Բեռլինյան վարագույրից այն կողմ

Բեռլինի Կենդանաբանական այգու մոտի եկնաքերների արանքում նստած էինք: Դու փորձում էիր ինձ համոզել, որ մահմեդականները սատանայապաշտ են, իսկ ես ներվայնացած պնդում էի, որ պետք է հանդուրժել նրանց գոյության իրավունքը: Տաքացած վիճում էինք, ու ես քեզ աղաչում էի վերջ տալ, որովհետև աշխարհում ամենից շատ ատում եմ կրոնական թեմաներով բանավիճելը: Իսկ դու չէիր լսում ինձ, շարունակում էիր: Ականջներս փակեցի ու գլուխս թեքեցի: Դու շարունակում էիր: Գլուխս կախեցի, ու մազերս դեմքիս լցվեցին: Զգացիր, որ լռությունս չափից դուրս երկար տևեց: Դու էլ լռեցիր: Հետո մազերս դեմքիցս մի կողմ տարար ու խնդրեցիր, որ քեզ նայեմ: Գլուխս բարձրացրի ու ժպտացի, ասես ոչինչ չէր եղել:
– Քո կեղծ ժպիտը,- ասացիր ու գրկեցիր: Ու ես դողում էի քո գրկում: Վախից դողում էի, որովհետև չգիտեի՝ ուր եմ գնում: Դու ինձ ասել էիր, որ քեզ դուր եմ գալիս, իսկ ես պատասխանել էի, որ քեզ չեմ ատում: Դու ասում էիր, որ չատել նշանակում է դուր գալ, իսկ ես պնդում էի, որ ամեն ինչ սև ու սպիտակ չէ, ու կան մոխրագույնի բազմաթիվ երանգներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է: Չէիր հավատում:

Հավատում էիր, բայց չէիր բարձրաձայնում: Դու գիտեիր, որ ես գնում եմ ու այլևս չեմ վերադառնալու, որովհետև ինձ ոչինչ հետ չի բերի Բեռլին: Նույնիսկ դու:

Քեզնից չէի փախչում, չէի ճանկռում, որովհետև կարոտել էի տղամարդկային հոգատարությունը, կարոտել էի ընդհանրապես ջերմ մարդկային շփումը ու կարոտել էի մարդկանց գրկելը: Թույլ էի տալիս, որ սիրտս մի քիչ արագ խփի քո ներկայությամբ, որովհետև ուրիշ ոչ ոք չունեի Բեռլինում: Նման էի թաքստոցում գտնվող Աննա Ֆրանկին, որը սիրահարվեց միակ հասանելի տղային:

Իսկ երբ Ֆեյսբուքով հայտնեցի, որ վերջին կիսամյակս Նիդեռլանդներում եմ անցկացնելու, ու որ դա իմ ընտրությունն է, գոռացիր.
– Ու դու կարող էիր Բեռլինն ընտրել, բայց չընտրեցի՞ր:
Չգոռացիր, գրեցիր: Բայց էկրանիս հայտնված տառերի մեջ լսում էի ձայնդ, դրա արձագանքը, զայրույթդ, հուսախաբությունդ:

Հա, չընտրեցի, որովհետև ոչինչ չկա, որ կարող է ինձ հետ բերել Բեռլին: Անգամ դու: Ես ասում եմ՝ այլևս երբեք չենք հանդիպի, ու դու շատ լավ գիտես, որ դա ճշմարիտ է, բայց ուզում ես հավատալ, որ մի օր Հայաստանում մեր ճամփաները կխաչվեն: Եթե հեռվից քեզ տեսնեմ, անպայման ճանապարհս կփոխեմ, որ այլևս չհանդիպենք, որովհետև ուզում եմ էսպես քաղցր հիշես ինձ:

Ցավոք, ես շատ լավ գիտեմ, թե ուր են տանում մեր վեճերը: Դրանցից էլի եմ ունեցել ու բավական թանկ վճարել: Դու ինձ չես կարող որևէ բանում համոզել, որովհետև արդեն համոզված եմ, որ քեզնից խելացի եմ: Դու ինձ չես կարող ստիպել, որ քեզ սիրեմ, որովհետև սիրում եմ նրան, ով ինձնից խելացի է: Դու ինձ չես կարող ապացուցել, որ զանազան համոզմունքներդ ճիշտ են, որովհետև լսում եմ նրան, ով ինձնից շատ է կարդացել: Դու ինձ չես կարող հնազանդեցնել, որովհետև հնազանդվում եմ նրան, ով ինձնից ուժեղ է և ում սիրում եմ: Դու ինձ չես կարող հետաքրքրել, որովհետև ինձ համար հետաքրքիր են նրանք, ովքեր կարդում են:

Հիշիր ինձ որպես ջերմության կարիք ունեցող մի թշվառականի, որը ժամանակին հեռացավ, որ քեզ չատի:

Leave a comment

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

shoghakatvardanyan

This WordPress.com site is the cat’s pajamas