Թորգաու. ժամանակից դուրս քաղաքը

Թորգաուն մոտ 20 000 բնակչությամբ քաղաք է Սաքսոնիայի հյուսիսում: 1000 տարվա պատմություն ունի:

Երբ դուրս եկա կայարանից ու տեսա ծաղկած ծառեր, որոնք տանում էին դեպի կանաչ, անտառանման այգին, խորը շունչ քաշեցի ու հասկացա, որ քաղաքն ինչ-որ բան ունի առաջարկելու:

Այգուց դուրս գալուց հետո փողոցներն էին` սիրուն-սիրուն, երբեմն` չվերանորոգված, հին շենքերով:

Ու լռություն էր, դատարկություն: Բոլոր խանութները փակ էին: Մարդկանց շատ հազվադեպ էի տեսնում, այն էլ տարօրինակ էին թվում, բոլորովին նման չէին Բեռլինի ֆաշիստակերպերին: Տարօրինակ լավն էին: Հագուկապից էլ աղքատ էին երևում:

Ոնց որ հեչ տնիցս 120 կմ հեռավորության վրա չգտնվեի: Սա ուրիշ մոլորակ էր կամ ուրիշ դարաշրջան: Ժամանակն էլ կանգ էր առել: Թվում էր` ինչ-որ մեկը կախարդել էր, ու ամեն ինչ մնացել էր 16-րդ դարում: Տների հին դռներն ինձ գերում էին: Կանգնում, հիանում էի:


Ու մեկ էլ դուռը կբացվեր, քսանմեկերորդ դարի ընտանիքը սայլակով դուրս կգար. հենց նոր ժամանակային ճամփորդությունից վերադարձան:

Հասնելով քաղաքի ամենակենտրոնական մասին` փոքր-ինչ աշխուժություն եմ նկատում. երկու բաց սրճարան կա, որոնց սեղաններից մի քանիսը զբաղված են:

Դրանից այն կողմ նույն լռությունն էր:

Գերմանիայի արևելքում եղանակը լավն էր: Այն բեռլինցիներին դուրս էր հանել. առավոտյան գնացքները լիքն էին: Իսկ Թորգաուի բնակչության հեչ պետքը չէր (եթե բնակչություն ընդհանրապես ուներ):

Հյուրատունը (guest house) հեշտ գտա: Երկու հարկանի փայտե տուն էր, որի միակ աշխատողը (տիրուհի՞ն) ինձ էր սպասում: Անգլերեն գրեթե չգիտեր: Ինքն իր չեղած անգլերենը, ես իմ չեղած գերմաներենն իրար կապելով փորձում էինք հասկանալ: Գրանցելիս ազգությունս «ռուս» գրեց, բայց զահլա չունեի փոխել տալու, ստորագրեցի: Հետո դրսի բանալիները հանձնեց ինձ, գնաց տուն: Ավելի ուշ պիտի պարզեի, որ ամբողջ հյուրատանը մենակ էի: Պիտի վախենայի:

Երբ շուրջս ուսումնասիրեցի, տպավորություն ստացա, որ ինչ-որ մեկի տանն եմ, ավելի ճիշտ` տուն-թանգարանում: Անկյունում Սովետը հիշեցնող սպասքի պահարան կար, կողքը բազմոց, որի վրա վաղուց ոչ ոք չէր նստել:

Մնում էր` «չնստել» գրությունը գտնեի: Սառնարան կար, որի դուռը բաց էր, անջատված: Սեղան էր դրված, վրան` սփռոց ու ծաղկաման արհեստական ծաղիկներով: Նորից, ասես հազար տարի ոչ ոք ձեռք չէր տվել:

Որոշեցի համերգասրահն էլ գտնել, հետո նոր հանգիստ զբոսնել:

Ընդհանրապես, գերմանացիների կազմակերպվածություն հետ ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչու են այդքան անտրամաբանական ձևով շենքերը համարակալում. Պոտսդամում ու Բեռլինում շատ փողոցներ կան, որոնց մի մայթին հերթով թվերն աճում են (1, 2, 3), հասնում փողոցի ծայրին, դիմացի մայթով հետ գնում (183, 182, 181) և այլն: Շատ ժամանակ պետք չեկավ, որ հասկանամ, որ Թորգաուն էլ է այդպես: Բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ էր. հասնելով խաչմերուկին` փողոցը ոչ թե ուղիղ էր շարունակվում, այլ ուղղահայաց: Արանքներում էլ խցկվում էին հատող փողոցի համարները: Ասենք, հասանք խաչմերուկին, փողոցը 12-ի վրա է: Ուղղահայաց շարունակվում է 12a, 12b: Մեկ էլ խցկվում է դրան հատող փողոցի 44-ը: Մի խոսքով, իսկական քաոս: Վերջը պարզվեց` համերգասրահը փողոցի ամենա-ամենասկզբում է (չնայած հասցեն 14 էր): Ուղղակի սխալ մայթով էի առաջացել ու խճճվել: Պետք էր հենց սկզբից դիմացի մայթին նայել. սլաքով ցույց էր տալիս բավական փոքր համերգասրահի ուղղությունը:

Քայլեցի նորից դեպի կենտրոնական հրապարակ, նստեցի բաց սրճարաններից մեկում, հանուն Սևիլյայի հին շոգ օրերի լիմոնով ու սառույցով կոլա պատվիրեցի, Հեմիգուեյը դրեցի սեղանիս ու սկսեցի գրել:

Սկզբում բացիկներ գրեցի. մեկը մամայիս, մյուսը` Քիրսթենին, իսկ հետո այս ողջ պատմությունը:

(համերգի մասին հաջորդ գրառման մեջ)

Առավոտյան աչքերս բացեցի ոտնաձայներից: Ինչ-որ մեկն անընդհատ աստիճաններով իջնում-բարձրանում էր: Երբ դուրս եկա, նկատեցի մի տղամարդու: «Երևի աշխատողներից է»,- մտածեցի:

Իջա նախաճաշելու: Չէ, այդ մարդն էլ էր հյուրատանը գիշերել, բայց էնքան լուռ ու մութ էր երկհարկանի տունը գիշերը, որ բացի հոգիներից ուրիշ կենդանի արարածի չէի սպասում այնտեղ:

Կինը, որը երեկ ինձ ընդունել էր, նստած էր մեկ այլ սեղանի մոտ ու մի մարդու հետ (հավանաբար ամուսնու) նախաճաշում էր: Երբ ինձ տեսավ, նշան արեց, որ սեղանի մոտ նստեմ ու նախաճաշս դրեց սեղանին. մեկ խաշած ձու, թարմ հաց, կարագ, պանրի տեսականի, մի քանի կտոր երշիկ, ջեմ, սուրճ ու հյութ: Էնքան հավես էր. ոնց որ ոչ թե հաճախորդ լինեի, այլ էդ կնոջը հյուր եկած մեկը, ու հիմա էլ ճամփից առաջ սեղան է գցում: Վաղուց էսքան հաճելի նախաճաշ չէի ունեցել:

Որպես վերջին նպատակակետ` քայլեցի դեպի Հարթենֆելս պալատ: Հրաշք շինություն էր: Ու նորից նույն քար լռությունը: Ես եմ, մեկ էլ մեկ-երկու տուրիստ:

Դուրս եկա պալատի տարածքից:

…Ու քաղաքը վերջացավ այստեղ, առաջս բացվեց Էլբան: Երևի աշխարհում ոչ մի գետ էդքան մեծ նշանակություն չունի ինձ համար, ինչքան Էլբան: Անցնում է ընդամենը երկու երկրներով, բայց որտեղով էլ որ անցնում է, կապված է լիքը հիշողությունների հետ: Թորգաուն ավելացավ:


Քայլեցի հետ, պալատի կամրջից ներքև նայեցի: Մեկ էլ տեսնեմ` փոսի մեջ մի արջ հարմարավետ քնած է:


Էստեղից քայլեցի դեպի կայարան, սպասեցի գնացքին, նորից անցա դեղին դաշտերի միջով, որ հասնեմ Բեռլին:


Ու գնում եմ` երջանիկ, ինձ հետ տանելով հաճելի զգացողություններ: Գնում եմ զարմացած, որ Պոտսդամում ապրելու ընթացքում բոլոր ամենալավ պահերը եղել են նրանից դուրս:

2 Comments

  1. April 29, 2012 at 7:16 pm

    Հետաքրքիր է, ո՞նց է այսքան գեղեցիկ քաղաքը այդքան անմարդաբնակ։ Հո չէր կախարդվա՞ծ ։)

    • April 29, 2012 at 7:54 pm

      Դե երևի կախարդված էր էլի ))

      Իսկ եթե լուրջ, կարծում եմ` Եվրոպայում շատ են սենց սիրուն տեղերը, որ համ էլ անմարդաբնակ են ու տուրիստազուրկ: Ուղղակի տուրիստներն իրենց գցում են մեգապոլիսներ, մոռանում են, որ սիրուն բաներ կան նաև, այսպես կոչված, գյուղերում, որտեղ մարդիկ, ի դեպ, շատ ավելի լավն են:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

%d bloggers like this: