք ինձնից ավելի են ամաչում: Աչքերս փակեցի ու մինչև առավոտ քնեցի: Քնիս մեջ ծիծաղում էի, մի տեսակ ուժեղ էի ինձ զգում, որ տղամարդկանց հետ եմ գիշերել: Ընդհանուր առմամբ, հետաքրքիր փորձ է անծանոթ տղամարդկանց հետ նույն սենյակում քնելը: Միայն թե վտանգավոր չլինեն:

Հ.Գ. Մամայիս հանկարծ չասեք, ինֆարկտ կստանա, որ իմանա:

Դյուսելդորֆ. զբոսանք աշնան միջով

Ինքնաթիռում արդեն կորցրել էի տեղի ու ժամանակի զգացողությունս: Չգիտեի՝ որտեղ եմ, չգիտեի՝ ժամը քանիսն է: Ձմեռային ժամանակին անցնելը, անընդհատ մի ժամային գոտուց մյուսը թռիչքներ կատարելը, մի շաբաթվա մեջ հսկայական հեռավորություններ անցնելն ինձ շփոթեցրել էին, ու ես մոռացել էի՝ որտեղ է Յոենսուն, որտեղ է Պետերբուրգը, որտեղ է Հելսինկին ու որտեղ է Դյուսելդորֆը: Մոռացել էի, թե էդ քաղաքներից յուրաքանչյուրը որ ժամային գոտում է ու որքան է դրանց ու Երևանի միջև տարբերությունը: Մոռացել էի նաև երբ է լուսաբացը, երբ է մայրամուտը ու ընդհանրապես տարվա որ եղանակն է: 

Ու հենց ինքնաթիռի պատուհանից տեսա նարնջագույն ճոխ-ճոխ անտառներ: Ոնց որ ջղայնացած նկարիչը ներկով լի դույլ դատարկած լիներ կտավի վրա, ու ես նայեի դրան ինքնաթիռի պատուհանից: Մոռացել էի, որ աշխարհի որոշ մասերում, այնուամենայնիվ, դեռ աշուն է, որ ձմեռային սապոգներով կարող է շոգ լինել, իսկ տաք շարֆի կարիք ընդհանրապես չկա: Մոռացել էի, թե նորմալ կլիմայական պայմաններում նոյեմբերն ինչպիսին է լինում:

Ամեն ճամփորդության ժամանակ միշտ ինչ-որ բան առաջին անգամ է լինում: Դյուսելդորֆ մեկնելիս էլ առաջին անգամ էր, որ բագաժ չունեի: Դրա համար հենց ինքնաթիռից դուրս եկա, արագ-արագ քայլեցի դեպի ելքը՝ չհավատալով, որ ամեն ինչ այդքան արագ է լինում: Հետո պիտի կայարանը գտնեի, որ գնացքով հասնեի քաղաքի կենտրոն: Պարզվում է՝ այն այնքան էլ մոտ չէ, ու sky train կոչվող ինչ-որ փոխադրամիջոց պիտի հասցնի այնտեղ: Անունն այնքան էլ չզարմացրեց, որովհետև օդանավակայանի հետ կապված ավտոբուսներին էլ են սովորաբար sky անունը կպցնում:

Նստեցի «օդային» գնացքը, ու այն առաջ շարժվեց: Սարսափելի հոգնած էի, բայց մի պահ ուղեղս միացավ, ու ես նկատեցի, որ իրականում այն ռելսեր չուներ. իսկապես օդի մեջ թռչում էր: Չէ, ասաց ուղեղս, գնացքները չեն թռչում: Նայեցի վերև ու տեսա, որ ճոպանուղու նման է:

Գնացքն ինձ բերեց-հասցրեց Դյուսելդորֆի կենտրոն, ու էդտեղից սկսվեցին սարսափները: Շուրջս նայում եմ, ոչ մի գերմանացի չկա: Բոլորը մուգ են, սև կամ ավելի սև: Սիրտս կանգնում էր: Մոտեցա ինֆորմացիոն կետին ու քաղաքի հասարակական տրանսպորտի քարտեզ խնդրեցի: Աշխատողն առանց դեմքի մի մկան շարժելու, առանց որևէ բառ ասելու կոպիտ շարժումով ինձ մեկնեց այն: Բարի գալուստ Գերմանիա:

Կայարանի մոտ մի քանի զարդարված կրպակ կար: Քրիսմաս մարքե՞թ: Արդե՞ն: Քարտեզը բացեցի ու սկսեցի քայլել դեպի հոսթել: Փողոցներում գրեթե մարդ չկար: Եթե կար էլ, անպայման տղամարդ էր ու անպայման մուգ կամ սև կամ ավելի սև: Ուղիղ, լայն-լայն փողոցները Բեռլինն էին հիշեցնում: Մութն ընկնում էր: Հասա հոսթել, գրանցվեցի ու մտա սենյակս՝ այլևս դուրս չգալու մտադրությամբ:

Առավոտյան որոշեցի քաղաքն ուսումնասիրել: Անձրև էր գալիս: Մի կարևոր կանոն կա. եթե որևէ քաղաք առաջին հայացքից քեզ դուր չի գալիս, ապա փորձիր «հին քաղաք» կոչվող մասը գտնել: Ոնց էլ չլինի, էնտեղ ինչ-որ հետաքրքիր բան կտեսնես:

DSCF2462

Ու էդպես լայն-լայն փողոցներով սկսեցի քայլել դեպի հին քաղաք: Տիպիկ գերմանական կիրակի. քաղաքը մեռած է, փողոցները՝ դատարկ: Դրան գումարենք գորշ ու անձրևոտ եղանակը: Շենքերն էլ մեկը մեկից տգեղ են: Մի խոսքով, նայելու բան չկա, եթե չհաշվենք, որ ճամփին տեսա Քրիսմըս մարքեթի՝ նոր-նոր տեղադրվող տնակները: Ըհը, երևի վաղվանից մի քիչ աշխուժություն կլինի:

DSCF2433
Անցա մի ջրանցքի մոտով: Կամրջի վրա կանգ առա: Մի տեսակ ամեն ինչ գումարվեց իրար, ու գերմանական դեպրեսիան կատարյալ դարձավ:

DSCF2439

Հին քաղաքը համեմատաբար ավելի աշխույժ էր: Տուրիստներ կային: Շենքերն էլ ավելի սիրուն էին, չնայած արտառոց գեղեցկություն չունեին:

Մի քիչ էլ որ քայլեցի, հասա Հռենոսին: Ըհը, էն հանրահայտ գետը, որի մասին միայն լսում ենք, որը հայտնվում է զանազան ինտելեկտուալ խաղերում, բայց ոչ մի անգամ աչքովս չէի տեսել: Լայն էր շատ, վրայով անցնող կամուրջները՝ հսկայական: Էդպիսով Դյուսելդորֆն ավելի էր մեծանում, հսկայական քաղաքի տպավորություն թողնում:

Հռենոսի ափով ուղիղ գնացի: Անձրևը շարունակվում էր, ու հաճելի էր: Սիրում եմ էդ մանր-մանր կաթիլները գզած մազերիս, սիրում եմ թրջված դեմքս ու դրանց կպած թաց մազերս: Հատկապես սիրում եմ անձրևը, երբ շատ ցուրտ չէ: Կարոտել էի:

Հասնելով կամրջին՝ թեքվեցի ձախ ու նորից մտա քաղաք: Մեկ էլ մի լճակ դեմս դուրս եկավ:

DSCF2461

Հետո նաև մի ուրիշը, ու դատարկ նստարան, ու գիշերային լապտեր, ու թափված տերևներ: Էնտեղ օրերով կմնայի: Ախր սա իմ սիրած եվրոպական միայնությունն է:

DSCF2469

Զգացի, որ էս տարի աշնան պակաս եմ ունեցել: Երբ Բեռլինից նոր մեկնեցի, դեռ ամառ էր, իսկ Յոենսուում աշունն արդեն ավարտվում էր: Այդպիսով՝ մնացի առանց աշնան, առանց անիմաստ դեպրեսվելու (հա, մութ ու ցուրտ Յոենսուում ինչքան էլ տանջվում եմ, չեմ դեպրեսվում), առանց անձրևի տակ զբոսնելու: Դյուսելդորֆը տեղը հանում է:

Հ.Գ. Իսկ թե ինչու կուրսեցիներիս հետ Լապլանդիա գնալու փոխարեն հայտնվեցի Դյուսելդորֆում, փորձեք գուշակել (չնայած էնքան էլ դժվար չի :D):

Ինչպիսի՞ մարդիկ են գերմանացիները

Ընդհանրապես, որևէ ազգի բնութագիր տալը շատ դժվար է, որովհետև միշտ էլ կհանդիպեն այնպիսիք, որոնք չեն տեղավորվում ընդհանուր ստերեոտիպների մեջ: Գերմանացիների դեպքում դա ավելի բարդ է, որովհետև պատմությունն արդեն նրանց տարանջատել է արևմուտք-արևելքի: Բացի դրանից, մի հողից մյուսը գնալիս էլ մարդիկ ահագին փոխվում են՝ այդպիսով էլ ավելի բարդացնելով բոլորին ընդհանուր բառերով բնութագրելը: Այնուամենայնիվ, հիմնվելով իմ խիստ սուբյեկտիվ փորձի վրա, շփված լինելով տարբեր մասերի ներկայացուցիչների հետ՝ կփորձեմ նախ բնութագրել մեծամասնությանը, հետո՝ առանձին վայրերի ներկայացուցիչների մեծամասնությանը:

Հաստատ չեք զարմանա, եթե ասեմ, որ գերմանացիները պարտաճանաչ ու կազմակերպված են: Բայց պիտի ավելացնեմ, որ հոլանդացիներին չեն հասնի: Այնուամենայնիվ, կազմակերպվածությունն ամեն տեղ ես տեսնում: Օրինակ, նույն Բեռլինի վատ աշխատող ու անընդհատ ներվայնացնող հասարակական տրանսպորտի հատակագծին եթե ուշադիր նայես, կհիանաս, թե ինչ սիրուն ու տրամաբանական կառուցվածք ունի: Կամ՝ Հունգարիայից վերադառնալիս Գերմանիա մեկնող ավտոբուսում ճամպրուկները դասավորում էին ըստ հերթականության՝ ավելի խորքում դնելով հյուսիսինները, դիմացը՝ հարավինները, որ երբ, ասենք, Ռեգենսբուրգում կանգնի, արագ-արագ ճամպրուկները դուրս բերվեն, ոչ թե Համբուրգի ու Բեռլինի իրերը դեմն առնեն:

Գերմանացիների հետ չարժե Հիտլերի մասին կատակներ անել, ոչ էլ իմանալով, որ տվյալ անձը գերմանացի է, սկսել ֆաշիզմից խոսել: Ահավոր ծանր են տանում: Մինչև հիմա ահագին կոմպլեքսավորված են ու հաճախ ասում են՝ հավատներս չի գալիս, որ մեր պապերը տենց բան են արել: Իրենց պատմությունը հրաշալի գիտեն ու առիթը բաց չեն թողնում նոր բան իմանալու համար:

Լսել եք նաև, որ ապրանքի՝ գերմանական լինելը որակի չափանիշ է: Իսկ երբևէ փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու է այդպես: Կարծում եմ՝ գտել եմ պատասխանը: Նրանք ուղղակի պերֆեկցիոնիստ են: Ամեն ինչ անելիս ձգտում են լավագույնին, կատարյալին: Դա կարելի է տեսնել համալսարանում սովորելիս: Հոլանդիայում նույնիսկ ձեռ էին առնում, թե՝ գերմանացի ուսանողները քննությանը պատրաստվելն ավարտում են քննությունից երկու օր առաջ, երբ մյուսները նոր են սկսում: Անգամ նվերը փաթեթավորելիս տեսնում ես, որ մեծ ջանք են թափել այն գեղեցիկ դարձնելու համար: Մի խոսքով, ամեն ոլորտում քրտինք չեն խնայում իրենց լավագույնն անելու համար: Ու երևի դա է պատճառը, որ գերմանացիները նաև շատ աշխատասեր են:

Մեկ այլ հետաքրքիր հատկանիշ է թխելը՝ խմորեղեն, զանազան հացեղեն: Եթե երբևէ եղել եք Գերմանիայում, նկատած կլինեք, թե իրենց հացերն ինչքան համով են: Իհարկե, դա կարող է նաև վերևում նշված հատկանիշի արդյունք լինել, բայց ամեն դեպքում պետք է նշել, որ գերմանացիները թխել սիրում են՝ կին-տղամարդ, երեխա, թե մեծ: Դրա համար գերմանացի ուսանողի համար իսկական ողբերգություն է, երբ նոր վարձած տանը թխելու հարմարանքներ չկան: 

Թեև տարածված կարծիք կա, որ երեխայի տասնութը լրանալուն պես գերմանացիները նրանց դուրս են հանում, բայց ես մի ուրիշ, ավելի խորը բան եմ նկատել: Գերմանացիների համար ընտանիքը կարևոր արժեք է, ու եթե որևէ մեկը տասնութում տնից գնում է, հիմնականում այլ վայրում սովորելու կամ ինքնուրույն կյանք սկսելու պատճառով է: Ծննդյան տոներին էլ միշտ վերադառնում է տուն: Ամեն ընտանիք ունի իր ավանդույթները: Օրինակ մեկում երեխայի ծննդյան օրը հայրն ամեն տարի հատուկ տեսակի տորթ է թխում: Մյուսում ամեն կիրակի մայրը բոլոր երեխաների հետ հաց է թխում: Երրորդում մոր ծննդյան օրը Գերմանիայի տարբեր մասերից հավաքվում են բոլոր երեխաները՝ հետները բերելով իրենց կին-ամուսիններին ու երեխաներին:

Քանի Ծննդյան տոներից խոսեցի, սա էլ ասեմ: Գերմանիայում Սուրբ Ծնունդը տարվա կարևորագույն իրադարձությունն է: Տոնին բոլորը պատրաստվում են ամենայն մանրամասնությամբ, սիրով, ձևավորելով բնակարանները, նվերներ գնելով, տուն գնալու տոմս պատվիրելով: Թեև ինչպես Հայաստանում, այնտեղ էլ շատ ընտանիքներում վաղուց տոնը կորցրել է իր իմաստը, այնուամենայնիվ բոլորն անհամբերությամբ են սպասում: Այդ առթիվ մի հատուկ տեսակի օրացույց կա, որը սկսվում է դեկտեմբերից, ու ամեն օր մի պատուհան ես բացում՝ այդպիսով հաշվելով, թե քանի օր մնաց Սուրբ Ծնունդին

Շատ են խոսում գերմանացիների սառնության մասին: Այ սա ամենաբարդ հարցն է, որովհետև նման կարծիք ունեցողները և ճիշտ են, և սխալ: Իմ կյանքում առաջին գերմանացին, որի հետ շփվել եմ Աննին էր, որն ուզում էր ինձ համար ինքնաթիռի տոմս գնել, որ ներկա գտնվել Ալանիսի համերգին: Հետո, երբ համառորեն հրաժարվեցի, ինքն ինձ հյուր եկավ ու ոչ մի անգամ թույլ չտվեց, որ ինքս ինձ համար վճարեմ: Շշմել էի: Ասում էի՝ բայց գերմանացիներիդ մասին ուրիշ բան եմ լսել: Ասում էր՝ ընկերներն իրար համար վճարում են: Ասեմ, որ Աննին Շտուտգարտի կողմերից էր: Հետագայում պիտի իմանայի, որ Բադեն-Վյուրտեմբերգի ժողովուրդն իսկապես բավական առատաձեռն է, ընկերասեր ու շփվող:

Գերմանիայում բավարացիներին չեն սիրում: Հաճախ նույնիսկ ասում են՝ նրանք գերմանացի չեն, բավարացի են: Ծաղրում են նրանց բարբառը: Այնուամենայնիվ, ինքս շփված լինելով բավարացիների հետ ու էնտեղ մի անգամ ծիկ արած լինելով համոզվել եմ, որ նրանք գերմանացիների ամենալավ տեսակն են՝ թե՛ հետաքրքիր են, թե՛ շփվող, թե՛ քեֆչի (հանրահայտ Օկտոբերֆեստը վկա, որը Գերմանիայի այլ մասերում համառորեն փորձում են ընդօրինակել բավական անհաջող կերպով):

Տարածված կարծիք կա, որ արևմտյան Գերմանիայի ժողովուրդն ավելի լավն է, քան արևելքինը, որովհետև էնտեղ դեռ կոմունիզմի հետքը կա, ու մարդիկ ահավոր ներվային են ու կյանքներից դժգոհ: Պիտի ասեմ, որ դա ճիշտ է միայն Բեռլին-Պոտսդամի համար (անգամ Բրանդենբուրգի մյուս քաղաքներում մարդիկ ավելի տաք են). Սաքսոնիայում լիքը հրաշալի մարդկանց եմ հանդիպել:

Բեռլինում ու Պոտսդամում ամենավատ վիճակն է: Մարդիկ կյանքներից դժգոհ են, ու էնպիսի զգացողություն ես ունենում, որ դու ես մեղավոր, որ իրենք դժգոհ են: Էնտեղ ահավոր բան է օտար լինելը: Եթե միանգամից անգլերեն ես մոտենում ու ժպտալով խոսում, գուցե լավ վերաբերմունքի արժանանաս, որովհետև քեզ տուրիստի տեղ են դնում (ահա թե ինչու են տուրիստները սովորաբար հիացած բեռլինցիներով): Բայց եթե մոտենում ես ու մի կերպ փորձում գերմաներեն խոսել, գերմաներեն են պատասխանում, ընդ որում՝ բնավ հաշվի չառնելով, որ չես հասկանում (այսինքն՝ խոսքը հատուկ չեն պարզեցնում): Երկրորդ անգամ չեն կրկնում ասածը: Չես հասկանում, քո պրոբլեմն է, գնա գրողի ծոցը: Ընկերներիցս մեկը մի լավ կատակ ունի: Ասում է. «Հոլանդիայում հենց տեսնում են հոլանդերեն չգիտես, անցնում են անգլերենի: Բեռլինում հենց տեսնում են գերմաներեն չգիտես, անցնում են գերմաներենի»: Շատերը պնդում են, թե նման վերաբերմունքի պատճառն այն է, որ ուղղակի անգլերեն չգիտեն, բայց պիտի ասեմ, որ այլ երկրներում (վերցնենք թեկուզ Ֆինլանդիան) նույնպես հանդիպել են անգլերեն չիմացողներ, բայց կոպտելու ու չարանալու փոխարեն հաղորդակցման այլ մեթոդներ են օգտագործել որևէ բան հասկացնելու համար:

Բեռլինում մարդիկ իրար չեն նայում: Ու Աստված չանի՝ պատահաբար քո ու ինչ-որ մեկի հայացքները հանդիպեն: Նման դեպքերում սովորաբար ժպտում ես: Բայց բեռլինցին մի էնպիսի թարս հայացք կգցի, որ կփոշմանես, որ էդ ուղղությամբ ես նայել: 

Սիրում են հարցնել՝ ծրագրիցդ հետո ինչ ես անելու: Ուզում են հաստատ համոզվել, որ Գերմանիայում մնալու պլաններ չունես: Ընդ որում, հարցը սովորաբար էսպես է ձևակերպվում. «Ավարտելուց հետո գնալու ես Հայաստան, չէ՞»: Նման դեպքերում սովորաբար պատասխանում եմ. «Չէ, բայց ձեր երկրում էլ մնալ չեմ ուզում»: Այ էստեղ ավելի են կատաղում, որովհետև մի կողմից համոզված են, որ հրաշալի երկիր ունեն (էդպես էլ կա, չեմ ժխտում), որտեղ բոլորն ուզում են մնալ, մյուս կողմից իրենք չեն ուզում օտարներին այնտեղ տեսնել, բայց մեկ էլ հանկարծ մի օտար էնպես է արտահայտվում, կարծես Գերմանիան ամենաստից երկիրն է:

Գերմանացիների թեման անսպառ է, բայց էկեք ձեր գլուխը շատ չտանեմ: Եթե ինչ-որ բան ձեզ հետաքրքրում է, կարող ենք առանձին քննարկել:

Ի՞նչ տվեց ինձ կես տարի Պոտսդամում/Բեռլինում ապրելը

Չափից դուրս խիստ կլինեմ, եթե ասեմ, որ Պոտսդամում անցկացրածս կես տարին ձախողում էր: Ճիշտ է՝ դասերի մեծ մասն ինձ չէր հետաքրքրում, շատ հաճախ վատ տրամադրություն էի ունենում, նոր ընկերներ գրեթե ձեռք չբերեցի (եղածներն էլ հայեր էին), ու հիմա էլ, երբ պիտի գնամ էնտեղից, ոչ մի բանի համար չեմ ափսոսում, բայց ամեն դեպքում սխալված կլինեմ, եթե կորցրած կես տարի համարեմ, որովհետև Պոտսդամ/Բեռլինն ուներ նաև իր դրական կողմերը:

Դասերը
Երկլեզվության ու աֆազիայի գնահատման/բուժման դասերն ամենահետաքրքիրն էին: Հենց դրանց շնորհիվ էր, որ հասկացա, որ ամեն դեպքում շարունակում եմ ես ես մնալ՝ սովորելով միայն այն, ինչ ինձ հետաքրքրում է ու զոռով ժամանակ տրամադրելով ինձ համար ձանձրալի առարկաներին: Չլինեին այս երկուսը, պիտի կարծեի, որ լրիվ վարի եմ գնացել, այսինքն՝ ուղղակի աշխարհում այլևս չկա ինձ հետաքրքրող որևէ բան:

Իրադարձությունները
Վեց համերգ գնացի էս ընթացքում: Ուրիշ որտե՞ղ նման հնարավորություն կունենայի:
DSCF0440

Վերջապես կենդանի տեսա Ալանիս Մորիսեթին: Ավելին՝ անգամ նրա DVD-ում հայտնվեցի: Ու էդ համերգներն իմ պոտսդամյան գորշ առոօրյայի զարդերն էին:

Իսկ ընդհանուր առմամբ ինձ միշտ հեռու էի պահում Բեռլինի կարևորագույն իրադարձություններից՝ անգամ հրաժարվելով գրականության փառատոնից, որին ներկա էին գտնվելու բազմաթիվ հայտնի ժամանակակից գրողներ:

Մարդիկ
Ի տարբերություն Խրոնինգենի, այս կես տարվա ընթացքում քիչ մարդկանց հետ ծանոթացա ու շատ ավելի քչերի հետ կշարունակեմ կապ պահել (բոլորը հայեր են): Մարդկանց հետ հիմնականում չկապվեցի, ու գիտեմ, որ գնալիս չեմ կարոտելու: Կասեք՝ հա, էդ սառը գերմանացիները: Բայց չէ. շփվում էի նաև այլազգիների հետ: Էլի նույն պատմությունը. հրաժեշտ տալիս նույնիսկ չգրկախառնվեցինք, իսկ ոմանց մի վերջին անգամ չեմ էլ տեսել: Ավելին՝ նույն «այդ սառը գերմանացիներն» իմ մտերիմ ընկերներն էին Խրոնինգենում, բայց գերմանացիների ինչպիսին լինելը մի առանձին գրառման թեմա է:

Այնուամենայնիվ, մարդկանց կողմից մի մեծ դրական բան կար: Քանի որ Բեռլինն ուղղակի աշխարհի կենտրոն է, ընկերներիցս շատերն էստեղով էին անցնում զանազան տեղեր գնալիս կամ հենց էստեղ էին գալիս զանազան նպատակներով: Արդյունքում՝ անընդհատ սիրելի մարդկանց էի տեսնում չստացված տեղացի ընկերներիս փոխարեն:

DSCF1024

Տրամադրությունս
Ինչպես նշեցի, հիմնականում վատ տրամադրություն էի ունենում, բայց մարդկանց շրջապատում ինձ լավ էի զգում, չէի տխրում: Ուղղակի տարօրինակ պատճառահետևանքային արատավոր օղակ էր ստեղծվել. տխուր էի, որովհետև մարդկանց հետ չէի շփվում, բայց նաև մարդկանցից խուսափում էի, որովհետև տրամադրություն չունեի:

Անձնական ձեռքբերումս
Էս կես տարվա մեջ անտանելի մեծացա: Մի մեծ թռիչք կատարեցի ու կյանքիս մեջ առաջին անգամ զգացի, որ մեծ եմ, շատ մեծ: Ու սկսեցի նեղվել, որ էդքան մեծ լինելով հանդերձ դեռ հաստատուն կանգնած չեմ: Նեղվեցի, որովհետև չգիտեի՝ ինչ եմ ուզում, չէի հասկանում նպատակներս, չէի հասկանում՝ ինչն է ինձ հուզում, ինչն է կարևոր և ինչին պիտի առաջնայնություն տամ: Մեծացա, որովհետև վերջապես մեծերի պես հասկացա, որ կյանքն անիմաստ է: Էդքանով հանդերձ չհապաղեցի որոշում ընդունելիս: Ու երբ ամեն ինչ ծանրութեթև արեցի, հասկացա, որ ամեն դեպքում ավելի կարևոր է հաճելի գործով զբաղվելը, քան շատ վաստակելը:

Կորուստս
Զգացի, որ կամաց-կամաց կորցնում եմ բժշկությունը, բայց դեռ լեզվաբան էլ չեմ: Ու դա մի անտանելի բան էր, որովհետև իրականում այս տարիքում դեռ ոչ մեկ էի: Այնուամենայնիվ, հենց այդ կորստի մեջ էր, որ շատ պարզ գծագրվեց իմ առաջ, թե ինչ եմ ուզում: Հասկացա, որ պատրաստ չեմ հանուն լավ ապրուստի հրաժարվել իմ ութ տարվա քրտինքից ու հատկապես հոգեբուժությունից, որը, չնայած համակարգային դժվարություններին, ամեն դեպքում ինձ հաճելի էր:

Սիրելի վայրերը
Պոտսդամում ու Բեռլինում զարմանալիորեն սիրելի վայրեր չունեմ: Այնուամենայնիվ, կառանձնացնեմ տունս, որտեղ անց եմ կացրել տխրության երկար ու ձիգ ժամերը: Կկարոտեմ պատշգամբս ու էնտեղից երևացող լիճը, ննջարանս, որտեղ ճիշտ նույն ջահից է կախված, ինչ իմ Երևանի սենյակում, բազմոցն ու բազկաթոռներս, որոնց վրա հարմարվում էի, երբ գերմարդկային ճիգեր էի գործադրում, որ կարողանամ դաս անել, ու կենտրոնացման
ամենածանր պահերին թվում էր՝ ոչ թե բազկաթոռի թիկնակին եմ հենված, այլ կողքս ինչ-որ մեկը կա:

DSCF9346

Ասենք, Պոտսդամի Նոր այգին էի սիրում իր լճերով ու պալատներով հանդերձ, բայց էնտեղ ընդամենը հինգ անգամ եմ եղել, երկուսը՝ որպես հյուր, երեքը՝ հյուրերիս ցույց տալու համար:

Կամ օգոստոսի վերջին սիրում էի Պոտսդամի կայարանի սրճարանի պատուհանի մոտ նստել ու գնացքներին նայել. ճամփորդական տրամադրություն էր հաղորդում:

Բեռլինում էր Another Country գրախանութն էի սիրում, որի քուիզներին միշտ գնում էի, բայց երբեք որևէ հաջողություն չէի ունենում:

Սիրում էի նաև գնացքները: Ոմանց համար նյարդայնացնող էր ժամերով հասարակական տրանսպորտում գտնվելը, բայց ինձ դա հաճույք էր պատճառում, որովհետև էդ ընթացքում լիքը կարդում էի, երգեր լսում, պատուհանից դուրս նայում ու մտածում:

Պակասը
Ընդհանրապես մարդկային շփումից շատ ինձ պակասում էր ֆիզիկական շփումը: Դուք Երևանում կամ այլ տեղերում եք ապրում ու չեք զգում, թե ինչ սարսափելի է, երբ օրերով որևէ մեկի չես գրկում: Դու կարող ես ամեն օր տեսնել տարբեր մարդկանց, խոսել նրանց հետ, բայց երբ նրանց չես դիպչում, անորոշ ու աննկարագրելի կարոտով ես լցվում ինքդ էլ չես հասկանում ում նկատմամբ:

Եղանակը
Անգամ եղանակից էի ներվայնանում: Շոգը խոնավ էր ու տհաճ, բայց երբ շոգ էլ չէր, նվնվում էի, թե՝ սենց ամառ չի լինի: Բայց պիտի խոստովանեմ, որ գարունը դանդաղ էր ու սիրուն: Շաբաթներ շարունակ ծաղկած ծառերն աչքիս առաջ էին:
DSCF9446

Ճամփորդությունները
Պոտսդամում ապրելով մի քանի հրաշալի ճամփորդություն կատարեցի: Մեկը Հունգարիան էր, որտեղ Խրոնինգենի ընկերներիս հանդիպեցի ու մի քանի օրով կոտրեցի մենակությունս: Հետո տարբեր մեծության գերմանական քաղաքներ էին, որոնք այցելեցի ամենատարբեր պատճառներով ու լրիվ ուրիշ շունչ զգացի: Նաև Պրահան էր, որ իբր տրանզիտ քաղաք էր Բեռլինի ու Երևանի միջև, բայց իրականում սիրուն ու զգույշ անցում էր սկզբում Բարայի հետ հանդիպելով, հետո՝ Աննայի: Վերջիվերջո, Երևանն էր, որ ինձ էդքան հաճույք չէր պատճառի, եթե չհակադրվեր գերմանական մայրաքաղաքային սառնության հետ: Որպես ամփոփում Դուբլինն էր, որ իմ երազանքների քաղաքն էր ու դժվար՝ իրականություն դառնար, եթե այլ վայրում գտնվեի:

Ստեղծագործականությունը
Էստեղ գրելու անսպառ թեմա կար: Պատմվածքը պատմվածքի հետևից, թեման թեմայի հետևից: Լիքը սխեմաներ, նշումներ, էքսպերիմենտներ: Ու թքած, որ շատերին դուր չի գալիս էն, ինչ գրել եմ էս ընթացքում: Կարևորը՝ գրում էի:

Հիմա, երբ հեռանում եմ՝ հաստատ իմանալով, որ այլևս չեմ վերադառնալու գոնե էստեղ ապրելու համար, երբ պատս դատարկվեց, որովհետև նկարները պոկեցի, դրեցի ճամպրուկիս մեջ, երբ պատշգամբի դուռը բացեցի, ու աշնանային օդը փչեց երեսիս, երբ վերջին անգամ Գոլմում սուրճ խմեցի, հասկացա, որ ամեն դեպքում էս կես տարին կարոտելու եմ:

Դիմացի ափը

DSCF0242Լիճը մեծ չէ, ու դիմացի ափը, որտեղ Մարմարե պալատն է, ու որտեղից ջուրը մտնել չի կարելի, հեռու չէ: Հետն էլ մի տեսակ ձգում է:

Մենք երեքով ջուրն ենք մտնում ու առաջ լողում: Սոֆին շրջվում, հետ է լողում: Հետո Վանեսան: Ու ես էլ քաղաքավարությունից, թե մենակ չմնալու ցանկությունից հետևում եմ նրանց դեպի ափ:

Իսկ ջուրը կանչում է:

– Ո՞վ է գալիս նորից լողանք:
Ոչ ոք ձայն չի հանում:

– Լավ, ես կգամ,- ասում է Լյուդմիլան ու հագուստը հանում՝ մնալով լողազգեստով:

Մտնում ենք ջուրը երկուսով: Ավելի սառն է թվում, քան նախորդ անգամ:
– Մեկ, երկու, երեք:
Լյուդմիլան սկսում է լողալ: Հետևում եմ նրան: Առաջին վայրկյանին սառն է, հետո սովորում ենք: Գնում ենք առաջ:
– Բյուրի, ես հետ եմ դառնում: 
– Լավ,- ասում եմ,- իսկ ես կշարունակեմ:

Ու գնում եմ մեն-մենակ՝ հայացքս դիմացի ափին, որտեղ ոչ ոք չկա: Արևը ձախից դեմքիս է խփում, կուրացնում: Մազերս քանդվել են ու ինձ հետ լողում են: Փակում եմ աչքերս: Լճի մեջտեղում՝ բոլորից հեռու, մտքերս գնում-գալիս են: Խառը մտքերս, դժվար մտքերս, անլուծելի մտքերս: Կհասնե՞մ արդյոք դիմացի ափ: Կհերիքե՞ն արդյոք ուժերս: Գուցե վտանգավոր է. էնտեղ ճահիճ է կամ շատ խորն է: Գուցե ուժասպառ լինեմ ու չկարողանամ հետ լողալ: Կանգնած եմ, իսկ ոտքերիս տակ հատակ չկա:

Պիտի գնամ, պիտի հասնեմ դիմացի ափին, թեկուզ մեն-մենակ: Պիտի ցույց տամ, որ կամքի ուժ ունեմ, որ նպատակներ ունեմ, որոնց հասնելու եմ:

Ու լողում եմ առաջ: Դիմացի ափը ցանկապատված է, հետևում՝ բույսեր: Դանդաղ, բայց շարժվում եմ: Ափը կամաց-կամաց մոտենում է: Պիտի դիպչեմ ցանկապատին: Քիչ անց ոտքերս ամուր հատակին են: Նայում եմ ներքև: Ջուրը թափանցիկ է: Ջրիմուռները խառնվել են ոտքերիս: Ջուրը թափանցիկ է, որովհետև մարդիկ այստեղ հաճախ չեն լինում: Եվս երկու քայլ, ու ձեռքս արդեն ցանկապատին է: Հենց էնտեղ բարձրաձայն խոստանում եմ նույն կերպ պայքարել երազանքներիս համար: Ու դանդաղ հետ եմ լողում:

Ընկերներս թաց են: 
– Մինչ դու կգայիր, մենք հասցրինք մի անգամ էլ ջուրը մտնել, դուրս գալ:
– Ես մինչև դիմացի ափ լողացի:
– Զուգարա՞ն,- ծաղրեցին:
– Չէ,- փորձեցի հարմար պատասխան գտնել,- էնտեղ ջուրը թափանցիկ էր:

Հասկանալի տերմիններ

Մոտ երկու ժամ գնացքներում անցկացրինք: Հետո նստեցինք ավտոբուս, որն ի ուրախություն մեզ, երկու հարկանի էր, բայց վերև չբարձրացանք, որովհետև ընդամենը չորս րոպե էինք գնալու: Հետո քայլեցինք անտառի միջով, որտեղ առանձնատներ կային:
– Կուզեի էստեղ ապրել,- ասում եմ:
– Ֆինլանդիայում էսպիսի տեղում ես ապրելու:
Ու թաց փայտի ուժեղ հոտ էր գալիս: Ուզում էիր անընդհատ խորը շունչ քաշել, որ ավելի լավ կլանես հոտը:

Անտառից դուրս եկանք, մի քիչ էլ քայլեցինք ու հասանք վերականգնողական կենտրոն, որտեղ գլխուղեղային զանազան խանգարումներով մարդիկ են ապրում: Լսարանը հեշտությամբ գտանք, որովհետև մեր ծրագրի անունը կրող գրություն կար: Էնտեղ սպասում էր նյարդաբանության դասախոսը՝ սուրճով ու քաղցրավենիքով:

Դասը սկսվեց ծանոթությամբ: Հերթով կարդում էր բոլորիս անունները, բոլորիս ողջունում մեր մայրենի լեզուներով (որովհետև նախապես պատրաստվել էր), հարցնում նախկին ուսման և ապագա պլանների մասին: Հասավ ինձ: Հասկացա մինչև անունս կարդալը, որովհետև դժվարանում էր արտաբերել: Բայց երբ, այնուամենայնիվ, կարողացավ ճիշտ-սխալ մի բան կարդալ, ձեռք բարձրացրեցի ու ասացի, որ ես եմ՝ սպասելով, որ հայերեն որևէ բան կասի: Չասաց: Նույնիսկ չհարցրեց, թե «բարև» ոնց կլինի հայերեն, ինչպես արեց ուրդուի ու սերբերենի դեպքում: Ներկայացա: Ասացի, որ բժիշկ եմ՝ մասնագիտությամբ հոգեբույժ, որ ծրագիրը վերջացնելուց հետո պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան ու հոգեբույժ աշխատել:

«Միայն թե չհարցնի, թե ինչու եմ այս ծրագիրն ընտրել»,- մտածեցի, որովհետև վաղուց արդեն ինքս էլ պատասխանը չգիտեի ու հոգնել էի խաբելուց, նախապես պատրաստած սիրուն նախադասությունները հրամցնելուց: 

Չհարցրեց:
– Քեզ համար ձանձրալի կլինի այս դասը,- ասաց,- բոլորը կրկնություն է:
Իսկ ես տխրեցի, որովհետև վերջին հույսս հենց այս առարկան էր, ու նույնիսկ թաքուն երազում էի, որ դասից հետո կմոտենամ նրան ու կխնդրեմ թեզիս ղեկավարը լինի: 

Սկզբում ձանձրալի էր. պատմում էր իրենց կենտրոնի մասին: Աչքի տակով «Ուլիսեսն» էի կարդում, ականջի պոչով լսում: Հետո անցավ նյարդային հիվանդություններին: Օգտագործում էր տերմիններ, շատ տերմիններ, բարդ տերմիններ, բժշկական տերմիններ, որոնք բոլորն ինձ ծանոթ էին: Ու մտածում էի՝ խեղճ համակուրսեցիներս, որ հիմա բան չեն հասկանում: Ու մտածում էի՝ այ էդպես, բա որ ես լեզվաբանություն չեմ հասկանում, լա՞վ է:

Բայց բոլոր տերմիններն ինձ համար կրկնություն էին: Ինձ պետք չէր բացատրել, թե ինչ է սուբարախնոիդալ արյունազեղումը: Հանտինգտոնի հիվանդության մասին առաջին անգամ չէի լսում: Հակադոֆամինային դեղերի կողմնակի ազդեցություններն էլ աչքովս էի տեսել: Բայց հաճելի էր վերջապես ականջիս սովոր բառեր լսելը: Ու հենց էդ պահին հասկացա, որ իմ ութ տարվա ուսումը ջուրը չեմ գցի: Ու երազեցի, որ էս մի տարին շուտ անցնի, որ վերադառնամ Հայաստան ու աշխատեմ իմ հին հոգեկան հիվանդների հետ: 

Բեռլինը որպես աշխարհի մայրաքաղաք

Վեց ամիսն ինձ հերիք էր հասկանալու համար, որ աշխարհի կենտրոնում եմ ապրում կամ աշխարհի կենտրոնից գնացքով ընդամենը կես ժամ հեռավորության վրա: 

Էստեղ են բոլոր մեծ աստղերը համերգներ տալիս: Էստեղ են տեղի ունենում զանազան երաժշտական, կինո ու գրական փառատոններ: Էստեղ անգամ ապրում են բազմաթիվ հայտնի դեմքեր: Ու էստեղ ապրում են նաև բոմժեր, հարբեցողներ, հիփսթերներ, լուզերներ ու գժեր:

Վեց ամիսն ինձ հերիք էր հասկանալու համար, որ ես չեմ ուզում աշխարհի կենտրոնում ապրել:

Ես ուզում եմ մտնել փոքր գրախանութ ու չգտնել ուզածս գիրքը՝ փորձելով հաջորդ անգամ կամ փնտրելով գրադարանում, ոչ թե հայտնվել հինգ հարկանի Դուսմանում, որտեղ աշխարհի բոլոր գրքերը կան:

Ուզում եմ օրը ցերեկով քայլել Երևանի արևի տակ, ու մարդիկ ինձ գժի տեղ դնեն, երբ ասեմ՝ սիրում եմ շոգը, ոչ թե օգոստոս օրով կծկվեմ ժակետիս մեջ՝ մտածելով, որ էլի թեթև եմ հագնվել:

Ուզում եմ միայնակ երեկոներս կինոթատրոնում անցկացնել, ոչ թե խուսափել կինոթատրոն գնալուց, որովհետև բոլոր ֆիլմերը գերմաներեն են, իսկ գնալիս էլ լիքը գլխացավանքների մեջ ընկնել, դիտելու համար էլ ընտրել մուլտֆիլմ, որ հեշտ հասկանաս:

Ուզում եմ փողոցով քայլելիս ժպտալ կամ ծանոթ մարդկանց հանդիպել, ոչ թե մոմանման դեմքերի, որոնք վրայովդ էլ կքայլեն, եթե մի կողմ չքաշվես:

Ուզում եմ անքնություն ունենալ, ոչ թե ժամը տասին քնել, տասին արթնանալ:

Ձեզ պահեք ձեր աշխարհի կենտրոնը, ես իմ հյուսիսային փոքրիկ քաղաքն եմ ուզում:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me