Ինտելեկտուալները (պատմվածք)

Հավաքածու մրցույթում երկրորդ տեղ գրաված պատմվածքս` որոշ փոփոխություններով: Անկեղծ ասած, մի քիչ ամաչում եմ, որովհետև էնքան էլ արժանի հաղթանակ չէր` հաշվի առնելով մրցակիցներիս թույլ լինելը:

Ինտելեկտուալները

Մարիան ուշացած մտավ գրախանութ, որտեղ երկու շաբաթը մեկ ինտելեկտուալ մրցույթներ են կազմակերպվում: Այդ օրը համակուրսեցիներից ոչ ոք նրան ընկերակցելու ցանկություն չէր հայտնել, ու ստիպված էր մենակ գալ: Ստիպվա՞ծ էր: Այդ երեքշաբթիները նրա Բեռլինյան կյանքի ամենասպասված օրերն էին, ու եթե որևէ մեկը համարձակվեր հարցնել` ո՞նց չես ալարում մենակ գալ, Մարիան կարտասաներ նախօրոք պատրաստած պատասխանը. «Չեմ ուզում հերթական միայնակ երեկոն անցկացնել»:

Սեղանների շուրջ արդեն թիմերը ձևավորվել էին: Մոտեցավ խաղի կազմակերպիչ անգլուհի Բեքիին, որը դեռ նախորդ անգամվանից մի տեսակ համակրանքով էր լցվել Մարիայի հանդեպ և ուզում էր ամեն կերպ աջակցել նրա թիմին` հուշելով դժվար հարցերի պատասխանները:

– Կօգնե՞ք` որևէ թիմի միանամ,- շշնջաց:

Բեքին հերթով մոտեցավ բոլոր սեղաններին և հարցրեց.

– Խաղացողի կարիք ունե՞ք:

Չնայած երևում էր, որ շատ թիմեր ընդամենը երեք հոգուց էին բաղկացած, բոլորը քաղաքավարությամբ մերժում էին` նշելով, որ իրենց խմբի չորրորդ-հինգերորդ անդամներն ավելի ուշ են միանալու:

Բայց Բեքին հին գայլ էր ու գիտեր, թե ինչպես խնդիրը լուծել: Եվս մեկ անգամ աչքի անցկացրեց բոլոր սեղանները և նկատեց մեկը, որի շուրջը հավաքվածները նրան անծանոթ էին, իսկ դա նշանակում էր, որ առաջին անգամ էին այնտեղ:

– Ձեզ համար նոր խաղացող եմ բերել,- առարկություն չընդունող տոնով հայտարարեց և չորրորդ աթոռը մոտեցրեց սեղանին:

– Մարիա,- ներկայացավ թիմի անդամներին:

– Լիզ:

– Մայք:

– Դունյա:

– Որտեղի՞ց ես,- հարցրեց Լիզը:

– Հայ եմ:

– Աաա,- միաժամանակ արտաբերեցին Մայքն ու Լիզը: Մարիան արդեն այնքան էր ներկայացել տարբեր ազգերի, որ «աաա»-ի տոնայնությունից հասկանում էր, թե դիմացինն իր երկրի մասին ինչ գիտի: Մայքի ու Լիզի դեպքում դա նշանակում էր. «Մենք քո երկրի մասին երբևէ չենք լսել կամ էլ լսել ենք, բայց չենք հիշում: Ուղղակի չափից դուրս քաղաքավարի ենք, որ այդ մասին ասենք»:

– Մենք Իռլանդիայից ենք,- շարունակեց Լիզը` ցույց տալով իրեն ու Մայքին: Մարիան արդեն սովորել էր, որ այդ բոլոր «մենքերը» նշանակում են, որ զրուցակիցները կամ ամուսիններ են, կամ իրար հետ ապրող չամուսնացածներ: Դեռ կարճ ժամանակ առաջ ինքն իրեն հարց էր տալիս, թե տարբեր լեզուներում ինչի համար է բայը խոնարհվում նաև առաջին դեմք հոգնակի թվով, որովհետև այն գրեթե չի գործածվում: Հետո հասկացավ, որ դա նախատեսված է հատուկ նման դեպքերի համար, երբ այլ անձի հետ բնակվելու արդյունքում վերանում է Եսը, դառնում է մենք:

– Սիրում եմ ձեր մշակույթը,- ժպտաց Մարիան` քաղաքավարությամբ թաքցնելով, որ այդ «սիրում եմ»-ն իրականում նշանակում էր «գժվում եմ», որ իր կյանքի ամենամեծ երազանքներից մեկն Իռլանդիայում ապրելն էր: Իսկ Մայքն ու Լիզը նույն քաղաքավարի «Աաա»-ն արձակեցին` խոսակցությունը չշարունակելով:

– Ես Սերբիայից եմ,- ասաց Դունյան:

– Աաա,- այս անգամ Մարիայի հերթն էր, որ այս բացականչությունը նշանակում էր. «Ես ռուսերեն գիտեմ, հետևաբար սերբերեն մի քիչ հասկանում եմ, ու իմ ներկայությամբ թաքուն բաներ չես կարող խոսել»:

– Բայց երկար տարիներ Ավստրալիայում է սովորել,- շտապեց ավելացնել Լիզը` բացատրելով Դունյայի` առանց օտար առոգանության անգլերենը:

– Իսկ դու որտեղի՞ց ես,- հարցրեց Դունյան, որը չգիտես ինչպես բաց էր թողել խոսակցության այդ հատվածը:

– Հայ եմ:

– Աաա,- ու սա նշանակում էր. «Մենք էլ թուրքերին չենք սիրում»:

Սկսվեց հարցերի հաջորդ շարանը.

– Ի՞նչ ես անում Բեռլինում:

– Սովորում եմ,- ու որովհետև գիտեր հաջորդ հարցը, անմիջապես ավելացրեց,- լեզվաբանություն:

– Այսինքն դու շատ լեզուներ գիտես,- հիացած բացականչեց Մայքը:

– Հա, բայց դա կապ չունի իմ անցած լեզվաբանության հետ: Ի դեպ, ժամանակին իռլանդերեն էլ եմ փորձել: Չկարողացա, շատ դժվար էր:

– Իռլանդերե՞ն: Ինչու՞: Ավելի անիմաստ լեզու չե՞ս գտել:

– Ճիշտն ասած, ուզում էի մի լեզու սովորել, որով աշխարհում քչերն են խոսում:

– Գուցե ուելսերեն փորձեիր: Դա իռլանդերենի չափ մեռած չէ:

– Ասում ես ի՞նչ լեզուներ գիտես:

– Ռուսերեն, հոլանդերեն, անգլերեն, շվեդերեն, ֆրանսերեն, գերմաներեն ու արաբերեն :

– Մենք մենակ անգլերեն գիտենք,- նորից այդ մենքը,- քո երկրում մայրենի լեզուն ռուսերե՞նն է:

– Չէ, հայերենը, բայց հայերեն չգիտեմ:

– Մարդ ո՞նց կարող է իր մայրենի լեզուն չիմանալ,- միասին զարմացան Լիզն ու Մայքը:

Խաղը սկսվեց: Շատ հարմար թիմ էր կազմվել. կինոների մասին Լիզն ու Մայքն ամեն ինչ գիտեին, Դունյան նկարչության,  ճարտարապետության ու պատմության վարպետ էր, իսկ Մարիան երաժշտությունից ու գրականությունից էր գլուխ հանում: Թեև խաղի կեսից պարզ դարձավ, որ հաղթելու հնարավորություն չունեն, ամեն դեպքում վերջին տեղերում էլ չէին: Մայքը, Լիզն ու Մարիան պիտի որ պատասխանեին Իռլանդիային վերաբերող բոլոր հարցերին, իսկ դրանք քիչ չէին, քանի որ կազմակերպիչներից մեկն իռլանդուհի էր:

– Ե՞րբ է Իռլանդիայի անկախության օրը,- հնչեց հարցը:

Մայքն ու Լիզն իրար նայեցին:

– Մենք տենց բան ունե՞նք… երևի պիտի գրենք` նման բան չկա:

– Չէ, կա,- պնդեց Մարիան,- ուղղակի չեք տոնում: Ապրիլի 24-ին է:

– Ամոթ մեզ, չգիտեինք:

– Ես էլ չէի իմանա, եթե…

Մարիան չհասցրեց խոսքն ավարտել: Հնչեց հաջորդ հարցը:

Ընթացքում մի քիչ գրականություն.

– Ո՞ր գրքում են իրադարձությունները տեղի ունենում Դուբլինում, չնայած բազմաթիվ էջերին, քսանչորս ժամվա պատմություն է, իսկ գլխավոր հերոսի ազգանունը Բլում է:

– Սա մենք գիտենք… հեղինակն անգլիացի է,- հայտարարեց Լիզը:

– Հա, հա, Դիքենսը չէ՞ր,- հաստատեց Մայքը:

– Բայց… «Ուլիսեսը»,- գրեթե շշուկով ասաց Մարիան` վախենալով վիրավորել իռլանդացիներին:

– Հա, ճիշտ ես, «Ուլիսես»:

Ու պատասխանների թերթիկին գրեցին. «Ուլիսես», Դիքենս:

– Ջոյս,- փորձեց ուղղել Դունյան, որը նույնպես հարցի պատասխանը գիտեր,- Ջեյմս Ջոյս:

– Չէ, չէ, մենք վստահ ենք, որ Դիքենսն է:

–  Վերջին հարցը,- հայտարարեց խաղավարը,- ո՞ր նախկին սովետական պետությունն է վաղն իր անկախության քսան ամյակը տոնում:

–  Վաղն ամսի քսա՞նն է, թե՞ քսանմեկը,- հարցրեց Դունյան,- եթե քսանմեկն է, ուրեմն Բելիզի մասին հաստատ գիտեմ, բայց դա ի՞նչ նախկին սովետական պետություն: Համ էլ նրանցը քսանամյակ չէ: Մարիա, դու ի՞նչ կասես: Պիտի որ ավելի տեղյակ լինես:

– Գաղափար չունեմ: Նիդեռլանդներում եմ մեծացել,- արդարացավ Մարիան:

– Գրենք Ուկրաինա,- առաջարկեց Դունյան:

– Հա, հաստատ Ուկրաինան է, հիշեցի,- հաստատեց Մարիան:

17 Comments

  1. hayzak said,

    April 26, 2012 at 10:40 pm

    լավնա, ժպտացրեց ))
    այ տենցա էլի, ուրիշինը գիտենք, մերը` էնքան էլ չէ ))

  2. byurie said,

    April 26, 2012 at 10:42 pm

    Հա, լրիվ 🙂 Իհարկե էստեղ ծայրահեղացրած ա, բայց դե 🙂

  3. robspen67 said,

    April 26, 2012 at 11:01 pm

    Լավն ա)

    Բազմանշանակ աաա-ների պահը շատ դուրս եկավ;)

  4. April 27, 2012 at 6:26 am

    Շարունակութի՜ւնը…

  5. byurie said,

    April 27, 2012 at 7:59 am

    Շնորհակալ եմ 🙂

  6. byurie said,

    April 27, 2012 at 8:00 am

    չկա շարունակություն 🙂

  7. Anonymous said,

    April 27, 2012 at 8:41 am

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  8. rocker81 said,

    April 27, 2012 at 5:12 pm

    Լավն էր))

  9. byurie said,

    April 27, 2012 at 7:19 pm

    շնորհակալ եմ 🙂

  10. aregjan said,

    April 30, 2012 at 3:52 pm

    Ulysses -> «Ուլիս»։

  11. byurie said,

    April 30, 2012 at 5:25 pm

    Հայերեն Ուլիսես ա 🙂 Ռուսերենում ա Ուլիս: Հայերենում բոլոր «ես», «ոս» և այլ հունական վերջավորություններ պահպանվում են:

  12. aregjan said,

    April 30, 2012 at 5:47 pm

    «Իմ Նավզիկե»-ից

    «…Արդեն նայիվ դարձած նայադների նման,
    Նայադների նման քնքուշ ձայնով՝
    Խոստանալով գարո՛ւն ու գարնային հմայք՝
    Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ…

    Ինչպես Ուլիս՝ տրված կարոտներիս կայմին՝
    Նայադների չքնաղ երգի՛ն գերի՝
    Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
    Ես մոտեցա կրկի՛ն այն ափերին…

    Մի՞թե կրկին, իբրև վերադարձող Ուլիս՝
    Մի անհնար, չքնաղ երազի մե՛ջ —
    Պիտի տեսնեմ կղզի՛ն այն, ուր սիրով լի՝
    Ինձ հանդիպեց մի օր — իմ Նավզիկեն…»

  13. byurie said,

    April 30, 2012 at 5:53 pm

    Re: «Իմ Նավզիկե»-ից

    Հիմա ես էլ կարող եմ պնդել` Սամվել Մկրտչյանն Ուլիսես է թարգմանել, ուրեմն Ուլիսես: Բանաստեղծությունը կանոնի չափանիշ չէ, անկախ նրանից, որ հեղինակը Չարենցն է, որովհետև նա կարող էր.
    1. Չափի-հանգի համար Ուլիս տարբերակն ընտրել
    2. Ուլիս տարբերակն ընտրել, որովհետև իրեն էդպես ավելի հարմար է
    3. Ուլիս տարբերակն ընտրել, որովհետև բառը հայերեն ռուսերենից կարող է մտած լինել

    Բայց… ըստ կանոնի, վերջավորությունները պահպանվում են (Օրինակ` Հոմերոս, Աքիլես):

    Վերջիվերջո, սա գրական ստեղծագործություն է, ու հաշվի առնելով, որ հերոսների միջև երկխոսությունն իրականում անգլերեն է, կարելի է պարզապես հավատարիմ մնալ անգլերենին:

  14. aregjan said,

    April 30, 2012 at 6:10 pm

    Re: «Իմ Նավզիկե»-ից

    Կա այնպիսի հասկացություն ինչպես «հաստատված արտահայտություն»։ Եվ Չարենցից սկսած հայերենում Ուլիս է ընդունված ասել, դրա մեկ ուրիշ օրինակը՝ «Ուլիս» ֆուտբոլային թիմն է։ http://www.ffa.am/am/teams/ulissesfc/

    հ․գ․ Ի միջի այլոց, Ուլիս/Ուլիսեսը դա հունարեն չէ (հունարեն Ոդիսևս է), լատիներեն է…

  15. byurie said,

    April 30, 2012 at 6:18 pm

    Re: «Իմ Նավզիկե»-ից

    Հա, ներողություն, լատիներեն: Բայց դա չի եղանակ չի փոխում, վերջավորությունը պահպանվում է հայերենում:

    Ու եթե նույնիսկ հաստատված արտահայտություն է… գիրքը հայերեն թարգմանվել է որպես «Ուլիսես»: Եվ հետո, այս ստեղծագործության հեղինակը ես եմ, ես եմ որոշում` ինչ գրեմ: Կրկնում եմ` լեզվին հավատարիմ մնալու համար էստեղ «Ուլիսեսն» ավելի ճիշտ է, եթե նույնիսկ Սամվել Մկրտչյանը «Ուլիսես» թարգմանած չլիներ, եթե նույնիսկ հայերենում առանց որևէ կասկածի «Ուլիս» լիներ:

  16. aregjan said,

    April 30, 2012 at 6:32 pm

    Re: «Իմ Նավզիկե»-ից

    Կրկնում եմ` լեզվին հավատարիմ մնալու համար էստեղ «Ուլիսեսն» ավելի ճիշտ է, եթե նույնիսկ Սամվել Մկրտչյանը «Ուլիսես» թարգմանած չլիներ, եթե նույնիսկ հայերենում առանց որևէ կասկածի «Ուլիս» լիներ։
    ————

    Եթե այդպես լիներ, ապա օրինակ Ոդիսևս գրելու փոխարեն պետք է գրեինք Օդիսեուս, իսկ փիլիսոփա գրելու փոխարեն պետք է գրեինք ֆիլոսոֆոս։ Ինչու՞ ենք այդ դեպքում գրում Ոդիսևս/փիլիսոփա։ Որովհետև դա ճանաչվող, արդեն հաստատված բառեր են, իսկ Օդիսեուս/ֆիլոսոֆոս-ը ճանաչվող չեն, և դրանց գործածումը ստեղծագործության մեջ միայն շփոթություն կառաջացնի։ Բայց դե իհարկե՝ քո գրածն է, դու ես որոշում թե ինչպես գրել, դրա հետ չեմ վիճում։

  17. byurie said,

    April 30, 2012 at 6:36 pm

    Re: «Իմ Նավզիկե»-ից

    Կոնկրետ Օդիսեուս տարբերակը հայերենի հնչյունաբանությանը հարազատ չէ: Բայց ամեն դեպքում Ջոյսի ստեղծագործությունը հայերեն թարգմանվել է «Ուլիսես» վերնագրով, հետևաբար լեզվի մեջ պիտի էդպես ամրագրվի:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

%d bloggers like this: